Chapter 8
Գլուխ 8
Ընթրիքին ներքև չգնացի: Տրամադրությունս լավ չէր ու ես չէի ուզում ոչ մեկին կոպտել: Բայց Սմբատը ճիշտ էր: Մեկ տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի՝ լի ամբիցիաներով և աշխարհին ինչ-որ բաներ ապացուցելու ցանկություններով: Այս տարվա կատարված բոլոր իրադարձությունները ջախջախեցին ինձ: Հիմա ես պարզապես ապրում եմ ու ռոբոտի պես կատարում պարտականություններս: Միայն փոքրիկ բաներն են ինձ ստիպում ջրի երեսին մնալ՝ բլոգը, ծնողներս, Թաբին … Իհարկե, չարքերին վերացնելու ցանկությունը չի փոխվել: Դա բոլոր որսորդների արյան մեջ է:
Էրիկան չեկավ գիշերելու: Երևի ծնողների հետ էր մնացել: Դա ընտիր էր, քանի որ բացարձակ չէի ուզում ձևացնել, որ լավ էի:
Գիշերն անհանգիստ անցավ: Հազիվ աչքս կպցրել էի առավոտյան կողմ, երբ դռան թակոցը արթնացրեց: Մի կերպ վեր կացա, հագա խալաթը և գնացի տեսնելու, թե ով է:
Դռան շեմին կանգնած էին Արեգն ու Աբելը: Վերջինիս ձեռքին սկուտեղ էր՝ վրան պատրաստի ձվածեղ, աղցան, հաց, մրգեր և սուրճ:
Բարի լույս, - ասաց Արեգը:
Բարի, - փնթփնացի ես, - սա ինչ է, սենյակի սերվի՞սն է:
Ըհըն, - փնչացրեց Աբելը, - քանի որ երեկ դու չես ընթրել: Իսկ այսօր ծանր օր է լինելու բոլորիս համար:
Անկեղծ ասած, չէի ուզում հիմա շփվել նրանց հետ, բայց քանի որ եկել էին … Հոգոց հանեցի ու մի կողմ քաշվեցի, որ ներս մտնեն: Աբելը առաջ անցավ ու սեղանին դրեց սկուտեղը, իսկ ես ու Արեգը գնացինք հետևից:
Ինչու՞ է ծանր լինելու բոլորիս համար, - հարցրեցի ես:
Որովհետև մեկ ժամից պիտի հանդիպենք Առաջիններին, - պատասխանեց Արեգը, - Էրիկայի ծնողները և … մյուսները ուզում են ծանոթանալ մեզ հետ:
Ի՞նչ:
Մեկ նրան էի նայում, մեկ Աբելին:
Ասլանյան, այնպիսի տեսք ունես կարծես դա ավելի սարսափելի բան է, քան չարքերի հետ կռվելը, - քմծիծաղեց Աբելը, - չնայած … իրոք այդպես է:
Դե լավ, էլ մի չափազանցրու, - միջամտեց Արեգը, հետո նայեց ինձ. – նախաճաշիր ու իջիր ներքև: Բոլորս միասին կգնանք ստադիոն: Էրիկան մեզ կսպասի այնտեղ: Հա, Թաբիի հետևից էլ նա կգնա: Այնպես որ …
Ժամանակը թանկ ռեսուրս է, - լրացրեց նրան Աբելը, - հաց կեր, ու վազենք մեր սիրելի Առաջինների մոտ:
Նրա ծաղրական տոնը բացարձակ դուրս չեկավ: Հաց ուտելու ցանկությունս էլ կորավ:
Ես կսպասեմ ձեզ ներքևում, - ասաց Արեգը, վեր կենալով, - Աբելը կհսկի, որ դու բոլորը ուտես:
Ես երեխա չեմ, որ ինձ հսկեք, - նեղվեցի ես:
Իհարկե, - մեղմ պատասխանեց նա, - բայց քանի որ վստահ չեմ, որ միայնակ լինելով դու կսնվես, դրա համար Աբելը կմնա քեզ հետ: Եվ մի բան էլ: Սաթենիկ, մեզնից ոչ ոք չէր ուզում քեզ նեղացնել կամ վիրավորել: Ընդհակառակը, բոլորս էլ ցանկանում ենք, որ դու առավելագույնս հարմարավետ ու անվտանգ կյանք ունենաս ոչ միայն Քիլիսում, այլև Քիլիսից դուրս:
Հոգոց հանեցի: Երեկ ես վերլուծել էի ողջ իրավիճակը ու հասկացել, որ ոչ ոք մեղավոր չէր: Դա իմ սուր արձագանքն էր: Ես դեռ չեմ սովորել ղեկավարել ինձ:
Շնորհակալ եմ, - ասացի ես:
Արեգը ուսերը թոթվեց ու գնաց: Ես էլ նայեցի նախաճաշին:
Ասլանյան, այդպես երկար նայելով՝ ուտելիքը չի հայտնվի ստամոքսումդ, - նկատեց Աբելը, հարմարավետ տեղավորվելով բազկաթոռին:
Ուտել չեմ ուզում, - խոստովանեցի ես:
Իզուր: Առաջինների հետ հանդիպումից հետո անմիջապես գնալու ենք մրցումների: Խորհուրդ կտամ ուտել, թե չէ դրանք ընդունակ են էներգիան լավ քաշել:
Չհասկացա՝ ում մասին էր խոսում՝ Առաջինների՞, թե՞ մրցումների: Բայց արագ-արագ կերա նախաճաշը և ամենակարևորը՝ խմեցի սուրճը: Աբելը գոհ դեմքով վերցրեց սկուտեղը ու դուրս եկավ, իսկ ես արագ հագնվեցի, ինձ կարգի բերեցի և հետևեցի նրան:
Ես չգիտեի, որ այստեղ ինձ պաշտոնական հանդիպում էր սպասվում, դրա համար համապատասխան հագուստ հետ չէի վերցրել: Դա ինձ մտահոգում էր, քանի որ տարօրինակ էր գնալ այդպիսի հանդիպման սպորտային կոստյումով:
Սակայն ներքին մտահոգություններս մի քիչ լռեցին, երբ տեսա, որ միայն ես չեմ այդպես հագնվել:
Սմբատը մեղավորի հայացքով ինձ էր նայում: Ես ուզում էի ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց չհասցրեցի:
Բոլորս տեղում ենք, - ասաց Արեգը, - դե ինչ, գնացինք մարզադաշտ:
Սպորտային կոմպլեքսի մուտքի մոտ մեզ սպասում էին Էրիկան ու Թաբին: Ընկերուհիս դժգոհ տեսք ուներ, բայց կարևորը ոտքի վրա էր: Անգամ հաջողվել էր գրեթե բոլոր կապտուկները քողարկել:
Իսկ Էրիկան … Էրիկան ոչ միայն դժգոհ, այլև կատաղած տեսք ուներ:
Ուրեմն այսպես, - սկսեց նա, առանց բարևի, - երբ մտնենք ներս, ոչ մի բառ չեք ասում, Աբել, հատկապես դա քեզ է վերաբերվում:
Կողքիս կանգնած երիտասարդը քծնեց, բայց ոչինչ չասաց:
Բերաններդ կբացեք միայն այն ժամանակ, երբ ձեզ հարց տան, - շարունակեց նա, - անգամ չփորձեք ինչ-որ ձևով արձագանքել վիրավորանքներին կամ կոպիտ խոսքերին: Լրացուցիչ գլխացավանք կստեղծեք թե՛ ինձ, թե՛ ձեզ համար: Ոչ մի խոսք մեր գործերի մասին, միայն ընդհանուր արտահայտություններ: Ու ընդհանրապես, ձեզ լուռ պահեք, հասկացա՞ք:
Այնպիսի տպավորություն է, կարծես հարցաքննման ենք գնում, - փնթփնթաց Խաչիկը:
Հասկացա՞ք, - ձայնը բարձրացրեց Էրիկան:
Հասկացանք, հասկացանք, - բոլորս միահամուռ պատասխանեցինք:
Նա ոտքից գլուխ մեզ նայեց, հետո դժգոհ սեղմեց շրթունքները և մտավ ներս: Հետևեցինք նրան:
Գրողը տանի, Սաթ, հապա դեմքիս նայիր, - ասաց Թաբին՝ հավասարվելով ինձ, - ո՞նց եմ այսպիսի տեսքով նրանց առաջ կանգնելու:
Հանգստացիր, սա բոլորիս համար էր անսպասելի, - պատասխանեցի ես, - կարծում եմ՝ նրանք կներեն քո տեսքը:
Սա ուղղակի խոզություն է, - շարունակում էր փնթփնթալ ընկերուհիս:
Ես երբեք չեմ եղել մարզադաշտի այն հատվածում, որտեղ հավաքվում էին Առաջինները: Անգամ չգիտեի, որտեղ են ապրում մրցումների ընթացքում: Սակայն իմանալով նրանց մակարդակը` ենթադրում եմ, որ ոչ պակաս, քան հինգաստղանի հյուրանոցում:
Սակայն հիմա Էրիկան մեզ ուղեկցեց դեպի մարզադաշտի ադմինիստրատիվ հատվածը, որտեղ աշխատասենյակներն էին: Կանգ առանք սպորտային կոմպլեքսի տնօրենի ընդունարանում: Այնտեղ նստած էր մի ժպտերես աղջիկ:
Բարև Ձեզ, Էրիկա Գեղամովնա, - ողջունեց նա, - ձեզ սպասում են կոնֆերենց սրահում:
Էրիկան գլխով արեց և կտրուկ բացեց դուռը:
Ես ակնկալում էի տեսնել բոլոր Առաջիններին: Որպես որսորդներ՝ ամոթ էր չիմանալ նրանց դեմքով: Սակայն ես ոչ բոլորին էի հիշում: Եվ չնայած դրան, նկատեցի, որ ոչ բոլորն էին ներկա:
Էրիկայի ծնողներին միանգամից տեսա: Իսկ ինչ վերաբերում է նրա եղբորը, ապա գլխի ընկա, թե որ մեկն է նրանցից, թե որտեղ էր նա կանգնած: Եղբայրը՝ Միքայելը, խիստ տարբերվում էր Էրիկայից: Նրանից իշխանության հոտ էր գալիս: Սա առաջինն էր, որ մտքիս եկավ: Նրա հագուկապը իդեալական էր՝ թանկարժեք մոխրագույն կոստյում, փայլուն կոշիկներ, հատուկ հարդարված մազեր և մորուք: Միքայելը ժպտում էր, սակայն մոխարգույն աչքերը սառն էին:
Գեղամ Լուսինյանը գրեթե նույն տեսքն ուներ, ինչ որդին, ուղղակի տարիքով ավելի մեծ: Իսկ Էրիկայի մայրիկը՝ Նաիրան, բավականին էլեգանտ տեսք ուներ բաց կանաչ զգեստի մեջ: Իսկական լեդի, անցավ մտքովս:
Ինչ վերաբերում է մյուսներին՝ նրանց չհասցրեցի լավ տնտղել: Կոստյումներ, զգեստներ, գոռոզություն … Ի՞նչ նոր բան կարելի էր տեսնել այնտեղ:
Էրիկա, սիրելիս, վերջապես, - ասաց Նաիրան, - մենք էլ արդեն մտածում էինք, որ չես գա:
Ես չէի կարող չկատարել հրամանը, - չոր պատասխանեց Էրիկան:
Ինչու՞ ես այդպես ասում, - հուզվեց նրա մայրը, - մենք պարզապես ուզում ենք ծանոթանալ քո ենթակաների հետ:
«Ենթականեր» բառը կտրուկ հնչեց:
Քեզ պահիր ըստ արժանվույն, - խստորեն ասաց Գեղամը, - այստեղ քեզ համար ցածր հասարակություն չի:
Հայրիկ, - նախազգուշական տոնով ասաց Միքայելը:
Ես տեսա ինչպես Էրիկան սեղմեց բռունցքները և հասկացա, որ եթե այսպես շարունակվի, ամենաիսկական սկանդալ կլինի:
Դե լավ, Գեղամ, ինչքա՞ն կարելի է, - խոսեց ոչ բարձրահասակ վերնաշապիկով տղամարդը, - մոռացե՞լ եք, որ քիչ ժամանակ ունենք մինչև եզրափակիչը:
Եզրափակիչ … Մտքիցս թռել էր, որ ես պիտի լինեմ Առաջինների հետ, և, երբ ընտրվի հաջորդ տարվա հաղթողը, ես պիտի պաշտոնական հանձնեմ նրան օձը:
Իսկապես, - ակտիվացավ գինու բաժակով երիտասարդը, - եկեք ծանոթանանք այս հիանալի որսորդների հետ:
«Հիանալի» բառը նա այնպես արտասանեց կարծես իր համար շատ զզվելի էր գտնվել նույն սենյակում մեզ հետ: Հիմա էլ ես չդիմացա ու սեղմեցի ձեռքերս: Այո, մենք հասարակ որսորդներ ենք: Մենք վերացնում ենք չարքերին և մասնակցում ենք այս նողկալի մրցումներին: Իրենք ինչ է, մտածում են՝ մենք պիտի նրբագեղ հագնվենք ու բարձր հասարակության էթիկետո՞վ ապրենք: Եվ ես պիտի նրանց հետ նստե՞մ:
Ներկաները նայեցին մեզ: Էրիկան դժկամորեն սկսեց ներկայացնել բոլորին: Նա ջանում էր թվարկել յուրաքանչյուրի արժանիքները և ընդհանուր պատմում էր մեր աշխատանքի մասին:
Առաջինները բացահայտ ձանձրույթով էին լսում: Սակայն դա չէր խանգարում իրենց հետաքրքրությամբ զննել մեզ: Կարծես զվարճալի կենդանիներ լինեինք: Դա ինձ նյարդայնացնում էր: Այո, նրանք նույնպես կարևոր գործ են անում.ամեն տարի թարմացնում են կնիքը, որը զսպում էր Սպանդարամետի թագավորության ամենավտանգավոր տականքներին: Սակայն նրանք չէին որսում չարքերին ամեն օր, չէին կեղտոտվում, չէին գրում անթիվ-անհամար հաշվետվություններ: Պարզապես նստում էին և վայելում կյանքը:
Օ, Սաթենիկ Ասլանյա՞ն, - զարամցած բացականչեց մի տղամարդ, երբ Էրիկան հասավ ինձ, - Ձեր ծնողները պատահաբար Մարինան և Արսենը չէի՞ն:
Ես լարվեցի:
Այո, - պատասխանեցի ես, - իմ կենսաբանական ծնողներն են: Իսկ Դուք գիտեի՞ք նրանց:
Իհարկե, - տղամարդը վեր կացավ և ժպտալով մոտեցավ ինձ, - Ձեր հայրը հիանալի որսորդ էր: Մի անգամ նա փրկեց ինձ պիաթեքից:
Նա մեկնեց ձեռքը և ասաց.
Ես Վահան Ռուբինյանն եմ: Հավերժ պարտական են Ձեր հորը:
Մի քիչ տատանվելուց հետո սեղմեցի այն: Երբ դարձա չափահաս՝ փոխեցի ազգանունս իմ իսկականի: Չէի էլ կարծում, որ Առաջիններից ինչ-որ մեկը գիտեր ու ճանաչում էր հորս:
Ցավում եմ, որ Դուք կորցրել եք Ձեր ծնողներին փոքր հասակում, - շարունակեց նա՝ իջեցնելով ձեռքը, - ի՞նչ կատարվեց Ձեզ հետ վթարից հետո:
Ինձ տեղափոխեցին Նինի մանկատուն, - պատասխանեցի ես, - այնտեղ ինձ որդեգրեցին:
Տեսնում եմ, որ Ձեզ որդեգրող ծնողները հոգ են տարել, որպեսզի լավ կրթություն ունենաք: Ուրախ եմ, որ Դուք աշխատում եք Էրիկայի ղեկավարության ներքո:
Ես նույնպես:
Եթե Ձեզ երբևէ օգնություն պետք գա, զանգահարեք այս հեռախոսահամարով, - նա մեկնեց ինձ այցեքարտը, - ի հիշատակ Ձեր հոր՝ կփորձեմ կատարել Ձեր խնդրանքը:
Շնորհակալություն:
Ես վերցրեցի այցեքարտը և դրեցի գրպանս: Հնարավոր է երբեք էլ չօգտագործեմ այն, սակայն Առաջինների շարքում կապեր ունենալը վատ չի: Միգուցե հետագայում խնդրեմ նրան զբաղվել Գարիկի հարցով, եթե շատ զզվեցնի:
Ինչ հետաքրքիր ու հուզիչ տեսարան է, - կեղծ ժպտալով՝ խոսեց վարդագույն զգեստով աղջիկը, - սա այն որսորդը չէ՞ր, որ անցած տարի հաղթեց: Շատ էպիկ տեսարան էր: Կարծես ֆիլմ նայելուց լինեի:
Ես լարվեցի: Գիտեի, որ դրա մասին խոսք կգնա, բայց որ այսքան ծաղրական … Առաջինները գոհ սկսեցին վերհիշել անցած տարվա մրցումների մանրամասները: Ամեն մի խոսքը կարծես դանակով հարվածեր: Ձայները միահյուսվեցին: Ես փորձում էի ինչ-որ կետ գտնել, որից կարելի էր կառչել, սակայն վերադասների ուրախ ու հրճվալից ձայները կարկուտի պես հարվածում էին իմ բոլոր խղճուկ փորձերին:
Էրիկա, սիրելիս, այնքան ուրախ եմ, որ դու դեռ չես վերածվել վայրենու, - լսեցի նույն աղջկա ձայնը, - և ավելին՝ սովորեցրել ես ինչ-որ կանոններ քո ենթականերին էլ: Դա իսկապես հարգանքի է արժանի:
Կողքիս կանգնած Էրիկան այնքան ամուր էր սեղմել բռունցնքերը, որ մատները սպիտակել էին:
Ձայնդ կտրիր, - ֆշշացրեց նա, - իմ կոլեգաները քեզնից էլ լավ գիտեն էթիկետը:
Էրիկա, քեզ հավաքիր, - ձայնը բարձրացրեց Գեղամը:
Շեֆս ոչնչացնող հայացք նետեց հոր վրա:
Կարծում եմ զրույցը երկարեց, - սառը ասաց նա, - պետք չէ ուշացնել եզրափակիչը: Որսորդները առանց այդ էլ շատ գործ ունեն:
Մի քանի վայրկյանի ընթացքում հայր ու դուստր իրար էին նայում չոր հայացքներով: Սակայն Էրիկան հաղթեց:
Գնացինք, - ասաց Գեղամը, հետո նայեց ինձ ու շարունակեց. – դուք նույնպես: Մյուսները կարող են դիտել տրիբունաներից:
Ես ինձ զգացի ինչպես փոքր երեխա, երբ կոլլեգաներս հերթով լքեցին տարածքը: Թաբին կարեկցող հայացք նետեց վրաս, կարծես փորձում էր հասկացնել, որ ինձ հետ է: Ես զգում էի ինձ այնպես կարծես մնացել եմ միայնակ՝ գայլերի հետ: Նորից վախկոտության ալիք բարձրացավ ներսումս: Գրողը տանի, ինչպե՞ս կարող եմ անթիվ-անհամար որսերի գնալ, տարբեր վտանգավորության չարքերի սպանել և վախենալ Առաջիններից ու մրցումներից: Բայց փաստը մնում էր փաստ, որ ես վախենում էի, թե չեմ կարողանա տիրապետել զգացմունքներս, որ է՛լ ավելի կխայտառակեմ ինձ ամբոխի առջև …
Երբ Առաջինները դուրս եկան կողքի դռնով, մեխանիկորեն հետևեցի Էրիկային: Վերջինս դեռ կատաղած էր:
Կողքիս կնստես, - շշնջաց նա, - ոչ մեկի հետ չխոսես ու չարձագանքես ոչ մի խոսքի: Սրանք գիտեն՝ ոնց հունից հանել, տխմարների հավաքածու:
Չնայած վիճակիս՝ ինձ զարմացրեց նրա վերաբերմունքը: Ախր, այդտեղ նրա ծնողներն էլ էին …
Սակայն մտքիս թելը կտրվեց, երբ մենք դուրս եկանք հատուկ Առաջինների համար առանձնացված տրիբունա: Մյուսները նույնպես այնտեղ էին: Ըստ երևույթին սպասում էին միայն մեզ: Բոլոր որսորդները արդեն տեղում էին և ոտքի ելան, երբ մտանք ներս: Էրիկայի հայրը իր վրա վերցրեց գլխավորի դերը և ձեռքով արեց, որպեսզի սկսվեն եզրափակիչ խաղերը:
Ես նստել էի Էրիկայի կողքին, բայց չէի նայում արենային: Գիտեի՝ ինչ էր այնտեղ կատարվում: Չիմանայի էլ՝ բարձր ձայներն ու զենքերի զրգոցը հուշում էին: Աչքի ծայրով նայեցի Էրիկային ու տեսա, որ նա անթափանց հայացքով դիմացն էր նայում: Սակայն աչքերում կրակ էր վառվում: Կարծես թե միայն ինձ չէ, որ դուր չի գալիս այս ամենը:
Ժամանակը հօգուտ ինձ չէր: Այն կարծես դանդաղել էր ու խխունջի պես էր սահում: Ողջ ընթացքում պայքարում էի տագնապային հարձակման հետ: Արդեն գիտեի նշանները՝ սրտի արագ խփոցներ, կպչուն քրտինք, վախի զգացողության սրացում, կարծես ինձ մահու չափ վտանգ էր սպառնում … Հոգեբանը սովորեցրել էր մի քանի հնարքներ դրանք հաղթահարելու համար: Բծախնդրի պես հատիկ առ հատիկ փորձում էի դրանք, մինչև կարողացա քիչ թե շատ կարգավորել դա, երբ … հարթակը լուսավորվեց կանաչ լույսով:
Մարզադաշտը ճայթեց ծափահարություններով: Բոլորի հետ միասին ես էլ կանգնեցի ոտքի: Ակամայից նայեցի հաղթողին: Երիտասարդ տղա էր՝ ոտքից գլուխ փոշու ու արյան մեջ: Բայց հպարտորեն գլխից վերև պահում էր օձին: Այն իրականը չէր, Առաջինները չէին կարող տալ իսկականը, սակայն կեղծը նույնպես օժտված էր ուժով:
Այդքան մեծ ջանքով հետ բերած հարաբերական խաղաղությունը նորից փլվեց: Մտածելուս կարողությունը անջատվեց: Մարմինս ինքն էր մեխանիկորեն կատարում բոլոր գործողությունները:
Առաջինները հերթով շնորհավորեցին հաջողակին: Բառերը չէի լսում, միայն ավտոմատ ծափ էի տալիս, երբ բոլորը դա անում էին: Հետո ինձ տվեցին իսկական օձը:
Ժամանակն է:
Ծառայողներից մեկը ուղեկցեց ինձ ներքև: Երբ ոտքս դրեցի արենայի հողին, սարսափը մինչև վերջ լցրեց ինձ: Ձեռքերս դողում էին ու տարօրինակ թմրում, բայց ես ստիպում էի ինձ գնալ: Բոլորը ինձ են նայում: Ու հաստատ հիշում են անցած տարի կատարվածը: Հա ի՞նչ անենք, որ դատարանը ինձ անմեղ է ճանաչել: Ես չեմ կարողացել օգնել իմ հակառակորդին, և նա անդամալույծ է դարձել: Մտքերի ծանրությունը միահյուսվել էր մարզադաշտի լռության հետ:
Երկերեսանի մարդասպան:
Այդ լռությունը ճեղքվեց ինչ-որ մեկի ճչոցով: Հետո չորս կողմից լսվեցին.
Մարդասպան, տականք, դու որսորդ չես …
Գոռգոռոցն այնքան շատ էր, որ ես կանգ առա ու շվարած նայեցի ստադիոնին: Հետո իմ կողմը սկսեցին թռչել նեխած բանջարեղեն, ձվեր, անգամ քարեր: Ես փորձեցի ծածկվել դրանցից, սակայն նրանք նպատակաուղղված վրաս էին շպրտում: Սարսափը կաթվածահար էր արելի ինձ ու գամել տեղում: Ի՞նչ են գոռում: Ես մարդասպան չեմ:
Հանկարծ տեսա, թե ինչպես տրիբունաներից մի քանի հոգի ցած իջան ու վազեցին դեպի ինձ: Մի քանի րոպե անց ինձ շրջապատեցին Սմբատը, Խաչիկը, Տրդատը, Աբելն ու Թաբին: Նրանց ետևից, որքան հնարավոր էր արագ, գալիս էր Արեգը ձեռնափայտով: Ինձ վրա նետվող առարկաները հիմա թափվում էին կոլեգաներիս վրա: Որպես ամենաբարձրահասակը՝ Աբելը կանգնեց ինձ մոտ և այնպես ծածկեց, որ ոչ մի փտած լոլիկ ու քար չդիպչի ինձ:
Ասլանյան, ես իհարկե, կարող եմ երկար կանգնել, - քծնեց նա, - բայց լավ կլինի ոտքերդ շարժես:
Նայեցի մյուսներին: Նրանք նույնպես համառաբար ծածկում էին ինձ, սակայն հաստատ երկար կանգնել չէր լինի: Ստիպեցի շարժվել հաղթողի կողմը, իսկ ինձ պաշտպանող օղակը շարունակում էր ինձ պաշտպանել: Փորձում էի՝ որքան հնարավոր էր արագ հանձնել օձը ու հեռանալ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ հանկարծ կողքիս հայտնվեց Էրիկան: Դեմքը կարմրել էր, իսկ աչքերից կայծեր էին թափում:
Մի ակնթարթում ամեն ինչ դադարեց: Այլևս ոչ մի նեխած լոլիկ և զզվելի խոսքեր: Ահա և Առաջինների ուժը: Ես, կարծես, ուժ ստացա ոտքերիս և արագ մոտեցա հաղթողին: Վերջինս ոչ պակաս ապշած էր ու ցնցված: Հանձնեցի նրան օձը:
Շնորհավոր, - ձայնս խիստ խզված էր ու դողում էր:
Շնորհակալություն, - մի կերպ ասաց նա:
Գնում ենք այստեղից, - ատամների արանքից ասաց Էրիկան, հետո շրջվեց մեզ հասած Արեգին ու շարունակեց. – Հավաքիր բոլոր աշակերտներին: Մենք հեռանում ենք այստեղից:
Արեգը գլխով արեց և որքան հնարավոր էր, արագ գնաց կատարելու հրահանգը:
Մենք գնացինք դեպի արենայի ելքը: Երբ հայտվեցինք ետնամասում, կոլեգաներս հարցերի տարափ թափեցին.
Ինչ-որ տեղդ ցավու՞մ է: Վնասվածքներ ունե՞ս: Բժշկի կարիք կա՞:
Թաբին ոտքից գլուխ զննեց ինձ ու հայհոյեց:
Ամբողջովին այդ նեխածի մեջ է: Քարերից էլ կապտուկներ կմնան, - զայրացած ֆշշացրեց նա:
Ո՞վ է թույլ տվել, որ դրանք նման բան անեն, - կատաղած խոսեց Տրդատը, - չեմ հասկանում, ու՞ր են նայում ծառայողները:
Ծառայողներին նույնպես կարելի է գնել, - ես զարմացա սեփական հանգիստ ձայնից, - Գարիկի ծնողների փողերը ամեն ինչ կարող են անել:
Ես կսատկացնեմ դրան, - Թաբին կատաղությունից ոտքով խփեց պատին:
Հանգստացիր, - սառը ընդհատեց նրան Էրիկան, - ես այս հարցը կլուծեմ առանց արյունահեղության: Իսկ հիմա բոլորս հեռանում ենք: Հենց հիմա: Սաթենիկ, - դիմեց նա ինձ, - ի վիճակի՞ ես քայլել: Ես տաքսի եմ կանչել կոմպլեքսի մուտքի մոտ:
Գլխով արեցի: Ներսումս դատարկություն էր: Ուշացումով հասկացա, թե ինչ ի նկատի ուներ Գարիկի շունը: Դա ինձ հանգիստ չի թողնի:
Թաբին բռնեց ձեռքս ու կտրուկ քայլերով ուղղորդեց դուրս: Էրիկան չորս տաքսի էր կանչել՝ երկուսը մեզ համար, իսկ մյուս երկուսը Արեգի ու աշակերտների համար: Ողջ ճանապարհին Թաբին կատաղած խոսում էր: Ես հոգնած փակեցի աչքերս: Երևի սա նվաստացման ամենավատ տարբերակն էր, քանի որ հեղինակության հետ էր կապված: Սակայն հիմա դա ինձ այդքան էլ չէր հուզում:
Երբ հայտնվեցի սենյակում, առանց որևէ բառ ասելու մտա լոգասենյակ, հանվեցի ու ցնցուղ ընդունեցի: Մարմինս այդքան չէր ցավում, որքան հոգուս կրկին արյունահոսող վերքերը: Սիրտս խառնեց, ու ես փսխեցի առավոտվա նախաճաշը: Ուզում էի կեղտոտված հագուստս պատառոտել կամ էլ վառել, բայց չէի կարող. որսորդական սեփականություն էր: Պարզապես նետեցի լվացքի մեքենան ու սեղմեցի կոշտ լվալու ռեժիմը:
Չգիտեմ՝ որքան երկար էի մնացել լոգասենյակում, բայց երբ դուրս եկա, սենյակում Թաբին էր և … ինձ որդեգրած ծնողներս: Վերջիններս խիստ անհանգստացած տեսք ունեին:
Աղջիկս, ինչպե՞ս ես, - Անին նետվեց դեպի ինձ ու ոտքից գլուխ զննեց, - ես ու հայրիկդ տեսանք արենայում կատարվածը …
Թաբին ասաց, որ այստեղ եք գալիս, - շարունակեց Էդուարդը, - միանգամից այստեղ եկանք:
Ես արդեն մի փոքր հանգստացել էի, հոգեբանական բոլոր վարժությունները արել էի և ի վիճակի էի ադեկվատ խոսել:
Չէի ասի, որ շատ լավ եմ, - պատասխանեցի ես, - բայց նորմալ է: Վաղը, մյուս օրը ավելի լավ կլինեմ: Խոստանում եմ:
Թաբին ծպպացրեց:
Գնամ տեսնեմ՝ Էրիկան ինչ է ձեռնարկել, - ասաց նա, - դու էլ կամաց-կամաց պատրաստվիր: Երեկոյան հետ ենք գնում:
Նա դուրս եկավ:
Սաթենիկ, գուցե պե՞տք չէ հիմա գնալ, - տագնապած հարցրեց Անին, - գուցե մի քանի օր մնաս մեզ մոտ, ուշքի գաս …
Բայց արդյո՞ք Գարիկը չի զզվեցնի այդ մի քանի օրը, երբ իմանա, որ այստեղ եմ, - դառնությամբ ասացի ես ու նստեցի անկողնու վրա, - չէ, ավելի լավ է գնամ:
Աղջիկս, ես ու մայրիկը որոշել ենք, որ կտեղափոխվենք Քիլիս, - խոսեց Էդուարդը, - ավելի լավ է քո կողքին լինենք, քեզ աջակցենք, քան թե այստեղ նստենք ու ոչինչ ի զորու չլինենք անել …
Նայեցի նրանց: Սիրտս ճմլվեց՝ տեսնելով նրանց վճռականությունը: Ես ուղղակի արժանի չեմ նման ծնողների …
Կարիք չկա, - մեղմ ասացի ես, - Նինում ձեր ողջ կյանքն է, ձեր աշխատանքը, ծանոթները: Ես մենակ չեմ և բացի այդ չեմ ուզում կտրել ձեր սովորական կյանքից:
Մենք արդեն որոշել ենք, ու դու մեզ չես կարող ստիպել փոխել միտքը, - հաստատ խոսեց Անին, - կավարտենք այս ուսումնական կիսամյակը և կտեղափոխվենք: Կաշխատենք Քիլիսում՝ համալսարանում, դպրոցում … կամ գուցե չենք էլ աշխատի, մեր թոշակները բավարար են:
Ես ոչինչ չասացի: Եսասիրաբար լռեցի ու մտածեցի, որ գուցե վատ չի լինի, եթե նրանք կողքիս լինեն: Իհարկե, Թաբին ինձ չի թողնի ոչ մի պարագայում և այսօրվա դեպքից հետո ես հաճելիորեն հասկացա, որ կոլլեգաներս նույնպես:
Լավ, ես չեմ հակաճառի ձեր որոշմանը, - խոսեցի ես, - բայց մինչ այդ … խնդրում եմ ձեզ լավ նայեք ու մի փորձեք խառնվել Գարիկի հետ կապված գործին: Դա իմ ու նրա հաշվիներն են: Ես կգտնեմ ելք, ինչպես փակել նրա բերանը և հնարավորությունները:
Ես տեսնում էի նրանց անվստահությունը և հասկանում էի նրանց, բայց սա իսկապես վերաբերում էր ինձ ու նրան: Եվ ես չէի պատրաստվում այլևս խուսափել առճակատումից, որովհետև նա չէր թողնի ինձ հանգիստ ապրել:
Հաջորդ կես ժամը ես հավաքում էի միակ պայուսակս: Ծնողներս օգնում էին ինձ: Էդուարդը գնաց տուն և բերեց մի ամբողջ պայուսակ՝ լի համեղ պահածոներով և թխվածքներով: Այս անգամ ոչինչ չասացի:
Մոտ մի քանի ժամից եկան Թաբին ու Էրիկան: Վերջինս գրգռված էր:
Ես պահանջել եմ, որ այս գործը քննվի Առաջինների կողմից, - ասաց նա, - նրանք չեն կարող ինձ մերժել, քանի որ ես էլ իջա արենա: Ո՞վ է այդ Գարիկը:
Այն երիտասարդի եղբայրը, ով հաշմանդամություն է ստացել անցած տարվա խաղերին, - հանգիստ պատասխանեցի ես:
Այսօրվա արածից հետո նա չի մարսի սա, - մռայլ ասաց Էրիկան:
Եթե կարողանաք ապացուցել նրա մասնակցությունը, - շարունակեցի ես, - ցավոք, նա արդեն մի քանի անգամ խուսափել է պատասխանատվությունից:
Ես դա թույլ չեմ տա, - կոշտ ասաց նա, - ոչ մի տխմար իրավունք չունի ձեռք բարձրացնել իմ աշխատակիցների վրա:
Ես կուզեի հավատալ նրան, սակայն վերջին տարվա իրադարձությունները այլ բան էին ասում: Նա կկարողանա խույս տալ պատասխանատվությունից: Ինչպես մյուս անգամները: Միայն թե այն տարբերությամբ, որ ես այլևս չեմ պատրաստվում վախից դողալ ու փախչել:
Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք գնացինք ուղիղ կայարան: Անիին ու Էդուարդին տուն ուղարկեցի, որ հանգստանան, և խոստացա տունը պատրաստել մինչև նրանց գալը:
Էրիկան այնքան էր կատաղած, որ չցանկացավ մնալ անգամ վաղվա փակման արարողությանը:
Գնացքը դեռ չէր շարժվել: Կոլեգաներս ու աշակերտները կազմուպատրաստ կանգնած էին հարթակին: Ես ինձ վատ էի զգում: Ոչ ֆիզիկապես, այլ բարոյապես: Նոր եմ սկսել աշխատել Քիլիսում, առաջին անգամ ինձ աշակերտ են վստահել և հիմա բոլորը ներկա եղան այդ խայտառակ տեսարանին: Հա ի՞նչ անենք, որ ես մեղավոր չեմ: Դա զզվելի բան է, երբ վրադ շպրտում են նեխած բանջարեղեն ու ձու: Քարերի մասին էլ բան չասեմ:
Հեյ, Սաթենիկ, այդ ի՞նչ դեմքի արտահայտություն ունես, - հետաքրքրվեց Խաչիկը:
Նա ծուլորեն հենվել էր սյուներից մեկին:
Մարդը սթրես է տարել, ի՞նչ եք ուզում, - մի փոքր գրգռված խոսեց Թաբին:
Մեղավորը իր պատիժը կստանա, - խիստ ասաց Էրիկան:
Դե լավ, ի՞նչ եք անընդհատ նույն թեմայից խոսում, - միջամտեց Աբելը, - հապա տեսեք մեր ճուտիկները ինչ են արել մեզ համար:
Ես շնորհակալ էի նրան թեման փոխելու համար: Երբ նայեցի նրան, հասկացա՝ հատուկ էր արել: Գլխով արեցի՝ ի նշան երախտագիտության:
Աշակերտներից մի քանիսը առաջ եկան՝ ձեռքներին փոքրիկ արկղեր սուրճով:
Վերջապե՜ս, - բացականչեց Թաբին, արագ վերցնելով մի բաժակը, - ես էլ մտածում էի՝ ոնց եմ դիմանալու ճանապարհին առանց կոֆեինի:
Կոլեգաներս ակտիվ վերցնում էին իրենց բաժակները և հաճույքով խմում:
Ուսուցի՛չ, ուսուցի՛չ, ահա ձեր սուրճը:
Սայան հայտնվեց կողքիս և մեկնեց բաժակը: Վերցրեցի այն և հաճույքով կում արեցի: Կյանքը միանգամից վառ երանգներ ստացավ:
Ինչպե՞ս անցան մրցումները քեզ համար, - հարցրեցի ես:
Տղան գրպանից հանեց մի հաստ նոթատետր:
Ես հետևել եմ ձեր հրահանգներին և ամենայն ուշադրությամբ ամեն մի հնարք գրի եմ առել, - հպարտորեն ասաց նա, - դուք ճիշտ էիք: Երբեմն ֆիզիկական պատրաստվությունը ավելի շատ է օգնում, քան կախարդանքը:
Ես հայացք նետեցի նրա գրառումներին ու քիչ մնաց բացականչեի՝ «գրողը տանի»: Այս պատանին մեկուկես օրվա ընթացքում լրացրել էր մի ամբողջ նոթատետր: Ես ապշեցի նրա մանրակրկիտության ու ձեռագրի վրա: Մի պահ մտածեցի՝ գուցե գիտնական կամ հա՞քեր դառնա: Բայց հետո տեսա՝ ինչպես են փայլում աչքերը, ինչեր է նա գրել, հատկապես տարբեր մարտարվեստների հարցում, ու հասկացա՝ ես շատ անելիքներ ունեմ: Ինչքան էլ չսիրեմ այն փաստը, որ աշակերտ ունեմ, այնուամենայնիվ պատասխանատու եմ արժանի որսորդ դաստիարակելու ու սովորեցնելու համար: