Chapter 4
4
Ձմեռ էր: Էլի Վոլոդյան մենակ էր, և էլի ծնողները տանը չէին: Մայրը պատվիրել էր նրան՝ դուրս չգնալ և չմրսել։ Վոլոդյան դուրս չէր գնում և չէր մրսում: Միայն թե ներսում, մենակության մեջ, շատ ձանձրալի էր:
Հանկարծ դրսից լսվեց մի ձայն.
— Վո՜-լո՜-դյա՜...
Վոլոդյան ուրախ դուրս նայեց լուսամուտից: Աննան էր: Իսկույն վազեց ընդառաջ: Ի՜նչ լավ եղավ, որ եկավ Աննան:
Նրանք սկսեցին թերթել վագոնների պատկերազարդ գիրքը։ Բուքը ոռնում էր և քամին էր վազվզում դրսում:
— Աննա, դու ինչպե՞ս եկար...
Քամին էր վազվզում դրսում, իսկ ձյունն անվերջ գալիս էր:
— Ապրես, Աննա, դու քաջ եu...
Ձյունն անվերջ գալիս էր և ծածկում երկաթուղագիծը...
— Աննա, վաղը ես ինքս կգամ քեզ մոտ, որ դու ճանապարհին չմրսես:
Ձյունը ծածկում էր երկաթուղագիծը, ամբողջ տափաստանը, արծաթագույն ռելսերը:
Երեկոն իջնում էր վար:
— Ո՜ւ…— լսվեց հեռվից, բայց դա գնացքի ձայնը չէր: Դա գայլն էր մոտենում տնակին: Երևի շատ հեռվից էր եկել և մեծ ախորժակով:
— Վոլոդյա, ո՞վ է դուռը չանգռում...
— Ոչ ոք: Ճիշտ եմ ասում, դա բուքն է խփում պատերին:
— Ոչ, չանգռում են, Վոլոդյա...
Վոլոդյան էլ գիտեր, որ գայլն էր դա: Վոլոդյան ինքն էլ էր վախենում, բայց սիրտ էր տալիս թե՛ Աննային, թե՛ իրեն:
Գայլը չանգռում էր կատաղի ու ոռնում: Աննան էլ իմացավ, որ գայլն էր դա: «Երևի նա արդեն քանդում է դուռը»,— մտածեց նա ու սեղմվեց Վոլոդյային: Վոլոդյան գրկեց նրան, և նրանք մնացին այդպես, դողալով վախից:
Հեռվից, շատ հեռվից, լսվեց մի նոր ձայն:
— Ո՜ւ... Դա արդեն գնացքն էր մոտենում: Վոլոդյան էլ, Աննան էլ, ձայնից ճանաչեցին նրան: Երանի իրենք էլ լինեին այդ գնացքի մեջ: Կսլանային հեռո՜ւ, հեռո՜ւ, և գայլը թող չանգռեր դատարկ սենյակի դուռը․․․
Գնացքն անցավ շրխկալով: Վոլոդյան ու Աննան տնակի լուսամուտներից տեսան վագոնի լուսավոր ապակիները: Շոգեկառքը սուլում էր դեռ, երբ գնացքն անցավ:
Երբ գնացքն անցավ, ու սուլոցը դադարեց, դռան մոտ այլևս գայլ չէր ոռնում: Գնացքը փախցրել էր նրան։
Այդ օրվանից Վոլոդյան ու Աննան ավելի սիրեցին գնացքը, սիրեցին այն վայրը, որտեղից գալիս էր նա, և այն վայրը, ուր գնում էր և որտեղ չէր եղել նրանցից ոչ մեկը: