Chapter 2
II
Տերեմոնը բացեց պատուհանը, եւ պոռթկուն քամին ալեկոծեց վարագույրները։ Սառը քամին խառնշտում էր ժուռնալիստի մազերը, իսկ նա նայում էր իր ձեռքին, որ լուսավորված էր արեւի բոսորագույն լույսով։ Հանկարծ նա շրջվեց, եւ զայրացած ասաց․
— Իսկ ինչո՞ւ ես պիտի հանկարծ խելագարվեմ այդ Խավարի պատճառով։
Շիրինը, ժպտալով իր մտքերի վրա, ձեռքում մեքենաբար պտտում էր դատարկ շիշը։
— Երիտասարդ, իսկ դուք երբեւէ եղե՞լ եք Խավարի մեջ։
Ժուռնալիստը հենվեց պատին եւ մտքերի մեջ ընկավ։
— Ոչ։ Թերեւս, ոչ։ Բայց ես գիտեմ, թե դա ինչ բան է։
Նա անորոշ շարժեց մատները, բայց հետո ասաց․— Դա այն է, երբ պարզապես մութ է։ Ինչպես քարանձավում։
— Իսկ դուք քարանձավում եղե՞լ եք։
— Քարանձավո՞ւմ։ Ոչ, իհարկե։
— Ես այդպես էլ կարծում էի։ Անցյալ շաբաթ ես փորձեցի, որպեսզի ինքս ինձ ստուգեմ… Բայց պարզապես փախա։ Ես առաջ էի գնում, մինչեւ որ քարանձավի մուտքը վերածվեց լույսի բծի, իսկ շուրջն ամեն ինչ սեւ էր։ Մտքովս անգամ չէր անցնի, որ իմ քաշի մարդն ընդունակ է այդպես վազելու։
— Դե, եթե ազնվորեն ասեմ,— արհամարհալից ծռմռելով շրթունքները, ասաց Տերեմոնը,— ես դժվար թե փախչեի…
Հոգեբանը, բարկացած խոռոժվելով, սեւեռուն նայեց Տերեմոնին։
— Իսկ դուք պարծենկոտ եք, ինչպես տեսնում եմ։ Հապա մի փորձեք փակել վարագույրները։
Տերեմոնը տարակուսանքով նայեց նրան։
— Ինչի՞ համար։ Եթե երկնքում լիներ չորս կամ հինգ արեւ, գուցեեւ արժեր լույսը պակասացնել, բայց հիմա առանց այն էլ լույսը քիչ է։
— Ճիշտ այդպես։ Քաշեք վարագույրը, իսկ հետո եկեք այստեղ եւ նստեք։
— Լավ։
Տերեմոնը քաշեց վարագույրից կախված քուղը։ Փայտե ձողին հագցված պղնձե օղակները զնգացին, կարմիր վարագույրները փակեցին պատուհանը, եւ սենյակը սեղմվեց կարմրավուն կիսախավարից։
Լռության մեջ խուլ հնչեցին Տերեմոնի քայլերը։ Սակայն, սեղանին դեռ չմոտեցած, նա կանգ առավ։
— Ես ձեզ չեմ տեսնում, սըր,— շշնջաց նա։
— Շոշափելով եկեք,— լարված ձայնով խորհուրդ տվեց Շիրինը։
— Բայց ես չեմ տեսնում ձեզ,— ծանր շնչելով ասաց Ժուռնալիստը։— Ես ոչինչ չեմ տեսնում։
— Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, մռայլ հարցրեց Շիրինը։— Եկեք այստեղ եւ նստեք։
Նորից լսվեցին դանդաղ ու անվստահ ոտնաձայները։ Լսվեց, թե Տերեմոնը ինչպես էր շոշափելով փնտրում աթոռը։ Ժուռնալիստը խռպոտ ձայնով խոսեց․
— Եկա։ Ես… Ամեն ինչ նորմալ է։
— Դա ձեզ դո՞ւր է գալիս։
— Ոչ…։ Զզվելի է։ Ասես պատեր լինեն…— նա լռեց։— Ասես պատերը տեղից շարժվել, առաջ են եկել։ Ես անընդհատ ուզում եմ դրանք ետ հրել։ Բայց խելքս չեմ թռցնում։ Եվ ընդհանրապես այդ զգացողությունը գնալով պակասում է։
— Լավ։ Հիմա ետ քաշեք վարագույրը։
Մթության մեջ լսվեցին կամացուկ ոտնաձայներ եւ վարագույրի շրշյունը։ Տերեմոնը շոշափելով գտավ քուղը, եւ լսվեց բացվող վարագույրի հաղթական ձայնը։ Կարմիր գույնը ներխուժեց սենյակ եւ Տերեմոնը ուրախ բացականչեց՝ տեսնելով լույսը։
Շիրինը ձեռքի ափով սրբեց ճակատի քրտինքը եւ բեկբեկուն ձայնով ասաց․
— Իսկ սա ընդամենը մթություն էր սենյակում։
— Միանգամայն տանելի է,— անհոգ պատասխանեց Տերեմոնը։
— Այո, սենյակում։ Իսկ դուք երկու տարի առաջ եղե՞լ եք Ջոնգլորում… Հարյուրամյակի ցուցահանդեսին։
