Chapter 10
Թ
Վանքի բակում, սև քարերից կառուցված երկհարկանի վարդապետական խուցերում այժմ ապրում են աշխարհականներ: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը թխկթխկացնում է մի լուսամուտ, որ ներկված է կերոսինի լամպի դեղին լույսով։
Բացվում է դուռը:
— Համեցե՜ք,— սիրալիր ձայնում է մի բարձրահասակ, երկար մազերով, քառասունը նոր թևակոխած կին:
— Ճարտարապետը տա՞նն է:
— Այո՜, այո՜, տանն է, համեցե՜ք։
Պրոֆեսորը ներս է մտնում։ Սենյակի դռան վրա արդեն ճարտարապետը դիմավորում է նրան։ Միջանցքում կիսամութ է: Ճարտարապետը չի ճանաչում ներս մտնողին, բայց պատրաստակամ ասում է.
— Համեցե՜ք, համեցե՜ք:
Ճարտարապետի ձայնը ժամանակակից չէ, կարծես ինչ–որ հին, լքված և մութ մատուռներում մի ծանր իր է ընկնում, և պատերն արձագանքում են, կարծես ծանր մուրճով կարծր բազալտն են հղկում, և քարի փշրանքներն աղմկելով թափվում են վար: Մտնում են սենյակ։ Ճաշի մեծ սեղանի վրա ճարտարապետը գծագրում է ինչ-որ հին մի եկեղեցի: Բարձրահասակ կինը խնամքով և գուրգուրանքով հավաքում է գծագրական պիտույքները: Ճարտարապետն աթոռ է տալիս Մելիք-Անդրեասյանին:
— Ինչ լավ արիք, որ եկաք:
— Բայց գիշերն այստեղ եմ մնալու:
— Հենց դրա համար էլ ասում եմ:
Ճարտարապետն արևից այրված դեմք ունի։ Թխացած և աննուրբ նրա դեմքի ամեն մի անկյունը պատմում է արևի հետ ունեցած նրա կատաղի պայքարի պատմությունը։ Խիտ, սև և կամարաձև հոնքերը կառնիզի նման կախվում են նրա սև և հին, պատմության խորությունից նայող աչքերի վրա՝ ինչպես ուռենու ճյուղքը՝ մութ, բայց ջինջ ավազանի վրա: Լայնաթիկունք է նա, ոսկրոտ, դիմացկուն, ինչպես վիթխարի շենքի տակ հպարտությամբ կանգնած սյունը, և առաջին հայացքից ներշնչում է նա ֆիզիկական, սև աշխատանքի հերոսը, եթե իմացականությամբ շողշողուն աչքերը չճառագայթեին նրա ողջ կերպարանքի վրա:
Երկար չի տևում, և ահա խոսակցությունը դառնում է Էջմիածնի նյութական կուլտուրայի մնացորդների մասին։
— Դեոևս ուսումնասիրված չեն,– ասում է ճարտարապետը՝ հակառակ իր սեփական թանկագին ուսումնասիրությունների գոյության։
— Այդ բոլորի ոճը մեզ այժմ կարող է աջակցել ստեղծելու…
Ճարտարապետը չի թողնում, որ պրոֆ. Մելիք–Անդրեասյանը շարունակի։
— Այդ ոճը մեզ ոչ մի աջակցություն չի կարող ընձեռել, այդ ոճը թաղվել է նրան ստեղծող հասարակության հետ, մինչև անգամ մենք այժմ չենք կարող այդ ոճով եկեղեցի կառուցել, եկեղեցական ոճն անգամ ամեն մի դարաշրջանում փոխվել է:
— Էլի փոփոխման օրենքը,- ասաց պրոֆեսորն իր մտքում և շարունակեց լսել ճարտարապետին, որի ձայնը, կարծես, ճարճատում էր գիշերվա ծոցում:
— Բայց չէ՞ որ դուք մեծ ոգևորությամբ ուսումնասիրում եք,— ասաց պրոֆեսորը։
— Այո, ուսումնասիրում եմ իբրև պատմություն։
— Իսկ նրանց ուսումնասիրությունը ոչնչո՞վ պիտանի չէ մեզ` ժամանակակիցներիս համար:
— Դա ուրիշ հարց է: Այո, շատ պիտանի է տեխնիկայի տեսակետից, եթե այժմյան կառուցող ճարտարապետն իմանա, թե ինչպես գմբեթները կանգնած են, թե ինչ շաղախով են դիմանում պատերը երկար դարեր, եթե իմանա, թե նյութերի ինչ հարակցութուն գոյություն ունի, նրա արվեստն ավելի կազնվանա, բայց ո՞ճ, ոճն անդարձ թաղված է, պրոֆեսոր։
— Չե՞ք ցավում, ճարտարապետ:
— Ի՞նչ բանի համար:
— Անդարձ թաղված լինելու համար։
— Ո՜չ,— երկարացրեց ճարտարապետը քմծիծաղով,— մահը և ծնունդը հավիտենական օրենքներ են, պիտի մեռնեն և պիտի ծնվեն:
Երբ լռություն տիրեց, ճարտարապետը շարունակեց.
— Իմ ուսումնասիրություններն ունեն մի այլ նպատակ ևս` ճշտել մեր կուլտուրայի վերելքի և անկման շրջանները, մեր պատմագիրները, ավելի շուտ` տոհմագիրները սխալ պատկերացում են տալիս այդ մասին, մեր նյութական կուլտուրան այլ բան է ասում մեզ, քարը չի ստում, ինչպես իշխաններից, նախարարներից և մեծ եկեղեցականներից տոհմագրությունն արձանագրելու պատվեր ստացող պատմագիրները։
— Նյութական կուլտուրայի վերելքն ավելի վաղ չէ կատարված, քան գրական կուլտուրայինը,- հակաճառեց պրոֆեսորը։
— Ներեցեք, պրոֆեսոր, մենք ճարտարապետություն ունեինք, նախքան գրերի գյուտը։
— Այդպես չէ Արևմտյան Եվրոպայում։
— Նայած երկրի պայմաններին։
— Ի՞նչ պայմաններ:
— Առաջին հերթին տնտեսական պայմանները:
— Դուք մարքսի՞ստ եք, ճարտարապետ,— հանկարծ հարց տվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։
— Ոչ, չեմ ուսումնասիրել դժբախտաբար, հայոց հին կուլտուրան ինձ ամբողջովին կլանել է։
— Բայց դուք… կարծես…
— Ասում են, որ ամեն մի բարեխիղճ գիտնական հասնում է մարքսիզմին,— ընդմիջեց ճարտարապետը:
— Ах, так!— երկարաձգեց Մելիք-Անդրեասյանը։
Բարձրահասակ կինը սեղան բերեց սպիտակ լավաշ, պանիր, կարագ և սամովարը։
— Ի՞նչ նեղություն, տիկին,— ասաց պրոֆեսորը:
— Տանը կով ունենք, պրոֆեսոր,— պատասխանեց ճարտարապետը:
Մինչ նրանք ընթրում էին և խոսում, բարձրահասակ կինը պրոֆեսորի համար անկողին սարքեց՝ հաստ բրդե դոշակով, սպիտակ սավանով, մեծ բարձով և բրդե վերմակով:
Երբ բարձրահասակ կինը սեղանը հավաքեց և հեռացավ, պրոֆեսորը և ճարտարապետը հանվեցին քնելու: Ճարտարապետը, առանց բրդե գուլպան հանելու, պառկեց և բրդե վերմակը քաշեց վրան:
— Տոթ է, ճարտարապետ, ինչպե՞ս կարողանում եք այդպես քնել:
— Տարիներից ի վեր վարժվել եմ,— պատասխանեց ճարտարապետը խուլ ձայնով, որովհետև գլուխը գրեթե կորած էր վերմակի տակ:
Պրոֆեսորը խնամքով ծալեց վերմակը, դրեց մի կողմ և սավանը քաշելով վրան՝ քնեց:
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . .
Լուսաստղն էր կախվել ջինջ երկնքում, երբ պրոֆեսորը շոգից և քաղաք գնալու մտահոգությունից՝ զարթնեց և այլևս չկարողացավ քնել։
Լուսաստղի մարգարտյա փայլը, ջինջ երկինքը, օդի թարմությունը և լուսամուտների վրա կախված ծառի տերևների շշնջոցը գրավական էին հորդառատ, վարար արևի, որ քաղցրացնելու էր արարատյան խաղողը։
Երբ ճարտարապետը զարթնեց, պրոֆեսորը հագնված էր և կարդում էր ճարտարապետի գրքույկներից մեկը։ Պրոֆեսորը վեր կացավ գնալու, ճարտարապետը բռնեց նրան.
— Մինչև նախաճաշ չանեք, չեմ թողնի։
Պրոֆեսորը թախանձագին խնդրեց թույլ տալ, որովհետև ցանկանում էր բռնել առաջին ավտոբուսը։