1. Ով էր մեղավոր

Chapter 3

Գ

Բայց տանեցոց աղաղակը, նրանց ուրախությունը և ծիծաղը զարթեցրեց մերձակա սենյակում քնած Արտեմ Պավլիչին, երիտասարդի հորը։ Նա իսկույն վազեց դեպի դահլիճը, երբ լսեց որդու գալուստը։

Ծերունի հոր ուրախությանը սահման չկար։ Երբ նա բավականին սթափված էր յուր հրճվանքից, երբ հանդարտել էին նրա մեջ հայրական սրտի կրքերը, հարցրեց.

— Ավարտեցի՞ր, Միշա։

— Ավարտեցի, հայր իմ։

— Շա՞տ բան սովրեցար, Միշա։ ​

— Սովրեցա, որքան կարող էի...

Մի այսպիսի համեստ պատասխանը չլրացրեց հոր հետաքրքրությունը, և նա կրկնեց.

— Ամե՞ն բան սովրեցար, Միշա։

Երիտասարդի դեմքի վրա վազեց մի թեթև ծիծաղ։

— Մի՞թե կարելի է ամեն բան սովորել, հայր իմ։

Վերջին խոսքերը փոքր-ինչ դիպավ հոր ինքնասիրությանը, որ կարծում էր, թե որդին աշխարհում ոչինչ չէր թողել առանց ուսանելու։ Բայց երիտասարդը փարատեց նրա այդ մտատանջությունը, հայտնելով, թե նա դարձել էր դոկտորի ուսումնական տիտղոսով։

— Էդ մինը լավ ես արի, որդի,— ասաց հայրը ուրախանալով,— որ դոխտուր ես դարձել։ Դրանից հետո էստեղի դոխտուրների մունաթեն էլի կու պրծնինք։ Անիծվածները մինչև կարմիր տասը մանեթանոցը չեն առնում, հիվանդի մոտ չեն գալիս. էն էլ պետք է քո ֆայտոնով բերես...

Իսկ Արտեմ Պավլիչն սխալվում էր յուր մխիթարության մեջ, որովհետև նրա որդին բժշկություն չէր սովորած, այլ նա էր դոկտոր իրավաբանության, և ուներ գերմանական համալսարանի դիպլոմ։

Comments