1. Հրկիզված թղթեր

Chapter 2

Ա

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը Հայաստանի Նոյեմբերյան հեղաշրջումից առանձնապես չտուժեց։ Նոր իշխանությունը վստահեց նրան բարձրագույն ուսումնական հիմնարկության մեջ Արևմտյան Եվրոպայի պատմության ամբիոնը. նա նշանակվեց հեղաշրջումից մի քանի օր հետո կազմակերպված Գիտական խորհրդի անդամ, մի պատիվ, որ նախկին իշխանությունը զլացել էր պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին։ Հակառակ մայրաքաղաքի բնակարանային սուր ճգնաժամին, նրան թողնվեց չորս սենյակով և մի խոհանոցով բնակարանը, որի մեջ բնակում էին միայն ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, և կինը՝ Ելենա Բեգլարովնան։ Ոչ մի անգամ հարցաքննության չենթարկվեց հակահեղափոխական, սպիտակ էմիգրանտ դարձած իր եղբոր համար, որի կինը և զավակը մնացել էին նրա խնամքի տակ։

Բայց հեղափոխությունը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի քիմքին դուր չեկավ, ինչ-որ անախորժ, օտարոտի զգացում համակեց նրան առաջին իսկ օրից։

***

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հազիվ քառասունն անց էր, երբ հեղաշրջումը կատարվեց։ Բարձրահասակ էր նա, քունքերի մազերի մեջ արդեն սպիտակն սկսել էր մուտք գործել, ծնոտի ծայրում սրածայր մի միրուք՝ բոլորովին սև, խոշոր, սև աչքերով և բամբ ձայնով։ Նրա դեմքի վրա, սակայն, չէին պակասում տանջանքի գծեր, որոնք պարզորեն արտահայտում էին իր ուսանողական տարիների դժվարությունները։ Այդ դժվարությունները ջնջել էին նրա ազգանվան հետ կապված հպարտության բոլոր հետքերը, վաղուց նա մոռացել էր իր երակներում ոստոստող ազնվական արյան առկայությունը, նա շատ էր խոնարհվել, մեջքը կռացրել այս կամ այն հարուստի առաջ, մանավանդ ուսման ավարտական տարում։

Տակավին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ նա մի քանի անգամ լրջորեն մտադրվեց դեն գցել իր ազգանվան կապված «Մելիք» անունը և պարզապես կոչվել «Անդրեասյան», ​բայց Ելենա Բեգլարովնան մարտական, խիզախ դիմադրություն ցույց տվեց այդ մտադրության դեմ։

— Неужели չես տեսնում տարբերությունը՝ պրոֆեսոր Անդրեասյանի և պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանի միջև,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, հատկապես շեշտելով մելիք բառը։

Չտեսնելով ոչ մի տարբերություն՝ սակայն պրոֆեսորը համաձայնեց կնոջ հետ, որ, այո՜, կար տարբերություն, մինչև անգամ խոշոր տարբերություն։

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը հին իշխանության ժամանակ չէր զբաղվում քաղաքականությամբ, նրան չէր հետաքրքրում երկրի տերիտորիայի խնդիրը, չէր հետաքրքրում մինչև անգամ կառավարության ձևը՝ հանրապետություն թե ուրիշ բան, բավական էր որ ժողովրդին ուտելիք լիներ, տկլոր չմնար։ Առանց խառնվելու օրվա քաղաքական անցքերին՝ նա միայն մի կարծիք ուներ՝ քաղաքակիրթ պետությունների հետ պետք է սերտ կապ պահպանել։ Նա այս կարծիքը հայտնում էր ոչ թե հրապարակավ, այլ մասնավոր խոսակցությունների մեջ, տանը, հենց Ելենա Բեգլարովնայի ներկայությամբ և նրա համաձայնությամբ։

Մի օր, իր եղբոր տանը, որը գլխից մինչև ոտը խրված էր քաղաքականության մեջ, բուռն վեճ էր տեղի ունենում Հայաստանի վարչաձևի մասին, խորհրդարանի և նախարարական խորհրդի, խորհրդարանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունների մասին և այլն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանն անակնկալ կերպով վեճին խառնվեց և ասաց․

— Ես կարծում եմ, որ պետք է որդեգրել Արևմտյան Եվրոպայի քաղաքակիրթ պետություններից մեկի վարչաձևը կամ հարցնել նրանց խորհուրդն այդ մասին։

Վիճաբանության մասնակցողները չուզեցին հակաճառել պրոֆեսորին և լռեցին, միայն Ելենա Բեգլարովնան հավանություն հայտնեց այդ կարծիքին և ասաց․

