Chapter 1
I
Ինչ որ ձեզ ասելու եմ, սիրելի՛ մանուկներ, պատահել է մեզանից, ո՛վ գիտե, քանի՜-քանի՜ հազար տարի առաջ…
Եվ առհասարակ բոլոր հրաշալիքները, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ գիտե՝ ո՛ր ժամանակ։
Էլլադայի[1] հրաշալի աշխարհում մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա և բխում է միևնույն տեղից։
Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներովը ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ, Բելլերոֆոն անունով, մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ՝ անգին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդտեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։
– Ի՜նչ հրաշալի ջուր է,– ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը[2]։
Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։
– Սիրուն աղջիկ,– ասաց երիտասարդը,– խնդրում եմ, ասա՛ ինձ, այս աղբյուրը չունի՞ մի որևիցե անուն։
– Ինչպե՜ս չէ,– պատասխանեց ջահել աղջիկը,– սա Պիրենայի աղբյուրն է։ Ես իմ տատիկիցս լսել եմ, որ Պիրենան մի սիրուն կնիկ է եղել։ Երբ որ նրա որդուն նետով սպանել է որսորդուհի Արտեմիսը՝ Պիրենան այնքան է լաց եղել, այնքան ողբացել, արտասվել, որ ինքը տեղն ու տեղը աղբյուր է կտրվել։ Սրանից է, որ այսքան անուշ է այս աղբյուրը, սրա կաթիլները որդեսեր մոր սրտի կաթիլներն են։
– Ես չէի կարծիլ երբեք, որ այսպիսի մի պայծառ, ուրախ և խաղացկուն աղբյուր արտասուքի՜ց լիներ առած իր ծագումը։ Սրա կարկաչյունն այնքան ուրախ է և այնքան գեղեցիկ է փայլում արևի տակ։ Ուրեմն, սա ի՞նքն է Պիրենայի աղբյուրը։ Սիրո՛ւն աղջիկ, շատ շնորհակալ եմ տված տեղեկությանդ համար։ Ես շատ հեռու տեղից եմ գալիս, և հենց սրան էի ման գալիս, սրան էի փնտրում։
Միջահասակ գյուղացին, որ իր կովը բերել էր ջուր տալու աղբյուրից, աչքերը հառած բոլոր ժամանակ Բելլերոֆոնին էր մտիկ տալիս և նրա ձեռքում եղած հրաշալի սանձին։
– Բարեկա՛մ, երևում է, որ ձեր կողմերում լեռնային աղբյուրները մի չտեսնված հրաշալի բան են,– ասաց նա երիտասարդին,– և դրա համար է, որ ալարդ չի եկել, և այնքան հեռու տեղից եկել ես Պիրենայի աղբյուրը գտնելու։ Եվ այդ ի՞նչ է պատահել քեզ, բարեկա՛մ, երևի ձիդ կորցրել ես։ Սանձն ինչո՞ւ համար ես բռնել ձեռիդ։ Եվ ի՜նչ սիրուն զուքս[3] ունի, ի՜նչ սիրուն զարդարանք։ Երկու շարք, բոլորն էլ անգին քարեր։ Եթե ձիդ էլ սանձիդ նման է եղել, դրան հարմար, ուրեմն՝ շա՜տ ափսոս, եթե կորել է։
– Իմ ձին չի կորել,– ասաց երիտասարդը ժպտալով։– Ես դեռ նոր պիտի գտնեմ այն երևելի ձին, որ, իմաստուն մարդկանց ասելով՝ պետք է որ ձեր կողմերումը լինի անպատճառ։ Բարեկա՛մ, դու ինքդ լսած չկա՞ս, Պեգաս անունով թևավոր ձին հիմա էլ գալի՞ս է արդյոք Պիրենայի աղբյուրից ջուր խմելու, ինչպես որ սովորություն է ունեցել այն հին ժամանակները, երբ դեռ կենդանի է եղել քո ապուպապի ապուպապը։
Գյուղացին ուրախ-ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։
Իսկ դո՛ւք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ, արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց, նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ։ Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում, նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոն սարի գագաթին մեն-մենակ, ազատ և բախտավոր։
Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում՝ անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր, և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա. այնպես էր թվում, թե՝ նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարդ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում-շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում[4], նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանագույն լուսով։ Թաքչում էր փայլակը, և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար, որ իբրև թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։
Ամառը, լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և, իր արծաթափայլ թևերը ծալելով, չափ ընկնում[5] դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում[6] է եղել մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավելի քաղցրերը։ (Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիլ)։
Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ, շատ մարդիկ էին գնում Պիրենայի աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա։ Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե՝ կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին, թե՝ կարող է լինել այնպիսի մի հրաշալի ձի։ Այժմ Բելլերոֆոնի հետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր. սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե՝ Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։
– Այ քեզ բա՜ն… ինչե՜ր են հնարել,– բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով, և սկսեց քրքջալ։– Պեգա՜ս ձի, և այն էլ՝ թևավո՜ր… Բարեկա՛մ, երևում է, որ խելքդ կորցրել ես,– ասաց նա երիտասարդին։– Թևերն ի՞նչ հարկավոր են ձիուն։ Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռ կկրե։ Ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ… թը՜ռռռ… այսօր ես կորել, թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ՝ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ թը՛ռ, թը՜ռ-թը՜ռ… դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թը՜րրա՜խկ… դեպի գետին, այն էլ՝ գլխիվայր, կլտիպո՜ւզ[7], գլըխկոնծի… Չէ, չէ, եղբա՛յր, մի՛ հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինիլ երբեք։
– Ես պատճառ ունիմ բոլորովին ուրիշ կերպ մտածելու,– ասաց երիտասարդը առանց վրդովվելու, և իսկույն երեսը դարձրեց դեպի ծերունին, որ կանգնած էր նրանից երկու քայլաչափ հեռու և, իր գավազանի վրա հենված, ուշադրությամբ ականջ էր դնում նրանց ասածներին, նա մինչև անգամ դրա համար գլուխը փոքր-ինչ թեքել էր դեպի նրանց և ձեռքով ականջի մի կողմը ծածկել վահանի պես, որ լսել կարողանա։ Վերջին քսան տարին ծերունին համարյա թե խլացել էր բոլորովին։
– Դու ի՞նչ կասես, պապի՛,– հարցրեց երիտասարդը,– դու քո ջահել ժամանակդ անպատճառ տեսած կլինես թևավոր ձին, և շատ անգամ։
– Ես, հոգի՛ ջան, հիշողությունս կորցրել եմ բոլորովին։ Միտս է գալիս միայն, որ ջահել ժամանակս հավատում էի, որ կա թևավոր ձի. այսպես հավատում էին և նույն ժամանակի բոլոր ջահիլները։ Իսկ հիմա միտք է՛լ չի մնացել գլխումս, էլ իմ ի՞նչ ժամանակն է թևավոր ձիու մասին մտածելու։ Եթե պատահած էլ լինիմ Պեգասին, այդ հիմա, ով գիտե, քանի՜ ժամանակվա բան կլինի, վաղո՜ւց, շատ վաղուց կլինիմ պատահած։ Իսկ հիմա, ուղիղն ասեմ, դժվարանում եմ հավատալ, որ երբևիցե տեսած լինիմ Պեգասին։ Միտս է գալիս երազի նման, որ երեխա ժամանակս ահա այստեղ, աղբյուրի մոտ, մեկ անգամ կարծես թե նկատեցի ձիու հետք։ Կարելի է թե՝ Պեգասի հետքը լիներ կամ, ով գիտե, գուցե նրա հետքը չէր, այլ՝ մի ուրիշ ձիու։
– Իսկ դո՞ւ, սիրո՛ւն աղջիկ,– հարցրեց ջահիլ աղջկանը, որ կուժն ուսին կանգնած էր նրանց կշտին և ականջ էր դնում ծերունու ասածներին,– դու անպատճառ տեսած կլինիս, այո՛, դու այդպիսի սուր-սուր աչքեր ունիս։
– Ինձ այնպես է թվում, որ մեկ անգամ տեսած պիտի լինիմ նրան,– պատասխանեց ջահիլ աղջիկը՝ ժպտալով և կարմրելով։– Ուղիղ իմ գլխի վրայով, բա՜րձր, շատ բա՜րձր, օդի մեջ սավառնում էր մի բան. թե ասեմ Պեգասն էր՝ Պեգասը չէր. թե ասեմ մի ահագին սպիտակ թռչուն էր՝ թռչուն չէր։ Բայց մի ուրիշ անգամ էլի եկա այստեղ կուժն ուսիս և հանկարծ ձիու վրնջյուն լսեցի։ Սիրտս այնպես ուրախացավ, որ չեմ կարող ասել, այնպես մի քաղցր, այնպես մի աշխույժ վրնջյուն էր։ Բայց, այսուամենայնիվ, ես վախեցա, չգիտեմ ինչից, և վազեցի տուն՝ առանց ջրի, դատարկ կժով։
– Ափսո՜ս,– ասաց պատանին և երեսը դարձրեց դեպի փոքրիկ տղան, որ նրա մոտ կանգնած էր և նայում էր Բելլերոֆոնի վրա՝ վարդանման բերանը լայն բաց արած։ Մանուկները միշտ այսպես են նայում անծանոթ մարդկանց վրա։
– Դու ի՞նչ կասես, սիրո՛ւն մանկիկ,– հարցրեց Բելլերոֆոնը՝ ծիծաղելով և շոյելով երեխայի գանգրիկ մազերը։– Դու շատ անգամ տեսած կլինիս այստեղ թևավոր ձին։
– Շա՜տ անգամ, այո՛,– վստահաբար պատասխանեց մանուկը։– Հեռու չէ, հենց երեկ ես տեսա նրան, առաջ էլ ես միշտ տեսել եմ նրան։
– Ապրի՜ս, ապրի՜ս,– բացականչեց երիտասարդը՝ մոտ քաշելով երեխային։– Հապա՜, եղբա՛յր, մեկ լավ մոտեցիր և պատմի՛ր ինձ, տեսնեմ՝ ինչպե՞ս ես տեսել։
– Ահա՛ թե ինչպես։ Մեկ անգամ գալիս եմ այստեղ, աղբյուրը, որ նավակներ ձգեմ ջրի վրա և նախշուն քարեր հավաքեմ։ Շատ անգամ աչքս ջրի մեջն եմ գցում, մտիկ տալիս և տեսնում եմ նրանում, որ երկնքովը թռչում է մեկ սպիտակ թևավոր ձի։ Սիրտս միշտ ուզում է, որ նա իջնի երկրի վրա, ինձ վերցնի հետը և տանե լուսնի վրա դնե։ Բայց հենց որ վեր եմ կենում կանգնում, որ ուղղակի ձիուն մտիկ տամ, մեկ էլ տեսնում եմ՝ էլ ձի չկա՜, անհետանում է իսկույն ամպերի մեջ։
Բելլերոֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեգասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ՝ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ՝ ծերունուն, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում, և ոչ թևավոր։