Chapter 9
Ը
Կաթողիկոսը պրոֆ. Մելիք Անդրեասյանին չէր սպասում, որովհետև մինչև անգամ չեկան այն մարդիկ, որոնց սպասում էր, էլ ուր կմնար Մելիք-Անդրեասյանը, որն ամենաշուտ բեկվողներից մեկի համբավն էր վայելում։
— Ձերդ սրբություն, ներողություն եմ խնդրում,— ասաց պրոֆեսորը կաթողիկոսի ձեռքը համբուրելուց հետո, որ մեծ տոնի օրը չկարողացա ներկայանալ։
— Քրիստոսի հոտի մեջ բազում են մոլորյալք, պրոֆեսոր,— պատասխանեց կաթողիկոսը ցավագին շեշտով։
— Ձերդ սրբությունը, իհարկե, մտնում է մեր դրության մեջ,— շարունակեց պրոֆեսորը` մի աթոռի վրա տեղավորվելով:
— Իսկ դուք մտնու՞մ եք իմ դրության մեջ,— հարցրեց կաթողիկոսը: Հարցը շատ շեշտակի էր, պրոֆեսորը հարմար համարեց լռել։
Լռությունից օգտվելով՝ կաթողիկոսը զանգ տվեց:
Ծառան անմիջապես ներս մտավ և ընտանի կերպով մոտեցավ կաթողիկոսին: Վերջինս գրպանից հանեց փոքրիկ բանալիների մի փունջ և, բռնելով նրանցից մեկը, ասաց.
— Պրոֆեսորին թեյ կբերեք լիմոնով։
Ծառան բանալին վերցրեց և դուրս գնաց։
Պրոֆեսորը լսել էր, որ զառամյալ կաթողիկոսն իր տան անձնական տնտեսությանը խստիվ հետևող մի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, որ պահարանի բանալին պահում էր հայրապետական պատմուճանի գրպանում:
— Այժմ լիմոն դժվար է ճարվում, պրոֆեսոր,— ասաց կաթողիկոսը։
— Քաղաքում բոլորովին չկա, Ձերդ սրբություն,— արձագանքեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մեքենայորեն:
— Այո, լսել եմ։ Ասացեք, խնդրեմ, լիմոնին ի՞նչ պատահեց,— հարցրեց կաթողիկոսն այնպիսի լուրջ և ցավագին տոնով, կարծես հարցնելու լիներ, թե ի՞նչ պատահեց հայկական հարցին:
Մի պահ նորից լռություն տիրեց։ Պրոֆեսորն անձկությամբ սպասում էր լսելու կաթողիկոսի կարծիքը մեր օրերի մասին, ուստի, մի կողմ դնելով ծառայի մատուցված թեյը` երկյուղածությամբ և դողդոջուն ձայնով հարցրեց.
— Ի՞նչ է մտածում Ձերդ սրբությունը։
— Ինչի՞ մասին:
— Նու, առհասարակ:
— Գիտեք, պրոֆեսոր, մենք մի վարդապետ ունենք, Պոլսից է, նախքան վարդապետ ձեռնադրվելը եղել է դեղագործ, այդ մարդն ինձ համար ուղղակի փրկություն հանդիսացավ:
— Ի՞նչ տեսակետից, Ձերդ սբրություն,— խորապես հետաքրքրվեց պրոֆեսորը։
— Դեղորայք, կոմպրես, բանկաներ, կլիզմա և այլն:
— Հրաշալի է…
Պրոֆեսորը ձեռքը երկարեց թեյին, մտադրվեց այլևս հարց չտալ, բայց մի ներքին ուժ մղեց նրան: — Ձերդ սրբություն, ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը մեր էպոխայի մասին:
— Էպո՞խայի… ողջ աշխարհը գժվելու է, զավակս, այս գաղափարը… ի՞նչ են ասում դրան, հըմ, այս…
— Սոցիալիզմը։
— Այո, սոցիալիզմը, դա որ դուրս եկավ, ողջ աշխարհը տակնուվրա է անելու:
— Իսկ ի՞նչ է Ձերդ սրբության կարծիքն այդ մասին,— հարցրեց պրոֆեսորը։
— Քրիստոնեական եկեղեցու պետին այդ հարցը, ես կարծում եմ, ավելորդ է, պարզ է՝ բացի քրիստոնեական հավատքից չի կարող ուրիշ ոչ մի հավատք գոյություն ունենալ մեզ համար։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատրաստվեց մի հարց ևս տալ, բայց քրիստոնեական եկեղեցու պետը նորից զանգ տվեց: Ծառան մտավ ներս։
— Բարնաբաս,— ասաց կաթողիկոսը,— բանալիները չբերիր։
— Այս րոպեիս, վեհափառ,— պատասխանեց Բարնաբասը և փութկոտ վազեց դուրս։
— Մի քիչ անուշադրություն և պրծավ… ոչինչ չի մնա պահարանում,— ջղային ավելացրեց քրիստոնեական դարավոր եկեղեցու պետը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց, այլևս ոչ մի հարց չտալ։ Երբ Բարնաբասը վերադարձրեց բանալիները, կաթողիկոսը դրեց գրպանը և գոհունակությամբ շշնջաց.
