1. Եվ եղավ խավար

Chapter 1

I

Եթե աստղերը գիշերային երկնքում առկայծեին միայն հազար տարին մեկ անգամ, որպիսի՜ ջերմ հավատով կհամակվեին մարդիկ՝ սերնդեսերունդ պահպանելով հիշողությունը աստծո քաղաքի մասին։

ԷՄԵՐՍՈՆ

Ատոն֊77֊ը, Սարոյի համալսարանի ռեկտորը, մարտականորեն վեր ցցեց ներքեւի շրթունքը եւ ցասկոտ հայացքը գամեց երիտասարդ ժուռնալիստին։

Տերեմոն 762֊ը ուրիշ բան չէր էլ սպասում։ Երբ դեռ սկսնակ էր, եւ հոդվածները, որոնք այժմ արտատպում էին տասնյակ լրագրեր, դեղնակտուց պատանու սին երազանքներ էին միայն, արդեն այն ժամանակ նա մասնագիտանում էր «անհնարին» հարցազրույցների գծով։ Հաճախ էր կապտուկներ ու ջարդվածքներ ստանում, բայց փոխարենը սովորում էր սառնասրտություն ու ինքնավստահություն պահպանել բոլոր պարագաներում։

Այդ պատճառով էլ իջեցրեց բարեւելու համար պարզած ձեռքը, որն այդպես ցուցադրաբար հրաժարվեցին սեղմել, եւ հանգիստ սպասեց, մինչեւ մեղմանա զառամյալ ռեկտորի զայրույթը։ Բոլոր աստղագետները տարօրինակ մարդիկ են, իսկ Ատոնը, եթե գտնենք վերջին երկու ամսվա նրա արարքներից, տարօրինակից էլ տարօրինակ էր։

Ատոն 77֊ը վերստացավ խոսելու շնորհը ու, թեեւ հռչակավոր աստղագետի ձայնը դողում էր զսպված զայրույթից, խոսեց սովորականի պես հանդարտ, խնամքով ընտրելով բառերը։

— Գալով ինձ մոտ այդպիսի լպիրշ առաջարկությամբ, սըր, դուք դիվային լկտիություն եք ցուցաբերում…

— Բայց, սըր, վերջիվերջո…— լիզելով չորացած շրթունքները, երկչոտ ընդհատեց նրան Բինի 25֊ը՝ աստղադիտարանի լայնաթիկունք հեռալուսանկարիչը։

Ռեկտորը շրջվեց, ճերմակ հոնքերը սողացին դեպի վեր։

— Մի խառնվե՛ք, Բինի։ Ես պատրաստ եմ հավատալու, որ դուք այս մարդուն բերել եք այստեղ՝ ղեկավարվելով ամենաբարի մտադրություններով, սակայն այժմ չեմ հանդուրժի եւ ոչ մի առարկություն։

Տերեմոնը որոշեց, որ ինքն արդեն պետք է մասնակցի այդ խոսակցությանը։

— Ռեկտոր Ատոն, եթե դուք հնարավորություն տաք ինձ խոսելու…

— Ոչ, երիտասարդ,— առարկեց Ատոնը,— այն ամենը, ինչ դուք կարող էիք ասել, արդեն ասել եք այս վերջին երկու ամսվա ընթացքում ամեն օր լույս տեսնող ձեր հոդվածներում։ Դուք գլխավորում էիք լրագրային լայն կամպանիան, որի նպատակն էր խանգարել ինձ եւ իմ կոլեգաներին աշխարհը նախապատրաստելու այն սպառնալիքին, որն այժմ արդեն չի կարելի կանխել։ Դուք աստղադիտարանի անձնակազմին զուտ անձնական վիրավորանքներ էիք հասցնում եւ աշխատում էիք նրան ծաղրուծանակի առարկա դարձնել։

Ռեկտորը սեղանից վերցրեց սարոյան «Խրոնիկայի» համարը եւ մոլեգին թափահարեց։

— Նույնիսկ այնպիսի հանրահայտ լպիրշը, ինչպիսին դուք եք, նախ պետք է մտածեր, ապա նոր հայտնվեր ինձ մոտ խնդրանքով, որ հենց իրեն թույլ տամ այստեղ նյութեր հավաքել մի հոդվածի համար, որը կվերաբերի այսօր կատարվելիք իրադարձությանը։ Հենց իրեն՝ բոլոր ժուռնալիստներից։

Ատոնը լրագիրը շպրտեց հատակին, ձեռքը մեջքին դրած քայլեց դեպի պատուհանը։

— Կարող եք գնալ,— նետեց ուսի վրայից։ Նա մռայլ նայեց հորիզոնին, որտեղ մայր էր մտնում Գամման, մոլորակի վեց արեգակներից ամենապայծառը։ Լուսատուն արդեն դժգունել եւ դեղնել էր դեպի հեռուն ձգվող մշուշում, եւ Ատոնը գիտեր, որ եթե նորից տեսնի նրան, ապա միայն խելագար վիճակում։

