1. Վիշապին հաղթողը

Chapter 2

II

Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքը պահեց։ Նայում էր փոփոխակի՝ երբեմն երկնքին և երբեմն ջրին, միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կա՛մ իրան՝ Պեգասին, և կա՛մ նրա անդրադարձությունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրանց տավարը ջուր տալու բերելիս ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նաև խրատ էին տալիս, ասելով. «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն, ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել՝ ա՛ռ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»։ Երբ որ Բելլերոֆոնը չէր ընդունում նրանց ասածը՝ նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։

Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ[8] էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոտ, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք-լոք անել[9], ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմը չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ՝ կռները թափահարելով, իբր թե իր կռներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա, մի փունջ խոտ ​ձեռին, մոտենում էր նրան և անասնական բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն[10] նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էր Բելլերոֆոնի մոտ, լուռ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ՝ սրտանց հավատալով, որ իր տեսածն ուղիղ էր։ Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց դո՛ւք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե՝ Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ առիթ ուներ, ո՞վ էր ստիպում նրան։ Այս մի երկար պատմություն է, և ես կաշխատեմ պատմել ձեզ՝ մինչև Պեգասի երևալը։

Եթե Բելլերոֆոնի բոլոր արկածները պատմեմ նրա մանկությունից սկսած, այդ շատ երկար կլինի և ձեզ ձանձրալի, մեր քաջ երիտասարդի կյանքից ես կպատմեմ ձեզ միայն մի կտոր։

Աշխարհի այն մասում, որ կոչվում է Ասիա, մի զարհուրելի հրեշ էր լույս ընկել, որին ասում էին Քիմեռ կամ Խիմերա. մենք կասենք Օշափ[11], որ լսած կլինիք շատ անգամ։ Բայց այս հրեշը մի ուրիշ տեսակ վիշապ է լինում։ Թե որքան վնաս էր հասցնում մարդկանց Օշափը՝ անկարելի էր հաշվել։ Նա մի այնպիսի զարհուրելի բան է լինում, որ նրա նման մի ուրիշ բան չենք կարող ցույց տալ աշխարհիս երեսին։ Նա լինում է օձի մարմնով, մեծ վիշապօձի նման, ունենում է երեք գլուխ՝ մեկն առյուծի, մեկն այծի և մեկն էլ՝ օձի։ Նրա բաց ռեխներից՝ երեքիցն էլ, կրակ էր դուրս թափվում։ Այս հրեշը թեպետ թևեր չուներ, բայց վազում էր առյուծի նման, ցատկում էր այծի նման և սողում օձի նման, ուրեմն, նա շարժվում էր միանգամից երեք կենդանու արագությամբ, որ ասել է՝ ավելի արագ, քան թե թռչունը։

Թե որքան վնաս էր հասցնում այս զզվելի արարածը, ինչպես ասացի, անկարելի է հաշվել։ Երեք երախներից կրակ էր դուրս թռչում և բոլոր անտառները խանձխնձում, արտերն այրում, ամբողջ գյուղեր՝ իրանց պարտեզներով, այգիներով, ամբարներով, կալ ու մարագով, մի խոսքով՝ բոլոր ունեցած-չունեցածով մոխիր էր դարձնում։ Բաց էր անում երեք երախները և սկսում էր լափել ամեն պատահած բան՝ մարդ, կենդանի և թռչուն։ Լափելուց հետո շնթռկում, մրափում էր, մինչև ողջ-ողջ կուլ տված ողորմելի կենդանիները կմարսվեին նրա թոնրանման ստամոքսում։

Մեկ անգամ, պատահմամբ, Բելլերոֆոնը գալիս է Ասիա, այնտեղի թագավորին տեսնելու, հենց ա՛յն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը հեծում, տնքում էր Օշափի հասցրած վնասներից։ Այդ երկրի թագավորի անունը Հոբաթ էր, նա կենում էր Հայաստանին սահմանակից մի երկրռւմ, որ ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն բոլոր պատերազմներին, կա՛մ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կա՛մ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես՝ վայրենի գազանների դեմ, այս էլ՝ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ՝ իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է. ​սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործության, որովհետև ամենքն էլ, նրա միայն անունը լսելով՝ դողում էին. իսկ եթե չսպանեին՝ նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա՝ իր ոսկորները նրա մոտ կթողնե։

Լսած լինելով, որ երեքգլխանի Օշափը շատ արագաշարժ և ճարպիկ է, այն մտքին եկավ, որ անկարելի է այնպիսի մի հրեշի դեմ հետևակ կռվել, այլ՝ դրա համար հարկավոր է անպատճառ ձեռք բերել ամենաքաջ և ամենազորեղ ձի։ Իսկ այս կողմից աշխարհիս երեսին ի՞նչ ձի կարող է հավասարվել Պեգասին, որ համ ոտքեր ուներ, հա՛մ թևեր, և օդի մեջ ավելի ևս արագ էր թռչում, քան վազում երկրի երեսին։ Ինչ ասել կուզի, որ Բելլերոֆոնին ամեն կողմից սկսեցին հավատացնել, որ թևավոր ձի չկա ոչ մի տեղ, և ինչ որ պատմում են թևավոր ձիաների մասին, բոլորն էլ դատարկ զառանցանքներ են միայն և անմիտ ցնորքներ։

Բայց, այնուամենայնիվ, Բելլերոֆոնը հաստատ համոզված էր, որ Պեգասը հնարովի բան չէ, այլ նա կա և ուշ թե վաղ՝ իր ձեռքը կընկնի, որ նրան կսանձե ինքը և, վրան հեծնելով՝ կերթա Օշափի հետ կռվելու։

Այս նպատակով ահա նա Լիկիայից ճանապարհ ընկավ դեպի Էլլադա, ուր և ձեռք բերավ իր ձեռքում եղած թանկագին սանձը։ Այդ սանձը աղոթած էր, այսինքն՝ կախարդած, դյութած էր։ Հենց որ կարողանար սանձի ոսկեզօծ երասանը Պեգասի բերանը դնել՝ թևավոր ձին իսկույն կհպատակեր նրան, նա էլ իսկույն կթռչեր, վրան կնստեր և որ կողմ ուզենար, այն կողմը կքշեր։ Ինչ ասել կուզի, որ քաջ երիտասարդը հուզված սրտով սպասում ու մնում էր, թե՝ ե՞րբ կգա արդյոք Պեգասը Պիրենայի աղբյուրից ջուր խմելու։ Նա շատ էր մտատանջվում, թե՝ միգուցե Հոբաթ թագավորը կարծիք տաներ, թե ինքը փախել է՝ վախենալով Օշափից։ Շատ էր վշտանում, երբ որ միտն էր բերում, թե՝ ի՜նչ ահագին վնասներ է հասցնում երկրին այն զազրելի հրեշը, իսկ ինքը, փոխանակ նրա դեմ պատերազմելու, ձեռները ծոցին՝ նստել է սառնորակ աղբյուրի մոտ և նայում է, թե ինչպե՛ս է բխում նա սարից, թափվում ավազանի մեջ և նրա հատակը ծածկում պսպղուն ավազի շերտով։ Լսում էր, որ իբր թե՝ վերջին տարիներում Պեգասը շատ հազիվ էր երևում աղբյուրի մոտ, և թե նա իր բոլոր կյանքում միայն մեկ անգամ է երևացել մարդու։ Նա շատ էր վախենում, թե՝ միգուցե այստեղ սպասելով մինչև ծերության հասնի, երբ այլևս չի կարողանալ տիրել թևավոր ձիուն, եթե գալու էլ լինի, որովհետև ծերությունից իր ձեռքերն արդեն թուլացած կլինին, քաջությունը կորցրած։ Ավա՜ղ, ինչքա՜ն տխուր ու դատարկ է անցնում ժամանակը, երբ որ եռանդալից երիտասարդությունը ձգտում է հասնել իր ցանկացած նպատակին, երևակայած փառք ու պատվին։ Համբերել և սպասել շա՜տ ծանր է։ Մեր կյանքը, առանց այս էլ, այնքա՜ն կարճ է, բայց էլի ինչքա՜ն դատարկ տարիներ ենք անցկացնում համբերության շնորհիվ։

Բելլերոֆոնի բախտից՝ աղբյուրի մոտ եղած գանգուրիկ երեխան այնպես կպել էր նրան, որ մոտիցը չէր հեռանում համարյա։ Ամեն բարիլուսի Բելլերոֆոնին ասում էր ուրախ-ուրախ.

- Ի՞նչ ես կարծում, Բելլերոֆո՚ն, շա՜տ կարելի է, որ այսօր մենք Պեգասին տեսնե՛նք։ ​

Եվ այս «շատ կարելին» էր, որ հուսադրում էր Բելլերոֆոնին։ Եթե այս հույսը չլիներ՝ նա վաղուց արդեն վերադարձած կլիներ Լիկիա և գնացած կռվելու Օշափի հետ առանց թևավոր ձիու օգնության։ Ինչ ասել կուզի, որ հրեշը մի շնչով կայրեր և մի քանի վայրկյանի մեջ կլափեր նրան։

Comments