Chapter 9
Գլուխ 9
Երբ վերադարձանք տուն, ունեինք մեկ օր համալսարան գնալուն պատրաստվելու համար: էրիկային հաջողվեց դասավորել այնպես, որ ես սովորեմ հնագույն լեզուների բաժնում: Դա ինձ անչափ ուրախացրեց: Բացի այդ, ասացի Թաբիին, որ Անին ու Էդուարդը ուսումնական տարվա ավարտին տեղափոխվելու են Քիլիս: Ընկերուհիս շատ ուրախացավ:
Մենք վերջապես նորմալ կսնվենք, - հայտարարեց նա:
Համալսարան գնալու օրը Թաբին լավ քողարկեց կապտուկները և մանրամասն բացատրեց ուր պիտի գնամ:
Եթե հանկարծ չգտնես, գրիր ինձ, - ասաց նա:
Փնչացրեցի: Ու՞մ տեղն է ինձ դրել:
Գրողը տանի, - բացականչեց նա՝ նայելով իրեն հայելու մեջ, - սա ուղղակի աղետ է:
Կոնկրետ ի՞նչը՝ տոնայինի հաստությունը, թե՞ կապտուկների թեթև երևալը, - հետաքրքվեցի ես:
Երկուսն էլ: Ես պիտի շլացուցիչ լինեմ:
Ո՞վ էր քեզ խնդրում գրանցվել բռնցքամարտին, - ուսերս թոթվեցի:
Ես ուզում էի հաղթել, - ասաց նա ու քննադատող հայացք նետեց վրաս:
Եվ ինչպե՞ս էիր դա պատրաստվում անել առանց կապտուկների և քերծվածքների, - հեգնանքով հետաքրքրվեցի ես:
Ընկերուհիս պինդ սեղմեց շուրթերը և նորից նայեց իրեն հայելու մեջ:
Դե լավ, մի բան կմտածեմ, - փնթփնթաց նա, - իսկ դու, - նա շրջվեց դեպի ինձ, - երեկոյան կբացես սմբուկի խավիարը և … կծու պղպեղը:
Բացի թխվածքներից, Անին հասցրել էր դնել նաև մի քանի տարա պահածո:
Էլի կլինե՞ն հրահանգներ, ո՜վ տիրուհի, - քծնեցի ես:
Առայժմ ոչ, ո՜վ իմ ստրուկ, - պատասխանեց նա ու կատակով խփեց մեջքիս:
Փակեցի նրա հետևից դուռը և սկսեցի պատրաստվել: Ընթացքում մտա իմ բլոգը և տեսա, որ հետևորդներս անհանգստացած էին իմ բացակայությամբ: Գրեցի փոքրիկ հոդված այն մասին, թե ինչպես կարելի է սովորել լեզուները՝ հաշվի առնելով ուղեղի կառուցվածքը: Գրեթե անմիջապես եկան դասընթացներ ստեղծելու խնդրանք-մեկնաբանություններ: Նման բաներին ես չէի արձագանքում: Կամ էլ գրում էի, որ ծանրաբեռնված եմ աշխատանքով:
Համալսարանում սովորելու համար Էրիկան մտածել էր պատրվակ, որն առավելագույնս մոտ էր իրականությանը, բայց թաքցնում էր իմ որսորդ լինելը: Բոլորն արդեն գիտեին, որ Թաբին որսորդ է, իսկ իմ ով լինելը պիտի առայժմ գաղտնի լիներ: Որսորդների հետ մարդիկ երբեմն դժվար էին կիսվում կամ չէին հիշում մանրուքները: Իսկ եթե ես ձևանամ հասարակ մարդ, ապա ուսանողները ավելի հեշտ կպատմեն` ինչ է կատարվում ուսումնական հաստատությունում: Ես դեմ չէի նման լեգենդի: Անգամ մտածել էի ինչպես բացատրել իմ ու Թաբիի ծանոթությունը:
Քիլիսի համալսարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում և ունե չորս մասնաշենք: Տարածքը իսկապես մեծ էր, քանի որ միացվել էին մի քանի համալսարաններ: Այստեղ սովորում էին ոչ միայն Քիլիսի քաղաքացիները, այլև ուսանողներ Ամրէից, Նինից և հարակից գյուղերից: Համալսարանի կողքին մեծ քաղաքային գրադարանն էր, ինչը շատ հարմար էր. դասերից հետո կարելի էր գնալ այնտեղ և հանգիստ պարապել:
Ես մտա անհրաժեշտ մասնաշենքը զանգից հետո: Եվ գրեթե միանգամից մոլորվեցի մուտքերի ու ելքերի մեջ: Աղոտ հիշելով Թաբիի ցուցումները՝ բարձրացա երրորդ հարկ և փնտրեցի իմ կուրսի դասացուցակը: Սակայն վերջինս ոչ մի տեղ չկար: Ինչ-որ մեկն էլ չկար, որ հարցնեի: Ի վերջո կանգ առա մի լսարանի մոտ և արդեն ուզում էի թակել դուռը, երբ լսեցի, որ այնտեղ պատմության դաս էր գնում և կանգ առա լսելու:
Պրոֆեսոր, ասացեք խնդրեմ, աստվածների մահից հետո նրանց հոգիներ ու՞ր են գնացել, - լսեցի ես երիտասարդի ձայն, - Սպանդարամետի թագավորությու՞ն:
Երիտասարդ, նախ աստվածներին այդքան հեշտ չէր սպանելը, - պատասխանեց խիստ կանացի ձայնը, - իսկ երկրորդ՝ նրանք իրար սպանել են: Դրանից հետևում է, որ նրանցից յուրաքանչյուրը գիտեր մյուսի թույլ կողմը: Ստացվում է, որ նրանք անմահ էին պայմանականորեն: Ինչ վերաբերում է նրանց հոգիներին …
Ինչպե՞ս, ինչպե՞ս է դա հնարավոր, - ուսանողների ձայները ընդհատեցին դասախոսին:
Լռություն, - բարձր ձայնով ասաց պրոֆեսորը, - աստվածների կախարդանքը մեզ համար մինչև հիմա անհասկանալի է: Իհարկե, նրա մասնիկը կա յուրաքանչյուր տան մեջ: Գիտնականները և պատմաբանները փորձել են հետազոտել այս հարցը: Նրանք անց են կացրել բազմաթիվ փորձեր տարբեր ներկայացուցիչների վրա: Ցավոք, արդյունքները հիասթափեցնող էին: Առավել հավանական է այն, որ անմահության կախարդանքը ուղիղ կապված չէ այն ուժերի հետ, որոնցով նրանք կիսվել են մարդկանց հետ: Ամեն դեպքում, աստվածների մահի մեջ մեղավոր էր Վահագնը, ով խաբել էր Սպանդարամետին, թունավորել նրան և բաց թողել չարքերին:
Այստեղ ինչ-որ բան այն չէ, պրոֆեսոր, - ձայն հանեց նույն երիտասարդը, - եթե Վահագնը սպանել է աստվածներին, բա իրեն ո՞վ է սպանել:
Դա դժվար հարց է: Տարբերակները շատ են: Դրանցից մեկը. Միհրն ու Վահագնը վերջին կռվի բախվեցին և մահացու վիրավորեցին իրար: Մյուս տարբերակում՝ Վահագնը զոհվեց ուժեղ չարքերից մեկի ձեռքով:
Իսկ նրա սիրելի Աստղի՞կը, - հարցրեց զրնգուն աղջկական ձայն:
Համաձայն աղբյուների՝ նրան սպանել է վիշապը:
Պրոֆեսոր, իսկ ինչի՞ց գիտնականները հասկացան, որ Վահագն է բաց թողել չարքերին, - հարցրեց մեկ այլ երիտասարդ:
Լսարանով մեկ անցավ սարսափի ալիքը: Ես նույնպես լսել էի այդ տարբերակը, սակայն չէի հավատում դրան: Նախ պատմաբանները հստակ նշում են, որ Սպանդարամետի դին տեսել են բոլոր աստվածները, և վերջիններս էլ ուսումնասիրել են այն ու հայտնաբերել թույնի առկայությունը: Երկրորդն էլ՝ դին չէր մնացել ստորգետնյա թագավորությունում: Առնվազն երեք պատմական աղբյուրներ նշում են, որ Բարշամինը վառել է մոր դին, իսկ մոխիրը թաղել հողի մեջ:
Ես կարծում եմ, որ նման անհեթեթությունները տարածում են հենց Սպանդարամետի տան «ներկայացուցիչները»: Վերջին տարիներին, երբ ապստամբերի ակտիվությունը մեծացել է, նրանք նույնպես տարածում են տարօրինակ լուրեր, որ շուտով աշխարհը կփոխվի, և չարը իր գործը կանի: Իհարկե, ոչ ոք դրան չի հավատում: Սպանդարամետի իրական ներկայացուցիչներ չկան. աստվածուհին պարզապես չէր հասցրել կիսվել իր ուժով: Պատմաբանները նշում են միայն մի բան: Ըստ որոշ ակունքների՝ աստվածուհին ունեցել է քարտուղարի պես արարած՝ գրող, ով գրում էր մարդու օրերը, և երբ ինչ-որ մեկը մահանում էր, հանում էր նրա կյանքի գիրքը: Եթե մարդը իրեն վատ էր պահել, ապա գնում էր դժոխք, եթե լավ՝ դրախտ: Ասում են, գրողին կարելի է տեսնել մեռնելու պահին կամ հետո: Չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ: Ըստ իս՝ պարզապես գեղեցիկ հեքիաթ, ուրիշ ոչինչ:
Ես վեր թռա, երբ զանգը տվեց: Մի՞թե ես մի ամբողջ դասաժամ կանգնել եմ դռան տակ: Արագ հեռացա այդտեղից: Մնում էր ինձ «բռնացնեն» դեպքի վայրում:
Միջանցքները սկսեցին լցվել ուսանողներով և դասախոսներով: Գրեցի Թաբիին, որ առանց նրա գլուխ չեմ հանի: Պատկերացնում եմ՝ ինչքան կուռչի սեփական կարևորությունից, բայց, անկեղծ ասած, չէի ուզում ինչ-որ մեկին հարցնել:
Ախր ես քեզ ամեն ինչ մանրամասն բացատրել եմ, - մի քիչ գրգռված ասաց ընկերուհիս, երբ եկավ:
Խնդրում եմ, առանց դասախոսությունների, - աչքերս առաստաղին հառեցի, - առանց այդ էլ լարված եմ:
Գնացինք:
Նա բռնեց ձեռքս և տարավ դասացուցակների մոտ: Չեմ հասկանում, ո՞նց կարող էի չստեսնել այս հսկա տախտակը: Երևի պարզապես չէի ուզում:
Ճանապարհին բոլորն, առանց բացառության, հայացքով նայում էին Թաբիին: Հայացքները տարբեր էին՝ հարգանքից սկսած մինչև վախ: Համալսարանում կրքի դևին սպանելուց հետո բոլորը իմացան նրա որսորդ լինելու փաստի մասին: Հիմա ընկերուհիս չէր թաքցնում դաջվածքը, սակայն այլ խնդիրներ առաջ եկան: Ոչ բոլորն էին ցանկանում գործ ունենալ մի մարդու հետո, ով անմիջականորեն կապված էր շատերի սարսափների հետ: Երանի՜ իմանային՝ ինչ կատաղի գազանի է վերածվում Թաբին կռվի դաշտում:
Այսօր երեկոյան մենք գնում ենք մի շատ զիլ տեղ, - հանկարծ խոսեց ընկերուհիս, - առարկություններ չեն ընդունվում:
