1. Հրկիզված թղթեր

Chapter 27

ԻԶ

Մի առավոտ նա որոշեց այլևս չգնալ պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեի մոտ: Նրանք վերջին անգամ բաժանվել էին իրարից ձևական քաղաքավարությամբ, թերևս հարկավոր էր գեթ մի անգամ ևս այցելել նրան և ասել, որ այլևս չի գալու, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց չկրել քաղաքավարության տանջանքը և վերջ տալ իր այցելություններին։ Նրան այլևս անհանդուրժելի էր դառնում ֆրանսիացի պրոֆեսորի գոռոզությունը, որ բխում էր այն խոր համոզմունքից, թե ֆրանսիացին ընտրված ժողովուրդ է։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ինտերնացիոնալ զգացումներին նա պատասխանել էր հեգնանքով և լպիրշ թերահավատությամբ, իսկ Խորհուրդների երկրի նոր աշխարհ կառուցելու խնդրին, որը պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դրել էր պրոֆ. դը Մոնեի աոաջ, թունավոր ծաղրով էր վերաբերվել։

Պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեն Արևմտյան Եվրոպայի պատմության հայտնի մասնագետ էր։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ​նրա հետ կապված էր 19-րդ դարու պատմական մի շարք անցքերի դոկումենտալ պարզաբանման համար։

— Դուք երբևիցե չե՞ք մտածել աղքատության մասին, մարդկային ֆիզիկական թշվառության մասին, որ ծնունդ է առնում կապիտալիստական սիստեմից,— հարցրել էր նրան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պրոֆ. դը Մոնեն պատասխանել էր կտրուկ և վերջնական. ո՛չ։

— Ինչո՞ւ։

— Կարևոր չէ։

— Չե՞ք կարծում, որ պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է։

— Ո՛չ, պատմությունն ազգերի արժանապատվության պայքարի պատմություն է։

Այն մարդը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որ Խորհուրդների երկրում համառ, ներքին և լուռ պայքար էր մղել պատմության մարքսիստական ըմբռնման դեմ, Եվրոպայում, շփման մեջ մտնելով բուրժուազիայի իդեոլոգների հետ՝ իրեն գտավ մի նոր մարդ, զգաց, որ իր մեջ ներծծվել էր շատ ավելին, քան ինքը կարծում էր։ Եվ հուսախաբված բուրժուական դեմոկրատիայից, որն իր լավագույն երազն էր հանդիսացել երկար տարիներ, ավելի և ավելի խորացավ հասարակական այն հաբաբերությունների հատակը, որ գոյություն ուներ բուրժուազիայի բացարձակ տիրապետության շրջանում։ Այն պահին, երբ նա պրոֆ. դը Մոնեին հարց էր տալիս աղքատության պրոբլեմի մասին, ինքը ևս այդ մասին լայնորեն և խորապես չէր մտածել: Մարդկային աղքատության, մարդկային ստեղծագործական մեծ զանզվածների աղքատության մտածումը շատ անգամ էր խուժել նրա իմացականության մեջ, անողորմ պայքարով, բայց այժմ ինքը ևս սկսեց մտածել այդ մասին, և նրա առաջ պատկերացավ, հեռավորության մեջ, Խորհուրդների պրոլետարիատի հերոսական ճիգը՝ լուծելու վերջնականապես աղքատության հարցը։

Չդիմադրելով այդ մտածումներին՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց տեսնել աշխարհն իր բացարձակ մերկությամբ։

Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում ​են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը:

Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում:

Նա տեսավ գործազուրկների մասսան, որ սոված, ատելությամբ լցված, բայց անզոր և թշվառական՝ թափառում էր մեծ քաղաքի փողոցներում, գետի ափին, պարսպի տակ, նա հանդիպեց, բացի ժողովրդական մեծ զանգվածներից, բանվորներից ու արհեստավորներից, նաև մտավորականների և արվեստագետների, որոնք, առանց հույսի որևէ նշույլի, թափառում էին անհանգրվան՝ ապրելով մի մեծ և դարավոր կուլտուրայի մայրամուտի մորմոքը:

Որքան նա տեսավ այս բոլորը, ավելի ու ավելի մանրամասնորեն սկսեց տեսնել Խորհրդային երկրի աշխատանքր, նա սկսեց հիշել ամեն մի փոքրիկ իրողություն և նրա խոշորագույն արժեքը: Առաջին օրից, երբ նա ոտքը դրեց Եվրոպա, ինքնաբերաբար արտասանեց. «Պրոլետարիատը կառուցում է… չէ՞ որ բուրժուազիան ևս կառուցել է և շարունակում է կառուցել»: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այժմ սկսեց ըմբռնել այդ երկու կառուցումների տարբերությունը, սկսեց ըմբռնել երկու դասակարգերի ձգտումի խորագույն տարբերությունը:

Մի երեկո, Փարիզի ցնծուն մի երեկո, նա հանդիպեց բանվորական մի մասսայի, որ փողոցում որոտի նման պայթեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ոչ մի երգ նրան այնքան ընտանի և այնքան հարազատ չէր թվացել, որքան այդ երգը: Կանգնած մայթի վրա, ակացիայի մի ծառի տակ, երբ բանվորական մասսան անցավ նրա առաջից «Ւնտերնացիոնալի» հաղթական հնչյուններով, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը լցվեցին արցունքով: Նա զգաց, որ մի քանի կաթիլ տաք արցունքը, բխած տխուր սրտի թաքուն խորքերից, թեթևացնում էր իրեն ծանր մի կոշմարից:

Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն հանցավոր էր զգում, իբրև Խորհուրդների երկրի քաղաքացի, մի մարդ, որին հավատացել էին Խորհուրդները, որին տրված էր բարձրագույն ​պատիվ, գործուղվել էր Եվրոպա, որի ազնվության մասին չէր կասկածել ոչ մի րոպե, ահա ինքը դավաճանում էր այդ երկրի դեմ, այդ երկրի հեղափոխական, հերոսական պրոլետարիատի դեմ:

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . .

Comments