Chapter 4
IV
Այդ գիշեր այնքան ձյուն եկավ, որ նույնիսկ Ճաղատ Պերն իր ողջ երկար կյանքի ընթացքում այդպիսի բան չէր տեսել։ Չորս ավազակ հազիվ կարողացան ծանր դարպասը մի փոքր բացել, որպեսզի, դժվարությամբ խցկվելով արանքը, մաքրեն ձնակույտը։ Գայլի երախը կարծես փակվել էր։ Եթե այս գրողի տարած ձյունը չդադարի տեղալ, զգուշացնում էր Ճաղատ Պերը, ապա մեր ճանապարհով մինչև գարուն անցնել չի լինի։
Մատիսը ամբողջ ժամանակ համարյա չէր մտածում Բորկայի մասին, նրան բոլորովին ուրիշ բան էր անհանգստացնում. Ռոնին հիվանդացել էր, կյանքում առաջին անգամ։ Անտառում պատահած դեպքից հետո, երբ նա քիչ էր մնում սառչեր, առավոտյան արթնացավ ջերմության մեջ և, ի զարմանս իրեն, զգաց, որ բոլորովին չի ուզում անկողնուց վեր կենալ։
— Քեզ ինչ է պատահել,— բացականչեց Մատիսը և ծնկի իջավ նրա մահճակալի մոտ։— Չլինի՞ հիվանդացել ես։
Նա բռնեց Ռոնիի ձեռքը և սարսափեց. ինչ տաք էր, և ամբողջ մարմինն էլ այրվում էր։ Մատիսը վախեցավ։ Նա սովոր էր, որ Ռոնին միշտ առողջ ու առույգ լինի։ Իսկ հիմա իր դուստրը, իր սիրելին պառկած է՝ գլուխը հետ գցած, և Մատիսը իսկույն հասկացավ ինչով դա կվերջանա, ինչ է իրեն սպառնում։ Իհարկե, ինքը կկորցնի Ռոնիին, նա կմեռնի, ինքը դա զգում էր, և նրա սիրտը կտոր֊կտոր էր լինում։
Նա չգիտեր ուր կորչեր։ Այնպես էր տանջվում, որ ուզում էր գլուխը պատին զարկել ու աղաղակել, բայց խեղճ աղջկան վախեցնելու ահից լռում էր։ Այդքան խելքը կտրում էր։ Դրա համար էլ միայն ձեռքը դրեց նրա այրվող ճակատին ու մրթմրթաց.
— Լավ է, որ տաք տեղ ես պառկել, փոքրիկս։ Երբ հիվանդանում ես, պետք է տաք տեղ պառկես...
Բայց Ռոնին տեսնում էր, ինչ է կատարվում հոր հետ, ու թեև ամբողջապես այրվում էր, փորձեց մխիթարել նրան.
— Հանգստացիր, Մատիս։ Դատարկ բան է, կարող էր և ավելի վատ լինել։
Այո, կարող էր ավելի վատ լինել։ «Ես կարող էի ամբողջ ձմեռը, մինչև գարուն, պառկած մնալ ձյան տակ»,— մտածեց Ռոնին։ Խեղճ Մատիս։ Նորից պատկերացրեց, թե ինչպես էր նա տանջվելու, եթե ինքը սառչեր, և չկարողացավ արցունքները զսպել։
— Ո՞ւր է մայրիկը։ Ո՞ւր է կորել,— բղավեց Մատիսը և, ինքն էլ հեկեկալով, դուրս թռավ դահլիճից։
Մատիսը լաց եղավ այնքան ժամանակ, մինչև Լովիսան, հավերին ու այծերին կերակրելով, հայտնվեց փարախում։
Այդ ժամանակ նա բղավեց.
— Ա՛յ կին, ինչու հոգ չես տանում քո հիվանդ երեխային։
— Հիվա՞նդ։ Իմ երեխա՞ն,— հանգիստ հարցրեց Լովիսան։— Իսկ ես չգիտեմ էլ։ Հիմա, ահա, ոչխարներին ճյուղեր գցեմ, հետո...
— Ես ինքս կգցեմ, վազիր Ռոնիի մոտ,— գոռաց նա և շշուկով ավելացրեց,— եթե դեռ կենդանի է։
Լովիսան դստերը դեղաբույսերի եփուկ խմեցրեց, և երեք օր հետո արդեն Ռոնին, ի զարմանս և հուրախություն Մատիսի, անկողնուց վեր կացավ։ Նա նորից առաջվանն էր, միայն թե, երևի, քիչ ավելի մտածկոտ։ Այն երեք օրը, ինչ հիվանդ էր, շատ էր մտածում։ Հիմա ի՞նչ է լինելու։ Ինչպե՞ս է Բիրկը։ Ինքը եղբայր ունի, բայց որտե՞ղ և ինչպե՞ս են տեսնելու իրար։ Միայն թաքուն։ Ինքը երբեք սիրտ չի անի ասել Մատիսին, որ Բորկայի ավազակախմբից մի ավազակ դարձել է իր ընկերը։ Դա նույնն է, թե բռունցքով խփես նրա գագաթին, միայն թե՝ ավելի վատթար։ Դա նրան կսպաներ կամ էլ նա այնպես կկատաղեր, ինչպես երբեք չէր եղել։ Ախր ինչո՞ւ հայրը ոչ մի բանում իրեն զսպել չգիտի։
Իսկ հողմերը շարունակում էին ոռնալ ամրոցի շուրջը։ Ձնաթմբերը օրեցօր մեծանում էին, և վերջապես Ռոնին հասկացավ, որ մինչև գարուն Բիրկին չի տեսնի։ Նա իր կողքին էր, բայց նույնքան անհասանելի իր համար, որքան, եթե ապրեր այստեղից հազար մղոն հեռու։