Chapter 15
ԺԴ
Խաղաղ էր ծովը, կապույտ, բայց նարնջագույն արևով ողողված։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, կանգնած նավի առաջամասում, գլխիկոր և մտախոհ, դիտում էր մարմարի նման անշարժ և անդորր ջրի տարածությունը, ափսոսալով, որ նավը խանգարում էր նրա կապույտ քունը։ Դելֆիններ էին մրցում նավի հետ, զարնվում քթին, կրքոտ և համառ մի արշավ, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրան՝ Մելիք-Անդրեասյանին։ Հանկարծ հիշեց նա Ելենա Բեգլարովնային։ Նրա վերջին համբույրը դեռ այրվում էր իր շրթունքների վրա, հիշեց նրա արցունքը, որ դանդաղորեն բարձրացավ նրա աչքերի մեջ, կախվեց, ծանրացավ և գլորվեց այտերից վար՝ ինչպես անձրևի կաթիլը լուսամուտի ապակու վրայից, աչքերի առաջ պատկերացավ երկիրը, որտեղ ծնվել, մեծացել էր և որտեղ տիրում էր այժմ պրոլետարիատը, պրոլետարիատի երկաթյա դիկտատուրան։ Լուսավոր, արևահորդ այդ երկիրը հանկարծ մռայլվեց և հետզհետե բոլորովին մթնեց նրա աչքերի առաջ։ Մութ երկնքում միայն մի աստղ էր քթթում — դա իր կինն էր։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը գնում էր դեպի բուրժուազիան, ուրեմն, դեպի հոգու և գիտության «բացարձակ ազատության» ծոցը։ Ազատության մասին մտածելով՝ մոռացավ նա ամեն ինչ, հանգավ ետև թողած մութ երկնակամարի միակ աստղն էլ՝ Ելենա Բեգլարովնան, և նրա հոգին սկսեց հրճվել մի նոր խրախճանքով, որ երևում էր հեռուն, ծովի վերջացած կետում, բուրժուական կուլտուրայի խրախճանքը՝ հորդառատ լույսերով, դեմոկրատիայի ծաղկափթիթ պսակով, տեխնիկայի անհասելի բարձունքներում։ Հրճվեց պրոֆեսորի հոգին՝ հակառակ ծովի հանկարծակի մռայլումին։ Երկնքի կապույտը կապարացավ և գոլորշիացավ, ծովը հուզվեց, սկսեց տարուբերվել մեծ և օրորուն ալիքներով, որոնք հետզհետե բարձրացան, սրվեցին, ինչպես ուղտերի մեջքերը, սպիտակ փրփուրներ բխեցին ծովի կրծքից, ծովուրուրները ճչացին և կտրեցին վեր բարձրացող ալիքները, սպիտակ արծիվը հանկարծ կախեց թևերը փոթորկում, սավառնեց ծովի հեռավոր բացերում, անողոք պայքարի մտնելով փոթորկի հետ, խելահեղ և հրճվագին ճախրելով մռայլ երկնքի և մռայլ ծովի միջև, նավը վառեց իր լույսերը՝ արևային սպիտակությամբ, մեծ լուսարձակը ճեղքեց թանձր մռայլությունը վիթխարի դանակի նման։ Նավի դռները փակվեցին, ներքևի լուսամատներից հետո ամրացվեցին նաև վերևի լուսամուտները, մթության հեռավոր խորշերից մի մռնչյուն բարձրացավ, աճեց ու պայթեց, կարծես՝ հենց նավի վրա։ Ոչ մի աստղ, ոչ մի փարոս, նավը մարտնչում էր կույր տարերքի դեմ՝ հաղթական և լուսաժպիտ։
Բոլորը քաշվեցին նավի ներքնակողմը, փախչելով տարերքի բարկությունից և անակնկալից, ժպտադեմ և փոթորկասեր նավաստիների հետ մնաց նավի տախտակամածի վրա միայն պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, աչքերը մխրճված մռայլ ծովին։ Ինչ-որ թեթևություն կար նրա հոգում, գոյություն էր ունեցել մի ծանրություն, որ ահա անէացել էր՝ ինչպես հղի կինը երկունքից հետո։ Ո՞րն էր այդ ծանրությունը։ Պրոֆեսորն առաջին հերթին չկարողացավ գտնել, բայց հետզհետե ամեն ինչ պարզ եղավ՝ ազատվել էր ահավոր երկվությունից։ Այժմ, դեպի Եվրոպա սուրացող նավի վրա, Մելիք-Անդրեասյանը ոչ մի երկվությամբ չէր տառապում, ոչ մի հնի ու նորի պայքար նրա մեջ, հաղթական հինն ահա նորից բարձրագլուխ և հանդիսավոր, հինն այլևս չի որոնում հոգու թաքուն մի խորշ, որտեղ պահվտի դարանակալ, մտքի և հոգու ոչ մի ընդհատակյա կյանք, ամեն ինչ պարզ է՝ պայծառ բուրժուազիան և իր դարավոր չափված ու ձևված կուլտուրան և վերջապես դեմոկրատիան, օ՜հ, դեմոկրատիան, կապույտ թևերով թռչունը, որ թռչկոտում է անվախ և մեծ կոհակների բարձունքների վրա։
Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչու այս մարդը՝ թրջված ծովի աղի ջրից, կանգնած մութ ծովի դիմաց, ժպտում է մանկական թեթևությամբ։
Նա նորից մի անգամ հիշեց Ելենա Բեգլարովնային, և ոչ մի ապաշավ։
— Թող ապրի նա այնտեղ, կուղարկեմ նրան արտասահմանյան վալյուտա…
Նա երկար չմտածեց այդ մասին և կեսգիշերի մոտ իջավ նավի ներքնակողմը ու անմիջապես ուղղվեց դեպի սալոնը։
Սալոնում դեռևս երաժշտությունը նվվում էր, և ոտները կայթում էին։ Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը մտավ ներս, նստեց մի անկյուն, գարեջուր պահանջեց և սկսեց դիտել պարը։ Պարողները մի քանի զույգեր էին, որոնք նավ էին մտել հենց այդ օրը, երբ նավը մի քանի ժամ կանգ էր առել մեծ նավահանգստի առաջ։ Երբ գարեջրի մեծ, փրփրահեղց բաժակը լակեյը դրեց պրոֆեսորի առաջը, չափազանց զարմացավ նա՝ տեսնելով լակեյի ավելորդ հաճոյակատարությունները։
«Գարեջուրը բերեց և ամեն ինչ վերջացավ,— մտածեց պրոֆեսորը,— էլ ինչո՞ւ է կոտրատվում»։
Լակեյը, մեխանիկորեն ժպտալով, երկու զգույշ մատներով վերցրեց պրոֆեսորի ուսի վրայից ինչ-որ փոքրիկ սպիտակ թել։
— Շնորհակալ եմ,— ասաց պրոֆեսորը, սպասելով, որ հեռանա և թողնի, որ ինքը հանգիստ գարեջուրը խմի և դիտի պարող զույգերը։
Լակեյը չհեռացավ, նորից ժպտալով դարձավ նրա շուրջը և էլի խոնարհաբար կանգնեց առաջը։
— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց պրոֆեսորը մի քիչ սրտնեղած։
— Իսկ դուք ոչինչ չե՞ք կամենում։
— Ոչ։
Լակեյը հեռացավ։
Պարող զույգերն իրենց շարժումներն ավելի արագացրին, երբ նվագողներն արագացրին նվագի ռիթմը։ Նրանք տարօրինակ մի պար էին դառնում։ Պրոֆ․Մելիք-Անդրեասյանն այդպիսի պար երբեք չէր տեսել։ Տղամարդիկ իրենց աջ սրունքները կոխել էին կանանց երկու սրունքների միջև, մի քիչ կռացած, բայց ուժգնորեն սեղմած կանանց մեջքերը, նրանք գրեթե թռցնում էին կանանց իրենց աջ սրունքների վրա։ Ինչքան նվագն արագանում էր, տաղամարդկանց հպումը կանանց դառնում էր ավելի և ավելի կատաղի, կարծես նրանք ճգնում էին կորսվել կանանց մարմնի մեջ։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար տարօրինակ էր այս պարը, բայց խոր հաճույք զգաց այդ տարօրինակությունից։
Լակեյը նորից կանգնեց նրա առաջ, մեխանիկորեն ժպտաց և հարցրեց․
— Ուրիշ ոչինչ չէի՞ք կամենում։
— Ո՜չ,— կարճ կտրեց պրոֆեսորը։
Լակեյը պարզապես ջղայնացնում էր նրան։
Հանկարծ նավն ուժեղ կերպով բարձրացավ և ընկավ։ Ծովի մռայլ կոհակները նավը խաղացնում էին տաշեղի բեկորի նման, մի վիթխարի կոհակ, որ ծնունդ էր առնում ծովի խորքերից, բարձրացնում էր նավը վեր, օրորում մի վայրկյան իր սուր մեջքի վրա և, քմահաճորեն խուսափելով տակից, թողնում էր նավը գլխապտույտ անկման մեջ։
Երկու պարող զույգ, չդիմանալով նավի օրորին, դուրս եկան պարից և գրեթե ուշագնաց ընկան գահավորակի վրա։ Սեղանների վրա դրված ծաղկամանները վայր ընկան և կոտրտվեցին, մի բարձր, հպարտ շուշան ընկավ պարողների ոտների տակ և տրորվեց։
