Chapter 5
Գլուխ 5
Թաբին թողել էր ինձ մոտ տան բանալիները և գնացել բազա հերթապահության:
Առաջին հերթին, երբ տուն մտա, ամբողջովին հանվեցի, գցեցի հագուստս լվացքի մեքենան ու ցնցուղ ընդունեցի՝ անխղճորեն օգտագործելով ընկերուհուս շամպուններն ու գելերը: Մահու չափ ուզում էի լվալ վրայիցս ողջ կեղտն ու հոտը:
Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ սպանել տականքներին, ովքեր մարդկանց կյանքը փչացնում են: Սակայն հաջորդող գործողությունը ընդհանրապես չի ոգեշնչում: Որսորդը պիտի վերացնի չարքի բոլոր հետքերը և պիտի անի դա ամենայն մանրամասնությամբ, որպեսզի ոչ մի մարդ հանկարծ չհանդիպի դրանց: Բացի այդ, որսորդը պետք է գրի հաշվետվություններ: Ես ատում եմ դրանք գրել, թեպետ աշխատելով Նինում՝ սովորել եմ արագ անել դա: Որսի ողջ ընթացքը նկարահանվում է տեսախցիկով: Դարի հարցը՝ ինչու՞ գրել, եթե կա տեսահոլովակ: Երևի միայն այս երկու կետերն են, որ ինձ դուր չեն գալիս:
Փաթաթվեցի սրբիչով և գնացի խոհանոց: Սեղանի վրա դրված էր տուփ, իսկ վրան՝ գրառում. «Գիտեմ, որ տուն կգաս հոգնած ու ջղայնացած: Կեր պիցցան, և աշխարհն ավելի բարի կդառնա: Երաշխավորում եմ»: Ժպտացի ու բացեցի տուփը: Այնտեղ երշիկով, բաստուրմայով ու լիքը պանրով հոյակապ պիցցա էր: Բերանս լցվեց թքով: Ինչքա՜ն վաղուց չեմ կերել:
Առանց հագնվելու՝ նստեցի ու հաց կերա՝ թողնելով մի քանի կտոր ընկերուհուս: Գուցե նա էլ սոված գա հերթապահությունից: Ծանր օրից և սննդից հետո քունս սկսեց տանել: Արդեն Մթացեալն ժամն է, իսկ ես վաղը պիտի բազա գնամ:
Հագա գիշերանոցս ու պառկեցի հյուրասենյակի բազմոցին: Այնքան հոգնած էի, որ հազիվ նկատեցի պատերի վառ դեղին գույնը: Գրեթե անմիջապես քնեցի:
Վերջին մեկ տարում ինձ տանջում էին սարսափ երազները: Հիմնականում դրանք կապված էին Որսորդների մրցումների իրադարձությունների հետ:
Այս անգամ էլ տեսա նույնը: Ես բարձրանում եմ ժայռի վրա ու ձգվում դեպի կանաչ օձը: Այդ պահին հակառակորդը հասնում է ինձ: Մենք մնացել ենք երկուսով և նույն ցանկությունն ունենք՝ հաղթել ամեն գնով: Նա հարձակվում է ինձ վրա: Մենք կռվում ենք ձեռքերով, քանի որ կորցրել ենք ողջ զենքը: Կռվի ընթացքում հակառակորդը կորցնում է հավասարակշռությունը, և ես տեսնում եմ, թե ինչպես է նա ընկնում ահռելի բարձրությունից ու գոռում … Նրա ճիչերը զրնգում են ականջիս մեջ: Հետո քար լռության մեջ լսում եմ սարսափելի ճտտոց, և տեսնում եմ, որ նա ընկած է գետնին անբնական դիրքով: Չեմ կարողանում ինձ ստիպել շարժվել և հայացքս կտրել այդ տեսարանից:
Հետո տեսարանը փոխվում է: Ես և կենսաբանական ծնողներս մեքենայով գնում էինք գլխավոր մայրուղիով: Հայրիկը ղեկի դիմաց էր, մայրիկը նստած էր նրա կողքին, իսկ ես հետևում խաղում էի տիկնիկի հետ: Պատուհանների ապակիները թեթևակի իջեցված էին, դրա համար ներսում քամի էր խաղում և բերում իր հետ ամռան հոտերը: Հայրիկը միացրեց երաժշտություն՝ ուրախ և թեթև: Ծնողներս հաճախ էին ինձ նայում և երբեմն ինչ-որ բան ասում: Շուտով հոգնեցի խաղալուց ու սկսեցի նայել մերթ հայրիկին, մերթ մայրիկին: Նրանք ծիծաղում էին և ասում, որ ես չափից շատ հետաքրքրասեր եմ: Իսկ ես ասում էի, որ նրանք գեղեցիկ են, դրա համար էլ նայում եմ: Եվ իսկապես, նրանք երիտասարդ էին և գեղեցիկ: Բայց հանկարծ հայրիկը մռայլվեց: Նա նայում էր իր դիմացը: Մայրիկը նույնպես լռեց: Ես չէի տեսնում այն, ինչ նրանց անհանգստացրեց: Հանկարծ հայրիկը հայհոյեց և ղեկը մի կողմ պտտեց: Ես ճչացի: Մեքենան ձախ գնաց և դուրս թռավ մայրուղուց: Մայրիկը նետվեց դեպի ինձ, հրեց հատակին և ծածկեց մարմնով: Հետո աղմուկ, ճիչեր ու … խավար: Ես կարծես լողում էի մթի մեջ, որը ճնշում էր և փորձում էր կորզել ողջ կենարար էներգիան: Եվ ես ճչացի, ճչացի մինչև ձայնս չկտրվեց՝ աղերսելով օգնություն …
Կտրուկ նստեցի: Սիրտս կատաղի աշխատում էր: Ծանր էի շնչում, կարծես մարաթոն վազած լինեի, իսկ գիշերանոցս մարմնիս էր կպչում: Բռունցքներս պինդ սեղմված էին:
Պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի ուշքի գամ: Երազ է, սա պարզապես երազ է: Բայց, գրողը տանի, չափից դուրս իրատեսական երազ: Սա ինչ-որ նոր բան է: Երբեք այսպիսի մանրամասներ չեմ տեսել: Ուղեղս հուշեց՝ երազ-հիշողություն: Առաջին անգամ ես տեսա այն չարաբաստիկ օրվա մասին մի ամբողջական դրվագ: Դա մտահոգում էր: Մի՞թե ինձ վրա ազդել է Քիլիս տեղափոխվելը: Բայց, ախր, նախկինում էլ էի գալիս այստեղ և երբեք չէի հիշել կամ տեսել նման բան:
Մյուս հարցը, որ ինձ տանջում էր՝ ի՞նչն այդքան անհանգստացրեց հորս: Ինքս ինձ գրկեցի ու մեխանիկորեն սկսեցի ճոճվել: Տարբեր մտքեր եկան՝ ինչու եմ ընդհանրապես համաձայնվել այստեղ աշխատել, ինչու եմ վերադարձել: Ինձ որդեգրող ծնողների մտավախությունները ճիշտ էին. հիշողությունները կարող էին վերադառնալ և անցյալը խառնել ներկայի ու ապագայի հետ: Գուցե Ամրէ տեղափոխվեի կամ ինչ-որ կորած-մոլորած գյուղում որսորդ լինեի …
Այդ մտքերը ինձ վերջնական ուշքի բերեցին: Մի՞թե ես հիմա փորձում եմ արդարացնել իմ վախկոտությունը: Ոչ, դա չի լինի: Նին վերադառնալու ճանապարհը փակ է: Այնտեղ ես նորմալ կյանք չեմ ունենա: Իսկ ի՞նչ կմտածի Թաբին, երբ ասեմ, որ ուզում եմ փախչել այստեղից: Հաստատ գլուխս չի շոյի: Համ էլ երեկ եմ ստորագրել աշխատանքային պայմանագիրս: Եթե շուտ խախտեմ այն, դժվար թե առանց հետևանքների կարողանամ դուրս գալ:
Քմծիծաղեցի: Բոլոր այդ փաստարկները խղճուկ էին: Ես բացարձակ ցանկություն չունեմ քչփորելու անցյալը, բայց եթե հարկ լինի, դա էլ կանեմ: Հոգու խորքում կասկածի նշույլ հայտնվեց, իբր շատ եմ կարողանում ներկայի խնդիրները լուծել, հիմա էլ անցյալը: Սակայն ես կտրուկ ճնշեցի դա: Հիմարություն կլինի վախկոտի պես փախչել:
Այդպիսի որոշումով վեր կացա ու նայեցի ժամին: Ուղիղ Հավթափեալն է: Պետք է պատրաստվել, կարգի բերել ինձ և գնալ բազա: Ինչքան շուտ գրեմ հաշվետվությունը, այնքան լավ:
Թաբին դեռ չէր վերադարձել հերթապահությունից, այնպես որ կերա պիցցայի մնացորդները, պատվիրեցի նրա համար նախաճաշ և անցա պատրաստություններին: Որոշեցի մետրոյով գնալ: Թեպետ առավոտյան ժամերին այնտեղ պիկ էր, բայց ամեն դեպքում այդպես ավելի արագ տեղ կհասնեի, քան տաքսիով: Նախապես բացեցի մետրոյի քարտեզը և գտա իմ երթուղին: Միշտ մոլորվում եմ կայարանների ճյուղավորումների մեջ, դրա համար երբ մետրոյով պիտի գնամ, նախօրոք գծում եմ ճանապարհս:
Սննդի առաքումից հետո դուրս եկա տնից: Գնացքում կատաստրոֆիկ վիճակ էր: Ես համակերպվեցի, որ պիտի ճզմված վիճակով տեղ հասնեմ ու շնչեմ տարբեր բուրմունքների խառնուրդ: Առավոտը զզվելի սկսվեց, բայց հուսանք, որ օրը լավ կվերջանա:
Անհրաժեշտ կայարանում իջա: Քանի որ բազան գտնվում էր ծայրամասում, գրեթե սարերի տակ, այնտեղ գնացք չէր գնում: Մոտ քսան րոպե պիտի բարձրանայի: Անկեղծ ասած, ուրախ էի դրա համար: Հա՛մ մաքուր օդ կշնչեմ, հա՛մ մտքերս կցրեմ, համ էլ Արեգին կզանգեմ:
Ճանապարհը շատ գեղեցիկ էր: Արևի ճառագայթների ներքո ծառերի սաղարթները, խոտը կարծես փայլում էին: Ես ագահորեն շնչում էի թարմ օդը: Պիտի ավելի հաճախ լինեմ բնության գրկում, այն ինձ լիցքավորում է նոր էներգիայով և ուժ է տալիս ապրել:
Մոտ հինգ րոպե լուռ վայելելուց հետո ակտիվացրեցի ականջակալը: Գիծը զբաղված էր: Երևի, ինչ-որ մեկին ուղղորդում է կամ պարզապես զրուցում:
Այո, լսում եմ, - լսեցի հաքերի հոգնած ձայնը:
Բարի լույս, - ասացի ես, - կներես, եթե խանգարեցի:
Բարի … Չէ, չես խանգարել: Ուղղակի լարված գիշեր ենք ունեցել:
Շատ չարքե՞ր են եղել:
Ահա, ստիպված հետաձգել ենք բոլոր հերթապահությունները և բոլորին ուղարկել քաղաքի տարբեր կետեր:
Ես անհանգստացա: Թաբին էլ էր հերթապահ, ուրեմն՝ նա նույնպես որսի է եղել:
Ու՞մ են սպանել:
Պայա, վուշկապարիկ և մի դև:
Միանգամից երե՞քը, - զարմացա ես:
Ահա: Էրիկան երևի պատմել է քեզ, որ չարքերը ակտիվացել են: Հավանաբար երկրորդ բազան էլ կբացենք այս տարի:
Թաբին պատմում էր երկրորդ բազայի բացման մասին: Հետաքրքիր էր, որ ինձ դեռ չէին պատմել ապստամբների լրտեսներին բռնելու մասին:
Բա ինչու՞ էիր զանգել, - հարցրեց Արեգը:
Ուզում էի խնդրել քեզ ուղարկել էլեկտրոնային փոստիս երեկվա որսի տեսահոլովակը: Երևի հինգ րոպեից բազայում կլինեմ, որ հաշվետվությունը գրեմ:
Սաթենիկ, - լսեցի հաքերի մեղմ ձայնը, - պարտադիր չէր այսքան շուտ գալ: Գոնե հանգստանայիր:
Ընկերուհուս պատմածը գնալով ավելի իրական է դառնում: Արեգը կարծես հոգատար հայրիկ լինի:
Չեմ սիրում հաշվետվություն գրել, - ասացի ես, - ավել լավ է շուտ վերջացնել ու հանգստանալ:
Լավ, ինչպես կուզես: Հիմա կուղարկեմ քո փոստին: Իսկ հաշվետվությունը կարող ես գրել որտեղ ցանկանաս: Բլանկը կտամ:
Շնորհակալություն:
Հա, մոռացա ասեմ: Սայան էլ է այստեղ: Էրիկան խնդրեց քեզ փոխանցել, որ որքան հնարավոր է շուտ զբաղվես նրա ուսումնական ծրագրով: Շատ հնարավոր է, որ երկրորդ բազայում հենց մեր աշակերտները աշխատեն:
Գրողը տանի: Ինչու՞ են անընդհատ հիշեցնում նրա մասին:
Լավ, այսօրևեթ կզբաղվեմ այդ հարցով, - խոստացա ես, - միայն թե ուղարկիր ինձ նաև ինչ ծրագրով են հիմա սովորում աշակերտները:
Արդեն ուղարկեցի:
Ի՜նչ օպերատիվ հաքեր ունենք:
Անջատեցի կապը: Նայեցի ժամին: Լուսափայլնի ժամն էր, բայց արևը սկսում էր վառել: Զբոսանքը մաքուր օդին մի փոքր օգնեց ազատվել գիշերային սարսափ երազներից: Միայն թե դրանք փոխարինվեցին ցերեկային խնդիրներով:
Բազան դատարկ էր երևում: Չէին երևում աշակերտները, որսորդները: Վերջիններս երևի հանգստանում էին «ուրախ» գիշերից հետո: Մտա սրճարան: Բարում մի երիտասարդ տղա էր կանգնած, հավանաբար բարմենն էր: Նրա մոտ նստած էր Սայան: Պատանին խորասուզված ինչ-որ գիրք էր կարդում ու չնկատեց էլ ներս մտնելս: Լավ էր: Առայժմ տրամադրված չէի նրա հետ խոսելուն: Լիան սեղաններն էր սրբում, իսկ Խաչիկը մի մեծ բաժակ սուրճ էր խմում բարի մոտ: Նկատելով ինձ՝ որսորդը ձեռքով արեց:
Ողջո՜ւյն Սաթենի՛կ, - բարևեց որսորդը, - բա ինչի՞ ես շուտ եկել:
Գրողը տանի, ինչու՞ է այդքան բարձր խոսում: Սայան գլուխը բարձրացրեց ու դեմքին լայն ժպիտ ծագեց:
Ողջույն, - ասացի ես, - հաշվետվություն: Բարև, Լիա, բարև, Սայա, - շրջվեցի դեպի մատուցողուհին և պատանին, - ո՞նց եք:
Լավ եմ, - պատասխանեց աղջիկը՝ չթողնելով, որ Սայան բան ասի, - առավոտից մրջյունի պես աշխատում եմ:
Իսկ մենք գիշերվանից, - աչքերը առաստաղին հառեց Խաչիկը:
Լիան փնչացրեց:
Իսկ դու փորձիր ամեն օր մաքրությամբ զբաղվել ու ոտքի վրա լինել, - խոսեց նա:
Դե լավ, լավ, մի նեղվիր, - աչքով արեց որսորդը, - հիմա կխնդրեմ, որ քեզ համար սուրճ բերեն:
Ես էլ մտածում էի կասես՝ հիմա կօգնեմ քեզ …
Ոչ այս կյանքում, սիրելիս:
Խաչիկը ծիծաղելով գնաց ծառայողական մասը: Մատուցողուհին ձևականորեն ջղայնացավ, բայց ոչինչ չասաց: Որոշեցի մոտենալ բարմենին ու Սայային: Հայացք գցեցի գրքի վերնագրին, որ կարդում էր աշակերտս: «Որսորդ դառնալու տասը հիմունքները»: Քիչ մնաց բարձր փնչացնեի: Ի՜նչ հիմարություններ են կարդում ժամանակակից երիտասարդները:
Լավ կլինի քիչ կարդաս նման գրքեր, - ասացի ես՝ նստելով կողքը, - լավ որսորդ դառնալու համար պետք է պրակտիկա, ոչ թե տեսություն:
Գիտեմ, բայց մեզ առայժմ թույլ չեն տալիս մասնակցել իսկական որսի, - պատասխանեց նա՝ թեթևակի կարմրելով, - ինձ մնում է միայն կարդալ:
Դա քեզ չի օգնի որսի ժամանակ: Երբ ավարտեմ հաշվետվությունը, մոտեցիր ինձ: Կորոշենք քո ուսումնական պլանը:
Տղայի աչքերը փայլեցին:
Իհարկե, ուսուցի՛չ: Ես կսպասեմ այնքան, որքան անհրաժեշտ է:
Նա նորից խոնարհվեց: Բարմենը քմծիծաղեց: Դա ինձ հիշեցրեց, որ մենք ծանոթ չենք:
Բարև, - ներկայացա ես, - ես Սաթենիկն եմ:
Բարև, - երիտասարդը քսանին մոտ էր, սպիտակամաշկ ու ժպտերես, - գիտեմ, ինձ արդեն ասել են, որ նոր որսորդ ունենք: Ես Հայկն եմ: Անչափ ուրախ եմ ծանոթանալու համար:
Ես նույնպես, - չկարողացա զսպել ժպիտս, - ուսանո՞ղ ես:
Ահա, դասերից հետո գալիս եմ այստեղ: Այնքա՜ն հետաքրքիր ու հավես աշխատանք է:
Ուրախ եմ, որ քեզ դուր է գալիս: Դե լավ, Հայկ, գրեմ իմ հաշվտեվությունը: Դեռ կխոսենք:
Եթե կուզես, կարող եմ ինչ-որ թունդ բան պատրաստել, - առաջարկեց երտիասարդը, - լսել եմ, որ որսորդները այսօր ծանր գիշեր են ունեցել: Համ էլ հաշվետվություն գրելը ձանձրալի բան է:
Լիան սրահի մյուս ծայրից բացականչեց. «Աստվածնե՜ր»: Ես իսկապես հիացա բարմենով: Նա իսկապես հասկանում է, թե ինչ գործ ենք մենք անում:
Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց հիմա ինձ ավելի շատ սուրճ է պետք, որ կենտրոնանամ, - մերժեցի ես, - բայց խոստանում եմ, մի օր կփորձեմ:
Ես կհիշեմ:
Աչքիս մենք իրար հետ լեզու կգտնենք, - ասացի ես ու գնացի ծառայողական հատված:
Արեգին գտա իր աշխատասենյակում: Նա մենակ չէր.կողքին նստած էր մի երիտասարդ՝ աշակերտի հագուստով: Հաքերը ինչ-որ բաներ էր ցույց տալիս համակարգչով, իսկ տղան ջանասիրաբար գրում էր: Փաստորեն, ճիշտ էի.երիտասարդը ոչ միայն հոգնած ձայն ուներ, այլև տեսքն էլ այնպիսին էր, իբրև ողջ գիշեր մարաթոն էր վազել:
Սաթենիկ, ես ուղարկել եմ տեսահոլովակը փոստիդ, - ասաց Արեգը ու մեկնեց ինձ մի քանի թուղթ, - հաշվետվությունը կարող ես գրել որտեղ ցանկանաս:
Շնորհակալ եմ, - խոսեցի ես, - չեմ խանգարի ձեզ:
Հաքերի աշակերտը թախծալից հայացք նետեց վրաս, կարծես աղերսեր, որ մի քիչ էլ զբաղեցնեմ ուսուցչին: Քմծիծաղեցի ու դուրս եկա:
Բոլոր պոտնեցիալ որսորդները ցանկանում են լինել հենց գործող որսորդ, այլ ոչ թե հաքեր կամ գիտնական: Եթե չլիներ ընտրելու կոշտ համակարգը, մենք պարզապես չէինք ունենա հաքերներ կամ գիտնականներ:
Վերադարձա սրահ, նստեցի ամենահեռու սեղանի շուրջ, որ չխանգարեմ ոչ ոքի: Մտա փոստս, գտա Արեգի ուղարկած տեսահոլովակը ու անցա գործի: Ճիշտն ասած, ամեն անգամ, երբ կողքից նայում էի որսին, ինձ թվում էր, որ ֆիլմ էի նայում:
Ձեր սուրճը, ուսուցիչ, - լսեցի գլխավերևումս:
Սայան դրեց սեղանին մի մեծ բաժակ անուշաբույր ըմպելիք ու բուտերբրոդ:
Խոհանոցում ասացին, որ որսորդները լավ պիտի սնվեն, - բացատրեց երիտասարդը՝ ոտքը կախ գցելով:
Շնորհակալ եմ: Շատ հեռու մի գնա, ես շուտ կավարտեմ:
Այո, ուսուցիչ:
Գրողը տանի, պիտի հետ սովորեցնել նրան «ուսուցիչ» ասելուց: Հակառակ դեպքում նյարդերս երկար չեն դիմանա:
Իրականում, հաշվետվություն գրելը տևեց մոտ մեկ ժամ: Կարող էի ավելի արագ էլ գրել, պարզապես շեղվում էի սուրճ խմելուն և բուտերբրոդ ուտելուն:
Մինչ ես գրում էի, սրճարան եկան հաճախորդներ: Լիան ու Ալինան Հայկի հետ բարի մոտ էին, որ եթե հարցեր լինեն, միանգամից պատասխանող լինի:
Մեջքով հենվեցի աթոռին ու նայեցի պատուհանից դուրս: Քիլիսն այնքան մեծ էր, որ անգամ այստեղից ամբողջը չէր երևում: Չնայած, այդպիսին էլ նա պիտի լիներ, հաշվի առնելով այն, որ ողջ Նամրայում միայն երեք մեծ քաղաքներ կային: Գյուղեր էլ կային, բայց քաղաքներին մոտ: Այդպես ավելի հարմար էր և հեշտ՝ չարքերի որսալու տեսակետից:
Այս բոլոր բնակելի վայրերը առաջացել էին աստվածների պատերազմից հետո: Պատմաբանները անվանել են այն ամենաարյունարբուն, որ երբևէ եղել է Նամրայում: Կարծում եմ՝ դա ճիշտ բնորոշում է, եթե հաշվի առնենք, որ դրանից հետո աշխարհը զրոյից էր ստեղծվել: Արամազդը, նրա քույր Սպանդարամետը և նրա որդի Բարշամինը եկել էին Նամրա այլ աշխարհներից: Այդպիսին էր գիտնականների վարկածներից մեկը, որին ես հակված էի հավատալ: Սպանդարամետը իր որդուն ունեցել է մինչև մեր աշխարհ գալը: Ասում էին՝ Բարշամինը ուներ և Արամազդի, և իր մոր ուժից:Երիտասարդ աստվածը սիրում էր մարզել իր կախարդական ուժը: Այդ մարզումներից մեկի ժամանակ նա պատահաբար բացում է այլ աշխարհի դուռ: Նոր աշխարհը ամբողջովին խավարից էր բաղկացած: Արամազդը, Սպանդարամետը և Բարշամինը որոշեցին բնակվել այնտեղ, բայց մինչ այդ՝ բարեկարգել: Այդ գործի մեջ ամեն մեկը իր դերն ուներ. Սպանդարամետը հավաքեց ողջ խավարը մի տեղ և զսպում էր այնքան ժամանակ, մինչև Արամազդը ստեղծում էր լույսն ու մատերիան՝ երկինք, հող, կրակ, ջուր, քամի, հետո՝ խոտ, ծառեր, կենդանիներ: Արարման հարցում նրան օգնում է Բարշամինը: Երբ ամեն ինչ ավարտվեց, աստվածները որոշեցին բնակվել մի լեռան վրա, որին անվանեցին Հուր-արտա: Սպանդարամետը նախընտրեց ապրել Հուր-արտայի ընդերքում և շարունակել զսպել խավարը այնտեղ, իսկ Բարշամինը ապրում էր Արամազդի հետ գագաթին՝ հաճախակի այցելելով մորը: Սպանդարամետի որդին աշխատում էր իր ուժի վրա ու սկսում բացել նոր դռներ: Սակայն, նա չգիտեր ինչպես փակել դրանք: Արդյունքում՝ աստվածները հանգիստ ճամփորդում էին տարբեր աշխարհներով ու վերադառնում Նամրա:
Հերթական դուռը բացելիս՝ Բարշամինը հայտնվում է այլ աստվածների աշխարհում, որտեղ հանդիպում է Աստղիկին, սիրահարվում, ամուսնանում նրա հետ և բերում Նամրա: Այսպիսով, Աստղիկը դարձավ մեր աշխարհի աստվածուհին:
Եկավ մի պահ, երբ Արամազդը որոշեց՝ ժամանակն է ունենալ սեփական երեխաներ: Շատ գիտնականներ մինչև հիմա վիճում են, թե ինչպես է դա տեղի ուենցել: Ոմանք ասում են, որ Հուր-արտայի վրա եղել է Ծով Ծիրանին՝ աստվածային ուժի կենտրոնացումը, որտեղից էլ ծնվել են զավակները: Մյուսները պնդում են, որ Արամազդը հարաբերություններ է ունեցել այլ աշխարհների կանանց հետ և նրանցից ունեցել երեխաներ: Երրորդները ընդհանրապես պնդում են, որ Արամազդը ստեղծել է նրանց: Ինչ էլ որ լինի, փաստը մնում է փաստ՝ ծնվում են Անահիտը, Միհրը, Ծովինարը, Ամանորն ու Նանեն: Գլխավոր աստվածը շնորհում է նրանց ուժեր. Անահիտին՝ մայրության և պտղաբերության, Միհրին արևի, կրակի և լույսի, Ծովինարին՝ կրակի և պատերազմի, Ամանորին՝ բերքահավաքի և նոր տարվա, Նանեին՝ բնության և հուզական սիրո: Աստղիկը իր աշխարհում սիրո, գեղեցկության աստվածուհին էր: Նրա ուժը համընկնում էր Անահիտի ուժի հետ, ինչի պատճառով երկու աստվածուհիները հաճախ էին մրցակցում:
Իրականում, Արամազդը իրեն մենակ էր զգում անգամ իր երեխաների հետ: Ճամփորդելով տարբեր աշխարհներով՝ նա հանդիպում է լիքը արարածների և վերադառնալով Նամրա՝ ստեղծում է մարդկանց: Առաջին մարդիկ շատ անպաշտպան էին և տգետ, այդ պատճառով աստվածները սկսեցին սովորեցնել նրանց տարբեր արվեստներ՝ ինչպես ցանել, հնձել և այլն: Շուտով Նամրան լցվեց գյուղերով և քաղաքներով:
Ինչպե՞ս են հայտնվել չարքերը Նամրայում: Գիտնականների մեծամասնությունը կարծում էր, որ Բարշամինը հերթական աշխարհի դուռը բացելիս հայտնվել էր մի վայրում, որտեղ մութ արարածներն էին: Դա կատաստրոֆիկ էր, քանի որ աստվածը չէր կարողանում փակել դուռը, և այդ արարածները լցվեցին Նամրա: Մարդիկ հազարներով մեռնում էին: Աստվածները փորձում էին միահամուռ ուժերով վերացնել նրանց, սակայն նրանք շատ-շատ էին: Այդ ժամանակ Սպանդարամետը և Բարշամինը որոշեցին փակել նրանց Հուր-արտայի ընդերքում: Չարքերը ունեին վտանգավորության տարբեր աստիճաններ: Սպանդարամետը իր ստորգետնյա թագավորությունում ստեղծեց մի քանի մակարդակներ և ամենավտանգավոր ու սարսափելի չարքերին պահեց ընդերքի կրակների մեջ: Իհարկե, դա խնդրի մասնակի լուծումն էր, քանի որ մութ արարածների աշխարհի դուռը բաց էր և այնտեղից պարբերաբար գալիս էին չարքեր: Այդ ժամանակ Արամազդը որոշեց, որ այդպես շարունակվել չէր կարող և երկար պրպտումներից հետո ստեղծեց առաջին հմայիլը, որը կարող էր փակել աշխարհների դռները: Հմայիլը տվեց Բարշամինին, քանի որ միայն նա կարող էր բացել դռներ: Այդպիսով, չարքերի աշխարհը մեկընդմիշտ փակվեց:
Սաթենիկ, բա՞ն է պատահել:
Հանկարծակիի եկա ու հայացքս կտրեցի պատուհանից: Սեղանի առջև կանգնած էր Արեգը:
Մոտ տասնհինգ րոպե անթարթ դուրս էիր նայում, - բացատրեց նա, - մտածեցի՝ հաշվետվության հետ է կապված: Գուցե կարողանամ օգնել:
Երիտասարդը իսկապես մտահոգված տեսք ուներ: Նրա պատանեկան հագուստը, փոքր-ինչ գզգզված մազերն ու կիսակլոր ակնոցները ընդհանրապես չէին համապատասխանում ամեն ինչի մասին անհանգստանալու և հոգ տանելու հետ:
Հաշվետվությունը վաղուց եմ վերջացրել, - ժպտացի ես, - ուղղակի քաղաքին էի նայում, տարբեր մտքեր էին գալիս Նամրայի պատմությունից …
Հասկանում եմ, - Արեգը նստեց դիմացս ու նայեց Քիլիսին, - այստեղից հիանալի տեսարան է բացվում: Անհնար է նայել քաղաքին ու չհիշել մեր դարավոր պատմությունը:
Լռեցինք: Երկուսս էլ կլանված էինք սեփական մտքերով: Չգիտեմ, թե Արեգը ինչի մասին էր մտածում, բայց ես նորից հիշեցի բոլոր այն գիտական հոդվածները, որոնք կարդացել եմ Նամրայի պատմության մասին: Ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ոչ ոք չի կարող ասել: Փաստը մնում է փաստ՝ հիմա աստվածները չկան, բայց կան իր ուժերը կրող տներ:
Առաջինը Արեգը սթափվեց մտքերից ու վերցրեց հաշվետվությունը:
Ի դեպ, դու բավականին արագ վերջացրիր, - նկատեց նա:
Դեռ Նինից սովորել եմ արագ վերջացնել ոչ հաճելի գործերը, - ուսերս թոթվեցի:
Մերոնք պիտի քեզնից սովորեն, - ծիծաղեց Արեգը, - սովորաբար երկու-երեք ժամ գրում են: Չէ, այդպես չէ: Ավելի շատ բողոքում են անարդար կյանքից, իսկ դադարների ժամանակ՝ գրում:
Հիմա էլ ես չդիմացա ու ծիծաղեցի: Ելնելով Թաբիի պատմածներից՝ արդեն պատկերացնում եմ այդ տեսարանը: Զարմանում եմ Էրիկայի ու Արեգի համբերության վրա:
Ես տպեցի քեզ համար աշակերտների ուսումնական ծրագիրը, - ասաց նա՝ մեկնելով հաստ թղթապանակը, - իհարկե, դու կարող ես փոխել այն քո հայեցողությամբ, բայց հիմնական քննական կետերին ավելի լավ է հետևել:
Ես նայեցի թղթապանակի հաստությանը ու հասկացա, որ ինձ սպասում է «հիանալի» ժամանակ:
Սայան մեր լավագույն աշակերտներից է, - շարունակեց նա, - Էրիկան մեծ հույսեր ունի նրա հետ կապված:
Բա ինչու՞ ինքը չի զբաղվում նրա կրթությամբ, - չդիմացա ես:
Ժամանակը չի ներում: Բացի այդ, երբ նա տեսավ քո անձնական գործը, հասկացավ, որ էլ ավելի լավ ուսուցիչ նրա համար հնարավոր չէ գտնել:
Գրողը տանի իմ անձնական գործը:
Արեգը վեր կացավ, որ գնա իր աշխատասենյակ:
Սպասիր հետդ գամ, - ասացի ես, - ուզում եմ շնորհակալություն հայտնել խոհարարներին: Շա՜տ համեղ բուտերբրոդ էր:
Այո, նրանք աստվածային խոհարարներ են:
Միասին գնացինք ծառայողական մուտքի մոտ: Այդ ժամանակ սրճարանի դուռը բացվեց, և ներս մտավ … երեկվա գնացքի երիտասարդը:
Ոչ, միայն ոչ սա …
Այդ տականքը ուղիղ ինձ նայեց ու չարագուշակ ժպտաց:
Ի՞նչ պատահեց, - անհանգստացավ Արեգը, տարակուսանքով շուրջը նայելով:
Ոչինչ, - մրմնջացի ես, - արի գնանք:
Մտանք ծառայողական հատված: Ինձ հարկավոր էր մի քանի րոպե մտքերս իմի բերելու և հասկանալու հետագա քայլերս: Եթե դա չանեի, հենց հիմա կգնայի ու կսատկացնեի դրան որպես մի հասարակ չարքի: Բայց դա խնդիրը չէր լուծի: Նրա փոխարեն Գարիկը կուղարկի ուրիշին:
Սաթենիկ, ի՞նչ է կատարվում, - նորից հարցրեց հաքերը:
Կամքի ուժով ինձ ստիպեցի պատասխանել.
Ոչ մի արտասովոր բան: Պարզապես մի փոքր ճնշումս ընկավ: Հիմա արդեն լավ եմ:
Չեմ սիրում ստել, բայց չեմ էլ ուզում, որ կոլլեգաներս իմանան խնդիրներիս մասին:
Հաստա՞տ, - հարցրեց նա, - գուցե ինչ-որ քաղցր բա՞ն ուտես:
Չէ-չէ, լավ եմ, մի անհանգստացիր:
Լսիր, ես հիմա քաղաք եմ գնալու գործերով: Արի քեզ էլ մեքենայով իջեցնեմ:
Կարիք չկա, ես իսկապես ինձ լավ եմ զգում: Բացի այդ, հենց հիմա չեմ կարող տուն գնալ: Սայայի հետ գործեր ունեմ:
Արեգը ուշադիր ինձ էր նայում: Փորձեցի ժպտալ ու ինձ վստահ պահել:
Լավ, - վերջապես ասաց նա, - բայց եթե քեզ վատ զգաս, անպայման տաքսի կանչիր: Մետրոյով ու ավտոբուսով չգնաս:
Խոստանում եմ:
Հաքերը գնաց, իսկ ես մտա խոհանոց, հանձնեցի սուրճի բաժակն ու ափսեն և շնորհակալություն հայտնեցի ուտելիքի համար: Խոհարարները հուզվեցին նման վերաբերմունքից ու հետս մի քանի բուտերբրոդ դրեցին:
Սայային գտա բարում: Կարճ հայացք նետեցի սրահին: Գարիկի «պոչը» նստած սուրճ էր խմում: Ձեռքերս քոր էին գալիս մի լավ դրան ջարդելու, բայց զսպեցի: Հիմա դրա ժամանակը չէ:
Սայա, արի գնանք ներս, - առաջարկեցի ես, - այստեղ աղմկոտ է:
Տղան կազմ ու պատրաստ հավաքեց իրերը, ու մենք նորից գնացինք ծառայողական մաս: Նա ինձ ուղղորդեց ազատ սենյակ, որը հարմար էր խոսելու համար: Ես արագ նայեցի ծրագիրը: Հիմնական դրույթները նույնն էին, ինչ իմ ժամանակ: Սակայն գրված չէր, թե հստակ ինչպես պետք է սովորեցնել աշակերտներին: Ես հիշեցի, թե ոնց էին սովորեցնում ինձ: Կոշտ: Դաժան: Անգամ անարդար: Ատում էի նախապատրաստական դասերը և իմ ուսուցչին: Արդյո՞ք ուզում եմ նման կերպ սովորեցնել Սայային: Ոչ: Ես հիշեցի, թե ինչքան ուրախ էի, երբ ավարտեցի դասընթացը ու ազատվեցի այդ մարդուց:
Մի պահ կտրվեցի թղթերից ու նայեցի տղային: Նա հլու-հնազանդ սպասում էր: Կոկորդս մաքրեցի, մի կողմ դրեցի թղթապանակն ու ասացի.
Սայա, ենթադրում եմ, որ դու գիտես՝ ինչ պիտի հանձնես քննություններին, այնպես չէ՞:
Այո, իհարկե, - գլխով արեց նա, - ես արդեն մեկ տարի ինքնուրույն պատրաստվում եմ:
Ապրես, - գովեցի նրան, - հիմա հարցը պարտադիր գիտելիքների մասին չէ: Ես ուզում եմ քեզ սովորեցնել այն, ինչը նախապատրաստական դասերին չեն անցնում: Այն, ինչը քեզ կօգնի ողջ մնալ:
Տղայի աչքերը փայլեցին: Որքան էլ դուրս չգար աշակերտ ունենալու փաստը՝ այնուամենայնիվ, պատասխանատվության զգացողությունը ինձ մոտ ավելի ուժեղ էր: Ես ուզում էի փոխանցել նրան այն, ինչ սովորեցրել են ինձ Անին ու Էդուարդը:
Ես պատրաստ եմ կլանել ձեր փորձը և գիտելիքները, ուսուցիչ, - կազմուպատրաստ ասաց նա:
Ուրեմն, առաջին դասը կլինի հետևյալը՝ երբեք հույսդ չդնես միայն կախարդանքի վրա: Լինում են դեպքեր, երբ չես հասցնում ակտիվացնել սուրը: Այդ ժամանակ որսորդի փրկությունը կախված է լինում նրա ֆիզիկական կարողություններից:
Սայան գրպանից հանեց նոթատետրը ու սկսեց արագ-արագ գրել:
Պետք չի գրել, - ասացի ես, - արի գնանք դուրս:
Ես չէի ուզում, որ ասածներս տեսության մեջ մնան: Այդ պատճառով մենք դուրս եկանք ետնամուտքից և ուղևորվեցինք ուղիղ մարզանքի դաշտ: Այնտեղ մեզ ոչ ոք չէր խանգարի:
Ես կանգնեցի տղայի դիմաց:
Պատկերացրու ես չարք եմ, - ասացի ես:
Նա աչքերը չռեց վրաս:
Այդպես մի նայիր, պարզապես պատկերացրու: Դու չունես ժամանակ ակտիվացնելու սուրը: Պիտի կռվես ու ժամանակ շահես, մինչև կարողանաս կամ կախարդանքը օգտագործել կամ էլ սպասել օգնության:
Առանց երկարացնելու հարձակվեցի վրան: Սայան վերջին պահին խույս տվեց: Իհարկե, ես չէի պատրաստվում նրան վնաս պատճառել: Միայն ստուգում էի նրա արագությունը:
Տեսնու՞մ ես, դու հազիվ խույս տվեցիր: Իսկ գիտե՞ս ինչքան շատ չարքեր կան, որ մեզնից արագաշարժ են ու ճարպիկ:
Ես հասկացա, - խոսեց տղան, - դուք ուզում եք, որ ես ուշադրություն դարձնեմ իմ ֆիզիկական ուժին:
Ոչ թե ուժին, այլ արագությանն ու ճարպկությանը, - շտկեցի ես, - ուժեղ քեզ կդարձնի կախարդանքը:
Ի՞նչ անեմ, - պատրաստակամ ասաց նա:
Վազք և հետո ձգումներ:
Սայան նետվեց կատարելու հրահանգս: Ես չէի պլանավորում հենց այսօրվանից հետը աշխատել, սակայն մտածեցի, որ սա լավ պատրվակ կլինի այստեղ մնալ այնքան, մինչև սրճարանում նստած տականքը գնա:
Ստվերում կանգնած հետևում էի տղային: Լավ էր վազում, ֆիզիկապես ամուր տեսք ուներ: Բայց իմ ասած արագությանն ու ճկունությանը հասնելու համար դեռ շատ պիտի աշխատի:
Մոտ մեկ ժամ անց գլխավերևը կանգնած հսկում էի, որ ձգումները ճիշտ աներ:
Ուսուցիչ, շնորհակալ եմ, - ասաց նա մարզման վերջում ու խոնարհվեց:
Ինչի՞ համար, - չհասկացա ես:
Դուք ձեր ժամանակը ծախսեցիք ինձ վրա և կիսվեցիք ձեր փորձով:
Քիչ մնաց աչքերս ոլորեի: Ինձ մնար աշակերտների վրա ժամանակ չէի ծախսի, բայց ինձ ո՞վ էր հարցնում:
Ձեռքս դրեցի ուսին ու սեղմեցի:
Ուրեմն լավ աշխատիր, որ այդ ժամանակը զուր չլինի:
Երբ վերադարձա սրահ, տեսա որ այն տականքը դեռ տեղում էր: Իր համար հանգիստ սուրճ էր խմում: Ուզում էի արագ անցնել կողքով, բայց չստացվեց:
Ողջույն, Սաթենիկ, - քծնեց նա, - ոնց որ թե լավ ես, հա՞:
Հոյակապ, - ատամների արանքից աացի ես:
Գարիկը քեզ բարևներ էր ուղարկում, - ասաց նա, մի կում սուրճ խմելով, - փոխանցում էր, որ շուտով կտեսնվեք Որսորդների մրցումներին:
Ես հաշվեցի մինչև տասը: Համոզվելով, որ ոչ ոք մոտակայքում չկա, շրջվեցի այդ տականքի կողմը:
Եթե քեզ թվում է, որ այստեղ գալով ու Գարիկից բարևներ փոխանցելով ինձ կվախեցնես, ապա չարաչար սխալվում ես, - զայրացած շշնջացի ես, - իմացիր, ամեն ինչին չափ կա, և ոստիկանություն դիմելը դեռ ուշ չէ:
Փորձիր, - լայն ժպտաց երիտսարդը, - քեզ թվում է Գարիկի ձեռքերը կա՞րճ են Քիլիսում էլ քեզ հասնելու: Կարծում էիր այդքան հեշտ կարող ես նրա եղբորը անկողնուն գամել ու հանգիստ ապրե՞լ:
Դա դժբախտ պատահար էր, - ֆշշացրեցի ես, - փորձագետները դա արդեն վաղուց են հաստատել, և դատարանը ինձ անմեղ է ճանաչել:
Քեզ անարդար ձևով են ազատել: Ու դրա պատասխանը շուտով կստանաս:
Խորը շունչ քաշեցի ու հազիվ զսպեցի, որ չհարվածեմ:
Ես քեզ զգուշացրի, - ավելի հանգիստ խոսեցի ես, - հարկ լինի՝ մինչև Առաջիններ կհասնեմ: Այդպես էլ փոխանցիր տիրոջդ:
Վերջին բառերը զզվանքով ասացի ու դուրս եկա: Գարիկի շների հետ գլուխ դնել իմաստ չունի: Բայց եթե համը հանի, իսկապես կգնամ Առաջինների մոտ ու կպահանջեմ հարցը լուծել: Թքած, որ Գարիկը նույնպես բարձրաստիճան կառավարիչների շարքից է:
Դրսում խորը շունչ քաշեցի: Ի ուրախություն ինձ՝ ինչ-որ երիտասարդների խումբ էր եկել տաքսիով: Ես անմիջապես նստեցի մեքենան ու ասացի հասցեն: Հավես չունեի գնալ մետրոյով:
Ճանապարհը անցավ լռության մեջ: Վարորդը զգաց, որ տրամադրություն չունեմ, և չէր անհանգստացնում ոչ զրույցներով, ոչ էլ երաժշտությամբ: Ես փորձում էի ղեկավարել եռացող մտքերը: Հիմա ինչ է, անընդհատ պիտի դրա հե՞տ բախվեմ: Կամ այդ ի՞նչ հիմար ակնարկներ են մրցումների պահով: Չնայած, գուցեև հիմար չեն: Գարիկը հաստատ ինչ-որ ստոր բան է մտածել: Իսկ ես, հակառակի նման, այս անգամ էլ պիտի ուշադրության կենտրոնում լինեի: Ըստ ավանդույթի՝ կանաչ օձը պիտի փոխանցեի հաջորդ հաղթողին:
Գարիկի շան մշուշոտ ակնարկները անհանգստացնում էին, բայց ոչ այնքան շատ: Նա չի կարողանա այդքան մարդու մոտ ինչ-որ լուրջ վնաս տալ: Իսկ ես կլինեմ չափազանց զգույշ ու միայնակ ոչ մի տեղ չեմ գնա: