1. Թեմական տեսուչ

Chapter 6

Զ: ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արշակավանումը կային և բարեգործական անուն կրող ուսումնարաններ։ Դրանցում հակակրթվում էին ապագա հայ սերնդի հայրերն ու մայրերը, թեմական տեսուչը այդ հիմնարկությունների ներքին գործերին միջամտելու իրավունք չուներ։ Բարեգործության բարի անդամները մի դյուրին հնարք էին գտել իրանց աղջկերանցն ու տղերանցը կարճ միջոցում ​այնպես հակակրթել և կերպարանափոխել, որ հայ աղջկա ու տղայի վերա ազգային ոչ մի հետք ու նշան չմնա։ Այդ գործը հանձնել էին չհայախոս վարժապետների ու վարժուհիների, որոնց գործած հրաշքները տարեկան հարցաքննության ժամանակ երևում էին։ Թե՛ տղայք և թե՛ աղջկերք այնպես մարզված ու ճարպիկացած էին լինում, որ վարժուհին կամ վարժապետը դեռևս իր հարցմունքը շարունակելիս՝ պատասխանն արդեն վերջացած էր լինում։

Օրինակ պատմությունից հարցաքննվում էին այսպես.

— Ինչպե՞ս էին անվան...

— Մեր նախնիքը անվանվում էին սլավյաններ,— պատասխանում էին Հայկա թոռնուհիքը։

— ...վում մեր նախնիքը,— հարցնում էին Րյուրիկի թոռները։

Այս նորագույն հարց ու պատասխանի գրի առնելը, ինչպես տեսնում ենք, նոր ձևով պետք է լինի, որովհետև հարցումն ու պատասխանը միասին են վազ տալիս ու պատասխանը միշտ կտրում էր հարցման առաջը։

— Ո՞րն է մեր հայ․․․

— Մեր հայրենիքը Լապլանդիան է։

— ...րենիքը։

Կրոնի հարցաքննությունը լինում էր այսպես․

— Գիտե՞ս ա․․․

— Այո՛, գիտեմ, անուն հոր և որդու և սրբո հոգույն․ ամեն,— պատասխանում է աշակերտը կամ աշակերտուհին ասածի ձևով խաչահանելով երեսը։

— ․․․նուն հորը.

— Քրիս․․․

— Քրիստոս ծնվել է դեկտեմբերի քսանհնգին։

— ․․․տոս ե՞րբ է ծնվել։

Ահա այսպիսի մի չտեսնված արագությամբ պատասխանում էին բոլոր մյուս առարկաներից էլ և ապուշ կթեցնում բարեգործության հաստափոր ու նիհարամիտ անդամներին։

Մեկ անգամ մի այսպիսի կատակերգության ժամանակ թեմական տեսուչը միջամտելու իրավունք խնդրեց ու ստացավ։ Նրա մի քանի հարցումներից երևաց, որ մարգարտի ​հատիկը սեղանի մեծություն ունի, որ օձը չորս ոտն ունի, և այլ այսպիսի բաներ, մին քան զմյուսը հրաշալի։ Ծիծաղելին ավելի այն էր, որ վարդապետներն ու վարժուհիները չէին իմանում, թե իրանց սաները ինչ նորանոր գյուտեր էին անում և ծիծաղում էին հանդիսատեսների հետ միասին, կարծելով՝ թե նրանք իրանց սաների տված սուր պատասխանների վրա էին խնդում։ Վարժապետների չիմանալու պատճառն այն էր, որ թեմական տեսուչը հայերեն էր անում իր հարց ու փորձը մարդավարի ոճով։ Ասում են՝ ժեմչուժնոյե զերնո, որ ասում եք, դա ի՞նչ բան է։ Եվ մանուկներն սկսում էին վայրիվերո բաներ ասել։ Նրանց հանդուգն ստախոսությունը անամոթության էր հասնում, ըստ որում այդպես էին մարզված խեղճերը, ամբոխին շլացնելու և նրանց աչքին թոզ փչելու հրահանգ էին ստացած իրանց հակակրթիչներից․ «չգիտեմ», «չեմ իմանում» ասել չունեին, ու դեռ ոչինչ չգիտեցած՝ արդեն ամենագետ էին։

Այդ ուսումնարանների մի անկյունում տեղ էր նշանակված և հայոց լեզվին, որ շաբաթը մի անգամ երևում էր շաբաթ օրերը, այն էլ երբեմն միայն։ Անմեղ և անմիտ երեխայոց աչքում իրանց մայրենի լեզուն ու կրոնը ծաղրելի կացուցանելու համար դրանից լավ հնար չէր կարող մտածել։ Քահանա ուսուցիչը մի ծաղրի առարկա էր այդտեղ ամենի համար։ Նրան անպատվում էին ամենքը, թե՛ հասկացողները և թե՛ չհասկացողները, տեսնելով, որ նա իր ազգի կրոնն ու լեզուն խոզերի ոտի տակն էր ձգում շատ էժան գնով։ Նա ամենայն անպատվություն սիրով կրում էր միայն նրա համար, որ իր ստացած ամսական մի քանի մանեթիցը չզրկվի։ Ուսումնարանի ուղղությունն այնպես էր, որ աշակերտներից ով ինչքան վատ էր սովորում իր մայրենի լեզուն, նա այնքան բարձր թվանշան էր ստանում իր չարած հառաջադիմության համար, իսկ եթե մեկը բնավ ոչինչ չէր սովորած լինում, ամենից լավ թվանշանը նա էր ստանում։ Հայ քահանան չէր խղճահարվում ոչինչ չգիտցող աշակերտին հառաջադիմության ամենաբարձր աստիճանի թվանշանով պատվելու, փոխանակ զրո գրելու։ Այս տեսակ ծառայություն մատուցելու հոժարակամ քահանաների թիվը շատ-շատ էր, դրանցից յուրաքանչյուրը մյուսի հացը կտրելու համար՝ հարկավոր տեղերում չէր ասում, որ եղած ​կրոնուսույցը շատ ծույլ, տգետ և իր պաշտոնին անհարմար մարդ է, շատ լավ իմանալով, որ դրանք են համարված լավ հատկություններ, այլ թե՝ «շատ ազգասեր է, կրոնի պատմության հետ խառնում է ազգային պատմությունը, սաստիկ կրոնամոլ է, կարծում է, թե իր ազգային կրոնից դուրս՝ հային փրկություն չկա, հայոց լեզուն ադամախոս է համարում, կարծում է թե աշխարհիս երեսին չկա մի այլ լեզու, որ հայոց լեզվի ճոխությունը ունենա, նրա չափ ճկուն, նրա չափ քաղցրահնչյուն լինի»։ Այս խոսքերը համարվում էին «մատնություն» և իրար հաց կտրելու ամենադյուրին հնար։

Ուսումնարանի տեսուչը հայերեն չիմանալով՝ հավատում էր այդ մատնություններին և կրոնուսույց քահանային յուր մոտ կանչելով՝ հանդիմանում, իսկ քահանան ինքն իրան արդարացնելու համար ահա թե ինչ էր պատասխանում․

— Պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, երդվում եմ իմ աստուծովս, իմ կարգովս, իմ որդոց արևովը, որ այդ բոլորը սուտ է, որ ես ամենևի՛ն, ամենևի՛ն... ազգասեր չեմ։ Չէ՞ որ ես կրոնի ուսուցիչ եմ, մի՞թե ես չգիտեմ, որ «չի՛ք խտիր ո՛չ հրեի և ո՛չ հեթանոսի, ոչ ծառայի և ոչ ազատի, զի մեք ամենեքին մի եմք ի Քրիստոս Հիսուս»։ Ընդհակառակն, պարոն դիրեկտոր, մի՞թե դուք չգիտեք, որ ես աշխատում եմ մեր մեջ եղած արհեստական միջնորմը խորտակել։ Քանի՜ անգամ աշակերտներն ինձ ասել են, թե «մեզ այսօր տոն է, ինչո՛ւ չեք արձակում», ես նրանց հասկացրել եմ, որ տոնը միևնույն է, տարվա ո՛ր օրը կուզի թող լինի․ շատ անգամ նրանք ինձ ասել են, թե՝ «ինչո՞ւ հայերեն շարադրություն չես անել տալիս մեզ», ես իրանց ասել եմ՝ «ժամանակներդ զուր մի՛ անց կացնեք, հայերենը ձեզ հաց չի տալու, աշխատեցեք հացատու լեզուն սովորել»։ Դուք արդեն գիտեք, որ տարվա մեջ ես ունիմ ընդամենը երեսունվեց դաս, դրանցից տասը՝ տոն օր է պատահում, մի տասն անգամ ես եմ բացակա գտնվում, մի քանի անգամ էլ իրանք աշակերտներն են փախչում, և այսպես վերջ ի վերջո ոչ կրոն է սովորվում, ոչ լեզու, մանավանդ որ դա մի պարտադիր առարկա չէ, չգիտենալու համար ոչ ոք չի մնալու իր առաջվան տեղը, ուրեմն ես, աստված մի՛ արասցե, եթե ուզենամ էլ, ինչպե՞ս կարող եմ նրանց մեջ կրոնի կամ լեզվի ​սեր ձգել։ Չէ՛, պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, որ իմ մասին ինչ որ ասել են, բոլորովին զրպարտություն է, իմ մեջ ազգասիրություն ասածդ ամենևին․․․ չկա։

— Եթե այդպես է, բա ինչո՞ւ համար սրբազան պատմությունը հայերեն եք սովորեցնում, քա՛նի անգամ պատվիրել եմ, որ այդպես չանեք։

— Պարոն դիրեկտոր, ես էլի այնպես եմ անում, ինչպես դուք եք հրամայել, ես միշտ թարգմանել եմ տալիս, բայց եթե բոլորովին դադարեցնեմ իրանց լեզվով ավանդելը, իմ մեծը կիմանա և ինձ կարտաքսե։ Եթե ուզում եք, այդ իրավունքը ձեռք բերեք, ես ուրախությամբ կկատարեմ։ Կարող եք ուրիշ կերպով էլ անել։ Ես այնպես դաս կտամ, ինչպես դուք եք ուզում, բայց երբ որ ինձ մատնեն, դուք պաշտոնապես հերքեցեք և ասացեք սուտ է, բոլորովին այդպես բան չի եղած։

— Շատ բարի։ Ես կարող եմ մինչև անգամ քննությամբ էլ հաստատել, որ ձեզ զրպարտել են, միայն դուք այնպես արեք, ինչպես ես պատվիրում եմ, եթե ոչ ես ձեր տեղ ուրիշին նշանակել կտամ, պատճառ բերելով՝ որ դուք լավ չեք սորվեցնում ձեր լեզուն ու կրոնը և ոչ մի արդյունք չեք ցույց տալիս։ Գիտե՞ք որ այդ բանն աշկարա է և ապացույցի կարոտ չէ։ Ժողովուրդն էլ կուրախանա, որ ձեզանից լավին եմ ընտրում ու իրանց մայրենի լեզվին ու կրոնին նշանակություն եմ տալիս։

— Իհարկե, պարոն դիրեկտոր, դուք ամեն ինչ կարող եք անել, մի՞թե այդքանը ես չգիտեմ։ Բայց աղաչում եմ ձեզ, պաղատում եմ, իմ բուկս մի՛ կտրեք, ես տուն ունիմ, երեխեք ունիմ, ես պատրաստ եմ ձեր հրամանից մի կետի չափ չշեղվել...

Մի քանի օրից հետո այս միևնույն քահանային հանդիպում է թեմական տեսուչը և ասում.

— Տե՛ր հայր, իմ ականջս է հասնում, որ դուք ձեր դասերին չեք գնում, ու ամիսը մեկ անգամ գնում եք ձեր դասերի տեղն ստորագրում, թե «պարապեցայ» և աշակերտների անվան դիմացն էլ ցուցակի մեջ թվանշաններ դնում, իբր դաս հարցրած...

— Այդ ո՞վ է ասում, այդ բոլորովին զրպարտություն է. ​կամենում եք մեր ինսպեկտորին հարցրեք, նա ձեզ կասե, որ այդ սուտ է։

— Գիտեմ, որ նա կասե, բայց ես նրա վկայությանը չեմ դիմիլ, այլ իմ ապացույցովս կդիմեմ ում հարկն է...

— Կարող եք դիմել, բան չունիմ ասելու, բայց երդվում եմ կարգովս, որ այդ զրպարտություն է։ Այդ բանը տեր Մրթուզը պիտի լինի ձեզ ասած, ըստ որում աչք է ձգել իմ պաշտոնի վրա։

— Դուք իզուր եք այդպես կարծում. այդ բանին ես ինքս անձամբ վերահասու եմ եղել։ Անցյալ օրը դուք մեռելի վրա էիք, ուսումնարան չէիք գնացել, բայց ցուցակումը գրված է, որ գնացել պարապել եք...

— Ի՞նչ ասեմ, ես քահանա մարդ, իմ խոսքին չեք հավատում, ցուցակին եք հավատում։

— Ո՛չ, ցուցակին էլ չեմ հավատում, գիտեմ որ այնտեղ սուտ է գրված։ Ես լսել եմ, որ դուք սրբազան պատմությունն էլ հայերեն չեք սորվեցնում։

— Այդ որ կատարյա՜լ զրպարտություն է. մեր տեսչին հարցրեք, եթե ինձ չեք հավատում։

— Տե՛ր հայր, ես ոչ ձեզ, ոչ ձեր տեսչի հետ վիճելու միտք չունիմ, ես միայն քեզ եմ զգուշացնում։ Եթե վաղը մյուս օրը պաշտոնիցդ զրկվիս, էլ ինձ չմեղադրե՛ս։

— Պարոն տեսուչ, ի սե՜ր աստծո, ինձ մի կտոր հացից մի զրկեք, ես խեղճ եմ։ Դե ես ի՞նչ անեմ, եղբայր, գլուխս ո՞ր քարովը տամ, մնացել եմ երկու կրակի մեջ այրվելիս, ինչպես կասեն՝ վերև եմ թքում երեսս է, ներքև եմ թքում՝ մորուքս է։ Ես ո՞ր ջուրն ընկնեմ, ես ի՞նչ անեմ, որ ինձ ստիպում են..․

— Մի՛ անիր, հրաժարվի՛ր...

— Միևնույն է, ես չանեմ, ուրիշը կանեե և գուցե ինձանից էլ վատ։

— Նրան էլ կհրաժարեցնեմ։

— Բայց դուք էլ երբևիցե կհրաժարվիք, պարոն տեսուչ։ Ձեր տեղ մի ուրիշը կգա և այդ բանին ուշադրություն չի դարձնիլ։ Կուժն ու կուլան հենց իմ գլխիս եք ուզում կոտրել։ Եթե զորություն ունիք, գործ դրեք ում վրա հարկավոր է, մեզանից ​ի՞նչ եք ուզում, մեր ձեռին ի՞նչ կա։ Ո՞վ է այնքան սուրբ, որ ծովն ընկնի ու չխեղդվի։ Համարենք թե ես հենց այնպես դաս տվի, ինչպես դուք եք հրամայում, բայց ես հո չե՞մ կարող շաբաթական մի դասը չորսը հինգ շինել։ Մի դասով ես ի՞նչ արդյունք կարող եմ ցույց տալ, շատ էլ որ ուզենամ։

— Ես այդ դասերի թվի մասին խոսելու եմ ձեր տեսչի հետ։ Դուք աշխատեցեք միայն ձեր աշակերտաց վրա փոքր-ինչ բարոյական ազդեցություն գործել, ինքնասիրության, ինքնապատվության զգացմունք զարթեցրեք նրանց մեջ, ազգայնության գաղափար տվեք, եթե ոչ՝ ձեր աշակերտները գլխովին հակակրթվում, զրկվում են բարոյական վսեմ զգացմունքից, կապկանում, ապշանում են և խորթ ու ապօրինի զավակներ են դառնում իրանց հայրենիքի, իրանց հասարակության համար և անշունչ արձաններ՝ իրանց ազգային գրականության համար, ըստ որում ոչ կարգին գրել գիտեն և ոչ մարդավարի կարդալ։ Բնական է, որ մարդ չսիրե այն, ինչ որ ինքը չունի, չհամակրե այն բանին, ինչ որ իրանը չի համարում։

— Պարոն տեսուչ, այդ շատ լավ եք հրամայում, ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի, բայց այդ բոլորը կախված է ուսումնարանի ծրագրից, նրա ուղղությունից, նպատակից։ Եթե ամբողջ ուսումնարանի շենքն ուրիշ կերպ է, ես ի՞նչ կարող եմ անել, որ նրա ձախ անկյան գայթակղության մի քարն եմ միայն։ Չէ՛ որ ձեր ասածն անկարելի է, սուտ ասել չեմ կարող։

— Լավ է ուրեմն, որ մեր կրոնն ու լեզուն այդտեղից իսպառ վերանան։ Կամ լինին այնպես՝ ինչպես պետք է, կամ բնավ չլինին, որպեսզի մեր ազգային միակ սրբությունը՝ ծաղրածության առարկա չդառնան։

— Այդ ուրիշ բան է, պարոն տեսուչ, այն ժամանակ ես էլ կասեմ, որ եթե ես իմ հացիցը զրկվեցա, գոնե ուրիշներն էլ չկերան...

1881

Comments