1. Հրկիզված թղթեր

Chapter 8

Է

Մեռոնեփեքից մի քանի օր հետո, հենց հաջորդող երկուշաբթին, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պատճառաբանելով, որ Էջմիածնի գրադարանում գտնված մի պատմական երկասիրություն իր համար անհրաժեշտ է, մեկնեց Էջմիածին:

Նա անցավ ծաղկավետ այգիներով, ծառերի բույրը, կարծես խտացած, ծփում էր ալիքի նման, ծառերը, ողջ կանաչությունը լողանում էին իրենց իսկ բույրի ծովում։ Անցավ ​նա փոքրիկ, կարծես անբնական, բլրակների կողքով և զգաց, որ այդ բլրակների տակ թաղված էին հին քաղաքներ, սրբազան կուլտուրայի մնացորդների մի ողջ պատմություն։ Երբ հանդիպեց նա առաջին խաչքարերին և նորից տեսավ ընկած և կոտրված քարերի վրա քանդակված խաղողի չքնաղ ողկույզները, դառնորեն ծիծաղեց. «Ինչպե՞ս կարելի է,— մտածեց պրոֆեսորը,— արվեստի այս բեկորների տակ գտնել տնտեսական ինչ որ բազա, սրանց քանդակող անհայտ արվեստագետի հոգում ինչպե՞ս կարելի է բռնադատորեն դնել տնտեսական կարիքի ողորմելի հերոսին»։

Կառքը մտավ Հռիփսիմյանց վանքի ստվերը։ Առավոտյան զովը վետվետում էր ստվերում, կառքի ձիերը, որոնց սահուն մեջքերից և ջրվեժի նման հոսող բաշերից քրտինքի գոլորշի էր բարձրանում, վանքի ստվերի զովում վրնջացին արևային վճիտությամբ։

Ամբողջ Արարատյան դաշտում արեգակը շարժվում էր կոհակ առ կոհակ, բարձր, սեգ, երկնասլաց կաղամախիները ծփում էին արեգակի հորդ կոհակներում, և վանքերի գմբեթները արևի միջից սլանամ էին դեպի երկինք:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հասավ վանքի բակը և ուղղակի դիմեց գրադարան, որտեղ ընդունեց նրան գրադարանի վարիչը, ճաղատ գլխով, ժպտերես, հոգնած աչքերով և հանդարտաբարո մի մարդ, որը, նախքան պրոֆեսորի ներս մտնելը, կռացել էր միջնադարյան մի երգչի ձեռագրի վրա և ճգնում էր կարդալ։

Գրադարանի վարիչը զարմացավ՝ տեսնելով պրոֆ. Մելիք-Անդրեասյանին իր գրադարանում, որովհետև հաստատ համոզված էր, որ նրան, բացի Արևմտյան Եվրոպայի պատմությունից, ոչինչ չէր շահագրգռում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ճանաչված էր որպես չափազանց նեղ մասնագետ։

Սովորական ողջույնից հետո՝ պրոֆեսորը խնդրեց վարիչից գերմանացի ճանապարհորդի մի գիրքը և ստանալով այդ գիրքը, քաշվեց ու սկսեց կարդալ։

Նրա ընթերցումը երկար չտևեց, թերթեց մի քանի գլուխ, կարդաց մի քանի էջ, իբր թե նոթեր վերցրեց և վերադարձրեց գիրքը։ ​

— Արդեն վերջացրի՞ք աշխատանքը,— հարցրեց գրադարանի վարիչը զարմացած:

— Այո, ինձ շատ բան հարկավոր չէր, միայն մի քանի թվական տվյալներ, ուրիշ ոչինչ։

— Ի՞նչ կա-չկա քաղաքում,— հարցրեց գրադարանի վարիչը:

— Ոչինչ, միևնույնն է, ինչ որ գիտեք:

— Ասում են հիդրոշենի կառուցումը վերջանում է,— հարցրեց գրադարանի վարիչը, որի աչքերում փայլում էր ուրախության ցոլքը:

— Օ՜, այդ տեսակետից, այո, կառուցումները շատ լավ են,— պատասխանեց պրոֆեսորը բոլորովին զարմացած, որ միջնադարյան երգչի ձեռագրի վրա կռացած մարդը, գրքի այդ որդը, հետաքրքրվում էր ժամանակակից կյանքով, այն էլ ամենավերջին նորություններով։

— Ձեզ մոտ հետաքրքրական բաներ շատ կան, գեթ եղել են։

Գրադարանի վարիչը գլխի չընկավ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը շարունակեց.

— Ապրելով այստեղ, այս որմերի ստվերների տակ, ստանում եք հին կյանքի բույրը. ահա մի քանի օր առաջ ձեզ մոտ տեղի ունեցավ շատ նշանակալից դեպք։

Գրադարանի վարիչը նոր գլխի ընկավ, որ պրոֆեսորն ակնարկում էր մեռոնեփեքի տոնը։

— Այո, հավաքվեցին այստեղ հազարավոր մարդիկ, հեռավոր քաղաքներից և գյուղերից, լցվեցին, թափվեցին իրար վրա, կեղտոտեցին ամեն տեղ, տեսնու՞մ եք, այժմ լուսամուտն անգամ չի կարելի բաց անել, գարշելի հոտը խուժում է ներս և շնչել չի կարելի, ահա ձեզ հին բույրը,— ասաց գրադարանի վարիչը՝ թթվեցնելով երեսը։

Այն ժամանակ միայն պրոֆեսորն զգաց, որ իսկապես գյուղի փողոցներից անցնելիս, մանավանդ վանքի բակը մտնելիս՝ այդ գարշելի հոտը փչում էր կատաղի կերպով։

— Նու՜, ոչինչ, կանցնի,— վախկոտ հարեց պրոֆեսորը՝ կարծելով, որ գրադարանի վարիչի անդորր բնավորությունը կարող է պայթել։

— Այո, կանցնի, իհարկե կանցնի, ամեն կեղտոտություն ​վերջ ի վերջո կտարրալուծվի, կհոսի, կգնա, բայց ահա քանի օր է՝ մաքրում են, վերջ չկա,— ասաց գրադարանի վարիչը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չուզեց խոսակցությունը շարունակել, որովհետև զգաց, որ Էջմիածնի գրադարանում, հին և սրբազնագույն ձեռագրերի մթնոլորտում ապրում է մի մարդ, որ հոգու մինչև հատակը զզվել է այդ շրջապատից և եթե հնարավոր լինի, կկտրի, կպոկի այդ գրադարանը հողից, կթռցնի մի տեղ և նորից կկռանա գրքերի վրա` հաճույք զգալով տքնաջան, քրտնաթոր և մաշեցնող աշխատանքից։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, դուրս գալով գրադարանից, մի պտույտ գործեց մայր եկեղեցու շուրջը` աչքի պոչով նայելով կաթողիկոսանիստ շենքին ամեն անգամ, երբ գալիս հասնում էր եկեղեցու գլխավոր դռանը։ Նրան դիտողը երբեք չէր կարող կարծել, որ նա Էջմիածին էր եկել հատկապես մտնելու կաթողիկոսի մոտ։ Պրոֆեսորը զննողաբար նայեց չորս կողմը, անձկությամբ սպասեց, որ վանքի բակը ոչ ոք չմտնի, որպեսզի սողոսկի դեպի վեհարանը, բայց կային ցանցառ անցուդարձեր և զարմանալիորեն դանդաղ: Հուսահատվելով, որ երթևեկությունը կդադարի, նա մտավ, պարզապես սողոսկեց դեպի այսպես կոչված վեհարանը:

Comments