— Ոչ, չուզեցի։ Վեց հազար մղոն կտրել ցուցահանդես դիտելու համար՝ չարժեր։
— Իսկ ես եղա այնտեղ։ Դուք երեւի լսե՞լ եք «Խորհրդավոր թունելի» մասին, որը նսեմացրեց մեր բոլոր ատրակցիոնները, համենայն դեպս՝ առաջին ամսում։
— Այո։ Եթե չեմ սխալվում, դրա հետ ինչ֊որ խայտառակ պատմություն է կապված։
— Չեք սխալվում, բայց գործը կոծկեցին։ Ուրեմն, այդ «Խորհրդավոր թունելը» մեկ մղոն երկարությամբ սովորական թունել էր… բայց առանց լուսավորության։ Մարդը նստում էր բաց վագոնում եւ տասնհինգ րոպե գնում խավարի միջով։ Քանի դեռ այդ զվարճալիքը չէին արգելել, այն մեծ համբավ ուներ։
— Իհարկե։ Մարդկանց դուր է գալիս վախի զգացողությունը, եթե դա սոսկ միայն խաղ է։ Երեխան ծնված օրից բնազդորեն վախենում է երեք բանից՝ բարձր աղմուկից, ընկնելուց եւ լույսի բացակայությունից։ Ահա թե ինչու շատ սրամիտ են համարում, երբ մարդուն հանկարծակի վախեցնում են ուժգին գոռոցով։ Ահա թե ինչու են սիրում օվկիանոսի մակընթացության ժամանակ սահել տախտակներով։ Եվ ահա թե ինչու «Խորհրդավոր թունելը» մեծ փողեր էր բերում։ Մարդիկ դուրս էին գալիս Խավարից դողալով, շնչահեղձ, վախից կիսամեռ, բայց շարունակում էին փող տալ, որ նորից ընկնեն թունել։
— Սպասեք մի րոպե, կարծես, հիշեցի։ Մի քանի մարդ մահացել էին թունելում։ Այդ մասին լուրեր էին պտտվում թունելը փակելուց հետո։
— Մահացան երկու֊երեք հոգի,— արհամարհանքով ասաց հոգեբանը։— Դա դեռ ոչինչ։ Թունելի տերերը հանգուցյալների ընտանիքներին փոխհատուցման գումար տվեցին եւ Ջոնգլորի քաղաքապետարանին համոզեցին կատարվածը անուշադրության մատնել։ Ի վերջո, եթե հիվանդ սիրտ ունեցող մարդկանց խելքին փչել է զբոսնել թունելում, ապա դա նրանց գործն է, իսկ հետագայում այդպիսի բան այլեւս չի կրկնվի։ Դրանից հետո տոմսարկղի սրահում միշտ բժիշկ էր լինում, որը զննում էր յուրաքանչյուր ուղեւորին գնացք նստելուց առաջ։ Դրանից հետո տոմսերի համար էլ ավելի շատ էին գլուխ ջարդում։
— Իսկ ի՞նչ եզրակացության եք եկել։
— Դեհ, բանը դրանով չվերջացավ։ Թունելում եղածներից ոմանք իրենց հիանալի էին զգում, բայց հետագայում հրաժարվում էին մտնել փակ շինություններ՝ լինի դա պալատ, առանձնատուն, բնակելի շենք, խրճիթ, հյուղակ։
Տերեմոնը բացականչեց զզվանքով․
— Ուզում եք ասել, որ նրանք հրաժարվո՞ւմ էին հեռանալ փողոցից։ Իսկ որտե՞ղ էին քնում նրանք։
— Փողոցում։
— Բայց նրանց պետք է ստիպեին՝ գնալ իրենց տները։
— Օ, ստիպում էին։ Եվ այդ մարդկանց մոտ սոսկալի հիստերիկա էր սկսվում, նրանք ամբողջ ուժով ճգնում էին գլուխները խփել մոտակա պատին։ Շինության ներսում նրանց կարելի էր պահել միայն զսպաշապիկի եւ մորֆիի օգնությամբ։
— Պարզապես ինչ֊որ խելագարներ են եղել։
— Ճիշտ այդպես։ Թունելում եղածներից յուրաքանչյուր տասներորդը այնտեղից դուրս էր գալիս խելագար։ Իշխանությունները դիմեցին հոգեբաններին, եւ մենք արեցինք միակ հնարավոր բանը։ Փակեցինք այդ ատրակցիոնը։
Շիրինը լայն տարածեց ձեռքերը։
— Իսկ ի՞նչ էր կատարվում այդ մարդկանց հետ,— հարցրեց Տերեմոնը։
— Մոտավորապես այն, ինչ ձեզ հետ, երբ կարծեցիք, թե մթության մեջ պատերը շարժվում են ձեզ վրա։ Հոգեբանության մեջ կա հատուկ տերմին, որը արտահայտում է մարդու բնազդային վախը լույսի բացակայությունից։ Մենք այդ վախն անվանում ենք կլաուստրոֆոբիա, որովհետեւ լույսի բացակայությունը միշտ կապված է փակ շինության հետ եւ մեկից վախենալ՝ նշանակում է վախենալ նաեւ մյուսից։ Հասկանո՞ւմ եք։
— Եվ թունելում եղած մարդի՞կ…
— Եվ թունելում եղած մարդիկ պատկանում էին այդ դժբախտների թվին, որոնց հոգեկան աշխարհը չէր կարողացել դիմադրել կլաուստրոֆոբիային, որ տիրում է նրանց խավարի մեջ։ Տասնհինգ րոպե առանց լույսի՝ դա շատ է․ դուք առանց լույսի նստեցիք ընդամենը երկու֊երեք րոպե եւ, եթե չեմ սխալվում, հասցրիք կորցնել հոգեկան հավասարակշռությունը։ Այդ մարդիկ հիվանդանում էին այսպես կոչված «կայուն կլաուստրոֆոբիայով»։ Խավարի եւ փակ շինությունների նկատմամբ նրանց թաքնված վախը ի հայտ էր գալիս, ակտիվանում էր եւ, որքանով կարող ենք դատել, դառնում էր մշտական։ Ահա թե ինչի կարող է հասցնել մթության մեջ տասնհինգ րոպե մնալը։
Երկար լռություն տիրեց։ Տերեմոնը մռայլվեց։
— Ես չեմ հավատում, որ դրությունն այդքան վատ է։
— Դուք կամենում եք ասել, որ չեք ուզում հավատալ,— նրա խոսքը կտրեց Շիրինը։— Դուք վախենում եք հավատալ։ Նայեք պատուհանին։
Տերեմոնը նայեց պատուհանին, իսկ հոգեբանը շարունակեց․
— Պատկերացրեք, որ ամենուրեք խավար է։ Եվ ոչ մի տեղ լույս չի երեւում։ Տները, ծառերը, դաշտերը, գետինը, երկինքը համատարած սեւ են եւ, ավելին, գուցեեւ Աստղերը… ինչպիսին էլ որ նրանք լինեն։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել այս ամենը։
— Այո, կարող եմ,— բարկացած հայտարարեց Տերեմոնը։
Շիրինը անսպասելի զայրույթով բռունցքը խփեց սեղանին։
— Դուք ստո՛ւմ եք։ Դուք չեք կարող դա պատկերացնել։ Ձեր ուղեղն այնպես է կառուցված, որ այդ հասկացությունը այնտեղ չի տեղավորվում, ինչպես չի տեղավորվում անսահմանության կամ հավիտենականության հասկացությունը։ Դուք միայն խոսել կարող եք այդ մասին։ Խավարի ամենափոքր չափն արդեն ընկճում է ձեզ, եւ երբ նա իսկապես կգա, ձեր ուղեղը կբախվի մի այնպիսի երեւույթի հետ, որն անկարող կլինի ըմբռնել։ Եվ դուք կխելագարվեք լրիվ ու ընդմիշտ։ Դա կասկածից վեր է։
Եվ նա տխուր ավելացրեց․
— Ու դարձյալ երկու հազարամյակների հուսահատ պայքարը ապարդյուն կլինի։ Վաղն ամբողջ Լագաշում չի մնա եւ ոչ մի կանգուն քաղաք։
Տերեմոնը մի քիչ հանգստացավ։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում։ Ես դարձյալ չեմ հասկանում, թե ինչու պիտի խելագարվեմ միայն այն պատճառով, որ երկնքում արեւ չկա։ Եվ եթե դա կատարվի ինձ ու մյուս բոլոր մարդկանց հետ, ապա քաղաքները ինչո՞ւ պիտի կործանվեն։ Մե՞նք կպայթեցնենք դրանք, հա՞։
Բայց Շիրինը զայրացած էր եւ կատակելու ոչ մի ցանկություն չուներ։
— Գտնվելով Խավարի մեջ, դուք ի՞նչ կցանկանայիք ամենից շատ։ Ի՞նչ կպահանջեին ձեր բնազդները։ Լո՜ւյս, գրողը տանի, լո՜ւյս։
— Հետո՞։
— Իսկ ինչպե՞ս պիտի լույս ճարեք։
— Չգիտեմ,— խոստովանեց Տերեմոնը։
— Լույս ստանալու միակ միջոցը ո՞րն է, եթե նկատի չունենանք արեւը։
— Որտեղի՞ց իմանամ։
Նրանք կանգնած էին դեմ֊դիմաց։
— Դուք կվառեք մի որեւէ բան, հարգելիս,— ասաց Շիրինը։— Դուք երբեւիցե տեսած կա՞ք, թե ինչպես է այրվում անտառը։ Երբեւիցե ճանապարհվե՞լ եք հեռավոր զբոսանքի եւ խարույկի վրա ճաշ եփել։ Իսկ չէ՞ որ այրվող փայտը միայն տաքություն չի տալիս։ Տալիս է նաեւ լույս, եւ մարդիկ գիտեն դա։ Իսկ երբ մութ է, նրանց լույս է հարկավոր, եւ մարդիկ լույս են փնտրում։
— Եվ դրա համար փա՞յտ են վառում։
— Դրա համար վառում են ինչ ընկնում է ձեռքերը։ Նրանց լույս է պետք։ Նրանք պետք է մի բան վառեն, եւ եթե փայտ չեն գտնում, վառում են ինչ֊որ պատահի։ Միայն թե լույս լինի… Եվ բոլոր բնակելի կենտրոնները կործանվում են հրդեհներից։
Նրանք անթարթ նայում էին իրար․ թվում էր, մրցում էին, թե ում կամքն է ավելի ուժեղ, եւ ի վերջո Տերեմոնը լուռ իջեցրեց հայացքը։ Նա շնչում էր խռպոտ, ընդհատուն, ու հազիվ թե լսեց հարեւան սենյակից եկող աղմուկն ու խոսակցության ձայները։
— Կարծեմ, դա Յիմոտի ձայնն է,— ասաց Շիրինը, աշխատելով հանգիստ երեւալ։— Հավանաբար, նա ու Ֆարոն եկել են արդեն։ Գնանք տեսնենք ինչու են ուշացել։
— Լավ,— մրմնջաց Տերեմոնը։ Նա խոր շունչ քաշեց եւ կարծես սթափվեց։
Լարվածությունը չքացավ։
Հարեւան սենյակում աղմուկ էր։ Գիտնականները թափվել էին երկու երիտասարդների գլխին, որոնք հանում էին վերարկուները եւ միաժամանակ աշխատում էին պատասխանել կարկուտի պես իրենց վրա տեղացող հարցերին։
Ատոնը, մի կողմ հրելով մյուսներին, մոտեցավ նրանց ու խիստ հարցրեց․
— Դուք հասկանո՞ւմ եք, որ կես ժամից էլ քիչ է մնացել։ Որտե՞ղ էիք։
Ֆարո 24֊ը նստեց եւ սկսեց շփել ձեռքերը։ Նրա դեմքը կարմրել էր ցրտից։
— Յիմոտն ու ես հենց նոր վերջացրինք մի խելահեղ փորձ, որ ձեռնարկել էինք մեր պատասխանատվությամբ։ Մենք ստեղծեցինք մի սարք, որը կնմանակեր Խավարի ու Աստղերի հայտնվելը, ու մենք նախապես պատկերացում կկազմեինք, թե այդ ամենն ինչպես է լինելու։
Այս խոսքերը աշխուժացրին բոլորին, իսկ Ատոնի հայացքում հանկարծ հետաքրքրություն հայտնվեց։
— Դուք այդ մասին առաջ ոչինչ չէիք ասում։ Դե, իսկ ի՞նչ եք արել։
— Ես ու Յիմոնը վաղուց էինք այդ մասին մտածում,— ասաց Ֆարոն,— ու պատրաստում էինք մեր փորձը, բայց ոչինչ չստացվեց…
— Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։
Այս անգամ պատասխանեց Յիմոտը։
— Մենք փակվեցինք այնտեղ եւ մեր աչքերին հնարավորություն տվինք վարժվելու մթությանը։ Դա սոսկալի զգացողություն է, լրիվ Խավարում քեզ թվում է, թե պատերն ու առաստաղը փլվում են վրադ։ Բայց մենք հաղթահարեցինք այդ զգացումը եւ գործի դրեցինք մեր մեքենան։ Կափարիչները ետ գնացին եւ ողջ առաստաղով մեկ փայլկլտացին լույսի ցոլքերը…
— Հետո՞։
— Հետո՞… ոչինչ։ Այ թե ինչն է ամենացավալին։ Ոչինչ տեղի չունեցավ։ Պարզապես դա մի բազմաթիվ անցքերով տանիք էր, եւ մենք հենց այդպես էլ ընկալեցինք։ Մենք նորից ու նորից կրկնեցինք փորձը… դրա համար էլ ուշացանք… բայց ոչ մի ուրիշ արդյունք չեղավ։
Լսածից ցնցված՝ բոլորը լուռ շրջվեցին Շիրինի կողմը, որը բերանը բաց լսում էր, ասես քարացել էր։
Առաջինը խոսեց Տերեմոնը։
— Շիրին, դուք հասկանո՞ւմ եք, թե սա ինչպիսի հարված է հասցնում ձեր տեսությանը,— թեթեւացած ժպտալով, ասաց նա։
Սակայն Շիրինը անհամբեր բարձրացրեց ձեռքերը։
