Chapter 9
IX
Ամառը դանդաղ մեռնում էր, և աշնանային անձրևը մաղում էր այնպիսի համառությամբ, որ նույնիսկ Ռոնիին ձանձրացրեց, չնայած, ընդհանրապես նա անձրև շատ էր սիրում։
Օրը օրի նստում էին նրանք քարանձավում և լսում էին, ինչպես են կաթիլները շարունակ թմբկահարում ժայռերին։ Այդպիսի խոնավ եղանակին նրանց չէր հաջողվում օջախում կրակ վառել։ Եվ այնպես դաժանորեն էին մրսում, որ մի առավոտ որոշեցին վազվզել անտառում, որպեսզի գոնե մի քիչ տաքանան։ Նրանք տաքացան, բայց թրջվել էին մինչև վերջին թելը։ Անձավ վերադառնալով՝ հանեցին շորերը, փաթաթվեցին մորթե ծածկոցների մեջ ու սկսեցին երկինք նայել, հույս ունենալով գոնե մի փոքրիկ լուսաշերտ տեսնել։ Բայց անձրևը պատի նման ծածկում էր ելքը։
— Ինչ անձրևոտ է մեր ամառը,— ասաց Բիրկը։— Բայց շուտով եղանակը կլավանա, ա՛յ, կտեսնես։
Անձրևն, իսկապես, վերջիվերջո, դադարեց։ Բայց մի իսկական փոթորիկ բարձրացավ, որը կեչիներից պոկում էր տերևները, արմատահան էր անում դարավոր եղևնիներն ու սոճիները։ Ամբողջ անտառը աղմկում էր։ Այո, ոսկե աշունն անցել էր։ Գետի ափին հիմա կանգնած էին մերկ ծառերը և թեքվում էին իրենց վրա հարձակված անողոք քամուց։
— Ինչ քամոտ է մեր ամառը,— ասաց Բիրկը։— Բայց շուտով եղանակը կլավանա, ա՛յ, կտեսնես։
Բայց եղանակը ոչ թե լավանում, այլ վատանում էր։ Օրեցօր ավելի էր ցրտում։ Ձմռան մասին չմտածելն արդեն անհնարին էր, համենայն դեպս, Ռոնիի համար։ Գիշերները նրան տանջում էին մղձավանջները։ Մի անգամ նա երազում տեսավ, որ Բիրկը ընկած է ձյան վրա՝ մահվան պես գունատ, իսկ մազերը ծածկված են եղյամով։ Նա արթնացավ իր ճիչից։ Արդեն լույս էր, և Բիրկը օջախն էր վառում։ Ռոնին նետվեց նրա կողմը ու թեթևացած տեսավ, որ նրա մազերը առաջվա նման կարմիր են և եղյամով չեն ծածկվել, բայց գետի հետևի անտառը առաջին անգամ սպիտակել էր եղյամից։
— Ինչ ցուրտ է մեր ամառը,— ասաց Բիրկը քմծիծաղով։
Ռոնին զայրացկոտ նայեց նրան։ Ինչո՞ւ է նա այդպես հանգիստ։ Ինչպե՞ս կարող է այդպես թեթևամտորեն կատակել։ Մի՞թե չի հասկանում՝ ինչ է սպասում իրենց։ Գուցե նա բանի տեղ չի՞ դնում իր թշվառ կյանքը։ Անտառում վախենալ չի կարելի, Ռոնին դա գիտեր, բայց հիմա սարսափելի վախեցավ այն բանից, թե ինչ կպատահի իրենց, երբ ձմեռը գա։
— Քույրս մի տեսակ տրտում է,— ասաց Բիրկը։— Ժամանակը չէ՞ արդյոք, որ գնա այստեղից ու տաքանա ուրիշ օջախի մոտ։
Ռոնին լուռ վերադարձավ անձավ և պառկեց եղևնու ճյուղերից սարքած իր անկողնու վրա։ Բիրկն ասաց. «Տաքանալու ուրիշ օջախի մոտ»,— ախր ինքը ուրիշը չունի, ինքը տեղ չունի տաքանալու։ Բիրկը մտածում էր մեծ դահլիճի օջախի մասին, պարզ է։ Եվ, իհարկե, նա գիտի, որ այս անիծյալ ցրտին ինքը երազում է դրա մասին։ Գոնե կյանքում մեկ անգամ էլ տաքանա։ Բայց Ռոնին չէր կարող վերադառնալ ամրոց, որովհետև Մատիսը իրեն այլևս չէր հաշվում իր դուստրը։ Ուրեմն, ինքը երբեք չի տաքանա ընտանեկան օջախի մոտ, երբեք։
Այստեղ նա տեսավ, որ բադյան դատարկ է, ու պատրաստվեց գնալ աղբյուրը՝ ջրի։
— Ես կհասնեմ քեզ, հենց որ կրակը վառեմ,— կանչեց նրա հետևից Բիրկը։
Ռոնին զառիթափ լանջի նեղ արահետով ցած էր իջնում, զգույշ դնելով ոտքերը, որ չսահի։ Երբ արահետը անտառ մտավ, Ռոնին կեչիների ու սոճիների արանքով վազեց դեպի անտառի բացատը, ուր աղբյուրն էր։ Բայց հանկարծ քար կտրած կանգ առավ։ Հենց աղբյուրի մոտի քարին ինչ֊որ մեկը նստած էր։ Եվ, պատկերացրեք, Մատիսն էր։ Այո, նա էր։ Այդ նրա սև, գանգուր մազերն էին։ Ռոնիի սիրտը նվաղեց, արցունքները ցայտեցին աչքերից։ Նա կանգնել էր կեչու տակ ու առանց թաքցնելու լալիս էր։ Եվ այստեղ նա նկատեց, որ Մատիսն էլ է լաց լինում։ Ճիշտ ինչպես իր երազում՝ նստել է անտառում միայնակ ու լաց է լինում։ Նա դեռ չգիտեր, որ Ռոնին կանգնած է կողքին, բայց հանկարծ բարձրացրեց գլուխն ու տեսավ նրան։ Եվ այդ ժամանակ նա ափերով ջղաձգորեն փակեց աչքերը։ Նա այնպես էր վհատվել, որ Ռոնին իրեն տեսել էր լաց լինելիս, և այնպես անճարակությամբ փորձում էր թաքցնել արցունքները, որ աղջիկը չէր կարող դա չտեսնել։ Ճչալով վազեց մոտը և փաթաթվեց նրա վզին։
— Զավակս,— շշնջում էր նա,— զավակս...
Հետո նա որոտաձայն գոռաց.
— Իմ զավակը վերադարձել է ինձ մոտ։
Ռոնին հեծկլտում էր՝ դեմքը թաղելով նրա մորուքի մեջ, իսկ հետո հարցրեց.
— Ես հիմա նորից քո զավա՞կն եմ, Մատիս։ Ես հիմա իսկապե՞ս քո դուստրն եմ։
Եվ Մատիսը արցունքների միջից պատասխանում էր.
— Այո։ Այո, դու չէիր դադարում իմ դուստրը լինելուց, փոքրիկս... Իմ սիրելի դուստրը, որի համար ես արտասվել եմ օրեր ու գիշերներ... Տե՜ր աստված, ինչպես էի տանջվում։
Նա մի քիչ հեռացրեց Ռոնիին իրենից, որ նայի դեմքին ու հեզորեն հարցրեց.
— Լովիսան ասաց, որ կվերադառնաս տուն, եթե ես քեզ խնդրեմ։ Այդպե՞ս է։
Բայց Ռոնին լռում էր։ Այդ րոպեին նա տեսավ Բիրկին։ Նա ասես քարացել էր կեչիների միջև, դեմքը՝ սփրթնած, աչքերում՝ միայն վիշտ։ Անհնար է դիմանալ այդ վշտին։ «Բիրկ, եղբայրս, ինչի՞ մասին ես մտածում, երբ դեմքդ այդպիսին է»։
— Այդպե՞ս է,— նորից հարցրեց Մատիսը։— Դու կվերադառնա՞ս ինձ հետ ամրոց։
Իսկ Ռոնին լսում էր ու առանց հայացքը կտրելու նայում էր Բիրկին։ «Բիրկ, եղբայրս, դու հիշո՞ւմ ես ջրվեժը»։
— Գնանք, աղջիկս, ժամանակն է,— ասաց Մատիսը։
Եվ Բիրկն զգաց, որ եկել է ժամը, որ ինքը պետք է հրաժեշտ տա Ռոնիին և վերադարձնի նրան Մատիսին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ որ ինքն էր այդ ուզում։ Նա վաղուց էր սպասում այդ րոպեին։ Բայց որտեղի՞ց այս տանջալի ցավը։ «Ռոնի, դու նույնիսկ չգիտես ինչ ցավալի է ինձ համար, բայց գնա՛։ Գնա, շուտ։ Գնա անմիջապես»։
— Ես դեռ չեմ խնդրել քեզ տուն վերադառնալ, փոքրիկս,— ասաց Մատիսը։— Իսկ հիմա խնդրում եմ... Համառորեն եմ խնդրում, Ռոնի՛, վերադարձիր ինձ մոտ։
«Ավելի ծանր ինձ համար կյանքումս դեռ երբեք չի եղել»,— մտածեց Ռոնին։ Հիմա ինքը ստիպված է ասել այն, ինչը, հաստատ, կսպանի հորը, նա գիտեր, և, այնուամենայնիվ, պետք է այդ ասել։ Ասել, որ ինքը չի կարող բաժանվել Բիրկից։ Որ ինքը չի կարող նրան մենակ թողնել ձմեռային անտառի սարսափելի ցրտի մեջ։ «Բիրկ, եղբայրս, ոչ կյանքում, ոչ մահվան մեջ մեզ ոչ ոք չի բաժանի, մի՞թե դու դա չգիտես»։
Միայն այժմ Մատիսը նկատեց Բիրկին և ծանր հոգոց հանեց։ Բայց հետո բղավեց.
— Է՜յ, դու, Բի՛րկ, Բորկայի տղա, եկ այստեղ։ Ուզում եմ քեզ մի բան ասել։
Բիրկը չուզելով շարժվեց նրա կողմը, բայց դեռ ճանապարհի կեսին չհասած կանգ առավ, հանդուգն նայեց Մատիսին ու հարցրեց.
— Ի՞նչ ես ուզում։
— Հաճույքով կհասցնեի վզակոթիդ,— ասաց Մատիսը։— Բայց այդ բանը չեմ անի։ Հակառակը, կխնդրեմ, որ մեզ հետ գաս մեր ամրոցը։ Կխնդրեմ ոչ թե նրա համար, որ հանկարծ սիրեցի քեզ։ Չէ։ Բայց իմ դուստր Ռոնին սիրում է քեզ, հիմա ես հասկացա, և... գուցե... ով գիտի... ես էլ երբևէ կկարողանամ սիրել քեզ... Վերջին ամիսներին ես ժամանակ ունեցել եմ այդ մասին մտածելու...
Երբ Ռոնիին հասավ նրա խոսքերի իմաստը, նա զգաց, որ իր ներսում ինչ֊որ բան հալվեց։ Այո, այո, ինչ֊որ բան սկսեց հալվել նրա մեջ, այդ նա պարզորոշ զգաց։ Ամբողջ վերջին ժամանակները Ռոնին իր մեջ տանում էր, ինչպես նրան թվում էր, սառցե մի բեկոր։ Ինչպե՞ս հայրը կարողացավ, ընդամենը մի քանի բառով, հալեցնել այն, դարձնել գարնանային խոխոջացող առվակ։ Ինչպե՞ս կարող էր հանկարծ կատարվել այն, ինչը դեռ մեկ րոպե առաջ նրան թվում էր անհնարին։ Ախր իսկական հրաշք կատարվեց. ինքը այլևս չպետք է ընտրություն կատարի Բիրկի ու հոր միջև։ Երկու մարդկանց միջև, որոնց այնքան սիրում է։ Հիմա չի կորցնի նրանցից ոչ մեկին։ Նա նայեց Մատիսին, և սիրտը լցվեց ուրախությամբ, սիրով ու երախտագիտությամբ։ Հետո նայեց Բիրկին և տեսավ, որ նա չի բաժանում իր ուրախությունը։ Նա շփոթված տեսք ուներ, հայացքում անվստահություն կար, և Ռոնին լուրջ անհանգստացավ։ Նա չէ՞ որ այնպես համառն ու կամակորն է, իսկ եթե հանկարծ չուզենա՞ փրկել իրեն, հանկարծ հրաժարվի գալ իրենց հետ։
— Մատիս,— ասաց Ռոնին,— ես պետք է խոսեմ Բիրկի հետ առանց քեզ։
— Առանց ի՞նձ,— հարցրեց Մատիսը։— Դե լավ։ Այդ դեպքում կգնամ իմ Արջի քարանձավը, տեսնեմ ինչպիսին է հիմա։ Բայց շուտ արեք, որովհետև տուն գնալու ժամանակն է։
— Տուն գնալու ժամանակն է,— քմծիծաղով կրկնեց Բիրկը, հենց որ Մատիսը հեռացավ։— Հետաքրքիր է, ի՞նչ տուն։ Չլինի նա կարծում է, որ ես պատրաստ եմ դառնալ նրանց համար ծեծող տղա։ Դա երբեք չի լինի։
— Ծեծող տղա՜։ Ինչ հիմարն ես,— ասաց Ռոնին և հանկարծ բարկացավ, ուղղակի կատաղեց։— Դու գերադասում ես սառչել Արջի քարանձավո՞ւմ։ Այդպե՞ս է։ Այո՞։
Բիրկը լռեց, իսկ հետո կամաց ասաց.
— Այո, գերադասում եմ։
Ռոնին վհատության մեջ էր։
— Մի՞թե չես հասկանում, որ չի կարելի այդպես վերաբերվել սեփական կյանքին... Սեփական կյանքը պետք է պահպանել։ Եթե դու ձմեռես Արջի քարանձավում, ապա կկործանես և քո կյանքը, և իմը։
— Ի՞նչ ես դուրս տալիս,— բացականչեց Բիրկը։— Քո կյանքն այստեղ ի՞նչ գործ ունի։
— Հենց այն, ոչխարի գլուխ, որ ես կմնամ քեզ հետ,— բղավեց Ռոնին՝ կատաղությունից ու հուսահատությունից իրեն կորցրած։— Կուզես դու, թե չէ, միևնույն է, այդպես կլինի։
Բիրկը երկար, անխոս նայում էր նրան։
— Դու հասկանո՞ւմ ես ինչ ասացիր հիմա, Ռոնի։
— Հասկանում եմ։ Ոչինչ չի կարող մեզ բաժանել։ Եվ դու ինքդ այդ գիտես, խենթուկ։
Եվ այստեղ Բիրկը ժպտաց։ Իսկ նրա ժպիտը շողշողուն էր։ «Ինչ գեղեցիկ է նա, երբ ժպտում է»,— մտածեց Ռոնին։
— Քո կյանքը ես չեմ կարող կտրել, քույրիկս։ Ամեն բան, ինչ ասես, միայն ոչ այդ։ Ես կգամ քո հետևից, ուր էլ որ գնաս։ Եթե նույնիսկ հանուն դրա ապրեմ Մատիսի ավազակների մեջ, ես պատրաստ եմ դիմանալ դրան մինչև... Մինչև որ շնչահեղձ լինեմ այնտեղ։
Նրանք ոտքերով տրորեցին օջախի մոխիրը և կապեցին իրերը։ Դե ինչ, գնալու ժամանակն է։ Արջի քարանձավին հրաժեշտ տալ չէին ուզում։ Բայց Ռոնին Բիրկի ականջին շատ կամաց, որ Մատիսը չլսի ու ժամանակից շուտ չվշտանա, շշնջաց.
— Գարնանը կվերադառնանք այստեղ։
— Եթե կենդանի մնանք,— ժպտաց Բիրկը։
Նա նախապես արդեն ուրախանում էր դրա համար։
Եվ Մատիսն էլ շատ ուրախ էր։ Նա մեծ֊մեծ քայլերով գնում էր անտառով, երեխաներից շատ առաջ, և այնպես բարձր ու ահեղաձայն էր երգում, որ վայրի ձիերի ամբողջ երամակը վախից փախավ, բացի Խորամանկից ու Վայրենուց։ Նրանք կանգնել էին, երևի սպասում էին, թե երբ են արշավելու՝ իրար առաջ կտրելով։
— Չէ, այսօր չէ,— ասաց Ռոնին ու շոյեց Խորամանկին։— Բայց, գուցե՝ վաղը կամ մյուս օրը, իսկ հետո՝ ամեն օր, եթե շատ ձյուն չգա։
Բիրկը նույնպես թփթփացրեց իր Վայրենու պարանոցին։
— Այո, կվերադառնանք, միայն թե դուք սպասեք մեզ։
Մատիսը քայլում էր երեխաներից շատ առաջ և շարունակ երգում ու երգում էր։ Ռոնին ու Բիրկը հազիվ էին հասնում նրա հետևից։ Թվում էր, թե ճանապարհն անվերջ էր, բայց ահա նրանք հասան Գայլի երախին։ Այստեղ Բիրկը կանգ առավ։
— Մատիս, ես պետք է նախ գնամ մեր աշտարակը ու տեսնեմ ինչպես են Բորկան և Ունդիսան,— ասաց նա։— Բայց շատ շնորհակալ եմ, որ թույլ տվիր, երբ ուզենամ՝ գամ և տեսնեմ Ռոնիին։
— Խոստովանում եմ, դա ինձ շատ էլ դուր չի գալիս, բայց դու արի, համենայն դեպս արի...
Հետո ծիծաղեց։
— Գիտե՞ք ինչ է ասում Ճաղատ Պերը։ Այդ հիմար ծերուկը իսկապես կարծում է, թե գյուղապետն ու իր զինվորները մեզ հետ առանձին֊առանձին դատաստան կտեսնեն։ Նա ասաց, որ ավելի խելացի կլինի հիմա երկու ավազակախմբերը միավորվեն. Մատիսի ավազակները Բորկայի ավազակների հետ։ Մի՜ մտածեք, ինչ տարօրինակ մտքեր են գալիս ծեր խորամանկի գլուխը։
Մատիսը նայեց Բիրկին չթաքցրած ցավակցությամբ։
— Ափսոս, որ հայրդ այդպիսի փչան է, թե չէ կարելի էր այդ մասին մտածել։
— Ինքդ ես փչանը,— բարեկամաբար բացականչեց Բիրկը, իսկ Մատիսը, ի պատասխան, ապա պատկերացրեք, սիրալիր ժպտաց նրան։
Բիրկը ձեոքը մեկնեց Ռոնիին։ Առաջ էլ, Գայլի երախի մոտ հրաժեշտ տալիս, նրանք միշտ միմյանց ձեռք էին սեղմում։
— Մենք ամեն օր կտեսնվենք, ավազակի դուստր։ Այո՞, քույրիկ։
Ռոնին գլխով արեց։
— Ամեն, ամեն օր, Բիրկ, Բորկայի որդի։
* * *
Երբ Մատիսն ու Ռոնին մտան քարե դահլիճը, այնտեղ մեռելային լռություն տիրեց։ Ոչ ոք սիրտ չարեց նույնիսկ ուրախությունից ճչալ, որովհետև վաղուց արդեն Մատիսը չէր հանդուրժում ոչ մի ուրախություն։ Եվ միայն Ճաղատ Պերը չզսպեց իրեն ու վեր թռավ, այնքան երջանիկ էր, և դրա հետ մեկտեղ էլ բարձր զկրտաց։
— Սալյուտ՝ ժառանգորդուհու բարեհաջող հայրական տուն վերադառնալու առթիվ,— բացականչեց նա։
Մատիսը քրքջում էր այդ կատակի վրա այնպես հնչուն ու երկար, որ բոլոր ավազակները զգացվեցին արտասվելու աստիճան. նրանք նույնպես երջանիկ էին։ Այո, այն չարաբաստիկ առավոտից, երբ Ռոնին բոլորի աչքի առաջ թռավ անդունդի վրայով, նրանք առաջին անգամ էին լսում, որ իրենց ատամանը քրքջա, և իրենք էլ սկսեցին քրքջալ։ Մինչև ընկնելը։ Նրանք ուղղակի ծիծաղից գալարվում էին։ Ռոնին էլ էր ծիծաղում։ Իսկ հետո գոմից եկավ Լովիսան, և դահլիճում նորից լռություն տիրեց։ Հարմա՞ր է արդյոք ծիծաղել, երբ մայրը հանդիպում է երկարատև բացակայությունից հետո վերջապես հայրական տուն վերադարձած դստերը։ Եվ այդ հուզիչ րոպեին ավազակների աչքերը նորից լցվեցին արտասուքով։
— Գիտես ինչ, Լովիսա,— ասաց Ռոնին,— խնդրում եմ այստեղ բեր մեծ տաշտը և ջուր տաքացրու։
Լովիսան գլխով արեց։
— Ջուրն արդեն տաքանում է։
— Ա՛յ դա բան է,— բացականչեց Ռոնին։
Ռոնին մի ամբողջ բոքոն հաց կերավ՝ Լովիսայի թխածը, ու մի մեծ պուլիկ կաթ խմեց, դրանից հետո Լովիսան նստեցրեց նրան տաք ջրով տաշտի մեջ և ճիլոպով տրորեց֊կարմրացրեց։ ճիմա Ռոնին պառկած էր իր հին մահճակալի մեջ ու վարագույրի անցքից նայում էր ինչպես է կրակը մարմրում բուխարիկում։ Ամեն բան առաջվա նման էր։ Լովիսան երգեց Գայլի երգը, ու եկավ քնելու ժամանակը։ Ռոնին շատ էր հոգնել, բայց նրա գլխում դեռ զանազան մտքեր էին թափառում։
«Արջի քարանձավում հիմա սարսափելի ցուրտ է,— մտածում էր նա։— Իսկ իմ մեջ ջերմությունը տարածվում է ողջ մարմնովս... Տարօրինակ չէ՞, որ այս փոքր բանից քեզ երջանիկ ես զգում»։ Հետո մտածեց Բիրկի մասին։ «Ինչպե՞ս է հիմա նա, ինչպես ընդունեցին Բորկայի աշտարակում։ Հույս ունեմ, նրա մարմնով ևս տարածվում է ջերմությունը...»։
Մեծ դահլիճում լռություն տիրեց։ Եվ հանկարծ հնչեց Մատիսի վախեցած ձայնը.
— Ռո՛նի։
— Ը՜մ֊մ,— բառաչեց նա քնի մեջ։
— Ես միայն ուզում էի ստուգել՝ այստե՞ղ ես,— ասաց Մատիսը։
* * *
Անտառը, որ այնպես սիրում էր Ռոնին և՛ ամառային հագուստով, և՛ աշնանային, նորից դարձավ նրա ընկերը։ Իսկ վերջին ժամանակները Արջի քարանձավում այն թվում էր նրան ահեղ ու թշնամական։ Բայց հիմա ինքն ու Բիրկը ձիով արշավում էին ձնածածկ անտառում, և Ռոնին երջանիկ էր։
— Դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչպես և՛ Ունդիսան, և՛ Բորկան ուրախացան, երբ վերադարձա,— ասաց Բիրկը։— Իսկ ես, ճիշտն ասած, չէի էլ մտածում, որ նրանք ինձ այդպես սիրում են։
— Դու էլ ապրիր նրանց հետ,— ասաց Ռոնին։— Մինչև գարուն։ ֊֊֊ Մատիսի ամրոցում կյանքը մտավ իր հին հունի մեջ, հիմա այնտեղ նորից ուրախությունն էր իշխում։ Ավազակները դարձյալ երգում ու պարում էին երեկոները, և Մատիսի որոտալիդ ծիծաղը նորից ցնցում էր պատերը... Մի խոսքով, կյանքն ընթացավ առաջվա նման։
Առաջվա նման, բայց ոչ բոլորովին։ Գյուղապետի զինվորների հետ պայքարը անողոք դարձավ։
Ճաղատ Պերը առավոտից երեկո միայն մի բան էր պնդում.
— Քանի դեռ ուշ չէ, Մատիսն ու Բորկան պետք է հաշտվեն։ Եթե լինի ավազակների մեկ ուժեղ խումբ, գուցե մեզ հաջողվի ինչ֊որ ձևով հաղթահարել գյուղապետին ու նրա զինվորներին։ Իսկ եթե մնա երկու ավազակախումբ, որոնք զբաղված են միայն նրանով, որ իրար երախից խլում են ավարը ինչպես քաղցած գայլեր, ապա բոլորիս վերջը կգա։
— Ես գիտեմ, ծերուկ, դու ասում ես, ինչ մտածում ես։ Իհարկե, ինչ֊որ տեղ դու ճիշտ ես, բայց ահա պատասխանիր, ո՞վ կլինի այդ կրկնապատկված ավազակախմբի ավազակապետը, ի՞նչ ես կարծում։— Եվ Մատիսը խորամանկ ժպտաց։— Բորկա՞ն։ Չէ որ ես, Մատիսս, ամենաուժեղ ու հզոր ավազակապետն եմ բոլոր լեռների ու անտառների և մտադիր եմ մնալ այդպիսին ընդմիշտ։ Բայց շատ հնարավոր է, որ այդ դմբո Բորկան դա չի հասկանում...
— Ուրեմն ապացուցիր նրան այդ։ Ախր կոխ բռնելիս դու կհաղթես նրան, այ դու ցուլ։
Այդ բոլորը խորամանկ Ճաղատ Պերը մտածել էր, երբ գիշերները անքուն պառկած էր եղել իր խցում. ավազակապետերի մրցություն։
Օրերն անցնում էին, իսկ Մատիսն առաջվա նման ականջ չէր դնում Ճաղատ Պերի խորհուրդներին։ Բայց մի անգամ առավոտյան, երբ Մատիսի ավազակները դեռ չէին թամբել իրենց ձիերը, Գայլի երախ արշավեց Բորկան և հանդիպում պահանջեց Մատիսի հետ։ Նա վատ լուրեր էր բերել։ Լուսադեմին իրենք վերադառնում էին ավարառությունից, իսկ նրանց ճանապարհին ծուղակ էին սարքել։ Զինվորները ավազակախմբից երկուսին բռնեցին, իսկ երրորդին վիրավորեցին նետով, երբ փորձում էր փախչել։
— Իսկական արնախում շներ են,— դառնորեն ասաց Բորկան։— Չեն թողնում խեղճ ավազակը մի կտոր հաց վաստակի։
Մատիսը խոժոռվեց.
— Չէ, հերիք է։ Մենք դրանց ցույց կտանք։ Էլ համբերել չի կարելի։
Ճիշտ է, նա տեղնուտեղը գլխի ընկավ, որ ասաց «մենք». հոգոց հանեց և սպասողական լռեց՝ ոտքից գլուխ Բորկային չափելով գնահատող հայացքով։
— Գուցե, մենք, այնուամենայնիվ... արժեր... պետք է... միավորվել...— վերջիվերջո, դժվարությամբ արտաբերեց Մատիսը, չնայած սոսկումը պատեց նրան այդ խոսքից։ Այդպես խոսել ավազակապետ Բորկայի հե՜տ։ Ե՛վ իր հայրը, և՛ պապը, և՛ նախապապը շուռ կգային դագաղների մեջ, եթե լսեին այդ բառերը։ Ինչ մնում է Բորկային, ապա նա շողաց պղնձադրամի նման։
— Վերջապես լսեցի քեզնից, լսեցի այն, ինչ վաղուց էի ուզում լսել, Մատիս։ Մեկ ուժեղ ավազակախումբ։ Ա՛յ դա խելացի կլինի։ Մեկ ուժեղ ավազակապետի հրամանատարությամբ։ Եվ ես գիտեմ, ով է հարմար այդ գործի համար,— ասաց նա և բռունցքով խփեց իր կրծքին։— Քարի նման պինդ և եզան նման աշխատասեր, ուժս էլ՝ չափից շատ...
Այստեղ Մատիսը քրքջաց, և այնպես զարհուրելի, որ շուրջը կանգնած բոլորը սարսափից փշաքաղվեցին։
— Ապա մի մոտ եկ, ես քեզ ցույց կտամ, ով է այստեղ ավազակապետը...