Chapter 6
VI
Երեք շաբաթ տառապեցի Շոֆերի կացարանում։ Ես էի նրան պարզապես ձանձրացրել, թե նրան թվաց, որ վատ ազդեցություն եմ թողնում Վեստայի վրա, բայց այսպես թե այնպես, մի անգամ Շոֆերն ասաց ինձ, որ մի տարի առաջ Քոնտրա Կոստայի բլուրներով դեպի Քարքինեսի նեղուցը անցնելիս, նեղուցի մյուս կողմում ծուխ էր տեսել։ Դա նշանակում է, որ ուրիշ մարդկային էակներ էլ կան, և նա երեք շաբաթ թանկագին լուրը ինձանից գաղտնի էր պահում։ Անմիջապես ձիերիս և գամփռներիս հետ միասին ճանապարհ ընկա և, Քոնտրա Կոստայի բլուրներն անցնելով, հասա ծովախորշին։ Մյուս ափին ես ոչ մի ծուխ չտեսա, բայց Կոստայի նավակայանում գտա մի փոքրիկ գետանավ, որի վրա բեռնեցի իմ կենդանիներին։ Հին առագաստալաթից պատրաստեցի մի առագաստ, և հարավային ծովազեփյուռը գետանավը ծովախորշի միշով քշեց դեպի Վալլեհոյի ավերակները։ Քաղաքի ծայրամասում ես հանդիպեցի նոր կացարանի հետքերի։ Կերած կակղամորթների խեցիների շատությունից հասկացա, թե ինչու էին այդ մարդիկ եկել ծովափ։ Ինչպես հետագայում պարզվեց, այդտեղ եղել էր Սանտա-Ռոսա ցեղը։ Նրանց հետևից, աղային խրուտների միշով, երկաթուղու երկարությամբ, ես շարժվեցի դեպի Սոնոմայի հովիտը։ Այդտեղ, քարուքանդ եղած աղյուսի գործարանի մոտ, Գլեն-Էլլենում, հանդիպեցի կացարանի։ Տասնութ մարդ կար այդտեղ։ Նրանց մեջ եղած երկու ծերունիներից մեկը բանկիր Ջոնսն էր։ Մյուսը գործերից հեռացած վաշխառու Հարրիսոնն էր, որ որպես կին վերցրել էր Նապա քաղաքի պետական հոգեբուժական հիվանդանոցի բուժքույր-տնտեսուհուն։ Այդ երբեմնի բազմամարդ և արգավանդ հովտի, Նապա քաղաքի, շրջակա բնակավայրերի ու ֆերմաների ամբողջ բնակչությունից կենդանի մնացել էր միայն նա։ Ցեղի մեջ կային երեք երիտասարդ տղամարդիկ՝ Քարդիֆը և Հեյլը, որը եղել էր ֆերմեր, և Ուեյնրայթը՝ մի հասարակ բատրակ։ Նրանցից յուրաքանչյուրը կին ուներ։ Հեյլին, այդ հասարակ ու անկիրթ ֆերմերին, բաժին էր ընկել Այսիդորան՝ Վեստայից հետո ամենագեղեցիկ կինը, որը փրկվել էր ժանտախտից։ Նա համարվում էր աշխարհի ամենահայտնի երգչուհիներից մեկը, և ժանտախտը նրան բռնել էր Սան-Ֆրանցիսկոյում։ Նա ժամերով պատմում էր իր արկածների մասին, որոնք ավարտվել էին, երբ Մենդոսինոյի արգելանտառում իրեն գտել էր Հեյլը, և ինքն էլ, ստիպված, դարձել էր նրա կինը։ Հեյլը, չնայած իր անգրագիտությանը, լավ մարդ էր։ Նա ուներ արդարության սուր զգացում ու արտասովոր ազնվություն, և Այսիդորան նրա հետ իրեն շատ ավելի երջանիկ էր զգում, քան Վեստան՝ Շոֆերի հետ։
Քարդիֆի և Ուեյնրայթի կանայք հասարակ, աշխատանքի սովոր մարդիկ էին ու ամուր կազմվածք ունեին, մի խոսքով այնպիսի տիպեր էին, որոնք լավագույն ձևով հարմարված էին վայրենի կյանքի պայմաններին։ Բացի այդ, կային և երկու հասակավոր ապուշներ Էլդրեջի գժանոցից, և հինգ-վեց երեխաներ ու մանուկներ, որոնք ծնվել էին արդեն Սանտա-Ռոսա ցեղի ստեղծումից հետո։ Կար և Բերթան։ Նա լավ կին էր, Նապաստակի Շրթունք, թեև քո հայրը վատաբանում էր նրան։ Ես նրան վերցրի որպես կին։ Նա քո հոր մայրն էր, Էդվին, և քո՝ Հոու-Հոու։ Իսկ մեր աղջիկը՝ Վերան, ամուսնացավ Նապաստակի Շրթունքի հոր՝ Սենդոուի հետ, որը Վեստա Վան Ուորդենի և Շոֆերի ավագ որդին էր։
Եվ այսպես ես դարձա Սանտա-Ռոսա ցեղի տասնիններորդ անդամը։ Ինձանից հետո ցեղին միացան միայն երկու օտարներ։ Մեկը Մանգերսոնն էր, որ սերում էր Մագնատներից, հարավ գալուց ու մեզ միանալուց առաջ ութ տարի նա միայնակ թափառել էր Հյուսիսային Կալիֆորնիայի անտառներում։ Այդ նա էր, որ ստիպված եղավ տասներկու տարի սպասել, մինչև որ մեծանա իմ աղջիկը՝ Մերին, որպեսզի ամուսնանա նրա հետ։ Մյուսը՝ Ջոնսոնն էր. այն մարդը, որը հիմնեց Յութ ցեղը։ Յութը այն վայրն էր, որտեղից նա եկավ, մի երկիր, որը գտնվում էր այստեղից շատ հեռու, անծայրածիր անապատներից այն կողմը, արևելքում։ Նա Կալիֆորնիա հասավ համաճարակից քսանյոթ տարի հետո։ Ջոնսոնը պատմում էր, որ Յութում կենդանի մնացին միայն երեք հոգի, այդ թվում նաև ինքը, և բոլորն էլ տղամարդիկ։ Երկար տարիներ նրանք միասին ապրում և որս էին անում, մինչև վերջապես ընկան հուսահատության մեջ և վախենալով, որ իրենց մահով մարդկային ցեղը կդադարի երկրի վրա գոյություն ունենալուց, նրանք շարժվեցին դեպի արևելք, հույս ունենալով, թե Կալիֆորնիայում կանայք կգտնեն։ Միայն Ջոնսոնին հաջողվեց կտրել անցնել մեծ անապատը, որտեղ նրա ուղեկիցները մեռան։ Նա քառասուն տարեկան էր, երբ միացավ մեզ, և ամուսնացավ Այսիդորայի և Հեյլի չորրորդ աղջկա, իսկ նրա ավագ որդին՝ քո հորաքրոջ հետ, Նապաստակի Շրթունք, Վեստայի ու Շոֆերի երրորդ աղջկա հետ։ Ջոնսոնը ուժեղ կամքի տեր մարդ էր։ Հենց դրա համար էլ նա անջատվեց Սանտա-Ռոսայից և Սան-Հոսում ստեղծեց Յութ ցեղը։ Դա մի շատ փոքր ցեղ է՝ ընդամենը ինը հոգի։ Ջոնսոնը մեռած է, բայց իր ունեցած հեղինակությունը և սերնդի ուժն այնպիսին են, որ Յութ ցեղը կդառնա ուժեղ ցեղ և առաջատար դեր կխաղա երկրագնդի քաղաքակրթության վերածնման գործում։
Մեզ հայտնի են միայն երկու ցեղ ևս՝ Լոս-Անջելոսի ու Քարմելիտոյի ցեղերը։ Վերջիններս սերում են մի տղամարդուց ու մի կնոջից։ Տղամարդու անունը Լոպեզ էր. նրա մաշկը թխագույն էր, որովհետև հեռավոր նախնիները հին մեքսիկացիներ էին։ Նա, Քարմելից այն կողմը, անասնապահական ռանչոյում հովիվ էր, իսկ կինը աղախին էր Դել-Մոնտեի մեծ հյուրանոցում։ Յոթ տարի մենք ոչինչ չգիտեինք Լոս-Անջելոսների գոյության մասին։ Նրանց տեղը լավ տեղ է, բայց սաստիկ շոգ է։ Ենթադրում եմ, որ երկրի այժմյան բնակչությունը կազմում է երեք հարյուրից չորս հարյուր հոգի, եթե, իհարկե, մի որևէ այլ տեղ ուրիշ փոքր ցեղեր էլ դեռ չեն ապրում։ Այն օրվանից, ինչ Ջոնսոնը անապատն անցավ և Յութից եկավ մեզ մոտ, մենք ոչ արևելքից լուր ունենք, ոչ էլ ուրիշ վայրերից։ Այն հսկայական աշխարհը, որը ես գիտեի իմ մանկության ու պատանեկության տարիներին, անհետացել էր։ Այն դադարեց գոյություն ունենալուց։ Ես վերջին մարդն եմ, որ կենդանի մնաց համաճարակի օրերին, և միայն ինձ են հայտնի վաղուց չքացած աշխարհի հրաշալիքները։ Մարդիկ, որոնք տիրում էին մոլորակին, նրա հողերին, ծովերին և երկնքին, մարդիկ, որոնք ամենազոր էին աստվածների պես, այժմ Կալիֆորնիայի գետերի ափերին ապրում են վայրենու կենցաղով։
Բայց մենք աճում ենք արագությամբ, օրինակ, քո քույրը, Նապաստակի Շրթունք, արդեն չորս երեխա ունի, մենք բազմանում ենք արագ թափով ու պատրաստվում ենք նորից բարձրանալ քաղաքակրթության կատարները։ ժամանակ կգա, երբ բնակչության խիստ աճը կստիպի մարդկանց տարածվել, և կարելի է սպասել, որ մի քանի հարյուր սերունդներ հետո մեր ժառանգները աստիճանաբար կանցնեն Սիերրա-Նևադայի վրայով և յուրաքանչյուր նոր սերնդի հետ միասին մեր մեծ մայրցամաքով առաջ կշարժվեն արևելք, բնակություն հաստատելով նոր հողամասերում, կսկսվի արիական ժողովուրդների նոր գաղթը։
Բայց դա տեղի կունենա դանդաղ, շատ դանդաղ․ չափազանց շատ բան ունենք անելու։ Դեպքերը մեզ շատ ետ շպրտեցին։ Գոնե մեկ ֆիզիկոս կամ քիմիկոս կենդանի մնար։ Բայց նրանք ոչնչացան, իսկ մենք մոռացել ենք այն ամենը, ինչ գիտեինք։ Շոֆերը, ճիշտ է, սկսեց երկաթ մշակել։ Նա դարբնոցային մի քուրա պատրաստեց, որից մենք մինչև օրս օգտվում ենք։ Բայց նա ծույլ էր, ու երբ մեռավ, իր հետ գերեզման տարավ այն ամենը, ինչ գիտեր մետաղների և մեքենաների մասին։ Իսկ ես որտեղի՞ց իմանայի այդ ամենի մասին։ Իմ գործը դասական փիլիսոփայությունն էր և ոչ թե քիմիան։ Մյուս ողջ մնացածները կրթություն չունեին։ Շոֆերը միայն երկու բան մեզ սովորեցրեց՝ կրակե հեղուկ եփել և ծխախոտ մշակել։ Եվ մի անգամ հարբած ժամանակ նա սպանեց Վեստային։ Համոզված եմ, որ նա Վեստային սպանեց հարբած դաժանության նոպայի ժամանակ, թեև միշտ պնդում էր, որ Վեստան ընկավ լիճն ու խեղդվեց։
Թոռնիկներս, խորհուրդ եմ տալիս զգուշանալ հեքիմներից։ Նրանք իրենց անվանում են բժիշկներ՝ ստորացնելով երբեմնի ազնիվ զբաղմունքը, բայց իրականում նրանք հեքիմներ են, շամաններ, խաբեբաներ են ու շառլատաններ։ Իսկ մենք այնքան ենք ընկել ու հետադիմել, որ հավատում ենք նրանց հերյուրանքներին։ Նրանք ևս կշատանան, ինչպես և մենք, և կփորձեն մեզ իրենց ենթարկել։ Բայց նրանք խաբեբաներ ու շառլատաններ են։ Նայեցեք, օրինակ, Շիլ-Աչքին, որն իրեն անվանում է բժիշկ, վաճառում է դեղորայք հիվանդությունների դեմ, խոստանում է հաջող որս, բարենպաստ եղանակ՝ լավ միս և մորթի հայթայթելու համար, ուղարկում է մահվան գավազան, կատարում է հազար ու մի գարշելի բաներ։ Նա ասում է, որ ամեն ինչ կարող է անել, իսկ ես պնդում եմ, որ նա ստում է։ Ես՝ պրոֆեսոր Սմիթս, պրոֆեսոր Ջեյմս Հովարդ Սմիթս, ասում եմ, որ նա ստում է։ Այդ ասել եմ նրա երեսին։ Ինչո՞ւ ինձ էլ չուղարկեց մահվան գավազանը։ Որովհետև գիտե, որ իր անեծքները ինձ վրա չեն ազդում։ Իսկ դու, Նապաստակի Շրթունք, այնքան ես խրվել նախապաշարումների մեջ, որ անպայման կմեռնես, եթե գիշերը հանկարծ արթնանաս ու կողքիդ գտնես մահվան գավազանը։ Եվ դու կմեռնես ոչ թե այդ գավազանի ինչ-որ առանձնահատուկ հատկություններից, այլ այն բանից, որ դու վայրենի ես, տգետ, խավարամիտ վայրենի։
Հեքիմներին հարկավոր է ոչնչացնել և նորից հայտնաբերել այն գիտելիքները, որոնք մարդիկ կորցրին։ Ուստի լրջորեն կրկնում եմ որոշ բաներ, ինչ դուք պետք է հիշեք և հաղորդեք ձեր երեխաներին։ Դուք պետք է պատմեք նրանց, որ երբ կրակը տաքացնում է ջուրը, նրա մեջ առաջանում է մի զարմանալի բան, որ կոչվում է գոլորշի. գոլորշին շատ ավելի ուժեղ է, քան տասը հազար մարդը, և կարող է նրանց փոխարեն կատարել ամբողջ աշխատանքը։ Կան և այլ օգտակար բաներ։ Կայծակի փայլատակման մեջ թաքնվում է մարդու համար նույնպիսի ուժեղ ծառա վաղեմի ստրուկը, որը մի օր դարձյալ պետք է դառնա նրա ստրուկը։
Բոլորովին այլ բան է այբուբենը։ Նա ինձ օգնում է իմանալ փոքրիկ նշանների իմաստը, մինչդեռ դուք՝ տղաներդ, գիտեք միայն կոպիտ պատկերագրական գրությունը։ Տելեգրաֆ Հիլլի չոր քարանձավում, ուր ես հաճախ գնում եմ, երբ մեր ցեղը իջնում է դեպի ծովը, բազմաթիվ գրքեր եմ թաքցրել։ Նրանց մեջ կա մեծ իմաստություն։ Հենց այնտեղ էլ դրել եմ այբուբենի բանալին, այնպես որ նա, ով ծանոթ է պատկերագրական գրությանը, կարող է և կարդալ։ Կգա ժամանակը, որ մարդիկ նորից կկարողանան կարդալ, և, եթե քարանձավին ոչինչ չպատահի, նրանք կիմանան, որ մի ժամանակ ապրելիս է եղել պրոֆեսոր Ջեյմս Հովարդ Սմիթը, որը նրանց համար պահպանեց նախնիների իմաստությունը։ Մի խորամանկ նյութ էլ գոյություն ուներ, որ մարդիկ անխուսափելիորեն նորից կհայտնաբերեն։ Այն կոչվում է վառոդ։ Վառոդի օգնությամբ մենք հաստատապես սպանում էինք և այն էլ մեծ տարածությունների վրա։ Հողի մեջ եղած մի քանի նյութերը որոշ հարաբերությամբ խառնում են իրար և ստացվում է վառոդ։ Թե ինչ նյութեր են դրանք, ես մոռացել եմ, և գուցե երբեք էլ չեմ իմացել։ Շատ եմ ափսոսում, որ չգիտեմ։ Եթե իմանայի, կպատրաստեի վառոդ և անպայման կսպանեի Շիլ-Աչքին ու մարդկանց կազատեի սնահավատությունից։
— Երբ մեծանամ, ես Շիլ-Աչքին կտամ բոլոր այծերը, կտամ նաև մորթի ու սիմ, որպեսզի նա սովորեցնի ինձ բժիշկ դառնալ,— հայտարարեց Հոու-Հոուն։— Եվ այն ժամանակ բոլորը կհարգեն և կլսեն ինձ։ Մարգիկ կխոնարհվեն իմ առաշ։
Ծերունին տխրությամբ գլուխն օրորեց և փնթփնթաց․
— Տարօրինակ է, երբ արիական խոսակցության բարդ ձևերի մնացորդներն ու հետքերը լսում ես գազանի մորթի հագած կեղտոտ, փոքր վայրենու բերանից։ Աշխարհը տակնուվրա եղավ։ Եվ տակնուվրա եղավ ժանտախտի պատճառով։
— Իսկ ես քեզ չեմ լսի,— հպարտությամբ ասաց Նապաստակի Շրթունքը ապագա հեքիմին։— Ես կվճարեմ քեզ, որ դու մահվան գավազան ուղարկես մեկնումեկին, և եթե նա չմեռնի, ես քեզ կսպանեմ. հասկացա՞ր, Հոու-Հհոու։
— Իսկ ես այնպես կանեմ, որ պապը վերհիշի այն նյութը, որից վառոդ էին պատրաստում,— ցածրաձայն ասաց Էդվինը,— և այն ժամանակ ես բոլորիդ կենթարկեմ ինձ։— Դու, Նապաստակի Շրթունք, կկռվես և միս կհայթայթես ինձ համար, իսկ դու, Հոու-Հոու, մահվան գավազան կուղարկես և կստիպես մարդկանց, որ վախենան ինձանից։ Եվ եթե Նապաստակի Շրթունքն աշխատի սպանել քեզ, Հոու-Հոու, ես կոչնչացնեմ նրան նույն այդ վառոդով։ Ոչ, պապը այնքան հիմար չէ, ինչպես կարծում եք, և ես կլսեմ նրա պատմածները ու մի օր կդառնամ ձեր բոլորի գլխավորը։
Ծերունին տխրությամբ գլուխն օրորեց և ասաց.
— Վառոդ անպայման կհնարեն։ Դա անխուսափելի է։ Պատմությունը կրկնվում է նորից ու նորից։ Մարդիկ կբազմանան և կկռվեն։ Վառոդի օգնությամբ նրանք կսկսեն սպանել միլիոնավոր մարդկանց, և միայն այդպես, կրակով ու արյունով, հեռավոր ապագայում կառաջանա նոր քաղաքակրթություն։ Բայց ի՞նչ օգուտ։ Ինչպես որ կործանվեց նախկին քաղաքակրթությունը, այնպես էլ կկործանվի նորը։ Գուցե դրա համար հարկավոր լինի հիսուն հազար տարի, բայց այն կկործանվի։ Ամեն ինչ կործանվում, անցնում է։ Չեն անհետանա միայն տիեզերական ուժն ու մատերիան, որոնք շարունակ շարժման մեջ են և գործում ու ստեղծում են երեք հավերժական տիպեր՝ քահանա, զինվոր ու թագավոր։ Մանուկների բերանով խոսում է դարերի իմաստությունը։ Ոմանք կկռվեն, ոմանք կկառավարեն, ոմանք էլ կաղոթեն, իսկ մնացածները կաշխատեն ու կտանջվեն, և նրանց արյունաթոր դիակների վրա նորից ու նորից կբարձրանա այն հիասքանչ, չքնաղ գեղեցկության շենքը, որը կոչվում է քաղաքակիրթ պետություն։ Այն կաճի, նույնիսկ եթե քարանձավում թաքցրած գրքերը ես ոչնչացնեմ, մարդիկ, միևնույն է, կհայտնաբերեն հին ճշմարտությունները, կսկսեն գլուխ խոնարհել հին կեղծիքին և այն սովորեցնել իրենց երեխաներին։ Ի՞նչ միտք ունի․․․
Նապաստակի Շրթունքը տեղից վեր թռավ, շտապ նայեց արածող այծերին, ապա մայր մտնող արևին։
— Ծերունին օրեցօր շատախոս է դառնում,— ասաց նա Էդվինին։— Գնանք կացարան։
Հոու-Հոուն և Նապաստակի Շրթունքը կանչեցին շներին, հավաքեցին այծերի հոտը և քշեցին դեպի անտառի կածանը, իսկ Էդվինը մնաց ծերունու հետ և օգնեց նրան, որ քայլի նույն ուղղությամբ։ Երբ հասան երկաթուղային թմբին, Էդվինը հանկարծ կանգ առավ և ետ նայեց։ Նապաստակի Շրթունքը և Հոու-Հոուն այծերի ու շների հետ առաջ գնացին։ Էդվինը նայեց վայրի ձիերին, որ բլուրներից իջել էին ավազոտ ափը։ Երամակը բաղկացած էր երկու տասնյակ քուռակներից, մեկ տարեկան ձիերից և զամբիկներից, իսկ հենց ջրի մոտ, ալեբախության փրփուրի մեջ, կանգնած էր մի հիանալի հովատակ, որը, պարանոցը պարզած և փայլուն վայրի աչքերը հառած, հոտոտում էր ծովի աղի բուրմունքը։
— Ի՞նչ կա,— հարցրեց պապը։
— Ձիեր են,— պատասխանեց տղան։— Առաջին անգամ եմ նրանց ափին տեսնում։ Սարերում կատվառյուծները շատացել են և ձիերին քշում են այստեղ։
Դեպի ամպերի անկարգ շղթայով պատած հորիզոնը թեքվող արևի կարմիր ճառագայթները հովհարի պես տարածվում էին երկնքում։ Իսկ ափին զարնվող ալիքների ճերմակ փրփուրի միջից ծովառյուծները սողալով բարձրանում էին սև ժայռերի բեկորների վրա, խաղ էին անում, կռվում էին, սիրում ու երգում էին իրենց երգը, ինչպես և հազարավոր տարիներ առաջ։
— Գնանք, պապ,— ձայն տվեց Էդվինը։
Եվ մորթի հագած ծերուկն ու տղան շուռ եկան ու սկսեցին այծերի հետևից քայլել երկաթուղու կողքով դեպի անտառի կողմը։