1. Ալ ժանտախտը

Chapter 2

II

Ծերունուն շոյեց այդ խնդիրքը։ Նա հազաց և սկսեց․

— Քսան-երեսուն տարի առաջ շատերն էին խնդրում պատմել Ալ ժանտախտի մասին։ Բայց այժմ դժբախտաբար, կարծես, ոչ ոքի չի հետաքրքրում․․․

— Նորից սկսեց,— տաքացած գոչեց Նապաստակի Շրթունքը։— Չե՞ս կարող հիմարություններ դուրս չտալ։ Հասկանալի խոսիր։ Ի՞նչ է նշանակում «հետաքրքրում»։ Ծծկեր երեխայի նման խոսել չես կարողանում։

— Հանգիստ թող նրան,— միջամտեց Էդվինը,— թե չէ կբարկանա և բոլորովին չի պատմի։ Թքիր այդ տարօրինակ բառերի վրա։ Որքան էլ հասկանանք, էլի բան է։

— Պատմիր, պատմիր, պապ,— խրախուսում էր Հոու-Հոուն, քանի որ ծերունին արդեն սկսել էր փնթփնթալ այն մասին, թե ինչպես չեն հարգում մեծերին, թե ինչքան դաժան են դառնում մարդիկ, երբ կործանվում է քաղաքակրթությունը, և նրանք ընկնում են նախնադարյան պայմանների մեջ։

Ծերունին սկսեց իր պատմությունը։

— Երկրի վրա այն ժամանակ շատ մարդ էր ապրում։ Միայն Սան-Ֆրանցիսկոյում կար չորս միլիոն․․․

— Իսկ ի՞նչ է նշանակում «միլիոն»,— ընդհատեց Էդվինը։

Ծերունին սիրալիր նայեց նրան։

— Գիտեմ, որ դուք տասից ավելի չեք կարողանում հաշվել, ուստի հիմա կբացատրեմ։ Ապա մեկնիր ձեռքերդ։ Ահա, տեսնո՞ւմ ես, երկու ձեռքերդ ունեն տասը մատ։ Շատ լավ։ Այժմ ես վերցնում եմ մի ավազահատիկ․․․ Բռնիր, Հոու-Հոու։— Ծերուկը ավազահատիկը դրեց տղայի ձեռքի ափի մեջ և շարունակեց։— Այս ավազահատիկը, ասենք, նշանակում է Էդվինի տասը մատը։ Ես ավելացնում եմ մի ավազահատիկ ևս՝ ուրեմն տասը մատ ևս։ Հետո ավելացնում եմ նորից, նորից և նորից, մինչև որ ավազահատիկները լինեն այնքան, որքան Էդվինի ձեռքերի մատներն են։ Դա կլինի հարյուր։ Հիշեք այդ խոսքը՝ հարյուր։ Այժմ դնում եմ փոքր քարեր Նապաստակի Շրթունքի ափի մեջ։ Դա նշանակում է տասը ավազահատիկ, կամ տասը տասական մատ, այսինքն՝ հարյուր մատ։ Ապա դնում եմ տասը փոքր քարեր։ Դրանք նշանակում են հազար մատ։ Այնուհետև վերցնում եմ մի խեցի, որ նշանակի տասը հատ քար, կամ հարյուր ավազահատիկ, կամ հազար մատ․․․

Ծերունին համբերությամբ, շարունակ կրկնելով բացատրությունը, աշխատում էր թոռներին ամենաընդհանուր պատկերացում տալ հաշվելու մասին։ Թվերի ավելացման հետ միասին ծերունին նրանց ափերին էր դնում տարբեր չափի իրեր։ Խոշոր մեծություններ նշանակող իրերը նա դնում էր գերանի վրա, միլիոններ նշանակելիս նա ընկավ նեղ դրության մեջ, որովհետև ստիպված էր վերցնել ատամները, որոնք տղաները հանել էին գանգերից, իսկ միլիարդների համար՝ խաչփառների զրահները։ Հետո նա կանգ առավ, որովհետև նկատեց, որ թոռները բացատրություններից հոգնել են։

— Ուրեմն, Սան-Ֆրանցիսկոյում ապրում էր չորս միլիոն մարդ, մի կողմ դնենք չորս ատամ։

Տղաների հայացքները դանդաղորեն գերանի վրա շարած ատամներից սահեցին իրենց ձեռքերին, ապա մանր քարերին, ավազահատիկներին և, վերջապես, Էդվինի մատներին։ Հետո նորից հայացքները սահեցին դեպի ետ վերընթաց կարգով, ջանք թափելով՝ ընկալել այդօրինակ անհասկանալի թվերը։

— Դա շատ-շատ է, պապ,— ի վերջո, անվստահորեն ասաց Էդվինը։

— Այո, շատ մարդիկ կային, ինչպես ավազահատիկները ծովափին, և ամեն մի ավազահատիկ տղամարդ է, կին է, կամ երեխա։ Այո, տղաս, և այդ բոլոր մարդիկ ապրում էին այստեղ Սան-Ֆրանցիսկոյում։ Իսկ երբ նրանք երբեմն գալիս էին այս ափը, ավելի շատ էին լինում, քան ավազահատիկները։ Ավելի շատ, անհամեմատ ավելի շատ։ Սան-Ֆրանցիսկոն համարվում էր գեղեցիկ քաղաք։ Իսկ այնտեղ, ծովախորշի մյուս կողմում, որտեղ անցյալ տարի գտնվում էր մեր կայանը, ապրում էր նույնիսկ ավելի շատ ժողովուրդ։ Ռիչմոնդ հրվանդանից սկսած մինչև Սան–Լեանդրոն, հարթավայրում և բլուրների վրա ասես փռված էր յոթ միլիոն բնակչություն ունեցող մի մեծ քաղաք։ Հասկանո՞ւմ եք։ Յոթ ատամ... Ահա այդ յոթ միլիոնը։

Եվ տղաները դարձյալ Էդվինի մատներից իրենց հայացքները փոխադրեցին գերանի վրա շարված ատամներին ու հակառակը։

— Աշխարհը լի էր մարդկանցով։ Երկրի բնակչության թիվը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում էր ութ միլիարդ մարդ, այո, այո, ութ միլիարդ՝ ութ ծովախեցգետինների զրահներ։ Այսօրվա պես չէր։ Մարդկությունն ավելի շատ բան գիտեր ուտելիք հայթայթելու մասին։ Ինչքան ավելի էր ուտելիքը, այնքան մարդիկ ավելի շատ էին ծնվում։ 1800 թվականին միայն Եվրոպայում ապրում էր հարյուր յոթանասուն միլիոն մարդ։ Հարյուր տարի հետո, մի ավազահատիկ դիր, Հոու-Հոու, 1900 թվականին այնտեղ արդեն հաշվվում էր հինգ հարյուր միլիոն, ուրեմն, հինգ ավազահատիկին, Հոու-Հոու, հարկավոր է ավելացնել մի հատ ատամ։ Դա ցույց է տալիս, թե ինչքան հեշտ էր ուտելիք հայթայթել և ինչ արագ էին մարդիկ աճում։ 2000 թվականին Եվրոպայում ապրում էր արդեն տասնհինգ հարյուր միլիոններ։ Նույն բանը կատարվում էր ամբողջ աշխարհում։ Ահա այդ ութ խաչփառների զրահները նշանակում են ութ միլիարդ մարդ, որոնք այն ժամանակ ապրում էին երկրի երեսին, երբ սկսվեց Ալ Ժանտախտը։ Այն ժամանակ ես քսանյոթ տարեկան երիտասարդ էի. ապրում էի Սան-Ֆրանցիսկոյի ծովախորշի մյուս կողմում, Բերքլիում։ Էդվին, հիշո՞ւմ ես այն քարե հսկա տները, որ տեսանք, երբ Պոնտրա-Կոստայի բլուրներից իջնում էինք ցած։ Ես ապրում էի հենց այնտեղ այն քարե տներից մեկում։ Ես անգլիական գրականության պրոֆեսոր էի։

