Chapter 1
I
Կածանը տանում էր դեպի բարձունքը, որը մի ժամանակ եղել էր երկաթուղային թումբ։ Բայց արդեն տարիներ շարունակ այս կողմերով ոչ մի գնացք չէր անցնում։ Երկու կողմից թմբին էր մոտենում անտառը, ծառերն ու թփերը ձգվում էին լանջերն ի վեր, և կանաչ ալիքը վրա տվեց գազանների արահետին։ Երբեմն երևում էին գետնից դուրս ցցված ժանգոտ երկաթի կտորներ, որոնք վկայում էին այն մասին, որ գետնին փռված տերևների ու մամուռի շերտի տակ դեռ մնացել են ռելսեր ու փայտակոճեր։ Մի տեղ տասը դյույմ հաստություն ունեցող մի փոքրիկ ծառ ճեղքել էր փայտի կցվածքը և ռելսի ծայրը թեքել, բարձրացրել էր դեպի վեր։ Ռելսի հետ, կախվելով երկար հենակի վրա, արտասովոր ցցվել էր կիսափտած փայտակոճը․ այնտեղ, ուր դրված էր եղել, վաղուց լցվել էր ավազով ու ծածկվել փտած տերևներով։ Հասկացվում էր, որ միգծանի երկաթուղի էր եղել, թեպետև լիովին քայքայվել էր։
Կածանով բարձրանում էին երկու հոգի՝ մի ծերունի և մի աղա։ Նրանք քայլում էին դանդաղ, որովհետև ծերուկը շատ զառամյալ էր. նա ծանրորեն հենվում էր ձեռնափայտին, ձեռներն ու ոտքերը դողում էին։ Այծի մորթուց պատրաստված կոպիտ գլխարկը պաշտպանում էր նրա գլուխը արևից։ Գլխարկի տակից կախ էին ընկել կեղտաճերմակ մազերի նոսր փնջերը։ Մեծ տերևից հնարամիտ կերպով սարքած հովարը ծերուկը քաշել էր աչքերին և ուշադիր նայում էր, թե ոտքը որտեղ դնի։ Նրա մորուքը, որ խճճված, մեծ փնջերով փռվել էր կրծքին, ձյան պես ճերմակ կլիներ, եթե չլինեին խարույկների ծուխն ու վատ եղանակը։ Մազաթափ եղած այծի մորթին ծածկում էր նրա կուրծքն ու ուսերը։ Բարակ, չորացած ձեռքերն ու ոտքերը վկայում էին նրա շատ ծեր լինելու մասին, ինչպես և արևից սևացած մաշկը, սպիներն ու քերծվածքները խոսում էին այն մասին, որ երկար տարիներ նա հարկադրված է եղել անցկացնել բաց երկնքի տակ։
Առջևից քայլող տղան, դժվարությամբ հարմարվելով ծերունու դանդաղ քայլերին, նույնպես հագել էր մաշված եզրերով մի մորթի, որի կենտրոնում գլխի համար անցք էր բացված․ նա տասներկու տարեկանից ավելի չէր լինի։ Մազերի մեջ կոկետորեն խրել էր վերջերս կտրած վայրի խոզի պոչ։ Զեռքին բռնած ուներ մի փոքր աղեղ ու նետ։ Մեջքից կախված՝ ճոճվում էր նետերով լի կապարճը։ Ուսի վրայով գցած կաշեփոկից կախած պատյանից դուրս էր ցցվել որսորդական դանակի անողորկ երախակալը։
Տղան արևախանձ էր հատապտղի պես և քայլում էր մեղմասահ, կատվի պես թեթև։ Արևից վառված դեմքի հակապատկերն էին կազմում նրա խոր ընկած կապույտ աչքերը, որոնք նայում էին պրպտող ու թափանցող հայացքով։ Թվում էր, թե իր հայացքով նա ծածկում էր ճանապարհին պատահած յուրաքանչյուր առարկա։ Բացի այդ, նա զգում, էր ամենաթեթև բուրմունքն անգամ, և լայնացող, ցնցվող ռունգները նրա ուղեղին տանում-հասցնում էին արտաքին աշխարհից եկող ազդանշանների անծայր հոսանքը։ Նա ուներ և սուր լսողություն, որն այնքան մարզված էր, որ գործում էր ավտոմատ կերպով։ Առանց ջանք թափելու, թվացող լռության մեջ, նա որսում էր ամենաթեթև հնչյուններն անգամ, տարբերում և խմբավորում էր ամեն ձայն, լիներ դա տերևների խշխշոցը քամուց, մեղուների բզզոցը կամ մոծակի դզզոցը, հեռավոր փոթորկի թնդյունը, որ լսվում էր միայն լռության պահին, կամ բոլորովին մոտիկ կածանի վրա դեսուդեն վազվզող գետնասկյուռինը, որ հող էր քարշ տալիս դեպի իր որջը։
Տղան հանկարծ ուշադրությունը լարեց։ Լսողությունը, տեսողությունը և հոտառությունը նրան միաժամանակ նախազգուշացրին ինչ-որ վտանգի մասին։ Առանց շուռ գալու, ձեռքի զգուշացնող շարժումով նա դիպավ ծերուհուն, և նրանք երկուսն էլ անշարժ կանգ առան։ Առջևում, ճիշտ թմբի եզրին, ճթճթացին ճյուղերը. տղան հայացքը սևեռեց երերվող թփերի կատարներին։ Այնտեղից դուրս ընկավ մի խոշոր գորշագույն արջ և, տեսնելով մարդկանց, նույնպես քարացավ տեղում։ Այդ հանդիպումը նրան դուր չեկավ, և նա դժգոհությամբ գռմռաց։ Տղան նետը դանդաղորեն հարմարեցրեց աղեղին և նույնքան անշտապ ձգեց։ Նա աչքը չէր հեռացնում արջից։ Ծերուկն իր տեղում մնաց անշարժ և կանաչ տերևից սարքած հովարի տակից նույնպես շեշտակի նայում էր արջին։ Այդ փոխադարձ զննումը շարունակվեց մի քանի վայրկյան, ապա արջը սկսեց անհանգստության նշաններ ցուցաբերել, իսկ տղան գլխի շարժումով ծերուկին հասկացրեց, որ կածանից դուրս գա և թմբից վար իջնի։ Ինքն էլ սկսեց ետ-ետ գնալ՝ աղեղը պահելով պատրաստ վիճակում։ Նրանք սպասեցին այնքան, մինչև թմբի հակառակ լանջից լսվող թփերի խշխշոցից հասկացվեց, որ գազանը հեռացավ։ Երբ նրանք նորից բարձրացան թմբի վրա, տղան քմծիծաղ տալով՝ ասաց.
— Շատ խոշոր էր։
Ծերուկը օրորեց գլուխը։
— Օրեցօր շատանում են,— բարակ, դողդոջուն ձայնով գանգատվեց նա։— Ով կարող էր մտածել, որ ես կապրեմ ու կհասնեմ այնպիսի ժամանակների, երբ մարդիկ վախենան գալ այս կողմերը։ Երբ ես փոքր էի, Էդվին, լավ եղանակին տղամարդիկ, կանայք և փոքր երեխաները Սան-Ֆրանցիսկոյից տասնյակ հազարներով գալիս էին այստեղ։ Ոչ մի արջ չէր լինում։ Այո, սըր։ Այնքան հազվադեպ էին արջեր պատահում, որ մարդիկ փող էին վճարում, որպեսզի վանդակներում արջեր տեսնեն։
— Իսկ ի՞նչ բան է փողը, պապ։
Մինչև ծերունու պատասխանելը, տղան, հիշելով ինչ-որ՝ բան, ձեռքը հանդիսավոր կերպով կոխեց մորթու տակից կախ ընկած պայուսակը և հանեց փայլը կորցրած, մաշված մի արծաթե դոլլար։ Ծերունին դրամը պահեց քթի տակ, և նրա աչքերը շողացին։
— Ոչինչ չեմ տեսնում,— փնթփնթաց նա։— Նայիր, Էդվին, գուցե հասկանաս դրամի հատման տարեթիվը։
Տղան ծիծաղեց։
— Դու շատ հետաքրքիր պապիկ ես,— ուրախ բացականչեց նա։— Շարունակ հավատացնում ես, որ իբր թե այդ մանր գծիկները ինչ-որ բան են նշանակում։
Ծերունու դեմքով անցավ արգեն սովորական մի թախիծ, երբ դրամը նորից մոտեցրեց աչքերին։
— Երկու հազար տասներկու թվական,— ճիչ արձակեց նա և ծիծաղեց կիսախելագար ծիծաղով։— Հենց այդ տարին Մագնատների Վարչությունը հինգերորդ Մորգանին նշանակեց Միացյալ Նահանգների պրեզիդենտ: Սա, երևի, վերջին դրամներից մեկն է, քանի որ Ալ Մահը վրա հասավ 2013 թվականին։ Տեր աստված, տեր աստված։ Հապա մի մտածեք։ Արդեն անցնել է վաթսուն տարի, և ես միակ մարդն եմ, որ կենդանի է մնացել այն ժամանակներից։ Էդվին, որտեղի՞ց գտար այս դրամը։
Տղան, որը լսում էր ծերունուն այն հանդուրժող-ներողամիտ տեսքով, որով լսում են տկարամիտ մարդու շատախոսությունը, անմիջապես պատասխանեց․
— Այդ դրամը ինձ տվեց Հոու-Հոուն, իսկ նա գտել էր անցյալ գարնանը, երբ այծեր էինք արածեցնում Սան-Ջոսեի մոտերքում։ Հոու-Հոուն ասաց, որ դա փող է։ Պապ, իսկ դու քաղցած չե՞ս։
Ծերունու աչքերը ագահաբար փայլեցին և, ավելի ամուր բռնելով ձեռնափայտը, դանդաղորեն առաջ գնաց կածանով․
— Հույս ունեմ, որ Նապաստակի Շրթունքը բռնած կլինի մեկ կամ երկու խաչփառ․․․— փնթփնթաց նա։— Խաչփառները համեղ միս ունեն, շատ համեղ, մանավանդ երբ ատամներ չունես, բայց ունես թոռնիկներ, որոնք սիրում են իրենց պապին և աշխատում են նրա համար խաչփառ բունել։ Երբ ես փոքր տղա էի...
Էդվինր հանկարծ ինչ-որ բան նկատեց և կանգ առավ՝ ձգելով աղեղը։ Նա ուղիղ կանգնած էր ձորակի եզրին։ Մի ժամանակ այստեղ անցնում էր ցամքուրդային խողովակ, որը հետագայում քանդվել էր, իսկ ափերից դուրս եկած վտակը քշել-տարել էր թումբը։ Ձորակի հակադիր եզրին, դարափին կախված, դուրս էր ցցվել մի ժանգոտ ռելս, որի վրա փաթաթվել էր վայրի խաղողի թուփը։ Մի փոքր հեռու, թփի մոտ կծկվել էր մի ճագար, որը, վախից դողալով, նայում էր տղային։ Հեռավորությունը հիսուն ֆուտ էր, բայց սլացող նետը հասավ իր նպատակին. վիրավորված փոքրիկ ճագարը վախից ու ցավից ծվաց ու մեծ ջանքով ցատկեց թփերի մեջ։ Անմիջապես երևացին արևակեզ եղած մարմինն ու փողփողացող մորթին․ տղան ցատկեց զառիվայր լանջից ու մի շնչով բարձրացավ ձորակի դիմացի լանջը։ Նրա երիտասարդ մկանները խաղում էին զսպանակների պես։ Հարյուր ֆուտ հեռավորության վրա, մացառների թավուտում, նա բռնեց վիրավորված կենդանուն, ուժգին հարվածով նրա գլուխը խփեց մոտակա ծառի բնին և տվեց ծերունուն, որ տանի։
— Ճագարի միսը շատ համեղ է,— ասաց ծերուկը դողդոջուն ձանով,— բայց եթե խոսվի դելիկատեսների մասին, ապա ես գերադասում եմ խաչփառները։ Երբ ես փոքր տղա էի...
— Ի՞նչ ես անդադար այդ մասին խոսում, — հուսահատվաած ընդհատեց ծերունու շատախոսությունը Էդվինը։
Տղան արտասանեց ոչ թե այդ բառերը, այլ ինչ-որ շատ հեռավոր կերպով բառեր հիշեցնող կոկորդային, պայթական հնչյուններ, որոնցից կազմվում էին իմաստի նրբերանգներից համարյա զուրկ կարճ, կցկտուր խոսքեր։ Նրա խոսելը հեռավոր նմանություն ուներ ծերունու խոսելու հետ, իսկ վերջինիս խոսելը անգլերեն էր մոտավոր կերպով, և աղավաղվել էր սխալ գործածելուց։
— Կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես խաչփառի փոխարեն ասում «դելիկատես»,— շարունակեց Էդվինը։— Խաչփառը խաչփառ է, այնպես չէ՞։ Երբեք այդպիսի ծիծաղելի բաներ չեմ լսել։
Ծերունին հառաչեց, բայց ոչինչ չպատասխանեց, և նրանք ճանապարհը շարունակեցին լուռ։ Ալեբախության շառաչն ավելի լսելի դարձավ, երբ, անտառից դուրս գալով, նրանք հայտնվեցին ծովափին ձգվող ավազաթմբերի վրա։ Ավազաթմբերի միջև արածում էին մի քանի այծեր, իսկ այծերին հսկում էր մորթի, հագած մի տղա, խոշոր, գայլի տեսք ունեցող շան հետ, որ միայն թեթև կերպով հիշեցնում էր շոթլանղական գամփռին։ Ալեբախության աղմուկին շարունակ խառնվում էին խոր կոկորդային հաչոց կամ ոռնոց, որ հասնում էր ափից հարյուր յարդ հեռու գտնվող ատամնավոր քարերի հետևից։ Դեպի այնտեղ էին սողում խոշոր ծովառյուծներ, որպեսզի տաքանան արևի տակ կամ կռվեն իրար հետ։ Մոտիկ մի տեղից խարույկի ծուխ էր բարձրանում, և վայրենու տեսք ունեցող մի տղա կոտրած ճյուղեր էր նետում կրակին։ Կողքին պառկած մի քանի շները շատ նման էին այն մեկին, որ պահպանում էր այծերի հոտը։
Ծերունին արագացրեց քայլերը և, մոտենալով խարույկին, սկսեց ագահաբար հոտ քաշել։
— Կակղամորթներ,— փնթփնթաց նա հափշտակված։— Կարծես թե խաչփառ էլ կա, չէ՞, Հոու-Հոու։ Որդիներ, դուք իսկապես սիրում եք ձեր ծերուկ պապին։
Հոու-Հոուն, որ համարյա Էդվինի հասակի մի տղա էր, սկսեց ծիծաղել։
— Բոլորը քեզ համար է, պապ։ Ես չորս խաչփառ եմ բռնել։
Մարդու մեղքը կգար, տեսնելով, թե ագահ անհամբերությունից ինչպես են դողդողում ծերունու ձեռքերը։ Աճապարանքով, որքան թույլ էին տալիս նրա չորացած ոտքերը, նա նստեց ավազին և ձեռնափայտով ածխի միջից դուրս քաշեց մի խոշոր կակղամորթ։ Ջերմությունից խեցու փեղկերը բացվեցին, և երևաց շատ լավ եփված վարդագույն միսը։ Ծերունին դողաց, բթամատով ու ցուցամատով մի կտոր միս վերցրեց ու տարավ բերանը։ Բայց կտորը շատ տաք էր, և նա անմիջապես թքեց գետնին։ Ծերուկը սկսեց ցավից նվնվալ, աչքերում երևացին արցունքներ և ցած հոսեցին այտերով։
Տղաները իսկական վայրենիներ էին, և նրանց հումորն էլ չափազանց կոպիտ էր ու պարզունակ։ Այս դեպքը շատ զվարճալի թվաց, և նրանք քրքջացին։ Հոու-Հոուն ցատկոտում էր խարույկի շուրջը, իսկ Էդվինը կատարյալ ցնծությամբ թավալվում էր գետնին։ Մոտ վազեց այծերին հսկող տղան, որ նույնպես մասնակցի ուրախությանը։
— Էդվին, սառեցրու, սառեցրու դրանք,— աղերսում էր վշտացած ծերունին՝ փորձ անգամ չանելով սրբելու իր աչքերից վազող արցունքները։— Մի հատ էլ խաչփառ տուր, Էդվին, մի հատ։ Դու ախր գիտես, թե քո պապիկը որքան է սիրում խաչփառ։
Խեցիները ածուխների վրա ջերմությունից չորանում ու պայթում էին բարձրաձայն ֆշշոցով։ Կակղամորթները խոշոր էին՝ երեքից մինչև վեց դյույմ երկարությամբ։ Տղաները փայտերով դրանք դուրս էին քաշում մոխրից և դնում էին ծովի բերած գերանի վրա, որ սառչեն։
— Երբ ես փոքր տղա էի, մենք ծերունիների վրա չէինք ծիծաղում, մենք նրանց հարգում էինք։
Անկապ գանգատների ու կշտամբանքների հոսանքը չէր դադարում, բայց թոռները պապի վրա ոչ մի ուշադրություն չէին դարձնում։ Հիմա նա զգույշ էր ուտում, չէր շտապում, որ բերանը չվառի։ Բոլորն էլ սկսեցին ուտել ձեռքերով՝ բարձրաձայն չփչփացնելով ու ծփծփացնելով։
Երրորդ տղան, որը հայտնի էր Նապաստակի Շրթունք մականունով, կատակով մի պտղունց ավազ ցանեց կակղամորթի վրա, որ պապը մոտեցնում էր բերանին։ Ավազի հատիկներր խրվեցին նրա քիմքին ու լնդերին, և նորից լսվեց խլացուցիչ հռհռոց։ Խեղճ մարդը գլխի չէր ընկնում, որ նրա հետ կատակ արեցին, նա փնչացնում ու թքում էր այնքան ժամանակ, մինչև որ Էդվինը, խղճահարվելով, թարմ ջրով լի դդումը տվեց նրան, որ բերանը ողողի։
— Ո՞ւր են խաչփառները, խաչփառները, Հոու-Հոու,— հարցրեց Էդվինը։— Պապը ուզում է ուտել։
Ծերունու աչքերը նորից փայլեցին ագահությունից, երբ նրան տվեցին մի խոշոր խաչփառ, ճանկերը և զրահը պահպանված էին, բայց ներսի միսը վաղուց չորացել էր։ Դողդոջուն մատներով, բավականությամբ կանխաճաշակելով, ծերունին պոկեց մի ճանկն ու տեսավ, որ ներսը դատարկ է։
— Հապա ո՞ւր է միսը, Հոու-Հոու։ Ո՞ւր է միսը,— թնգթնգաց նա։
— Կատակեցի, պապ։ Խաչփառներ չկան։ Ոչ մի հատ չեմ բերել։
Տղաները հրճվանքից ճչում էին՝ տեսնելով ծերունու այտերից գլորվող անզոր վիրավորանքի ու հիասթափության արցունքները։ Հետո Հոու-Հոուն չորացած խաչփառը աննկատելի կերպով փոխարինեց մի ուրիշով, որ թարմ էր ու նոր եփած։
Այդ մեկի ճանկերը արդեն պոկված էին, և ճերմակ մսից գոլորշու անուշ հոտ էր բուրում։ Զգալով ծանոթ հոտը՝ ծերունին զարմացած նայեց ներքև։ Նրա տրտմությունն անմիջապես փոխարինվեց ուրախությամբ։ Նա ագահորեն ներշնչեց օդը, փնչացրեց ու փնթփնթաց և, կարծես հրճվանքից մրմնջալով, ընկավ ուտվելիքի վրա։ Այդ սովորական տեսարանը թոռների ուշադրությունը համարյա չգրավեց։ Նրանք չէին նկատում այն կցկտուր բացականչությունները, որ չփչփացնելով ու ծփծփացնելով, արձակում էր ծերուկը, և ոչ էլ նրա անիմաստ թվացող խոսքերը, «Ա՜խ, մայոնեզ լիներ։ Մայոնեզ։ Վաթսուն տարի, երկու սերունդ է անցել, ինչ այլևս չեմ փորձել և նույնիսկ չեմ կերել մայոնեզ։ Իսկ այն ժամանակ խաչափառի հետ մայոնեզ էին տալիս բոլոր ռեստորաններում»։
Կուշտ ուտելուց հետո ծերունին հառաչեց, ձեռքերը սրբեց մերկ ծնկներին և մտածկոտ հայացքով նայեց ծովին։ Կշտանալուց հետո նա գոհունակությամբ անձնատուր եղավ հիշողություններին։
— Մի Ժամանակ այս ափը լի էր տղամարդկանցով, կանանցով ու երեխաներով, մանավանդ կիրակի օրերին։ Եվ ոչ ոք արջերից չէր վախենում։ Իսկ այնտեղ, հենց ժայռի վրա, գտնվում էր մի մեծ ռեստորան, որտեղ ուզածդ ուտելիքը կարող էիր գտնել։ Սան-Ֆրանցիսկոյում այն ժամանակ ապրում էր չորս միլիոն մարդ։ Իսկ այժմ քաղաքում ու ամբողջ կոմսությունում թերևս քառասուն մարդ էլ չլինի։ Ծովախորշում լիքը նավեր կային, որոնք Ոսկե Դարբասից կամ ներս էին մտնում, կամ էլ դուրս էին գալիս բաց ծով։ Իսկ երկնքում երևում էին օդանավեր՝ դիրիժաբլներ և ինքնաթիռներ։ Նրանք մի ժամանակ կտրում-անցնում էին երկու հարյուր մղոն։ «Նյու-Յորք էնդ Սան-Ֆրանցիսկո լիմիթեդ» փոստային ընկերությունը այդպիսի արագությունը համարում էր նվազագույն։ Կար մի ֆրանսիացի, մոռացել եմ անունը, նրան հաջողվեց կտրել անցնել երեք հարյուր մղոն. բայց դա շատ վտանգավոր էր, չափազանց վտանգավոր էր պահպանողական մարդկանց կարծիքով։ Սակայն նա ճիշտ ճանապարհով էր գնում և հավանաբար մեծ հաջողության հասներ, եթե չլիներ այդ Մեծ համաճարակը։ Մանկությանս տարիներին կային ծերունիներ, որոնք հիշում էին առաջին օդանավերի երևալը, իսկ հետո ես ինքս տեսա, թե ինչպես չքացան վերջին ինքնաթիռները, և դա կատարվեց վաթսուն տարի առաջ։
Ծերունին շատախոսում էր, բայց թոռները ուշադրություն չէին դարձնում նրա վրա. վաղուց էին ընտելացել նրա շատախոսությանը և, բացի այդ, նրա բառերի մեծ մասը անհասկանալի էր։ Նկատելի էր, որ ինքը իր հետ ունեցած անկապ խոսակցության ժամանակ ծերունու անգլերենը ստանում էր իր նախկին քերականական կառուցվածքը և վանկերի ճիշտ դասավորում։ Բայց երբ նա դիմում էր թոռներին, ապա ակամայից հարմարվում էր նրանց կոպիտ, գռեհիկ լեզվին։
— Այն ժամանակ, ճիշտ է, խաչփառներ քիչ կայինք,— շաղակրատում էր ծերուկը։ Խաչփառներ էին որսում մարդիկ և այն համարում էին ամենանուրբ դելիկատես։ Որսի սեզոնն էլ տևում էր միայն մեկ ամիս։ Իսկ այժմ խաչփառներ կարող են որսալ տարվա բոլոր եղանակներին։ Եվ զարմանալին այն էր, որ ամեն տեսակի խեցգետիններ կարելի է որսալ հենց այստեղ, առափնյա քարերի մեջ, այն ժայռի տակ, որտեղ գտնվում էր ռեստորանը։
Քիչ հեռվում արածող այծերը հանկարծ անհանգստացան, հավաքվեցին մի տեղ, և տղաները վեր թռան իրենց տեղերից։ Խարույկի մոտ պառկած շները նետվեցին դեպի իրենց գռմռացող ընկերը, որը պահպանում էր հոտը, իսկ այծերը վազեցին իրենց պաշտպանող մարդկանց կողմը։
Ավազաթմբերը մտած կես դյուժին նիհար և գորշագույն գայլեր պատրաստվում էին հարձակվել գռմռացող շների վրա։ Էդվինր արձակեց մի նետ, որը նպատակին չհասավ։ Բայց Նապաստակի Շրթունքը արձակեց պարսատիկը, որը նման էր Գողիաթի դեմ դուրս եկած Դավթի պարսատիկին, և քարը նետեց այնպիսի թափով, որ օդում սուլոց լսվեց։ Քարն ընկավ ոհմակի մեջտեղը, և վախեցած գայլերը նահանջեցին ու մտան էվկալիպտի անտառի թավուտի մեջ։
Տղաները ծիծաղեցին և նորից պառկեցին ավազի վրա, իսկ ծերուկը մտածկոտ հառաչեց։ Նա չափազանց շատ էր կերել և այժմ ձեռքերը փորին շփելով նորից սկսեց իր շատախոսությունը։
— «Աշխարհներն անհետանում են ծխաքուլայի պես»,— ըստ երևույթին ինչ-որ մի հեղինակից արտասանեց նա այդ տողը։— Այո, ամեն ինչ անցողիկ է ծխաքուլայի պես։ Այս մոլորակի վրայի մարդկային քաղաքակրթությունը ևս ծխաքուլա էր։ Մարդիկ ընտելացրին կենդանիներին, ոչնչացրին գազաններին, հողը մաքրեցին վայրի բուսականությունից։ Բայց հետո մարդկությունը մեռավ, նախնադարյան կյանքի հեղեղը ամեն ինչ տակովն արեց՝ ոչնչացնելով իր ճանապարհին այն ամենը, ինչ արել էին մարդիկ․ դաշտերը ծածկվեցին անտառներով և մոլախոտերով, գիշատիչները հոշոտեցին հոտերը, և ահա ծովափին, որտեղ կանգնած էր ռեստորանը, թափառում են գայլեր։— Ծերունին սարսափ զգաց իր սեփական մտքերից։— Այնտեղ, որտեղ մի ժամանակ անհոգ ապրում էին չորս միլիոն մարդ, այժմ թափառում են սոված գայլերր, և մեր վայրենացած սերունդները ստիպված են այդ չորքոտանի գիշատիչներից պաշտպանվել նախնադարյան զենքով։ Եվ այդ բոըորը Ալ Մահվան պատճառով...
«Ալ» բառը գրավեց Նապաստակի Շրթունքի ուշադրությունը։
— Միշտ նույն բանն է կրկնում,— ասաց նա Էդվինին։— Ի՞նչ բան է ալը։
— «Թխկու ալ տերևը ինձ կարող է հուզել որսորդական փողի ձայնի պես»,— նորից արտասանեց ծերուկը։
— Ուրեմն դա «կարմիր է» նշանակում,— պատասխանեց Էդվինը Նապաստակի Շրթունքին։— Դու դա չգիտես, որովհետև սերում ես Շոֆերի ցեղից։ Իսկ նրանք ոչինչ չգիտեն։ «Ալ» նշանակում է «կարմիր», ես գիտեմ այդ։
— Կարմիր նշանակում է «կարմիր», այնպես չէ՞։ Էլ ի՞նչ կարիք կա ասել «ալ»,— փնթփնթաց Նապաստակի Շրթունքը։— Պապ, ինչո՞ւ ես միշտ այնպիսի բաներ ասում, որ ոչ ոք չի հասկանում,— դիմեց նա ծերուկին։— «Ալ» ոչինչ չի նշանակում, բայց բոլորը գիտեն, թե ինչ բան է «կարմիրը»։ Հապա ինչո՞ւ «կարմիր» չես ասում։
— Որովհետև կարմիր խոսքը ճիշտ բառ չէ։ ժանտախտը ալ էր։ Մեկ ժամվա ընթացքում ամբողջ դեմքն ու մարմինը ալ գույն էին ստանում։ Ով՝ ով, բայց ես գիտեմ։ Ամեն ինչ կատարվեց իմ սեփական աչքերի առաջ։ Եվ ես պնդում եմ, որ ժանտախտը ալ գույնի էր, որովհետև․․․ դե, որովհետև այն իսկական ալ գույն ուներ։ Ուրիշ բառ չկա դրա համար։
— Իսկ ինձ համար «կարմիրն» էլ լավ բառ է,— համառում էր Նապաստակի Շրթունքը։— Եվ իմ հայրն էլ կարմիրը կոչում է կարմիր, և նա լավ գիտե այդ։ Նա ասում է, որ բոլորը մեռան Կարմիր Համաճարակից։
— Քո հայրը ռամիկ է և սերում է ռամիկից,— առարկեց պապը։— Ես գիտեմ, թե որտեղից ծագեց Շոֆերների ցեղը։— Քո պապը Շոֆեր էր, ծառա, և ոչ մի կրթություն չուներ։ Նա ծառայում էր ուրիշների մոտ։ Բայց քո տատը լավ ընտանիքից էր, միայն թե որդիները նրան չքաշեցին։ Մի՞թե չեմ հիշում, որ առաջին անգամ նրանց հանդիպեցի Թեմեսկալ լճի ափին ձուկ որսալիս։
— Իսկ ի՞նչ բան է կրթությունը,— հարցրեց Էդվինը։
— Դա՝ երբ կարմիրն անվանում են ալ,— ծաղրելով՝ ասաց Նապաստակի Շրթունքը և նորից հարձակվեց ծերուկի վրա։— Հայրս ասում է, և այդ նա լսել է իր հորից՝ նրա մեռնելուց առաջ, որ քո կինը Սանտա-Ռոսա ցեղից էր և աննշան ծագում ուներ։ Նա ասում է, որ Կարմիր Համաճարակից առաջ քո կինը ճաշարանում մատուցող էր, թեև ես չգիտեմ, թե ինչ բան է դա։ Իսկ դու գիտե՞ս, Էդվին։
Էդվինը գլխով բացասական շարժում արեց։
— Այո, նա սպասուհի էր,— խոստովանեց ծերունին։— Բայց լավ կին էր նա և քո մոր մայրն էր։ Ժանտախտից հետո կանայք քիչ էին մնացել։ Նա միակ կինն էր, որին ես կարողացա գտնել․ այո, նա աշխատել էր «ճաշարանում որպես մատուցող», ինչպես հայրդ է ասում։ Սակայն լավ չէ, երբ նախնիների մասին խոսում են այդ ձևով։
— Իսկ հայրս ասում է, որ առաջին Շոֆերի կինը լեդի էր...
— Ի՞նչ բան է լեդի,— հետաքրքրվեց Հոու-Հոուն։
— Լեդին, դա՝ Շոֆերի կին է,— շտապ արձագանքեց Նապաստակի Շրթունքը։
— Առաջին Շոֆերի անունը Բիլլ էր, նա, ինչպես ասացի, ռամիկ էր,— բացատրեց պապը,— բայց նրա կինը լեդի էր, ազնվատոհմ լեդի։ Ալ Ժանտախտից առաջ նա Վան Ուորդենի կինն էր. Ուորդենը Արդյունաբերական Մագնատների Վարչության պրեզիդենտ էր, մեկը այն տասներկու մարդկանցից, որոնք կառավարում էին Ամերիկան։ Նա արժեր մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն դոլլար՝ այն դրամներով, որ դու ունես քո պայուսակում, Էդվին։ Իսկ երբ վրա հասավ Ալ Մահը, լեդին դարձավ Շոֆերի ցեղի հիմնադիր Բիլլի կինը։ Նա ըստ իր սովորության ծեծում էր կնոջը։ Աչքովս եմ տեսել։
Հոու-Հոուն, որ փորի վրա պառկած՝ անգործությունից, ոտքերով ավազն էր փորփրում, հանկարծ ճչաց և նայեց սկզբում ոտքի բութ մատին, իսկ հետո իր փորած փոսիկին։ Երկու ուրիշ տղաներ նույնպես արագորեն սկսեցին ձեռքերով ավազը ցիրուցան անել և շուտով հանեցին երեք կմախք։ Դրանցից երկուսը հասակավոր մարդկանց կմախք էր, երրորդր՝ երեխայի։ Ծերունին պպզեց՝ նայելով այդ հայտնագործությանը։
— Ժանտախտի զոհեր են,— հայտնեց նա։— Վերջին օրերը դժբախտները մեռնում էին ամեն տեղ, հենց քայլելիս։ Սա, երևի, մի ընտանիք է եղել, որ դիմել է փախուստի, որպեսզի չվարակվի, բայց մահը վրա է հասել, բռնել է նրանց այստեղ, ափին։ Նրանք... Լսիր, ի՞նչ ես անում, Էդվին։
Ծերունու հարցի մեջ զգացվեց սարսափի տոն, երբ տեսավ, թե ինչպես Էդվինը, որսորդական դանակի բութ կողմով խփելով՝ սկսեց հանել գանգերից մեկի ծնոտի ատամները։
— Ուլունքներ կսարքեմ,— պատասխանեց նա։
Տղաները գործի անցնելով, մի այնպիսի թրխկոց բարձրացրին, որ այլևս չէին լսում ծերուկին։
— Դուք իսկական վայրենիներ եք... Ուրեմն, արդեն նորաձևության մեջ մտան մարդկային ատամներից պատրաստած ուլունքները։ Հաջորդ սերնդի ներկայացուցիչները կծակեն քթերն ու ականջները և ոսկորներից ու խեցիներից պատրաստած զարդեր կկախեն։ Ես գիտեմ այդ։ Մարդկային ցեղը դատապարտված է սուզվելու նախնադարյան գիշերվա խավարի մեջ, նախքան նորից կսկսի իր արյունոտ վերելքը դեպի քաղաքակրթության բարձունքները։ Իսկ երբ մենք շատ բազմանանք և մոլորակի վրա նեղվածք լինի, մարդիկ կսկսեն ոչնչացնել իրար։ Եվ այն ժամանակ, հավանորեն, դուք ձեր գոտիներից կկախեք մարդկային գանգամաշկեր, ինչպես հիմա... Ինչպես հիմա դու, Էդվին, կախել ես վայրի խոզի գարշելի պոչը։ Եվ նա դեռ ամենամեղմն է համարվում իմ թոռներից։ Դեն գցիր այդ պոչը, Էդվին, դեն գցիր։
— Այդ ինչեր է դուրս տալիս ծերուկը։— նկատեց Նապաստակի Շրթունքը, երբ տղաները, ատամները հավաքելով, սկսեցին բաժանել իրար մեջ։
Նրանց շարժումները արագ էին ու կտրուկ, իսկ խոսքերը, հատկապես մի որևէ շատ ամուր ու գեղեցիկ ատամի պատճառով ծագած վեճի րոպեին, անկապ էին ու կցկտուր։ Նրանք խոսում էին միավանկ բառերով և կարճ նախադասություններով, որ ավելի շուտ անիմաստ դատարկաբանություն էր, քան լեզու։ Եվ, այդուհանդերձ, դրանց մեջ զգացվում էին քերականական կառուցվածքի ակնարկներ և ինչ-որ մի շատ զարգացած լեզվի խոնարհման հետքեր։ Նույնիսկ ծերունու արտասանած բառերն այնքան աղավաղված էին, որ ընթերցողը ոչինչ չէր հասկանա, եթե դրանք գրվեին թղթի վրա։ Այդպիսի լեզվով նա, իհարկե, դիմում էր միայն թոռներին։ Իսկ եբ նա տարվում ու սկսում էր խոսել ինքն իր հետ, լեզուն կամաց-կամաց վեր էր ածվում մաքուր անգլերենի։ Նախադասությունները դառնում էին երկար, ստանում էին որոշակի ռիթմ ու թեքություն, և դա վկայում էր նրա՝ ամբիոնից խոսելու վաղեմի սովորության մասին։
— Պատմիր Կարմիր Մահվան մասին, պապ,— խնդրեց նապաստակի Շրթունքը, երբ տղաները բավարար ձևով արդեն ավարտել էին ատամների բաժանումը։
— Ալ Մահվան մասին,— ուղղեց Էդվինը։
— Լավ կլինի առանց այդ տարօրինակ բառերի,— շարունակեց Նապաստակի Շրթունքը։— Խոսիր հասկանալի լեզվով, պապ, ինչպես խոսում է ամբողջ Սանտա-Ռոսան։ Ոչ ոք այնպես չի խոսում, ինչպես դու։