Chapter 6
VI
Գարունը հրճվանքի ճիչի նման խուժեց ավազակների ամրոցը շրջապատող անտառը։ Ձյունը հալվեց։ Զրնգուն հեղեղներով վազում էր ջուրը բոլոր թեքություններով, իր համար ճանապարհ բացելով դեպի գետը։ Իսկ գետը փոթորկվում ու եռում էր՝ փրփրելով ջրապտույտներում և երգում էր վայրի գարնանային երգը, որը ոչ մի վայրկյան չէր լռում։ Ռոնին շարունակ լսում էր այն, քանի դեռ արթուն էր և նույնիսկ քնի մեջ էլ։ Երկարատև, սարսափելի ձմեռն անցել էր։ Գայլի երախը վաղուց մաքրվել էր ձյունից, հիմա այնտեղ քչքչում էր գարնանային առվակը, և նրա ջուրը ոլորվում էր ձիերի սմբակների շուրջը, երբ Մատիսն ու իր ավազակները մի հրաշալի առավոտ դուրս եկան լեռնային նեղ անցումից։ Նրանք ձի վարելով երգում ու սուլում էին, օ՜֊հո՛֊հո՛, վերջապես նորից սկսվում է ուրախ ավազակային կյանքը։
Եվ Ռոնին էլ վերջապես վերադարձավ իր անտառը, որին այնպես կարոտել էր։ Նա վաղուց արդեն ձգտում էր այնտեղ, տեսնելու՝ ինչպիսին է այն ձյան ու սառույցի հալվելուց հետո։ Բայց Մատիսն անդրդվելի էր և թույլ չէր տալիս նրան դուրս գալ ամրոցից։ Գարնանային անտառը լի է վտանգներով, ասում էր նա, և միայն այն օրը, երբ ինքը դուրս եկավ ամրոցից իր ավազակների հետ, դստերը դուրս թողեց։
Հենց որ վերջին ձին ծածկվեց թփերի հետևում, Ռոնին էլ ցած սլացավ։ Եվ նույնպես երգում ու սուլում էր, չփչփացնելով սառը ջրում։ Իսկ հետո վազեց։ Նա վազում ու վազում էր, կանգ չառնելով և շունչը տեղը չբերելով, մինչև լիճը։
Բիրկը եկավ առաջինը։ Ինչպես խոստացել էր։ Նա պառկել էր տաք ժայռին՝ ձգված ամբողջ հասակով, ու տաքանում էր արևի տակ։ Ռոնին չհասկացավ՝ քնա՞ծ է, թե ոչ, քար վերցրեց ու գցեց ջուրը, որ ստուգի՝ Բիրկը կլսի՞ ճղփոցը։ Նա լսեց, ոտքի թռավ ու նետվեց դեպի Ռոնին։
— Ես վաղուց քեզ եմ սպասում,— ասաց Բիրկը, և նա նորից զգաց ինչպես իր մեջ բռնկվեց ուրախությունը, ուրախություն, որ ինքը ունի եղբայր, որն սպասում է իրեն։
Շուրջն աղմկում էին ծառերը։ Ռոնին հախուռն սուզվեց գարնան մեջ։ Բազմաձայն գարունը անզուսպ ղողանջում էր, և Ռոնին ինքն էլ այնպես էր համակվել գարնան ղողանջով, որ հանկարծ բղավեց, թռչունի նման սուր ու բարձր, իսկ հետո Բիրկին բացատրեց.
— Ես պետք է բղավեմ, հանգստանամ, թե չէ կպայթեմ։ Դու լսո՞ւմ ես գարունը։
Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնել և ականջ էին դնում ճռվողյունին, շրշյուններին, սվսվոցին ու ճողփյուններին և երգին, որ լցրել էր իրենց անտառը։
— Ես զգում եմ ինչպես է ձմեռը քիչ֊քիչ մեջիցս դուրս գալիս,— ասաց Ռոնին։— Շուտով ես այնքան կթեթևանամ, որ կկարողանամ թռչել։
Եվ այստեղ նրանք սմբակների դոփյուն լսեցին։ Վայրի ձիերի երամակը գետի մոտից լանջով վեր էր սլանում, ու Ռոնին պոկվեց տեղից։
— Վազենք,— գոչեց նա։— Այնպես եմ ուզում վայրի ձի բռնել։
Եվ նրանք վազում էին, անցնելով թփերի միջով, մինչև տեսան սլացող երամակը։ Հարյուրից ոչ պակաս ձիեր, ծածանվող բաշերով ու պոչերով, այնպես կատաղի էին արշավում անտառով, որ գետինը դղրդում էր նրանց սմբակների դոփյունից։
— Երևի արջից կամ գայլից են վախեցել,— ասաց Բիրկը,— միայն վախը կարող է նրանց այսպես քշել։
Բայց Ռոնին տարուբերեց գլուխը։
— Նրանք սլանում են ոչ թե վախից, այլ որ իրենցից թոթափեն ձմեռը՝ ամբողջը, մինչև վերջ։ Հենց որ հանգստանան և կամաց֊կամաց սկսեն խոտ արածել, կբռնեմ նրանցից մեկին։ Ես վաղուց եմ երազում ձի բռնել։ Գնանք, փորձենք։
Նրանք իրենց գոտուց արձակեցին կաշեփոկերը, Բիրկն էլ էր դրանից ճարել, դարձրին օղապարան ու թաքնվեցին ժայռի հետևը՝ այն մարգագետնի մոտ, որտեղ սովորաբար արածում էին ձիերը։
Սպասումը չէր ճնշում նրանց։
— Ինչ լավ է այստեղ նստելը,— բացականչեց Բիրկը։— Իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև ես հենց գարնան միջուկի մեջ եմ։
Ռոնին թեք նայեց նրան ու կամացուկ ասաց.
— Այ հենց դրա համար էլ ես քեզ սիրում եմ։
Այդպես էլ նստել էին նրանք գարնան հենց միջուկի մեջ։
Լսում էին ինչպես է երգում կեռնեխը և կկուն կկու կանչում, և այդ ձայները լցնում էին աշխարհը։ Աղվեսի նորածին ձագերը խաղում էին իրենց որջի առջև՝ նրանցից երկու քայլի վրա։ Սկյուռները մի եղևնուց մյուսն էին թռչում, նապաստակները ցատկոտում էին մամուռի մեջ, շարունակ անհետանալով թփերում, իսկ Ռոնիի ու Բիրկի կողքին իժը կծիկ էր դարձել ու հանգիստ տաքանում էր արևի տակ։ Երեխաները նրան ձեռք չէին տալիս, և նա էլ նրանց ձեռք չէր տալիս։ Գարունը բոլորին էր պատկանում։
— Ահա և նրանք...
Եվ իսկապես, երամակը ներխուժեց մարգագետին։ Ձիերն սկսեցին արածել թարմ խոտը։ Բիրկը ուշադրություն դարձրեց երկու գեղեցիկ աշխետ հովատակի վրա, որոնք արածում էին երամակից քիչ հեռու։
— Հը, հավանո՞ւմ ես։
Ռոնին գլխով արեց։ Վերցնելով իրենց օղապարանները, նրանք գաղտագողի մոտեցան ջահել ձիերին։
Այն աշխետները, որոնց ընտրել էին իրենց համար Բիրկն ու Ռոնին, արդեն գտնվում էին նրանցից օղապարան նետելու հեռավորության վրա։ Երեխաները միմյանց լուռ գլխով արեցին, նրանց օղապարանները օդ թռան, և անտառն իսկույն թնդաց բռնված ձիերի վայրի վրնջյունից ու անտառ խոյացող երամակի սմբակների դոփյունից։ Նրանք բռնեցին երկու հովատակ, երկու դեռ բոլորովին երիտասարդ ձի, որոնք դոփում էին սմբակներով, ծառս էին լինում, փախչում էին ամեն կողմ, կծում էին, մի խոսքով, կատաղի պայքարում էին, որ ազատվեն։
Վերջապես, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց ծառին կապել, բայց Բիրկն ու Ռոնին իսկույն ետ թռան, որովհետև ձիերը ջանում էին նրանց աքացի տալ։
— Հարկավոր է հասկացնել նրանց, որ ոչ մի վատ բան չենք անի իրենց։
— Ես արդեն փորձեցի հասկացնել,— ասաց Ռոնին,— և քիչ մնաց առանց մատների մնայի։ Ես նրան հացի չորուկ տվեցի, իսկ նա հո՜ չհափռեց։ Պատկերացնո՞ւմ ես։ Այ թե Մատիսը կվշտանար, եթե ձին երեք մատս պոկեր։
Բիրկը գույնը գցեց.
— Այդ խորամանկն իսկապե՞ս ուզում էր քեզ հափռել, երբ ուզում էիր հաց տալ։
— Խորամանկ. լավ անուն է ձիու համար,— ասաց աղջիկը։— Այդպես էլ կկոչեմ նրան։
Բիրկը ծիծաղեց։
— Հիմա էլ իմ ձիու համար անուն գտիր։
— Քոնը շատ կատաղածն է,— ասաց Ռոնին,— կոչիր Վայրենի։
— Լսո՞ւմ եք, ձիեր, մենք ձեզ անուններ տվեցինք։ Ձեզ կոչում են. քեզ՝ Խորամանկ, իսկ քեզ՝ Վայրենի։ Դա նշանակում է, որ սրանից հետո դուք մերն եք, ուզում եք, թե չեք ուզում։
Խորամանկն ու Վայրենին այդ չէին ուզում, այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող։ Հովատակների ուժը սպառվեց միայն արևամուտին։ Նրանք կանգնել էին ծառի մոտ, գլուխները կախ, երբեմն անտառը լցնելով իրենց տխուր, կամացուկ վրնջյունով։
— Նրանք ծարավ են,— ասաց Բիրկը։— Նրանց ջրել է պետք, այ թե ինչ։
Երեխաները կապեցին հանդարտված ձիերին, տարան լճի մոտ, այնտեղ հանեցին փոկերը և թողեցին, որ մի կուշտ խմեն։
Ձիերը երկար խմում էին։ Հետո բոլորովին հանգստանալով, կանգնել էին անշարժ, և Ռոնիին ու Բիրկին էին նայում հնազանդ աչքերով։
Ռոնին ամուր կառչեց Խորամանկի բաշից ու թռավ նրա մեջքին։
— Դե հիմա գնա, Խորամանկ,— հրամայեց նա և նույն ակնթարթին էլ ձիու գլխի վրայով թռավ ուղիղ լճի մեջ։ Երբ դուրս լողաց, տեսավ, որ Խորամանկն ու Վայրենին քառատրոփ սլանում են դեպի անտառի թավուտը և շուտով անհետացան աչքից։
Բիրկը ձեռքը մեկնեց Ռոնիին ու օգնեց նրան ափ ելնել։
— Ամեն ինչ պարզ է,— ասաց նա,— այսօր ես ձիով չեմ զբոսնի։
Բիրկը ծիծաղեց.
— Ես էլ։
Վրա հասավ երեկոն։ Արևը մայր մտավ, աղջամուղջը թանձրացավ, այն հատուկ գարնանային աղջամուղջը, որը նույնիսկ ծառերի տակ թողնում է ցերեկային լույսի առկայծումները և երբեք չի վերածվում խուլ, մութ գիշերվա։ Անտառը լռեց։
Թվում էր, ողջ անտառը քնել է։ Բայց անտառը իսկույն էլ սկսեց դանդաղ արթնանալ, ապրել իր աղջամուղջային կյանքով։ Անտառի բոլոր գիշերային բնակիչները շարժվեցին։ Ինչ֊որ բան խշխշաց, շարժվեց, ֆշշացրեց ու չպպացրեց մամուռի մեջ։ Գզգզված տյուխերը գաղտագողի շարժվում էին ծառերի բների արանքում, սև տրոլները նայում էին քարերի հետևից, գորշ թզուկները դուրս էին ցատկում իրենց ստորերկրյա թաքստոցներից ու բարձր փռշտում էին, որ վախեցնեն բոլոր նրանց, ում կհանդիպեն իրենց ճանապարհին։ Իսկ բարձր սարերից թռան֊եկան չար դրուդները, ամենասարսափելիներն ու ոխակալները բոլոր արարածներից, որոնք բնակվում են կիսամութ անտառում։ Գարնանային երկնքի բաց ֆոնի վրա նրանք մրից էլ սև էին թվում։ Ռոնին տեսավ նրանց և բացարձակապես չհավանեց։
— Գիտես,— շշնջաց Ռոնին,— այստեղ ամեն տեսակի պիղծ բան ավելի շատ կա, քան պետք է։ Ես ուզում եմ տուն գնալ, ախր ես մինչև ոսկորներս թրջվել եմ և լրիվ կապտուկներով եմ ծածկված։
— Հետո ինչ, որ թրջվել ես ու կապտուկներով ծածկվել,— պատասխանեց Բիրկը։— Փոխարենը՝ ամբողջ օրը եղել ես գարնան հենց սրտում։
* * *
Ռոնին ու Բիրկը բոլոր օրերը անց էին կացնում անտառում։
Դա նրանց միակ երջանկությունն էր։ Բայց հիմա ոչ Ռոնին, ոչ Բիրկը չէին կարող հրճվել գարունով այնպես անհոգ, ինչպես առաջ։ Մատիսի ու Բիրկի միջև պատերազմը նրանց կյանքը շատ էր ծանրացնում։
— Նույնիսկ մեր գարունը փչացրին։ Եվ պատճառը այդ երկու ծեր համառ ավազակապետերն են, որոնք մի կաթիլ ուղեղ էլ չունեն։
Ռոնին տխրում էր, որ իր Մատիսը դարձել էր ծեր, համառ ավազակապետ՝ առանց մի կաթիլ ուղեղի։ Իր Մատիսը, բոլորից լավը, իր պարծանքը։ Ինչպես կարող էր հասնել այն բանին, որ աղջիկը իր բոլոր հոգսերը չի կարող կիսել ոչ ոքի հետ, բացի Բիրկից։
— Եթե դու իմ եղբայրը չլինեիր,— ասաց նա,— ես ուղղակի չէի իմանա ինչ անել։
Նրանք նստել էին լճի մոտ, իսկ նրանց շուրջը փոթորկում էր գարունը՝ իր ողջ պերճությամբ, բայց նրանք այդ չէին նկատում։
— Ինչ սարսափելի է այս ամենը,— կրկնեց Ռոնին։— Եվ այսպես կլինի մեր ամբողջ կյանքում։
Ռոնին ուզեց տուն վերադառնալ։ Երկու ծեր համառ ավազակապետերի պատճառով անտառը նրանց արդեն չէր ուրախացնում այնպես, ինչպես առաջ։
Այդ օրը, ինչպես միշտ, Ռոնին հրաժեշտ տվեց Բիրկին բավական հեռու Գայլի երախից և բոլոր ճանապարհներից, որոնցով սովորաբար անցնում են ավազակները։ Նրանք գիտեին՝ որ ճանապարհով է վերադառնում Մատիսը, իսկ որով՝ Բորկան։ Եվ, այնուամենայնիվ, միշտ վախենում էին պատահաբար նրանց աչքովն ընկնել։
Առաջինը Բիրկը գնաց։ Եվ Ռոնին երկար նայում էր նրա հետևից։
— Մինչև վաղը,— բղավեց նա ու ինքն էլ վազեց։
Բայց ոչ տուն։ Որոշեց նախ այցելել նորածին աղվեսներին։ Աղվեսի ճտերը ցատկում էին ու խաղում այնպես զվարճալի, որ կուզենար նայել ու նայել։
Բայց Ռոնին ոչ մի ուրախություն չզգաց։ Նա հետ դարձավ և շուտով հասավ Գայլի երախ, որն այդ օրը պահպանում էին Ժոենը և Պստիկ Կլիպը։ Նրանք երկուսն էլ փայլում էին պղնձե դրամների նման։
— Վազիր տուն, Ռոնի,— ասաց Ժոենը։— Տանը կիմանաս ինչ է պատահել։
Անհամբերությունից այրվելով նա բացեց մեծ դահլիճի դուռը, ուր հնչում էր Մատիսի ամպրոպանման ծիծաղը, այնպես ուրախ, որ Ռոնին միանգամից մոռացավ իր բոլոր տագնապները։ Հենց որ Մատիսը տեսավ դստերը, նետվեց դեպի նա, օդ թռցրեց, սեղմեց գրկում, իսկ հետո պտտվեց դահլիճում նրա հետ։ Թվում էր, Մատիսը ուրախությունից իրեն կորցրել էր։
— Ռոնի, զավակս,— երջանիկ գոռաց նա։— Դու ճիշտ ես։ Ինչու արյուն թափել։ Հիմա Բորկան անմիջապես կքաշվի իմ ամրոցից։
— Ինչո՞ւ,— հարցրեց Ռոնին։
Մատիսը մատով ցույց տվեց անկյունը։
— Մի տե՛ս, ում եմ բռնել, ա՛յ, այս ձեռքերով։
Բոլոր տասներկու ավազակները հրճվանքով վազում էին դահլիճով, ցատկոտում էին ու պարում։ Այդ պատճառով Ռոնին սկզբում չտեսավ նրան, ում ցույց էր տալիս հայրը։ — Հասկացա՞ր, բալիկս։ Այ հիմա ես Բորկային կասեմ. «Հը, կմնա՞ս ամրոցում, թե հաշտ ու խաղաղ կհեռանաս։ Ուզո՞ւմ ես ստանալ լակոտիդ կամ գուցե դու նրա կարիքը չունես»։
Եվ այստեղ Ռոնին տեսավ Բիրկին։ Նա պառկած էր դահլիճի հեռավոր անկյունում, ձեռքերն ու ոտքերը կապված էին, ճակատն արյունոտ, աչքերը հուսահատությամբ լի, իսկ շուրջը թռչկոտում էին Մատիսի ավազակները և գոռում, ծանակում նրան։
— Է՜յ, դո՛ւ, Բորկայի որդի՛, վազիր տուն, հայրդ քեզ է սպասում...
Ռոնին բղավեց, և արցունքները, զայրույթի արցունքները ցայտեցին նրա աչքերից։
— Չհամարձակվես... Չհամարձակվես այդ անել,— բղավեց նա ոչ իր ձայնով և սկսեց բռունցքներով հարվածել Մատիսին։— Չհամարձակվես այդ անել, գազան...
Մատիսը հրեց Ռոնիին։ Նա արդեն չէր ծիծաղում։ Նա սփրթնեց զայրույթից։
— Դա ի՞նչ է նշանակում, դուստր իմ... Ի՞նչ չպետք է ես անեմ,— սպառնալից հարցրեց նա։
— Սպասիր, հիմա քեզ կբացատրեմ։ Ավազակություն արա ինչքան ուզում ես։ Փող գողացիր, իրեր գողացիր ինչքան ուզում ես, բայց չհամարձակվես մարդ գողանալ, թե չէ... թե չէ ես քո դուստրը չեմ։ Հասկացա՞ր։
— Մա՞րդ...— հարցրեց Մատիսը, և նրա ձայնը անճանաչելի էր։— Ես բռնել եմ այս փուչ արարածին, այս սատկած լակոտին, և հիմա կարող եմ Բորկայի ամբողջ աղտեղությունից մաքրել իմ նախնիների ամրոցը։ Իսկ թե դու կլինես իմ դուստրը, թե չէ, դա արդեն՝ ոնց կուզես։
— Ես թքում եմ քեզ վրա։ Թո՛ւ...— մոլեգնած բղավեց Ռոնին։
Ճաղատ Պերը մոտեցավ և կանգնեց նրանց միջև, որովհետև վախեցավ։ Դեռ երբեք նա չէր տեսել Մատիսին այդպես քարացած, սարսափելի դեմքով, և վախը հաղթեց նրան։
— Ինչպե՞ս ես խոսում հորդ հետ,— բացականչեց նա և բռնեց Ռոնիի ձեռքը։
Բայց նա դուրս պրծավ։
— Ես թքում եմ քեզ վրա,— համառորեն բղավում էր աղջիկը,— թո՛ւհ, թո՛ւհ։
Թվում էր, Մատիսը չի լսում նրան, ասես Ռոնին դադարել էր նրա համար գոյություն ունենալուց։
— Ֆյոսոկ, գնա պատի վրա, փլվածքի մոտ, և ասա, որպեսզի հաղորդեն Բորկային, որ ես վաղը կսպասեմ նրան այնտեղ, հենց որ արևը ծագի,— հրամայեց Մատիսը նույն ահարկու ձայնով։— Լավ կլինի գա, այդպես էլ ասա։
Լովիսան այդ բոլորը լուռ լսում էր։ Նա կիտեց հոնքերը, բայց ոչ մի բառ չասաց։ Հետո մոտեցավ Բիրկին, տեսավ նրա ճակատի արյունը, և այդ ժամանակ վերցրեց բուժիչ թուրմով կավե ամանը, որով վերքեր էր լվանում։
— Չհամարձակվես դիպչել այդ իժի ճտին,— մռլտաց Մատիսը։
— Իժի ճուտ է, թե ոչ, բայց վերքը պետք է լվանալ,— ասաց նա և գործի անցավ։
Այդ ժամանակ Մատիսը բռնեց նրան և շպրտեց ամբողջ դահլիճով այնպես, որ նա կզարկվեր մահճակալի վրայի ամպհովանին պահող սյանը, եթե Լովիսային չպահեր ժամանակին վրա հասած Կնոտասը։
Բայց այդպիսի վերաբերմունքը Լովիսան ոչ ոքի չէր ներում։ Եվ քանի որ այդ վայրկյանին Մատիսին չէր հասնի, նա Կնոտասին այնպիսի ապտակ տվեց, որ ձայնը արձագանքեց ողջ դահլիճով։ Այդպես նա հատուցեց Կնոտասին այն բանի համար, որ ետ պահեց նրան սյանը զարկվելուց։
— Դուրս այստեղից բոլորդ,— գոռաց նա։— Ձեր շունչն այստեղ չլինի։ Կորեք գրողի ծոցը։ Ձեզնից միայն չարիք է գալիս... Լսում ես, Մատիս, դու էլ կորի, անմիջապես։
Մատիսը նրա վրա մռայլ հայացք գցեց, որից ում սիրտն ասես փորը կընկներ։ Միայն ոչ Լովիսայինը։ Նա կանգնել էր՝ ձեռքերը կրծքին խաչած և անվրդով նայում էր, ինչպես է Մատիսը դուրս գալիս դահլիճից, իսկ հետևից շարքով քարշ էին գալիս նրա տասներկու ավազակները։ Բայց Մատիսը ուսը գցած տանում էր կապկպված Բիրկին, և նրա շեկ մազափունջը օրորվում էր ավազակապետի քայլերի հետ համաչափ։
— Ես թքում եմ քեզ վրա, Մատիս,— մի անգամ էլ հասցրեց բղավել Ռոնին, նախքան ավազակները կհասցնեին իրենց հետևից ծածկել դահլիճի կոփածո դուռը։
Այդ գիշեր Մատիսը չքնեց իր տեղում, և Լովիսան չգիտեր որտեղ է գիշերում նա։
Բայց կինը ողջ գիշերը աչքերը չփակեց, որովհետև լսում էր, ինչպես է հուսահատ հեկեկում իր զավակը։ Ռոնին նրան մոտ չէր թողնում և չէր ուզում, որ իրեն մխիթարեն։ Այդ վիշտը Ռոնին պետք է տաներ մենակ։ Նա այնքան երկար չէր կարողանում քնել և այնպես մոլեգին էր ատում իր հորը, որ սիրտն իսկապես սեղմվում էր։ Ատել նրան, ում սիրում ես այն ժամանակից, ինչ քեզ հիշում ես, շատ ծանր է, այդ պատճառով էլ Ռոնիի համար դա իր կյանքի ամենասարսափելի գիշերն էր։
Վերջիվերջո, նա, այնուամենայնիվ, քնեց, բայց վեր թռավ, երբ նոր֊նոր լույսը բացվեց։ Արևածագի հետ նա պետք է լիներ պատի վրա, փլվածքի մոտ, որ սեփական աչքերով տեսնի ամենը, ինչ որ այնտեղ կկատարվի։ Լովիսան փորձեց տանը պահել Ռոնիին, բայց Ռոնին ականջ չդրեց, և այդ ժամանակ Լովիսան անխոս գնաց նրա հետևից։