Chapter 5
Դ
Արդեն երեք տարի անցել էր Նոյեմբերյան հեղափոխությունից, երբ պրոֆեսորը հիշեց իր օրագիրը և, հին կյանքի կարոտի բոցավառության հետ զուգընթաց, վերցրեց և սկսեց կարդալ։
Անսահման քաղցր կարոտով նա կարդաց պրոֆեսորական կոչման առթիվ իր ընդունած այցելությունների մանրամասնությունները, բայց երբ ավելին կարդաց, անակնկալորեն նկատեց, որ գրի էր առել բաներ, որոնք իսկապես տեղի ունեցել էին, բայց շատ չնչին արժեք էին ներկայացնում, անսահման հետաքրքրությամբ կարդաց պատմական անցքերի շուրջը տեղի ունեցած վեճերը, որոնք հոգածությամբ արձանագրել էր, և գտավ, որ իր այն ժամանակվա տեսակետների մեջ շատ ծիծաղելի կետեր կային։ Մի տեղ կարդաց իր ձեռքով և սևով սպիտակի վրա գրված․ «Այս կետը մութ է մնում ինձ համար»։ Պրոֆեսորը ծիծաղեց, նրա ծիծաղը նկատեց մինչև անգամ Ելենա Բեգլարովնան։ Այդ կետը բոլորովին մութ չէր այժմ, այլ ամբողջապես պարզ և պայծառ։ Երբ պրոֆեսորը եզրակացրեց, որ այդ կետի մթությունը պայծառացել, լուսավորվել էր իր համար՝ իրերը և պատմական երևույթները նոր գիտության լույսով դիտելով, պարզապես վատ զգաց, նրա կոկորդն սկսեց ճնշվել, շունչը ծանրացավ։ Ուրեմն, նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բուռն դիմադրություններին, մուտք էր գործել իր դատողության մեջ, հակառակ իր կամքին՝ այդ գիտությունը կանթեղներ էր վառել իր իմացականության մեջ։
Այդ երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը թողեց օրագրի ընթերցումը, քնքշությամբ փաթաթեց այն լրագրի մեջ, դրեց պահարանը և ուզեց մի գիրք վերցնել կարդալու՝ պարզապես խուսափելու համար Ելենա Բեգլարովնայի հետ խոսակցության բռնվելուց, որովհետև զգաց, որ կինն անհամբեր սպասում էր օրագրի ընթերցման ավարտմանը՝ մի քանի հարցեր ուղղելու համար։ Երբ պահարանում գտնված գրքերը արագ նայվածքով աչքի անցկացրեց, տեսավ, որ շատ նոր գրքեր էին ավելացել իր հին գրքերի վրա՝ Մարքս, Էնգելս, Լենին և այլն։ Ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգը», մոտեցավ իր գրասեղանին և սկսեց կարդալ։ Նա սկսեց կարդալ միայն այն կետերը, որոնց դեմ որոշ նշաններ էր արել.
« . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . »
— Ելենա, ճիշտ է,— բղավեց հանկարծ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը և ոտի կանգնեց։
— Ո՞վ է ճիշտ, ի՞նչն է ճիշտ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան։
— Էնգելսը։
— Մա՞րքս-Էնգելսը։
— Ա՜խ, Լենա, ես քեզ մի անգամ ասել եմ, որ Մարքսը տարբեր մարդ է, իսկ Էնգելսը՝ տարբեր։
— Ապա ինչու՞ միշտ միասին են գրում, չեմ հասկանում,— սրտնեղեց Ելենա Բեգլարովնան։
Տիրեց լռություն։
Պրոֆեսորն սկսեց ջղային երթևեկել սենյակում, իսկ Ելենա Բեգլարովնան ուշի-ուշով հետևում էր ամուսնու շարժումներին, որոնք ոչ մի օրվա նման չէին։ Նա նկատել էր, որ վերջերս ամուսինն առհասարակ շեղվում է իր սովորական կենցաղից։ Չէր պատահել, օրինակի համար, որ պրոֆեսորը մի անգամ անկողին գնալուց հետո՝ զարթներ, վառեր լույսը, մոտենար պահարանին, մի որևէ գիրք վերցներ և կանգնած տեղում մի քանի էջ կարդար ու նորից վերադառնար անկողին և նորից քներ։ Եվ պատահում էր, որ այլևս չէր էլ քնում, մնում էր արթուն՝ մինչև սենյակի լուսամուտի ապակիները ներկվեին կապույտ լույսով։ Պատահեց նաև, այն էլ երկու անգամ, որ նա զարթնեց, իր համար թեյ պատրաստեց, խմեց, ապա հագնվեց ու դուրս եկավ տնից և վերադարձավ միայն առավոտյան։
— Կարծես ճիշտ է,— շշնջում էր նա ինքնիրեն։ Ելենա Բեգլարովնան համարձակվեց.
— Լավ է, որ ճիշտ է, ի՞նչ կա, ճիշտ լինելուց ի՞նչ վնաս:
— Ինչ վնա՜ս,— հեգնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— եթե ճիշտ է, ես ամբողջովին կորած եմ:
Ելենա Բեգլարովնան զարմացավ:
— Մի զարմանար,— ասաց պրոֆեսորը՝ մոտենալով իր կնոջը և նայելով նրա աչքերի մեջ,— դու աստծու հավատո՞ւմ ես:
Ելենա Բեգլարովնան խաչակնքեց:
— Եթե մի օր հաստատեն, այնպես ապացուցեն, որ դու էլ, առանց տարակուսանքի, հավատաս, որ աստված չկա, ի՞նչ կանես:
— Այդպիսի բան ոչ ոք չի կարող հաստատել:
— Եթե հաստատեն:
— Չեմ հավատա:
— Եթե հավատաս:
— Կաշխատեմ չհավատալ:
— Նո՛ւ, շատ աշխատեցիր և չկարողացար դիմադրել և, հանկարծ, հավատացիր, անկեղծորեն հավատացիր, ի՞նչ կանես:
— Այդպես բան չի կարող լինել, Միքայել:
— Եթե, նու՛, եղավ,— զայրացած բղավեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը…
— Այն ժամանակ… չգիտեմ…
Ելենա Բեգլարովնան սկսեց լաց լինել:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար լսեց կնոջ լացը: Նրա հեկեկանքն առաջանում էր իր հավատքի հավանական փլուզումից: Այդ հեկեկանքը խոր թախիծով և ջերմագին գորովանքով լցրեց պրոֆեսորի սիրտը: Այդ լացը ոչ ոք այնպես խորը չէր կարող ըմբռնել, ինչպես պրոֆեսորը: Նա տեսնում էր իր կնոջ ջինջ արցունքի մեջ հոգու աղջամղջային մռայլությունը: Նա տեսնում էր այդ հոգին կուչ եկած, կծկված, մենակ և անօգնական, ինչ-որ մարմարյա, հին, փառահեղ շենքի ավերակների մեջ նստած: Ահա և ինքը, իր կնոջ նման, ավելի սրտաճմլիկ և ավելի ողբալի ավերակների մեջ, միայն այն տարբերությամբ, որ կինը լաց էր լինում, զովացնում էր հոգու երաշտը, իսկ ինքը միայն ողբում էր և այրվում ամառնային միջօրեի տապում, կրակի պես կիզիչ քարերի արանքում, չոր, խանձված, դարավոր ծարավով տոչորված վայրի բույսերի այս մթնոլորտում։
— Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։
— Չէ՞ որ դու ասում էիր…
— Այո՛, ես ասում էի, որ հարմարվելու համար եմ ասում այն, ինչ ասում եմ Նապոլեոնի մասին և առհասարակ, բայց չէ՞ որ ասում եմ, և մարդիկ հավատում են ինձ, նոր սերունդն այնպես էլ սովորում է, որ Նապոլեոնը ուրիշ բան չէ, եթե ոչ… տանն էլ չկրկնեմ միևնույն հայհոյանքը, Ելենա, ներիր ինձ։
Այո դեպքից քիչ անց՝ պրոֆ. Մելիք–Անդրեասյանի մոտ եկան երեք ուսանողներ, որոնց հետ պրոֆեսորը պիտի կազմեր պատմության խմբակների ծրագրերը։
Ուսանողները ծրագրի մի նախագիծ կազմել էին, որի համաձայն՝ գոյություն պետք է ունենային պատմության երեք խմբակ՝ Ա. արևմտյան պատմության տնտեսական մասն ուսումնասիրող խմբակ, Բ. հասարակական կյանքն ուսումնասիրող խմբակ, Գ. քաղաքական կյանքն ուսումնասիրող խմբակ։
Նախագծի այս մեթոդը չափազանց դուր եկավ պրոֆ. Մելիք Անդրեասյանին։ Դա հին մեթոդ էր՝ պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։ Ուսանողները հետևել էին հին, շաբլոն մեթոդին և ըստ այնմ նախագիծը կազմել։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար ժամանակ տատանվեց պատասխան տալու. նրա մեջ տեղի էր ունենում ուժեղ պայքար՝ փոխի՞ այդ նախագիծը, թե ոչ։ Վերջապես, չկարողացավ դիմադրել, հակառակ իր ներքին ցանկության, այն ճշմարտությանը, որը սողոսկել էր նրա մեջ, և ասաց.
— Չէ՞ որ պատմության տնտեսական, հասարակական և քաղաքական երևույթները սերտորեն, անքակտելիորեն կապված են իրար՝ հասարակականը և քաղաքականը նույնն են, ինչ որ տնտեսականը և ընդհակառակն։ Ճիշտ է, որ պետք է կազմել երեք խմբակ, յուրաքանչյուր կուրսի համար մի-մի խմբակ։ Ի՞նչ պետք է լինի սրանց տարբերությունը։ Պարզապես մեկը մյուսից մի քիչ ավելի լայնորեն և խորապես պիտի ուսումնասիրի, ուրիշ ոչինչ։
Եվ ուսանողների հետ միասին պրոֆ. Մելիք-Անդրեասյանը կազմեց մանրամասն ծրագիր՝ ըստ յուրաքանչյուր խմբակի ուսումնասիրության օբյեկտների։
Ուսանողները, կարծելով, որ վերջացավ իրենց խոսակցությունը, վեր կացան հրաժեշտ առնելու, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը խնդրեց նրանց մի քանի րոպե ևս մնալ։ Նրա մեջ տեղի էր ունենում ավելի ուժեղ պայքար, քան երբևիցե։ Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։ Նա ուզում էր առաջարկել կազմել, ի հավելումն արդեն քիչ առաջ կազմված խմբակների, մի նոր խմբակ, որ պետք է լիներ բացառապես նորություն, բայց դա նշանակում էր ամենաուժեղ զենքը տալ ուսանողների ձեռքն իր իսկ սիստեմի դեմ։
Վերջապես ասաց պրոֆեսորը.
— Ես աոաջարկում եմ կազմել մի խմբակ վերջին կուրսում, որն ուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։
Ուսանողները, առաջին հերթին, կարծեցին, թե դա նպատակ է հետապնդում պատմության հին մեթոդների թարմացման, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, զգալով տարակուսանքն ուսանողների դեմքերի վրա, ավելացրեց.
— Պատմության հին մեթոդների ուսումնասիրությունը պետք է նպատակ ունենա երևան բերելու այդ մեթոդների խոցելի կողմերը, օրինակ՝ պետք է վերցնել պատմական մի կոնկրետ դեպք, պատմական մի երևույթ, որոշապես իմանալ, թե այդ երևույթը, երկար տարիների ընթացքում բուրժուազիայի խոշոր պատմագիրներն ինչպես են մեկնաբանել, և այդ մեկնաբանությանն անմիջապես հակադրել նորը և ցույց տալ այն բացարձակ առավելությունները, որոնք բովանդակվում են նորի մեջ, մի խոսքով՝ պատմության մատերիալիստական ըմբռնման մեթոդի մեջ։
Ուսանողների դեմքերի վրա անհետացավ տարակուսանքը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ժպտաց գոհունակությամբ, մի երևույթ, որ չէր համապատասխանում նրա ներքին ցավագին զգացումներին։ Ուսանողները համաձայնեցին, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նշեց Արևմտյան Եվրոպայի այն կոնկրետ դեպքերը, որոնք պիտի հանդիսանային ուսումնասիրության օբյեկտներ։
Ուսանողների մեկնելուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց ապրել բարձրորեն ջղային մի վիճակ։
— Ահա կործանում եմ ինքս ինձ,— շշնջաց նա և լսեց իր շշնջոցը։
Սենյակում ոչ ոք չկար։ Ելենա Բեգլարովնան արդեն երկրորդ երազն էր տեսնում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատկերացրեց իրեն այն միամիտ փայտահատը, որ նստած ծառի ճյուղի ծայրին՝ կացնով կտրում է ճյուղն արմատից, առանց մտածելու, որ, եթե կտրի և վերջացնի, ինքը պիտի ընկնի գետին։ Պրոֆեսորը բարձր ծիծաղեց իր վրա՝ թունավոր հեգնությամբ։
— Վերջ պիտի տալ այս բոլորին,— ասաց նա մտքում և նստեց գրասեղանի մոտ, գլուխն աոավ երկու ձեոքերի մեջ և սկսեց մտածել։
Նա մտածում էր երկու բանի մասին՝ վերջ տալ այդ բոլորին նշանակում էր կորցնել պատմության ամբիոնը, պրոլետարիատի դիկտատուրան չէր ների ոչ ոքի, որ խեղաթյուրեր պատմական անցքերը, ծռեր և ծամածռեր այն հստակ, պայծառ տեսությունը, որ կոչվում էր պատմության մատերիալիստական ըմբռնում։ Այս դեռ ոչինչ։ Այն երկրորդ կետը, որ նրան հասցնում էր ջղայնության գագաթնակետին, և ինքն իրեն չէր ուզում ներել, դա պատմության մատերիալիստական ըմբռնման որոշ ճշմարտությունն էր, որին իր մեջ մտնելուն չկարողացավ դիմադրել այն օրից, երբ նա սկսեց ուսումնասիրել այն՝ իր ամբիոնը պահելու պարզ մտադրությամբ։