Chapter 3
Գլուխ 3
Քիլիսի «Բազե» որսորդական բազան գտնվում էր քաղաքի ծայրամասում՝ անտառի մոտ:
Ընկերուհիս շքամուտքի մոտ բերեց իր «գազանին» ու մեկնեց սաղավարտը:
Այնպիսի տեսք ունես, կարծես քեզ թույն եմ առաջարկում, - քմծիծաղեց նա:
Չփորձես արագ քշել, - զգուշացրեցի ես:
Եվ ի՞նչ կանես, եթե չլսեմ քեզ, - նա լեզու հանեց ու նստեց իր ձիու վրա:
Կթողնեմ քո հեռախոահամարը բոլոր ծանոթությունների կայքերում, - ասացի ես:
Նա ծիծաղեց: Դրեցի սաղավարտը գլխիս, նստեցի նրա ետևը ու ամուր բռնվեցի նրա գոտկատեղից:
Ի ուրախություն ինձ՝ Թաբին իրոք արագ չէր քշում: Ես մի քիչ թուլացա ու անգամ սկսեցի զննել քաղաքը, երբ անցանք Արամազդի տաճարը:
Իմ վերջին այցից այստեղ շատ բան է փոխվել: Առաջին հերթին՝ տնկել էին լիքը թփեր, ծառեր ու ծաղիկներ: Կարծես քաղաքը հայտնվել էր անտառում: Երկրորդ՝ հայտնվել էին նոր գեղեցիկ սրճարաններ, շինություններ և խանութներ: Թարմացրել էին փողոցների սալահատակը, ամեն անկյունում տեսախցիկներ կային: Քիլիսը դարձել էր սիրունիկ կատարյալ քաղաք: Կարծես երեկոյան և գիշերը այստեղ չէին վխտում սարսափելի արարածներ:
Փողոցներով շտապում էին հասարակ մարդիկ տարբեր տների ներկայացուցիչների հետ: Հարյուրամյակների ընթացքում նրանք սկսել էին շփվել միմյանց հետ և անգամ ընկերություն անել: Էլ չասեմ սիրային հարաբերությունների մասին:
Մենք անցանք Ամանորի տաճարի մոտով: Այնտեղ իսկապես կային այցելուներ, բայց ոչ այնքան, որքան Արամազդի տաճարում էր: Չգիտեմ ինչու, բայց բոլոր աստվածներից միայն Ամանորն էր ինձ թվում ամենաբարին ու հաճելին: Կամ էլ քանդակագործն էր նրան այդպես ստեղծել: Ամանորը կանգնած էր տաճարի մուտքի մոտ և ձեռքի ժեստով հրավիրում էր ներս: Մեջքի ետևում մեծ պարկ կար, որի միջից երևում էին տարբեր նվերներ, իսկ մյուս ձեռքում ցորենի հասկի փունջ էր:
Շուտով քաղաքային տեսարանները փոխվեցին: Մենք սլանում էինք անհարթ ճանապարհով: Տները քչացան, մարդիկ նույնպես: Ես նայում էի անտառներին ու տարօրինակ ցանկություն էի զգում մի կողմ գցել սաղավարտը և գնալ այնտեղ: Բնությունը տալիս էր ինձ էներգիա, հանգստություն և պարզ գիտակցություն: Իսկ եթե հորդառատ անձրև գար, ընտիր կլիներ.կանգնում ես տակը, իսկ նա լվանում է քո բոլոր խնդիրներն ու տագնապները: Ինձ չէին վախեցնում չարքերը կամ հնագույն արտեֆակտները: Առաջիններին պարզապես սպանում էի, իսկ երկրորդներից ինձ պաշտպանում էր դաջվածքը:
Քսան րոպեի ընթացքում հասանք բազային: Ես առաջինը հանեցի սաղավարտը և իջա մոտոցիկլետից: Երբ մենք հայտնվեցինք քաղաքի ծայրամասում, Թաբին արագացրեց տեմպը այն աստիճանի, որ ականջներումս քամին էր սուրում, իսկ սիրտս քիչ էր մնում դուրս պրծներ վախից: Չէ, ես հաստատ նրա հետ մի բան եմ անելու:
Ընկերուհիս հանեց իր սաղավարտը կարծես ոչինչ էլ չէր եղել, և հանգիստ կայանեց տրանսպորտի միջոցը:
Ի՞նչ, - հարցրեց նա՝ հայացք գցելով վրաս:
Ոչինչ, - փնթփնթացի ես, - հիշեցրու ինձ մյուս անգամ հետդ տեղ չգնալ մոտոցիկլետով:
Մի նեղվիր, - նա գրկեց ինձ ուսերից, - ես հատուկ չեմ արել: Խոստանում եմ, որ մյուս անգամ խելոք կլինեմ: Իսկ հիմա արի գնանք: Պետք չէ ուշանալ հենց առաջին օրը:
Թաբին թեթևակի քիթս քաշեց ու առաջինը գնաց բարձր ցանկապատից այն կողմ:
Որսորդների որջը գտնվում էր անտառի եզրին: Մոտակա ողջ տարածքը նույնպես պատկանում էր կազմակերպությանը: Շինությունը, որը կառուցված էր այստեղ, բավականին մեծ էր: Այն գետնից բարձր էր և ամրացված էր մետաղական սյուներով: Պայմանականորեն կարելի էր ասել, որ շենքը մեկհարկանի էր, քանի որ նրա տակ կային փայտյա փոքրիկ կառույցներ: Տանիքին դրված էր որսորդների նշանը սրի տեսքով և մակագրություն՝ «Բազե Սրճարան»: Ես նկատեցի շարժման սենսորներ և տեսախցիկներ: Նաև տեսա գրեթե աննկատ և անվնաս արտեֆակտներ և հմայիլներ: Բազան իսկապես լավ էր սարքավորված: Այստեղ անգամ մուկը չէր անցնի: Սակայն, գիտությունը տեղում կանգնած չէ: Լսել եմ, որ որսորդ-գիտնականները հիմա զբաղված են նրանով, որ փորձում են համադրել գերբնականը մարդկային սարքավորումների հետ: Նինում ես սեփական աչքերով եմ տեսել առաջին ազդանշանային ատրճանակի օրինակը: Նրա գնդակները օժտված են Տիրի ուժով: Չգիտեմ՝ որքան դրանք կլինեն արդունավետ որսի համար, սակայն դա առաջընթաց է:
Ինչ վերաբերվում էր ընդարձակ տարածությանը, ապա այստեղ Էրիկան ստեղծել էր իսկական սպորտային կոմպլեքս: Հյուսիսային հատվածում հեծանիվ քշելու ճանապարհներ էին, հարավում՝ հսկայական մարզման տարածք՝ մարզասարքերով: Արևմուտքում՝ այնտեղ, որտեղ ես ու Թաբին էինք, երկրորդ կայանատեղին էր, և փոքրիկ փայտյա տնակներ սեղաններով: Իսկ արևելքում լայն մաքրված դաշտ էր: Կարծում եմ, այնտեղ կարելի է վազել և մրցումներ կազմակերպել:
Լսիր, Նինում ոչ մի բազա այսպիսի տեսք չունի, ինչպես այստեղ է, - խոստովանեցի ես:
Իհարկե, - փնչացրեց Թաբին, - սա Էրիկայի ծնողներն են արել:
Ստացվում է Էրիկան անշնորհակալ դուստր է, եթե այս ամենից հետո հրաժարվում է շփվել նրանց հետ, - նկատեցի ես:
Մենք մոտենում էինք սրճարանին: Ես նկատեցի, որ դաշտում մարզվում էին աշակերտները մոխրագույն հագուստով: Նրանց վերահսկում էին մի քանի երիտասարդներ որսորդական կանաչ հագուստով:
Էրիկան կտրականապես հրաժարվում էր այս ամենից, - ցածրաձայն հայտնեց Թաբին, - ես ինքս եմ այնտեղ եղել, լսել եմ ոնց էր գոռում ու պահանջում ամեն ինչ հետ տանել: Միայն թե այդ սարքավորումներով եկել էր նրա եղբայր Միքայելը:
Եվ ի՞նչ, - չհասկացա ես:
Նա նորմալ հարաբերություններ ունի հետը: Եղբայրը համոզեց նրան: Ասաց. «Հիմար մի եղիր: Մտածիր քո ենթակաների մասին»:
Այդպես էլ ասա՞ց:
Ինքս եմ լսել: Այսինքն՝ բոլորն են լսել: Կարծում եմ, Էրիկան համաձայնեց ոչ այնքան եղբոր պատճառով, այլ մեզ համար: Նախկինում մեր բազան այսպես պաշտպանված չի եղել: Մի անգամ նույնիսկ վուշկապարիկ էր մտել:
Պատկերացնում եմ՝ ոնց էր «բախտը բերել»:
Էրիկան անձամբ է նրան մասնատել ու վառել:
Սանդուղքով սկսեցինք բարձրանալ սրճարան: Թաբիի ասելով՝ Էրիկան ողջ Նամրայի ամենամաքուր ղեկավարն է: Գուցեև այդպես է, սակայն այսքան տարի աշխատելուց հետո մի բան եմ հասկացել. բոլոր ղեկավարները ունեն իրենց տարօրինակություններն ու հակումները: Նինում շեֆս սիրում էր ամենաչնչին բանի համար պատժել աղջիկներին՝ սխալներ հաշվետվության մեջ, սխալ նայվածք, սխալ բան ասել … Պատիժները միշտ խուճուճ էին: Մի քանի անգամ ես անձամբ ստիպված եմ եղել մաքրել անտանելի կեղտոտ զուգարաններ: Իսկ հետո սովորեցի արագ և առանց սխալների գրել հաշվետվություն, գնալ բազա այն ժամանակ, երբ նա բացակայում է: Ինձ հետո պատմեցին, որ ուղիղ հարսանիքից առաջ նրան լքել է որսորդ կին: Եվ հիմա նա իր զայրույթը թափում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա:
Սաթի, ինքն իսկապես զիլ է, - լրջորեն ասաց Թաբին:
Ոչինչ չպատասխանեցի: Կապրենք, կտեսնենք:
Բարձրացանք փայտյա սանդուղքով: Թաբին հրեց ապակյա դուռը և ներս մտավ: Հետևեցի նրան: Չզարմացա, երբ հայտնվեցի բազմաթիվ սեղաններով, աթոռներով և բարով մեծ սրահում: Յուրաքանչյուր սեղանի վրա փոքրիկ ծաղկաման էր՝ դաշտային ծաղիկներով՝ երիցուկներ, զանգակներ և այլն: Ամեն ինչ երիտասարդական և մինիմալիստական ոճով: Սակայն ամենաշատը աչքի էին ընկնում հատակին հասնող ահռելի պատուհանները: Նրանք պանորամային տեսարան էին բացում դեպի քաղաք:
Մի քանի վայրկյան կանգ առա դրանց մոտ և հիացա ոչ միայն քաղաքի, այլև բնության գեղեցկությամբ: Այստեղ շատ հարմարավետ կլինի նստել երեկոները, փաթաթվել տաքուկ շալով, խմել տաք կակաո և նայել քաղաքի լույսերին: Գլուխս շարժեցի՝ հեռացնելով մտային գեղեցիկ պատկերները և շտապեցի ընկերուհուս հետևից: Նա գնաց ուղիղ բարի մոտ, որտեղ երկար մոխրագույն մազերով երիտասարդ մի կին սրբում էր բաժակները: Պարանոցին հաստ կաշվե զարդ էր մետաղական փշերով: Սպիտակ բլուզը՝ կիսատ թևերով, թաքցնում էր որսորդի դաջվածքը: Սակայն դա միակ դաջվածքը չէր: Ձեռքի վրա օձաձև պատկերված էր կամ վիշապ կամ օձ:
Թաբին մոտեցավ նրան և հենվելով բարի սեղանին՝ առույգ ասաց.
Է՜րիկա, ողջո՜ւյն: Տես, բերել եմ մեր նոր աշխատակցուհուն:
Է՞րիկա: Այս կինը, որը աշխատում է որպես բարմեն, իմ շե՞ֆն է: Հուսով եմ՝ դեմքս ոչինչ չի արտահայտում: Թաբին ինձ նախապես պատրաստել էր, բայց ոչ սրան: Առաջիններից մեկը կանգնած է բարում՝ գոգնոցը կապած: Ում պատմեմ, չեն հավատա:
Կինը մի կողմ դրեց սրբիչը և բաժակը: Նրա մոխրականաչավուն աչքերը փայլեցին:
Թող Տիրը պաշտպանի մեզ, - ասաց Էրիկան՝ ցուցամատը և միջնամատը սեղմելով ճակատին:
Թող Տիրը պաշտպանի մեզ, - կրկնեցի ես նրա խոսքերն ու ժեստը:
Նա ժպտաց:
Հուսով եմ, մենք լավ կաշխատենք միասին և կվերացնենք քաղաքը տականքներից, - նկատեց նա:
Ես էլ եմ հուսով, - գլխով արեցի ես:
Պահը բավականին պաթետիկ էր: Բարձր բարոյականության ու ինչ-որ զոհաբերության հոտ էր գալիս։ Ընկերուհիս չդիմացավ ու քմծիծաղեց: Իսկ Էրիկան աչքերը առաստաղին հառեց ու հանեց գոգնոցը:
Թաբ, մերոնց կանչիր, - ասաց նա, - կներկայացնենք Սաթենիկին: Իսկ հետո զբաղեցրու իմ տեղը: Գուցե այցելուներ գան: Ես էլ հակառակի պես ազատ օր եմ տվել բարմենին: Մենք գնանք Արեգի մոտ:
Մինչ մենք խոսում էինք, ձախի աննկատ դռնից դուրս եկան երկու աղջիկ: Նրանց կրծքին կախված էին բեյջիկներ՝ Լիա և Ալինա անուններով:
Աղջիկնե՜ր, ինչ ժամանակին եկաք, - ասաց Էրիկան, - ծանոթացեք մեր նոր որսորդի հետ: Սաթենիկն է:
Աղջիկները հերթով ձեռք մեկնեցին ինձ: Նրանք մի քիչ լարված էին, բայց դա հասկանալի էր՝ նոր մարդ կոլլեկտիվում: Ես փորձեցի առավելագույնս բարեհամբյուր երևալ:
Ալինա, մնա բարի մոտ, - հրահանգեց Էրիկան, - իսկ դու, Լիա, փակիր սրճարանը կես ժամով:
Աղջիկները շտապեցին կատարել հրահանգները, իսկ ընկերուհիս գնաց կանչելու կոլեգաներին: Ես ու Էրիկան էլ մտանք այն աննկատ դռնով, որով դուրս էին եկել մատուցողուհիները: Այն տանում էր դեպի լիքը դռներով ոչ մեծ միջանցք: Շատ նման էր գրասենյակային տարածքների, որոնք համակցված էին ծառայողական մասի հետ: Ամեն դռան մոտ ինչ-որ ցուցանակ կար, բայց ես չէի հասցնում կարդալ դրանք: Միջանցքում լուսավորվածությունը այնքան էլ ուժեղ չէր: Լավ էր, որ գոնե ոտքի տակն էր երևում:
Մենք հասանք ամենավերջին դռանը: Էրիկան բացեց այն և մտավ: Հետևեցի նրան: Առաջինը, ինչ տեսա, մինիմալիստիկ կահավորանքն էր: Կահույքից միայն մեծ սեղանն էր, իդեալական դասավորված թղթապանակներով և գրենական պիտույքներով, սև, պտտվող բազկաթոռ, մի քանի աթոռ և հսկա պահարան՝ հավանաբար փաստաթղթերի համար: Սեղանի ետևում մեծ պատուհան էր, որը դուրս էր գալիս դեպի հարավային կողմ: Պատերը մոխրագույն էին: Ամեն ինչ բավականին զուսպ էր և կոկիկ:
Նստիր, - խոսեց նա, - ոչինչ, չէ՞ որ միանգամից դու-ի անցնենք:
Իհարկե, - վստահեցրի նրան:
Նստեցի սեղանի շուրջ: Էրիկան տեղավորվեց իմ դիմաց և վերցնելով ամենավերևի դրված սև թղթապանակը՝ բացեց այն:
- Մեր Նինի կոլեգաները շատ լավ են գնահատում քո մասնագիտական գործունեությունը:
Չէի սպասում, որ նախկին կոլեգաներս այդքան «բարձր» կգնահատեն իմ աշխատանքը: Չնայած, վերջին տարվա իրադարձությունները հաստատ ազդել են դրա վրա: Նրանք հաստատ փորձել են «տպավորել» Էրիկային և միաժամանակ ազատվել ինձ նման խնդրից: Բացի այդ, իմ նոր շեֆը չէր կարող չիմանալ այն, ինչ տեղի էր ունեցել անցած տարի Որսորդների մրցումներից հետո:
Էրիկան հազաց ու շարունակեց.
Դե լավ, ոչ միայն Նինի կոլեգաները: Երբ Թաբին իմացավ, որ մեզ պետք են նոր որսորդներ, բառացիորեն սկսեց ինձ հետապնդել ու գովերգել, թե դու ինչ պրոֆեսիոնալ ես:
Հազիվ զսպեցի քմծիծաղս: Պատկերացնում եմ՝ ընկերուհիս ոնց է զզվեցրել նրան:
Իրականում, ես համոզվեցի դրանում, երբ տեսա քո կողմից սպանված չարքերի ցանկը, - ասաց նա:
Ինձ համար միևնույնն է ում սպանել, - թոթվեցի ուսերս, - չարքը չարք է մնում, մեծ է, թե՝ փոքր:
Լիովին համաձայն եմ քեզ հետ, - գլխով արեց նա, - երևի Թաբը պատմել է, որ հիմա չարքերի ակտիվացում է նկատվում: Մենք որքան հնարավոր է, շատ որսորդների կարիք ունենք: Ուսումնական տարվա վերջին Թաբին սպանել է կրքի դրուջին: Պատկերացնու՞մ ես, այդ տականքը համալսարանում էր ու չգիտեմ՝ քանի հոգու էր վնասել: Մենք մինչև հիմա փորձում ենք գտնել այդ երիտասարդներին:
Սա ցավալի ինֆորմացիա էր: Մենք ամեն ինչ անում ենք չարքերին վերացնելու համար, սակայն մի բան չենք կարող ղեկավարել՝ զոհերին: Որոշների «բախտը» չի բերում. նրանք մահանում են տականքների ճանկերից: Իսկ մյուսները … մյուսները միգուցե ավելի վատ վիճակում են հայտնվում: Տուժում է հատկապես իգական սեռը, այն էլ՝ կրքի դևերի ձեռքից: Վերջիններս կարող են տարիներով ստիպել ունենալ սեռական հարաբերություններ իրենց հետ: Անգամ եղել են դեպքեր, երբ աղջիկները ամուր մենթալ առողջություն են ունեցել և չեն ենթարկվել դևերի կախարդանքին: Այդ ժամանակ նրանք ենթարկվել են սեռական բռնության: Ես անձամբ շփվել եմ այդպիսի մի քանի աղջիկների հետ ու պատկերացում չունեմ, թե ոնց են նրանք ապրում հիմա: Ախր այդ հիշողությունները հեշտ չէ ջնջել ուղեղից:
Բացի այդ, հիմա Նամրայում գնալով ավելանում է լարվածությունը, - շարունակեց Էրիկան: Նրա հայացքը մռայլվեց, - քաղաքականությունը վերջին բանն է, որ կուզենայի խորանալ, բայց, ցավոք, դա կարող է ազդել մեր գործունեության վրա:
Ապստամբների մասի՞ն է խոսքը, - հարցրեցի ես:
Այո: Առայժմ ոչ մի սարսափելի բան չկա, բայց ուզում եմ, որ տեղյակ լինես: Մենք ստիպված կլինենք կազմակերպել քաղաքի մոնիթորինգ, որի շրջանակներում մաքրելու ենք Քիլիսը ոչ միայն չարքերից, այլ նաև փորձելու ենք կանխել ու բռնել ապստամբների լրտեսներին:
Ինչպե՞ս:
Լավ հարց էր, - քծնեց Էրիկան ու սկսեց պտտվել բազկաթոռի վրա, - ես էլ չգիտեմ, բայց այդպես են ուզում Առաջինները:
Վերջին բառը նա արտասանեց զզվանքով: Ես խոհեմաբար լռեցի:
Ինչևէ, - փոխեց թեման շեֆը, - դրա մասին հետո կխոսենք, երբ ժամանակը գա: Իսկ հիմա ուզում եմ առաջարկել քեզ որպես լրացուցիչ աչք մտնել համալսարան: Փորձը ցույց է տալիս, որ եթե մի անգամ չարքը կարողացել է թափանցել այնտեղ, կանի դա երկրորդ անգամ էլ: Չէի ցանկանա, որ Թաբը մենակ լինի: Կարող ես ընտրել ցանկացած բաժին: Համալսարանի ռեկտորը թոշակի անցած որսորդ է, նա կընդառաջի, քանի որ հետաքրքրված է ուսանողների անվտագնությամբ:
Խելացի բան էր ասում: Միայնակ աշխատող որսորդը կարող էր վտանգի ենթարկել իր կյանքը: Բայց ի՞նչ բաժին ընտրել: Նինում ես սովորել եմ հոգելեզվաբանություն, գիտեմ նիներեն, ամրէերեն և հին քիլիսերեն: Այս ամենը սովորել եմ որպես նախասիրություն, որպեսզի կտրվեմ ծանր իրականությունից: Որպես նախասիրություն էլ համացանցում բլոգ եմ բացել, որտեղ կիսվում եմ լեզվական գիտելիքներով: Ի զարմանս ինձ՝ հավաքվեց բավականին մեծ լսարան: Եթե նախկինում ես փոստեր էի անում զուտ, երբ ժամանակ ու հավես ունեի, ապա հիմա պարզապես պարտավոր եմ, քանի որ մարդիկ սովորում են իմ նյութերով: Սրանից ելնելով՝ ինձ միշտ հետաքրքրում էր՝ ինչ լեզուներ են եղել մինչև աստվածային պատերազմը …
Իսկ համալսարանում կա՞ հին լեզուների բաժին, - հետաքրքրվեցի ես:
Կարծես թե կա, - պատասխանեց Էրիկան, - ես կճշտեմ:
Եթե լինի, այդ բաժինը հարմար է:
Շատ լավ: Այդ հարցը ճշտեցինք:
Նա հանեց թղթապանակից այլ փաստաթղթեր ու մեկնեց ինձ:
Ուրեմն, մեզ մնում է միայն ստորագրել պայմանագիրը: Սարքավորումները քեզ կտա մեր հաքերը և իմ տեղակալը:
Աչքերով անցա տեքստի վրայով: Երեք տարին հաստատված ժամկետ է: Հետո, եթե ինձ լավ դրսևորեմ, պայամանագիրը կերկարացնեն: Հետո ցուցակով գրված էր, որ չէր կարելի վնասել գույքը, բարեխղճորեն կատարել աշխատանքը, լսել ղեկավարությանը … Ես ստորագրեցի: Նույնը արեց Էրիկան և տվեց պայմանագրի մեկ օրինակը ինձ:
Դե ինչ, գնանք Արեգի մոտ, - ասաց նա:
Արեգը գտնվում էր տառացիորեն հարևան սենյակում: Վերջինս բավականին մթոտ էր և մռայլ: Միակ պատուհանը փակված էր սև գույնի վարագույրներով: Լույսի աղբյուր էր հանդիսանում մի քանի համակարգիչների էկրաններից եկող լույսը, ինչպես նաև սեղանի լամպը: Բայց չնայած կիսախավարին. ես կարողացա նկատել, որ սենյակը մաքուր էր, առանց ավելորդությունների: Դռնից աջ գրապահարան էր՝ ապակյա դռնակներով: Դրանց միջից տեսա այբբենական կարգով դասավորված թղթապանակներ: Վերջինս նկատեցի, երբ Էրիկան բացում էր աշխատասենյակի դուռը:
Հաքերը նստած էր ամենամեծ համակարգչի դիմաց և լարված հետևում էր ինչ-որ բանի: Մոտենալով՝ տեսա, որ դա Քիլիսի ծայրամասն է:
Արեգ, մի րոպով կտրվիր , - խոսեց Էրիկան:
Նա շրջվեց: Արեգը երեսունին մոտ երիտասարդ տղամարդ էր՝ կիսակլոր ակնոցներով: Ականջին փայլեց գրեթե աննկատ օղը: Մազերը երկարավուն էին, բայց չէին հասնում ուսերին: Մազափնջերից մի քանիսը անփութորեն հավաքված էին գլխի վերևի հատվածում: Դարչնագույն աչքերը դժգոհ նայում էին կնոջը:
Հիշեցի, որ Թաբին ներկայացրել էր մեզ իրար: Ճիշտ է, դա մի քանի տարի առաջ էր և արտաքնապես որոշ բաներ փոխվել էին, սակայն, չգիտես ինչու, հենց այսպես էլ պատկերացնում էի նրան: Թեպետ զգացվում էր, որ երեսունին մոտ է, սակայն ողջ կերպարը, անփույթ հագած սպիտակ շապիկն ու սև տաբատը հիշեցնում էին ինձ դեռահասության տարիքի պատանու: Կարծես թե Թաբին ճիշտ էր. հաքերը իսկապես հոգեբանական աջակցության կարիք ունի:
Ի՞նչ է պատահել, - հարցրեց նա:
Չհասկացա, սա ի՞նչ դժգոհ հնչերանգ է, - հարցին հարցով պատասխանեց Էրիկան և հոնքերը կիտեց, - ես նոր որսորդ եմ բերել:
Երիտասարդը ինձ նայեց: Դեմքի մռայլ արտահայտությունը մեղմացավ, և նա թեթևակի ժպտաց: Ես կրկօրինակեցի նրա ժպիտը: Հաքերի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ: Նրանից շատ բան է կախված:
Կներեք, ես հետևում էի Քիլիսի ծայրամասում տարօրինակ անհետացումների հետքերին, - բացատրեց նա, - կարծում էի, որ գտա՝ որտեղ են անհետանում մարդիկ ...
Լա՛վ, էլ մի՛ բացատրիր, - ընդհատեց նրան Էրիկան, - բայց հաշվի առ, որ մեկ-մեկ պետք է կտրվել գործից:
Ոնց ասեք, ղեկավար Էրիկա, - Արեգը ավելի լայն ժպտաց:
Ղեկավարը աչքերը առաստաղին հառեց:
Մնում է աստվածները ինձ ուժ տան՝ ձեզ բոլորիդ դիմանալու, - ասաց նա, հետո լրջացավ. – Սաթենիկին տուր ողջ սարքավորումները, ու եթե գործ լինի, ուղղորդիր:
Խնդիր չկա, - պատասխանեց հաքերը, հետո նորից նայեց ինձ ու ասաց. - Կարծես թե մենք արդեն ծանոթ ենք, այնպե՞ս չէ: Հիշում եմ՝ ոնց էր Թաբին մանյակի պես փայլող աչքերով վազվզում ու բոլորիս հետ ծանոթացնում:
Փորձեցի զսպել քմծիծաղս: Ճիշտ էր ասում: Մի քանի տարի առաջ ընկերուհիս ֆիքս գաղափար ուներ՝ բոլորը պիտի իմանան իմ մասին: Մեկ-մեկ ինձ թվում է, որ հատուկ է այդպես արել: Այսպես ասած հող է պատրաստել, որ մի օր վերադառնամ Քիլիս:
Ըհըն, մի քանի տարի առաջ, - ասացի ես:
Ի վերջո, չդիմացանք ու երեքս էլ ծիծաղեցինք: Կարծում եմ երկուսն էլ լավ հիշեցին մրցումների այդ օրը ու ընկերուհուս ոգևորությունը: Չնայած, եթե Թաբին էլ չլիներ, անցած տարվա մրցումների կատարվածով հաստատ ինձ կճանաչեին:
Լավ, զրույցները մի քիչ հետաձգենք, - ասաց Էրիկան, նայելով ժամացույցին, - հենց վերջացնեք, եկեք սրահ:
Նա ճիշտ է: Ժամանակը թանկարժեք ռեսուրս է, հատկապես որսորդների համար:
Երբ Էրիկան գնաց, Արեգը ասաց.
Դե ինչ, Սաթենիկ, արի գնանք տեսնենք՝ ինչ եմ քեզ տալու:
Նա մեկնեց ձեռքը և վերցրեց պատին հենած ձեռնափայտը: Հետո վեր կացավ ու հենվելով նրա վրա՝ առաջինը դուրս եկավ աշխատասենյակից: Ես դուրս եկա նրա ետևից՝ հույս ունենալով, որ դեմքի ոչ մի արտահայտությունով ցույց չեմ տվել … ոչ մի հույզ:
Արեգը փակեց իր աշխատասենյակը և առույգ կտկտացնելով ձեռնափայտով գնաց միջանցքի մյուս ծայրը: Ես մի փոքր ետևից էի գնում՝ հարմարվելով նրա տեմպին: Ճիշտն ասած, քայլելիս նա շատ էր նման ճնշված պատանու: Մի պահ խղճահարությամբ լցվեցի նրա հանդեպ: Չեմ կարող պատկերացնել, թե նա ինչ էր զգում, երբ նախկինում գործող որսորդ էր, իսկ հիմա սահմանափակված էր: Չէ, պետք չի մտածել դրա մասին: Հակառակ դեպքում հաքերը կտեսնի այդ խղճահարությունը: Չնայած, ուշադիր զննումից հետո հասկացա, որ երիտասարդը բավականին բարձրահասակ էր, ձիգ ու լայն ուսեր ուներ: Միայն թե քայլում էր ընկճված:
Նա բացեց ձախից երկրորդ դուռը և այս անգամ թողեց, որ ես առաջինը մտնեմ: Երբ վառեց լույսը, տեսա պահարաններ և սեղաններ՝ լի տեխնիկայով:
Տեսնենք առկա ինչ ունենք, - խոսեց Արեգը և սկսեց, որքան հնարավոր է, արագ հանել սարքեր ու հմայիլեր:
Այ սա, - նա մեկնեց ինձ փոքրիկ անլար ակնաջակալը, - ամենակարևոր առարկան է: Երբեք ականջիցդ չհանես և հսկիր, որ միշտ լիցքավորված լինի:
Ես վերցրի այն և միանգամից դրեցի ականջիս մեջ: Որսի ժամանակ հաքերը ուղղորդում էր որսորդին և, անհրաժեշտության դեպքում, հեռավար օգնում էր: Հիմնականում, ձայնն էր խլացնում, ակտիվացնում ինչ-որ հմայիլներ կամ օգնության էր ուղարկում այլ որսորդի:
Սուրը քեզ հետ է, այնպես չէ՞, - ճշտեց նա:
Այո, բերել եմ Նինից, - գլխով արեցի ես:
Ուրեմն քեզ պետք կգան ցանցեր և փոքրիկ դանակներ …
Նա բացեց պահարաններից մեկի դուռը ու սկսեց փնտրել անհրաժեշտ իրերը:
Ընդհանրապես, սրերը գործող որսորդների մոտ փոխանցվում են սերնդե սերունդ: Իմ սուրը պատկանում էր կենսաբանական հորս: Երբ ընդունվեցի որսորդական դպրոց, այն վերադարձրին ինձ: Սուրը անմիջապես ճանաչեց ինձ որպես տեր: Այն ժամանակ ես չէի հասկանում իմ կախարդանքի մեխանիզմը: Իսկ հիմա գիտեմ: Սուրն օժտված է Տիրի ուժով և զգալով նույն ուժը իմ մեջ՝ այն կարծես «ցնծում» է: Սա դժվար է բացատրել, բայց մենք սկում ենք «զրուցել» ինչ-որ կախարդական մակարդակով:
Ամեն ինչ այլ կերպ է, եթե որսորդը սերնդե-սերունդ չի գալիս, այլ պարզապես այդպիսին է ծնվում: Այդ ժամանակ սուրը պիտի ինքը ընտրի իր տիրոջը: Ես անձամբ ներկա եմ եղել, երբ որսորդը քայլում էր մի քանի սրերի առջև, և դրանցից մեկը արձագանքեց նրա ուժին: Նման պահերին բոլորը ուրախանում են, քանի որ այդ սրերը կորցրել են իրենց տերերին ինչ-ինչ պատճառներով, իսկ հիմա կարծես վերագտել են: Ցավոք, այդպես էլ է պատահում:
Ահա, վերցրու, այստեղ ողջ հավաքածուն է ...
Դուրս լողացի մտքերիցս, վերցրեցի հաքերի մեկնած տուփը ու խնամքով դրեցի պայուսակիս մեջ:
Հիմա անդրադառնանք հմայիլներին, - ասաց նա, - ցավոք, հիմա շատ բան չունենք առկա: Կտամ այն, ինչ ունենք, իսկ մնացածը՝ երբ ստանանք:
Նա սկսեց փնտրել սեղանի դարակներում:
Դրանք ինձ առայժմ պետք չեն, - շտապեցի վստահեցնել ես, - կարող եմ սպասել, երբ բոլորը լինեն …
Ոչ-ոչ, - ընդհատեց նա ինձ, - ես չեմ կարող քեզ թողնել առանց պաշտպանության: Ահա, գտա …
Նա սեղանին դրեց երեք հմայիլ: Առաջինը վառ կապույտ գույնի քարով վզնոց էր: Ես լավ ճանաչում էի նրան: Այն պաշտպանում էր դևերի և արական սեռի այլ չարքերի ազդեցությունից: Երկրորդ հմայիլը շղթաներով ապարանջանի էր նման: Շղթաները երկաթյա էին: Ըստ էության, սա չի կարելի հմայիլ անվանել, քանի որ այդ շղթաները հեշտությամբ հանվում են և վերածվում ալերի դեմ զենքի: Երրորդ հմայիլը սովորական քար էր, որը պաշտպանում էր Անահիտի տան ներկայացուցիչներից: Ցավոք, եղել են դեպքեր, երբ նրանք խառնվել են որսորդների անձնական կյանքին և ներշնչել են որոշակի գաղափարներ:
Ես դրեցի հմայիլները պայուսակիս մեջ:
Էլի ինչ-որ բան կա՞, - հարցրեցի ես:
Ոչ, առայժմ այսքանը, - պատասխանեց Արեգը, - մնաց ձևական մասը՝ ստորագրել հանձնման-ընդունման ակտը և վերջ:
Վերջին դարակից նա հանեց թղթերը, ստորագրեց և մենկնեց ինձ: Ես նույնպես թողեցի իմ ստորագրությունը և իմ օրինակը դրեցի պայուսակ:
Ե՞րբ կարող ես անցնել աշխատանքի, - հարցրեց նա:
Որքան հնարավոր է շուտ, - ասացի ես:
Հիանալի է: Այդ դեպքում քեզ համար առաջադրանք կա այս երեկոյի համար:
Անհամբեր սպասում եմ:
Պատասխանս մի տեսակ արյունարբու հնչեց, ինչի պատճառով Արեգը ծիծաղեց:
Ոչի՞նչ, որ ես միանգամից դու-ի անցա: Մեր կոլեկտիվում երբեք չենք խոսել պաշտոնական ոճով, քանի որ գրեթե բոլորս հասակակիցներ ենք: Այդպես ավելի հեշտ է աշխատել, - խոսեց նա:
Իհարկե, ոչինչ: Ես ինձ հարյուրամյա չարք կզգայի, եթե այդպես լիներ:
Օ՜, քո կատակները հաստատ մերոնց դուր կգան, - ժպտաց նա, - դե ինչ, գնանք սրահ: Հաստատ մեզ արդեն սպասում են:
Նորից դուրս եկանք միջանցք: Արեգը փակեց դուռը, և մենք միասին գնացինք սրահի ուղղությամբ: Որքան մոտենում էինք, այնքան ձայները ավելի բարձր էին հնչում: Ես հասկանում էի, որ առաջին օրը պիտի լինեմ ուշադրության կենտրոնում, բայց … Ինձ լավ չզգացի, երբ Արեգը սրահ տանող դուռը բացեց, ու ես տեսա մարդկանց քանակը: Մի պահ թվաց, որ նորից Որսորդների մրցումներին եմ մասնակցում:
Սրահում մեզ սպասում էին որսորդներ և աշակերտներ: Բացի այդ, կային նաև սրճարանի աշխատողները՝ երկու մատուցողուհիները, որոնց արդեն գիտեմ, երկու խոհարար՝ կին և տղամարդ: Հիշեցի, որ Էրիկան բաց էր թողել բարմենին: Ստացվում էր՝ նրա հետ առանձին ծանոթություն պիտի ունենամ:
Բոլոր որսորդների դեմքերը ծանոթ էին, սակայն հայացքով գտա Թաբիին ու շեշտակի նրան նայեցի: Նա թեթևակի ժպտաց, կարծես դրանով փորձում էր աջակցել: Աշակերտները տասն էին: Նրանց հեշտ կարելի էր ճանաչել մոխրագույն սպորտային կոստյումներից: Բոլորը տարբեր էին՝ մեկի աչքերը աղվեսի տեսք ունեին, մյուսի մաշկը այնքան մուգ էր, կարծես արևը այրած լիներ, երրորդը՝ ընդհակառակը, այնքան գունատ էր, կարծես քարանձավից նոր էր դուրս եկել …
Մինչ աստվածային մեծ պատերազմը, Նամրայում ապրում էին տարբեր ազգություններ: Այդպես են նշում գրեթե բոլոր պատմաբանները: Պատերազմից հետո այնքան քիչ մարդ էր մնացել, որ բոլորը համախմբվեցին մեկտեղ և Առաջինների ղեկավարության ներքո ստեղծեցին մեկ համայնք՝ երեք խոշորագույն քաղաքները և փոքր գյուղերը: Դարերի ընթացքում ջնջվեցին բոլոր հակասությունները, մինչպատերազմյան խտրականությունները և հիմա մոռացվել է այն փաստը, որ ինչ-որ ժամանակ մարդիկ ապրել են տարբեր երկրներում և ունեցել են տարբեր լեզուներ: Այլևս նշանակություն չունեին ոչ մաշկի գույնը, ոչ աչքերի կտրվածքը: Բոլորս հավասար էինք: Առաջինները կարողացան ապահովել բոլորիս համար այդ պայմանները:
Էրիկան կանգնած էր որսորդների հետ: Երբ մեզ տեսավ, շրջվեց ու բարձր ասաց.
Կոլեգաներ, մի րոպե ուշադրություն եմ խնդրում: Մենք նոր աշխատակից ունենք՝ Սաթենիկ Ասլանյանը՝ Նինից: Նա կաշխատի մեզ հետ հաջորդող երեք տարիներին: Հավանաբար, Թաբին արդեն հասցրել է ծանոթացնել ձեզ նրա հետ Որսորդների խաղերին, բայց եկեք չխախտենք պաշտոնական արարողությունը ու մի անգամ էլ ներկայանանք:
Բոլորը, անգամ սրճարանի աշխատողները, ցուցամատը և միջնամատը հպեցին ճակատներին՝ ի նշան ողջույնի: Մեխանիկորեն կրկնեցի ժեստը: Այսպիսի ուշադրությունը ստիպեց ինձ վերհիշել մեկ տարի առաջ կատարվածը:
Տիրը քեզ պահապան, - միասին ասացին նրանք:
Որսորդները չորսն էին՝ չհաշված Թաբիին: Քիլիսի պես քաղաքի համար դա չափազանց քիչ էր: Հիշեցի ընկերուհուս խոսքերը: Շուտով այստեղ կբացեն ևս մեկ բազա: Այսինքն՝ որսորդները կավելանան:
Էրիկա, ես քեզ վաղուց էի ասում, որ մեր բազան իգական սեռի կարիք ունի, - քմծիծաղեց բարձրահասակ, սև մազերով երիտասարդը:
Խորամանկ մուգ ու շեղ աչքերը ուշադիր ինձ էին հետևում, կարծես փորձում էին ինչ-որ գաղտնի իմաստ փոխանցել: Լարեցի հիշողությունս:
Աբել Արդարադատյան:
Փաստորեն այս չափից դուրս բարձրահասակ և սևավորված երիտասարդը Լուսինեի թոռն է: Դեմքին խաղում էր թեթևակի ժպիտը: Նրա ձեռքին բաժակ էր, ինչ-որ մուգ դարչնագույն խմիչքով: Նրա երկար ու բարակ մատները բավականին անփութորեն էին բռնել բաժակը: Այնպիսի տպավորություն էր, որ հիմա ձեռքից կընկնի ու կջարդվի: Զգալով հայացքս՝ նա բարձրացրեց ձեռքինը ու սալյուտ արեց: Ուզում էի պատասխանել, բայց ինձնից առաջ ընկան:
Աբելը ուզում էր իրեն հավասար հակառակորդ գտնել, - աչքով արեց թիկնեղ ու մկանուտ տղամարդը՝ Խաչիկը, - մենք այնքան էլ նրան չենք համապատասխանում:
Լուսինեի թոռը աչքերը առաստաղին հառեց ու թատերական հոգոց հանելով՝ նստեց սեղաններից մեկի շուրջ:
Գլուխս մի տար, - փնչացրեց նա, - ուզեմ՝ մի շնչով քեզ կտապալեմ:
Հաա՞, - զարմացավ տղամարդը, - բա վերջին անգամվա մենամարտը ի՞նչ էր:
Ինչքան հիշում եմ, Խաչիկը քեզ տապալեց, - ինքնագոհ ժպիտով խոսեց փարթամ մորուքով երիտասարդը՝ Տրդատը, ինչպես հուշեց հիշողությունս, - ափսոս, հեռախոսը ձեռքիս չէր, դեմքիդ արտահայտությունը ուղղակի աղերսում էր ողորմել:
Այ, լավ հիշեցրիր հեռախոսի մասին, - հանդուգն ժպտաց Աբելը, - անցած շաբաթ քեզնից մի հետաքրքիր կադր եմ արել, կարծում եմ շատերին կհետաքրքրի տեսնել քո … լավ, չեմ արտահայտվի, այստեղ փոքրիկներ կան:
Երիտասարդը հանեց բջջայինը և սկսեց թերթել: Գնալով տարակուսանքս ավելանում էր: Չէի հասկանում՝ ուր եմ ընկել՝ լուրջ որսորդական բազա, թե ծաղրածուների ակումբ:
Վերջացրեք այս կրկեսը, - զայրացավ Էրիկան, - ի՞նչ կմտածի մեր մասին Սաթենիկը:
Առնվազն կկասկածի՝ արդյո՞ք ճիշտ տեղ է ընկել, - պատրաստակամ միջամտեց դարչնագույն մազերով տղամարդը:
Նրա անունը չկարողացա հիշել, որքան էլ փորձեցի: Ենթադրեցի, որ Սմբատն է:
Էրիկան գլուխը տարուբերեց, կարծես ուզում էր ասել՝ «ի՞նչ անեմ այս տափակների հետ»:
Սաթի, - խոսեց Թաբին, - այս պահից պիտի հաշտվես, որ քեզ շրջապատում են հիմարներ:
Թաբուշիկ, թանկագինս, - կասկածելի փաղաքշական տոնով խոսեց Խաչիկը, - հո չե՞ս հիվանդացել: Որտե՞ղ ես հիմարներ տեսնում:
Կարծես թե տեսիլքների մեջ է, - մտահոգված ասաց Տրդատը, - քեզ շտապ պետք է հանգստանալ և դեղ խմել:
Տղամարդը քնքշորեն գրկեց Թաբիի ուսերը ու թեթևակի հրեց բարի կողմը: Ընկերուհիս հանգիստ նայեց նրան ու … հանկարծ պտտվեց և հարվածեց նրա որովայնին: Տղամարդը անսպասելիությունից աչքերը չռեց:
Տրդատիկ, - խոսեց ընկերուհիս, - հիշեցրու ինձ մյուս անգամ աչքերի կաթիլներ բերել քեզ համար: Վախենամ, տեսողությունդ ահագին ընկել է:
Եթե չտեսնեի ներկաների ժպիտները և դրան հաջորդող ծիծաղը, կմտածեի, որ կոլեկտիվում հարաբերությունները այնքան էլ լավ չէին: Բայց … նրանք երկար տարիներ աշխատել են իրար հետ և մեկ ընտանիքի պես դարձել: Մի պահ նախանձի սերմը գլուխ բարձրացրեց: Նինում նման բան չկար: Եվ զարմանալի չէ, որ այնտեղ ոչ մի գործընկեր չդարձավ ինձ ընկեր:
Սաթենիկ, բարի գալուստ խելագարների ակումբ, - ժպտաց դարչնագույն մազերով երիտասարդը ու ձեռքը մեկնեց, - Սմբատ:
Սեղմեցի այն: Հետո նույն արարողությունը կրկնեցի մյուսների հետ և ամեն մեկին ասացի, որ շատ ուրախ եմ: Էրիկան խիստ հայացքով վերահսկում էր գործընթացը: Զգում էի, որ նրա ներկայությունը սահմանափակում էր որսորդներին:
Հետո առաջ եկան աշակերտները: Արտաքնապես տասնչորսից-տասնյոթ տարեկան էին: Նամրայի օրենքներով՝ լրիվ երեխաներ: Սակայն նրանք ապագա որսորդներ էին, իսկ դա նշանակում էր, որ դեռ մանկուց ստանում էին համապատասխան ուսում և մանկության համար ժամանակ էլ չունեին: Սեղմում էի նրանց ձեռքերը և մտովի վերադառնում այն տարիները, երբ նրանց տարիքում էի ու այդպիսի վախեցած հայացքով նայում էի փորձառու որսորդներին: Գրողը տանի, մի՞թե այդքան մեծացել եմ, որ հիմա ինձ են այդպես նայում:
Հերթը հասավ աղվեսի աչքեր ունեցող երիտասարդին: Տղան չսեղմեց ձեռքս, այլ խոնարհվեց ու նորից սեղմեց ցուցամատը և միջնամատը ճակատին:
Ես ապշահար նայեցի մերթ նրան, մերթ Էրիկային: Վերջինս ասաց.
Օ՜հ, կներես, Սաթենի՛կ, մոռացա քեզ ասել, որ բացի հիմնական պարտականություններից քեզ կցել եմ նաև մի աշակերտ: Մենք շուտով երեխաների նոր խումբ ենք ունենալու, որոնց պիտի կրթենք, իսկ ձեռքերը, ինչպես տեսնում ես, շատ չեն:
Մտքումս հաշվեցի մինչև տասը: Հուսով եմ՝ դեմքիս վրա ոչ մի մկան չձգվեց: Բայց ներքուստ … ներքուստ ուղղակի ուզում էի ձայնս գլուխս գցել ու պահանջել, որ նման բան չանեն: Ե՞ս ու ուսուցի՞չ: Այսինքն՝ այնպես չէր, որ չէի սովորեցնում իմ բլոգի ահռելի քանակի հետևորդներին: Բայց դա մի բան էր, իսկ իրական կյանքում սովորեցնելը լրիվ ուրիշ բան էր:
Իհարկե, ես զսպեցի պոռթկումս: Չի կարելի առաջին օրը պահանջներ ներկայացնել շեֆին:
Էրիկան ձեռքը դրեց տղայի ուսին ու ընկերական գրկեց:
Նրա անունը Սայա է, - ասաց նա, - չզարմանաս նրա տարօրինակ վարքագծից: Սայայի ընտանիքը դարեր ի վեր պահում է մինչպատերազմյան ավանդույթները: Շատ ընդունակ տղա է, ոչ մի խնդիր հետը չես ունենա:
Ազնիվ խոսք, այդ պահին բոլորի հայացքները մեզ էին գամված: Երևի սպասում էին, որ հիմա վեճ կսկսեմ: Դրա փոխարեն շեշտակի նայեցի պատանու աչքերին:
Հաճելի է ծանոթանալ, Սայա, - մեկնեցի ձեռքս, - հուսով եմ՝ լավ կաշխատենք, ու դու լավ որսորդ կդառնաս:
Աբելը փնչացրեց:
Օ՜, ուսուցի՛չ, ես լավ կսովորեմ, - խոսեց Սայան ու նորից խոնարհվեց, - ես արդեն անցել եմ տեսական մասը և զբաղվում եմ ֆիզիկական և մոգական վարժանքներով:
Մեկնածս ձեռքը օդում մնաց: Խնդիրներս քիչ էին, ևս մի գլխացավանք ավելացավ:
Հը՜մ, լավ է, - չգիտեի ինչ ասել, - մենք ավելի ուշ կքննարկենք քո դասապրոցեսը:
Այո՛, ուսուցի՛չ:
Ծանոթության մնացած հատվածը անցավ քիչ թե շատ խաղաղ: Բացառությամբ նրա, որ իմ նորաթուխ աշակերտը կողքիս սոսնձված էր: Գրողը տանի, ես բացարձակ չէի ուզում, որ հետևիցս պոչ լիներ:
Ամենավերջում ծանոթացա խոհարարների հետ: Պարզ ու համեստ մարդիկ էին, ովքեր խոստացան ինձ լավ կերակրել, որ ուժ ունենամ կռվելու: Ժպտացի: Ակամայից հիշեցի Էդուարդին ու Անիին: Իմ ամեն որսից հետո լավ սեղան էին գցում, որ ուժերս վերականգնեմ:
Վերջ, ծանոթությունն ավարտված է, - ասաց Էրիկան, - անցեք գործի:
Էրիկա, հազիվ նոր մարդ ենք տեսել, թող գոնե հետը մարդավարի շփվենք, - ձայն հանեց Աբելը, - մեր ականջները պահանջում են իմանալ նորություններ: Արդեն հոգնել ենք պստլոների աղերսանքից ու չարքերի գոռոցներից:
«Պստլոները» զգալի ընկճվեցին ու ետ-ետ գնացին: Հետ ընկրկեց նաև Սայան:
Բավական է, - ձևականորեն խիստ ընդհատեց շեֆը, - անցեք գործի: Դրա համար կա աշխատանքից դուրս ժամանակ:
Որսորդները հոգոց հանեցին: Խաչիկը ձեռքը դրեց Արեգի ուսին ու ասաց.
Է՛հ, ախպե՛րս, գնա՛նք: Կյանքը դաժան է:
Ներկաները կամաց-կամաց ցրվեցին:
Սաթենի՛կ, դու մեզ պարտք ես մի լավ խնջույք, - աչքով արեց Աբելը ու խորամանկորեն ժպտաց:
Հետաքրքիր է: Չեմ հասցրել անցնել աշխատանքի, արդեն պարտք եմ: