Chapter 4
Գլուխ 4
Անահիտի թևեր կոչվող թաղամասը բաժանված էր չորս մասի՝ Առաջին թև, Երկրորդ թև, Երրորդ թև և Չորրորդ թև: Այնտեղ հասնելու համար ամենահեշտ ու արագ տարբերակը մետրոն էր:
Ես դուրս եկա ստորգետնյա հատվածից: Սառը օդը ներխուժեց թոքերս: Տոթ վագոնից հետո կարծես թարմ շունչ էր պետք: Փողոցում դեռևս մարդաշատ էր. բոլորը շտապում էին տուն աշխատանքային օրվանից հետո: Այդ շտապողականությունը պայմանավորված էր ոչ միայն հանգստանալու և ժամանակին ընթրելու հետ: Խնդիրը նրանում էր, որ երեկոյան մթին ակտիվանում են տարբեր չարքեր: Իհարկե, քաղաքի տեսախցիկները զգալի թեթևացնում էին մեր գործը.հաքերը հստակ գտնում էր դրանց և որսորդներին ուղարկում ճիշտ կոորդինատներով: Սակայն, չարքերը, որքան էլ հիմար լինեն, գլխի են ընկել տեսախցիկների մասին ու հիմա զգույշ են գործում՝ նախընտրելով ոչ մարդաշատ և լքված տարածքները:
Իմ սև կոստյումը միահյուսվում էր մթնշաղի հետ՝ դարձնելով ինձ աննկատ: Որսորդները իրենց կյանքի ընթացքում կրում են երեք կոստյում. մոխրագույնը աշակերտական շրջանում, մուգ կանաչը Որսորդների մրցումների ժամանակ, իսկ սևը՝ որս անելիս, քանի որ նրա վրա չեն երևում չարքերի վերացման հետքերը: Մարդիկ շատ լավ գիտեն՝ ինչով ենք մենք զբաղվում, սակայն գերադասում են չբախվել նրա հետ, ինչ անում ենք: Այդ ցանկությունը փոխադարձ էր, քանի որ սովորական մարդիկ ցնցվում էին, երբ տեսնում էին մեզ արյունոտ հագուստով: Ինչ խոսք, երբեմն ես էլ էի ինձ տարօրինակ զգում, երբ հանկարծ այդպիսի հետքեր էի տեսնում: Նախկինում ինձ լավ չէի զգում, բայց հիմա սովորել եմ:
Ես աննկատ միացրի ակնաջակալերը: Մի քանի վայրկյան անց լսեցի Արեգի ձայնը.
Սաթենիկ, ինձ լսու՞մ ես:
Լսում եմ, - կամացուկ պատասխանեցի ես, - ուղղորդիր ինձ:
Պիտի գնաս Երկրորդ թև: Այնտեղ կա յոթ բարձրահարկ շենք: Չորրորդ և հինգերորդ շենքերի միջև կա մեծ տարածություն՝ լքված տնակներով: Քաղաքացիները վաղուց դրանցից չեն օգտվում: Վերջին տվյալներով՝ այդ հատվածում անհետացել են քսանից քառասուն տարեկան տղամարդիկ: Մի քանի օրից նրանց մումիֆիկացված մարմինները գտել են այդտեղ: Միայն ԴՆԹ-ով է հաջողվել հասկանալ՝ ով ով է: Դատաբժշկական քննությունը բացահայտել է, որ նրանցից կորզել են կենարար էներգիան և ուժերը: Հենց դա հայտնի դարձավ, ոստիկանությունը օգնության դիմեց մեզ:
Այսինքն՝ դիակները մե՞զ են փոխանցել, - ճշտեցի ես՝ բարձրանալով սանդուղքով դեպի Երկրորդ թևը:
Այո: Մեր գիտնականները եկան այն եզրակացության, որ դա կարող է լինել վուշկապարիկ, ամբարու կամ քաջք: Ավելի մանրամասն անալիզները դեռևս պատրաստ չեն:
Եթե զոհերը միայն տղամարդիկ են, դա ամենայն հավանականությամբ ամբարու է: Այդ նողկալի արարածներին նաև անվանում են երկրային ջրահարսեր կամ սիրեններ: Նրանք գրավում են տղամարդկանց դյութիչ երգեցողությամբ, իսկ հետո դաժանորեն սպանում են՝ քաշելով նրանց կենարար էներգիան:
Համենայն դեպս, դու հիմա ճիշտ ժամանակին ես դուրս եկել, - շարունակեց Արեգը, - զգույշ եղիր: Ես հետևում եմ քեզ համակարգչով:
Ոչինչ չպատասխանեցի, քանի որ մոտենում էի չորրորդ և հինգերորդ շենքերին: Քանի որ ողջ թաղամասը կոչվում էր Անահիտի թևեր, հենց այստեղ էր գտնվում նաև Անահիտի տաճարը: Այն միշտ բաց էր այն դեպքերի համար, եթե ինչ-որ մեկը ցանկանում էր գաղտնի այցելել մայրության և պտղաբերության հովանավորուհու տաճարը ու գտնվում էր իմ ճանապարհին:
Մի պահ կանգ առա, որ նայեմ շինությանը: Ինչպես Արամազդի և Տիրի տաճարներում, այստեղ էլ մուտքի մոտ դրված էր Անահիտի արձանը: Աստվածուհին մեղմ ժպիտով ոչ թե հրավիրում էր տաճար, այլ ձեռքերը տարածած կանչում էր իր գիրկը: Դեռ Նինում լսել եմ, որ նրա տաճարում աշխատում են սիրո քրմուհիներ և քրմեր, ովքեր ծառայում են մարդկանց: Ես քմծիծաղեցի: Ի՞նչ քրմուհիների մասին է խոսքը: Նրանք իսկական թեթևաբարո կանայք և տղամարդիկ են, ովքեր իբր օգնում են մարդկանց երեխա ունենալու հարցում: Ծիծաղելին այն էր, որ Առաջինները ակտիվորեն փակում էին հասարակաց տները, բոլորին քարոզում, որ դա վատ է, իսկ Անահիտի տաճարում կատարվող գարշելի բաներին աչք էին փակում: Չէ՞ որ խոսքը գնում է աստվածուհու հեղինակության մասին:
Գլուխս տարուբերեցի ու շարունակեցի ճանապարհս: Հասա այն հատվածին, որտեղից երևում էր, թե ինչ ահռելի տարածություն էր չորրորդ և հինգերորդ շենքերի միջև: Իջնող մթնշաղի ներքո նկատեցի լքված տնակների ուրվագծերը և գնացի այդ ուղղությամբ: Եթե այնտեղ իսկապես ամբարու լինի, հեռվից երիտասարդի տեղ կդնի:
Ինչքան մոտենում էի, այնքան ցրտում էր: Հին տնակների միջև կարելի էր նկատել մառախուղի պես ծուխ: Մինչ քայլում էի, դեռ լսվում էին ձայներ մոտակա շենքերից: Բայց հետո դրանք էլ անհետացան՝ թողնելով սարսուռ առաջացնող լռություն: Հիշեցի մի քանի ծանոթ մարդկանց, ովքեր ահավոր վախենում էին սարսափ ֆիլմերից ու ընդհանրապես պատմություններից: Նրանց հետ զրուցելիս նրբանկատորեն լռում էի, թե ինչ սարսափների հետ էին բախվում որսորդները իրենց աշխատանքը կատարելիս: Թեպետ, գուցեև պետք էր կիսվել, միգուցե դադարեին գնալ լքված տեղեր ու փնտրել արկածներ:
Մթի ու լռության մեջ լսվում էր միայն իմ շնչառությունը: Ես հանեցի սուրը ու պատրաստեցի ցանցերը: Հետո ուղղեցի փոքրիկ տեսախցիկը, որն ամրացված էր հագուստիս: Դա պետք էր հաշվետվության և ռիսկերը գնահատելու համար: Բացի այդ հաքերը հետևում էր որսի ընթացքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնի:
Գրողը տանի, եթե այդ տականքը իրեն չդրևորի, ստիպված եմ լինելու հատ առ հատ զննել բոլոր տնակները: Իսկ ես չեմ ուզում ժամանակս ծախսել դրա վրա:
Հանկարծ գիշերային լռությունը ճեղքեց մի բարալիկ, եթերային աղջկա ձայն: Ականջներիս չհավատացի, երբ լսեցի հին քիլիսյան երգի տողերը.
«Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերդ,
Յարս էլ գնաց յալլաները Բինգյոլի»:
Հապա սրան նայիր, դրել ուսումնասիրել է ու սրտաճմլիկ տողերը վերցրել, որ թիրախին խփի: Քիչ մնաց բարձր ծիծաղեի, բայց զսպեցի ինձ: Կոչնչնացնեմ, հետո կատակ կդարձնեմ:
Երգը գնալով ավելի հստակ էր դառնում: Ամբարուին տեսնելու համար (իսկ դա հենց ամբարուն էր) կարիք չկար ակտիվացնելու մոգական տեսողությունը: Սակայն ես ավելի հարմար բռնեցի սրի բռնակը և կամացուկ ասացի.
Թող անտեսանելին դառնա տեսանելի:
Հայտնվեց սայրը, որը թույլ կանաչավուն լույս էր արձակում:
Մի քանի րոպե անց տեսա չարքին: Այն նստած էր ոչ մեծ քարին և ընդունել էր նիհարավուն շիկահերի կերպար: Ամբարուն երգում էր կնոջ ձայնով և բարալիկ մատներով սանրում էր մազերը: Այն հաստատ զգացել էր, որ ինչ-որ մեկը գալիս է, քանի որ երգեցողությունը ուժեղացավ:
Քմծիծաղեցի: Ինձ մոտ հմայիլներ չկային, հետս վերցրել էի միայն զենք: Սակայն դրանց կարիքը չկար էլ. ես տղա չեմ, որ այդ կախարդանքը ազդի վրաս:
Աստիճանաբար երգեցողությունը թուլացավ: Ամբարուն հասկացավ, որ զոհը ընկել է թակարդը: Նա վեր կացավ կանացի նրբագեղությամբ՝ ցուցադրելով բարեմասնությունները: Բայց երբ շրջվեց և տեսավ ինձ, նրա գեղեցիկ դեմքը այլայլվեց:
Դու ո՞վ ես, - ֆշշացրեց նա:
Մահդ, - կարճ պատասխանեցի ես ու հարձակվեցի:
Վերջին պահին տականքը ետ ցատկեց:
Գեղեցիկ կնոջ կերպարն անհետացավ: Հիմա դիմացս կանգնած է կանաչադարչնագույն մաշկով, երկար ճանկերով կիսամարդ-կիսակենդանին: Արտաքնապես մի փոքր հիշեցնում էր կնոջ, անգամ շուրթերն էին կարմիր: Կեղտոտ, խճճված մազերը հասնում էին գրեթե գետնին ու քիչ թե շատ ծածկում անորոշ մարմինը:
Որսսսորդ, - մռնչաց նա, - ես քեզ կոչնչացնեմ:
Շատ ես խոսում, - ասացի ես:
Նետեցի նրա վրա սուրս՝ հրամայելով սպանել չարքին: Իմ սուրը սովորական չէ: Քանի որ այն կրում է Տիրի ուժը, ենթարկվում է իմ հրամաններին: Զենքը չկարողացավ կատարել հրահանգս, քանի որ ամբարուն խույս տվեց: Այն կտրեց չարքի մազերը և վերադարձավ ինձ: Տականքը սկսեց դողալ և բարձրացրեց գլուխը: Այդ շարժումը նշանակում էր մի բան՝ նա պատրաստվում է խլացնել ինձ ձայնով:
Փակիր ականջներս, - գոռացի ես:
Արեգը հասցրեց: Ես տեսա ինչպես ամբարուի բերանից դուրս եկան ձայնային օղակներ և տարածվեցին շուրջ բոլորը: Բայց, Տիրը ինձ պաշտպան, ես ոչինչ չլեցի: Վերջ, այս տականքը ինձ զզվեցրեց: Հարմար բռնեցի սուրս ու գնացի դրա կողմը: Չնայած «գնալը» մեղմ է ասված: Ամբարուի ձայնային ալիքին հակառակ շարժվելը նման էր բետոնե պատը առանց սարքերի ջարդելուն: Սովորական մարդը ոչինչ չէր կարող անել, սակայն իմ երակներով հոսում էր Տիրի ուժը:
Հաղթահարեցի վերջին մի քանի մետրը և արդեն ուզում էի հարվածել, երբ ամբարուն կտրուկ լռեց և ինքը հարձակվեց վրաս: Մի հարվածով ետ շպրտեց: Հազիվ կաորղացա ինձ պահել, որպեսզի չընկնեմ գետնին:
Օգտագործիր ցանցը, - լսեցի ականջակալներից:
Առանց քեզ էլ գիտեմ, - փնթփնթացի:
Չսպասեցի մինչև ամբարուն նորից հարձակվի: Սուրը նետեցի վրան ու արտասանեցի կախարդանքը.