— Այսպես:
Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, օգտվելով Բարնաբասի ներս մտնելուց, թեյը թողեց կիսատ, ոտի կանգնեց և մոտենալով կաթողիկոսին։
— Ձերդ սրբություն,— ասաց նա,— թույլ տվեք հեռանալ։
Կաթողիկոսը երկարեց ձեռքը` պատրաստ անելով համբուրելու, բայց պրոֆեսորը սեղմեց այն և հեռացավ։
Վանքի բակում` մի ծառի թանձր և հաճելի ստվերի տակ կանգնած, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանն ամաչեց ինքն իրենից: «Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը, որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուները, բայց լիմոն, պահարան, բանալիներ և կլիզմա…»— շշնջաց։
Նա հեռացավ ծառի ստվերից, մի քիչ առաջացավ և կանգնեց Լուսավորչի եկեղեցու ստվերի տակ։ Արդեն սկսվել էր միջօրեի խեղդիչ տապը։
Աղեխարշ, ողբագին մի լռություն էր չոքել ամբողջ վայրում, շրջապատը նման էր վիթխարի մի դամբարանի, որի մեջ նայում է արևը՝ նախքան հողը թափվելը:
Տապ։ Ամառային միջօրե։ Արևը, հնոցի նման, կրակ էր մաղում:
Պրոֆեսորի սիրտն սկսեց տոչորվել արարատյան լայնաբաց և հակինթյա հրդեհում։
Մի շուն, մազերը տեղ-տեղ թափած, պառկել էր մի ծառի շվաքի տակ, լեզուն դուրս ձգած: Հավերը կախ էին գցել թևերը։ Բակում կային մարդիկ, բայց չէին խոսում։ Նստարանների վրա նստած մարդիկ մինչև անգամ իրար երես չէին նայում, լուռ էին։ Լուռ էին նրանք մեռելների նման։
Պրոֆ.Մելիք-Անդրեասյանը մտավ եկեղեցի։
Հինավուրց գանձարանը բաց էր։ Պրոֆեսորն առաջացավ դեպի գանձարանը։ Մարդկային հոգու փրկությանը նվիրված այս եկեղեցուն կից կառուցված գանձարանը լեցուն էր գույնզգույն, վառվռուն մետաքսներով, արծաթով, ոսկով և ադամանդներով։
Ահա մի ոսկյա թև, բթամատն ու մատնեմատը իրար կպցրած: Լուսավորչի աջն է՝ պարուրված ոսկով։ Մի պառավ կին կռացած` մաշած և դեղնած, մոտենում է, համբուրում ոսկին և խաչակնքում։ Պրոֆեսորի աչքին խփում է Լուսավորչի աջի կողքին դրված մոմապատ, կեղտոտ գանձանակը։ Պառավը հեռանում է առանց փողի մի փոքրիկ բեկորով հրճվեցնելու գանձանակի փորը:
— Լուսավորչի աջն է,— ասում է պրոֆեսորին մի վարդապետ, որ հսկում է հավատացյալներին՝ գողություն չանեն։
Վարդապետը խոսքն ուղղում է հատկապես պրոֆեսորին, որովհետև նրա դեմքի վրա նշմարում է թեթև հեգնական ժպիտ։
— Գիտեմ,— պատասխանում է պրոֆեսորը։ Նրա պատասխանի տոնը զգացնել է տալիս վարդապետին, որ ինքն ավելի լավ գիտե այդ, քան նա: Պրոֆեսորն ուշի-ուշով նայում է վարդապետին, որը, թվում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, աղավաղված մի նախադասություն է, որից չի կարելի որևէ իմաստ դուրս բերել, ամենաշատը՝ մի ծամածռված անճոռնի բովանդակություն։
Բայց հայր սուրբը սիրալիր է։ Մոտենում է նա ոսկեհուռ և ադամանդակուռ մի տուփի, խաչ հանում, բաց անում և ասում.
— Սա այն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լուռ է, անշարժ, նրա կողքին կեցող մի ծերունի հավատացյալ դողում է վարդապետի հայտարարությունից, նրա հոգին սարսուռ է զգում, իսկ պրոֆեսորը մտածում է. «Ո՞ր սաղիմացի վաճառականն արդյոք բերել է երկաթի այդ կտորը և մեծ գնով ծախել հայոց Մայր Աթոռին, բայց այդ վաճառականը մի անգամ է խաբել, իսկ Էջմիածնի վանականները դարեր խաբել են միամիտ ժողովրդին»։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ գանձարանից և մտավ եկեղեցու ներսը: Մի ուրիշ վարդապետ մկրտություն է անում: Ավազանի ջուրը կեղտոտ է, բայց չի կարելի փոխել – սուրբ է։ Զանագան հիվանդություններ ունեցող մանուկներին կոխում են միևնույն ջրի մեջ, վարակում են իրար։ Մկրտող վարդապետը, ծուլությունից հոգնած, մի երգ է թափում միրուքից վար, սրբում է երեխաներին սկզբնական մեղքից, այն առաջին մեղքից, որ այրում է կենդանական և բուսական ողջ օրգանական աշխարհը:
Պրոֆեսորն ուշի-ուշով դիտում է հին արվեստագետների գործերը` խորանի աոաջամասի մարմարների վրա նկարված առաքյալներն ու սուրբերը, որոնք ամեն տարի օճառով լվացվում են, բայց նկարներն ավելի և ավելի են պայծառանում։ Հիանում է պրոֆեսորը ներկերի այդ տեխնիկայով, հիանում է այն արվեստագետներով, որոնք իրենց հանճարը մաշեցին միջնադարյան հոգու խորշակալից անապատում:
Պրոֆեսորը դուրս եկավ եկեղեցուց:
Մի ծերուկ գյուղացի, արցունքն աչքերին, խաչակնքում է ինչ-որ հայրապետի գերեզմանի առաջ: Դողդոջուն ձեռքեր ունի այդ գյուղացին, արևից այրած և ակոսված դաժան ճակատ, երեսի խորշոմները, խոր կնճիռները պատմում են արարատյան հողի խուժդուժ պատմությունը, տապը նրան տոչորել է, կծկել, չորացրել և խանձել:
Պրոֆեսորը մոտենում է նրան:
— Քեզ հող տվե՞լ են,— հարցնում է նա։
— Տվել են:
— Ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ ես վանք եկել:
— Եկել եմ աղոթելու, որ հողս բերք տա։
Պրոֆեսորը նրան համոզում է, որ աղոթելով հողը բերք չի տա, պիտի լսել միայն գյուղատնտեսական հրահանգչին։
— Է՜հ, փուճ է:
— Ի՞նչը:
— Բոլորը:
Գյուղացին ձեռքը թափ է տալիս ու անցնում:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտնում է Ղազարապատ։
Կլոր դարավոր ծառի տակ նստած է մի կին` լուռ։ Պատի տակին մի հավ` թևերը ձգած մինչև գետին։
Անսահման ողբ և լռություն։
Անկյունի սանդուղքներից վար է իջնում մի եպիսկոպոս, ձեռին մի հարթուկ: Նայում է եպիսկոպոսը պրոֆեսորին — կարծես, ուրիշ աշխարհից է դիտում նա:
— Լճում ջուր կա՞,— հարցնում է պրոֆեսորը ծառի տակի կնոջը։
— Շոգ է,— պատասխանում է կինը և երեսը շուռ տալիս։
Այո, չպիտի խոսել: Վիթխարի հնոցը վառված է, հրդեհված է Արարատյան դաշտը: Այդ բովանդակ մթնոլորտում մենակ լուսավոր կետը Արարատի գագաթի ձյունն է, որ հեռվից հեռու զովության պատրանք է տալիս։
Պրոֆեսորը նայում է շուրջը, ոչ մի կետ այդ վանքում այնքան համապարփակ ողբերգական չէ, որքան Ղազարապատը։ Կարծես դարեր չի ավլվել, չի մաքրվել այդ վայրը, ինչ որ քամին է բերել և ինչ որ քամին է տարել, այդպես էլ մնացել է, անխնամ, անծաղիկ, ինչպես վանականի հոգին։ Այդ վայրը մինչև անգամ զուրկ է քրիստոնեական միստիցիզմից։ Հողե պատերը քայքայվում են, հետզհետե հավասարվում են գետնին, ոչ մի մելոդիա, ոչ մի հրեշտակի անտեսանելի թև։
Պրոֆեսորը քայլերն ուղղում է դեպի լիճը:
Ջուր չկա, հատակում մի քանի ոտնաչափ տիղմ է նստած, մեջը՝ հազար ու մի կեղտոտություններ՝ ձմերուկի կեղև, շորի գույնզգույն կտորներ, փտած խնձորներ և մի փոքրիկ նավակ՝ խրված տիղմում:
Պրոֆեսորը վաղուց է չի եղել այդ վայրում, ինչ-որ չի համապատասխանում այդ վայրը իր նախկին տպավորություններին:
Ի՞նչ է պատահել:
Այո, հիշում է հիմա:
Առաջ մի մթին անտառ էր տարածվում դաշտում՝ լճի ձորակից սկսած, անտառից ոչ մի հետք չի մնացել, ոչ մի ծառի ոչ մի արմատ չի երևում, հիմնահատակ կործանվել է ամեն ինչ, մի աներևույթ, հզոր և դաժան ձեոք արմատախիլ է արել ամեն մի շնչող ծառ, կամ մի անագորույն հրդեհ լափլիզել է բովանդակ անտառը:
Երեկոյան ղողանջում է դարավոր եկեղեցու զանգը։ Այդ զանգը, մի ժամանակ, հավատացյալների բուռն բազմություն էր հավաքում եկեղեցում։ Այժմ ղողանջին պատասխանում է մեկ հատիկ պառավ կին, աչքերը ճպռոտած, ականջները ծանր, դողդոջուն: Պառավը հպարտ է, որ երեկոյան ժամերգությունն սկսվում է իր համար և իր համար էլ վերջանում է: Ուրեմն, աստծու ականջը բոլորովին ազատ է լսելու միայն իր ձայնը, և պառավը, կատաղած եռանդով, կանչում է աստծուն՝ փրկել իր մեկ հատիկ անհավատ որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։
Գիշերը լուսին կա, լիալուսին, որ սպիտակ և կլոր հացի նման բացվել է կապույտ երկնքում։ Եկեղեցիների և մատուռների սիլուետները որոշապես գծագրվում են լուսնի շողերի տակ: Գիշերվա մեջ արարատյան հին ոճն ավելի ռելիեֆ է, ավելի ցայտուն, քան ցերեկը։
«Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում: Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը, բարձր, նեղ, դիմահար պատուհանները, մեզ հարկավոր են կառուցումներ, որոնց մեջ արեգակը հեղեղի, ծեփի բոլոր պատերը ոսկով ու արծաթով։ Մեզ հարկավոր չեն ադամանդակուռ վարագույրները, մեզ հարկավոր չեն սրմահյուս շուրջառներ, ոսկեպատ խաչվառներ և ակնեղեններով հագեցած հայրապետական գավազաններ, մեզ հարկավոր են պարզ, կարմիր դրոշներ, թող տան մեզ լուսածոր ոճ, առանց մթին խորշերի, խորհրդավոր անկյունների, առանց ներքնագավիթների և դամբարանային սրահների, մեր քանդակները թող լինեն առանց մանվածապատ գծերի, առանց իրար մեջ անցած խրթին կորությունների, թող լինի այնքան պարզ և այնքան շողշողուն, ինչպես արարատյան խաղողը»։
Գիշերն իջնում է խաղաղությամբ, կարծես, մեռելները վեր են բարձրանում և հսկում գիշերը, ոչ մի շարժում, ոչ մի ոտնաձայն, լռել է բնության ձայնը: Եվ հեռավոր դաշտերում հասունանում է ժողովրդական հացը, լուսնի շողերի տակ ծփում է ցորենը։
Լուսնի շողերից ձգվել են մատուռների երկար ստվերները սև քղամիդների նման։ Այդ ստվերների միջից հանկարծ դուրս է գալիս մի վանական, լուսնի շողերի տակ նա նման է թաթերը վեր բարձրացրած սև արջի, որ անճոռնի քայլերով առաջանում է:
Ահավոր մի դամբարան է այդ վայրը: