Chapter 29
ԻԸ
Եղբոր այն երկտողին, թե՝ մի անգամ ևս արի ինձ մոտ, խոստանում եմ քաղաքական ոչ մի խնդրի մասին չխոսել, միայն եղբայրական տեսակցություն, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատասխանեց հետևյալը.
Հ ա ր ու թ յ ու ն,
Քեզանից բաժանվելուց հետո՝ ես ենթարկվեցի ավելի և ավելի փոփոխությունների։ Այժմ ինձ բոլորովին չես ճանաչի։ Ես շուտով վերադառնում եմ իմ երկիրը։ Ի՛մ երկիրը։ Արյան կապն ինձ չի ոգևորում, մենք բարեկամներ չենք, ոչ միայն բարեկամներ չենք, այլև երկու թշնամի բանակների զինվորներ։ Ես վերադառնում եմ իմ ռազմաճակատը։ Եթե մի օր երկու բանակները գործնական ճակատամարտի մղվեն, ինձ կգտնես քո դեմ զենքը ձեռիս: Փախչում եմ Եվրոպայից, փախչում եմ ստից, կեղծավորությունից, շահագործման պատերազմից, փախչում եմ իմ տարիների երազած դեմոկրատիայից, փախչում եմ գոռոզությունից, ոսկեզօծ կեղտից։
Իմ առաջին պարտականությունը պիտի լինի ավելի և ավելի քաջալերել Բաբկենին իր հասարակական կյանքում, մղել նրան նոր աշխարհի կառուցման աշխատանքին՝ առավել ոգևորությամբ և առավել անկեղծությամբ:
Այս աշխարհը նրանն է։
Կվերադառնա՞մ արդյոք Եվրոպա: Այո, կվերադառնամ Խորհրդային Եվրոպա։ Արդյոք շո՞ւտ կվերադառնամ: Այո: Ես ապրեցի Եվրոպայի ահեղ մայրամուտը, ես լսեցի մարմարյա սյուների ճարճատյունը։ Բուրժուազիան թողնում է փառահեղ ավերակներ…
Ես վերադառնում եմ, լուսաբացի թմբուկն ինձ կանչում է։
Հոգիս ուրախ է, թեթևացած բոլոր ծանրություններից: Միայն մի կասկած երբեմն ինձ տանջում է՝ արդյոք կլինե՞մ նոր աշխարհի արժանի և պիտանի քաղաքացի։
Առաջին մեր տեսակցությունը տխուր եղավ, երկրորդ տեսակցությունը կարող է լինել եղերական: Թույլ տուր այս մի քանի տողով վերջացնել մեր կապը։
Միքայել