1. Ով էր մեղավոր

Chapter 5

Ե

Նույն ավուր երեկոյան պահուն Բաքոսյանին տեսություն էին եկել մի քանի բարձր ուսում ստացած, մայրաքաղաքի ուսանողներ,— իրավաբան, բժիշկ, բնագետ և պատմաբան։

Բաքոսյանը համբույրներով ընդունեց նրանց որպես յուր հին ընկերներին։ Մի քանի հասարակ զրույցներից հետո խոսակցությունը նրանց մեջ ընդունեց ավելի նշանավոր ձև։

Երբ նրանք սկսան խոսել նույն քաղաքի ուսումնաբանների, լրագրության և կրթյալ երիտասարդության գործունեության մասին․

— Մեր երիտասարդությունը ոչինչ չէ շինում, պարոններ,—ասաց նրանց բարեկամական անկեղծությամբ Բաքոսյանը։

— Ի՞նչ կարող է շինել,— պատասխանեց երիտասարդ պատմաբանը։— Երբ նրանց գործունեության ընթացքը այնքան սահմանափակված է։

— Ծույլերը միշտ իրանց արդարացնելու պատճառներ ունեն,— պատասխանեց Բաքոսյանը ծիծաղելով։

—Քո քթից, եղբայր, դեռ արտասահմանյան քամին չէ դուրս եկել․ մի քանի օր անցնի՝ դու բոլորովին այլապես կխոսես — մեջ մտավ գանգրահեր բնագետը։ ​— Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ կարելի է այստեղ գործել, — հարցրեց իրավաբանը ավելի ծանր կերպով։

— Օրինակի համար, մենք դեռևս մի օրինավոր լրագրություն չունենք,— պատասխանեց Բաքոսյանը։

— Դիցուք թե ունենայինք, բայց մեզանում լրագիրը ո՞վ է կարդում,— հարցրեց բժիշկը։

— Այդ իսկ պատճառով, որ մեզանում լրագիր չեն կարդում,— նրա խոսքր կտրեց Բաքոսյանը,— պետք է հրատարակել մի այնպիսի պարբերական թերթ, բոլորովին նոր հոդով, նոր ուղղությամբ, որ գրդռե, հարցեր հարուցանե, և վերջապես ստիպե իրան կարդալ։

— Այդ բոլորը երևակայություններ են,— հառաջ տարավ բժիշկը։— Մեզանում ընթերցող հասարակությունը, այսինքն ժողովրդի բարձր և կրթյալ դասը, ոչինչ կարոտություն չունե մի հայ լրագրի։

Վիճաբանությունը ավելի տաքացավ, երբ Բաքոսյանը ասաց.

— Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին, պարոն բժշկապետ, որովհետև այդ ձեր բարձր կամ կրթյալ կոչված դասը թող բոլորովին չկարդա ևս, այդ փույթ չէ՛ ... Բայց դուք մոռանում եք մի բան, որ մենք ունենք մի մեծ դաս ժողովրդի, ավելի բազմաթիվ, ավելի թարմ ուժերով և ավելի անխարդախ առանձնությունների մեջ այդ դասն է ամբոխը, մենք նրա համար պետք գործենք։

Երիտասարդ պատմաբանը, որ լռությամբ լսում էր, ասաց արհամարհական ոճով.

— Է՜հ, շատ գրեցինք մենք, թե պարբերական թերթերի և թե ամսագրների միջոցով, բայց ի՞նչ դարձավ.— այդ քո ամբոխը էլի մնաց այն, ինչ որ էր։

Բաքոսյանին զարմացրեց մի այդպիսի պատասխանը…

— Եթե ձեր դրվածքները օգուտ չբերեցին հասարակությանը՝ իմ կարծիքով այն էր պատճառը, որ նրանք չեն եղել ժողովրդի կյանքի առարկա, երևույթների և նրա պիտույքների արտահայտություն, այդ գլխավոր պայմաններից մինն է լրագրության։ Բայց հին սխոլաստիկական քարոզներ կարդալ, արաբական հեքիաթներ պատմել, կղերի հաճույքներին խունկ ծխել և միևնույն ժամանակ պահանջել ընթերցող հասարակության համակրությունը — այդ անկարելի բան է։

— Մեր ժողովուրդը լինելով մի կրոնական ազգ, հարկավոր է ​այդպիսի բաներով գրավել նրան և տարածել նրա մեջ ընթերցասիրություն։ Այլ հնար չկա,— պատասխանեց պատմաբանը։

— Ահա այդտե՛ղ է գլխավոր սխալը,— նրան պատասխանեց Բաքոսյանը։— Փոխանակ զարգացնելու ժողովուրդը գրական մտքերով դուք կրկին կամենում եք ծանրացնել նրա բանը միջնադարյան փիլիսոփայության մեջ։

— Ապա ի՞նչ պետք էր գրել։

— Ես ասացի, որ լրագրությունը պիտի լինի ժողովրդի առօրյա պիտույքների և պահանջմունքների արտահայտություն։ Ահա թե ի՛նչ կարելի էր գրել, օրինակի համար,— թե գրավոր և թե գործնական կերպով համոզել վաճառականներին կազմել ընկերություններ և կանոնավոր առևտրական տներ։ Արհեստավորներին քարոզել, որ բաց անեն արվեստագիտական ուսումնարան: Գյուղացիների համար աշխատել, որ լինեն գյուղատնտեսական ընկերություն, գյուղական փոխատու ընկերություն, և այլ դրանց նման նպաստող հիմնարկություններ։

— Այդպիսի քարոզներ մենք շատ անգամ լսել ենք. դրանք բոլորը երազներ են, մեզանում ոչինչ չէ կարելի գործել, — ասացին բարձր ուսում ստացած պարոնները և արհամարհական ծիծաղով բոլորը հեռացան։

«Ողորմելինե՜ր...», ասաց յուր մտքում նրանց գնալուց հետո Բաքոսյանը։

Comments