1. Վարպետը

Chapter 2

II

Դա անելը դժվար չէր լինի, եթե մեզ թույլ տային գեթ մի քիչ զվարճանալ։ Ես կարող էի փոշի դարձնել այդ մողեսներին, կարգի բերել փարոսն ու հեռանալ։ Սակայն «տեղական բնակիչները» հուսալի պաշտպանության տակ էին գտնվում։ Իմ նավի մեջ սարված էին էլեկտրոնային լրտեսներ (ես դեռ բոլորին չեմ գտել), ու դրանք անպայման կմատնեին ինձ վերադառնալուց հետո։

Մնում էր դիմել դիվանագիտության։

Հառաչելով՝ ես հանեցի պլաստիկից արարած սարքելու համար նախատեսված հարմարանքները։

Համեմատելով ծավալուն լուսանկարները (դրանք հովվի նկարներն էին), ես դեմքիս տվեցի սողունի գծեր։ Ծնոտս մի քիչ կարճ է, բերանս շատ քիչ է նման երախի։ Բայց մի բան կանեմ։

Ինձ պետք չէր, որ ամենայն ճշտությամբ նմանվեի մողեսի, պարզապես պահանջվում էր մի քիչ նմանություն, որ շատ չվախեցնեմ տեղաբնակներին։ Դրա մեջ կա տրամաբանություն։ Եթե ես լինեի Երկրի տգետ անդենաթին ու հանդիպեի Սպիկ մոլորակի բնակչի, որը նման է չորացրած խեժի երկու ֆուտանոց գնդի, ապա վախից կմեռնեի։ Բայց եթե սպիկացու հագին լիներ պլաստիկ հյուսվածքից հագուստ, որով նա գեթ հեռավոր չափով կնմանվեր մարդու, ապա ես հանգիստ կկանգնեի ու կխոսեի հետը։ Այնպես որ ես ուզում էի մեղմացնել տպավորությունը, հենց որ հայտնվեի կենտավրոսցիների առաջ։

Դիմակը սարքելուց հետո հանեցի գլխիցս եւ ամրացրի կանաչ պլաստիկից սարքած գեղեցիկ պոչավոր հագուստին։ Պոչն ինձ անկեղծորեն ուրախացնում էր։ Մողեսները առանց հագուստի են ման գալիս, իսկ ես պիտի հետս բազմաթիվ էլեկտրոնային սարքեր վերցնեի։ Պոչի պլաստիկը ձգեցի մետաղե կմախքի վրա եւ ամրացրի գոտկատեղիցս։ Հետո կմախքը լցրեցի այն ամենով, ինչը կարող էր պետք գալ ինձ, եւ քուղերով կապկպեցի կոստյումս։ Հագնվելուց հետո կանգնեցի մեծ հայելու առջեւ։ Տեսքս զարհուրելի էր, բայց ես շատ գոհ էի։ Պոչը իրանս ձգում էր դեպի ետ եւ ներքեւ, որի պատճառով բադի պես շորորալով էի քայլում, եւ դա է՛լ ավելի էր ինձ նմանեցնում մողեսի։

Գիշերը նավը կանգնեցրի լեռներում, բուրգից ոչ հեռու մի չոր հարթավայրում, ուր երկկենցաղները երբեք չէին հասնում։ Լուսաբացից առաջ «աչքը» կպավ ուսիս, ու մենք թռանք։ Մենք սավառնում էինք աշտարակի վերեւում՝ երկու հազար մետր բարձրության վրա։ Հենց որ լուսացավ, մենք ցած իջանք։

Հավանաբար, դա մի հոյակապ տեսարան էր։ «Աչքը», որին քողարկել էի թեւավոր մողեսի կերպարանքով, դանդաղ թափահարում էր ստվարաթղթե պտերոդակտիլի իր թեւերը, ինչը, ի դեպ, ոչ մի առնչություն չուներ այն սկզբունքների հետ, որոնց վրա հիմնվում էր թռչելու նրա ունակությունը։ Բայց դա բավական էր, որ ցնցեր տեղաբնակների երեւակայությունը։ Ինձ նկատած առաջին իսկ մողեսը գոռաց եւ ընկավ մեջքի վրա։ Նրա մոտ վազեցին ուրիշները։ Խմբերով՝ նրանք հրմշտում էին, բարձրանում իրար վրա, եւ երբ ես արդեն վայրէջք էի կատարում, տաճարի հրապարակում հայտնվեցին քրմերը։

Արքայավայել արժանապատվությամբ ես ձեռքերս խաչեցի կրծքիս։

— Ողջունում եմ ձեզ, մեծ աստծու ազնվագույն սպասավորներ,— ասացի ես։ Հասկանալի է, բարձրաձայն չասացի, այլ միայն շշնջացի լարինգոֆոնի մեջ։ Ռադիոալիքները իմ բառերը հասրցին թարգմանիչ մեքենային, որը, իր հերթին, բարբառում էր տեղացիների լեզվով, ծնոտիս տակ թաքցրած դինամիկի միջոցով։

Բնիկներն իրար անցան, եւ նույն պահին հրապարակում տարածվեց իմ ասածի թարգմանությունը։ Ես ձայնն ուժեղացրի, այնպես որ լսելի լինի ամբողջ հրապարակում։

Ամենադյուրահավատ բնիկներից մի քանիսը երեսնիվայր ընկան գետնին, մյուսները վայնասունով փախան։ Մի սասկածամիտ մողես բարձրացրեց նիզակը, բայց երբ «աչք» պտերոդակտիլը բռնեց նրան ու գցեց ճահճի մեջ, ոչ ոք այլեւս չփորձեց նման բան անել։ Քրմերը շատ բան տեսած ժողովուրդ էին․ ուշադրություն չդարձնելով մյուս մողեսների վրա՝ նրանք չէին շարժվում տեղներից ու ինչ֊որ բան էին շշնջում։ Ես ստիպված էի վերսկսել գրոհը։

— Չքվիր, հավատարիմ նժույգ,— ասացի «աչքին» եւ միաժամանակ սեղմեցի ափիս մեջ պահած փոքրիկ պուլտի կոճակը։

«Աչքը» վեր նետվեց մի փոքր ավելի արագ, քան ես կուզեի․ օդի դիմադրությունից կոտրված նրա պլաստիկի կտորները ցած թափվեցին։ Մինչ ամբոխը ինքնամոռաց հետեւում էր այդ համբարձմանը, ես ուղղվեցի դեպի տաճարի մուտքը։

— Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, օ՜ ազնվագույն քրմեր,— ասացի ես։

Մինչ նրանք կորոշեին, թե ինչ պատասխան տան ինձ, ես արդեն տաճարի ներսում էի, որը բուրգի ստորոտին կից մի ոչ մեծ կառույց էր։ Հնարավոր է, որ առանձնապես շատ «տաբուներ» չէի խախտել՝ ինձ չկանգնեցրին, ուրեմն, ամեն ինչ կարծես լավ է գնում։ Տաճարի խորքում երեւաց կեղտոտ ջրով ավազան։ Նրա մեջ լողում էր մի զառամյալ սողուն, որն ըստ երեւույթին պատկանում էր տեղական ղեկավարությանը։

Ես շորորացի նրա կողմը, իսկ նա սառը ձկնային հայացք նետեց վրաս ու ինչ֊որ բան բլթացրեց։

Թարգմանիչ մեքենան շշնջաց ականջիս․

— Հանուն տասներեքերորդ մեղքի, ասա՝ ո՞վ ես դու եւ ի՞նչ ես փնտրում այստեղ։

Ես նրբագեղորեն թեքեցի թեփուկավոր մարմինս եւ ձեռքով ցույց տվի առաստաղը։

— Ձեր նախնիները ինձ ուղարկել են, որ օգնեմ ձեզ։ Ես եկել եմ, որպեսզի կյանքի կոչեմ Սրբազան աղբյուրը։

Իմ ետեւում խուլ աղմկեցին մողեսները, բայց առաջնորդը ոչ մի բառ չասաց։ Նա դանդաղ սուզվում էր ջրի մեջ, մինչեւ որ դրսում մնաց միայն աչքը։ Ինձ թվում էր, թե լսում եմ ինչպես է շարժվում նրա ուղեղը մամռակալած ճակատի տակ։ Հետո նա դուրս թռավ ջրից եւ դեպի ինձ տնկեց վերջավորությունը, որից կաթկթում էր ջուրը։

— Դու խաբեբա՛ ես։ Դու մեր նախնի՛ն չես։ Մենք…

— Լռի՛ր,— որոտացի ես, թույլ չտալով նրան հասնել այդքան հեռու, որտեղից նա արդեն չէր կարողանա ետ գալ։— Ես ասացի, որ ձեր նախնիներն են ինձ ուղարկել… Ես չեմ պատկանում ձեր նախնիների թվին։ Մի ճգնիր վնաս պատճառել ինձ, այլապես զայրույթը նրանց, ովքեր գնացել են այլ աշխարհ, կթափվի քո գլխին։

Ասելով այս խոսքերը, ես սպառնալից շարժում արեցի մյուս քրմերի կողմը, եւ իմ ու նրանց արանքը մի փոքրիկ նռնակ նետեցի։ Հատակին մի մեծ ձագար առաջացավ, իսկ որոտն ու ծուխը բավական շատ էին։

Քրմապետը որոշեց, որ իմ փաստարկները համոզիչ են, եւ անմիջապես շամանների խորհուրդ հրավիրեց։ Դա, հասկանալի է, տեղի ունեցավ հանրային ավազանում, ու ես էլ էի ստիպված մտնել այնտեղ։ Մենք բացեցինք երախներս ու բլթբլթացինք մոտ մեկ ժամ, եւ այս ընթացքում վճռվեցին օրակարգի բոլոր գլխավոր կետերը։

Ես իմացա, որ քրմերն այնքան էլ վաղուց չեն հայտնվել այստեղ, բոլոր նախորդ քրմերին եփել են եռացող ջրի մեջ այն մեղքի համար, որ թույլ են տվել ցամաքի Սրբազան աղբյուրը։ Ես նրանց բացատրեցի, որ ժամանել եմ միայն մեկ նպատակով․ օգնել նրանց՝ վերակենդանացնելու ջրի հոսքը։ Քրմերը որոշեցին ռիսկի դիմել, եւ մենք միասին դուրս եկանք ավազանից։ Ցեխը շիթ֊շիթ հոսում էր մեր վրայից եւ թափվում հատակին։ Փակ եւ մողեսների կողմից հսկվող դուռը տանում էր դեպի բուրգի ներսը։ Երբ այն բացեցին, քրմապետը դիմեց ինձ։

— Դու, անկասկած, գիտես օրենքը,— ասաց նա։— Քանի որ նախկին քրմերը չափազանց հետաքրքրասեր էին, այժմ նոր օրենքը բարբառում է, որ միայն կույրերը կարող են մտնել սրբության սրբոցը։

Ես պատրաստ եմ գրազ գալու, որ նա ժպտում էր, եթե միայն հին ճամպրուկի նմանվող նրա երախի ճեղքից երեւացող երեսուն ժանիքներով կարելի է ժպտալ։

Նա իսկույն նշան արեց սպասավորին, եւ սա բերեց փայտածուխով եւ շիկացած երկաթներով կրակարանը։ Ես բերանս բաց կանգնել ու նայում էի, թե ինչպես նա խառնեց ածուխները, դրանց միջից հանեց ամենակարմիր ձողիկը ու եկավ իմ կողմը։ Նա արդեն նշան էր բռնել իմ աջ աչքին, երբ ես վերստին ստացա խոսելու շնորհը։

— Այդ օրենքը, անշուշտ, ճիշտ է,— ասացի ես։— Կուրացնելն անհրաժեշտ է։ Սակայն տվյալ դեպքում դուք ինձ պիտի կուրացնեք սրբության սրբոցից դուրս գալուց հետո, եւ ոչ թե հիմա։ Ես պետք է աչքեր ունենամ, որ տեսնեմ ինչ է պատահել Սրբազան աղբյուրին։ Երբ ջուրը նորից կհոսի ներքեւ, ես կծիծաղեմ ու ինքս էլ աչքս դեմ կանեմ շիկացած երկաթին։

Մի րոպե պահանջվեց, որպեսզի քրմապետը խորհի ասածներիս վրա ու համաձայնի ինձ հետ։ Դահիճը խռխռաց եւ ածուխը գցեց կրակարանի մեջ։ Դուռը ճռռոցով բացվեց, ու ես մեն֊մենակ հայտնվեցի մթության մեջ։

Բայց ոչ երկար… Մոտիկից ինչ֊որ քստքստոց լսվեց։ Ես լապտերը վառեցի։ Խարխափելով ինձ էին մոտենում երեք քուրմ, նրանց ակնախնձորների տեղում երեւում էր կարմիր, վառված հյուսվածքը։ Նրանք գիտեին, ես ինչ եմ ուզում եւ, ոչ մի խոսք չասելով, ինձ տարան։

Ճաքճքված եւ փշրվող քարե աստիճանները մեզ հասցրին մի ամուր մետաղյա դռան մոտ, որի վրա փակցված ցուցանակին հնաոճ տառերով գրված էր․ «Փարոս «Մարկ֊III», կողմնակի անձանց մուտքն արգելվում է»։ Դյուրահավատ շինարարները իրենց հույսը դնում էին միայն ցուցանակի վրա․ դուռը կողպեք չուներ։ Մողեսներից մեկը ուղղակի շրջեց բռնակը, եւ մենք հայտնվեցինք փարոսի ներսում։

Ես բացեցի իմ քողարկիչ կոստյումի կրծքի «կայծակը» եւ հանեցի գծագրերը։ Հավատարիմ քրմերի հետ միասին, որոնք սայթաքելով գալիս էին իմ ետեւից, գտա այն սենյակը, որտեղ գտնվում էր կառավարման պուլտը, ու միացրի լույսը։ Վթարային մարտկոցները գրեթե լիցքաթափվել էին, էլեկտրականությունը բավականացնում էր միայն աղոտ լույս տալու համար։ Ինդիկատորները եւ սանդղակները, կարծես լավ վիճակում էին, դրանք փայլում էին, ի՜նչ֊ի՜նչ, բայց սրանց անընդհատ մաքրումը ապահովված էր։

Ես կարդացի սարքերի ցուցումները, ու իմ ենթադրությունները հաստատվեցին։ Ջերմեռանդ մողեսներից մեկը ինչ֊որ ձեւով բացել էր անջատիչներով մեկուսարանը եւ մաքրել էր դրանք։ Պատահաբար նա սեղմել էր անջատիչներից մեկը, ու դա էլ հենց եղել էր վթարի պատճառը։

Ավելի ճիշտ, հենց այդտեղից էլ սկսվել էր ամեն ինչ։ Վթարը չէր կարելի վերացնել անջատիչի հասարակ չրխկոցով, հետո ջրի կափույրը նորից կաշխատեր։ Այդ կափույրը կարելի էր օգտագործել միայն վերանորոգման դեպքում, այն բանից հետո, երբ ջուրը կլցվեր ռեակտորի մեջ։ Երբ ջուրն անջատվում էր գործող ռեակտորից, սկսում էր եզրից թափվել, եւ ավտոմատ ապահովիչ սիստեմը շիթն ուղղում էր ջրհորի մեջ։

Ես շատ հեշտությամբ կարող էի ջուրը բաց թողնել, բայց ռեակտորի մեջ վառելանյութ չկար։

Վառելանյութով զբաղվելու ոչ մի ցանկություն չունեի։ Էներգիայի նոր աղբյուր դնելը շատ ավելի հեշտ էր։ Իմ նավում ես ունեի մի հարմարանք, որն իր չափերով մոտ տասը անգամ փոքր էր «Մարկ III֊ի» վրա դրվաց հինավուրց դույլից, եւ ամենաքիչը մոտ չորս անգամ ավելի հզորություն ուներ։ Բայց դա անելուց առաջ ես մի լավ զննեցի ամբողջ փարոսը։ Գոնե մի բան պիտի որ մաշված լիներ երկու հազար տարվա ընթացքում։

Ծերուկները՝ մեր նախնիները, պետք է արժանվույնը հատուցենք նրանց, լավ էին կառուցել։ Մեխանիզմների իննսուն տոկոսը շարժվող մասեր չունեին եւ չէին էլ կարող մաշվել։ Օրինակ, խողովակը, որով ջուրն իջնում էր տանիքից։ Այդ խողովակի պատերի հաստությունը երեք մետր էր… եւ դա այն դեպքում, երբ իմ գլուխը հազիվ թե մտներ այդ խողովակի մեջ։ Որոշ փոքր֊մոքր գործեր գտնվեցին ինձ համար, ու ես կազմեցի անհրաժեշտ մասերի ցուցակը։

Մասերը, էներգիայի նոր աղբյուրը եւ հազարումի մանր բաները խնամքով դասավորված էին նավում։ Նայելով էկրանին՝ ես մանրակրկիտ ստուգեցի բոլոր մասերը, նախքան դրանք կդրվեին մետաղյա արկղի մեջ։ Լուսաբացից առաջ, գիշերվա ամենամութ ժամին, հզոր «աչքը» արկղը իջեցրեց տաճարի կողքը եւ աննկատ սլացավ։

«Լրտեսի» օգնությամբ ես հետեւում էի, թե քրմերը ինչպես են փորձում այն բացել։ Երբ նրանք համոզվեցին, որ իրենց ջանքերն ապարդյուն են, արկղի մեջ թաքցված դինամիկի միջոցով հրաման արձակեցի նրանց։ Գրեթե ամբողջ օրը նրանք չարչարվեցին, ծանր արկղը վեր բարձրացնելով աշտարակի նեղլիկ աստիճաններով, իսկ այդ ընթացքում ես կուշտ քնեցի։ Երբ արթնացա, արկղն արդեն հասել էր փարոսի դռներին։

Նորոգումն ինձնից շատ ժամանակ չխլեց։ Կուրացած քրմերը աղերսալի տնքում էին, երբ ես բացում էի միջնորմները, որ հասնեմ ռեակտորին։ Ես նույնիսկ հատուկ սարքավորում դրեցի խողովակի մեջ, որ ջուրն օժտվի սողուններին թարմացնող ռադիոակտիվությամբ, որպիսին ուներ նախկին Սրբազան աղբյուրը։ Այդքանով ավարտվեց այն աշխատանքը, որ ինձնից պահանջվում էր անել։ Ես չրխկացրի անջատիչը, եւ ջուրը նորից սկսեց հոսել։

Մի քանի վայրկյան ջուրը բլթբլթում էր չոր խողովակների մեջ, իսկ հետո բուրգի պատերից դուրս լսվեց մի ոռնոց, որից ցնցվեց նույնիսկ նրա քարե մարմինը։ Ձեռքերս վեր կարկառելով՝ ես գնացի հանձնվելու աչքերս այրելու արարողությանը։

Կուրացած մողեսները դռան մոտ ինձ էին սպասում, եւ նրանց տեսքն ավելի ողորմելի էր, քան առաջ։ Դրա պատճառը ես հասկացա, երբ փորձեցի բացել դուռը․ այն ամուր պատնեշով փակված էր մյուս կողմից։

— Վճռված է,— ասաց մի մողես,— որ դու հավերժ մնաս այստեղ եւ հետեւես Սրբազան աղբյուրին, իսկ մենք կմնանք ու կծառայենք քեզ։

Հրապուրի՜չ հեռանկար է՝ ընդմիշտ բանտարկված մնալ փարոսի մեջ, երեք կույր մողեսների հետ միասին։ Չնայած նրանց հյուրընկալությանը, ես չէի կարող այդ մեծարանքն ընդունել։

— Ինչպե՜ս։ Դուք հանդգնում եք բանտարկել ձեր նախնիների պատգամաբերի՞ն։

Ես միացրի դինամիկը ողջ ուժգնությամբ, եւ թրթռոցից քիչ մնաց գլուխս պայթեր։

Մողեսները սարսափահար կծկվեցին, իսկ ես լազերի բարակ ճառագայթն ուղղեցի դռան կողափայտերին։ Լսվեց փլվող պատնեշի դղրդոցն ու ճարճատյունը, եւ դուռն ազատվեց։ Ես բացեցի դուռը։ Կույր քրմերը չէին հասցրել ուշքի գալ, երբ նրանց հրելով դուրս գցեցի։

Նրանց կոլեգաները կանգնել էին սանդուղքի ներքեւում եւ հուզված աղմկում էին, մինչեւ որ ես ընդմիշտ զոդեցի դուռը։ Վազելով բազմության միջով, ես կանգ առա քրմապետի առաջ, որը դարձյալ պառկած էր իր ավազանում։ Նա դանդաղ սուզվեց ջրի տակ։

— Ինչպիսի՜ անպատկառություն,— գոռացի ես։ Մողեսը ջրի տակից պղպջակներ էր բաց թողնում։— Նախնիները զայրացան եւ ընդմիշտ արգելեցին ձեզ մտնել ներքին աշտարակը։ Ի դեպ, նրանք այնքան բարի են, որ աղբյուրը թողեցին ձեզ։ Հիմա ես պետք է վերադառնամ… Շուտ վերջացրեք արարողությունը…

Դահիճն այնքան վախեցած էր, որ տեղից չշարժվեց։ Ես նրա ձեռքից խլեցի շիկացած երկաթե ձողիկը։ Երբ ձողը դիպավ այտիս, պլաստիկատե մաշկի տակից աչքերիս վրա իջավ թիթեղիկը։ Հետո շիկացած երկանթ ամուր սեղմեցի կեղծ ակնախնձորներիս, եւ պլաստիկատն արձակեց այրվող մսի հոտ։ Ամբոխը հեծկլտաց, երբ ես մի կողմ նետեցի երկաթը եւ, սայթաքելով, մի քանի շրջան կատարեցի։ Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ վատ չէի խաղում կույրի դերը։

Վախենալով, որ մողեսների գլխով հանկարծ մի ուրիշ պայծառ միտք կարող է անցնել, սեղմեցի կոճակը, ու հայտնվեց իմ պլաստիկատե պտերոդակտիլը։ Պարզ բան է, որ ես չէի կարող նրան տեսնել, բայց երբ նրա ճանկերի սողնակները կառչեցին իմ ուսերը ծածկող պողպատե թիթեղներին, զգացի, որ նա այստեղ է։

Աչքերս այրելուց հետո ես շրջվեցի ոչ այն կողմը, ու իմ թեվավոր գազանը ետեւի կողմից բռնեց ինձ։ Ես ուզում էի թռչել գնալ արժանապատվությամբ, կույր աչքերս պետք է նայեին մայր մտնող արեւին, այնինչ դեմքով շրջվել էի բազմության կողմը։ Բայց ես արեցի այն ամենը, ինչ կարող էի՝ ողջույն հղեցի մողեսներին։ Հաջորդ ակնթարթին արդեն շատ հեռու էի։

Երբ հանեցի պողպատե թիթեղը եւ անցքեր բացեցի այրված պլաստիկատի մեջ, բուրգը սրնթացորեն փոքրացավ իր չափերով․ նրա հիմքում բլթբլթում էր աղբյուրը, իսկ սողունների երջանիկ ամբոխը թավալվում էր ռադիոակտիվ ջրի մեջ։ Ես սկսեցի մտածել, թե արդյո՞ք արել եմ ամեն ինչ։

Նախ, փարոսը վերանորոգված է։

Երկրորդ․ դուռը ամուր զմռսված է, այնպես որ ոչ մի վնաս, ակամա թե դիտավորյալ, այլեւս չի լինի։

Երրորդ․ քրմերը պետք է որ գոհ լինեն։ Ջուրը նորից հոսում է, համաձայն օրենքի՝ աչքերս այրված են, քրմերի դասը նորից իր գործն ունի։

Եվ չորրորդ․ ապագայում մողեսները, երեւի, կընդունեն նույն պայմաններով մի նոր վարպետի, եթե փարոսը հանկարծ նորից խափանվի։ Համենայն դեպս, ես ոչ մի վատ բան չարեցի նրանց։ Եթե սպանած լինեի նրանցից մեկնումեկին, ապա հետագայում նրանց կտրամադրեի նախնիների կողմից ուղարկվող պատգամաբերների դեմ։

Նավի մեջ հանելով թեփուկավոր հանդերձս, ես ուրախ էի, որ հաջորդ անգամ այստեղ կթռչի արդեն մի ուրիշ վարպետ։

Comments