1. Հրկիզված թղթեր

Chapter 7

Զ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և Ելենա Բեգլարովնան հետևյալ խոսակցությունն ունեցան մեռոնեփեքի առթիվ: Պրոֆեսորն ուզում էր գնալ Էջմիածին և ներկա լինել արարողության, բայց Ելենա Բեգլարովնան կատեգորիկ կերպով դեմ գնաց նրա այդ ցանկության:

— Այնինչ, ես ուրիշ կերպ էի մտածում,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ կերպ,— հարցրեց պրոֆեսորը։

— Ես գնամ, իսկ դու մնա։ ​

— Ի՞նչ է տարբերությունը:

— Տարբերությունն այն է, որ ե՛ս չեմ պատմության ամբիոնի պրոֆեսորը։

— Իսկ դու անկեղծորեն ցանկանո՞ւմ ես ներկա լինել:

— Այո՛,— պատասխանեց Ելենա Բեգլարովնան տխրությամբ, խոր, խոր տխրությամբ։

Նրա արտասանած երկու վանկում զգալի էին տխրության բոլոր պատճառները — ինչո՞ւ լիներ այնպես, որ հավատքի համար անգամ մարդ չկարողանար ազատորեն արտահայտվել։ Մի քիչ հետո Ելենա Բեգլարովնան այսպես էլ արտահայտվեց, որին պրոֆեսորը պատասխանեց.

— Ո՞վ է քեզ կաշկանդում, ո՞վ է քո ոտը կապում։

— Ոչ ոք։

— Էլ ինչո՞ւ ես կարծում, որ չի կարելի ազատորեն դիմել դեպի հավատքը:

— Ւհարկե, ոչ ոք ինձ չի կաշկանդում, միայն неудобно, և ապա քո ամբիոնը, ի՜նչ լավ կլիներ՝ լինեիր երաժիշտ։

Ելենա Բեգլարովնայի և պրոֆ. Մելիք-Անդրեասյանի՝ Էջմիածին գնալու ցանկությունների միջև կար խոր տարբերություն: Ելենա Բեգլարովնան հավատում էր աստծուն, եկեղեցուն, հավատում էր անկեղծորեն, սակայն վախենում էր իր ամուսնու դիրքից, իսկ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չէր հավատում, նրա համար աստծո գոյության գաղափարը չափազանց ծիծաղելի էր, բայց ցանկանում էր գնալ, որովհետև դա հոգեպես մխիթարում էր իրեն, եկեղեցին, տաճարը, մոմերը, խունկը, մթնշաղում ուրվագծվող խաղաղ գմբեթները, մինչև անգամ տիրացուի ռնգային և ռիթմից զուրկ երգը, այդ բոլորը իրեն վերադարձնում էին հին կյանքը, պատմության հին հասկացողությունը, այդ բոլորը սերտորեն, անքակտելիորեն կապված էին պատմության այն իդեաների հետ, որոնք միս ու ոսկոր էին դարձել իր մեջ, և կարողություն չուներ դուրս վռնդելու ու երբեմն զգում էր, որ նորամույծ իդեաները հներից մի քանիսին արդեն դուրս են վռնդել և սկսել են խոր արմատներ գցել իր ներքին աշխարհում։

Երբ Էջմիածին գնալու վճռական կիրակին հասավ, թե՛ ​պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և թե՛ Ելենա Բեգլարովնան որոշեցին չգնալ։

Մնալով քաղաքում և երկար մտածելով՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը եկավ այն եզրակացության, որ սխալ արավ ինքը՝ հարելով հեղափոխության, կարելի էր մնալ չեզոք, պասսիվ, կատարել իր առաջ դրված ակադեմիական պարտավորությունները և ապրել հոգեկան կատարյալ խաղաղության մեջ։ Կային մարդիկ, որոնք, չհաշտվելով քաղաքական հեղաշրջման հետ, ճիշտ է, կորցրին իրենց դիրքերը, բայց ահա պրոլետարիատը եղել է այնքան բարի, որ նրանցից ամեն մեկին էլ ապրեցնում է և վատ չի ապրեցնում. ոմանք թարգմանությամբ են զբաղված, ոմանք կոնսուլտանտներ են, ոմանք մինչև անգամ հիմնարկների դիրեկտորներ են, բայց ինքը, մնալով իդեոլոգիական ֆրոնտի ամենահրատապ կետում՝ պատմության ամբիոնում, ստիպված է ապրել տագնապի և մղձավանջի մեջ:

Էջմիածին գնացողները վերադարձան։ Ոչ ոք նկատի չառավ նրանց ներկայությունն Էջմիածնում, նրանք պատմեցին, որ Էջմիածինը վերազարթնել էր ամբողջությամբ, հին շունչը թարմացած, բայց հնի զարմանալիորեն հոգեցունց բույրով, սավառնել էր հին երկնքից հին հողի և դարավոր քարերի վրա։

Իսկ ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ինչո՞վ էր զբաղված հենց այդ օրը, ջանում էր գտնել ֆրանսիական մեծ հեղափոխության տնտեսական պատճառները, ճգնելով բոլորովին անտեսել ֆրանսիական ոգու առանձնահատկությունը հեղափոխության պատճառների մեջ:

Comments