1. Հրկիզված թղթեր

Chapter 3

Բ

Պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը, սակայն, հեղափոխության մասին իր անձնական կարծիքները չհայտնեց հրապարակով, նա սովորել էր համակերպվել և համակերպվեց բոլոր նոր երևույթներին։ Երիտասարդության օրերին, երբ նա ստիպված էր ձեռք կարկառել հարուստներին՝ ուսման ծախսերն ստանալու համար, քիչ տանջանքներ չէր կրել, բայց ժամանակի ընթացքում այդ տանջանքները դարձան մի տեսակ հպարտության փաստեր, որովհետև, ըստ նրա տրամաբանության, դրանք նա կրել էր սոցիալական նադիրից վեր բարձրանալու համար։

Խոնարհվել էր նա վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խոնարհվել վար չընկնելու համար։

Պահանջվում էր պատմության նոր ըմբռնում, և պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց պարապել Արևմտյան Եվրոպայի պատմության մարքսիստական ուսումնասիրությամբ։

Ընթերցանության սիրահար և համառ նստող՝ նա կարճ ժամանակի ընթացքում կարդաց–վերլուծեց մարքսիզմի կլասիկան և, ըստ իր հայտարարության, «զարմանալիորեն» հեշտ յուրացրեց դժվարին հայտարարված այդ գիտությունը։

Եվ պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց բացատրել Արևմտյան Եվրոպայի հասարակական–քաղաքական երևույթներն արտադրական ուժերի զարգացմամբ, բոլոր նախկին դասախոսությունների մեջ գործածած «ազգ» և «ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, ճգնեց գտնել բոլոր երևույթների տնտեսական բազան, ջանաց դիտել պատմական երևույթներն իրենց շարժման, զարգացման պրոցեսում ​և, այսպես անելով, գնահատվեց նա Բարձրագույն ուսումնական հիմնարկության ղեկավարների կողմից։

Բայց, եթե պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լիներ մի քիչ համարձակ մարդ, պետք է դուրս գար և հայտարարեր հրապարակավ, որ կեղծիքը խեղդում է իրեն և այլևս չի կարող շարունակել։

Բայց նա լռեց։

Վաղուց էր նա սովորել, և այդ սովորությունը դարձել էր նրա մեջ օրինական միս ու արյուն, որ լռությունը գանձ է։

Մեկ-մեկ նա չէր կարող համբերել և տանը, Ելենա Բեգլարովնային, զսպված, կոկորդը սեղմելով, ինչպես զայրույթի գագաթնակետին հասած մարդ, որ ճգնում է չգոռալ, ասում էր․

— Ելենա, գեթ դու իրազեկ եղիր իմ դրության, վերջապես մեկին պետք է ասեմ։ Այսօր երկու ժամ դասախոսեցի, այսինքն՝ երկու ժամ ստեցի, ոչ ավել, ոչ պակաս — երկու ժամ։

— Մի՞թե դու վստահ էիր, որ առաջվա քո դասախոսությունների մեջ սուտ չկար, չէ՞ որ ինչ որ կատարվել է Արևմտյան Եվրոպայում, դու ներկա չես եղել և աչքերով չես տեսել։

— Ելենա, ես հիմնվել եմ միշտ պատմական անհերքելի դոկումենտների վրա, ոչինչ ավելի ճիշտ չէ, քան դոկումենտը։

Ելենա Բեգլարովնան, իհարկե, հեղափոխության և մարքսիզմի կողմնակից չէր։ Նախ և առաջ նա ոչինչ չէր հասկանում այդ բոլորից, երկար ժամանակ Մարքս—Էնգելսը միասին կարդալով, կարծում էր, որ Մարքսն անունն է, իսկ Էնգելսը՝ ազգանունը, բայց չէր ցանկանում, որ պրոֆեսորը շարունակեր վատ տրամադրվել դեպի նոր կարգերը և կորցներ իր հասարակական դիրքը։

— Ճիշտ է, տասնևհինգ տարի է, որ այսպես էիր բացատրում պատմական անցքերը, հիմա էլ սրանց ուզածի պես բացատրիր, ի՞նչ տարբերություն, վերջապես ի՞նչ կկորցնես։

— Կորցնում եմ հավատը դեպի պատմությունը,— պատասխանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։ ​

— Պատմությունը,— հեգնեց նա,— կարծես քո հոր կենսագրությունն է, որ քեզ ջղայնացնում է, երբ աղավաղում են։

— Լսիր, Ելենա, ավելի կոնկրետ,— սկսեց պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը՝ չափազանց լուրջ և հոնքերը կիտած, խոր տհաճություն զգալով կնոջ հեգնությունից, բայց ճգնելով թաքցնել,— դու գիտես, վաղուց գիտես, դեռ մեր ծանոթության առաջին օրերից, որ ես իմ հոգու խորքում կրում էի մի սրբազան սեր։

— Նապոլեոնը,— ընդմիջեց Ելենա Բեգլարովնան։

— Գոհ եմ, չափազանց գոհ եմ, որ հիշեցիր, այո՛, սեր դեպի Նապոլեոնը։ Դու հիշում ես նաև, որ ամեն տարի, երբ դասախոսությունները հասնում էին նապոլեոնական շրջանին, նրա կյանքին, ռազմական և քաղաքական նրա գործունեությանը, ես գտնվում էի արտակարգ ուրախության մեջ, իմ տրամադրության բարձրության չէր հասնի ոչ ոքի տրամադրությունը։ Ես գիտեմ Նապոլեոնի կյանքը՝ ինչպես իմ սեփական կյանքը, եթե մեկնումեկը ինձ հարց տա այս րոպեիս, թե Նապոլեոնը 1796 թվականի նոյեմբերի 17–ին, կեսօրից հետո ժամը 4 անց 15 րոպեին որտե՞ղ էր, ի՞նչ էր անում և ի՞նչ էր ասում, ես կարող եմ ասել առանց երկար–բարակ մտածելու։

— Դա նշանակում է, որ նրա կյանքը գիտես ավելի լավ, քան քո սեփական կյանքը, որովհետև, եթե այդպիսի հարց տամ քո մասին, դժվար թե կարողանաս պատասխանել։

— Ճիշտ է, ճիշտ է։

— Իսկ հետո ի՞նչ,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, աշխատելով թաքցնել իր հեգնական տրամադրությունը։

— Ես չվերջացրի։ Նապոլեոնն ինձ համար ուժի, հանդգնության, իմաստության վեհագույն սիմվոլն է, նա ինձ համար ավելի մեծ է, քան Մակեդոնացին և Կեսարը, օրինակի համար, եթե մենք վերցնենք Մակեդոնացու…

Ելենա Բեգլարովնան, ահաբեկվելով, որ պրոֆեսորը կսկսի արտասանել մի երկար դասախոսություն՝ ապացուցելու, որ Նապոլեոնը Մակեդոնացուց և Կեսարից մեծ է, որովհետև այդպիսի դասախոսություններ շատ էր լսել տանը՝ նրա միակ աուդիտորիան հանդիսանալով, կտրեց նրա խոսքը և ասաց․ ​

— Կարճ ասա։

— Ես այժմ ստիպված եմ ասել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ասել պարզապես, որ Նապոլեոն Բոնապարտը մի ավանտյուրիստ էր, փառամոլ և ունայնամիտ․․․

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը դժգունեց, այլևս չկարողացավ շարունակել, ինչ-որ ծանր մի ճնշում զգաց կոկորդում։ Ելենա Բեգլարովնան մի բաժակ ջուր հասցրեց նրան, հանգստացրեց՝ գլուխը շոյելով և համբուրելով նրան, բայց չկարողացավ իրեն զսպել և ասաց․

— Չի՞ լինի, որ Նապոլեոնի մասին չխոսես։

Այս անգամ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը ծիծաղեց․

— Անցնել Արևմտյան Եվրոպայի նորագույն պատմությունը և լռություն պահել Նապոլեոնի մասին․․․ հա՜, հա՜, հա՜․․․

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորի ծիծաղի վրա զայրացավ և նյարդային տոնով ասաց.

— Երբ եղբորդ համար գրում են ավանտյուրիստ, հակահեղափոխական, գող և այլն, հասկանում եմ, որ զայրանում ես, կարծես Նապոլեոնը հարազատ եղբայրդ է։

— Նապոլեոնն ավելի հարազատ է, քան Հարություն Աբրահամի Մելիք֊-Անդրեասյանը, Ելենա Բեգլարովնա,— հանդիսավոր և ծանր տոնով հայտարարեց պրոֆեսորը և ոտի կանգնեց։

— Ի՞նչ է, Նապոլեոնի համար հասարակական դի՞րքդ պիտի կորցնես։

— Դրան համաձայն եմ, հասարակական դիրքը չպետք է կորցնել։ Բայց ինչպե՞ս անեմ, որ հասարակական դիրքս պահեմ և ես էլ չկորչեմ։

— Դու ինչո՞ւ պիտի կորչես։

— Չեմ կարող, Լենոչկա, չեմ կարող Նապոլեոնին, առանց ամաչելու և առանց հոգեկան տագնապի, հայտարարել ավանտյուրիստ։

Այդ երեկո նա ապրեց հիվանդագին մի վիճակ, գիշերը գրեթե չքնեց՝ չկարողանալով ազատվել այդ մասին մտածելուց։ Ելենա Բեգլարովնան հավասարապես տառապեց ոչ թե Նապոլեոնի, այլ իր ամուսնու համար, նրա փաղաքշանքները, նրա տաք և անկեղծ գուրգուրանքները չկարողացան փարատել ​ամուսնու վիշտը՝ մինչև առավոտը բացվեց և սկսվեց կյանքի առօրյան։

Այդ խոսակցությունից ճիշտ երկու շաբաթ հետո՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը հոգեկան բարձր վիճակով, սկսեց դասախոսությունները Նապոլեոն Բոնապարտի մասին՝ շատ հեշտությամբ ապացուցելով նրա խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։

Նրանք, որոնք տեղյակ էին նրա՝ Նապոլեոնի մասին ունեցած պաշտամունքին, լսելով նրա դասախոսությունները, եկան այն համոզմունքին, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի մեջ կատարվել է հիմնական բեկում, որ նա անդառնալիորեն և հաստատ ոտներով կանգնած է մարքսիստական պատմական մատերիալիզմի հողի վրա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի անունը սկսեց հոլովվել ամեն տեղ, խորհրդային մամուլը տպագրեց նրա կարծիքը հեղափոխության և խորհրդային պետականության մասին։

«Պատմական անցքերի և անձնավորությունների, դեպքերի և դեմքերի, մարդկանց և իրերի (այսպիսի կրկնողական ոճ ուներ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը) ճշգրիտ վերլուծությունը և լուսաբանությունը հնարավոր է միայն մարքսիստական դիալեկտիկայի մեթոդով»,— հայտարարեց նա։

Երբ Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց ամուսնու այս հայտարարությունը, քթի տակ քնքշորեն սևին տվող բեղի վրա մի քմծիծաղ ծաղկեցրեց։ Իսկ երեկոյան երբեք էլ չանդրադարձավ այդ հարցին, նրբամտություն ունենալով չամաչեցնելու նրան, բայց պրոֆեսորն ինքը անդրադարձավ այդ հայտարարությանը և հարցրեց․

— Ելենա, կարդացի՞ր հերթական իմ կեղծիքը։

— Կեղծի՞ք։

— Այո։

— Երևակայիր, ես կարծեցի, որ անկեղծ ես ասել։

— Ինչո՞ւ այդպես երևակայեցիր։

— Տոնը շատ անկեղծ էր։

— Ա՛խ, Լենա…

— Ես կարծում եմ, որ դու ինքդ սխալ ես գնահատում քեզ, ավելի ճիշտ՝ սխալ ես վերլուծում քեզ։ Համառություն ​մի անի, այս նոր գիտության մեջ կան ճշմարտություններ, ըստ երևույթին։

— Որտեղի՞ց գիտես,— հարցրեց պրոֆեսորն իր կնոջ՝ ապշած նրա համարձակության վրա։

— Չգիտեմ, ինձ թվում է, վերջապես չի կարող պատահել, որ մի գիտություն որևէ ճշմարիտ կողմ չունենա, դու ինքդ էիր ասում մի ժամանակ, հիշում եմ։

Ելենա Բեգլարովնային ոչինչ էլ չէր թվում, միայն նա աշխատում էր ամուսնուն լավ տրամադրել դեպի նոր կարգերը, նա խորապես համոզված էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվի, եթե որևէ ամբողջական պատմություն կամ պատմական դեպք կամ դեմք այսպես բացատրվեր կամ այնպես, միայն տարբերությունն այն կլիներ, որ կառչելով հին տեսակետներին՝ պրոֆեսորը կկորցներ իր հասարակական դիրքը։

Այդ օրերից մեկում Բարձրագույն ուսումնական հիմնարկաթյան մեջ, որտեղ դասախոսում էր պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը, քննության ենթարկվեցին պատմության և գրականության պատմության դասախոսների ծրագրերը։ Երկար վիճաբանություններից հետո՝ հանձնաժողովի եզրակացությունն այն եղավ, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի՝ Արևմտյան Եվրոպայի պատմության ծրագիրը միանգամայն համապատասխանում է ժամանակակից, մարքսիստական, դիալեկտիկական պահանջներին։

Այդ օրը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը տուն եկավ զարմանալի տարտամ տրամադրություններով՝ մերթ ուրախ էր, մերթ մինչև անգամ մռայլ։ Ելենա Բեգլարովնան, որ շատ մոտից հետևում էր իր ամուսնու տրամադրություններին, ասաց․

— Այսօր մի տեսակ տարօրինակ ես։

— Ծրագրերի քննություն կար,— պատասխանեց պրոֆեսորը,— երևակայիր, իդեալիստական ոչինչ չգտան իմ ծրագրի մեջ։

— Ինչո՞ւ ես զարմանում,— հարցրեց Ելենա Բեգլարովնան, որի համար հավասարապես նշանակություն չունեին՝ իդեալի՞զմ, թե մատերիալիզմ։

Պրոֆեսորը սուր կերպով նայեց կնոջը, թեթև ծիծաղեց և չպատասխանեց։

Comments