Chapter 9
Թ
Տանտիկինը, տանելով յուր հյուրին դստեր մոտ,— ահա, իմ աղջիկս, Նատալիա Եսսիպովնա,— ներկայացրեց նա։ Եվ դառնալով դեպի երիտասարդը — պարոն Միքայել Բաքոսյանը,— ասաց նա։ Եվ սկսավ ծանոթացնել նրան մյուս Հյուրերի հետ։
Միակ ծանոթը, որին հանդիպեց այնտեղ Բաքոսյանը, էր յուր հեռու ազգական տիկին Շնորհաբաշխը, նույն քաղաքի վեչերների հերոսուհին։
— Լավ է, դու էլ երևացիր, Միշա,— ասաց նա, ուրախությամբ դիմելով դեպի երիտասարդը։
— Մի՞թե իմ երևնալս այդքան հաճություն է բերում ձեզ,— ժպտալով հարցրեց երիտասարդը։
— Բա՛, չե՞ս իմանում, որ այդպես է. բա՛ ազգականությունը ինչի՞ համար է։
Վերջին խոսքերը այնքան բարձր կերպով արտասանեց տիկինը, որ շատերը լսեցին։ Կարծես, նա պարծենում էր այդ խոսքերով։
— Ուրեմն ես կաշխատեմ շուտ-շուտ երևնալ ձեզ,— պատասխանեց Բաքոսյանը, ինքն չհավատալով յուր խոսքերին։
— Այն ժամանակ քեզանից շնորհակալ կլինեմ,— ասաց տիկինը, և մոտենալով նրա ականջին քրթմնջաց.— Տանտիրոջ աղջկան լավ մտիկ արա՛.․. ի՜նչ յուղալի տեղ է... Եվ ծիծաղելով հեռացավ երիտասարդից։
Նատոն խիստ քաղաքավարի կերպով ձեռքը տալով երիտասարդին, սկսավ նրա հետ անցուդարձ անել դահլիճի մեջ։ Երիտասարդը, մի կողմնակի հայացք ձգելով խաղացողների վրա. «Ահա մեր քաղաքացոց բոլոր զվարճությունը», ասաց յուր մտքում:
Նրանք անցնելով դահլիճը, մտան մի փոքրիկ սենյակ, ուր հրավիրեց երիտասարդին օրիորդը, որտեղ կային մի քանի պատվավոր հյուրեր և զբաղված էին նույնպես թղթախաղով։
Բաքոսյանը նստեց աթոռի վրա և հեռվից նայում էր խաղացողների խումբին։
— Դուք ի՞նչ խաղ եք խաղում,— դարձավ Նատոն դեպի երիտասարդը ֆրանսերեն լեզվով։
— Ես դժբախտաբար ընդունակ չեմ եղել որևիցե խաղ սովորելու,— հեգնորեն պատասխանեց Բաքոսյանը։
— Ապա ինչո՞վ պարապեցնեմ ձեզ։
— Միթե դուք բավական չե՞ք, եթե այնքան բտրի կլինեք զբաղեցնել ձեր հյուրին։
Օրիորդը կարմրեց և նստեց երիտասարդի մոտ։ Նրանք սկսեցին խոսել արտասահմանի մասին։ Բաքոսյանը պատմեց նրան շատ բաներ, թե ո՛րպես են ուսանում Շվեյցարիայում աղջիկները, թե ո՛րպես կրթված են Պոլսում և Զմյուռնիայում հայ օրիորդները։ Այս զրույցները վերջացնելուց հետո Նատոն հարցրեց.
— Ասացե՛ք խնդրեմ, ի՞նչ ներգործություն է անում ձեզ վրա մեր քաղաքը և այստեղի կյանքը։
— Ներգործությունները ինձ վրա համարյա միևնույն տխուր ազդեցությունն ունեն, թե այստեղ և թե արտասահմանում,— պատասխանեց Բաքոսյանը...
— Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ մեզ չսովորացրին մեր լեզուն,— պատասխանեց Նատոն զգալի կերպով։— Ընտանիքի մեջ մեր ծնողները արգելում էին խոսել, «Հայերենը մոդա չէ», ասում էին...
— Այո՛, այդպես են վարվում իրանց զավակների հետ այստեղ ծնողները...— վերջացրեց Բաքոսյանը, և տխրության ամպը պատեց նրա դեմքը։ Օրիորդը, նկատելով, որ յուր խոսքերը երիտասարդի վրա վատ տպավորություն ունեցան՝ փոխեց խոսքը, հարցնելով.
— Ինչո՞վ եք պարապում դուք այժմ։
— Իմ պարապմունքներն այնքան չնչին են, որ պետք է ասել, թե ոչնչով,— պատասխանեց երիտասարդը։
— Ես լսեցի, դուք կամենում եք հրատարակել մի լրագիր։
— Այո՛, մի այդպիսի նպատակ կա։
— Ի՞նչ լեզվով։
— Հայերեն լեզվով։
— Հայերեն լեզվով լրագի՞ր...— բացականչեց օրիորդը մի քնքուշ արհամարհական կնճիռ ձևացնելով յուր գեղեցիկ դեմքի վրա։