Chapter 30
ԻԹ
Երևանը բոլորում էր ոսկյա աշունը, խաղողի հատիկները շողում էին իբրև հողի աստղերը, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վերադարձավ։
Առաջին օրն էր, որ Ելենա Բեգլարովնան վառել էր պատի վառարանը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը բաց արավ պահարանը, վերցրեց իր օրագիրը և, գցելով վառարանի մեջ, նստեց դիմացն ու սկսեց դիտել իր հին կյանքի ամենանվիրական հիշատակի բոցավառումը։ Ելենա Բեգլարովնան նստած էր կողքին՝ ապշահար և անորոշ զգացումներով։ Հրկիզված թղթերի բոցը նրանց դեմքերը ներկել էր կարմրադեղին գույնով։
Պրոֆեսոր Միքայել Մելիք-Անդրեասյանը, անձկությամբ դիտելով հրկիզված թղթերի բոցը, շշնջում էր.
— Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա…
Երբ թղթերը մոխրացան, պրոֆեսորը դարձավ կնոջը և ասաց.
— Լենոչկա, ես փորձեցի քեզ մենակ թողնել, ներիր ինձ:
Ելենա Բեգլարովնան գլուխը հանգչեցրեց ամուսնու կրծքի վրա և սպիտակ թևերով գրկեց նրան։
1934 թ.