Երեք շրջան, երեք անգամ:
Չարքը փորձեց ինձ վրա գալ, սակայն սուրը կանգնեցրեց նրան: Հիմա նա ստիպված էր պաշտպանվել սայրից:
Գրպանից հանեցի բարակ մետաղական ցանցը: Սուրն արդեն պտտվում էր երրորդ անգամ, եթե հիմա չհասցնեմ, ապա դրան վերացնելը կբարդանա:
Թող անտեսանելին դառնա տեսանելի, - գոռացի ես ու նետեցի ցանցը:
Վերջինս օդում լուսավորվեց կանաչ գույնով և ընկավ ամբարուի վրա: Չարքը ոռնաց ահասարսուռ ձայնով՝ զուր ջանալով դուրս պրծնել թակարդից: Ցանցը գամեց նրան գետնին, իսկ մետաղական թելերը վառեցին մաշկը:
Ահա և վերջ: Վերցրի սուրս և դանդաղ մոտեցա ամբարուին:
Հիմա ո՞վ ում կոչնչացնի, - հետաքրքրվեցի ես, - քեզ լիքը հաճելի ակնթարթներ են սպասում:
Տականքը ֆշշացրեց՝ փորձելով դուրս գալ, սակայն յուրաքանչյուր շարժում նրան ցավ էր պատճառում:
Ինչու՞ նրանք չեն կարող պարզապես մեռնել: Ես ատում եմ աշխատանքիս եզրափակիչ փուլը: Հետո ստիպված եմ լինում ժամերով լողանալ:
Հոգնած ծնկի իջա և սկսեցի ոչ այնքան հաճելի գործը: Կասկածում եմ, որ ամբարուի գոռոցները լսելի են լքված տարածքից դուրս:
Մեկ ժամ անց խարույկի կրակը բարձրանում էր մինչև երկինք: Ես կանգնած էի մի քիչ հեռու և նայում էի, թե ինչպես է բոցը խժռում չարքի մարմնի մասերը: Անտանելի հոտ էր: Ուզում էի անհապաղ հեռանալ այստեղից, սուզվել սառը ջրի մեջ և լվանալ վրայիցս ողջ կեղտն ու հոտը: Բայց չէի կարող: Պետք է սպասել մինչև ամբարուի հետքն էլ չմնա: Այդպիսին են կանոնները:
Հետաքրքիր էր, ի՞նչ էր տեղի ունենում չարքերի հետ մահից հետո: Մեզ ասում էին, որ նրանք գնում էին Սպանդարամետի մոտ՝ մահվան և դժոխքի աստվածուհու մոտ: Գուցեև այդպես էր: Հիմա էլ ոչ ոք չէր հիշում Արամազդի քրոջը: Այսինքն՝ Սպանդարամետի տունը կար, բայց աստվածուհու հետևորդները … նրանց շատ պայմանաական կարելի է հետևորդ ասել: Քանի որ Վահագնը թունավորել էր Սպանդարամետին մինչև աստվածները օժտել էին իրենց ուժով ընտրված մարդկանց, աստվածուհին պարզապես չէր կարող հետևորդներ ունենալ: Սակայն դարեր առաջ հայտնվել էին ինչ-որ մարդիկ, ովքեր պնդում էին, որ օժտված էին նրա ուժով: Իհարկե, Առաջինները չհավատացին, սակայն նրանք այնպես ըմբոստացան, որ քիչ էր մնում պատերազմ լիներ: Մյուս տների գլուխները ստիպված եղան ճանաչել նրանց որպես Սպանդարամետի հետնորդներ: Սակայն բոլորն էլ գիտեն, որ այնտեղ պարզապես կեղծարարներ են, շառլատաններ:
Ես սպասեցի, մինչև ամբողջը վառվեց, և միայն դրանից հետո լքեցի ամայի տարածքը:
Լավ հախից եկար, - խոսեց Արեգը, - բայց խոստովանե՞ց սպանությունները:
Կարծես չէիր լսում նրա ոռնոցները: Իհարկե, հապա փորձեր չխոստովանել:
Շատ լավ: Վաղը արի բազա, հաշվետվություն գրիր: Իսկ այսօրվա համար ազատ ես:
Ուզում էի ինչ-որ դիպուկ բան ասել, բայց չհասցրի: Ականջակալերում լսվեց խշխշոց և ճտճտոց: Հետո Արեգի դժգոհ ձայնը.
Մի րոպե, ի՞նչ եք անում:
Աղմուկը ուժեղացավ: Ես փորձում էի հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում, երբ լսեցի …
Սաթենիկ, ի՜նչ զիլ դրա հախից եկար, - Աբելն էր:
Հետո լսեցի Սմբատի ու Տրդատի ձայները: Մռայլվեցի: Չեմ հասկանում, բոլորը Արեգի մո՞տ են հավաքվել:
Ուսուցիչ, - աշակերտիս հրճվալից ձայնը ճեղքեց աղմուկը, - դուք հոյակապ վերջ տվեցիք այդ չարքին:
Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում:
Մի կողմ քաշվեք, - Թաբիի զայրացած ձայնը անհնար էր չճանաչել, - ի՞նչ եք հավաքվել ու Սաթին հոգնեցնում: Հլը եկեք գնանք բար, ես ձեզ ցույց կտամ՝ ոնց խույս տալ հերթապահությունից:
Նորից աղմուկ, խշխշոց և Արեգի ներողություն խնդրող ձայնը.
Կներես այս տափակներին: Նրանք միշտ են այդպիսին եղել: Սայան էլ ինքը ուզեց ներկա լինել քո որսին, որ տեսնի քո տեխնիկան մոտիկից:
Հաշվեցի մինչև տասը, որ ինչ-որ սուր բան չասեմ: Մնում էր ինչ-որ կաթնակեր կինոյի պես նայեր ոնց էի կռվում:
Պարզ է, - պատասխանեցի ես՝ մոտենալով մետրոյին, - շնորհակալ եմ օգնության համար:
Չարժե: Դա իմ աշխատանքն է:
Կհանդիպենք բազայում: Ես մտնում եմ մետրո:
Անջատեցի կապը և իջա ներքև: Կարծես թե հասցնում եմ վերջին գնացքին: Քարտը մոտեցրի սարքին, որպեսզի գումարը տանի, և անցա սպասման հարթակ: Երկար չսպասեցի, բայց ճանապարհը կտևի երեսուն րոպե:
Ես նստեցի ամենահեռու անկյունում, որ մարդկանց չգրավեմ ինձնից եկող բուրմունքով և տեսքով: Հանեցի հեռախոսս ու սկսեցի նոր հոդված գրել բլոգիս համար: Հետևորդներս վաղուց էին խնդրում, որ բացատրեմ սեռերը հին քիլիսերենում: Թեպետ թեման բարդ էր և ես բավականին հոգնել էի, կարողացա մատչելի լեզվով բացատրել տարբերությունները և կիրառությունը: Ողջ ճանապարհին ժպիտը դեմքիցս չէր իջնում, երբ կարդում էի շնորհակալ հետևորդներիս մեկնաբանությունները, ովքեր ոչ միայն շնորհակալ էին, այլև պահանջում էին, որ դասընթացներ վարեմ: Ի՞նչ դասընթացներ: Բլոգը պարզապես իմ հոբբին էր: Այն օգնում էր կտրվել աշխատանքիցս:
Երբ գնացքը մոտեցավ իմ կայարանին, ես վեր կացա ու աննկատ դիպա սրիս բռնակին:
Եղբայրս, ինչպես միշտ, դու իմ լավագույն գործընկերն ես, - շշնջացի ես:
Ի պատասխան խոսքերիս՝ զենքը ջերմացավ: