Chapter 7
Chapter 7
Առավոտյան՝ Հավթափեալն ժամին, բոլոր որսորդները հավաքվել էին Տիրի տաճարում: Ամեն անգամ այստեղ մտնելիս ես միաժամանակ հրճվում էի ու տագնապ զգում: Որսորդ-գիտնականները փորձել էին պահպանել անցյալի տաճարի սյուները: Վերևի հատվածում, որտեղ նրանք ամրանում էին առաստաղին, դաջված էին «երեք»-ները իննսուն աստիճանի տակ: «Երեք» թիվը համարվում էր Տիրի թիվը:
Հին տաճարից պահպանվել էին նաև ներս տանող աստիճանները: Հիշում եմ, երբ առաջին անգամ եկա այստեղ, երեխա էի և դժվարանում էի բարձրանալ դրանցով: Ներսում որսորդները փորձել էին վերարտադրել անցյալի կահավորանքը, և ստացվել էր վերարտադրել զոհասեղանի և նրա մոտ գտնվող տարածքը: Պատմության գրքերում տեսել եմ ինչպիսի տեսք ուներ այդ հատվածը: Մերոնք իսկապես լավ էին աշխատել:
Բոլոր որսորդները կանգնած էին զոհասեղանի առջև: Իհարկե, բոլորս չէինք տեղավորվել ներսում: Դրսում կանգնած կոլեգաների համար հատուկ էկրան կար: Առաջինները չէին կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը չտեսնի կամ չլսի իրենց ուղերձը:
Բոլորիս հագին սպորտային կոստյումներ էին, քանի որ անմիջապես բացումից հետո պիտի գնայինք մրցումների: Որսորդների գոտկատեղից կախված էին սրերի բռնակները: Դրանք կակտիվանան ճիշտ ժամանակին:
Ես կանգնած էի Թաբիի ու Աբելի մեջտեղում: Վերջինից տարօրինակ ալկոհոլի հոտ էր գալիս: Ինչքան էլ որ չսիրեմ մրցումները, այնուամենայնիվ, չեմ հասկանում՝ ինչպես կարելի է հարբած գալ Առաջինների առաջ:
Ասլանյան, այդպիսի քննադատող հայացք վրաս մի նետիր, - կամացուկ ասաց Աբելը, - այո, ես խմել եմ, բայց ոտքի վրա կարող եմ կանգնել:
Գուցեև կարող ես, բայց ի՞նչ կասես մրցումների մասին, - հարցրեցի ես:
Ես թքած ունեմ մրցումների վրա: Ինձ հաղթանակը չի հետաքրքրում, այնպես որ պատրաստվում եմ պարտվել ու հանգիստ գնալ զվարճանալու:
Նա աչքով արեց ու քմծիծաղեց՝ հավանաբար դեմքիս արտահայտությունը տեսնելով:
Չհասցրեցի ինչ-որ բան ասել, քանի որ զոհասեղանի մոտ սկսեցին դուրս գալ Առաջինները: Նրանք հանդես էին գալիս ընտանիքներով՝ զմրուխտե թիկնոցներով և ծիսակարգային հագուստով: Նրանց գոտկատեղերին նույնպես ամրացված էին սրերի բռնակները: Պատմության գրքերում գրված էր, որ ինքը՝ Տիրը, դիպել է այդ սրերին և, հետևաբար, դրանց մեջ ուժի ամենամեծ կոնցենտրացիան է: Եթե իրոք այդպես է, ապա ուղղակի հանցագործություն է չօգտագործել դրանք: Այնքա՜ն չարքեր կարելի էր ոչնչացնել …
Առաջինները հետ գցեցին կապյուշոնները: Դա նշան էր, որպեսզի բոլորս ծնկի իջնենք և միասին ասենք.
Տիրը մեզ պաշտպան:
Հետո միջնամատը և ցուցամատը հպեցինք ճակատներիս:
Տիրը մեզ պաշտպան, - կրկնեցին Առաջինները՝ նույն ժեստով ողջունելով մեզ:
Առաջինների մեջ չկար ինչ-որ գլխավոր մեկը, այդ պատճառով ամեն ընտանիքի գլուխը առաջ եկավ: Առաջինը խոսեց Լևոն Պաթագյանը, որի դեմքը երևում էր էլիտար ռեստորանների ցանցում:
Որսորդներ, - սկսեց նա, - սկսվեց Տիրի ամիսը, և մենք այստեղ ենք, որպեսզի հարգենք նրա հիշատակը և իմաստությունը: Հիշեք՝ ինչի համար է նա ստեղծել մեզ և ծառայեք նրան հավատարմորեն և ճշմարտությամբ, անգամ, եթե ինչ-որ բան անտրամաբանական և տարօրինակ է թվում:
Ես մռայլվեցի: Ինչի՞ մասին է նա խոսում: Եթե ապստամբների, ապա ի՞նչ կապ ունի «անտրամաբանականը և տարօրինակը»:
Կողքիս կանգնած Աբելը փնչացրեց ու քթի տակ ասաց.
Էլի սկսեցին հեքիաթներ պատմել:
Չհասցրեցի պատասխանել, քանի որ Պաթագյանը շարունակեց.
Մենք մի ամբողջություն ենք, և մեր նպատակն է ոչ միայն մաքրել այս աշխարհը մութ արարածներից, այլև իմաստուն և արդար ղեկավարել: Մեզ սպասվում են փոփոխություններ, և բոլորիցս կպահանջվի ուժ և արիություն՝ դիմակայելու չար ուժերին:
Ես էլի չհասկացա նրան: Խոսքը գնում էր չարքերի՞, թե՞ ապսամբների մասին: Եվ այդ ի՞նչ փոփոխություններ են մեզ սպասվում: Չեմ սիրում, երբ մշուշոտ բաներ են ասում: Մյուս կողմից որսորդները, այսպես թե այնպես, վերացնում են չարքերին, էլ ինչու՞ անընդհատ կրկնել դրա մասին:
Պաթագյանից հետո խոսեցին մյուսները: Նրանց խոսքերը շատ քիչ էին տարբերվում իրարից, ինչը մտահոգեցնում էր: Սակայն դրա մասին լուրջ մտածելու ժամանակ չկար: Ելույթներից հետո առաջ եկան որսորդ պարողները և պարեցին հատուկ շարժումներով պարը: Դրանից հետո բոլորս հանեցին սրերը և միասին բացականչեցինք.
Թող անտեսանելին դառնա տեսանելի:
Ողջ տաճարը լցվեց կանաչավուն լույսով: Զոհասեղանը նույնպես վառվեց լույսով, կարծես օրհնում էր յուրաքանչյուրիս:
Ես սիրում էի արարողության այս հատվածը: Կարծես ջնջվում էին բոլոր քաղաքների և գյուղերի սահմանները, ու բոլորս դառնում էինք մեկ: Միասին մեզ ոչ ոք չի կարող հաղթել:
Սակայն այդ զգացողությունը շատ շուտ անցավ: Ժամանակն էր գնալ մրցումների: Ես սպասում և վախենում էի դրանից: Երբ հայտարարում էին, թե որտեղ և որ սպորտաձևը պիտի տեղի ունենա, փորձեցի հիշել, թե կոլեգաներս որտեղ են լինելու: Իհարկե, ես կարող էի գնալ ամդինիստրատիվ բաժին՝ Անիի ու Էդուարդի մոտ, բայց չցանկացա, որ մտածեն՝ վախենում եմ:
Ամբոխի մեջ նկատեցի մի քանի հոգու, ովքեր նույն ուղղությամբ էին գնում, և միացա նրանց: Ի ուրախություն ինձ՝ սպորտային դահլիճը կառուցված էր տաճարի մոտ, և կարիք չկար շատ գնալու:
Բայց խնդիրները սկսվեցին հենց իմ սպորտաձևի դահլիճից: Սովորաբար, նետ ու աղեղի մրցմանը դիմում էին արդեն հասուն որսորդները, ովքեր չէին ցանկանում վերջնական փուլին մասնակցել: Բայց ես նկատեցի մի քանի երիտասարդների, որոնց դեմքերը աղոտ հիշում էի: Նրանք ծաղրական հայացքներ էին նետում վրաս և ոտքերը կախ գցում: Սկզբում չէի հասկանում՝ ինչու: Հետո՝ հասկացա: Նրանք սպասում էին, որ ես ավարտեմ: Չգիտեմ ոնց, բայց տականք Գարիկը այստեղ էլ խցկել էր իր հավատարիմ շներին:
Դա ինձ կատաղեցրեց: Մոտս ցանկություն առաջացավ հենց հիմա դրանց դաս տալ: Սակայն ողջամտությունը հաղթեց: Ես նոր եմ տեղափոխվել Քիլիս, նոր եմ կնքել պայմանագիր և ընդհանրապես նոր եմ սկսել մի քիչ ազատ շունչ քաշել: Եթե կռիվ սարքեմ, առանց այդ էլ փխրուն հեղինակությունս կփլվի: Էլ չասեմ, որ Գարիկը կհաղթի:
Ատամներս սեղմեցի ու համառի պես սպասեցի, որ այդ տականքներին ստիպեն կրակել: Նրանք, իհարկե, չգիտեին, որ ես չէի պատրաստվում հաղթել, դրա համար հեշտությամբ անցան հաջորդ փուլ: Իսկ ես հատուկ թեղ կրակեցի և դուրս մնացի խաղից: Առանց նրանց կողմը նայելու՝ դուրս եկա դահլիճից: Վերջ, հիմա նրանք չեն կարող ինձ հետապնդել: Սակայն պետք չէր կորցնել զգոնությունը:
Ես ուղիղ գնացի այն դահլիճը, որտեղ պիտի կռվեր Թաբին: Հատուկ ընտրեցի այն միջանցքը, որն ավելի մարդաշատ էր, և հանգիստ ներս մտա:
Սկզբում խլացա ձայներից: Ուղիղ մեջտեղում արենա էր, իսկ նրա շուրջ դրված էին նստատեղեր: Սակայն ոչ ոք նստած չէր, բոլորը կանգնած էին ու ոգևորված գոռում էին: Քրտնքի ու արյան հոտ էր գալիս: Ես խցկվեցի նրանց միջև, որ ավելի լավ տեսնեմ: Պարզվեց ճիշտ ժամանակին էի եկել. Թաբին կռվում էր Ամրէից եկած մի հսկայի հետ:
Չգիտեի՝ սա որերորդ կռիվն էր, բայց դատելով Թաբիի դեմքի չորացած արյունից և կապտուկներից՝ հաստատ առաջինը չէր: Շուրջս նայեցի՝ փորձելով հասկանալ ինձ ծանոթ մարդ կար թե ոչ: Իհարկե, ամբոխը հիմա կլանված էր տեսարանով, սակայն ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ նրանց մեջ չկային Գարիկի շներից: Ի ուրախություն ինձ՝ տեսա Սմբատին ու Տրդատին և շարժվեցի նրանց կողմը:
Որե՞րորդ կռիվն է, - բղավելով հարցեցի ես՝ հասնելով նրանց:
Վերջինը, - բարձր պատասխանեց Տրդատը:
Չէի սպասում, որ Թաբին մինչև վերջ կհասնի: Մտածում էի զայրույթը բաց կթողնի ու վերջ, բայց արի ու տես՝ ոչ: Ըստ երևույթին, այդ հսկա ամրէցին նրան հունից հանել էր:
Ես հետևում էի կռվին՝ ամեն անգամ ֆիքսելով, երբ հակառակորդին հաջողվում էր հարվածել Թաբիին: Նկատեցի, որ ընկերուհիս արդեն հոգնել էր և դիմանում էր զուտ զայրույթի շնորհիվ: Հենց դրա պատճառով էլ նա սկսեց բաց թողնել հարվածները: Գլուխս տարուբերեցի: Ախր ասում էի չէ, որ հետքեր կմնան: Ո՞նց է այդպիսի դեմքով գնալու համալսարան:
Հերթական հարվածը բաց թողնելուց հետո Թաբին ընկավ հատակին և այլևս չկարողացավ վեր կենալ: Ժյուրին միանգամից մոտեցավ և կռացավ նրա վրա: Իմ տեղից ես ոչինչ չէի կարողանում տեսնել և անհանգստացած գնացի դեպի արենա: Սմբատն ու Տրդատը եկան հետևիցս:
Մոտենալով արենայի եզրին՝ լսեցի ժյուրիի խոսքերը.
Նա կորցրել է գիտակցությունը: Կռիվը ավարտված է: Վերջնական մրցումներին կմասնակցի Ամրէի որսորդը:
Դահլիճը ճայթեց ծափահարություններից: Մենք մի կերպ մոտեցանք արենային: Բժիշկները դեռ չէին եկել, դրա համար Սմբատը զգուշորեն ձեռքերի վրա վերցրեց Թաբիին, և մենք գնացինք կուլիսների հետև: Ես փորձում էի շատ չնայել ընկերուհուս, բայց հոգու խորքում սարսափում էի. այդ հսկան լավ ծեծել էր նրան:
Մեզ մոտեցան բժիշկները, պառկեցրին Թաբիին պատգարակի վրա և տարան բուժկետ: Մենք էլ գնացինք նրանց հետևից:
Իրոք արժանի կռիվ էր, - հարգալից տոնով ասաց Տրդատը, - Թաբիին ոչ ոք հակառակորդի տեղ չէր դնում, իսկ ինքը եզրափակիչ դուրս եկավ:
Հաա, - խոսեց Սմբատը, - ես լսեցի, ոնց էին կողքիս կանգնածները հարգանքով խոսում նրա մասին: Թաբիի կռիվը հաստատ երկար չեն մոռանա:
Ես լռեցի, քանի որ Թաբիի որոշումը խելամիտ չէի համարում: Նրան տեղը տեղին ծեծել են: Ու՞մ կամ ի՞նչ էր ուզում ապացուցել: Նա առանց այդ էլ Քիլիսի լավագույն որսորդներից էր, ես տեսել էի նրա նկարը պատվավոր տախտակին:
Ի՞նչ նորություն կա մյուսներից, - իմիջիայլոց հարցրեցի ես:
Արեգը անցավ վերջնական փուլին, բայց ոտքի պատճառով նրան հանեցին, - պատասխանեց Սմբատը, - Խաչիկն ու Աբելը հասան կիսաեզրափակչին, բայց պարտվեցին: Էրիկան չի մասնակցում, նա մյուս Առաջինների հետ դիտորդի դերում է: Դե, իսկ կաթնակերները …
Զբաղված են մանր-մունր գործերով, - լրացրեց Տրդատը:
Ինչ-որ տեղ ուրախացա, որ Սայան չի եղել իմ մրցումներին: Հուսով եմ իսկապես օգտակար գործով է զբաղվում, այլ ոչ թե՝ «տար-բեր»:
Մոտ մեկ ժամից դուրս եկավ բժիշկը և ասաց, որ Թաբիի հետ ամեն ինչ կարգին է, վնասվածքները այդքան ծայրահեղ չէին, որքան մենք էինք պատկերացնում: Նրան քնաբեր են տվել, ու մինչև առավոտ լավ կլիներ չանհանգստացնել: Իմաստ չկար մնալ կողքին, այդ պատճառով մենք վերադարձանք հյուրանոց: Ես ուրախ էի, որ Տրդատի ու Սմբատի հետ էի: Ինձ ոչ ոք չէր հետապնդում, ոչինչ չէր ասում, սակայն ճանապարհին ծանոթների հանդիպեցի, ովքեր խեթ հայացքներ էին նետում: Եթե կոլեգաներս նկատեցին էլ, ապա ձևացրին, որ ոչինչ չեն տեսնում:
Խաչիկին, Աբելին ու Արեգին գտանք մեր հարկի ընդհանուր հյուրասենյակում: Հաքերը համակարգչի մեջ էր, Խաչիկը անգործությունից թղթի կտորներ էր աղբարկղ նետում, իսկ Աբելը տիրակալի նման փռվել էր բազկաթոռին ու խմում էր:
Երբ ներս մտանք, երեքն էլ մեզ նայեցին:
Օ՜, բա մեր Թաբուշը ու՞ր է, - ուրախ հետաքրքրվեց Խաչիկը, - մի՞թե անցել է եզրափակիչ և հիմա հաճույքից մլավում է:
Նա հիմա հաճույքից մլավում է բուժկետում, - մռայլ պատասխանեցի ես, - իր կապտուկների հետ:
Աբելը քմծիծաղեց ու քիչ մնաց ալկոհոլը թափեր: Արեգը կտրվեց էկրանից ու անհանգստացած ինձ նայեց:
Ի՞նչ է պատահել, - Խաչիկի դեմքից անհետացան ուրախության բոլոր նշանները:
Տրդատը պատմեց կատարվածի մասին:
Ստացվում է, մեզնից ոչ ոք չի մասնակցի եզրափակչին, - եզրակացրեց Սմբատը:
Միայն դա՞ է քեզ հուզում, - զայրացավ Խաչիկը, - բա Թաբուշիկի վիճա՞կը:
Խաչ, շնչիր ու արտաշնչիր, - ծուլորեն խոսեց Աբելը և ուղիղ նստեց, - նա բժիշկների հսկողության տակ է: Ինքդ լսեցիր, մինչև առավոտ կքնի ու կարթնանա ամառային խոտի պես թարմ:
Գուցե ինչ-որ բա՞ն է պետք տանել, - հարցրեց Արեգը:
Չէ, ոչինչ պետք չի, - պատասխանեցի ես, - բժիշկն ասաց, որ միայն քունը, դեղորայքը և նրա կախարդանքը բավարար են ապաքինվելու համար:
Տեսնու՞մ ես, - ասաց Սմբատը՝ նայելով Խաչիկին, - նա ուժեղ է, շուտ կկազդուրվի: Գուցեև լավ է, որ մեզնից ոչ ոք չի մասնակցի եզրափակչին: Անցած տարվա խաղերը պարզ ցույց տվեցին, որ պետք չի դրանց շատ լուրջ վերաբերվել …
Հյուրասենյակում տիրեց լռություն: Սմբատը ապշած տեսք ուներ, կարծես ինքն էլ նոր գիտակցեց՝ ինչ ասաց:
Սաթենիկ, կներես, - հապճեպ ասաց նա, - ես բացարձակ չէի ուզում քեզ նեղացնել …
Թուքս կուլ տվեցի: Զգացի՝ ինչպես են ձեռքերս դողում, ու ստիպված եղա դրանք թաքցնել մեջքիս հետևը: Ես գիտեի, որ վաղ թե ուշ անցած տարվա իրադարձությունների մասին խոսակցություն կլիներ, բայց չէի սպասում այսքան շուտ: Եվ այդ պատճառով ես վարվեցի իսկական վախկոտի պես:
Ես չեմ ուզում խոսել դրա մասին, - չափից դուրս կտրուկ ու կոշտ ասացի ես ու դուրս եկա հյուրասենյակից: