1. Մենավոր մարդկանց մասին

Chapter 1

1

Տափաստանները ձգվում են մինչև հորիզոնը և շրջապատը լայնարձակ է ու հարթ: Շրջապատում ոչինչ չի երևում՝ բացի երկնքից, որ հորիզոնի բոլոր կողմերում միանում է երկրի հետ, և բացի հարթ դաշտավայրից, որը չունի ոչ մի խորդուբորդություն ու հասնում է մինչև հորիզոնը, անցնում է դրանից էլ հեռու...

Այդ անծայր կանաչ տափաստանում տեղ-տեղ երևում են պուրակներ, որոնց մոտ գյուղեր են: Սպիտակ սվաղած փոքրիկ տնակներ կան այդ գյուղերում և յուրաքանչյուր տնակի առջև փոքրիկ պարտեզ կա, որտեղ ծառեր կան և խոտ ու ծաղիկներ են բուսնում:

Բայց տափաստանի շատ վայրերում նույնիսկ այդ գյուղերն էլ չկան և երկաթուղին է միայն, որ ձգվում է անափ դաշտավայրով: Այդպես անցնում են բազմաթիվ վերստեր և չկա կարծես բնակչության ոչ մի հետք:

Սակայն բոլորովին ամայի չէ այդտեղ հարթավայրը: Երկաթուղագծի կողքին, յուրաքանչյուր մի քանի վերստը մեկ, կան փոքրիկ, միանման տնակներ, որոնց շուրջը կան մի քանի միանման ծառեր:

Այդ տնակներում ապրում են մարդիկ, որոնք ունեն միանման աշխատանք: Այդ տնակները գծապահների տնակներն են: Այնտեղ ապրողը պարտավոր է մաքրել երկաթուղագիծը՝ տնակից մի կողմ և մյուս կողմ՝ մինչև հարևան տնակներն ընկած տարածության կեսը: Մյուս տնակում ապրողն էլ՝ նույնը, և այդպես շարունակ: Ամսական մի անգամ քաղաք են գնում նրանք կամ մոտակա կայարանը՝ ռոճիկ ստանալու և մթերք գնելու համար:

Այդ տնակներից յուրաքանչյուրում ապրում է մի ծերուկ կամ մի պառավ, կամ թե մի մարդ իր կնոջ՝ և ամենաշատը՝ մի երեխայի հետ:

Մենավոր տնակներ են դրանք՝ մենավոր մարդկանցով...

Comments