1. Շամանդաղ. Նենգության և Գիտելիքի Տուն

Chapter 6

Գլուխ 6

Հոռի ամիսը Առաջինները հռչակել են Տիրի ամիս: Սովորական մարդիկ այն նշում են մի քանի օր: Սովորաբար դրանք համընկնում են դպրոցներում և համալսարաններում դասերի սկզբի հետ: Դա տրամաբանական էր, քանի որ Տիրը գիտության աստվածն էր:

Ինչ վերաբերվում էր որսորդներիս, ապա մենք նշում էինք այդ ամիսը հատուկ ձևով: Հոռի ամսվա սկզբին, երեք օր Նամրայի բոլոր որսորդները հավաքվում էին Նինում գտնվող Տիրի տաճարում: Միասնական ծիսակատարությունից հետո սկսվում էին Որսորդների մրցումերը, որի ժամանակ ընտրում էին տարվա լավագույն որսորդին: Իհարկե, մրցումները չէին անցնում տաճարում: Նինում կար մեծ սպորտային համալիր, որը տեղավորում էր բոլորին և համապատասխանում  մեր պահանջներին:

Սպորտաձևերը տարբեր են՝ սկսած բռնցքամարտից մինչև նետ ու աղեղ: Սակայն վերջում, անկախ նրանից, թե ով ինչ էր ընտրել, բոլորին սպասվում էր մեկ ընդհանուր եզրափակիչ: Դրա ընթացքում «լավագույն որսորդ» տիտղոսի յուրաքանչյուր հավակնորդ պիտի հասներ երկաթյա օձին, որը, ըստ շշուկների, պատկանել էր Տիրին: Չգիտեմ՝ որքանով էր դա ճիշտ, բայց Առաջինները այն պահում էին իրենց մոտ և ցույց տալիս միայն այդ ժամանակ:

Անցած տարի ես ստացա «լավագույն որսորդ» տիտղոսը: Բայց ի՜նչ գնով … Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ այդ անիծյալ ժայռի վրա մնացինք ես ու Գարիկի եղբայր Ազատը: Հավատս չի գալիս, որ մի տարի առաջ ես հստակ նպատակ ունեի հաղթելու և կոլեգաներիս քթերը սրբելու: Ավա՜ղ, այդ ցանկությունը դարձավ իմ մեկամյա դժոխքի և Ազատի հաշվանդամության պատճառ: Երկուսս էլ տաքացած կռվում էինք բացարձակ մոռանալով, որ գտնվում էինք ժայռի եզրին: Ազատի ոտքը սայթաքեց, նա չկարողացավ պահել հավասարակշռությունը, իսկ ես չհասցրեցի նրան բռնել: Երիտասարդի աղիողորմ ճիչը և նրա կոտրվող ողնաշարի ձայնը հետապնդում են ինձ գրեթե ամեն գիշեր:

Այո, ես դարձա տարվա լավագույն որսորդ, սակայն դա ինձ ոչ մի ուրախություն չբերեց: Ես ունեի լուրջ կոտրվածքներ, ուղեղի ցնցում ու ստիպված եղա երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցում: Դա դժոխքի առաջին շրջանն էր: Երկրորդը սկսվեց, երբ քրեական գործ հարուցեցին իմ դեմ: Ազատի ծնողները, հարազատներն ու ընկերները չէին զլանում ինձ սպառնալ: Նրանք ամեն ճիգ ու ջանք գործադրեցին, որ ինձ բարձրագույն պատժի ենթարկեն՝ մահապատժի, սակայն նրանց կապերը չօգնեցին: Դատարանը ուներ տեսահոլովակներ, վկաների ցուցմունքներ, որոնք հստակ ասում էին՝ ես մեղավոր չէի Ազատի ընկնելու մեջ: Ինձ անմեղ ճանաչեցին: Բայց դրանով գործը չավարտվեց: Սկսվեց դժոխքի երրորդ շրջանը: Գարիկը կազմակերպեց իմ դեմ քարոզարշավ: Սկզբում ֆիզիկական ծեծկռտուքներ չկային, միայն հոգեբանական: Սակայն հետո ինձ սկսեցին ուղարկել վտանգավոր որսերի, որտեղ ես ստիպված էի ոչ միայն կռվել չարքերի դեմ, այլև Գարիկի «պոչերի»: Իհարկե, ես հմուտ որսորդ եմ, տարբեր հնարքներ գիտեմ՝ ինչպես կռվել ու պաշտպանվել: Սակայն բազմաթիվ հակառակորդների դեմ ոչինչ անել չեմ կարող: Մի անգամ ինձ բռնեցին միայնակ ու հարձակվեցին: Նրանք տասը հոգի էին: Հիշում եմ, որ մտածեցի՝ հաստատ կյանքիս վերջին օրն է:

Չգիտեմ՝ ոնց եմ դիմացել դրան: Երևի «բախտս» բերեց այնքանով, որ ոստիկանական մեքենա անցավ և բառացիորեն փրկեց ինձ: Դրանից հետո ես ստիպված էի երկար բուժվել հիվանդանոցում: Անին ու Էդուարդը դիմեցին ոստիականություն և Առաջինների ատյան: Գործը գնալով թափ էր առնում: Հասարակությունը պահանջում էր դատել Գարիկին ու նրա ընկերներին: Բայց … ինչպես միշտ, կապերը օգնեցին փրկվել այդ տականքին: Նա հասարակայնորեն ներողություն խնդրեց ինձնից ու խոստացավ, որ հանգիստ կթողնի: Իրականում, դրանք սուտ բառեր էին, քանի որ ամեն հարմար առիթի Գարիկը փորձում էր ինձ ցավեցնել: Զարմանալի չէ, որ նրա տարածած շշուկները իմ մասին Նինում որոշակի անհարմարություններ ստեղծեցին կյանքի համար: Ինձ պարզապես հետապնդում էին տարբեր տղամարդիկ ու փորձում սեռական կապի մեջ մտնել: Մի քանիսին ծեծելուց հետո հասկացա, որ պիտի դիմեմ ոստիկանություն: Այնտեղ քննիչը հստակ գտավ, որ իմ անունով տարբեր կայքեր են բացվել ու անհայտ անձիք զզվելի հաղորդակցվում են տղամարդկանց հետ: Իհարկե, չպարզվեց, ով կամ ովքեր են դրա ետևում կանգնած, բայց ես շատ լավ գիտեի:

Այդ ընթացքում Անին ու Էդուարդը ինչերի միջով որ չեն անցել: Էլ չասեմ, որ Թաբին այնքան էր կատաղել, որ ուզում էր գալ Նին ու սատկացնել Գարիկին:

Ես չէի խելագարվել զուտ այն պատճառով, որ ամբողջովին նվիրվել էի աշխատանքին ու բլոգին: Բայց այդ մեկ տարին և բոլոր այդ իրադարձությունները ինձ զգալի կոտրեցին: Ողջ էներգիաս թափում էի չարքերին ոչնչացնելու վրա, անգամ դաժան մեթոդներ էի օգտագործում նրանց տանջանքների մեջ, իսկ երբ մնում էի մենակ … Ավելի ճիշտ՝ երբ մնում եմ մենակ, ողջ սարսափը վերադառնում է: Պարզվում է, որ չարքերից վատ միայն մարդիկ կարող են լինել: Այն էլ նրանք, ովքեր հղփացած են իշխանությունից:

Սակայն … սակայն հիմա, մեկ տարի անց ես կրկին պիտի գնամ Որսորդների մրցումներին և, կարծես ոչինչ էլ չի եղել մասնակցեմ դրանց: Նորից վերադառնամ Նին, նորից զգամ կաշվիս վրա այդ հայացքները …

Մեկնելու օրը՝ դուրս գալուց առաջ, Թաբին հարցրեց.

  •           Համոզվա՞ծ ես, որ ամեն ինչ կարգին է:

Ի՞նչ պիտի պատասխանեի նրան:

  •           Ոչ, - ազնվորեն ասացի, - կարգին չէ, բայց ինքդ էլ գիտես, որ հրաժարվել չի լինի:

  •           Գիտեմ:

Նա գրկեց ինձ ու շշնջաց ականջիս.

  •           Սրանով էլ կանցնենք: Այդ սրիկան քեզ ոչինչ չի կարող անել մարդկանց աչքի առաջ:

Ոչինչ չպատասխանեցի: Իհարկե, չի կարող, սակայն միշտ չէ, որ մենք գտնվում ենք մարդկանց տեսադաշտում …

Միանգամից գնացինք կայարան, քանի որ մեր տնից այն մոտ էր: Էրիկան ու մյուսները արդեն այնտեղ էին՝ սպասում էին գնացքի մոտ: Որսորդների մրցումների կապակցությամբ մեզ տրամադրել էին մի ամբողջ վագոն: Բացի մեր բազայից, եկել էին նաև հարակից գյուղերի որսորդները և աշակերտները: Վերջիններիս տանում են հատուկ նրա համար, որպեսզի աշակերտական տարիքից ծանոթանան որսորդական ավանդույթների հետ:

  •           Աղջիկներին առաջ ենք թողնում, - հայտարարեց Սմբատը, երբ արդեն պիտի ներս մտնեինք:

  •           Այդ երբվանի՞ց ես սկսել աղջիկներին հարգել, - կասկածամտորեն հետաքրքրվեց Թաբին:

  •           Այսօրվանից:

  •           Մի հավատա նրան, - միջամտեց Աբելը, - նա ուզում է զննել ձեր հետաքրքիր գեղանկարները ետևից:

Նա հայացքով ցույց տվեց կրծքավանդակը և հետույքը: Ընդ որում դեմքի արտահայտությունը ասում էր՝ «ես էլ դեմ չեմ զննելուն»:

  •           Ախ դու սրիկա, - զայրացավ Թաբին ու մի լավ հարվածեց նրան, - այս անգամ ես եմ հարգում տղաներին: Առաջ անցիր: Ու հապա փորձիր մի բան ասել: Կաշվիդ վրա կզգաս՝ ինչ է նշանակում ձեռքս ընկնել:

Բոլորը ծիծաղեցին, իսկ ընկերուհիս վերահսկեց, որ տղաները մտնեն ներս և միայն դրանից հետո մտանք մենք ու աշակերտները:

Ես ու Թաբին նստեցինք նախավերջին շարքում: Մեր ետևում տեղավորվեցին Էրիկան ու Արեգը: Վերջիններս քննարկում էին կազմակերպչական հարցեր: Քանի որ Էրիկան ստիպված էր լինելու կանգնել Առաջինների հետ, ողջ պատասխանատվությունը աշակերտների և մեր համար ընկնելու էր Արեգի ուսերին: Իհարկե, ավելի շատ աշակերտների, քանի որ նրանք երկրորդ անգամ էին գնում մրցումների և սովորաբար նրանց մանր-մունր հանձնարարություններ էին տալիս: Անձամբ ես Սայային ասել էի, որ հնարավորինս շատ սպորտաձևերի մրցումների ներկա լիներ և ուշադիր հետևեր տեխնիկաներին: Ես իսկապես ուզում էի, որ նա լավ որսորդ դառնա:

  •           Արդեն որոշե՞լ ես որտեղ ես գրանցվելու, - շշուկով հարցրեց Թաբին:

Տղաները ակտիվորեն քննարկում էին՝ ինչ և ում հետ էին անելու մրցումներին: Այդ բուռն քննարկումների ներքո կարելի էր զրուցել:

  •           Նետ ու աղեղի մրցում, - պատասխանեցի ես, - այնտեղ քիչ դիմողներ կան ու հիմնականում մեծերը: Կանեմ այնպես, որ երկրորդ փուլ էլ չեմ անցնի:

  •           Ես կաշխատեմ այնպես անել, որ հետդ լինեմ, - ասաց նա, - քեզ մենակ թողնել չի կարելի:

  •           Փոքր երեխա՞ եմ, ինչ է, - նեղվեցի, - գլուխ կհանեմ:

  •           Սաթ, արի մի պահ մոռացիր հպարտությունդ: Չեմ ուզում քեզ անընդհատ հիշեցնել, բայց վերջին անգամ դու նույնպես մենակ էիր: Ես բացարձակ չեմ ուզում, որ դու նորից այդ ապրումների միջով անցնես:

Մտովի հասկանում եմ, որ նա ճիշտ է: Ես Աբելի տատիկը չեմ, որ միայնակ կռվեմ շատ հակառակորդների հետ միաժամանակ: Բայց դա ոչ միայն հարվածում էր ինքնասիրությանս, այլև խաչ էր քաշում էր բոլոր ջանքերի վրա: Վերջին իրարդարձություններից հետո ես կրկնակի եռանդով սկսեցի մարզվել, գրեթե դուրս չէի գալիս մարզասրահից: Աշխատում էի ճկունության և արագության վրա՝ քաջ գիտակցելով, որ ես ուժեղ էի միայն կախարդական տեսակետից: Տիրի ուժից են վախենում չարքերը, բայց ոչ մարդիկ: Ուրեմն, պիտի դառնամ նաև ֆիզիկապես անհաղթ:

  •           Սաթ, - ավելի մեղմ ձայնով շարունակեց ընկերուհիս, - պետք չէ վերածվել կին-հերոսի մի քանի տականքի պատճառով: Ես չգիտեմ՝ կարելի՞ է արդյոք մոռանալ դա, բայց կարծում եմ, որ մեղմացնել այդ զգացմունքները կարելի է:  

Աչքերս փակեցի ու հաշվեցի մինչև տասը: Մոռանալ … շատ կուզեի մոռանալ այս վերջին տարվա ողջ իրադարձությունները, ինչպես մոռացել եմ մինչև վեց տարեկան եղած կյանքս: Երանի՜ իմանայի ինչպես կարող էի դա անել:

  •           Լսիր, ես մի թույն հոգեբան եմ գտել, - ասաց նա, - հիմա կուղարկեմ քեզ նրա պաշտոնական էջը: Ազնիվ խոսք, դու պիտի կարդաս նրա հաճախորդների կարծիքները:

  •           Թաբ, նա հաստատ ընտրել է լավերը կամ էլ ինքն է գրել, - աչքերս առաստաղին հառեցի:

  •           Չէ, չէ, լուրջ եմ ասում, դրանք ընդհանրապես նման չեն սովորական կարծիքներին: Ուղղակի կարդա դրանք: Այդ հոգեբանը՝ Լիլիթը, իսկապես համբավ ունի Քիլիսում: Նրա մոտ ամիսներով են հերթ կանգնում:

Դժկամորեն հանեցի հեռախոսս: Թաբին իսկապես ուղարկել էր կայքը: Դե լավ, կնայեմ, բայց դժվար թե գնամ:

Սեղմեցի հղմանը: Առաջինը, որ տեսա, հոգեբանի նկարն էր: Նա ամբողջովին սևավորված էր, աչքերը՝ սմոքի ներկած, իսկ շրթունքները՝ ալ-կարմիր գույնի շրթներկ: Մարմնովս դող անցավ նրա խորաթափանց հայացքից: Միշտ կարծում էի, որ հոգեբանները իրենց կերպարով ու աուրայով պիտի հանգստություն ներշնչեին, բայց այս կինը լրիվ հակառակն էր անում: Միակ ցանկությունը, որ առաջանում էր նրան նայելիս՝ անհապաղ փախչել:

  •           Սաթ, մի կանգնիր նկարի վրա, - խոսեց Թաբին, - կայքը տնտղիր:

Ես ստիպեցի ինձ թերթել ներքև: Ընկերուհիս ճիշտ էր. կարծիքները իսկապես շատ էին, և բոլորը դրական ու … մի փոքր էլ տարօրինակ: «Առաջին խորհրդատվությանը ես ահավոր վախեցել էի: Մի քանի րոպե խոսելուց հետո Լիլիթը հստակ ասաց, թե ինչ խնդիր ունեմ: Ես ցնցված էի, բայց պիտի ասեմ, որ նրա մոտ մի քանի անգամ գնալուց հետո այդ խնդիրը լիովին անցավ: Նա իսկապես իր գործի մասնագետն է, իսկ իր մեթոդները …»: Որքան կարդում էի, այնքան շատ էի մտահոգվում:

  •           Թաբ, միգուցե նա ինչ-որ տա՞նն է պատկանում, - կասկածամտորեն հարցրեցի ես:

  •           Ոչ, նա սովորական մարդ է: Այսինքն՝ իր մասնագիտությանը լավ տիրապետող մարդ, - պատասխանեց նա:

Մի քիչ տատանվելուց հետո որոշեցի փորձնական գնալ մեկ խորհրդատվության: Բացեցի նրա աշխատանքային գրաֆիկը և տեսա, որ նա ազատ պատուհան ունի երկու շաբաթից: Ինչ արած, ուրեմն կսպասեմ: Թողեցի հայտս ու փակեցի կայքը:

  •           Գո՞հ ես, - հետաքրքրվեցի Թաբիից:

  •           Անչափ, - գոհունակ դեմքով պատասխանեց նա:

  •           Ի դեպ, դու չասացիր որ սպորտաձևին ես գրանցվել, - փոխեցի թեման:

  •           Բռնցքամարտ, - ասաց նա:

  •           Ի՞նչ, - զարմացա ես, - Թաբ, դու մոռացե՞լ ես, որ մրցումներից հետո դասի ենք գնալու:

  •           Հա ի՞նչ: Մտածում ես, որ թույլ կտամ դեմքս ջարդե՞ն:

  •           Գիտեմ, որ ամեն ձևով թույլ չես տա անել դա, բայց բռնցքամարտում քեզնից ուժեղ հակառակորդներ են, իսկ դու վաղուց չես մարզվել …

  •           Սաթ, ես ուզում եմ բաց թողնել կատաղությունս, - ընդհատեց նա, - ով գիտի, միգուցե այն տականքներից էլ մեկը լինի, քո տեղը մուռ հանեմ …

  •           Թաբի, - ձայնս բարձրացրեցի ես:

Այդ էր պակաս, որ հիմա էլ նրա ետևից ընկնեն:

  •           Մեր մասի՞ն եք խոսում, աղջիկներ, - ձայն հանեց Խաչիկը:

Ընկերուհիս աչքերը առաստաղին հառեց.

  •           Բան ու գործ չունենք ձեր մասին խոսենք:

  •           Ինչի՞, - անմեղ հայացքով հետաքրքրվեց Սմբատը,- բա մեր մկանները…

  •           Բա մեր շշմեցնող գեղեցկությունը, - ավելացրեց Տրդատը:

  •           Բա մեր փայլուն ինտելլեկտը, - շարունակեց Աբելը:

Մեր ետևում նստած Էրիկան ու Արեգը փնչացրեցին:

  •           Ձեր միակ առավելությունը մարտի մեջ է, - ասաց Թաբին, - մյուս հարցերում լրիվ մանուկ եք:

  •           Ստացվում է, եթե մենք մանուկ ենք, ուրեմն դու մեր դայա՞կն ես, - քծնեց Աբելը:

Վագոնում նստածները ծիծաղեցին: Ես էլ չկարողացա զսպել ժպիտը: Աբելը աչքով արեց ինձ և հենվեց նստատեղի հենակին:

  •           Նա մեր դայակը չի, - միջամտեց Սմբատը, - չգիտե՞ս, որ մեր սիրելի Թաբին սիրո նոր օբյեկտ ունի:

  •           Լու՞րջ, - չորս կողմից լսվեցին բացականչություններ:

Ես էլ զարմացած նայեցի ընկերուհուս: Սովորաբար ես առաջինն եմ իմանում նրա բոլոր ընկերների մասին, բայց այս անգամ ես էլ տեղյակ չէի:

  •           Դա ձեզ չի վերաբերվում, - կտրուկ պատասխանեց Թաբին:

  •           Ո՞նց կարող է մեզ չվերաբերվել, - կեղծ վիրավորական տոնով խոսեց Տրդատը, - ըստ էության՝ մենք քո ընտանիքն ենք, եղբայրները: Բա չիմանա՞նք ում  հետ է շփվում մեր քույրը:

Հետևս նստած Էրիկան սկսեց հազալ: Կասկածում եմ, որ փորձում էր դրանով քողարկել ծիծաղը:

  •           Տրդատիկ, կարծես թե աչքի կաթիլները լավ չեն ազդել վրադ, - փաղաքշական տոնով ասաց Թաբին, - գուցե մի անգա՞մ էլ կաթեցնեմ:

Տրդատը բռնեց որովայնից ու ձևացրեց, որ վախեցել է:

  •           Ընկերներ, առաջարկում եմ ստեղծել «Օգնիր Թաբիին» ֆոնդը, - խոսեց Խաչիկը, - գումար հավաքենք և կարգին ժամադրություն կազմակերպենք նրա համար: Միգուցե նա վերջապես մեկի հետ  ամուսնանա:

  •           Ու նստի տանը, - ավելացրեց Տրդատը:

  •           Երեխաներ ունենա, - իր մասը դրեց Աբելը:

  •           Իսկ հետո ամուսնու ու թոռների հետ խաղ անի, - քծնեց Սմբատը:

Չդիմացա ու ծիծաղեցի՝ տեսնելով ընկերուհուս դեմքի արտահայտությունը: Մոտակա ժամանակներս նա չի պատրաստվում ոչ ամուսնանալ, ոչ էլ առավելևս երեխաներ ունենալ: Ու այս տափակները շատ լավ գիտեն դրա մասին ու ծաղրում են:

  •           Կարծես թե ես մի բան չեմ պատմել Էրիկային, - բարձրաձայն խոսեց Թաբին, - մոռացել էի այն դեպքի մասին մայիսին, երբ …

  •           Ա՜խ, դո՛ւ …, - զայրացած սկսեց Խաչիկը:

  •           Դու չես համարձակվի, - քծնեց Աբելը:

  •           Լո՞ւրջ, - ձևականորեն ժպտաց ընկերուհիս և շրջվեց դեպի Էրիկան:

Ես էլ շրջվեցի ու շեֆի դեմքի արտահայտությունից հասկացա, որ նա շատ լավ գիտի դրա մասին, բայց խաղում է Թաբիի սկսած խաղը:

  •           Ինչի՞ մասին է խոսքը, - անփութորեն հարցրեց Էրիկան, - կա՞ ինչ-որ բան, որ ես չգիտեմ:

  •           Չէ՛, չէ՛, ինչ ես ասում, - շտապեց ասել Տրդատը, - մենք … ըըը…որոշ անակնկալ էինք ուզում պատրաստել քեզ համար, բայց … ըըը … ամեն ինչ այնպես չընթացավ, ոնց մենք նախատեսել էինք:

Սմբատը, Խաչիկն ու Աբելը ակտիվորեն հաստատեցին նրա խոսքերը:

  •           Դե՛, դե՛, հուսով եմ դա իրոք այդպես է, - քմծիծաղեց Էրիկան:

Դրանից հետո տղաները գերադասեցին այլևս չխոսել մեզ հետ:  Կռացա Թաբիի ականջին ու կամացուկ հարցրեցի.

  •           Սա ի՞նչ էր:

  •           Այդ հիմարները մայիսին խմել էին մեր ալկոհոլի պաշարի մեծ մասը: Իսկ հետո ողջ գիշեր քանդակել էին բազան: Առավոտյան, երբ Էրիկան եկավ և բացատրություն պահանջեց, ստիպված եղան ստել, որ վայրի կենդանիներն են արել:

  •           Վայրի կենդանիները խմել են ալկոհո՞լը, - չդիմացա ու քմծիծաղեցի, - հետաքրքիր տեսարան կլիներ:

  •           Այո, հետաքրքիր կլիներ: Միայն թե նրանք հաշվի չէին առել, որ բազան քանդակելու ժամանակ տեսագրման սարքերը չէին փչացել, այլ տեսագրել էին իրենց քաջագործությունները:

  •           Ստացվում է՝ Էրիկան գիտի …

  •           Իհարկե գիտեմ, - խոսեց շեֆը, - ես, Արեգն ու Թաբին դեռ երկար ժամանակ էինք նայում այդ տեսագրությունները և ծիծաղում:

Հետ նայեցի: Էրիկան ու Արեգը հազիվ էին զսպում ծիծաղը:

  •           Կարծես թե ինձ էլ է պետք դա նայել, - փնթփնթացի ես:

  •           Անպայման, - ասաց Արեգը, - մրցումներից հետո ցույց կտամ:

Հասկացա, որ այս երեքը հատուկ չեն ասում մյուսներին, որ գիտեն ամեն ինչի մասին: Երևի Էրիկան ուզում էր, որ նրանք կամավոր խոստովանեն իրենց արածը, իսկ Թաբին անխնա շանտաժի է ենթարկում նրանց:

Ճանապարհի երկրորդ կեսը մեծ մասամբ լռում էի: Որոշեցի օգտվել առիթից և բլոգում նոր թեմա բացատրել:

  •           Լսիր, ինչի՞դ է պետք  բլոգը, - հանկարծակի հարցրեց Թաբին, երբ գնացքը մոտենում էր Նինին, - ախր, ոչինչ չես ստանում դրանից:

Ցնցվեցի: Չէի էլ նկատել, որ այսքան ժամանակ նա հետևում էր ինձ:

  •           Ես օգնում եմ մարդկանց սովորել լեզուներ, - առարկեցի, - դա շատ ավելին է, քան գումարը:

  •           Դու առանց այդ էլ նրանց օգնում ես, - փնչացրեց նա:

  •           Ի՞նչ է պատահել, - հետաքրքրվեց Խաչիկը:

  •           Սաթենիկը ունի լեզուների բլոգ: Նա այնտեղ տեղադրում է անվճար նյութեր և բացատրում է դժվար թեմաները, - բացատրեց ընկերուհիս՝ բանի տեղ չդնելով ազդանշաններս:

Դժգոհ նայեցի նրան: Սա իմ անձնական գաղտնիքն էր: Ես չէի ուզում, որ ինչ-որ մեկը իմանան դրա մասին:

  •           Լու՞րջ: Բա ի՞նչ է բլոգիդ անունը: Ի՞նչ լեզուներ գիտես, - չորս կողմից թափվեց հարցերի տարափը:

  •           Ժողովո՛ւրդ, հերթո՛վ, - միջամտեց Արեգը ետևից:

Բոլորի հայացքները գամված էին ինձ վրա: Անգամ աշակերտները, Սայայի գլխավորությամբ այնպիսի հրճվալից հայացքով էին նայում, որ անհարմար զգացի:

  •           Ես խոսում եմ նիներեն, քիլիսերեն և ամրէերեն, նաև հասկանում եմ հին քիլիսերենը, - պատասխանեցի ես, - իմ բլոգի  անունը  «Լեզուների ակադեմիա» է:

  •           Մի րոպե, ես գիտեմ քո բլոգը, - ոգևորվեց Տրդատը, - ես սովորում եմ հին քիլիսերենը քո նյութերով: Ինչպիսի՜ զուգադիպություն: Ես էլ կարծում էի, որ բլոգը վարում է թույն լեզվաբան:

  •           Սաթենիկը բոլոր պրոֆեսորներից էլ թույն է, - հպարտորեն խոսեց Թաբին, - եթե իմանայիր, թե ինչ գնով է այդ ամենը սովորել …

Կսմթեցի նրա ձեռքը, որ շատ չխոսի: Առանց այդ էլ դուրս չեկավ, որ բոլորը իմացան փոքրիկ բլոգիս մասին:

  •           Կարծում եմ, շատ լավ է, որ մեր թիմում լեզուների մասնագետ էլ ունենք, - ասաց Էրիկան, - սա կլինի մեզ համար լրացուցիչ խթան, որ բացի աշխատանքից զարգանանք նաև այլև ոլորտներում:

Չեմ սիրում, երբ ուշադրության կենտրոնում եմ և սկսում են գովել: Հպարտանալու ոչինչ էլ չկա, եթե հաշվի առնենք՝ ինչ պատճառով եմ սկսել լեզուներ սովորել:

Կոլլեգաներս անմիջապես բաժանորդագրվեցին էջիս և անգամ խոստացան, որ կսկսեն սովորել նոր լեզու: Չնայած՝ ելնելով թե ինչպես փնչացրեցին Էրիկան ու Արեգը՝ ոչ մի բան էլ չեն անի:

Գնացքը կանգ առավ: Ես խորը շունչ քաշեցի և նայեցի պատուհանից դուրս: Նինը տարբերվում էր իր ճարտարապետությամբ: Այստեղ չկային փարթամ անտառներ, ճոխ բուսականություն: Քաղաքը կառուցված էր անապատային տարածքում: Այստեղ միայն արև էր և մերկ լեռներ: Սակայն Նինի կլիման ինձ համար ավելի տանելի էր, քան Քիլիսինը.այստեղ խայտառակ շոգ էր, բայց տանելի էր, այնինչ հայրենի քաղաքում այդքան էլ շոգ չէր, սակայն խոնավության պատճառով հնարավոր չէր շնչել:

Երբ դուրս եկանք հարթակ, մոտս այնպիսի զգացողություն էր, կարծես չէի էլ մեկնել այստեղից: Եթե Քիլիսի կայարանում Արամազդի արձանն էր, ապա Նինում, շինության ներսում դրված էր Բարշամինի և Աստղիկի արձանները: Քանդակագործները պատկերել էին այն պահը, երբ Սպանդարամետի որդին բերում էր իր հարսնացուին Նամրա:

Ողջ թիմով կանգնած էինք այդ արձանի մոտ, մինչև Էրիկան կարգավորում էր կազմակերպչական հարցերը: Աննկատ լինելու համար գլխիս դրեցի կեպի, որը ծածկում էր դեմքս: Այն դժվար թե օգներ, սակայն ի ուրախություն ինձ կոլեգաներս այնպես էին կանգնել, որ դրսից ոչ ոք չէր նկատի իմ համեստ անձը:

Որսորդների մրցումների ժամանակ, նրանք, ովքեր Նինից չէին, ապրում էին լավ հյուրանոցում: Առաջինները պայմանավորվածություն ունեն միևնույն հյուրանոցի հետ: Քանի որ ես արդեն փաստացի այլ քաղաքի որսորդ էի, ինձ համար նույնպես նախատեսված էր սենյակ: Ավելի ճիշտ, իմ, Թաբիի և Էրիկայի համար:

  •           Հարգելիներս, - ձայնը բարձրացրեց Էրիկան, - մեր ավտոբուսը անսարք է: Դրա մասին հենց նոր հայտնեց այստեղի գլխավոր որսորդը: Այնպես որ, ոտքով կգնանք «Ալկա» հյուրանոցը կամ էլ, ովքեր շատ են նրբիկ՝ տաքսիով: Վերջին դեպքում դուք եք վճարը տալու: Փոխհատուցում չկա:

  •           Նրբիկը ո՞րս է, - փնթփնթաց Խաչիկը, - կքայլենք, ինչ է եղել որ:

  •           Ուրեմն, շարժվենք: Մեզ դեռ պետք է գրանցվել մրցումներին:

Ոտքով գնալ … Չնայած, ի՞նչ էի ուզում: Նին գալը ի սկզբանե նրա մասին էր, որ ողջ քաղաքը կվերսկսի շշուկները մեջքիս ետևում: Ի՞նչ կապ ունի ոտքով, թե՞ տրանսպորտով գնալ: Բայց Էդուարդին ու Անիին անպայման պետք էր այցելել: Անին չէր զանգել, երևի դեռ նեղացած էր: Եթե հիմա էլ չգնամ նրանց տեսնելու, վիճակը կվատթարացնեմ:

Մենք դուրս եկանք կայարանից: Արևն անխնա վառում էր: Բոլորը դրեցին կեպիներ և ակնոցներ, բացառությամբ Արեգի. նրա ակնոցները օպտիկական էին:

  •           Սաթենիկ, ո՞նց ավելի արագ տեղ հասնենք, - հարցրեց ինձ Էրիկան:

  •           Եթե գլխավոր փողոցով գնանք, քառասուն րոպեից տեղում կլինենք, - պատասխանեցի ես, - բայց կարող ենք բակերով էլ դուրս գալ: Այդպես ավելի շուտ կլինի:

  •           Խնդրում եմ, գնանք բակերով, - խոսեց Սմբատը, - այս տոթին կհալվենք, եթե երկար քայլենք:

Բոլորը համաձայնեցին: Ինձ համար դա իդեալական տարբերակ էր: Այնպես որ, առաջ անցա ու գողտրիկ անկյուններով ողջ խմբին հասցրեցի «Ալկա» հյուրանոցը: Կազմակերպչական հարցերը լուծելուց հետո իջանք կոնֆերենց սրահ, որպեսզի գրանցվենք մրցումներին: Սովորաբար այս օրերին կազմակերպիչները հրավիրում էին կամավորներ, քանի որ աշխատանքը շատ էր լինում, իսկ որսորդները չէին հասցնում:

Հիմա էլ սրահում երկար հերթեր էին, չնայած աշխատում էին հինգ գրանցող: Իհարկե ինձ ծանոթ մարդիկ կային: Նրանք նկատել էին ինձ, և իհարկե սկսվել էին շշուկները: Մի քանի շարք այն կողմ տեսա Գարիկին՝ իր հավատարիմ շների հետ: Երբ մեր հայացքները բախվեցին, նա քծնեց: Աչքիս այն լակոտի ասածը ճիշտ էր. սա հերթական ապուշությունն է մտածել:

  •           Ժողովուրդ, եկեք այնպես անենք, որ կարողանանք իրար աջակցել, - խոսեց հետևս կանգնած Տրդատը:

  •           Եթե տարբեր ժամեր լինեն, իհարկե կանենք, - ասաց Էրիկան, - նայած թե ինչ մրցում կընտրեք:

  •           Ո՞վ ինչ է ընտրել, - հարցրեց Աբելը:

Կոլեգաներս սկսեցին պատմել: Արեգը նույնպես մասնակցում էր մրցումներին, սակայն հաքերի պաշտոնով: Բռնցքամարտ, վազք, զենքից կրակել, ըմբշամարտ …

  •           Սաթենիկ, դու լուրջ կարողանում ես կրակե՞լ նետ ու աղեղով, - զարմացավ Սմբատը:

  •           Այո, Նինում դա սովորական բան է, - թոթվեցի ուսերս:

  •           Օ՜, կարելի է գալ տեսնել ոնց ես կրակում, - աշխուժացավ Խաչիկը:

Չուզեցի ասել, որ ամբողջ հմտությամբ չեմ գործելու: Պլանավորել էի հենց առաջին փուլում դուրս մնալ և գնալ Թաբիի մրցմանը:

Վերջապես հերթը մեզ հասավ: Գրանցումից հետո մենք կարող էինք գնալ սպորտային կոմպլեքս, որտեղ պիտի տեղի ունենային մրցումները: Բայց ես չէի պատրաստվում հաղթել, դրա համար իմ գնալը իմաստ չուներ: Իսկ Թաբին, իմանալով, որ չեմ մարզվելու, այլ գնալու եմ Անիին ու Էդուարդին տեսնելու, որոշեց ինձ հետ գալ:

  •           Եթե երկուսով լինենք, ոչ մի բան էլ չի պատահի, - ասաց նա:

  •           Ես դայակի կարիք չունեմ, - նյարդայնացա:

  •           Բայց ո՞վ ասաց, որ ես քո դայակն եմ: Ես էլ եմ ուզում տեսնել քեզ որդեգրած մարդկանց: Գոնե Անիի համով ճաշերից կուտեմ, մինչև իմ ծնողները կգան:

Աչքերս առաստաղին հառեցի, բայց ոչինչ չասացի:

Երեկոյան մոտ դուրս եկանք հյուրանոցից ու գնացինք: Անին ու Էդուարդը ապրում էին քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու, դրա համար տաքսի նստեցինք որ արագ լինի:

Մի քիչ անհանգստանում էի, թե ինչպես կդիմավորի ինձ Անին: Նա շատ զգացմունքային է, իսկ վերջին տարվա իրադարձությունները նրան գերզգայուն էին դարձրել: Երևի թե ինձնից շատ էր տանջվում նրանից, ինչի միջով անցնում էի:

Մեքենան կանգեց ծանոթ շքամուտքի մոտ: Ի ուրախություն ինձ՝ դիմացի նստարանին ոչ ոք չկար: Ես պատրաստ չէի տեսնել հարևաններին:

Բարձրացանք երրորդ հարկ: Սեղմեցի զանգը, մտքումս աղոթելով, որ ամեն ինչ հարթ ընթանա: Դուռը բացեց Էդուարդը: Հայրիկը տնային հագուստով էր: Ըստ երևույթին՝ նոր էր տուն եկել: Սովորոբար այն որսորդները, ովքեր անցել էին թոշակի, ադմինիստրատիվ աշխատանք էին կատարում որսորդական մրցումներին:

Էդուարդը անակնկալի եկավ, բայց ուշքի եկավ ու ամուր գրկեց:

  •           Ես էլ մտածում էի, որ չես գա, - ասաց նա:

  •           Ո՞նց կարող էի չգալ, - պատասխանեցի ես:

Էդուարդը գրկեց նաև Թաբիին:

  •           Ի՜նչ լավ է, որ եկաք, - տղամարդը չէր էլ փորձում թաքցնել ուրախությունը:

  •           Էդուարդ, ո՞վ է, - լսեցի Անիի ձայնը խոհանոցից:

  •           Աղջիկներն են եկել:

Անին դուրս եկավ խոհանոցից: Մի քիչ ջղայնացած հայացք նետեց վրաս: Այդ պահին հասկացա, թե ինչ լավ է, որ Թաբին հետս եկավ: Նրա մոտ նա իրեն թույլ չի տա զայրացած խոսել: Երևի …

  •           Դե՛, դե՛, - վերջապես ասաց նա, - տեսեք՝ ո՞վ է մեզ հյուր եկել:

  •           Անի, - նախազգուշական տոնով ասաց Էդուարդը:

Կինը ամուր սեղմեց շրթունքները: Հետո ժպտաց Թաբիին ու ասաց.

  •           Եկեք ներս: Ես ընթրիք եմ պատրաստել:

Էդուարդը նշան արեց, որ ամեն ինչ կարգին է: Մենք հանեցինք կոշիկները ու գնացինք լոգասենյակ՝ լվացվելու:

  •           Կարող էր ավելի վատ լինել, - շշուկով ասաց Թաբին:

  •           Սա դեռ սկիզբն է, - պատասխանեցի ես, - կտեսնես:

Մենք գնացինք խոհանոց: Անին սեղան էր գցել: Ուտելիքի կեսը չէր էլ տեղավորվում:

  •           Նստեք, աղջիկներ, - ասաց Էդուարդը, - գիտեմ, երկար ճանապարհ եք անցել, իսկ հյուրանոցում հաստատ կարգին չեք կերել:

  •           Թաբի ջան, արի այստեղ, - փաղաքշական ձայնով խոսեց Անին, - տես՝ ի՜նչ թմբլիկ կարկանդակներ եմ պատրաստել: Հիշում եմ, որ դու պանրակաթնաշոռային միջուկով ես սիրում:

Ընկերուհիս կարճ հայացք նետեց վրաս ու նստեց: Հաճույքով կերավ մի քանի կարկանդակ ու խոստովանեց.

  •           Տիկին Անի, ձեր թխածը ուղղակի անմահական է:

  •           Օ՜, շնորհակալ եմ սիրելիս, գոնե ինչ-որ մեկը գնահատում է արածս, - նա թարս հայացք նետեց ինձ վրա:

  •           Ես էլ եմ սիրում քո պատրաստածը, - միջամտեցի ես:

  •           Հա՞ որ, - դառնությամբ ասաց Անին, - քո վերջին փախուստը այլ բան էր ասում:

Էդուարդը հազաց:

  •           Թաբի, - դիմեց նա ընկերուհուս, - գիտես, երեկ ես ստացել եմ նոր մաթեմատիկական դասագրքեր: Հիշեցի, որ քեզ պետք էր աշխատանքիդ համար ու մի քանիսը համալսարանից բերեցի: Արի գնանք, ցույց տամ:

Թաբին հասկացող հայացք նետեց վրան:

  •           Իհարկե, պարո՛ն Էդուարդ, - համաձայնեց նա:

Երբ նրանք գնացին հյուրասենյակ, Անին ինձ միայն մի բան հարցրեց.

  •           Ինչու՞:

Խորը շունչ քաշեցի, մոտեցա նրան ու գրկեցի:

  •           Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել, - ցածրաձայն պատասխանեցի ես, - և իրականում, արարքս ներելու էլ չի՝ հաշվի առնելով այն, ինչ դու ու Էդուարդը արել եք ինձ համար: Ես … ես դեռ այդքան էլ լավ չեմ հոգեպես: Դու ինքդ գիտես, թե ինչերի միջով եմ անցել: Վախն ու տագնապն են ինձ ստիպել այդպես վարվել: Բացի այդ … ես չէի ուզում ձեզ հրաժեշտ տալ: Գիտեի, որ դուք կհուզվեք, սակայն ինձ համար անտանելի էր դարձել Նինի կյանքը … ինքդ գիտես՝ ինչի պատճառով:

Անին նայեց ինձ արցունքոտ աչքերով:

  •           Ես զայրացած էի քեզ վրա, - ասաց նա, - անունդ էլ չէի ուզում լսել: Բայց դրանք միայն հույզեր էին: Ես բացարձակ հաշվի չէի առնում այն, թե ինչպիսի տարի էր քեզ համար այս տարին:

Ավելի ամուր գրկեցի նրան:

  •           Թող ամեն ինչ անցյալում լինի, - խոսեցի ես, - ես կաշխատեմ այլևս քեզ չցավեցնել:

  •           Եթե ցավեցնես էլ, ես գիտեմ, որ դրանք քո ներսի տագնապներն են:

Անին շոյեց մազերս և, ազատվելով գրկախառնությունից, կանչեց բարձրաձայն.

  •           Դե լավ, եկեք արդեն: Ուտելիքը սառչում է:

Ընթրիքը անցավ ավելի բարի մթնոլորտում: Ես կարծում էի, որ ավելի շատ պիտի չարչարվեմ Անիից ներողություն խնդրելու համար, սակայն Էդուարդը լավ էր զրուցել հետը:

  •           Բա իմացաք, հիմա Սաթը աշակերտ ունի, - ուրախ հայտնեց Թաբին:

Անին ու Էդուարդը ապշած հայացքով ինձ նայեցին:

  •           Ու մեզ չէի՞ր ասում, - Անին աչքերը առաստաղին հառեց:

  •           Ես չէի ուզում աշակերտ ունենալ, - հապշտապ ասացի ես, - բայց ղեկավարությունը հենց առաջին օրը փաստի առաջ կանգնեցրեց: Այսքան ժամանակ փորձում էի համակերպվել, որ հիմա պոչ եմ ունենալու:

  •           Դե լավ, էլ մի չափազանցրու, - ծիծաղեց Թաբին, - իրականում, Սայան շատ խելացի տղա է: Բա որ տեսնեք, թե ի՜նչ աչքերով է նայում Սաթին …

Հիմա էլ ես աչքերս առաստաղին հառեցի: Գրողը տանի, կարելի է չէ՞գոնե հիմա չխոսել դրա մասին:

  •           Իսկ եթե լուրջ, ո՞նց ես սովորեցնում տղային, - հարցրեց Էդուարդը:

  •           Դե, գիտես, որ ծրագիր կա, բայց իրականում ես փորձում եմ գլուխը մտցնել այն, ինչ դու էիր ինձ ասում՝ լինել ֆիզիկապես արագ և ճկուն, աչքեր ու ինտուիցիա ունենալ … Երեխան իսկապես ընդունակ է: Ինձ թվում է՝ Էրիկան ուզում է նրան դարձնել երկրորդ որսորդական բազայի ղեկավար:

  •           Ուրեմն, լավ սովորեցրու նրան, որովհետև դա լուրջ պաշտոն է, - նկատեց Անին, - չնայած բոլոր որսորդների աշխատանքն է լուրջ:

Մենք խոսեցինք դեսից-դենից և սկսեցինք հավաքվել: Անին որոշեց դնել մեզ հետ կարկանդակներ, թխվածքներ  ու էլի լիքը բաներ: Ես ոչինչ չասացի այս անգամ: Պետք չէր խախտել առանց այդ էլ փխրուն խաղաղությունը:

  •           Աղջիկս, ո՞նց ես քեզ զգում, - հարցրեց Էդուարդը, օգնելով ինձ սրբել ամանները:

Ես հասկացա ինչի մասին է խոսում:

  •           Չգիտեմ, - պատասխանեցի ես, - չգիտեմ ինչ սպասել վաղվանից: Միայն կարող եմ հույս ունենալ, որ ամեն ինչ շուտ կավարտվի:

  •           Իսկ այն տականքը քեզ էլի անհանգստացրե՞լ է:

  •           Չէ, միայն անկապ խոսքեր է ասել:

Կարիք չկար պատմելու նրա սպառնալիքների մասին:

  •           Ես ու մայրիկդ մտածում էինք այնպես անել, որ մեզ հետ ադմինիստրատիվ բաժնում որպես կամավոր աշխատես: Բայց ախր օձի փոխանցման արարողությունը դու պիտի անես …

Նայեցի որդեգրող հորս ու տեսա նրա աչքերում անծայր անհանգստություն:

  •           Սա էլ կանցնի, - ասացի ես մեղմ ձայնով, - դու ինձ շատ անգամ ես ասել այս խոսքերը:

  •           Կանցնի, - հաստատեց նա, - բայց վերքերն ու ցավերը կարող են երկար բուժվել:

Ոչինչ չպատասխանեցի:

Երբ հասանք հյուրանոց, արդեն բավական ուշ էր: Ես երկար ժամանակ անքուն էի: Մտածում էի Էդուարդի խոսքերի մասին: Նա ճիշտ էր: Այն, ինչ տեղի էր ունեցել մեկ տարվա ընթացքում, հնարավոր չէր մոռանալ մեկ ակնթարթում: Անգամ եթե ուզենայի, Գարիկի պես տականքի ներկայությունը չէր թողնի:

Comments