Եթե դա ակումբ է, ապա ոչ, - կտրուկ ասացի ես, - շատ լավ գիտես իմ վերաբերմունքը նման տեղերի մասին:
Լավ էլի, Սա՛թ, քեզ դուր կգա, - սկսեց համոզել Թաբին, - դա նոր ակումբ է, ամեն ինչ հսկողության տակ է, ոչ մի աննորմալ չի խցկվի այնտեղ:
Ոչ:
Սաաա՜թ, - նա նայեց ինձ կլոր, աղերսական աչքերով,- այնտեղ իրոք ապահով է: Բացի այդ, Աբելն էլ է այնտեղ աշխատում: Պատկերացրու, - նա ձայնը իջեցրեց ու շարունակեց.- նա այնտեղ պարում է:
Ի՞նչ, - հիմա իմ հերթն էր զարմանալու, - այսինքն՝ պարու՞մ է:
Շատ սովորական: Հետաքրքիր պարեր գայթակղելու համար, - ծիծաղեց նա:
Գլուխս տարուբերեցի: Ես, իհարկե, լսել եմ, որ որսորդները տարբեր նախասիրություններ ունեն, բայց որ Տիրի ներկայացուցիչը պարի ինչպես … ինչպես Անահիտի քրմուհիները, դա առաջին անգամ էր: Եթե Թաբին ասում է գայթակղիչ պարեր, ուրեմն դրանք իրոք այդպիսին են:
Մի րոպե, մի փորձիր շեղել ուշադրությունս, - խիստ ասացի ես ու ձեռքս քաշեցի այնպես, որ ինձ նայի, - հարցն ինչու՞մ է:
Դե, - շփոթվեց նա, - այնտեղ աշխատում է մի տղա, որոշակի տվյալներով՝ այսօր նրա հերթափոխն է …
Դա քո հերթական զո՞հն է, - հետաքրքրվեցի ես:
Կամաց խոսիր, - ֆշշացրեց նա՝ նայելով շուրջբոլորը:
Ես հենվեցի պատին ու քմծիծաղեցի: Մի քիչ էլ ու բարձր ձայնով կծիծաղեմ:
Թաբին իսկապես գեղեցիկ աղջիկ է: Նա հանդիպում է տարբեր տղամարդկանց եհտ և ձեռնոցների պես փոխում նրանց: Չեմ հասկանում՝ ինչու է դա անում: Նրա խոսքերով՝ մեկ գիշերվա հանդիպումները օգնում են ցրվել ծանր որսերից: Ալկոհոլը նույնպես օգնում է: Չէ, նա ալկոհոլիկ ու թեթևաբարո աղջիկ չէ: Պարզապես որսորդները օգտագործում են թուլացման տարբեր եղանակներ: Օրինակ ես լեզուներ եմ սովորում ու բլոգ վարում, իսկ իմ նախկին կոլեգան Նինից այգեգործությամբ է զբաղվում:
Հերիք է նայես ինձ այդպիսի հայացքով, - զայրացավ Թաբին, - մեր միջև դեռ ոչինչ չկա:
Եվ դու ուզում ես ուղղել այդ փաստը, - լրացրեցի ես:
Այո, - լուրջ պատասխանեց նա, - մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք համալսարանում և շփվում ենք դասերի շրջանակներում: Նա միակ մարդն է, ով շարունակում է հետս նորմալ խոսել … դե, գիտես, երբ իմացավ, որ որսորդ եմ: Պարզապես ինձ պետք է ավելի շատ աչքի ընկնել համալսարանից դուրս:
Ստացվում է, որ նա քո համակուրսեցի՞ն է: Այդ նրա՞ մասին էին խոսում մերոնք:
Այո, նրա մասին, - դժկամորեն պատաասխանեց նա:
Դե լավ, մի բորբոքվիր: Ես հարց ունեմ: Ի՞նչ կապ ունեմ ես: Ինքդ գնա ակումբ և շփվիր հետը ինչքան ուզում ես: Երրորդ ավելորդը հաստատ կխանգարի:
Հիմարություններ մի խոսիր: Ինձ պարզապես քո աջակցությունն է պետք:
Լավ, աջակցելու համար կգամ: Համ էլ կտեսնեմ՝ այդ ինչ հասարակ մահկանացու է:
Դու զբաղված կլինես Աբելի պարերը նայելով:
Բան ու գործ չունեմ, - աչքերս առաստաղին հառեցի, - ավելի լավ է տեսնեմ՝ ինչ մարդ է նոր սիրեցյալդ: Գուցե վերջապես խելքի գաս ու փեսացու …
Ես քեզ մի օր կսպանեմ, - զայրացավ նա ու ձեռքիս խփեց:
Ես էլ եմ քեզ սիրում:
Թաբին մի քանի վայրկյան ինձ նայեց ոչնչացնող հայացքով, հետո ստիպեց, որ դասացուցակս լուսանկարեմ:
Ստիպված երկուսով ենք գալու համալսարան: Ձեռքդ բռնած կտանեմ-կբերեմ:
Աչքերս առաստաղին հառեցի:
Հաջորդ լսարանը ավելի հեշտ գտա: Մտա մինչև զանգի տալը և տեսա երկու տղա ու երկու աղջիկ: Ես մտածում էի, որ հին լեզուների բաժնում մի քիչ ավելի շատ մարդ կտեսնեմ, բայց ոնց հասկանում եմ, երիտասարդներին այդքան էլ չեն հետաքրքրում նախապատերազմյան լեզուները:
Իհարկե, բոլորի հայացքները ինձ վրա էին գամված: Մաշկովս զգում էի, որ նրանք ուզում էին հարցակոխ անել ինձ: Սակայն մտավ տարեց դասախոսը, և հարցաքննությունը հետաձգվեց:
Պարզվեց, պրոֆեսորի ազգանունը Հայրապետյան էր: Նա կարճ տեղեկացավ, թե ով եմ ես և անցավ դասին: Պարզվեց նա դասավանդում էր հնագույն լեզվաբանություն առարկան:
