1. Ավազակի դուստր Ռոնին

Chapter 10

X

Իմիջիայլոց, ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես ուզում էր Ճաղատ Պերը։ Որոշվեց ատամանների մրցամարտ անցկացնել։

Առավոտը արևոտ էր, բայց ցուրտ, և հողը ծածկվել էր եղյամով։ Գայլի երախի առջևի բացատում արդեն խմբվել էին Մատիսի ավազակները և Բորկայի ավազակները, բոլորը՝ տեգերով։ Խիտ օղակով շրջապատեցին նրանք Մատիսին ու Բորկային։ Այ հիմա էլ հենց պարզ կլինի՝ նրանցից ով կդառնա ավազակապետը։

Բացատի վրա կախված ժայռին նստել էր Ճաղատ Պերը՝ գայլի մորթու մեջ փաթաթված։ Նա նման էր ծեր գզգզված ագռավի, բայց աչքերը անհամբերությունից այրվում էին, և նա մեծ հետաքրքրությամբ հետևում էր ցածում՝ բացատում կատարվածին։

Կռվողները վերնաշապիկով էին, հանել էին կոշիկները և հիմա ոտքից ոտք էին փոխվում սառած հողի վրա։ Հետո սկսեցին ձգել ու շփել թևերի մկանները և թռչկոտել տեղում, որ տաքանան։

— Է՜, դու ցրտից բոլորովին կապտել ես, Բորկա,— գրգռող տոնով գոչեց Մատիսը։— Բայց մի հուզվիր, շուտով կշոգես։

— Ինձ թվում է, որ դու էլ չես մրսի,— նրա տոնով պատասխանեց Բորկան։

Ֆյոսոկը վերջապես ազդանշան տվեց, և իսկույն Մատիսն ու Բորկան գոչյունով հարձակվեցին իրար վրա։

— Շատ ափսոս, որ այդպիսի փչան ես,— բղավեց Մատիսը, իր արջի թաթերով գրկելով Բորկայի մեջքը ու սեղմելով նրան, իհարկե, դեռ ոչ ամբողջ ուժով, բայց Բորկան քրտնեց,— թե չէ վաղուց քեզ դարձրած կլինեի իմ օգնականը,— այստեղ նա սեղմեց ավելի ուժգին, գործի դնելով հատուկ ձև։— Եվ հիմա ստիպված չէի լինի քո փորոտիքը ճզմել։— Այստեղ այնպես սեղմեց Բորկային, որ սա խռխռաց։

Իսկ երբ ձանձրացավ խռխռոցից, Բորկան հնար գտավ և ամբողջ ուժով իր ծանր գլխով այնպես խփեց Մատիսի դեմքին, որ նրա քթից արյան շատրվան ցայտեց։

— Իսկ ես շատ եմ ափսոսում,— ի պատասխան բղավեց Բորկան,— որ ստիպված եմ այլանդակել այսպիսի կերպարանքը,— և նա մի անգամ էլ գլխով հարվածեց Մատիսի քթին,— որովհետև դու առանց այդ էլ նման ես խրտվիլակի։— Այստեղ Բորկան ճանկեց Մատիսի ականջը։— Երկու ակա՞նջ։ Քո ինչի՞ն է պետք։ Բավական է և մեկը։

Ի պատասխան՝ Մատիսն այնպես ճզմեց Բորկային, որ նրա մատները բացվեցին։ Եվ հենց այդ վայրկյանին Բորկան արդեն պառկած էր գետնին, իսկ Մատիսը իր ծանր երկաթե թաթով արդուկում էր իր հակառակորդի տափակ դեմքը, և թվում էր, դեմքը դրանից ավելի է տափակում։

— Ցավալի է, որ ստիպված եմ այլանդակել քեզ, ինչպես աստված՝ կրիային, և Ունդիսան արցունք կթափի ամեն անգամ, երբ օրվա լույսով նայի քեզ։— Եվ նա նորից ուժով ափով տրորեց Բորկայի դեմքը, բայց Բորկան կարողացավ ատամներով հափռել նրա ափը։ Մատիսը գոռաց։ Նա փորձում էր ձեռքը դուրս քաշել, բայց Բորկան ծնոտները չէր բացում, մինչև որ ստիպված եղավ շունչ քաշել։ Այդ ժամանակ Մատիսը ընկավ նրա վրա իր ամբողջ ծանրությամբ։ Այստեղ պարզվեց, որ թեև Բորկան երկաթե ատամներ ունի, սակայն Մատիսի հետ ուժով չափվել, այնուամենայնիվ, չի կարող։

Ահա և մարտը վերջացավ։ Մատիսը բոլորի առջև կանգնեց որպես հաղթող։ Եվ թող որ նրա երեսը կորած էր արյան, կապտուկների մեջ, իսկ շապիկը ծվեն֊ծվեն էր եղել, ոչ ոքի մոտ կասկած չկար, որ հենց նա է ավազակապետը։ Դա ընդունեցին հիմա բոլոր ավազակները, չնայած մի քանիսը ոչ առանց դժվարության, իսկ ամենածանրը իր՝ Բորկայի համար էր խոստովանել այդ բանը։

Նրա տեսքը սարսափելի էր, քիչ էր մնում լաց լիներ։ Դրա համար էլ Մատիսն ուզեց նրան մի քանի մխիթարական բառեր ասել։

— Եղբայր Բորկա։ Այո, սրանից հետո մենք եղբայրներ ենք։ Իմացիր, որ մինչև կյանքիդ վերջը դու կպահպանես ավազակապետի քո կոչումն ու պատիվը և քո մարդկանց կտնօրինես դու։ Բայց երբեք չմոռանաս, ով է բոլոր լեռների ու անտառների ամենահզոր ավազակապետը, և հիշիր՝ վերջին խոսքը միշտ իմն է լինելու։

Հենց այդ երեկո Մատիսը մեծ դահլիճում խնջույք տվեց երկու ավազակախմբի համար՝ և՛ իր, և՛ Բորկայի։ Ի՜նչ խնջույք էր։ Ի՜նչ ուտելիքներ կային։ Ինչքա՜ն գարեջուր խմեցին։

Իսկ Մատիսն ու Բորկան կողք֊կողքի նստել էին խնջույքի սեղանի մոտ և մերթ ծիծաղում էին, մերթ սրբում արցունքները, հիշելով իրենց մանկությունը, և ավելի շատ էին իրենց եղբայրներ զգում։ Իրար ընդհատելով, նրանք ավազակներին պատմում էին ինչպես էին առնետներ բռնում հին խոզանոցում և ուրիշ չարաճճիությունների մասին, և բոլորը սիրով լսում էին նրանց ու բարձր քրքջում էին, երբ ծիծաղելի էր լինում։ Ռոնին ու Բիրկը, որոնք նստած էին սեղանի հեռավոր ծայրում, նույնպես սրտանց ուրախանում էին, լսելով իրենց հայրերի պատմածները։ Նրանց զվարթ ծիծաղը զնգում էր զանգակի նման՝ ավազակների խռպոտ քրքիջի ֆոնի վրա, մեծ ուրախություն պատճառելով և՛ Մատիսին, և՛ Բորկային, ախր այնքան երկար ամիսներ ամրոցում չէր հնչել իրենց զավակների ծիծաղը, և նրանք դեռ չէին վարժվել այն բանին, որ երեխաները իրենց հետ են։

— Լսիր, Բորկա, մի վշտացիր, որ այսօր այսպես եղավ։ Գուցե Բորկայի ավազակախումբը դեռ լավ օրեր կտեսնի։ Երբ ես ու դու ընդմիշտ հեռանանք, քո որդին ավազակապետ կդառնա, այդպես եմ կարծում։ Որովհետև իմ դուստրը չի ուզում ավազակապետ դառնալ։ Իսկ երբ նա ասում է՝ ոչ, դա արդեն հաստատ ոչ է։ Մորն է քաշել։

Բորկան երբ այդ լսեց, անսահման ուրախացավ։ Բայց Ռոնին սեղանի մյուս ծայրից գոչեց.

— Իսկ դու կարծում ես Բիրկը կուզի՞ ատաման դառնալ։

— Անշուշտ,— համոզված բացականչեց Բորկան։

Այդ ժամանակ Բիրկը վեր կացավ և անշտապ հասավ դահլիճի մեջտեղը, այնպես, որ բոլորը իրեն տեսնեն։ Նա բարձրացրեց աջ ձեռքը ու հանդիսավոր երդում տվեց, որ երբեք, ոչ մի գնով ավազակ չի դառնա, ինչ էլ որ պատահի։

Դահլիճում ճնշող լռություն տիրեց։ Դառն արցունքները մշուշեցին Բորկայի աչքերը, նա որդու երդումից հուսահատության մեջ էր, չէր կարողանում հասկանալ այդ բանը։ Բայց Մատիսն այստեղ էլ փորձեց մխիթարել Բորկային։

— Ես արդեն հաշտվել եմ դրա հետ,— ասաց նա։— Դու էլ կհաշտվես։ Հիմա մեր խոսքը երեխաների համար օրենք չէ։ Նրանք վարվում են, ինչպես ուզում են։ Եվ այստեղ արդեն ոչինչ անել չես կարող, չնայած շատ դժվար է։

Երկու ավազակապետերը երկար լուռ նստել էին, և ապագան նրանց ներկայանում էր մռայլ գույնով։ Կանցնեն շատ տարիներ, և իրենց հպարտ ավազակային կյանքը մարդկանց կթվա մտացածին հեքիաթ, ֆանտազիա, հիշողությունները շուտ կխամրեն, ոչ մի տեղ ոչ մի հետք չի մնա։

Բայց կամաց֊կամաց նրանք, այնուամենայնիվ, վերադարձան խոզանոցում առնետ որսալու իրենց պատմություններին ու որոշեցին համենայն դեպս ուրախանալ, չնայած իրենց երեխաների կամայականությանը։ Իսկ ավազակներն ուղղակի կաշվից դուրս էին գալիս, ճգնելով աշխույժ երգերով ու վայրի պարերով խլացնել իրենց ավազակապետերի վիշտը։

Իսկ խնջույքը գնում էր իր կարգով։ Այնքան ժամանակ, մինչև որ Ճաղատ Պերը հանկարծ հոգնածությունից ուշագնաց ընկավ։ Չնայած իր պատկառելի տարիքին, նա բոլորի հետ միասին հիանալի, ուրախ օր էր անցկացրել, բայց հիմա ուժերը դավաճանեցին նրան, և երբ ուշքի եկավ, ավազակները նրան տարան իր խուցը։ Շատ գոհ, նա բոլորովին ուժասպառ ընկավ իր մահճակալին, և Ռոնին մորթե ծածկոցը քաշեց նրա վրա։

— Ազնվորեն կասեմ, սիրտս թեթևացավ այն բանից, որ ձեզնից ոչ մեկը, ո՛չ դու, ո՛չ Բիրկը, չի ուզում ավազակապետ դառնալ։ Իմ տարիներին ավազակություն անելը հաճույք էր, ռիսկ, ուրախություն, բայց հիմա դա շատ վտանգավոր գործ է։ Չես հասցնի գլուխդ թեքել, արդեն կճոճվես կախաղանի վրա։

— Բացի այդ, երբ մարդկանցից խլում են իրենց իրերը, նրանք լալիս են ու գոռում, իսկ ես չեմ ուզում, որ մարդիկ լան ու գոռան։

— Ճիշտ է,— ասաց Ճաղատ Պերը,— դու դրան չես դիմանա։ Իսկ հիմա ուզում եմ քեզ վստահել մի փոքրիկ, բայց հրաշալի գաղտնիք, իհարկե, եթե խոստանում ես ձկան նման լռել։

Եվ Ռոնին խոստացավ։

Այդ ժամանակ Ճաղատ Պերը նրա տաք ձեռքերը վերցրեց իր այնքան սառը ձեռքերի մեջ ու սկսեց պատմել։

— Լսիր, իմ հոգու ուրախություն,— սկսեց նա։— Երբ ես փոքր ժամանակս շրջում էի անտառում, ճիշտ և ճիշտ քեզ նման, մի անգամ փրկեցի մի փոքրիկ գորշ թզուկի կյանքը, որին ուզում էին կործանել չար դրուդները։ Եվ պատկերացնում ես, նա իր գլուխն էր մտցրել, որ անպայման պետք է ինձ որևէ բան նվիրի։ Եվ գիտես... Մի տես, ահա և Մատիսն էլ եկավ մեզ մոտ,— ասաց Ճաղատ Պերը, որովհետև հանկարծ դռների մեջ հայտնվեց Մատիսը։

— Խնջույքն արդեն վերջացավ,— ասաց նա։— Գայլի երգը երգելու ժամանակն է։

— Սկզբում ես պետք է մինչև վերջ լսեմ հեքիաթը։

Եվ քանի դեռ Ճաղատ Պերը շշնջում ու շշնջում էր նրա ականջին, Մատիսը կանգնած էր խուցի շեմին ու սպասում էր նրան։

* * *

— Ծերուկները չպետք է ցցվեն֊նայեն «արջակռվին» ու բազմեն սառը ժայռերին,— խիստ ասաց Լովիսան, երբ առավոտյան պարզվեց, որ Ճաղատ Պերին ցնցում է դողը, որ նրա բոլոր հոդերը մղկտում են, և չի ցանկանում անկողնուց վեր կենալ։

Ամեն օր Մատիսը մտնում էր Ճաղատ Պերի խուցը, որ պատմի ծերուկին, ինչպես է անցնում ավազակային կյանքը խմբերի միավորումից հետո։ Առայժմ ամեն ինչ շատ լավ է։ Բորկան իրեն պահում էր բավական կարգին ու չէր ընդվզում։ Իսկ ընդհանրապես, հասկացող տղա է, և հիմա, երբ միասին են գործում, նրանց ուղեկցում են հաջողությունները, իսկ գյուղապետի զինվորներին այնպես ճարպկորեն են քթից բռնած ման ածում, որ մարդու սիրտ է ուրախանում։

Լովիսան ուղղակի կաշվից դուրս էր գալիս, որ գոհացնի Ճաղատ Պերին։ Մեկ տաք թանձր մսաջուր էր բերում, մեկ որևէ յուրահատուկ ուտելիք, որը ծերուկն առաջ սիրում էր։

— Կեր, քանի չի սառել,— խնդրում էր նա,— գոնե մի գդալ, որ ներսդ տաքանա։

Բայց նույնիսկ եռացող մսաջուրը չէր կարող դուրս քշել ցուրտը Ճաղատ Պերի մարմնից, և դա տագնապ էր պատճառում Լովիսային։

— Հարկավոր է նրան տեղափոխել այստեղ դահլիճ, կրակին մոտիկ,— մի անգամ երեկոյան ասաց նա Մատիսին,— թող տաքանա կրակի մոտ։

Մատիսը գրկեց նրան և, հիվանդ երեխայի նման, դուրս հանեց խցից ու պառկեցրեց իր անկողնում։

— Վերջապես ես, խեղճս, գոնե մի քիչ կտաքանամ,— ուրախանում էր Ճաղատ Պերը։

Առավոտյան Ճաղատ Պերը հրաժարվեց վերադառնալ իր խուցը։ Այդ լայն մահճակալի վրա նրա համար շատ լավ էր, և մնաց այդտեղ։ Պառկած, նա հետևում էր, ինչպես է Լովիսան գլուխ բերում իր տնային գործերը։ Երեկոները նրա շուրջը հավաքվում էին ավազակները ու պարծենում իրենց սխրանքներով, իսկ Ռոնին պատմում էր, թե ինչպես էին ինքն ու Բիրկը անցկացրել այդ օրը անտառում, և Ճաղատ Պերը գոհ էր։

— Այսպես էլ ես պետք է ապրեմ, քանի դեռ սպասում եմ...— ասաց նա մի անգամ։

— Ինչի՞ն,— հարցրեց Մատիսը։

— Իսկ դու ի՞նչ ես կարծում,— հարցին հարցով պատասխանեց Ճաղատ Պերը։

Մատիսն այդ անգամ այդպես էլ գլխի չընկավ, բայց անհանգստությամբ նկատում էր, որ ծերուկը օրեցօր նիհարում ու թուլանում է, և հարցրեց Լովիսային.

— Նրա ի՞նչն է պակաս։

— Տարիքը մեծ է, ահա թե ինչ։

Մատիսը վախով նայեց կնոջը։

— Բայց, հույս ունեմ դրանից չի՞ մեռնի։

— Կմեռնի,— ասաց Լովիսան։

— Լռի՛ր,— բղավեց Մատիսն ու լաց եղավ։— Ես թույլ չեմ տա մեռնի...

Իսկ Ռոնին ո՜նց էր անհանգստանում Ճաղատ Պերի համար։ Ինչքան շատ էր ծերուկը թուլանում, այնքան երկար էր նստում նրա կողքը։

— Իմ հոգու ուրախություն, տես, չմոռանաս ասածս։

— Չեմ մոռանա,— ասում էր Ռոնին։— Միայն թե գտնեմ։

— Կգտնես, կգտնես,— հավատացնում էր նա Ռոնիին։— Կգա ժամանակը, և դու կգտնես։

Օրերը վազում էին, և Ճաղատ Պերը ավելի շատ էր թուլանում։ Եվ ահա եկավ գիշերը, երբ ոչ ոք չպառկեց քնելու։ Ամբողջ ավազակախումբը հավաքվեց Ճաղատ Պերի շուրջը. և՛ Մատիսը, և՛ Լովիսան, և՛ Ռոնին, և՛ բոլոր ավազակները։ Ճաղատ Պերը աչքերը փակած անշարժ պառկել էր։ Մատիսը վախեցած նայում էր ծերուկի դեմքին, փնտրելով այնտեղ կյանքի նշաններ, բայց չնայած օջախի վառ կրակին և մոմի ցայտուն լույսին, որ Լովիսան վառել էր, Ճաղատ Պերի մահճակալի մոտ մութ էր, և կյանքի ոչ մի նշան Մատիսը նկատել չկարողացավ։ Եվ այդ ժամանակ բղավեց.

— Նա մեռել է։

Բայց այստեղ Ճաղատ Պերը բացեց աչքերը ու կշտամբանքով նայեց Մատիսին։

— Չէ, ես չեմ մեռել,— շշնջաց նա։— Մի՞թե դու կարծում ես ես այդքան անշնորհք եմ, որ կհեռանամ ձեզնից՝ առանց հրաժեշտ տալու։

Հետո նորից փակեց աչքերն ու երկար այդպես պառկած էր։ Բոլորը լուռ կանգնել էին նրա շուրջը և ականջ էին դնում նրա ընդհատ շնչառությանը։

— Այ, հիմա ժամանակն է,— կամաց ասաց Ճաղատ Պերը ու նորից բացեց աչքերը։— Հիմա եղբայրներս, մնաք բարով... Ես մեռնում եմ...

Եվ մեռավ...

Ռոնին երբեք չէր տեսել ինչպես են մարդիկ մեռնում, և լաց եղավ։ Իսկ Մատիսը քայլում էր դահլիճում անկյունից անկյուն, բարձր ձայնով հեկեկալով ու գոռգոռալով.

— Ախր ո՞նց կլինի։ Չէ որ նա միշտ կար, իսկ հիմա չկա՞։ Ինչպես եմ նրա պակասը զգում,— հանկարծ գոչեց։— Ուղղակի սիրտս կանգ է առնում կրծքիս մեջ։

— Ուզո՞ւմ ես քեզ գրկեմ,— հարցրեց Լովիսան։

— Այո։ Գրկիր, շուտ,— բղավեց Մատիսը։— Եվ Ռոնին նույնպես թող գրկի։

Այդպես էլ նստել էր նա, փոխնիփոխ հպվելով մերթ Լովիսային, մերթ Ռոնիին, և ողբում էր Ճաղատ Պերի մահը։ Ինչքան իրեն հիշում էր, Ճաղատ Պերը միշտ իր կողքին էր եղել, իսկ հիմա չկար։

Հաջորդ օրը Ճաղատ Պերին թաղեցին գետի մոտ։ Ձմեռն ավելի էր մոտեցել։ Եկավ առաջին ձյունը, և ճերմակ խոնավ փաթիլները թափվում էին դագաղի վրա, որը ձեռքերի վրա տանում էին Մատիսն ու իր ավազակները։

Ճաղատ Պերի համար սուգը մթագնեց ամրոցում ապրողների կյանքը։ Ամբողջ երկարատև ձմեռվա ընթացքում Մատիսը ամպից էլ մռայլ էր, և ավազակներն էլ ուրախ չէին, որովհետև նրանց տրամադրությունը կախված էր Մատիսի տրամադրությունից։ Իսկ Ռոնին ու Բիրկը այդ ամբողջ տխրությունից փախչում էին անտառ։ Այնտեղ, ինչպես և ամենուրեք, հիմա թագավորում էր ձմեռը։ Եվ երբ Ռոնին դահուկներով սարի թեք լանջով ցած էր սահում, մոռանում էր ամեն տխրություն։ Բայց բավական է ոտքը ամրոցի շեմից ներս դներ ու տեսներ մռայլ Մատիսին, որը լուռ ու անշարժ նստում էր բուխարիկի մոտ, որ վիշտը դարձյալ պարուրեր նրան։

— Մխիթարիր ինձ, Ռոնի,— խնդրում էր Մատիսը։— Մի բան պատմիր։

— Շուտով նորից գարուն կգա, և քեզ համար հեշտ կլինի,— ասում էր նա, բայց Մատիսը դրան չէր հավատում։

— Ճաղատ Պերն էլ երբեք չի տեսնի գարունը,— ասում էր նա հոգոց հանելով։

Եվ դրա համար Ռոնին մխիթարական խոսքեր չուներ։

* * *

Ձմեռն անվերջ էր թվում, բայց, այնուամենայնիվ, անցավ, և գարունը եկավ։ Նա միշտ գալիս է, հաշվի չնստելով այն բանի հետ՝ որևէ մեկը մեռել է, թե ոչ։ Մատիսը զվարթացավ, ինչպես միշտ լինում էր գարնանը, նա արդեն սուլում էր ու երգեր երգում, երբ իր ավազակների հետ ձիերով անցնում էին Գայլի երախով։ Իսկ այնտեղ՝ ներքևում, արդեն սպասում էր Բորկան՝ իր մարդկանցով։ Էհե՜֊հե՜յ։ Հիմա երկար ձմեռվանից հետո նորից կսկսվի ուրախ֊զվարթ ավազակային կյանքը։ Ու երկու ատամանները՝ և՛ Մատիսը, և՛ Բորկան, ուրախանում էին դրանից, չէ որ ավազակությունից բացի նրանք ուրիշ բան չէին կարողանում անել։ Նրանք ավազակ էին ծնվել և կմնան ավազակ իրենց ողջ կյանքում։

Իսկ ահա նրանց երեխաները ավելի խելոք դուրս եկան և բոլորովին ուրիշ բաներով էին ուրախանում։ Օրինակ, որ ձյունը համարյա արդեն հալվել է, և իրենք շուտով նորից կկարողանան ձի հեծնել ու քշել կամ, որ շուտով, շատ շուտով կտեղափոխվեն Արջի քարանձավը։

— Եվ հետո, Բիրկ, ես ուրախ եմ այն բանի համար, որ դու չես ուզում ավազակապետ դառնալ։

Տղան ծիծաղեց։

— Ես, ախր, երդվել եմ։ Միայն թե, մենք ինչո՞վ ենք ապրելու, երբ մեծանանք։

— Հայտնի է ինչով,— ասաց Ռոնին։— Ճաղատ Պերն ինձ ասաց, մենք պետք է փնտրենք արծաթի բնակտորներ։

Եվ նա Բիրկին պատմեց արծաթե սարի գաղտնիքը, որը փոքրիկ գորշ թզուկը ցույց էր տվել Ճաղատ Պերին որպես շնորհակալություն այն բանի, որ փրկել էր իր կյանքը։

— Նա ասում էր, որ այնտեղ պատահում են գլաքարի մեծության արծաթի բնակտորներ,— ասաց Ռոնին։— Ով գիտե, գուցե այդպես էլ կա։ Ճաղատ Պերը երդվում էր, որ դա զուտ ճշմարտություն է։ Ես գիտեմ, որտեղ է այդ սարը։ Մենք կարող ենք ձիերով գնալ այնտեղ և ամեն բան մեր աչքով տեսնել։

— Շտապ չի,— պատասխանեց Բիրկը։— Առայժմ, համենայն դեպս, մենք լավ յոլա ենք գնում առանց արծաթի կտորների։ Մեզ այստեղ, Արջի քարանձավում, բոլորովին ուրիշ բաներ են պետք։

Գարունը գնալով ավելի էր մտնում իր իրավունքների մեջ, իսկ Ռոնին ոչ մի կերպ սիրտ չէր անում հորն ասել, որ նորից ուզում է տեղափոխվել Արջի քարանձավը։ Բայց Մատիսն ինքն էլ ամեն բան հասկանում էր, երբեք չէր կարելի գուշակել, նա ինչպես կվարվի։

— Իմ հին քարանձավը հոյակապ տեղ է,— ոչ այս, ոչ այն, հանկարծ բացականչեց Մատիսը։— Իսկ գարնանն այնտեղ առանձնապես հրաշալի է, ի՞նչ ես կարծում, Լովիսա։

— Տեղափոխվիր այնտեղ, փոքրիկս,— ասաց մայրը,— քանի որ հայրդ քեզ խորհուրդ է տալիս։ Բայց ես քո կարիքը շատ կզգամ։

— Իսկ աշնանը կվերադառնա՞ս տուն, ինչպես միշտ,— ասաց Մատիսը, ասես Ռոնին ծնված օրից ամեն գարնան գնում էր ամրոցից, իսկ աշնանը՝ վերադառնում։

— Ըհը՛, ինչպես միշտ,— հավատացրեց նրան Ռոնին, զարմացած, որ ամեն բան այդպես հեշտ անցավ, իսկ ինքը սպասում էր արցունքի ու գոռգոռոցների։ Բայց Մատիսը նստած էր նրա առջև նույնպիսի ուրախ տեսքով, ինչպիսին ունենում է, երբ հիշում է իր մանկական հիմար արարքները հին խոզանոցում։

— Այո, երբ ես ապրում էի Արջի քարանձավում, շատ քաջն էի, ոչնչից չէի վախենում։ Եվ ընդհանրապես, եթե ուզում ես իմանալ, այդ անձավը իմն է, մի մոռանա այդ։ Կարող է պատահել՝ ժամանակ առ ժամանակ ձեզ այցելության գամ։

Երբ Ռոնին Բիրկին պատմեց այդ խոսակցության մասին, նա մեծահոգաբար ժպտաց.

— Իմ կարծիքով, թող գա։ Ժամանակ առ ժամանակ։ Եթե նրա գանգրահեր սև գլուխը մշտապես այնտեղ չի երևալու, դա արդեն երջանկություն է։

Վաղ առավոտ է։ Հրաշալի, ինչպես արարչագործության առաջին օրվա առավոտը։ Ռոնին ու Բիրկը գնում էին Արջի քարանձավը։ Ահա անցնում են անտառով, իսկ շուրջը հաղթանակում է գարունը։ Բոլոր ծառերի, կանաչ թփերի վրա, բոլոր ջրամբարներում փոթորկվում է սեփական բուռն կյանքը։ Ամեն ինչ ճռվողում է, շրշում, կչկչում է, երգում ու ճողփում է, ամեն տեղ զրնգում է պատանի ու անզուսպ գարնանային երգը։

Եվ ահա նրանք վերջապես հասան իրենց անձավին, իրենց տանը՝ թաքնված խուլ անտառում։ Այստեղ ամեն բան առաջվանն է, ոչինչ չի փոխվել, ամեն ինչը լավ ծանոթ է, ամեն ինչ իր տեղում է։ Եվ գետը, որ աղմկում է այնտեղ ցածում, և անտառը՝ լուսավորված լուսաբացի արևով։ Բայց այս գարունը նոր է, չնայած և այնպիսին է, որպիսին միշտ լինում են գարուններն ընդհանրապես։

— Չվախենաս, Բիրկ, ես հիմա պետք է ուժասպառվելու աստիճան բղավեմ։

Եվ Ռոնին բղավեց սուր ու բարձր, ինչպես թռչուն։ Դա անզուսպ, հրճվագին ճիչ էր։ Այն տարածվեց հեռո՜ւ֊հեռու անտառների, սարերի ու գետի վրա։

Comments