— Միքայելը ճիշտ է ասում, այս խնդիրները պետք է շատ խելոք կերպով վճռել։

Պրոֆեսորը, չբավականանալով միայն իր կնոջ արձագանքով, շարունակեց․

— Պատմության մեջ դասեր շատ կան, պետք է օգտվել ​այդ դասերից։ Ելենա,— ասում էր պրոֆեսորը,— ինձ դուր չի գալիս, որ չարությունն այսքան շատ և խոր թաղված է քաղաքական գործերի մեջ, վերջապես նա ֆիզիոլոգ է և ետ է մնում գիտական ասպարեզում։

— Ճիշտ ես ասում, բայց կտեսնես, որ նա մի օր կդառնա մինիստր, իսկ դու․․․

— Պատմության ամբիոնը ես չեմ փոխի մինիստրական պորտֆելի հետ,— միջամտում էր պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը:

Ելենա Բեգլարովնան լռում էր։

Խորհրդային իշխանություն ստեղծելուց հետո, սակայն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը նախկին պասսիվ մարդը չմնաց, սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին։ Նախկին իշխանության օրով, երբ նրան մինչև անգամ չէր շահագրգռում հանրապետության վարչապետի ով լինելը, սկսեց հետաքրքրվել ամեն մի պաշտոնյայի նշանակմամբ։

Հեղաշրջումից դեռևս մի քանի օր հետո, երբ երեկոյան տուն եկավ և լրագիրը կարդաց, անտարբերությամբ անցավ մի լուրի վրայից, բայց Ելենա Բեգլարովնան նրան զարթեցրեց։

— Կարդում ես և անցնում, Միքայել։

— Ի՞նչ կա։

— Քիչ առաջ կարդացիր, որ քաղաքային խորհրդի նախագահ է նշանակվել Ռուբեն Մատթեոսյանը։

— Այո, կարդացի։

— Գիտե՞ս ով է Ռուբեն Մատթեոսյանը։

— Ոչ, չեմ ճանաչում, երևի՝ նոր մարդ է։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։

— Նո՜ր մարդ․․․ երևի, կարծում ես, Կիևի համալսարանից է։

Պրոֆեսորը զարմացած նայեց կնոջը։

— Մեզ Դիլիջան տանող-բերող շոֆերն է։

— Не может быть!

— Այո՜, նա է։

— Քաղաքային խորհրդի նախագա՜հ,— երկարացրեց պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը։ ​

— Այն էլ մայրաքաղաքի,— ընդգծեց Ելենա Բեգլարովնան։

— Այս բոլորից փչում է կծված յուղի հոտ, Ելենա։

Պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանին նախ և առաջ դուր չեկավ, որ սկսեցին իրեն ընկեր Մելիք-֊Անդրեասյան կանչել։

Նա մի անգամ մինչև իսկ զայրացավ և ասաց շատ քաղաքավարի և զգուշավորությամբ․

— Ես ինչո՞ւ ձեր ընկերն եմ․․․

Բայց սրան շուտ վարժվեց, այնքան արագությամբ ընդհանրացավ այդ և դարձավ հասարակ մի դարձվածք։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։

— Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։

— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․

— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։

Ելենա Բեգլարովնան, որ իր ամուսնու կարծիքներն ու մտքերն ընդունում էր առանց քննադատության, այս վերջինը, թեև ոչ-բացահայտ, բայց մտքում, ընդունեց միայն ի գիտություն։

— Ինչո՞ւ Ռուսաստանը եղել է և միշտ էլ լինելու է պատմական տրամաբանությունից դուրս,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան մտքում և չկարողացավ որևէ եզրակացության հասնել։

Հենց հաջորդ առավոտյան Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց մի հոդված, որ վերաբերում էր այդ հարցին․ «Հոկտեմբերյան հեղափոխության պատմական անհրաժեշտությունը»։ Երեկոյան Ելենա Բեգլարովնան ուզում ​էր այդ հոդվածի մասին խոսել, բայց չհամարձակվեց, թերթը դրեց պրոֆեսորի սեղանի վրա, դիտմամբ բաց անելով այդ էջը, որպեսզի նա կարդա։ Եվ կարդաց պրոֆեսորը, որին լարված ուշադրությամբ և անձկությամբ, բայց աչքի պոչով միայն, հետևում էր Ելենա Բեգլարովնան։ Պրոֆեսորը կարդալուց և վերջացնելուց հետո՝ թթված, սրտնեղած նետեց թերթը մի կողմ ու մրթմրթաց․

― Պատմական անհրաժեշտություն…

Comments