Դասախոսությունը անցավ շատ ձանձրալի: Չեմ հասկանում՝ ինչու նստեցի հենց առաջին շարքում: Դասախոսը անթարթ ինձ էր նայում: Սարսափելի ուրախացա, երբ զանգը տվեց:
Հենց Հայրապետյանը դուրս եկավ, ինձ շրջապատեցին համակուրսեցիներս: Սպասվում էր թեժ ծանոթություն:
Ողջույն, ես Մարին եմ՝ կուրսի ավագը, - ներկայացավ միջին հասակի փոքր-ինչ թմբլիկ աղջիկը:
Ես Հայկն եմ, - ասաց մկանուտ դարչնագույն աչքերով տղաներից մեկը:
Արեն, - խոսեց մյուսը՝ բարձրահասակ և ձիգ տղան:
Լիդա, - ժպտաց նիհարիկ գազարագույն մազերով աղջիկը:
Բոլորի ձեռքերը սեղմեցի: Ես ծանոթներ ունեի հասարակ մարդկանց շրջանում, ովքեր իրենցից անկախ տեղեկություն էին հայտնում չարքերի վերաբերյալ: Լավ հարաբերությունները համակուրսեցիներիս հետ կօգնեն ինձ հետագա աշխատանքի մեջ:
Եկեք Սաթենիկի հետ էքսկուրսիա անցկացնենք, - առաջարկեց Հայկը, - ցույց տանք մեր համալսարանի տեսարժան վայրերը, ճաշարանը …
Դասերից հետո, - խիստ ընդհատեց նրան Մարին, - մոռացե՞լ ես, որ երկու դասախոսություն էլ ունենք:
Կարող ենք գնալ որևէ սրճարան, - առաջարկեց Լիդան:
Լավ գաղափար է, - աշխուժացավ Արենը:
Հաջորդ երկու դասը արդեն վերաբերում էին կոնկրետ լեզուներին: Ինձ համար տարօրինակ էր, որ մինչպատերազմյան Նամրայում կային այդքան շատ լեզուներ: Չնայած դրան, համալսարանում սովորելու էինք նախկինում հայտնի երկու լեզուները՝ անգլերեն և չինարեն: Իհարկե, ինձ հետաքրքրում էին բոլոր լեզուները, սակայն հասկանում էի, որ ուզենամ էլ չեմ կարող բոլորը ուսումնասիրել: Ուրախացնում էր մի բան՝ կրթությունը բոլորի համար անվճար էր: Ես կարող էի այնքան անգամ ընդունվել համալսարան, որքան ուզեի:
Դասերի ավարտին ինձ համար մեր մասնաշենքում էքսկուրսիա անցկացրեցին: Տղաները պատմում էին համալսարանական սարսափ պատմություններ, ցույց էին տալիս, թե որտեղ պետք չի միայնակ քայլել: Ես զգում էի, որ դրանք ուղղակի հեքիաթներ են, սակայն որոշեցի գնալ այդ վայրերը ստուգելու:
Այդպիսի վայրերից մեկը հենց նկուղն էր: Աստիճանների մոտ մի քիչ երկար կանգ առանք:
Երբեք չգնաս այնտեղ միայնակ, - լուրջ ասաց Հայկը, - անցած տարի այստեղ մի հրեշ սպանել էր ուսանողուհու:
Ձևացրեցի, որ վախեցա: Պետք է մինչև վերջ խաղալ դերը: Կուրսեցիներս հենց դա էլ պետք էր:
Պատկերացնու՞մ ես, մեզ մոտ իսկական որսորդ է սովորում, - շարունակեց երիտասարդը, - հենց նա սպանեց այդ տականքին, իսկ հետո կանչեց մյուս որսորդներին: Ես ինքս եմ տեսել՝ ոնց են նրանք իջել նկուղ ու երկար ժամանակ դուրս չէին գալիս:
Ես լսել եմ, որ դա իսկական դև էր, - սարսափով ասաց Լիդան, - մարմնովս դող է անցնում ամեն անգամ, երբ պատկերացնում եմ, որ նա մեզ հետ նույն միջանցքներով է քայլել:
Ու դրանից հետո էլ ոչ մի տարօրինակ բան չի՞ պատահել, - իմիջիայլոց հարցրեցի ես:
Ոչ, կարծես թե ոչ, - անվստահ պատասխանեց Մարին, - և հուսով եմ, որ նման բան չի էլ կրկնվի:
Զրուցելով դուրս եկանք շինությունից և գնացինք մոտակա սրճարանը: Ծանոթությունը մի փոքր երկարեց: Ես պատմեցի նախապես հորինված լեգենդը, նրանք մի փոքր ներկայացան, ավելացրեցին ինձ ընդհանուր չաթում, պատմեցին դասախոսական կազմից: Կարծում եմ՝ դերս լավ տարա, քանի որ կուրսեցիներս այնքան բարի գտնվեցին, որ ուղեկցեցին ինձ մոտակա գրախանութ և խոստացան օգնել հարմարվելու Քիլիսում:
Երբ տուն հասա, սոցիալական մարտկոցս կարմիր լույսով էր վառվում: Կես ժամ նստած մնացի: Ուղեղս կարծես անջատվել էր ու վերաթողարկվում էր: Այդ ընթացքում համակուրսեցիներիս չաթը չէր դադարում աշխատել. Մարին ուղարկում էր բոլոր այն դասախոսությունները, որոնք բաց եմ թողել:
Որոշեցի սուրճ խմել և այդ ընթացքում նոր թեմա բացատրել բլոգում: Հարմարավետ տեղավորվեցի բազմոցին, մտա էջս և … քիչ մնաց տաք ըմպելիքը վրաս թափեի: Հետևորդներս ակցիա էին սկսել «Ստիպել Սաթենիկին դասընթացներ սկսել» խորագրով: Նրանք նպատակ էին դրել հավաքել տասը հազար ձայն և փաստի առաջ դնել ինձ: Արդեն հինգ հազար ձայն էր հավաքվել: Հետն էլ այն պարագայում, որ ակցիան սկսվել էր առավոտյան:
Աչքերիս առջև ձայները ավելանում էին: Ախր, իմ բլոգում հարյուր հազարից ավել հետևորդ կա … Որոշեցի հասկանալ՝ ով է սկսել այդ ակցիան: Պարզվեց ինչ-որ «Աստղային երկինք» անունով մեկը: Գրողը տանի, ի՞նչ դասընթացներ: Ես հազիվ աշխատանքս և ուսումս հասցնեմ: Արդեն ուզում էի գրել այդ «Աստղային երկնք»-ին, որ դադարեցնի ձայների հավաքագրումը, բայց չհասցրեցի: Հեռախոսազանգ եկավ, և գրեթե անմիջապես ականջակալը սկսեց թրթռալ:
- Բարև ձեզ, ուսուցիչ Սաթենիկ, - լսեցի ես աղոտ ծանոթ ձայն, - ես ուսուցիչ Արեգի աշակերտն եմ:
- Լսում եմ, - չհասկացա, թե ինչու էր ինձ զանգում:
- Ուսուցիչը այս պահին խորհրդակցության է, իսկ ինձ թողել է, որպեսզի մոնիթորինգ անեմ: Ես … տարօրինակ բան եմ գտել ու մտածեցի, որ միգուցե դուք կարող եք ստուգել …
Տղան սկսեց կակազել:
Հանգստացիր ու կարգին բացատրիր՝ ինչ է պատահել, - պահանջեցի ես:
- Դե, քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ մի կազմակերպությունում կին-աշխատողները շատ արագ են փոխվում:
- Ի՞նչ նկատի ունես՝ «արագ են փոխվում»:
- Դե, տուրիստական գործակալության տերը միայն աղջիկների է ընդունում աշխատանքի, և նրանք թողնում են աշխատավայրը մի քանի ամիս անց: Եվ էլի մի քանի ամիս անց պարզվում է, որ նրանք հղի են:
Մի քիչ թուլացա:
- Չե՞ս մտածել, որ այդ գործակալության տերը պարզապես կնամոլ է:
- Ես էլ այդպես մտածեցի, բայց հետո կարդացի, որ այդ աղջիկներից մեկը կիսամարդ-կիսաչարք է ունեցել …
Թուհ…
Պատահում է, որ չարքը սեռական կապի մեջ է մտնում սովորական մարդկանց հետ և արդյունքում ծնվում են նման … արարածներ: Վերջիններս չունեն իրենց հրեշ-ծնողի ուժից, և առավել հաճախ գերադասում են մարդկային էությունը: Այդպիսիններին ձեռք չենք տալիս, եթե վնաս չեն հասցնում: Սակայն չարք-ծնողին վերացնում ենք:
- Թելադրիր հասցեն, - ասացի ես:
Տղան թելադրեց և նշեց, որ այնտեղ հիմա պահանջվում է աշխատակցուհի:
- Շատ լավ, կգնամ, - ասացի ես, - երբ Արեգը գա, ասա, թող քեզ հետ միասին հսկի:
- Իհարկե:
Առանց ժամանակ կորցնելու որոշեցի զանգահարել այդ գործակալությունը: Հեռախոսահամարը աշակերտը ուղարկել էր:
- Ալլո, - լսեցի տղամարդու ձայն:
- Բարև Ձեզ, Դուք հայտարարություն էիք տվել, որ Ձեզ պետք է ադմինիստրատոր: Աշխատատեղը դեռևս թափու՞ր է:
- Այո-այո, այն թափուր է, - աշխուժացավ նա, - եթե հարմար է, կարող եք հենց հիմա էլ մոտենալ հարցազրույցի: Հասցեն գիտե՞ք:
Այո, տեսել եմ հայտարարության մեջ:
- Շատ լավ, ուրեմն սպասում եմ ձեզ:
Տղամարդը անմիջապես անջատեց հեռախոսը: Անգամ ցտեսություն չհասցրեցի ասել: Դե լավ, կարևոր չէ: Վեր կացա ու զննեցի աղքատիկ զգեստապահարանս: Ես գերադասում էի մուգ գույնի հագուստ, այդ իսկ պատճառով, մեծագույն դժվարությամբ գտա հարցազրույցի համար քիչ թե շատ հարմար հագուստ: Խիստ կարևոր էր նաև, որ այդ հագուստին հնարավոր լիներ ամրացնել տեսախցիկը: Մոտ քսան րոպե տանջվելուց հետո կարողացա համադրել ամեն ինչը:
Հերթը հասավ օծանակին: Ես գրեթե այն չեմ օգտագործում: Վատն այն էր, որ պետք էր տիպիկ քիլիսյան աղջկա տպավորություն թողնել: Ստիպված քրքրեցի Թաբիի ստրատեգիկ պահուստը ու ամեն ինչից քիչ-քիչ քսեցի: Երբ հայելու մեջ նայեցի, ինձ թվաց ծաղրածու լինեմ, բայց Քիլիսում այսպես էին անում …
Տուրիստական գործակալության գրասենյակը գտնվում էր Քիլիսի շուկաներից մեկից քիչ հեռու: Ինձնից պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի թերահավատորեն զննեմ քրքրված ցուցանակը և դուռը, որը կարծես նախապատերազմյան ժամանակից լիներ: Այնպիսի տպավորություն էր, կարծես այդ տարածքը անցել էր ջրհեղեղի, հրդեհի և երկրաշարժի միջով միաժամանակ: Չեմ հասկանում, թե ինչու աղջիկները չնկատելու են տալիս նման կարմիր դրոշակները:
Խորը շունչ քաշեցի և հրեցի դուռը:
Ներսում վիճակը նույնպես լավ չէր: Հատակին հին փայտյա տախտակներ էին՝ տեղ-տեղ ներկի հետքերով: Պատերը հավանաբար նախկինում սպիտակ էին, իսկ հիմա կեղտոտ մոխրագույն: Չնայած երկու պատուհաններին, լուսավորվածությունը վատն էր, դրա համար լրացուցիչ լույս էր վառված: Պատի մոտ դրված էր սեղան, որի վրա կար համակարգիչ, կիսադատարկ բաժակ սուրճով և կոնֆետների թղթեր: Համակարգչի դիմաց նստած էր մի աղջիկ: Նա մեխանիկորեն ինչ-որ բան էր հավաքում ստեղնաշարի վրա և կարծես չնկատեց էլ մտնելս: Նրա կողքին ևս մեկ դուռ կար՝ նույնպես հին, վերջին շնչի վրա:
Այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ: Եվ խոսքը տարածքի վատ վիճակի մասին չէ: Փոքրիկ մանրուքները չէին ուզում տեղավորվել մեկ ամբողջական պատկերի մեջ: Աննկատ դիպա սրի բռնակին և զգացի, որ այն փոքր-ինչ տաքացել է: Կախարդանքը նույնպես ակտիվացավ, իսկ դա նշանակում է, որ այստեղ իսկապես ինչ-որ բան այն չէ:
Մոտեցա աղջկան և հազացի: Նա դադարեցրեց գործը և նայեց ինձ ապակյա հայացքով:
- Բարև Ձեզ, - ասացի, - ես հայտարարությամբ եմ եկել:
- Սպասեք այստեղ, - խոսեց նա և վեր կացավ:
Ես զարամացա: Հետս կարծես ռոբոտ խոսեր: Դա նորմալ չէր: Ուշ մտածեցի, որ կարելի էր ակտիվացնել կախարդական տեսողությունս: Լավ, կզբաղվեմ նրանով մի փոքր ուշ:
Աղջիկը վերադարձավ մեկ րոպե անց և ժեստով հրավիրեց ներս մտնել: Հետևեցի նրան:
Երկրորդ սենյակը աշխատասենյակ էր, բայց տարօրինակ աշխատասենյակ: Կահույքից միայն հին պահարանն էր, սեղան համակարգչով և մի քանի թղթապանակով, մեծ բազմոց և …վերջ: Պատուհան էլ չկար: Ես չէի պատկերացնում ինչպես կարելի էր դիմանալ այստեղ տոթ եղանակին առանց օդորակիչի:
Պատուհանի մոտ կանգնած էր երեսունից քառասուն տարեկան տղամարդ: Արտաքնապես սովորական մարդ էր, բայց այն, թե ինչպես ինձ ժպտաց, զգոնացրեց:
- Եվա, այսօրվա համար դու ազատ ես, - ասաց նա, հետո նայեց ինձ ու շարունակեց. – կներեք, մենք տեղափոխվում ենք, դրա համար այս պահին լավ պայմաններ չունենք: Նստեք բազմոցին: Կարող եմ միայն դա առաջարկել:
Գլխով արեցի ու նստեցի: Աղջիկը՝ Եվան, գնաց՝ փակելով իր ետևից դուռը:
- Այսօր շատ հարցազրույցներ եմ ունեցել, - ասաց տղամարդը, - հուսով եմ դեմ չեք լինի, եթե զրուցելու ընթացքում թեյ խմեմ: Գուցե դու՞ք էլ ցանկանանք:
- Ոչ, շնորհակալություն, - հրաժարվեցի ես, - եկեք անմիջապես գործի անցնենք:
- Բարի: Պատմեք ձեր աշխատանքային փորձի և կրթության մասին:
Քիչ մնաց քծնեի: Ո՞նց կարող էի մոռանալ գործատուների սիրելի հարցերի մասին: Լավ էր, որ նախապես լեգենդ էի մտածել, և հիմա հանգիստ կարող էի պատմել այն: Նա չներկայացավ: Արդյոք դա ինչ-որ նշանակություն ուներ թե ոչ՝ չգիտեի, բայց նրա կպչուն հայացքները հնարավոր չէր չնկատել:
Երբ ավարտեցի, նա մի կողմ դրեց բաժակը և ասաց.
- Դուք մեզ հարմար եք: Կներեք, անգամ ձեր անունը չհարցրեցի …
Սաթենիկ, - ներկայացա ես:
- Հիասքանչ անուն է, ինչպես թագուհու:
Նա վեր կացավ, մոտեցավ պահարանին և հանեց ինչ-որ երկար փայտիկներ: Հետո վառեց դրանք և դրեց բաժակի մեջ: Սենյակը սկսեց լցվել բուրումնավետ հոտով: Չկարողացա որոշել, թե ինչ էր, սակայն բուրմունքը հաճելի էր, այնքան հաճելի, որ սիրտս սկսեց խառնել: Գլուխս լցվեց մառախուղով: Մտքերը խխունջների պես էին հոսում: Սուր զգացողություն եկավ հենց հիմա պառկել և քնել: Կամքի ուժով դիմադրում էի դրան: Միակ միտքը, որ մնաց՝ այստեղ ինչ-որ բան այն չէ:
Տղամարդը մոտեցավ և նստեց կողքիս: Նա սկսեց շոյել մազերս, այտերս, հետո ձեռքերը իջան ներքև պարանոցով դեպի կրծքավանդակս: Նա սեղմեց ձախ կուրծքը մի ձեռքով, իսկ մյուսը սահեց դեպի տաբատը: Ընդ որում նա համառորեն փորձում էր ինձ պառկեցնել բազմոցին:
Հենց այդ պահին կախարդանքը եռաց արյանս մեջ: Սրի բռնակը այնպես էր տաքացել, որ վառում էր գործվածքի վրայից: Մառախուղը գլխումս ցրվեց, և ես հասկացա ում հետ գործ ունեմ:
Տղամարդը գրեթե պառկեցրել էր ինձ բազմոցին: Ես աննկատ դիպա բռնակին և շշնջացի.
- Թող անտեսանելին դառնա տեսանելի:
Դևը, ավելի ճիշտ՝ կրքի դևը, տարակուսանքով ինձ նայեց: Ես մի կողմ հրեցի նրան և ոտքի ելա՝ ձեռքումս պահելով կանաչավուն լույսով վառվող սուրը:
- Հիմա կարող ես ցույց տալ քո իրական կերպարը, - սառը ասացի ես:
Չարքը զարմացավ, բայց հետո չար ժպտաց:
- Հը՜մ, - խոսեց նա, - ստացվում է բախտս այնքան է բերել, որ հենց որսորդ է եկել մոտս: Հետաքրքիր է: Մենք լավ կզվարճանանք:
Նա սկսեց կերպարանափոխվել: Դեմքը փոխվեց, հայտնվեցին սուր ատամները, մարմինը պատվեց մազերով:
- Դև, - զզվանքով ասացի ես:
Դու ուրիշի՞ն էիր սպասում, - հռհռաց նա՝ փայլեցնելով ալ-կարմիր աչքերը:
- Ի՞նչ գործ ունես այստեղ, - խիստ հարցրեցի ես:
Չարքը բարձր ծիծաղեց:
- Ես կարող եմ լինել այնտեղ, որտեղ կուզեմ, և ոչ ոք ինձ չի կարող արգելել, - ասաց նա, - իմ հովանավորները բավականին ուժեղ են …
Ստում է: Բոլոր տականքներն էլ ստում են:
- Իսկ քեզ հետ մենք հիմա լավ կզվարճանանք, - շարունակեց նա, - ես բոլորին կպատմեմ սրա մասին, որ օրինակ վերցնեն:
Նա հարձակվեց առաջինը: Ես հասցրեցի մի կողմ ցատկել ու հարվածել սրով: Չարքը կատաղեց և ամբողջ ուժով հետ շպրտեց ինձ պատին: Ցավոտ բախվեցի պատին ու մի պահ կորցրեցի կողմորոշումս: Դևը օգտվեց դրանից, բռնեց կոկորդիցս ու սեղմեց պատին: Ես զգում էի նրա բերանից եկող գարշահոտությունը:
- Դե ինչ, խաղա՞նք, - քմծիծաղեց նա:
Ես հարվածեցի նրան գոտկատեղից ներքև: Սուրը ընկած էր հատակին և ես հասցրեցի գոռալ.
- Խփիր հինգ անգամ:
Զենքը թրթռաց՝ ստանալով հրահանգը: Հաջորդ ակնթարթին դևն սկսեց ստանալ հարվածներ: Նա ոռնաց և թուլացրեց ձեռքը, ինչից էլ ես օգտվեցի: Հարվածեցի դեմքին և հրեցի դեպի սուրը: Հասցրեցի շունչ քաշել և հաջորդ պահին բռնել սուրը: Դևը լուրջ վիրավորվել էր, բայց դա նրան ավելի կատաղեցրեց: Ավելի հարմարավետ բռնեցի սուրը և հարձակվեցի: Հրեշը վերջին պահին խույս տվեց: Ճիշտ է, ոչ այնքան արագ և ճարպիկ, սուրը մի փոքր քերծեց նրան: Ես չդանդաղեցրի տեմպը և շարունակեցի հարձակվել: Դևը ոռնաց սարսափելի ձայնով և նորից շպրտեց ինձ պատին: Այս անգամ գլուխս ուժեղ ցավաց, և ես դանդաղ սահեցի ցած: Աչքերիս առաջ կայծեր էին թռչկոտում, կողմորոշումս կրկին խախտվել էր:
Ականջակալս թրթռաց և ավտոմատ միացավ:
- Սաթենիկ, - լսեցի Արեգի տագնապահար ձայնը:
Լավ է, որ որսին հետևում է հաքերը: Նրա աշակերտը դեռ երեխա է, հաստատ ոչ մի ռացիոնալ բան չի կարող ձեռնարկել: Չնայած, Արեգն էլ ոչինչ չի կարող այնտեղից անել:
Ես չհասցրեցի ինչ-որ բան պատասխանել: Դևը կրկին բռնեց կոկորդիցս և նետեց բազմոցի վրա:
- Վերջ, տականք, - ֆշշացրեց նա, - ողորմություն չի լինի:
Մի ձեռքով սկսեց խեղդել, իսկ մյուսով պատռում էր հագուստս: Ես ուղղակի խռռացնում էի անզորությունից: Անգամ չէի կարող հրաման տալ սրին: Կախարդանքը արյանս մեջ եռում էր, դաջվածքը վառվում էր կանաչավուն գույնով: Ես փորձեցի նորից հարվածել գոտկատեղից ներքև, սակայն այդ սրիկան հոգացել էր դրա մասին և ամբողջ մարմնով գամել էր տեղում:
- Սաթենիկ, Աբելն ու Տրդատը գրեթե հասել են: Դիմացիր, խնդրում եմ:
Զարմանում եմ՝ ոնց է ականջակալը մնացել տեղում: Սակայն ուրախացա՝ լսելով, որ ինչ-որ մեկը գալիս է օգնության: Ճիշտ է, չգիտեմ՝ կկարողանամ դիմանալ մինչև նրանց գալը, թե ոչ … Ձևացրեցի, որ թուլացել եմ և գիտակցությունս կորցրել եմ: Դևը ուրախությունից թուլացրեց ձեռքը կոկորդիս՝ պատրաստվելով իր կեղտոտ ցանկության բավարարմանը: Հենց այդ պահին շշնջացի.
- Հարվածիր տաս անգամ:
Սուրը կենդանացավ և հարձակվեց հրեշի վրա: Վերջինս ոռնաց և իջավ վրայիցս: Մի կերպ վեր կացա: Աչքերիս առաջ դեռ կայծեր էին գնում, բայց ժամանակ չկար վնասվածքների մասին մտածելու: Առանց սպասելու, որ սուրը վերջին անգամ խփի, բռնեցի բռնակը և հարվածեցի ուղիղ սրտին: Դևը չհասկացավ անգամ ինչ կատարվեց: Մի պահ նայեց ինձ ապակյա հայացքով և հետո ընկավ հատակին: Իսկ հետո … հետո ես կարծես անջատեցի մտքերս ու կատաղորեն սկսեցի մասնատել նրան՝ առանց զսպելու զգացմունքներս: Կանգ առա միայն այն ժամանակ, երբ լսեցի մուտքի դռան ձայնը:
Նստեցի բազմոցին և սուրը դրեցի կողքիս: Արեգը ինչ-որ բաներ էր ասում ականջակալով, սակայն չհասցրեցի պատասխանել: Սենյակ մտան Աբելն ու Տրդատը: Երկուսի ձեռքին էլ ակտիվացրած սրեր էին: Պահանջվեց մի քանի վայրկյան, որպեսզի գնահատեն իրավիճակը:
- Արեգը, անջատիր կապը, - ասաց Տրդատը, - Սաթենիկը այստեղ է … հա-հա, ողջ է: Հետո կկապնվեմ հետդ:
Նրանք նրբանկատորեն շրջվեցին, և ես հիշեցի հագուստիս մասին: Ավելի ճիշտ՝ հագուստիս բացակայության մասին: Այդ տականքը ինձ գրեթե մերկ էր թողել:
- Հը՜մ, Ասլանյան, ես հիմա բաճկոնս կտամ, - ասաց Աբելը, - խոստանում եմ չնայել:
Նա հանեց սպորտային բաճկոնը և, առանց հետ նայելու մեկնեց ինձ: Արագ հագա այն: Ոչ մի րոպե չէի ուզում մնալ այստեղ:
- Կարող եք շրջվել, - ասացի ես խռպոտ ձայնով:
Նրանք շրջվեցին: Աբելը ուշադիր դեմքիս էր նայում, կարծես ուզում էր հասկանալ աղետի չափը:
- Ես այստեղ ամեն ինչ կավարտեմ, - ասաց Տրդատը, - Աբելը քեզ տուն կտանի:
- Ես վերցրել եմ Էրիկայի մեքենան, - հավելեց Աբելը, - այնպես որ, ոչ ոք չի տեսնի քո էպիկ կերպարը:
- Սրա մոտ մի աղջիկ էր աշխատում, անունը Եվա, - ձայնս դեռ խռպոտ էր, կարծես հարյուր տարվա ծխող լինեի, - հավանաբար նա կախարդանքի տակ է:
- Կգտնենք, - խոստացավ Տրդատը, - Արեգը հիմա ակտիվ զբաղված է այստեղի բոլոր աշխատողներին փնտրելով ու … աշակերտին դասախոսություններ կարդալով:
Աբելը քմծիծաղեց ու աչքով արեց: Նրա ասածը դանդաղ տեղ հասավ: Ճիշտ է, Արեգի աշակերտն էր ինձ խնդրել, որ ստուգեմ հասցեն: Բայց նա չէր կարող իմանալ, որ այնտեղ դև է գործում: Այսինքն՝ հմուտ հաքերը գլխի կընկեր, սակայն նա դեռ սկսնակ էր և կարող էր չիմանալ, որ դևերի հետ կռվելիս գնում են երկու-երեք հոգով: Սա ուղղակի հրաշք է, որ կարողացա միայնակ կրքի դևի հախից գալ:
- Երեխան մեղավոր չի, - փնթփնթացի ես:
- Երեխան մեղավոր է այնքանով, որ առանց իր ուսուցչի ասելու քեզ վտանգավոր տեղ է ուղարկում, - կոշտ ասաց Տրդատը, - այնպես որ Արեգը ճիշտ է անում: Իսկ հիմա գնա տուն ու բուժվիր:
Ուզում էի գնալ բազա ու ասել Արեգին, որ խիստ չլինի, սակայն հասկացա, որ ի վիճակի չեմ: Աբելը զգուշորեն գրկեց ուսերիցս և դուրս բերեց սենյակից: Նա կանգնեցրել էր մեքենան այնպես, որ ես կարողացա շատ արագ նստել՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու: Ներսում սրի սայրի ապակատիվացման կախարդանքը ասացի ու ամուր սեղմեցի այն:
- Վնասվածքներ ունե՞ս, - հարցրեց Աբելը՝ վարորդի նստատեղից նայելով հայելու մեջ:
- Լուրջ չունեմ, - ավստահ պատասխանեցի ես:
- Գուցե բժշկի՞ գնանք, - առաջարկեց նա:
- Չէ, ուզում եմ … ուզում եմ լվացվել:
Աբելը հասկացող հայացք նետեց վրաս և ոչինչ չպատասխանեց: Նա հասցրեց ինձ մինչև շքամուտքը և հսկեց, որ մտնեմ տուն:
- Ասլանյան, դու այսօր, իրոք, լուրջ գործ արեցիր, - ասաց նա վերջում, - բայց չմտածես, որ միայնակ կարող ես նույնը կրկնել: Դևերի հարցում միայն համագործակցությունն է փրկում: