Chapter 5
V
Երկու օր ես թաքնվում էի մի հաճելի պուրակում, որտեղ չէր հասել մահվան շունչը։ Այդ երկու օրը ընկճված վիճակում էի և համոզված էի, որ կարող է հասնել նաև իմ հերթը։ Չնայած դրան, ես հանգստանում և ուժ էի հավաքում։ Հանգստանում և ուժ էր հավաքում նաև պոնին։ Երրորդ օրը մոտս մնացած պահածոների չնչին պաշարը բարձեցի պոնիին և ճանապարհ ընկա բոլորովին ամայացած երկրով։ Ոչ մի կենդանի տղամարդու, կնոջ կամ երեխայի չհանդիպեցի, բայց մեռածներ կային ամեն տեղ։ Ուտելիքը, սակայն, առատ էր։ Հողն այժմ այնպես չէ, ինչպես առաջ էր։ Այն ժամանակ հողը մաքրում էին ծառերից ու թփերից և մշակում էին։ Միլիոնավոր բերաններ կերակրելու ընդունակ ուտելիքն աճում, հասնում էր ու փչանում։ Դաշտերում ու այգիներում ես հավաքում էի բանջարեղեն, պտուղներ և հատապտուղներ։ Ամայացած ֆերմաներում հավաքում էի ձվեր, որսում էի հավեր։ Մառաններում հաճախ գտնում էի պահածոների պաշարներ։
Զարմանալի փոփոխություններ էին կատարվում նաև ընտանի կենդանիների մեջ։ Ամենուրեք նրանք վայրենանում ու սկսում էին իրար հոշոտել։ Առաջին հերթին ոչնչանում էին հավերն ու բադերը, մինչդեռ խոզերը առաջինը վայրի դարձան, իսկ նրանց հետևեցին նաև կատուներր։ Շներն էլ արագորեն հարմարվեցին գոյության փոփոխված պայմաններին։ Նրանք բազմացել էին սարսափելի կերպով, լափում էին դիակներ, գիշերները հաչում ու ոռնում էին, իսկ ցերեկները գաղտագողի թափառում էին դեսուդեն հեռավոր վայրերում։ Բայց ժամանակի ընթացքում ես փովախություն նկատեցի նրանց սովորությունների մեջ ևս։ Շները սկզբում իրենց հեռու էին պահում միմյանցից, իրար վրա նայում էին խեթ-խեթ հայացքով և միշտ կռվի պատրաստ վիճակում։ Բայց շատ շուտով նրանք սկսեցին ոհմակներ կազմել։ Շունը միշտ էլ հասարակական կենդանի է եղել, նույնիսկ ձեռնասուն դառնալուց առաջ։ ժանտախտից առաջ, աշխարհի կործանման նախօրյակին, կային շների շատ ու շատ տեսակներ․ կային շներ, որ կարճ մազեր ունեին, կային, որ բրդոտ էին, կային և այնքան փոքր շներ, որ համարյա մի բերանի պատառ կլինեին մյուս շների համար, որ կատվառյուծի չափ խոշոր էին։ Եվ այսպես, փոքր ու թույլ շները հոշոտվում էին իրենց ցեղակիցների կողմից։ Կային շատ խոշորներ, որոնք սովոր չէին վայրի կյանքին և այլասերվեցին։ Տեսակների մեջ եղած ցեղական տարբերությունները վերացան, մնացել են միայն ոհմակներով թափառող միջին մեծության գայլատիպ շներ, որոնց դուք տեսնում եք։
— Բայց կատուները ոհմակներով չեն թափառում,— առարկեց Հոու-Հոուն։
— Կատուն երբեք հասարակական կենդանի չի եղել։ Կատուն շրջել է ինքն իր համար, ինչպես գրել է մի հեղինակ տասնիններորդ դարում։ Նա միշտ էլ շրջել է ինքն իր համար, թե այն ժամանակ, երբ ձեռնասուն չէր դարձել, թե հետո, երբ դարեր շարունակ նրան ընտելացնում էին, և թե այժմ, երբ նա նորից վայրի կենդանի է դարձել։
Ձիերը նույնպես վայրենացան, և մարդու ձեռքով աճեցրած բոլոր հիանալի ցեղական տեսակները այլասերվելով վերածվեցին այժմյան ցածրահասակ մուստանգների։ Վայրենացան և՛ կովերը, և՛ աղավնիները, և՛ ոչխարները։ Որ մնացել են մի քանի հավեր միայն, դուք գիտեք այդ։ Բայց այժմյան հավերը բոլորովին էլ այն չեն, ինչ նախկինում։
․․․ Ես, կարծես, շեղվեցի... Առաջ էի շարժվում ամայի երկրով։ Ժամանակը սահում էր, և ես սկսեցի կարոտել մարդկանց։ Բայց ոչ ոքի չէի հանդիպում, և իմ մենակությունն ավելի ու ավելի զգալի էր դառնում։ Կտրեցի անցա Լիվերմոյի հովիտը և Սան-Ջոակինյան մեծ հովիտը իրարից բաժանող լեռնաշղթան։ Դուք երբեք չեք տեսել այդ հովիտը, բայց այն շատ մեծ է և այնտեղ ապրում են վայրի ձիեր։ Նրանք ման են գալիս խոշոր երամակներով, հազարներով և տասնյակ հազարներով։ Ինքս եմ տեսել նրանց, երբ այնտեղ եղա մի անգամ ևս երեսուն տարի հետո։ Հիմա, այստեղ, առափնյա ձորերում, վայրի ձիեր շատ կան, բայց դրանց չի էլ կարելի համեմատել Սան-Ջոակինում եղածների հետ։ Եվ մի տարօրինակ բան ևս, վայրենացած կովերը տեղափոխվեցին լեռնալանջերը։ Այնտեղ, երևի, նրանք ավելի լավ էին պաշտպանվում թշնամիներից։
Գյուղական վայրերում կողոպտիչներն ու ավազակները ավելի քիչ անկարգություններ էին անում, քան քաղաքներում, քանզի ես հանդիպեցի շատ գյուղերի և փոքր քաղաքների, որոնք զերծ էին մնացել հրդեհից։ Բայց դրանք լիքն էին վարակ տարածող դիակներով, և ես քայլում էի առանց կանգ առնելու։ Լեյթրոփի մոտ վերցրի երկու շոթլանդական գամփռ շուն, որոնք ազատ լինելուց այնքան ետ էին սովորել, որ ուրախությամբ վերադարձան և նորից ենթարկվեցին մարդուն։ Այդ գամփռները երկար տարիներ ինձ համար դարձան հավատարիմ ուղեկիցներ, և նրանց բնավորության գծերը կան նույնիսկ ձեր շների մոտ, տղաներ։ Բայց այդ ցեղական տեսակը վաթսուն տարվա մեջ բոլորովին վերացավ։ Այս շները ավելի շուտ ընաելացված գայլեր են։
Նապաստակի Շրթունքը, որ հոգնել էր ծերունու շատախոսությունից, տեղից վեր կացավ, նայեց այծերի հոտին, հետո որոշեց արևի դիրքը երկնքում։ Էդվինը ծերունուն խնդրեց շուտ վերջացնել, և նա շարունակեց.
— Շատ քիչ բան է մնացել ասելու։ Ձիով, որը ինձ հաջողվեց բռնել, և երկու գամփռների ու պոնիի ուղեկցությամբ կտրեցի անցա Սան-Ջոակինը և ուղղություն վերցրի դեպի Յոսեմիթի սքանչելի հովիտը, որը գտնվում է Սիերրա-Նևադայի լեռներում։ Այստեղ հյուրանոցում ես գտա պահածոների մեծ պաշար։ Բացի այդ, շրջապատում շատ էին հյութալի արոտավայրերը, որսալու շատ բան կար, և հովտով հոսող գետը լի էր իշխան ձկներով։ Երեք տարի ապրեցի այդտեղ կատարյալ մենակության մեջ։ Թե դա ինչ է նշանակում, կարող է հասկանալ միայն քաղաքակրթված մարդը։ Հետո այլևս չդիմացա։ Զգում էի, որ կխելագարվեմ։ Մարդը, ինչպես և շունը, հասարակական կենդանի է, նա չի կարող մենակ ապրել։ Եթե ես կենդանի եմ մնացել, ուրեմն հնարավոր է, որ կենդանի մնացած լինեն և ուրիշ մարդիկ, դատում էի ես։ Բացի այդ, երեք տարվա մեջ ժանտախտի մանրէները երևի ոչնչացել էին, և երկիրը նորից մաքրվել էր վարակից։
Ձի հեծած, գամփռների ու պոնիի ուղեկցությամբ, բռնեցի վերադարձի ճանապարհը։ Նորից կտրեցի անցա Սան-Ջոակինը, անցա լեռնաշարքը, իջա Լիվերմորի հովիտը։ Այդ երեք տարվա մեջ կատարված փոփոխությունները ապշեցուցիչ էին։ Բոլոր հողերը հրաշալի մշակված էին, ծածկված մարդու ձեռքով ցանած բանջարեղենով, և ես հազիվ կարողացա ճանաչել այդ վայրերը։ Հասկանո՞ւմ եք, ցորենը, բանջարեղենը և պտղատու ծառերը միշտ խնամվել ու աճեցվել էին մարդու ձեռքով, այնպես որ դրանք քնքուշ էին ու նուրբ։ Մարդը միշտ էլ պայքարել է մոլախոտերի, վայրի թփերի ու նման բաների դեմ, որոնք միշտ էլ դիմադրել ու դժվարությամբ են տեղի տվել։ Եվ ահա, երբ մարդիկ դադարեցին հողը մշակելուց, վայրի բուսականությունը խեղդեց ու ոչնչացրեց բոլոր կուլտուրական բույսերը։ Բազմացան կոյոտները, և այստեղ ես առաջին անգամ հանդիպեցի գայլերին․ զույգերով, երեք-երեք, փոքր ոհմակներով նրանք իջնում էին բլուրներից, որտեղ ապրում էին նախկինում։
Թեմեսկալ լճի մոտ, ոչ հեռու այն վայրից, որտեղ մի Ժամանակ փռված էր Օքլենդ քաղաքը, ես հանդիպեցի առաջին կենդանի մարդկանց։ Օ՛հ, թոռնիկներ, ինչպես նկարագրեմ իմ հուզմունքը, երբ բլրից ձիով դեպի լիճը իջնելիս, ես տեսա ծառերի միջից բարձրացող խարույկների ծուխը։ Սիրտս գրեթե կանգ առավ։ Կարծում էի, որ ուրախությունից կխելագարվեմ։ Հետո լսեցի մանկան լացի ձայն, պատկերացնո՞ւմ եք, կենդանի մանկան լացի ձայն։ Շները սկսեցին հաչել, հաչեցին նաև իմ գամփռները։ Համոզված էի, որ ես ժանտախտից փրկված միակ ողջ մարդն եմ աշխարհում։ Չէի կարողանում հավատալ ծխին և մանկան լացին։
Եվ հանկարծ այնտեղ, լճի ափին, ինձանից մոտ հարյուր ֆուտ հեռու, տեսա մի հաղթանդամ տղամարդ։ Նա կանգնած էր ջրի միջից դուրս ցցված քարի վրա և ձուկ էր որսում։ Չկարողացա հաղթահարել հուզմունքս։ Կանգնեցրի ձին։ Ուզեցի կանչել, բայց չկարողացա։ Ձեռքով նշան արեցի։ Թվաց, թե մարդը նայեց իմ կողմը, բայց ի պատասխան ոչինչ չարեց։ Հենց ձիու վրա նստած գլուխս կախ գցեցի ու աչքերս փակեցի։ Վախենում էի նորից նայել այն կողմը, որովհետև գիտեի, որ դա միայն պատրանք է, եթե նայեի, մարդը կանհետանար։ Այդ տեսիլքն այնքան թանկ էր ինձ համար։ Չէի ուզում, որ անէանա։ Ու ես գիտեի, որ այն չի չքանա, քանի դեռ աչքերս չեմ բացել։
Եվ գլուխս կախ գցած այդպես նստած էի, մինչև որ լսեցի շների գռմռոցն ու տղամարդու ձայնը։ Ի՞նչ եք կարծում, ձայնը ի՞նչ ասաց։ Կասեմ ձեզ։ Նա ասաց․ «Որտեղի՞ց լույս աշխարհ ընկաք, գրողը տանի»։
Ահա այս խոսքերով, քո երկրորդ պապը, Նապաստակի Շրթունք, ինձ ողջունեց Թեմեսկալ լճի ափին հիսունյոթ տարի առաջ։ Ոչ, դա պատմելու բան չէ։ Բաց արի աչքերս՝ իմ առջև կանգնած էր հաղթանդամ, թխադեմ, մազակալած դեմքով մի մարդ, որն ուներ վիթխարի ծնոտ, նեղ ճակատ և կատաղած աչքեր։ Թե ինչպես ներքև ցատկեցի ձիուց՝ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ հետևյալ ակնթարթում երկու ձեռքով բռնեցի նրա ձեռքը և սկսեցի լաց լինել։ Ես կգրկեի նրան, բայց նա մռայլ ու կասկածամիտ մարդ էր, և ետ քաշվեց։ Բայց և այնպես, առանց նրա ձեռքը բաց թողնելու, ես լաց եղա։
Պապի ձայնը դողաց, կտրվեց հորդացող հիշողություններից, այտերով ցած գլորվեցին ծերունական արցունքներ, իսկ տղաները նայում էին ու ծիծաղում։
— Այո, լաց եղա,— շարունակեց նա,— ուզում էի գրկել նրան, թեև Շոֆերը գազան, կատարյալ գազան էր. ես այդպիսի մի գարշելի մարդու դեռ չէի հանդիպել։ Նրա անունը... տարօրինակ բան է, մոռացել եմ անունը։ Բայց բոլորն էլ նրան Շոֆեր էին կոչում։ Այդպես կոչվում էր նրա արհեստը։ Ահա թե ինչու այն ցեղը, որը նա հիմնեց, մինչև օրս կոչվում է Շոֆերի ցեղ։
Նա չար ու անազնիվ մարդ էր։ Ջեմ կարողանում հասկանալ, թե ինչու ժանտախտը նրան խնայեց։ Չնայած բացարձակ արդարության մասին ունեցած մեր բոլոր մետաֆիզիկական պատկերացումներին, աշխարհում, թվում է, թե ոչ մի արդարություն չկա։ Ինչո՞ւ հենց նա կենդանի մնաց՝ այդ բարոյական այլանդակը, կեղտոտ բիծը բնության երեսին, այդ բիրտ, անխիղճ և խարդախ խաբեբան։ Նա կարող էր խոսել միայն ավտոմեքենաների, շարժիչների, բենզինի, ավտոկայանների մասին և հատկապես մեծ բավականությամբ պատմում էր, թե ինչպես ստորաբար խաբում և լկտիաբար կողոպտում էր մարդկանց, որոնց մոտ նա ծառայել էր ժանտախտից առաջ։ Եվ, այնուամենայնիվ, նա կենդանի մնաց, մինչդեռ հարյուրավոր միլիոններ, միլիարդներ, որ նրանից ավելի լավ էին, ոչնչացան։
Շոֆերի հետ գնացի նրա կացարանը։ Հենց այդտեղ էլ ես տեսա Վեստային, նույն այն Վեստային։ Դա հիանալի էր և խղճալի։ Դա Վեստա Վան Ուորդենն էր, Ջոն Վան Ուորդենի երիտասարդ կինը, որ ցնցոտիներ հագած, հակվել էր խարույկի վրա և կոշտուկներով ու քերծվածքներով ծածկված ձեռքերով խառնում էր ինչ-որ ջրալի կերակուր. հենց այն Վեստան, որին ծնված օրից վիճակված էր ամենամեծ կարողության տեր դառնալ մարդկային պատմության մեշ։ Ջոն Վան Ուորդենը՝ նրա ամուսինը, որ արժեր մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն դոլլար, հանդիսանում էր Արդյունաբերական Մագնատների Վարչության Պրեզիդենտը և կառավարում էր Ամերիկան։ Բացի այդ, լինելով Վերահսկողության Միջազգային Կոմիտեի անդամ, նա այն յոթ մարդկանցից մեկն էր, որ կառավարում էին աշխարհը։ Ասենք, ինքը՝ Վեստան էլ, նույնպիսի մի ազնվաբարո ընտանիքից էր սերում։ Նրա հայրը՝ Ֆիլիպ Սեքսոնը, մինչև իր մահը հանդիսանում էր Արդյունաբերական Մագնատների Վարչության Պրեզիդենտ։ Այդ պաշտոնն արդեն Ժառանգական էր դառնում, և, եթե Ֆիլիպ Սեքսոնը որդի ունենար, նա կդառնար ժառանդորդ։ Բայց նրա միակ երեխան Վեստան էր՝ ամենաբարձր կուլտուրայի այն կատարյալ ծաղիկը, որը երբևէ ծնել էր մեր մոլորակը։ Երբ հայտարարվեց Վեստայի ու Վան Ուորդենի նշանադրությունը, Սեքսոնը ավագ փեսային նշանակեց իր ժառանգորդը։ Դա, իհարկե, քաղաքական ամուսնություն էր։ Հիմք ունեմ հավատալու, որ Վեստան իր ամուսնուն երբեք չէր սիրում այն խելացնոր, կրքոտ սիրով, որի մասին երգում էին բանաստեղծները։ Դա ավելի շուտ նման էր այն ամուսնություններին, որոնք կնքվում էին թագակիր անձանց միջև, մինչև այն օրը, երբ իշխանությունն անցավ մագնատների ձեռքը։
Եվ ահա այդ Վեստան էր, որ թուջե մրածածկ կաթսայի մեջ ձկնապուր էր եփում, և նրա գեղեցիկ աչքերը բորբոքված էին կսկծացնող ծխից։ Նրա պատմությունը տխուր պատմություն էր։ Նա միլիոններից ողջ մնացած միակն էր, ինչպես ես ու Շոֆերը։ Ալամեգայի բլուրների վրա, մի գեղատեսիլ վայրում, որ նայում էր դեպի Սան-Ֆրանցիսկոյի ծովախորշը, Վան Ուորդենը կառուցել էր մի շքեղ ամառային պալատ։ Տունը շրջապատված էր հազար ակր տարածություն ունեցող մի պուրակով։ Հենց այդտեղ էլ նա ուղարկեց կնոջը, երբ սկսվեց ժանտախտը։ Պուրակը պահպանում էին զինված պահակներ, դրա համար ոչ մի բան՝ ոչ մթերք, ոչ էլ նույնիսկ նամակներ, առանց ախտահանման տուն չէին ընկնում։ Բայց և այնպես, համաճարակը թափանցեց այդ պալատը, վարակելով ու սպանելով պահակակետում գտնվող պահակներին, սպասավորներին՝ աշխատանքի պահին, և ոչնչացնելով մերձավորների մի ամբողջ բանակ, գոնե նրանց, ովքեր չփախան մի այլ տեղում մեռնելու համար։ Վեստան մնաց միակ ողջ էակը ամբողջ պալատում, որը դարձել էր իսկական դիարան։
Շոֆերը նրանց այն սպասավորներից էր, ովքեր փախել էին։ Երկու ամիս հետո նա վերադարձավ և հայտնաբերեց, որ Վեստան թաքնվել է ամառային տաղավարում, որտեղ նա լիովին անվտանգության մեջ էր։ Շոֆերը վայրի գազան էր: Վեստան վախենում էր, նա փախավ ու թաքնվեց ծառերի մեջ։ Նույն գիշերը նա ոտքով փախավ դեպի սարերը, նա, ում քնքուշ ոտքերն ու նուրբ մաշկը երբեք չէին զգացել սուր քարերի ու փշերի ծակոցները։ Շոֆերը նետվեց նրա հետևից և հենց նույն գիշերը բռնեց նրան։ Նա խփեց Վեստային, կարո՞ղ եք պատկերացնել։ Ծեծեց իր սարսափելի բռունցքներով և դարձրեց իր ստրկուհին։ Վեստան ստիպված էր ցախ հավաքել, խարույկ սարքել, եփել և առհասարակ կատարել ամեն տեսակի սև աշխատանք, նա, որ կյանքում երբեք ձեռքի աշխատանք չէր կատարել։ Շոֆերը նրան ստիպում էր աշխատել, իսկ ինքը իսկական վայրենու պես փռվում էր խոտերին և նայում էր Վեստային։ Նա ոչինչ չէր անում, բացարձակապես ոչինչ, բացառությամբ այն դեպքերի, երբ գնում էր որսորդության կամ ձկնորսության։
— Եվ ճիշտ էր անում,— կիսաձայն տղաներին ասաց Նապաստակի Շրթունքը։— Հիշում եմ նրան մեռնելուց առաջ։ Շատ լավ պապիկ էր։ Ամեն ինչ վերցրել էր իր ձեռքը և ստիպում էր գործ անել: Գիտե՞ս, հայրս ամուսնացավ նրա աղջկա հետ։ Եվ մի տեսնեիք, թե ինչպես էր Շոֆերը նրան շշպռում։ Սատանայի պես չար էր։ Մենք նրա առաջ դողում էինք։ Նույնիսկ մեռնելիս վեր կացավ ու իր երկար ձեռնափայտով, որը միշտ իր մոտ էր պահում, կոտրեց գլուխս։
Նապաստակի Շրթունքը այդ հիշողությունից շփեց կլոր գլուխը, և տղաները նորից դարձան դեպի ծերունին, որը հիացմունքով գովաբանում էր Վեստային՝ Շոֆերի ցեղի հիմնադրին պատկանող կնոջը։
— Դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչպես ամեն բան դասավորվեց հրեշավոր կերպով։ Շոֆերը ծառա էր, հասկանո՞ւմ եք, հասարակ ծառա։ Նա Վեստայի շրջապատում եղած մարդկանց առաջ փորսող էր տալիս։ Իսկ Վեստան տիրուհի էր թե ի ծնե և թե ըստ ամուսնության։ Նրա փոքրիկ քնքուշ-վարդագույն ափի մեջ տեղավորվում էր Շոֆերի նման միլիոնների բախտը։ Այն օրերին, ժանտախտից առաջ, Շոֆերի պես մարդկանց հետ ամենաթեթև շփումն անգամ կարատավորեր Վեստային։ Ես դա լավ գիտեմ։ Հիշում եմ մի դեպք, որ կատարվեց միսիս Գոլդվինի՝ մագնատներից մեկի կնոջ հետ։ Ցանկանալով տրապով բարձրանալ իր սեփական դիրիժաբլը՝ նա ներքև գցեց հովանոցը։ Ծառան աններելի սխալ կատարեց՝ հովանոցը բարձրացրեց և տվեց հենց իրեն՝ միսիս Գոլդվինին՝ աշխարհի ամենահայտնի լեդիներից մեկին։ Նա սարսափահար ետ թռավ, ասես ծառան բորոտ լիներ, և քարտուղարին նշան արեց, որ հովանոցը վերցնի։ Բացի այդ, միսիս Գոլդվինը իսկույն հրամայեց իմանալ տգետի անունը և հետևել, որ նրան անմիջապես հեռացնեն աշխատանքից։ Այդպիսին էր և Վեստա Վան Ուորդենը։ Իսկ նրան Շոֆերը ծեծում էր և իր ստրկուհին դարձրեց։
... Բիլլ, հիշեցի, Շոֆեր Բիլլ։ Այդպես էր նրա անունը։ Նա մի բիրտ, բթամիտ արարած էր, որ զուրկ էր ազնվությունից, կիրթ մարդու ասպետական մեծահոգությունից։ Ոչ, բացարձակ արդարություն գոյություն չունի, այլապես կանացի այդ հրաշքը՝ Վեստա Վան Ուորդենը, նրա ձեռքը չէր ընկնի։ Դուք չեք կարող հասկանալ այդ ողբերգական վիճակը, թոռնիկներս, դուք ինքներդ էլ հասարակ, փոքրիկ վայրենիներ եք, վայրենությունից բացի ոչինչ չգիտեք։ Ինչո՞ւ Վեստան իմը չպիտի լիներ։
Ես նրբակիրթ մարդ էի՝ մեծ համալսարանի պրոֆեսոր։ Եվ չնայած դրան, Վեստան ժանտախտից առաջ այնպիսի բարձր դիրք ուներ, որ չուզեց նույնիսկ ծանոթանալ ինձ հետ։ Հիմա պատկերացրեք այն սարսափելի ստոր վիճակը, որի մեջ ընկել էր նա, դառնալով Շոֆերի կինը։ Միայն մարդկության կործանումը հնարավոր դարձրեց, որ ես ծանոթանամ նրա հետ, նայեմ աչքերին, խոսեմ հետը և դիպչեմ նրա ձեռքերին... այո և սիրեմ նրան, և իմանամ, որ նրա զգացմունքներն իմ նկատմամբ բարյացակամ էին։ Ես հիմք ունեմ հավատալու, որ նա, նույնիսկ նա, կսիրեր ինձ, որովհետև աշխարհում, բացի Շոֆերից, ուրիշ տղամարդ չկար։ Ինչո՞ւ ժանտախտը, ոչնչացնելով ութ միլիարդ մարդ, չսպանեց մեկին ևս՝ Շոֆերին։ Մի անգամ, երբ Շոֆերը գնաց ձուկ որսալու, Վեստան խնդրեց, որ սպանեմ նրան։ Արցունքն աչքերին աղերսում էր սպանել նրան։ Բայց Շոֆերը շատ ուժեղ ու կատաղած մարդ էր, և ես վախենում էի նրանից։ Հհետո, ճիշտ է, խոսեցի նրա հետ։ Ես նրան առաջարկեցի իմ ձին, պոնին, գամփռները, այն ամենը, ինչ ունեի, միայն թե ինձ տար Վեստային։ Բայց նա միայն ծիծաղեց երեսիս և օրորեց գլուխը։ Նա վիրավորում էր ինձ։ Շոֆերը հայտարարեց, որ ինքը առաջներում ծառա է եղել, եղել է ոտքի ցեխ ինձ ու Վեստայի նմանների համար, իսկ հիմա երկրի ամենահայտնի կինը ծառայում է իրեն, ճաշ է եփում ու խնամում իր լակոտներին։ «Ձեր ժամանակները մինչև ժանտախտն էր,— ասաց նա,— իսկ հիմա իմ ժամանակն է, և այն էլ շատ լավ ժամանակ։ Ոչ մի գնով չեմ համաձայնվի, որ անցյալը վերադառնա»։ Այդպես նա ասաց, թեև ոչ այդ բառերով։ Նա անկիրթ, ստոր մարդ էր, նրա բերանից շարունակ դուրս էին թռչում գարշելի լուտանքներ։
Եվ հետո էլ հայտնեց, որ եթե ինձ բռնի կնոջ հետ տեսնվելիս, վիզս կպոկի և կնոջն էլ մի լավ կծեծի։ Ի՞նչ պիտի անեի։ Ես վախենում էի։ Նա վայրի գազան էր։ Այն առաջին երեկոն, երբ մտա նրանց կացարանը, ես ու Վեստան երկար ժամանակ խոսում, վերհիշում էինք մեր անհետացած աշխարհը։ Խոսում էինք արվեստի, գրքերի, ոտանավորների մասին, իսկ Շոֆերը լսում էր, ծիծաղում ու ծաղրում էր մեզ։ Նա հոգնեց և ջղայնացավ մեր խոսակցությունից, որից ոչ մի բառ չէր հասկանում, ի վերջո ոտքի կանգնեց ու հայտարարեց․ «Սա Վեստա Վան Ուորդենն է, Մագնատ Վան Ուորդենի երբեմնի կինը՝ մի գոռոզ ու ամբարտավան գեղեցկուհի, որը հիմա իմ կինն է։ Այո, պրոֆեսոր Սմիթ, ժամանակները փոխվել են, շատ են փոխվել։ Հե՜յ, կին, հանիր մոքասիներս, շուտ արա։ Ես ուզում եմ, որ պրոֆեսոր Սմիթը իմանա, թե ինչպես եմ ես քեզ դաստիարակել»։
Տեսա, թե ինչպես Վեստան շրթունքները կծեց, իսկ աչքերում վառվեց ըմբոստության կրակը։ Շոֆերր վրա բերեց իր կոշտոտ բռունցքը, որ հարվածի. ես վախեցա և խիստ ազդվեցի։ Ես չէի կարող նրան հաղթել։ Ուստի վեր կացա, որ գնամ և այդպիսի ստորացուցիչ տեսարանի ականատես չլինեմ։ Բայց Շոֆերը սկսեց ծիծաղել և սպառնաց, որ կծեծի ինձ, եթե ես չմնամ և չդիտեմ։ Ստիպված նստեցի և նայեցի, թե ինչպես խարույկի մոտ, Թեմեսկալ լճի ափին, Վեստա Վան Ուորդենը ծունկ չոքեց և սկսեց այդ քմծիծաղ տվողք ծույլ, մազակալած կապկի ոտքերից մոքասիները արձակել։
․․․ Ոչ, թոռնիկներս, դուք դա չեք հասկանա։ Դուք ոչինչ չեք տեսել և ոչինչ չգիտեք։ Չեք հասկանա։
«Ե՛վ սանձին է սովոր, և՛ թամբին,— չարախինդ կերպով ծիծաղում էր Շոֆերը, քանի դեռ Վեստան կատարում էր նրա սարսափելի ու նվաստացուցիչ հրամանը։— Գիտեք, երբեմն անմիտ ձևով համառում է, պրոֆեսոր, հիմար ձևով համառում է. բայց մեկ անգամ որ խփում ես դնչին, գառան պես հեզ ու համեստ է դառնում»։ Իսկ մի ուրիշ անգամ էլ ասաց․ «Հարկավոր է ամեն ինչ սկսել սկզբից, բազմանալ և բնակչությամբ լցնել երկիրը։ Ձեր բախտը պարզապես չբերեց, պրոֆեսոր։ Դուք կին չունեք, իսկ մեզ մոտ իսկական եդեմական այգի է։ Բայց ես հպարտ չեմ, և ահա թե ինչ կասեմ ձեզ, պրոֆեսոր,— նա մատնացույց արեց փոքրիկ, մեկ տարեկանից քիչ ավելի աղջկան։— Ահա ձեզ կին, բայց պետք է սպասեք մինչև որ մեծանա։ Շատ լավ է, այնպես չէ՞։ Մենք այստեղ բոլորս էլ միատեսակ ենք, բայց ուժը իմ կողմն է։ Եվ, այդուհանդերձ, ես չեմ պարծենում. բայց դա ինձ չի սազում։ Պրոֆեսոր Սմիթ, ես ձեզ պատիվ եմ տալիս, մեծ պատիվ, երբ համաձայնում եմ, որ իմ ու Վեստա Վան Ուորդենի աղջիկը նշանվի ձեզ հետ։ Էհ, սատանան տանի, մի տեսներ Վան Ուորդենը»։