Ծերունու ասածներից շատ բան նրա թոռների ըմբռնումից բարձր էր, և, այնուամենայնիվ, նրանք ուշադիր լսում էին՝ աշխատելով հասկանալ անցյալի դեպքերը։

— Իսկ ինչի՞ համար էին այդ քարե տները,— հարցրեց Նապաստակի Շրթունքը։

— Հիշո՞ւմ ես, թե ինչպես հայրդ քեզ լող տալ էր սովորեցնում։— Նապաստակի Շրթունքը գլխով արեց։— Եվ այսպես, Կալիֆորնիայի համալսարանում,— այդպես կոչվում էին այն քարե տները, որտեղ մենք տղաներին ու աղջիկներին սովորեցնում էինք մտածել, ճիշտ այնպես, ինչպես ես ավազահատիկների, մանր քարերի և խաչփառների զրահների օգնությամբ բացատրեցի ձեզ, թե ինչքան մարդ էր ապրում այն օրերում,— սովորելու շատ բան կար։ Տղաներն ու աղջիկները, որոնց մենք սովորեցնում էինք, կոչվում էին ուսանողներ։ Մենք ունեինք մեծ սենյակներ, որտեղ սովորեցնում էինք։ Միանգամից հավաքվում էին քառասուն-հիսուն հոգի, և ես նրանց պատմում էի ամեն տեսակի բաներ, ճիշտ այնպես, ինչպես հիմա պատմում եմ ձեզ։ Պատմում էի այն գրքերի մասին, որոնք գրված էին եղել շատ տարիներ առաջ, իսկ երբեմն էլ հենց իրենց ժամանակ․․․

— Եվ քո արածը ընդամենը դա՞ էր․ խոսում էիր, խոսում ու խոսում,— զարմացավ Հոու-Հոուն։— Իսկ ո՞վ էր հայթայթում միս, ո՞վ էր կթում այծերին, ո՞վ էր ձուկ որսում։

— Խելացի հարց է, Հոու-Հոու, խելացի հարց։ Ինչպես արդեն ասացի, ուտելիք հայթայթելն այն ժամանակներում հեշտ էր։ Մենք շատ խելացի էինք։ Սի քանի հոգի ուտելիք կարող էին հայթայթել շատերի համար։ Իսկ մնացած մարդիկ զբաղվում էին ուրիշ գործերով։ Օրինակ՝ ես, ինչպես ասացիր, միայն խոսում էի։ Խոսում էի ամբողջ ժամանակ, և դրա համար ինձ տալիս էին ուտելիք, շատ ուտելիք, հիանալի ուտելիք, ուտելիք, որ վաթսուն տարի է չեմ ճաշակել, և հազիվ թե նորից ճաշակեմ։ Գիտեք, երբեմն սկսում եմ մտածել, որ մեր հսկայական քաղաքակրթության ամենազարմանալի նվաճումը ուտելիքն էր՝ նրա անհասկանալի առատությունը, անսահման բազմազանությունը և սքանչելի համը։ Այո, տղաներ, այն օրերում կյանքն իսկական կյանք էր, և մենք ուտտւմ էինք զարմանալի համեղ բաներ։

Թոռներին այդ բանը անհասկանալի էր, և նրանք բանի տեղ չդրին, վճռեցին, որ պապը ծերությունից անհեթեթություններ է դուրս տալիս։

— Մեզ համար ուտելիք հայթայթողները կոչվում էին ազատ մարդիկ։ Բայց դա կատակ էր։ Մենք, որ պատկանում էինք իշխող դասակարգին, տիրապետում էինք հողին, մեքենաներին, ամեն ինչին։ Ուտելիք հայթայթողները մեր ստրուկներն էին։ Մենք յուրացնում էինք համարյա ամբողջ ուտելիքը, որը նրանք հայթայթում էին, և նրանց թողնում էինք շատ քիչ ուտելիք, որպեսզի նրանք կարողանան աշխատել և մեզ համար ավելի շատ ուտելիք հայթայթել։

— Իսկ ես կգնայի անտառ և ինձ համար ուտելիք կճարեի,— հայտարարեց Նապաստակի Շրթունքը։— Եվ եթե մեկնումեկը փորձեր խլել այն ինձանից, կսպանեի նրան։

Ծերունին ծիծաղեց։

— Չէ՞ որ մենք պատկանում էինք տիրող դասակարգին, տիրապետում էինք հողին, անտառներին՝ ամեն ինչին։ Ովքեր հրաժարվում էին մեզ համար ուտելիք հայթայթել, նրանց մենք պատժում կամ դատապարտում էինք սովամահության։ Բայց այդպիսիք քիչ էին։ Մեծամասնությունը, այնուամենայնիվ, գերադասում էր մեզ համար հայթայթել ուտելիք, կարել շորեր և առհասարակ մեզ համար պատրաստել հազար, մեկ խեցի դիր, Հոու-Հոու, հազար ու մի տեսակի հաճելի բաներ։ Ինձ այն ժամանակներում կոչում էին պրոֆեսոր Սմիթ, պրոֆեսոր Ջեյմս Հովարդ Սմիթ։ Իմ դասախոսությունները մեծ ժողովրդականություն էին վայելում, այլ կերպ ասած, շատ տղաներ ու աղջիկներ սիրում էին լսել, թե ես ինչպես էի պատմում ուրիշների գրած գրքերի մասին։ Ես երջանիկ էի և ուտում էի շատ համեղ բաներ։ Իմ ձեռքերը փափուկ էին, որովհետև չէի աշխատում, և մարմինս էլ մաքուր էր, և հագուստս ամենագեղեցիկ․— Ծերունին զզվանքով նայեց իր մազաթափ եղած այծի մորթուն։— Այսպիսի բաներ մենք չէինք հագնում։ Նույնիսկ ստրուկները ավելի լավ էին հագնվում։ Եվ մենք շատ մաքուր էինք։ Ամեն օր հաճախ լվանում էինք երեսներս ու ձեռքերս։ Իսկ դուք երբեք չեք լվացվում՝ եթե միայն ջուրը չեք ընկնում կամ չեք լողանում։

— Բայց դու էլ չես լվացվում, պապ,— առարկեց Հոու-Հոուն։

— Գիտեմ, գիտեմ։ Ես կեղտոտ ծերուկ եմ։ Բայց ժամանակները փոխվել են։ Հիմա ոչ ոք չի լվացվում, և ինչո՞վ լվացվես։ Վաթսուն տարվա ընթացքում մի կտոր օճառ չեմ տեսել։ Դուք չգիտեք, թե ինչ բան է օճառը, և չեմ էլ բացատրի, որովհետև ես պատմում եմ ձեզ Ալ Մահվան մասին։ Դուք բոլորդ էլ գիտեք, թե ինչ բան է ցավը։ Մենք այն հիվանդություն ենք կոչում։ Հիվանդություններից շատերը առաջանում էին մանրէներից։ Հիշեք այդ խոսքը՝ մանրէներից։ Մանրէն շատ մանր կենդանի է։ Շատ նման է տիզի, որպիսին գարնանը լինում է շների վրա, երբ նրանք փախչում են անտառ։ Միայն մանրէն շատ ավելի փոքր է։ Այնքան փոքր է, որ նրան նույնիսկ չես տեսնում...

Հոու-Հոուն սկսեց հռհռալ։

— Տարօրինակ մարդ ես, պապ, խոսում ես այնպիսի բաների մասին, որ չես կարող տեսնել։ Երբ դու այդ բաները չես տեսել, ապա որտեղի՞ց գիտես, որ նրանք լինում են։ Հապա բացատրիր, տեսնենք։ Մի՞թե կարելի է իմանալ այն, ինչ չես տեսնում։

— Հարցը տեղին է, Հոու-Հոու, շատ տեղին։ Եվ, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց տեսնել որոշ մանրէներ։ Բանն այն է, որ մենք ունեինք այնպիսի բաներ, որոնք կոչվում էին մանրադիտակներ և ուլտրամանրադիտակներ․ մենք դրանք մոտեցնում էինք մեր աչքերին և դիտում էինք նրանց միջով, և այն ժամանակ բոլոր իրերը դառնում էին ավելի մեծ, քան էին իրականում, իսկ շատ բաներ մենք առանց մանրադիտակի չէինք տեսնում։ Մեր ամենալավ ուլտրամանրադիտակները մեծացնում էին քառասուն հազար անգամ։ Դուք չեք մոռացել, որ մի խեցին նշանակում է հազար Էդվինի մատների պես մատներ։ Վերցրեք քառասուն խեցի, այդքան էլ մանրէն ավելի մեծ էր երևում, երբ մենք դիտում էինք մանրադիտակի միջոցով։ Բացի այդ, մենք ունեինք և այլ միջոցներ, որոնք կոչվում էին կինոէկրաններ, որոնց օգնությամբ քառասուն հազար անգամ մեծացրած մանրէն դառնում էր շատ հազարներ անգամ ավելի մեծ։ Այդպես մենք դիտում էինք այն ամենը, ինչ չէր կարելի տեսնել հասարակ աչքով։ Վերցնենք մի ավազահատիկ։ Բաժանենք այն տասը մասի։ Այդ մասերից մեկը նորից բաժանենք տասը մասի։ Մի մասնիկը կրկին բաժանենք տասը մասի, և նորից մեկը՝ նորից տասի, և նորից տասի, և արեք այդ ամբողջ օրը, և մայրամուտի դեմ գուցե ստանաք նույնպիսի մի մանր մասնիկ, որպիսին մանրէն է։

Տղաները պարզապես չէին հավատում ծերունու ասածներին։ Նապաստակի Շրթունքը փնչացնում էր արհամարհանքով, իսկ Հոու-Հոուն կամաց ծիծաղում էր, բայց Էդվինը նրանց հրեց արմունկով, որպեսզի լռեն։

— Տիզը ծծում էր շան արյունը, իսկ մանրէները, շատ փոքր լինելով, ընկնում էին արյան մեջ և այնտեղ բազմանում։ Մի մարդու մարմնի մեջ հաշվում էին մինչև միլիարդ մանրէներ։ Խնդրում եմ, խաչփառի մի զրահ տվեք․․․ Եվ այսպես, այնքան, որքան նշանակում է այս զրահը։ Մենք մանրէները կոչում էինք միկրոօրգանիզմներ։ Երբ միլիոնավոր կամ միլիարդավոր միկրօրգանիզմներ ներս էին մտնում մարդու արյան մեջ, նա սկսում էր հիվանդանալ։ Այդ մանրէները առաջացնում էին հիվանդություններ։ Մանրէների բազմաթիվ տեսակներ կային, այնքան տեսակներ, ինչքան ավազահատիկներ կան ափին։ Մենք նրանցից միայն մի քանիսը գիտեինք։ Միկրոօրգանիզմների աշխարհը մեզ համար մնում էր անտեսանելի, մենք չէինք կարողանում այնտեղ թափանցել, և շատ քիչ բան գիտեինք նրա մասին։ Եվ, այնուամենայնիվ, որոշ մանրէներ մեզ հայտնի էին։ Այ, օրինակ, bacillus anthracis, micrococcus, հետո Bacterium termo u Bacterium lactis այն մանրէներն էին, որոնցից նույնիսկ այժմ մակարդվում է այծի կաթը, Նապաստակի Շրթունք, մենք գիտենք և Schizomycetes-ի անսահման տեսակները։ Կային և ուրիշ շատ տեսակներ...

Այստեղ ծերունին տարվեց դատողություններով միկրոօրգանիզմների և նրանց հատկությունների մասին, գործածելով այնպիսի երկար ու անիմաստ բառեր և նախադասություններ, որ տղաները իրար աչքով-ունքով էին անում և հայացքները սևեռել էին ամայի օվկիանոսին՝ մոռանալով շատախոս ծերուկին։

— Իսկ ի՞նչ եղավ Ալ Մահը, պապ,— վերջապես հիշեցրեց Էդվինը։

Ծերունին ուշքի եկավ և ուժերի մեծ լարումով իջավ ամբիոնից, որտեղից նա ինչ-որ այլ ունկնդիրների դասախոսություն էր կարդում հիվանդաբեր մանրէների նորագույն, վաթսունամյա վաղեմություն ունեցող տեսության մասին։

— Այո, այո, Էդվին, ես տարվեցի։ Հիշողությունները անցյալի մասին երբեմն այնքան ուժեղ են լինում, որ մոռանում եմ, թե այժմ ես այծի մորթի հագած մի կեղտոտ ծերուկ եմ, և թափառում եմ իմ վայրենի թոռնիկների հետ, որոնք այծեր են արածացնում նախնադարյան անապատում։ «Աշխարհներն անհետանում են ծխաքուլայի պես»։ Այդպես էլ անցավ չքացավ մեր փառպպանծ, հսկայական քաղաքակրթությունը։ Այժմ ես պապիկ եմ՝ հոգնած, զառամյալ ծերուկ։ Պատկանում եմ Սանտա-Ռոսա ցեղին։ Ամուսնացել եմ այդ ցեղի մի կնոջ հետ։ Իմ տղաներն ու դուստրերը ամուսնացան Շոֆերի, Սաքրամենթոյի, Պալո-ալթերի ցեղերի աղջիկների ու տղաների հետ։ Այ, օրինակ, դու, Նապաստակի Շրթունք, Շոֆերի ցեղից ես։ Դու, Էդվին, Սաքրամենթոների ցեղից ես։ Իսկ դու, Հոու-Հոու, պատկանում ես Պալո-ալթերի ցեղին։ Քո ցեղի անունը ծագում է քաղաքի անունից, որը գտնվում էր կուլտուրայի մի ուրիշ մեծ օջախի մոտ։ Այն կոչվում էր Սթենֆորդի համալսարան։ Այո, հիմա նորից հիշեցի, թե ով էի ես և ինչ էի ես։ Ամեն ինչ շատ պարզ է։ Հա, ես պատմում էի Ալ Մահվան մասին։ Ինչի՞ վրա ես կանգ առա։

— Դու խոսում էիր մանրէների մասին, որոնք թեև չեն երևում, բայց նրանց պատճառով մարդիկ սկսում են հիվանդանալ։

— Այո, ճիշտ է։ Մարդը սկզբում չէր նկատում, որ մարմնի մեջ մանրէներ են թափանցում։ Բայց ամեն մի մանրէ կիսվում էր և դառնում էր երկու հատ, և այնքան արագ էին բազմանում, որ կարճ ժամանակում նրանց քանակը մարդու մարմնի մեջ հասնում էր միլիոնների։ Այդ դեպքում մարդը հիվանդանում էր։ Նրա հիվանդությունը կոչվում էր մանրէի այն տեսակի անունով, որ թափանցած էր լինում նրա արյան մեջ։ Դա կարող էր լինել կարմրուկ, հարբուխ, կարող էր լինել դեղնախտ, կամ հազար ու մի այլ հիվանդություն։

Եվ տարօրինակ բան է։ Անընդհատ հանդես էին գալիս մանրէների նորանոր տեսակներ։ Վաղո՜ւց, վաղո՜ւց, շատ վաղուց, երբ դեռ երկրի վրա ապրում էին միայն մի քանի մարդիկ, հիվանդությունները քիչ էին։ Բայց մարդիկ բազմանում էին, միասին ապրում էին մեծ քաղաքներում, քաղաքակրթության պայմաններում առաջանում էին նոր հիվանդություններ, մարդու մարմնի մեջ ընկնում էին մանրէների նոր տեսակներ։ Միլիոնավոր է միլիարդավոր մարդիկ մեռնում էին հիվանդություններից։ Եվ մարդիկ որքան ավելի խիտ էին բնակություն հաստատում, այնքան ավելի սարսափելի էին դառնում հիվանդությունները։ Իմ ծննդից շատ առաջ, դեռ միջին դարերում, Եվրոպայի վրայով անցավ Սև ժանտախտը։ Իսկ հետո այն մի քանի անգամ ամայացրեց Եվրոպան։ Կար թոքախտ հիվանդությունը, որով հիվանդանում էին այնտեղ, որտեղ մարդիկ շատ խիտ էին ապրում։ Իմ ծննդից հարյուր տարի առաջ բռնկվեց բուբոնային ժանտախտը։ Աֆրիկայում տարածվեց քնախտը։ Մանրէաբանները պայքարում էին հիվանդությունների դեմ և ոչնչացնում էին դրանց այնպես, ինչպես դուք, օրինակ, սպանում եք գայլերին՝ պաշտպանվելով այծերին, կամ ճզմում-ոչնչացնում եք ձեզ վրա նստող մոծակներին։ Մանրէաբանները...

— Պապ, իսկ ի՞նչ բան է այդ...

— Ինչպե՞ս բացատրեմ։ Ասենք, դու, Էդվին, հովիվ ես։ Քո պարտականությունն է հսկել այծերին։ Եվ դու շատ բան գիտես նրանց մասին։ Մանրէաբանը հետևում է մանրէներին։ Դա նրա պարտականությունն է, և նա շատ բան գիտե նրանց մասին։ Եվ այսպես, ինչպես ասացի, մանրէաբանները պայքարում, երբեմն ոչնչացնում էին նրանց։ Ամենասարսափելի հիվանդաթյուններից մեկը բորոտությունն էր։ Հարյուր տարի ինձանից առաջ մանրէաբանները հայտնաբերեցին բորոտության մանրէն։ Նրանք հանգամանորեն ուսումնասիրեցին այն։ Նկարահանեցին։ Ես տեսել եմ այդ նկարները։ Բայց նրանք այնպես էլ բորոտության մանրէն ոչնչացնելու միջոցը չգտան։ Սակայն 1984 թվականին սկսվեց Տարափոխիկ ժանտախտը։ Այդ հիվանդությունը բռնկվեց մի երկրում, որը կոչվում էր Բրազիլիա, և իր հետ տարավ միլիոնավոր զոհեր։ Բայց մանրէաըանները հայտնաբերեցին այդ հիվանդության մանրէն և գտան նրա դեմ պայքարելու միջոցը, այնպես որ Տարափոխիկ Ժանտախտը շատ չտարածվեց։ Նրանք պատրաստեցին այսպես կոչված բուժաշիճուկ, որը սրսկում էին մարդու մարմնի մեջ, և այն սպանում էր մանրէն, առանց մարդուն վնասելու։ 1910 թվականին հայտնաբերվեցին պելագրա և անկիլոստոմ հիվանդությունները։ Մանրէաբանները արագորեն ոչնչացրին դրանք։ Բայց 1947 թվականին սկսվեց մի նոր, մինչ այդ բոլորովին անհայտ, հիվանդություն։ Նրանով վարակվում էին տասը ամսականից ոչ մեծ ծծկեր երեխաներ՝ բռնվում էին ձեռքերն ու ոտքերը, և նրանք ոչ կարողանում էին շարժվել, ոչ էլ ուտել. մանրէաբաններին հարկ եղավ տասնմեկ տարի, որ գտնեն այդ հիվանդության մանրէներին ոչնչացնելու միջոցը և փրկեն երեխաներին։

Չնայած այդ եղած և հետագայում բոլոր նոր առաջացաղ հիվանդություններին, մարդկանց թիվը աշխարհում քանի գնում, ավելանում էր։ Դա բացատրվում էր նրանով, որ ուտելիք հայթայթելը հեշտ էր։ Ինչքան ավելի էր հեշտանում ուտելիք հայթայթելը, այնքան ավելի էր աճում մարդկանց թիվը․ ինչքան ավելի էին բազմանում մարդիկ, այնքան ավելի խիտ էին նրանք բնակվում աշխարհում․ և ինչքան ավելի խիտ էին բնակվում, այնքան ավելի հաճախ էին երևան գալիս նորանոր հիվանդություններ։ Նախազգուշացումներ լինում էին վտանգի մասին։ Դեռ 1929 թվականին Սոլդերվեցկին նախազգուշացնում էր մանրէաբաններին, որ աշխարհը ապահովված չէ մի որևէ նոր հիվանդությունից, որը կարող է մինչև հիմա մեզ հայտնի հիվանդություններից հազար անգամ ավելի մահացու լինել և կործանման հասցնել հարյուր միլիոնավոր, նույնիսկ մի ամբողջ միլիարդ մարդկանց։ Այնուամենայնիվ, միկրոօրգանիզմների աշխարհը մնում էր անհայտ։ Գիտնականները գիտեին, որ այդպիսի աշխարհ գոյություն ունի, որ այդտեղից ժամանակ առ ժամանակ դուրս է թափվում մանրէների հսկա երամը և հնձում մարդկանց։ Եվ դա էր այն ամենը, ինչ նրանք գիտեին։ Նրանք գլխի էին ընկնում, որ այդ անտեսանելի աշխարհում կարող են լինել նույնքան տարբեր տեսակի մանրէներ, որքան ավազահատիկներ կան այս ծովափին։ Ու նաև ենթադրում էին, որ այդ անտեսանելի աշխարհում կարող են ստեղծվել մանրէների նոր տեսակներ։ Հնարավոր է, որ հենց այնտեղ էլ սկսվում էր կյանքը՝ «անսահման պտղաբերությունը», ինչպես անվանում էր Սոլդերվեցկին օգտվելով ուրիշ մարդկանց արտահայտությունից, որ գրել էին նրանից առաջ...

Այստեղ Նապաստակի Շրթունքը ոտքի ելավ. նրա դեմքն արտահայտում էր անսահման արհամարհանք։

— Պապ,— հայտարարեց նա,— քո դատարկաբանությունն ինձ ձանձրացնում է։ Ինչո՞ւ չես պատմում Կարմիր Մահվան մասին։ եթե չես ուզում, այդպես էլ ասա, և մենք կվերադառնանք կացարան։

Ծերունին լուռ նայեց նրան և մեղմորեն լաց եղավ։ Անզորության արցունքներն ու վիրավորանքները գլորվում էին նրա այտերից, ասես, ութսունյոթ երկար տարիների բոլոր վշտերը անդրադարձել էին նրա թախծալից դեմքի վրա։

— Նստիր,— հանգիստ տոնով ասաց Էդվինը։— Պապր ախր դեռ պատմում է։ Ուր-որ է նա կհասնի Ալ Մահվանր, այնպես չէ՞, պապ։ Հիմա նա ամեն ինչի մասին էլ կպատմի։ Նստիր, Նապաստակի Շրթունք։ Շարունակիր, պապ։

Comments