1. Ով էր մեղավոր

Chapter 19

ԺԹ

Երիտասարդի առողջությունը փոքր-ինչ լավացել էր, հանկարծ ստացավ նա մի նամակ: Այդ նամակը գցեց նրան անհանգստության մեջ։

— Գիտե՞ս, Մանիշակ, ո՛րքան շտապում եմ ես շուտ առողջանալ,— ասաց նա մի անգամ օրիորդին, որ նստած էր նրա մոտ։

— Ես էլ շատ եմ շտապում...— պատասխանեց աղջիկը հրեշտակային պարզամտությամբ։

— Միայն այդ ցանկությունները մեր երկուսիս մեջ բոլորովին զանազան նպատակներ ունին։

— Թո՛ղ ունենան... միայն ես շատ ուրախ եմ, որ դու այսօր բավական լավ ես։

— Անմե՛ղ գառնուկ,— կոչեց հիվանդը համազգացությամբ նայելով օրիորդի երեսին։

Հայտնվեցան հիվանդի ընկերները։ Օրիորդը հեռացավ։

Բաքոսյանի առողջությունը բավական ուրախություն պատճառեց նրան։ ​— Մեր կյանքը,— ասաց երիտասարդը,— մի չնչին բան է․ նա այսօր կա, վաղը ոչնչացավ։ Բայց մենք, պարոններ, աշխատենք կյանք տալ այն գործին, որին ամենքս նվիրված ենք։

— Մեր նպատակը և ցանկությունը իսկ այդ է,— պատասխանեցին նրանք։

— Լոկ նպատակը կամ ցանկությունը, բարեկամներ, ոչինչ նշանակություն չունի, երբ նա չէ իրագործվում, երբ նա մարմին չէ դառնում։ Լոկ ցանկությունը ցնո՛րք է։

— Ի՞նչ պետք է արած, երբ մեր հասարակական կյանքի մեջ հիմք չկա,— հարցրեց մինը։

— Այնտեղ որ հասարակական կյանքը այնպիսի փտած դրության մեջ է գտնվում` գործող մարդուն պետք է հիմնվել յուր սեփական ուժերի վրա, ոչ ոքից նպատակ և օժանդակություն չսպասելով։ Պառավներին մենք չենք կարող ուղղել, նրանց կուղղե միայն գերեզմանը։ Մեր կրթյալ երիտասարդությունը համարյա՛ փչացած է, նրանք մեզ համար կորած են։ Իսկ միակ ուժը որ մնացել է կենդանի, թարմ և անկեղծ՝ գտնվում է ամբոխի մեջ,— մեր հույսը պետք է նրա վրա դնենք և աշխատենք մշակել նրան։

Չնայելով Բաքոսյանի մարմնական տկարությանը՝ նա այնօր խոսում էր առանց լռելու։ Կարծես վերջին ժամն էր, որ այլևս չպիտի խոսեր յուր ընկերների հետ։

Comments