Նա կտրուկ շրջվեց։

— Ո՛չ, սպասեք։ Այստեղ եկեք,— ձեռքի տիրական շարժումով կանչեց Ատոնը։— Ես ձեզ նյութ կտամ։

Ժուռնալիստը, որ բնավ էլ միտք չուներ գնալու, դանդաղ մոտեցավ ծերուկին։ Ատոնը ձեռքով ցույց տվեց երկինքը։

— Վեց արեգակներից երկնքում մնացել է միայն Բետան։ Դուք տեսնո՞ւմ եք այն։

Հարցն ավելորդ էր։ Բետան գտնվում էր գրեթե զենիթում։ Գամմայի պայծառ շողերի մարելուն զուգընթաց կարմրավուն Բետան շուրջն ամեն ինչ ներկում էր արտասովոր նարնջագույնով։ Բետան գտնվում էր աֆելիայի մեջ։ Տերեմոնը նրան այդքան փոքրիկ չէր տեսել ոչ մի անգամ։ Եվ հիմա Բետան էր լուսավորում Լագաշի երկինքը։

Լագաշի սեփական արեգակը՝ Ալֆան, որի շուրջը պտույտ էր գործում մոլորակը, գտնվում էր նրա մյուս կողմում, ինչպես եւ հեռավոր արեգակների մյուս երկու զույգերը։ Կարմիր գաճաճ Բետան (Ալֆայի ամենամոտ հարեւանուհին) մնացել էր մենության մեջ, չարագույժ մենության։

Արեւի ճառագայթներով ողողված Ատոնի դեմքը կաս֊կարմիր էր թվում։

— Չորս ժամ էլ չի անցնի,— ասաց նա,— եւ մեր քաղաքակրթությունը կդադարի գոյություն ունենալ։ Եվ դա տեղի կունենա այն պատճառով, որ Բետան, ինչպես տեսնում եք, միայնակ է մնացել երկնքում։— Նա մռայլ ժպտաց։— Տպագրե՛ք սա։ Միայն թե կարդացող չի լինի։

— Բայց եթե անցնի չորս ժամ եւ… էլի չորս… ու ոչինչ չլինի՞,— վեհերոտ հարցրեց Տերեմոնը։

— Թող դա ձեզ չանհանգստացնի։ Շատ բան կլինի։

— Չեմ վիճում։ Եվ այնուամենայնիվ՝ եթե ոչինչ չլինի՞։

Բինի 25֊ը նորից համարձակվեց խոսել։

— Սըր, ինձ թվում է, դուք պիտի լսեք նրան։

— Գուցե այս հարցը քվեարկությա՞ն դնեք, ռեկտոր Ատոն,— ասաց Տերեմոնը։

Հինգ գիտնականները (աստղադիտարանի մյուս աշխատակիցները), որ մինչ այդ խելամիտ չեզոքություն էին պահպանում, լարվեցին։

— Դրա անհրաժեշտությունը չկա,— կտրեց Ատոնը։ Նա գրպանից հանեց ժամացույցը։— Քանի որ ձեր ընկեր Բինին այդքան պնդում է, ես ձեզ հինգ րոպե եմ տալիս։ Խոսեք։

— Լավ։ Դեհ, ի՞նչը կփոխվի, եթե դուք ինձ հնարավորություն տաք նկարագրել տեղի ունենալիքը որպես ականատես։ Եթե ձեր կանխագուշակումն իրականանա, իմ ներկայությունը ոչ մի բանի չի խանգարի, չէ որ տվյալ դեպքում իմ հոդվածը չի գրվի։ Մյուս կողմից, եթե ոչ մի բան տեղի չունենա, դուք պիտի ենթադրեք, որ լավագույն դեպքում ձեզ վրա պիտի ծիծաղեն։ Եվ մի՞թե լավ չի լինի, որ այդ ծիծաղը ղեկավարի բարեկամական ձեռքը։

— Դուք ձե՞ր ձեռքն եք անվանում բարեկամական,— խայթեց Ատոնը։

— Իհարկե։— Տերեմոնը նստեց եւ ոտքը գցեց ոտքին։— Իմ հոդվածները երբեմն խիստ են եղել, բայց ամեն անգամ ես հարցը բաց եմ թողել։ Վերջիվերջո հիմա այն ժամանակը չէ, երբ կարելի է Լագաշին քարոզել «աշխարհի վերջի» մասին։ Դուք պիտի հասկանաք, որ մարդիկ այլեւս չեն հավատում Հայտնությունների գրքին, եւ նրանց զայրացնում է, որ գիտնականները ամեն ինչ շրջում են հարյուր ութսուն աստիճանով ու ասում, որ Պաշտամունքի պահապանները այնուամենայնիվ իրավացի էին…

— Ոչ ոք այդպիսի բան չի ասում, երիտասարդ,— ընդհատեց նրան Ատոնը։— Թեեւ Պաշտամունքի պահապանները շատ տեղեկություններ հայտնեցին մեզ, բայց մեր հետազոտությունների արդյունքները զերծ են պաշտամունքային միստիցիզմից։ Փաստերը ինքնին փաստեր են, իսկ այսպես կոչված Պաշտամունքի «առասպելը», անկասկած հենվում է որոշակի փաստերի վրա։ Մենք դրանք բացատրեցինք, վերացնելով նախկին խորհրդավորությունը։ Հավատացնում եմ ձեզ, որ Պաշտամունքի պահապանները այժմ մեզ ավելի շատ են ատում, քան դուք։

— Ես ոչ մի ատելություն չեմ տածում ձեր հանդեպ։ Ես պարզապես փորձում եմ ապացուցել, որ լայն հասարակայնությունը վատ է տրամադրված։ Նա դժգոհ է։

Ատոնը հեգնանքով ծռմռեց շրթունքները։

— Էհ, թող դժգոհ լինի։

— Այո, բայց վաղն ի՞նչ է լինելու։

— Ոչ մի վաղ էլ չի լինի։

— Իսկ եթե լինի՞։ Ենթադրենք, որ կլինի… Հապա պատկերացրեք, թե ինչ կկատարվի։ Դժգոհությունը կարող է վերաճել մի ավելի լուրջ բանի։ Չէ որ, ինչպես ձեզ հայտնի է, այս երկու ամսվա ընթացքում գործնական ակտիվությունը նվազել է։ Ավանդատուները այնքան էլ չեն հավատում, որ եկել է աշխարհի վերջը, բայց այժմ գերադասում են իրենց փողերը պահել։ Քաղքենիները նույնպես չեն հավատում ձեզ, բայց եւ այնպես… հետաձգում են գարնանային գնումները։ Ահա թե ինչ վիճակ է։ Հենց այս ամենը վերջանա, բորսայի տնօրինողները կկպչեն ձեզնից։ Նրանք կասեն, քանի որ խելագարները… ներեցեք ինձ, ընդունակ են երկրի բարգավաճումն ամեն րոպե դնել սպառնալիքի տակ, մոգոնելով անհեթեթ գուշակություններ, ապա մոլորակը պետք է մտածի, թե ինչպես զսպի նրանց։ Եվ այն ժամանակ թեժ օրեր կսկսվեն, սըր։

Ռեկտորը կատաղի հայացքով ոտից գլուխ չափեց ժուռնալիստին։

— Եվ դուք ի՞նչ ելք եք առաջարկում։

Տերեմոնը ժպտաց։

— Ես ձեզ առաջարկում եմ՝ ստանձնել հարցի լուսաբանումը մամուլում։ Ես կարող եմ գործն այնպես շրջել, որ այն թվա սոսկ ծիծաղելի։ Իհարկե, դիմանալը դժվար կլինի, որովհետեւ ձեզ իսկական ապուշներ պիտի սարքեմ, բայց եթե ես մարդկանց ստիպեմ ծիծաղել ձեզ վրա, նրանց զայրույթը կմեղմանա։ Իսկ դրա փոխարեն իմ հրատարակիչը միայն մի բան է պահանջում՝ ինձնից բացի ուրիշ ոչ մեկին տեղեկություն չտալ։

— Սըր,— գլխով հավանություն տալով նրա ասածներին, վրա բերեց Բինին,— բոլորս էլ մտածում ենք, որ նա ճիշտ է։ Վերջին երկու ամսվա ընթացքում մենք ամեն ինչ նախատեսել ենք, բացի այն մեկ միլիոներորդ հավանականությունից, որ մեր տեսության կամ մեր հաշվարկների մեջ կարող է թաքնված լինել ինչ֊որ մի սխալ։ Մենք դա եւս պետք է նախատեսենք։

Մյուսները հավանություն տալով աղմկեցին, եւ Ատոնը այնպես կնճռոտեց դեմքը, ասես բերանում սոսկալի դառնահամ զգաց։

— Այդ դեպքում կարող եք մնալ, եթե կուզեք։ Սակայն, խնդրում եմ, աշխատեք չխանգարել մեզ։ Հիշեցեք նաեւ, որ այստեղ ղեկավարը ես եմ, եւ ինչպիսի տեսակետներ էլ որ դուք հայտնեք ձեր հոդվածներում, ես պահանջում եմ համագործակցություն եւ հարգանք դեպ…

Նա խոսում էր ձեռքերը մեջքին դրած, եւ նրա կնճռապատ դեմքը ամուր վճռականություն էր արտահայտում։ Եվ կարող էր խոսել անսահմանորեն երկար, եթե մի նոր ձայն չընդհատեր նրան։

— Պա՜հ, պա՜հ, պա՜հ,— հնչեց բարձր տենորը, եւ ներս մտնողի թմբլիկ դեմքը լայնացավ ինքնագոհ ժպիտից։— Ինչո՞ւ եք սգվորի տեսք ընդունել։ Հուսով եմ, բոլորդ էլ պահպանում եք հանգստություն եւ հոգեկան կայունություն։

Ատոնը տարակուսած խոժոռվեց եւ գրգռված հարցրեց․

— Ո՞ր սատանան ձեզ այստեղ բերեց, Շիրին։ Ես կարծում էի, դուք ուզում եք մնալ Ապաստարանում։

Շիրինը ծիծաղեց եւ փլվեց աթոռին։

— Գրողի ծոցը թող կորչի այդ Ապաստարանը։ Այն ինձ ձանձրացրեց։ Ես ուզում եմ այստեղ լինել, իրադարձությունների կենտրոնում։ Մի՞թե, ըստ ձեզ, ես բոլորովին զուրկ եմ հետաքրքրությունից։ Ես ուզում եմ տեսնել Աստղերը, որոնց մասին անդադար խոսում են Պաշտամունքի պահապանները։— Նա ձեռքերն իրար շփեց եւ ավելացրեց արդեն ավելի լուրջ տոնով։— Դրսում ցուրտ է։ Այնպիսի քամի է, որ քթիցդ սառցալուլաներ են կախվում։ Բետան այնքան հեռու է, որ բոլորովին չի տաքացնում։

Ճերմակահեր ռեկտորը հանկարծ պոռթկաց․

— Ինչո՞ւ եք ամեն կերպ աշխատում հիմարություններ անել, Շիրին։ Դուք ի՞նչ օգուտ կարող եք տալ մեզ այստեղ։

— Իսկ ի՞նչ օգուտ կարող եմ տալ այնտեղ։— Շիրինը շինծու հնազանդությամբ թափահարեց ձեռքերը։— Հոգեբանը Ապաստարանում ոչ մի անելիք չունի։ Այնտեղ պետք են գործնական մարդիկ եւ առողջ կանայք, որոնք կարող են երեխաներ ծնել։ Իսկ ե՞ս։ Գործնական մարդ լինելու համար կշռում եմ հարյուր ֆունտ ավելի, իսկ երեխա ծնել՝ հազիվ թե կարողանամ։ Էլ ինչու մի ավելորդ բերան մնա այնտեղ։ Ես այստեղ ինձ զգում եմ իմ տեղում։

— Իսկ ի՞նչ բան է Ապաստարանը,— հարցրեց Տերեմոնը։

Շիրինը կարծես հիմա տեսավ ժուռնալիստին։ Նա մռայլվեց եւ ուռցրեց կլոր այտերը։

— Իսկ դուք, շիկամազ, ո՞վ եք։

Ատոնը զայրացած սեղմեց շրթունքները, բայց հետո դժկամորեն փնթփնթաց․

— Սա Տերեմոն 762֊ն է, լրագրող։ Կարծում եմ, լսած կլինեք նրա մասին։

Ժուռնալիստը մեկնեց ձեռքը։

— Իսկ դուք, անշուշտ, Շիրին 501֊ն եք Սարոյի համալսարանից։ Ես լսել եմ ձեր մասին։

Ու նա կրկնեց իր հարցը։— Ի՞նչ բան է Ապաստարանը։

— Դեհ,— ասաց Շիրինը,— մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց մի խումբ մարդկանց համոզել, որ մեր կանխագուշակումները ճիշտ են… ըը՜… ինչպես ավելի տպավորիչ ասեմ… ճակատագրական վախճանի մասին, եւ այդ մի բուռ մարդիկ համապատասխան միջոցներ ձեռնարկեցին։ Հիմնականում դրանք աստղադիտարանի աշխատողների ընտանիքներն են, համալսարանի որոշ դասախոսներ եւ մի քանի կողմնակի մարդիկ։ Բոլորը միասին կլինեն երեք հարյուր, բայց այս թվի երեք քառորդը կազմում են կանայք ու երեխաները։

— Հասկանո՜ւմ եմ։ Նրանք պատսպարվել են այնտեղ, որտեղ Խավարը եւ այս… ը՜ը… Աստղերը չեն հասնի Ապաստարան, ու նրանք ողջ կմնան, երբ մնացյալ ամբողջ աշխարհը կխելագարվի։ Եթե նրանց հաջողվի, իհարկե։ Չէ որ դա դժվար կլինի։ Մարդկությունը կզրկվի բանականությունից, մեծ քաղաքները կկորչեն բոցերի մեջ․ այսպիսի իրավիճակում դժվար կլինի կենդանի մնալը։ Բայց նրանք ունեն պաշարներ, ջուր, հուսալի ապաստան, զենք…

— Նրանք ոչ միայն դա ունեն,— ասաց Ատոնը,— այնտեղ են մեր բոլոր նյութերը, բացառությամբ նրանցից, որ կհավաքենք այսօր։ Այդ նյութերը կենսականորեն անհրաժեշտ են հաջորդ ցիկլի համար, եւ հենց դրանք պիտի պահպանվեն։ Մնացածը կարեւոր չէ։

Տերեմոնը երկարուձիգ սուլեց եւ մտքերի մեջ ընկավ։ Սեղանի մոտ կանգնած մարդիկ հանեցին շախմատի տախտակը եւ վեց հոգով սկսեցին խաղալ։ Քայլերը արվում էին արագ եւ լուռ։ Բոլորի աչքերը ուղղված էին տախտակին։

Տերեմոնը մի քանի րոպե ուշադիր նայում էր խաղացողներին, իսկ հետո վեր կացավ եւ մոտեցավ Ատոնին, որը նստել էր քիչ հեռու եւ շշուկով խոսում էր Շիրինի հետ։

— Լսեք,— ասաց նա։— Եկեք գնանք մի ուրիշ տեղ, որ չխանգարենք մյուսներին։ Ես ուզում եմ մի բան հարցնել։

Զառամյալ աստղագետը խոժոռվեց եւ մռայլ նայեց նրան, իսկ Շիրինը ուրախ պատասխանեց․

— Հաճույքով։ Մի քիչ խոսելուց ես միայն օգուտ կստանամ։ Հենց նոր Ատոնը ինձ պատմում էր, թե, ձեր կարծիքով, ինչ արձագանք կարելի է սպասել, եթե կանխագուշակումը չկատարվի… Եվ համաձայն եմ ձեզ հետ։ Ի դեպ, ես գրեթե միշտ կարդում եմ ձեր հոդվածները, ու ձեր հայացքները, ընդհանուր առմամբ, դուր են գալիս ինձ։

— Շիրին, խնդրում եմ ձեզ…— փնթփնթաց Ատոնը։

— Ի՞նչ։ Լավ, լավ։ Մենք կգնանք հարեւան սենյակը։ Համենայն դեպս, այնտեղ բազկաթոռները ավելի փափուկ են։

Հարեւան սենյակի բազկաթոռներն իրոք փափուկ էին։ Պատուհանները ծածկված էին ծանր, կարմիր վարագույրներով, իսկ հատակին փռված էր վարդագույն գորգ։ Բետայի աղյուսակարմիր ճառագայթներով ողողված վարագույրները եւ գորգը չորացած արյան գույն էին ստացել։

Տերեմոնը ցնցվեց։

— Ես տասը հարյուրանոց կտայի մի վայրկյան միայն իսկական սպիտակ լույս տեսնելու համար։ Ափսոս, Գամման ու Դելտան չկան երկնքում։

— Ի՞նչ էիք ուզում մեզ հարցնել,— ընդհատեց նրան Ատոնը։— Խնդրում եմ հիշեք, որ մենք քիչ ժամանակ ունենք։ Մի ժամ հետո կբարձրանանք վերեւ, եւ արդեն խոսելու ժամանակ չի լինի։

— Դե, ուրեմն,— ասաց Տերեմոնը՝ ետ ընկնելով բազկաթոռի թիկնակին եւ խաչելով ձեռքերը։— Բոլորդ այստեղ այնքան լուրջ եք, որ ես սկսում եմ հավատալ ձեզ։ Ու ես կուզեի, որ ինձ բացատրեք, թե իսկապես ի՜նչ է կատարվում։

Ատոնը պայթեց։

— Արդյոք չե՞ք ուզում ասել, որ դուք մեզ ծաղրում էիք, նույնիսկ կարգին չիմանալով, թե մենք ինչ ենք պնդում։

Ժուռնալիստը շփոթված ժպտաց։

— Դեհ, այդքան էլ չէ, սըր։ Ես ընդհանուր պատկերացում ունեմ։ Դուք պնդում եք, որ մի քանի ժամ հետո ամբողջ աշխարհը կպարուրվի խավարով, եւ ողջ մարդկությունը կզրկվի բանականությունից՝ կխելագարվի։ Ես միայն հարցնում եմ, թե դուք ինչպե՞ս եք դա բացատրում գիտականորեն։

— Ոչ, հարցն այդպես մի՛ դրեք,— միջամտեց Շիրինը։— Այս դեպքում, եթե Ատոնը ցանկանա պատասխանել, դուք կկորչեք թվերի եւ դիագրամների ծովի մեջ։ Եվ այդպես էլ ոչինչ չեք հասկանա։ Իսկ այ եթե ինձ հարցնեք, ապա կլսեք հասարակ մահկանացուին միանգամայն մատչելի պատասխան։

— Դե լավ, համարեք, որ ձեզ եմ այդ հարցը տվել։

— Այդ դեպքում ես նախ կուզեի խմել։

Նա իրար շփեց ձեռքերը եւ նայեց Ատոնին։

— Ջո՞ւր,— փնթփնթալով հարցրեց Ատոնը։

— Հիմարություններ դուրս մի՛ տվեք։

— Այդ դուք եք հիմարություններ դուրս տալիս։ Ո՛չ մի ոգելից խմիչք այսօր։ Իմ աշխատակիցները կարող են չդիմանալ գայթակղությանը եւ կհարբեն։ Ես իրավունք չունեմ ռիսկի դիմելու։

Հոգեբանը քթի տակ ինչ֊որ բան մռթմռթաց։ Շրջվելով Տերեմոնի կողմը՝ սուր հայացքը գամեց նրան ու սկսեց․

— Դուք, անշուշտ, գիտեք, որ Լագաշի քաղաքակրթության պատմությունը ցիկլային բնույթ է կրում… Կրկնում եմ՝ ցիկլային։

— Ես գիտեմ,— զգուշորեն նկատեց Տերեմոնը,— որ դա տարածված հնագիտական վարկած է։ Ուրեմն, այժմ դա բացարձակ ստո՞ւյգ են համարում։

— Թերեւս։ Մեր այս վերջին հարյուրամյակում այն ընդհանուր ճանաչում է ստացել։ Այդ ցիկլային բնույթը հանդիսանում է… ավելի ճիշտ հանդիսանում էր մեծագույն առեղծվածներից մեկը։ Մենք հայտնաբերել ենք մի շարք քաղաքակրթություններ՝ ինը քաղաքակրթություն, բայց կարող են եղած լինել նաեւ ավելին։ Բոլոր այդ քաղաքակրթությունները իրենց զարգացման մակարդակով հասնում էին մեր մակարդակին եւ բոլորն էլ, առանց բացառության, իրենց կուլտուրայի զարգացման ամենաբարձր աստիճանում կործանվում էին կրակից։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու էր դա տեղի ունենում։ Կուլտուրայի բոլոր կենտրոնները այրվում էին հիմնովին եւ չէր մնում որեւէ բան, որը կհուշեր աղետների պատճառը։

Տերեմոնը ուշադիր լսում էր։

— Իսկ մի՞թե մենք քարե դար չենք ունեցել։

— Հավանաբար, եղել է, սակայն գործնականում այդ մասին մեզ հայտնի է միայն, որ մարդիկ այն ժամանակ այնքան էլ շատ չեն տարբերվել խելոք կապիկներից։ Այնպես որ քարե դարը կարելի է հաշվի չառնել։

— Հասկանում եմ, շարունակեք։

— Այս կրկնվող աղետների նախկին բացատրությունները կրում էին քիչ թե շատ երեւակայական բնույթ։ Ոմանք ասում էին, որ Լագաշի վրա պարբերաբար հորդացել են հրե անձրեւներ, մյուսները պնդում էին, որ ժամանակ առ ժամանակ Լագաշն անցնում է արեւի միջով, երրորդները՝ էլ ավելի անհեթեթ բաներ էին ասում։ Սակայն գոյություն ուներ մի տեսություն՝ միանգամայն տարբեր բոլոր մյուսներից, եւ այն մեզ է հասել դարերի խորքից։

— Ես գիտեմ դուք ինչի մասին եք խոսում։ Դա Աստղերի մասին առասպելն է, որ գրված է Պաշտամունքի պահապանների Հայտնությունների գրքում։

— Միանգամայն ճիշտ եք,— գոհունակությամբ նշեց Շիրինը։— Պաշտամունքի պահապանները պնդում են, իբր յուրաքանչյուր երկու հազար հինգ հարյուր տարին մեկ Լագաշն ընկնում է մի վիթխարի անձավի մեջ, այնպես որ բոլոր արեգակները անհետանում են, եւ ամբողջ աշխարհը պարուրվում է խավարով։ Իսկ հետո, ասում են նրանք, հայտնվում են այսպես կոչված Աստղերը, որոնք խլում են մարդկանց հոգիները եւ նրանց դարձնում անբանական անասուն, ու հենց մարդիկ էլ կործանում են իրենց իսկ ստեղծած քաղաքակրթությունը։ Պաշտամունքի պահապանները, իհարկե, այս ամենը հեղեղում են աներեւակայելի քանակության կրոնական միստիկայով, սակայն հիմնական գաղափարը սա է։— Շիրինը լռեց ու, նորից շունչ առնելով, շարունակեց։— Իսկ հիմա մենք մոտենում ենք Համընդհանուր Ձգողականության Տեսությանը։

Նա այնպես խոսեց, կարծես իր արտասանած յուրաքանչյուր բառը սկսվում էր մեծատառով, եւ այստեղ Ատոնը շրջվեց պատուհանի մոտից, արհամարհանքով փնչացրեց ու բարկացած դուրս եկավ սենյակից։

Շիրինն ու Տերեմոնը նայեցին նրա ետեւից։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Տերեմոնը։

— Առանձնապես ոչ մի բան,— պատասխանեց Շիրինը։— Նրա աշխատակիցներից երկուսն էլ պիտի այստեղ գային մի քանի ժամ առաջ, բայց մինչեւ հիմա չկան։ Իսկ նրա մոտ ամեն մի մարդը հաշվված է․ բոլորը, բացի ամենաանհրաժեշտ մասնագետներից, գնացել են Ապաստարան։

— Դուք կարծում եք, նրանք փախե՞լ են։

— Ո՞վ։ Ֆարոն եւ Յիմո՞տը։ Իհարկե, ոչ։ Եվ այնուամենայնիվ եթե նրանք չգան մեկ ժամվա ընթացքում, դա կբարդացնի վիճակը։— Նա անսպասելիորեն վեր թռավ տեղից, եւ աչքերը ուրախ փայլատակեցին։— Սակայն քանի որ Ատոնը գնաց… Ոտնաթաթերի վրա զգուշորեն մոտենալով պատուհանին՝ նա պպզեց ու պատուհանի տակ սարքված փոքրիկ պահարանից հանեց մի շիշ եւ թափահարեց։ Կարմիր հեղուկը գայթակղիչ կլկլաց շշի մեջ։

— Ես այդպես էլ գիտեի, որ Ատոնը չէր իմանում սրա մասին,— նկատեց նա, հապշտապ վերադառնալով դեպի բազկաթոռը։— Ահա։ Մենք ընդամենը մի բաժակ ունենք, եւ դա դուք վերցրեք, քանի որ հյուր եք։ Ես կխմեմ շշից։— Ու նա զգուշորեն լցրեց բաժակը։

Տերեմոնը վեր կացավ, պատրաստվելով հրաժարվել, բայց Շիրինը սաստեց նրան ազդու հայացքով։

— Երիտասարդ, մեծերին պետք է հարգել։

Ժուռնալիստը նստեց նահատակի տեսքով։

— Դե շարունակեք պատմել, ծեր խաբեբա։

Հոգեբանը շիշը մոտեցրեց բերանին, եւ նրա ադամախնձորը սկսեց ցնցվել։ Հետո գոհունակությունից փնչացրեց, ճպպացրեց շրթունքները եւ շարունակեց․

— Իսկ դուք ի՞նչ գիտեք ձգողականության մասին։

— Միայն այն, որ հայտնաբերվել է բոլորովին վերջերս եւ գրեթե չի մշակված, իսկ բանաձեւերն այնքան բարդ են, որ ամբողջ Լագաշում միայն տասներկու հոգի են ընդունակ այն հասկանալու։

— Հիմարությո՜ւն։ Դատարկ բաներ եք ասում։ Ես երկու բառով կշարադրեմ այդ տեսության էությունը։ Համընդհանուր ձգողականության օրենքը պնդում է, որ Տիեզերքի բոլոր մարմինների միջեւ գոյություն ունի կապող ուժ, եւ ցանկացած երկու տվյալ մարմինները իրար կապող ուժը համաչափ է նրանց զանգվածների արտադրյալին՝ բաժանած նրանց միջեւ ընկած տարածության քառակուսու վրա։

— Միայն այսքա՞նը։

— Դա լիովին բավական է։ Պահանջվեց չորս հարյուրամյակ, մինչեւ որ հայտնաբերվեց այդ օրենքը։

— Ինչո՞ւ այդքան շատ։ Ձեր շարադրածով այն շատ պարզ է թվում։

— Որովհետեւ մեծագույն օրենքները չեն հայտնաբերվում ոգեշնչման պահին, ինչպես մտածում են շատերը։ Նրանց հայտնաբերման համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների համատեղ աշխատանքը հարյուրամյակների ընթացքում։ Այն բանից հետո, երբ Գենովի 41֊ը հայտնաբերեց, որ Լագաշն է պտտվում Ալֆա արեգակի շուրջը, եւ ոչ թե հակառակը (իսկ դա տեղի է ունեցել չորս հարյուր տարի առաջ), աստղագետները շատ երկար աշխատեցին։ Նրանք դիտեցին, ուսումնասիրեցին, վերլուծեցին եւ ստույգ որոշեցին վեց արեգակների բարդ շարժումը։ Բազմաթիվ տեսություններ էին առաջադրված, դրանք ստուգվում էին, փոփոխվում, մերժվում եւ ինչ֊որ բանի վերածվում։ Դա հրեշավոր աշխատանք էր։

Տերեմոնը մտախոհ գլխով արեց եւ նրան մեկնեց բաժակը։ Շիրինը դժկամորեն թեքեց շիշը, եւ մի քանի սուտակագույն կաթիլներ ընկան բաժակի մեջ։

— Քսան տարի առաջ,— շարունակեց նա, թրջելով կոկորդը,— վերջապես ապացուցվեց, որ Համընդհանուր ձգողականության օրենքը ստույգ բացատրում է վեց արեգակների ուղեծրային շարժումը։ Դա մեծ հաղթանակ էր։

Շիրինը վեր կացավ եւ գնաց դեպի պատուհանը, շիշը վայր չդնելով ձեռքից։

— Իսկ հիմա մոտենում ենք ամենագլխավորին։ Վերջին տասնամյակի ընթացքում այն ուղեծիրը, որով Լագաշը պտտվում է Ալֆա արեգակի շուրջը, կրկին հաշվարկվեց նոր օրենքի համաձայն, եւ պարզվեց, որ ստացված արդյունքները չեն համապատասխանում իրական ուղեծրին, թեեւ հաշվի էին առնված մյուս բոլոր արեգակներից առաջացող բռնկումները։ Կամ օրենքն էր սխալ, կամ գոյություն ուներ եւս մեկ անհայտ գործոն։

Տերեմոնը մոտեցավ Շիրինին, որը պատուհանի մոտ կանգնած նայում էր Սարոյի աշտարակաձողերին, որոնք արնակարմիր գույնով հուրհրատում էին հորիզոնում՝ անտառապատ բլուրների ետեւում։ Մի հայացք գցելով Բետային, ժուռնալիստը զգաց իր մեջ աճող անվստահությունը եւ տագնապը։ Պստլիկ կարմիր կետը չարագույժ բոցկլտում էր զենիթում։

— Շարունակեք, սըր,— կամաց ասաց նա։

— Աստղագետները տարիներ շարունակ դոփում էին տեղում, եւ ամեն մեկն առաջարկում էր էլ ավելի անհավանական տեսություն, քան նախորդները, մինչեւ որ… մինչեւ որ Ատոնը ինչ֊որ ներքին բնազդով չդիմեց Պաշտամունքին։ Պաշտամունքի գլխավորը՝ Սոր 5֊ը, իր տրամադրության տակ ուներ այնպիսի տեղեկություններ, որոնք զգալիորեն հեշտացրին պրոբլեմի լուծումը։ Ատոնը գնաց նոր ուղիով։ Իսկ գուցե գոյություն ունի եւս մեկ անլուսատու մոլորակային մարմի՞ն, որը նման է Լագաշին։ Այդ դեպքում, բնականաբար, նա կփայլի միայն անդրադարձված լույսով, եւ եթե այդ մարմնի մակերեսը բաղկացած է նույնպիսի երկնագույն ապարներից, ինչպես մեր Լագաշի մակերեսի մեծ մասը, ապա կարմիր երկնքում արեգակների հավերժական փայլատակումը նրան դարձրել է անտեսանելի, կարծես թե կլանել է նրան։

Տերեմոնը սուլեց։

— Ի՜նչ անհեթեթ միտք է։

— Ձեր կարծիքով, անհեթե՞թ է։ Դե, ուրեմն, լսեք։ Ենթադրենք, որ այդ մարմինը պտտվում է Լագաշի շուրջը այնպիսի հեռավորությամբ, այնպիսի ուղեծրով եւ օժտված է այնպիսի զանգվածով, որ նրա ձգողականությունը ճշտորեն բացատրում է Լագաշի ուղեծրի շեղումը տեսականից… Դուք գիտե՞ք, թե ինչ կլիներ այդ ժամանակ։

Ժուռնալիստը օրորեց գլուխը։

— Ժամանակ առ ժամանակ այդ մարմինը իրենով պիտի ծածկեր արեւներից մեկնումեկը,— ասաց Շիրինը եւ թափով դատարկեց շիշը։

— Ու երեւի հենց այդպես էլ լինում է,— հաստատ ասաց Տերեմոնը։

— Այո՛։ Սակայն նրա պտույտի հարթությունում միայն մեկ արեւ կա,— նա մատն ուղղեց փոքրիկ արեւի կողմը,— Բետան։ Եվ պարզվել է, խավարումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մեր կիսագնդի վերեւում բոլոր արեւներից մնում է միայն Բետան, որը գտնվում է Լագաշից առավելագույն հեռավորության վրա։ Իսկ Լուսինը այդ ժամանակ գտնվում է նվազագույն հեռավորության վրա։ Լուսնի տեսանելի տրամագիծը յոթ անգամ գերազանցում է Բետայի տրամագիծը, այնպես որ նրա ստվերը ծածկում է ամբողջ մոլորակը, եւ խավարումը տեվում է կես օր, ըստ որում Լագաշի վրա չի մնում եւ ոչ մի լուսավորված կետ։ Եվ այդպիսի խավարում տեղի է ունենում յուրաքանչյուր երկու հազար քառասունինը տարին մեկ անգամ։

Տերեմոնի դեմքի ոչ մի մկանը չցնցվեց։

— Սա էլ հենց կարող է լինել իմ հոդվածի նյո՞ւթը։

Հոգեբանը գլխով արեց։

— Այո, սա է բոլորը։ Սկզբում խավարումը (այն կսկսվի երեք քառորդ ժամ հետո)… ապա համատարած Խավարը եւ, գուցե, տխրահռչակ Աստղերը… հետո խելահեղություն եւ ցիկլի վախճան։

Շիրինը մտքերի մեջ ընկավ եւ մռայլ ավելացրեց․

— Մեր տրամադրության տակ ունեինք միայն երկու ամիս (ես խոսում եմ աստղադիտարանի աշխատակիցների մասին), չափազանց փոքր ժամկետ, որպեսզի Լագաշին ապացուցենք իրեն սպառնացող վտանգը։ Գուցե դրա համար երկու հարյուրամյակն էլ չէր բավականացնի։ Սակայն Ապաստարանում պահպանվում են մեր գրառումները, եւ այսօր մենք կլուսանկարենք խավարումը։ Հաջորդ ցիկլը հենց սկզբից կիմանա ճշմարտությունը, եւ երբ վրա կհասնի հաջորդ խավարման ժամանակը, մարդկությունը վերջապես պատրաստ կլինի դրան։ Ի դեպ, սա էլ կարող է նյութ ծառայել ձեր հոդվածի համար։

Comments