— Ոչ, սպասեք։ Թողեք մտածեմ։— Նա չրխկացրեց մատները, վեր բարձրացրեց գլուխը, եւ նրա աչքերում արդեն չկար անվստահության կամ զարմանքի արտահայտություն։— Իհարկե…
Բայց նա խոսքը չվերջացրեց։ Վերեւում լսվեց ջարդվող ապակու զնգոց, եւ Բինին, փնթփնթալով՝ «Սա՞ որ սատանան է», աստիճաններով վեր նետվեց։
Մյուսները հետեւեցին նրան։
Այնուհետեւ ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Հայտնվելով գմբեթում, Բինին սարսափահար տեսավ ջարդված լուսանկարչական թիթեղները եւ դրանց վրա կռացած մարդուն։ Կատաղած նետվելով անկոչ հյուրի վրա, աքցանի պես կառչեց նրա կոկորդից։ Նրանք գլորվեցին հատակին, եւ հենց այդ պահին վազելով գմբեթ մտան աստղադիտարանի մյուս աշխատակիցները, եւ անծանոթը բառացիորեն թաղվեց իր վրա թափված տասնյակ կատաղած մարդկանց տակ։
Վերջինը գմբեթ բարձրացավ շնչակտուր Ատոնը։
— Բաց թողեք նրան,— ասաց ծերուկը։
Բոլորը դժկամությամբ ետ քաշվեցին եւ անծանոթին ոտքի կանգնեցրին։ Նա շնչում էր խռպոտած, ճակատն ամբողջովին կապտած էր, իսկ հագուստը՝ պատռված։ Նրա կարմրահեր մորուքը խնամքով զանգրացված էր՝ Պաշտամունքի պահապանների մոտ ընդունված ձեւով։
Բինին բռնեց նրա օձիքից եւ մոլեգնած թափ տվեց․
— Ի՞նչ էիր մտադիր անել, սրիկա՛։ Այդ թիթեղները…
— Ես դրանց համար չէի եկել այստեղ,— սառը պատասխանեց Պաշտամունքի պահապանը։— Դա պատահաբար եղավ։
Բինին տեսավ, թե որ կողմ է ուղղված նրա չարամիտ հայածքը, եւ մռնչաց․
— Հասկանալի է։ Քեզ հետաքրքրում էին լուսանկարչական ապարատները։ Բախտդ բերեց, որ վայր գցեցիր թիթեղները։ Եթե կպած լինեիր «Վայրկենական Բերտային» կամ մի որեւէ ուրիշ խցիկի, տեղնուտեղը շունչդ կփչեիր, իսկ հիմա…
Ու նա վեր բարձրացրեց բռունցքը, բայց Ատոնը բռնեց նրա ձեռքը։
— Վե՛րջ տվեք։ Բա՛ց թողեք նրան,— կարգադրեց նա։
Երիտասարդ ինժեները տատանվեց եւ դժկամորեն ցած իջեցրեց ձեռքը։ Ատոնը մի կողմ հրեց նրան ու կանգնեց անկոչ հյուրի առջեւ։
— Ձեր անունը Լատիմեր է, չէ՞։
Պաշտամունքի պահապանը թեթեւակիորեն խոնարհվեց ու ցույց տվեց ազդրի վրայի խորհրդանիշը։
— Ես Լատիմեր 25֊ն եմ, նորին սրբազանություն Սոր 5֊ի երրորդ կարգի օգնականը։
Ատոնի ճերմակ հոնքերը սողացին դեպի վեր։
— Եվ դուք այստե՞ղ էիք նորին սրբազանության հետ, երբ անցյալ շաբաթ նա այցելեց ինձ։
Լատիմերը խոնարհվեց երկրորդ անգամ։
— Իսկ ի՞նչ եք ուզում։
— Այն, ինչ դուք չեք տա հոժարակամ։
— Երեւի ձեզ Սոր 5֊ն է ուղարկել… Թե՞ սա ձեր սեփական նախաձեռնությունն է։
— Ես այդ հարցին չեմ պատասխանի։
— Մենք էլի՞ այցելուների պիտի սպասենք։
— Այդ հարցին եւս չեմ պատասխանի։
Ատոնը նայեց իր ժամացույցին եւ մռայլվեց։
— Ձեր տերն ի՞նչ է ուզում ինձնից։ Իմ պարտավորությունները ես կատարել եմ։
Լատիմերը հազիվ նկատելի ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց։
— Ես նրան խնդրեցի,— զայրացած շարունակեց Ատոնը,— հաղորդել ինձ այն տեղեկությունները, որոնք հայտնի են միայն Պաշտամունքին, ու այդ տեղեկությունները ես ստացա։ Դրա համար շնորհակալ եմ։ Իմ հերթին, խոստացա ապացուցել, որ Պաշտամունքի դոգման ըստ էության ճշմարիտ է։
— Դա ապացուցելու կարիք չկա,— հպարտորեն առարկեց Լատիմերը։— Հայտնությունների գիրքը պարունակում է բոլոր անհրաժեշտ ապացույցները։
— Այո։ Մի բուռ հավատացյալների համար։ Մի՛ ձեւացրեք, իբր դուք ինձ չեք հասկանում։ Ես ձեզ առաջարկեցի գիտականորեն հիմնավորել ձեր հավատալիքները։ Ու ես դա արեցի՛։
Պաշտամունքի պահապանի աչքերը չարախնդորեն նեղացան։
— Այո, դուք արեցիք դա… բայց աղվեսային խորամանկությամբ, քանզի ձեր մեկնաբանումները, իբր հաստատելով մեր հավատալիքները, միաժամանակ վերացնում էին դրանց իսկ անհրաժեշտությունը։ Դուք Խավարը եւ Աստղերը վերածեցիք բնության երեւույթների, ու նրանք զրկվեցին իրենց իսկական խորհուրդից։ Դա սրբապղծություն է։
— Այդ դեպքում դա իմ մեղքը չէ։ Գոյություն ունեն օբյեկտիվ փաստեր։ Եվ ես սոսկ հաստատում եմ դրանք։
— Ձեր «փաստերը» մոլորություն են եւ խաբեություն։
Ատոնը բարկությամբ ոտքը զարկեց հատակին։
— Դուք որտեղի՞ց գիտեք։
— Գիտեմ,— հետեւեց կույր հավատով լի պատասխանը։
Ռեկտորը կաս֊կարմիր կտրեց, ու Բինին ինչ֊որ բան համառորեն շշնջաց նրա ականջին։ Սակայն Ատոնը ձեռքի շարժումով պահանջեց, որ նա լռի։
— Եվ ի՞նչ է ուզում մեզնից Սոր 5֊ը։ Երեւի, նա շարունակում է մտածել, թե փորձելով աշխարհին համոզել, որ միջոցներ ձեռնարկեն խելահեղության սպառնալիքի դեմ, մենք դրանով իսկ խանգարում ենք բազում հոգիների փրկությանը։ Եթե դա այդչափ կարեւոր է նրա համար, ապա թող իմանա, որ դա մեզ չհաջողվեց անել։
— Փորձն իսկ բավական մեծ վնաս հասցրեց, եւ անպայման պետք է խանգարել ձեզ, որ դուք սրբապղծորեն չփորձեք տեղեկություններ ստանալ ձեր այդ դիվային սարքերի օգնությամբ։ Մենք կատարում ենք կամքը Աստղերի, եւ ես ցավում եմ, որ սեփական անշնորհքությանս պատճառով չհասցրեցի ջարդուփշուր անել ձեր անիծյալ սարքերը։
— Դա ձեզ շատ քիչ բան կտար,— առարկեց Ատոնը։— Մեր հավաքած բոլոր տվյալները, բացի նրանցից, որ կստանանք այսօր անմիջապես դիտումների միջոցով, արդեն հուսալիորեն պահված են, եւ դրանք վերացնելն անհնար է։— Նա մռայլ ժպտաց։— Բայց դա չի փոխում այն փաստը, որ դուք այստեղ եք թափանցել որպես գող, որպես հանցագործ։— Նա դարձավ իր ետեւում կանգնած մարդկանց․— Սարոյից ոստիկաններ կանչեք։
— Գրողը տանի, Ատոն,— դեմքը կնճռոտելով բացականչեց Շիրինը։— Ի՞նչ եք ասում։ Մենք դրա ժամանակը չունենք։— Արագ֊արագ մի կողմ հրելով մյուսներին, նա առաջ եկավ։— Ես ինձ վրա եմ վերցնում սրան հսկելը։
Ատոնը գոռոզամտորեն նայեց հոգեբանին։
— Մենք ձեր խաղերի ժամանակը չունենք, Շիրին։ Բարի եղեք չմիջամտել իմ կարգադրություններին։ Դուք այստեղ միանգամայն կողմնակի մարդ եք, մի՛ մոռացեք դա։
Շիրինը արտահայտիչ ծռմռեց շրթունքները։
— Ինչ հարկ կա հիմա ոստիկանություն կանչելու այստեղ, երբ մինչեւ Բետայի խավարումը մնացել են հաշվված րոպեներ, իսկ այս երիտասարդը պատրաստ է ազնիվ խոսք տալ, որ չի հեռանա այստեղից եւ կաշխատի հանգիստ պահել իրեն։
— Ես ոչ մի խոսք չեմ տա,— անմիջապես հայտարարեց Լատիմերը։— Արեք, ինչ ուզում եք, բայց ես անկեղծորեն զգուշացնում եմ ձեզ․ հենց որ հնարավորություն ունենամ՝ կանեմ այն, ինչի համար հայտնվել եմ այստեղ։ Եթե դուք ապավինում եք իմ ազնիվ խոսքին, ապա կարող եք ոստիկանություն կանչել։
— Դուք վճռական մարդ եք,— բարեկամաբար ժպտաց Շիրինը։— Լավ, ես ձեզ որոշ բաներ կբացատրեմ։ Տեսնո՞ւմ եք պատուհանի մոտ կանգնած երիտասարդին։ Նա շատ ուժեղ է եւ լավ է բանեցնում բռունցքները, բացի այդ, նա կողմնակի մարդ է այստեղ։ Երբ խավարումը սկսվի, նա այստեղ անելիք չի ունենա, բացի ձեզ հետեւելուց։ Դե ես ինքս էլ, թեեւ մի քիչ… հաստլիկ եմ տուրուդմփոցի համար, բայց կկարողանամ օգնել նրան։
— Հետո ի՞նչ,— սառը հարց տվեց Լատիմերը։
— Լսեք ինձ ու ամեն ինչ կիմանաք,— պատասխանեց Շիրինը։— Հենց որ խավարումը սկսվի, ես ու Տերեմոնը ձեզ կնստեցնենք առանց պատուհանի մի խցում եւ դուռն էլ ամուր կփակենք կողպեքով։ Եվ դուք այնտեղ կմնաք, մինչեւ որ ամեն ինչ կվերջանա։
— Իսկ հետո,— ծանր շունչ քաշելով ասաց Լատիմերը,— ոչ մեկ չի լինի, որ ինձ դուրս հանի այնտեղից։ Ես ձեզնից պակաս չգիտեմ, թե ինչ է նշանակում Աստղերի հայտնվելը… նույնիսկ շատ ավելի լավ գիտեմ։ Դուք բոլորդ կքխելագարվեք, եւ ինձ ոչ ոք չի ազատի։ Դուք ինձ առաջարկում եք խեղդամահ լինել կամ էլ սովամահ։ Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել գիտնականներից։ Բայց ես ոչ մի խոստում չեմ տա։ Սա սկզբունքի հարց է, եւ այլեւս մտադիր չեմ խոսել այդ մասին։
Ատոնը, ըստ երեւույթին, շփոթվեց։ Նրա խամրած աչքերում տագնապ էր արտահայտվում։
— Իսկապես, Շիրին, նրան փակելը…
Շիրինը ձեռքերը թափահարեց նրա վրա։
— Սպասեք։ Ես բնավ չեմ մտածում, որ բանը այդքան հեռու կգնա։ Լատիմերը փորձեց (բավական հմտորեն) խաբել մեզ, բայց ես հոգեբան եմ ոչ միայն այն բանի համար, որ ինձ դուր է գալիս այդ բառի հնչեղությունը,— նա ժպտաց Պաշտամունքի պահապանին։— Մի՞թե կարծում եք, թե ես ընդունակ եմ դիմելու նման պարզունակ սպառնալիքի, ինչպիսին է սովամահությունը։ Սիրելի Լատիմեր, եթե ես ձեզ փակեմ խցիկում, ապա դուք չեք տեսնի Խավարը, չեք տեսնի Աստղերը։ Պաշտամունքի դրույթների հետ նույնիսկ ամենամակերեսային ծանոթությունը բավական է, որպեսզի հասկանաք, որ եթե ձեզ փակենք Աստղերի հայտնվելու ժամանակ, ապա ձեր հոգին կզրկենք անմահությունից։ Այսպես ուրեմն, ես ձեզ կարգին մարդ եմ համարում ու կհավատամ, եթե ազնվորեն խոստանաք մեզ խանգարելու ոչ մի փորձ չանել։
Լատիմերի քունքի երակը ցնցվեց, եւ նա, ամբողջովին կծկվելով, խռպոտ ասաց․
— Խոսք եմ տալիս։— Այնուհետեւ ցասկոտ ավելացրեց։— Բայց ինձ մխիթարում է այն, որ դուք բոլորդ կնզովվեք ձեր այսօրվա արածների համար։
Նա կտրուկ շրջվեց եւ քայլեց դռան մոտ դրված բարձր աթոռի կողմը։
Շիրինը գլխով արեց ժուռնալիստին եւ ասաց․
— Նրա կողքը նստեք, Տերեմոն… Այդպես, ձեւականության համար։ Հե՜յ, Տերեմոն։
Բայց ժուռնալիստը տեղից չշարժվեց։ Նա քաթանի գույն էր ստացել։
— Նայեք։
Դեպի երկինք ուղղված նրա մատը դողում էր, իսկ ձայնը հնչում էր խռպոտ ու բեկբեկուն։
Նրանք նայեցին առաջ պարզված մատի ուղղությամբ եւ մի հառաչ արձակեցին։ Բոլորը մի քանի վայրկյան շունչները պահած նայում էին երկնքին։
Բետայի եզրը անհետացավ։
Դեպի արեւը սողացող սեւ ծվենը հազիվ մի եղունգի չափ լիներ, բայց նրան նայող մարդկանց թվում էր Ճակատագրի ստվեր։
Բոլորը միայն մի ակնթարթ անշարժ կանգնած մնացին, իսկ հետո սկսվեց իրարանցումը։ Այն դադարեց էլ ավելի արագ եւ փոխարինվեց հստակ ու տենդագին աշխատանքով։ Ամեն մեկն զբաղվեց իր գործով։ Այս օրհասական պահին անձնական զգացմունքները վերացել էին։ Այժմ նրանք գիտնականներ էին՝ կլանված իրենց աշխատանքով։ Նույնիսկ Ատոնը արդեն չէր նկատում, թե շուրջն ինչ է տեղի ունենում։
— Խավարումը սկսվել է, երեւի, մի տասնհինգ րոպե առաջ,— գործնական տեսքով ասաց Շիրինը։— Մի քիչ շուտ է, բայց բավական ճշգրիտ, եթե նկատի ունենանք հաշվարկների մոտավորությունը։
Նա նայեց շուրջը, ոտնաթաթերի վրա մոտեցավ Տերեմոնին, որը դարձյալ պատուհանից դուրս էր նայում, եւ կամաց քաշեց նրա թեւից։
— Ատոնը կատաղած է,— շշնջաց։— Նրանից հեռու մնացեք։ Նա բաց թողեց սկիզբը Լատիմերի պատճառով։ Ես եթե հիմա նրա ձեռքն ընկնեք, կհրամայի պատուհանից դուրս նետել ձեզ։
Տերեմոնը գլխով արեց եւ նստեց։ Շիրինը զարմացած նայեց նրան։
— Գրողը տանի, դուք դողում եք,— գոչեց նա։
— Հը՞։— Տերեմոնը լիզեց չորացած շրթունքները եւ փորձեց ժպտալ։— Ես, իրոք, այնքան էլ լավ չեմ զգում ինձ։
Հոգեբանը կկոցեց աչքերը։
— Մի քիչ վախեցաք, հա՞։
— Ոչ,— զայրացած գոռաց Տերեմոնը։— Թողեք ուշքի գամ։ Հոգուս խորքում ես չէի հավատում այս ցնդաբանությանը… մինչեւ վերջին րոպեն։ Ինձ ժամանակ տվեք այդ մտքին համակերպվելու համար։ Չէ որ դուք նախապատրաստվում էիք երկու ամսից ավելի։
— Դուք ճիշտ եք,— մտախոհ ասաց Շիրինը։— Լսեք։ Դուք ժամանակ ունեք այնտեղ հասնելու համար։ Նրանց մոտ ազատվել է մի տեղ, որովհետեւ ես հեռացել եմ այտեղից։ Վերջիվերջո դուք այստեղ պետք չեք, իսկ այնտեղ կարող եք շատ պիտանի լինել…
Տերեմոնը հոգնած նայեց Շիրինին։
— Դուք կարծում եք, ծնկներս դողո՞ւմ են։ Դեհ, լսեք։ Ես լրագրող եմ, ու ինձ հանձնարարել են հոդված գրել։ Եվ ես կգրեմ։
Հոգեբանը հազիվ նկատելի ժպտաց։
— Ես հասկանում եմ ձեզ։ Պրոֆեսիոնալ պատիվը, այո՞։
— Կարող եք եւ այդպես համարել։ Բայց ես հիմա աջ ձեռքս կտայի մի ուրիշ խմիչքի համար, եթե նույնիսկ այն կիսով չափ քիչ լինի նրանից, որ դուք լակեցիք։ Երբեք այսպես խմելու ցանկություն չեմ ունեցել…
Նա հանկարծ լռեց, քանի որ Շիրինը արմունկով հրեց նրան։
— Դուք լսո՞ւմ եք։ Լսեք։
Տերեմոնը նայեց Շիրինի ցույց տված կողմը եւ տեսավ Պաշտամունքի պահապանին, որը աշխարհում ամեն ինչ մոռացած, դեմքով կանգնել էր դեպի պատուհանը եւ ինքնամոռաց ինչ֊որ բան էր փնթփնթում։
— Նա ի՞նչ է ասում,— շշնջաց ժուռնալիստը։
— Նա կարդում է Հայտնությունների գիրքը, հինգերորդ գլուխը,— պատասխանեց Շիրինը եւ բարկացած ավելացրեց․— Լռեք եւ լսեք։
«Եվ պատահեց այնպես, որ Բետա արեգակը այդ օրերին ավելի ու ավելի շատ էր երկնքում մնում, իսկ հետո վրա հասավ այն ժամը, երբ, փոքրիկ ու սառը, միայն նա էր փայլում Լագաշի վերեւում։
Եվ հավաքվում էին մարդիկ փողոցներում ու հրապարակներում, ու զարմանում էին մարդիկ իրենց տեսածից, քանզի հոգին նրանց մռայլված էր։ Նրանց սրտերը ընկճված էին, խոսքը՝ անկապ, եւ հոգիները մարդկանց սպասում էին Աստղերի հայտնվելուն։
Եվ Տրիգոն քաղաքում ճիշտ կեսօրին դուրս եկավ Վենդրետ II֊ը, եւ ասաց նա Տրիգոնի մարդկանց․ «Ուշ դարձրեք, մեղավորներ։ Դուք արհամարհում եք ճշմարիտ ճանապարհները, բայց եկել է հատուցման ժամը։ Արդեն գալիս է Անձավը, որ կուլ տա Լագաշին եւ այն ամենը, ինչ կա նրա վրա»։