Ծովը մռնչում էր դուրսը, գիշերն ինքը ոռնում էր ահաբեկված, կորցրած իր շողշողուն աչքերը, կոհակները օրորում էին նավը, կուտակվում իրար վրա, բախվում իրար և քշվում, կործանվում ահարկու գոռոցով։
Պարը դադարեց, որովհետև անկարելի էր պարել ջրի մակերեսի նման ջարժվող հատակի վրա։ Փոքրիկ օրկեստրը դադարեցրեց պարի մոտիվը և սկսեց նվագել մի տխուր մելոդիա, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին այնպես թվաց, թե շատ նման էր հայկական եկեղեցական երաժշտության։ Գահավորակների վրա ընկնող զույգերից մեկի սրունքը երևում էր գուլպաներից վեր, մի փոքրիկ ձեռքի չափ, սպիտակ էր, ոտների տակ տրորված ջրաշուշանի նման։ Պրոֆեսորն աչքերը հառեց մարմնի այդ բացատին, ականջները տխուր մելոդիային, զգաց իրեն երազային երջանկության մեջ, հիշեց պրոլետարիատի իշխանության երկիրը, հիշեց այն խելահեղ և խոլական ձգտումը դեպի պայքարը թշվառության դեմ, բոլոր երկրների թշվառության դեմ և, թեև նրա հոգին սարսռաց այդ պայքարի գեղեցկությամբ, բայց չուզեց արձագանք տալ, նորից գարեջուր պահանջեց, խմեց և բոլորանվեր հափշտակությամբ ունկնդրեց տխուր մելոդիային՝ ջախջախելու համար այն ուրվականը, որ, մթին թևերով, կանաչ և փայլուն աչքերով, լպրծուն մարմնով, երկար մատներով և երկար եղունգներով, գալիս էր հեռվից, կամ բարձրանում էր իր իսկ խորքից։
Այդ ուրվականը նրա երևակայությունն էր։
«Ահա թողեց ամեն ինչ, թողեց մինչև անգամ իր սիրելի կնոջը, թողեց դիրքը, իր սիրած և փայփայած պատմության ամբիոնը, գնում է Եվրոպա, ով է իմանում, թերևս սպասում է իրեն անշուք մի կյանք, թերևս անշուքից էլ վատը, օրվա հացի կարոտ, բայց ինչո՞ւ է խռովում իրեն այդ մթին երկրի գեղեցկությունը»։
Մելոդիայի տրտում հեծեծանքն այլևս չհասավ իր ականջին, սրունքի բացատը փոքրացավ, դարձավ մի կետ և ապա կորսվեց։
Պրոֆեսորը վեր կացավ, օրորվելով գնաց իր կաբինը և քնեց մի տանջալի երազով։
Առավոտյան ուշ զարթնեց։ Նախաճաշի ժամանակն արդեն անցել էր, արագ հագնվեց և բարձրացավ վեր։
Անհուն մի ծով փռվեց նրա առաջ, կապույտ և անդորր, ողողված նորից նարնջագույն լույսով։ Կուրծքը լցվեց ծովի թարմաշունչ օդով, աչքերը փայլեցին և թռան հեռու։
Ծովն այնքան խաղաղ էր, որ ծովի վրա թռչող մեծ թռչունների թևերի շվաքը ընկնում էր ծովի փիրուզյա կրծքի վրա և թեթևորեն բեկբեկվում։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նայեց, աչքերով անհագորեն գրկեց ամբողջ շրջապատը, հեգնաբար ժպտաց և մրմնջաց՝ «պրոլետարիատի դիկտատուրա…»։
Պրոլետարական դիկտատուրայի վերհիշումը նրան բնականորեն հիշեցրեց նաև բուրժուական դեմոկրատիան, որին նա գնում էր նավի սուրացող թևերով։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երբեք չէր եղել Եվրոպայում, առաջին անգամն էր, որ ահա ճանապարհորդում էր ծովի վրա և այն էլ պատերազմի, քաղաքացիական կռիվների և պրոլետարական դիկտատուրայի պայմաններից հետո, և այդ դեմոկրատիան, որքան որ այդ բոլորից առաջ էլ թվում էր նրան արտակարգ գույներով մի դրություն, բայց այժմ արդեն ամբողջովին պարուրված էր երազային բազմապիսի թեթև քողերով, նա կարծում էր, որ դեմոկրատական Եվրոպայում նա կնստի մի նոր ծաղկած պարտեզում և պարտեզի ստվերներն իրեն կօրորեն անվերջ ու անվերջ, և խնդությամբ նայում էր նարնջագույն արևով ողողված ծովին։