Chapter 2
Գլուխ 2
Մենք մոտեցանք այն շենքին, որտեղ ես ապրել եմ մինչև վեց տարեկանս: Տարօրինակ էր, բայց ոչ մի բան չզգացի: Նախկինում նույնպես եղել եմ այստեղ, անգամ ծնողներիս տուն եմ մտել, բայց …
Օրենքով՝ եթե որբերը ունեն սեփականություն, ապա վարչակազմը իր վրա է վերցնում այն պահելու հոգսը մինչև երեխաների չափահաս դառնալը կամ հանձնարարում է մոտ բարեկամներին հսկել: Ես բարեկամներ չունեի, սակայն Թաբիի հայրիկը աշխատում էր քաղաքի վարչակազմում որպես հերթապահ որսորդ և կարողացել էր այնպես անել, որ բնակարանը հսկի իր ընտանիքը: Ինչպես ինձ հետո Թաբին պատմեց, նրանք ուզում էին գտնել ինձ ու որդեգրել, սակայն Նինում շատ մանկատներ կային, և հարցումը արդյունք չտվեց: Ես չզարմացա դրանից: Այն տարի մանկատներում այնքան շատ երեխաներ կային, որ ինձ պարզապես չէին ներառել բազայում: Դրա համար Թաբին հույս ուներ, որ չափահաս դառնալը հետո ես կվերադառնամ այստեղ, և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ցավոք, չափահասությունից հետո ցանկություն չունեի վերադառնալ Քիլիս: Նինում իմ ողջ կյանքն էր՝ ուսումս, աշխատանքս, մարզումներս, որդեգրող ծնողներս … Իսկ ի՞նչ կար Քիլիում: Ճիշտ է՝ ոչինչ: Համենայն դեպս, ես այդպես էի մտածում:
Ի՞նչ կասես, բակը շա՞տ է փոխվել, - հարցրեց Թաբին, ով կանգնած էր կողքիս ու առանց հայացքը կտրելու ինձ էր նայում:
Չգիտեմ … վստահ չեմ, - տատանվեցի ես՝ զննելով ոչ մեծ տարածությունը:
Շենքը երկհարկանի էր և ուներ միայն երկու շքամուտք: Ամենասովորական բակ էր: Միայն թե պարաններին լիքը լվացք էր կախված, իսկ օդում զգացվում էր լվացքի փոշու թարմ հոտը: Նաև նկատեցի, որ որոշ պատուհաններից դուրս էին նայում հետաքրքրասեր հարևանները: Նրանց դեմքերը ինձ ոչինչ չէին ասում:
Այստեղ շատ բան է փոխվել, - խոսեց ընկերուհիս, - նախկինում այն պատի մոտ, - նա ձեռքով ցույց տվեց ձախ կողմը, - կառուսել կար, իսկ կողքը նստարան: Շատ բան է փոխվել, - կրկնեց ընկերուհիս:
Լարեցի հիշողությունս: Երևակայությունս սկսեց նկարել պակասող դետալները: Միայն թե …
Թաբի, ոչինչ չեմ հիշում, - ասացի ես, - կարծես գլխումս բլոկ դրված լինի:
Բլո՞կ, - նա մտածկոտ կծեց ներքևի շրթունքը, - գուցե դա հոգեբանակա՞ն է: Արի գնանք հոգեբանի մոտ:
Գնացել եմ, բայց չեն կարողացել օգնել, - ուսերս թոթվեցի, - ասում են, ես ինքս եմ դրել այդ բլոկը և ինքս էլ պիտի հանեմ այն: Իսկ ես, գրողը տանի, չեմ հասկանում ոնց դա անել:
Լսիր, ինձ թվում է Նինում ուղղակի ոչ կոմպետենտ բուժողներ են եղել: Ես կգտնեմ քեզ համար լավ մասնագետ: Թե չէ էլ հնարավոր չի: Մարդ ես, ուզում ես հիշողությունների գիրկն ընկնել, դու էլ ոնց որ սպիտակ թուղթ լինես:
Քմծիծաղեցի: Եթե Թաբին ինչ-որ բան գլուխն է մտցնում, ապա կանի ինչ էլ լինի:
Մտանք շքամուտք: Ընկերուհիս ասում էր, որ հիմա բոլոր շենքերում տեսախցիկներ են դրել: Դա պետք էր ոչ միայն ոստիկանությանը, այլև որսորդներին՝ չարքերի տեղաշարժը վերահսկելու և ժամանակին օգնության հասնելու համար:
Թաբին բանալիով բացեց դուռը և ինձ առաջ թողեց: Ներս մտա: Միանգամից աչքս ընկավ միջանցքի վառ վարդագույն պատերին, որոնց վրա կախված էին աչք ծակող նկարներ՝ «նկարիչը պատահաբար լցրել է ներկեր կտավի վրա» ոճով: Հատակից մինչև առաստաղ մեծ պահարան էր հայելու հետ միասին:
Թույն է, չէ՞, - հարցրեց Թաբին, հանելով ամառային կոշիկները:
Ես կասեի՝ չափից շատ, - պատասխանեցի:
Դու դեռ մյուս սենյակները չես տեսել: Ես եմ ընտրել գույները և դիզայնը, իսկ մնացածը պապան է արել:
Վախենում եմ հարցնել, բայց ինչպե՞ն են արձագանքել ծնողներդ:
Հետևեցի ընկերուհուս օրինակին ու հանեցի սպորտային կոշիկներս:
Մաման շոկի մեջ էր, իսկ պապան միայն մի բան ասաց՝ «կապրենք»:
Ծիծաղեցի՝ պատկերացնելով նրանց դեմքի արտահայտությունները: Եվ միանգամից հիշեցի ինձ որդեգրող ծնողների մասին: Պիտի անպայման զանգեմ նրանց:
Գնամ տեսնեմ ուտելու ինչ կա ու սուրճ դնեմ, - ասաց Թաբին, - եթե կուզես, կբարձրանանք քո տուն: Բայց այնտեղ առայժմ հնարավոր չէ ապրել: Ես փորձում էի կարգուկանոն պահել, բայց ինքդ գիտես, բնակարանը հին է, - նա դադար տվեց ու շարունակեց. - Դրա համար առաջարկում եմ միասին ապրել: Այդպես ավելի ուրախ ու էժան կլինի:
Վա՜յ, դու իմ տատի՜ ջան, իհարկե, - ծաղրական-փաղաքշական տոնով ասացի ես:
Ընկերուհիս խփեց ձեռքիս:
Սա քեզ տատիի համար, - ջղայնացած ասաց նա, - իսկ եթե շարունակես, սուրճիդ մեջ շաքարային կոմա կանեմ:
Ես այդ կարգի անմահ չեմ:
Նա գնաց խոհանոց, իսկ ես անմիջապես միջանցքում զանգեցի որդեգրող հորս: Ինչու՞ հենց նրան: Ամեն ինչ շատ պարզ է: Անին չափազանց հուզական է: Նա հաստատ հիմա զայրացած կլինի, որ հետս չեմ տարել նրա պատրաստած պահածոները: Ըստ նրա տրամաբանության՝ չեմ տարել, ուրեմն չեմ հավանում նրա պատրաստածը, այսինքն՝ չեմ սիրում նրան: Էդուարդի հետ գոնե կարելի էր պայմանավորվել:
Սաթենիկ, փառք Տիրին, - լսեցի ես «ալլո»-ի փոխարեն, - ո՞նց ես: Դու այնքան արագ գնացիր, որ չհասցրեցինք քեզ նորմալ հաջողություն ասել …
Գիտեմ, սա նման է ամոթալի փոխուստի, - արագ ասացի ես, - բայց ես չէի ուզում ձեզ ցավ պատճառել և …
Բայց դու ցավեցրիր, - նրա ձայնում նեղվածության նոտաներ կային:
Ես սխալ եմ եղել, - ասացի ես, - կներեք ինձ:
Մայրիկդ դժվար թե այդքան շուտ ների:
Իսկ դու՞:
Անգամ շունչս պահեցի՝ սպասելով նրա պատասխանին: Էդուարդի հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել: Նա ինձ կես խոսքից հասկանում է:
Ես արդեն ներել եմ, հասկանում եմ, որ դու նյարդային կծիկ ես: Հուսով եմ գոնե Քիլիսում ուշքի կգաս:
Սրտիցս կարծես քար ընկավ: Երբ հիշում եմ՝ ոնց դուրս թռա տնից … Լավ է, որ գոնե նա ինձ չի քննադատում:
Ես էլ եմ հուսով, բայց դժվար թե: Գնացքում ինձ հետ գալիս էր Գարիկի ընկերներից մեկը, - պատասխանեցի ես:
Նա ինչ-որ բա՞ն է արել, - անհանգստացավ Էդուարդը:
Չի հասցրել: Բարև փոխանցեց ու պատասխան հարված ստացավ գոտկատեղից ներքև: Կարծում եմ, Գարիկի ձեռքերը կարճ են նյարդայնացնել ինձ այն մասշտաբներով, որոնցով այդտեղ էր անում:
Ամեն դեպքում զգույշ եղիր:
Ու՞մ հետ ես խոսում, - լսեցի Անիի ձայնը, - այդ անշնորհակալի՞: Ապա այստեղ տուր հեռախոսը:
Ավելի լավ է հիմա չխոսես նրա հետ, - ասաց ինձ որդեգրող հայրիկս, - երբ հանգստանա, ինքը կզանգի:
Ու՞մ հետ եմ խոսում, - Անին լուրջ կատաղել էր, - ես հիմա կասեմ ամենը, ինչ մտածում եմ նրա մասին:
Որդեգրող հայրիկս անջատեց հեռախոսը: Կարծես թե ստիպված եմ լինելու երկար արժանանալ նրա ներմանը: Եվ պետք էր սկսել դա անել այն խոհանոցային կոմբայնի գնումից, որը շուտվանից էր ուզում: Իսկ հետո ինչ-որ բան կմտածեմ:
Սաթի, գալի՞ս ես, - կանչեց Թաբին խոհանոցից:
Հեռախոսը դրեցի գրպանս ու գնացի այնտեղ:
Վայ, մայրիկ ջան:
Պատերը վառ կիտրոնի գույնի էին: Մի քիչ նման էր մանկական անակնկալի գույնին, բայց ո՞վ էի ես, որ դատեի ընկերուհուս:
Զիլ է, չէ՞, - փայլող աչքերով խոսեց նա, - նստիր, սուրճը հիմա պատրաստ կլինի:
Նստեցի կլոր սպիտակ սեղանի շուրջ և զննեցի խոհանոցը: Թաբիի ծնողները լավ են աշխատել: Բացի պատերից, փոխել են ողջ խոհանոցային կահույքը, գնել են նոր գազօջախ, ամաններ լվացող մեքենա, սառնարան, մեծ սպասքապահարան և սեղան՝ աթոռների հետ: Լվացարանի մոտ դրված էր նոր ու ոճային սուրճ պատրաստող սարքը, որն ակտիվ ձայներ էր հանում: Հատակը ծածկված էր բաց դեղնավուն սալիկներով:
Թաբին բացեց սառնարանը:
Հարգելիս, այնտեղ անկյունում մուկ է կախվել, - նկատեցի ես:
Ներսում գրեթե ոչինչ չկար՝ մի քանի շիշ գազավորված ըմպելիք, մի կտոր պանիր ու մի քանի կտոր հաց թափանցիկ տոպրակի մեջ:
Մենք հարուստ ենք, - հայտարարեց ընկերուհիս ու հանեց պանիրն ու հացը, - երեկոյան ինչ-որ բան կպատվիրենք, իսկ հետո կգնանք գնումների:
Միայն չասես, որ ամբողջ օրը նստած ես պատվիրած սննդի վրա, - ասացի ես:
Նստած եմ, - նա թոթվեց ուսերը, - երբեմն ոչ մի բանի ժամանակ չեմ ունենում, դրա համար պտտվում եմ ոնց կարող եմ:
Աչքերս առաստաղին հառեցի: Պատկերացնում եմ՝ ինչքան գումար էր ծախսում դրա վրա:
Սուրճ պատրաստող մեքենան ձայն հանեց, տեղեկացնելով, որ սուրճը պատրաստ է: Մինչև Թաբին հսկում էր, որ սուրճը չթափվի, հարցրեցի.
Ի՞նչ էիր ուզում պատմել կոլլեկտիվի մասին: Չնայած, քիչ թե շատ ծանոթ եմ նրանց քո պատմածներով, բայց ամեն դեպքում …
Կոլեկտիվ … ես քեզ կեսի կեսն էլ չեմ պատմել, - սկսեց Թաբին: Նրա հայացքը գամված էր սպասքապահարանի բռնակին, - հաստատ հիշում ես, որ մեր ղեկավարը Գեղամ Լուսինյանի դուստրն է: Ես չեմ ծանոթացրել քեզ նրա հետ:
Այո, հիշում եմ: Էրիկա, կարծեմ, չէ՞:
Ըհըն: Էրիկան լուրջ կռվել է ծնողների հետ ու փախել նրանցից՝ դառնալով սովորական որսորդ: Լուսինյանները դա չկարողացան տանել և, քանի որ նա չցանկացավ վերադառնալ, դարձրին նրան Քիլիսի որսորդների ղեկավար:
Կարծես թե նա տեղը տեղին է կռվել ծնողների հետ, - նկատեցի ես:
Ես չգիտեմ մանրամասները, - Թաբին երկու բաժակ սուրճը դրեց սեղանին ու նստեց դիմացս, - սակայն նա կտրականապես հրաժարվում է նրանց հետ շփվել: Միայն մրցումների ժամանակ, հետո էլ այն պատճառով, որ կարգն է այդպես:
Անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում ղեկավարի անձնական կյանքը, - ասացի, - կարևորը նա լինի լավ կոորդինատոր, իսկ մնացածը իմ գործը չէ:
Ես հենց այնպես չեմ ասում սրա մասին: Էրիկան ահավոր կատաղում է, երբ խոսքը գնում է Առաջինների մասին: Այդպիսի պահերին ձեռքի տակ ընկնել պետք չէ:
Ուսերս թոթվեցի: Այդ ի՞նչ կարգի պետք էր կռվել ծնողների հետ, որպեսզի չցանկանալ անգամ լսել Առաջինների մասին: Չնայած, նույնիսկ այս դեպքում էլ ինձ քիչ էր հետաքրքրում կոլեգաների և շեֆի անձնական կյանքը: Դրա համար էլ այն անձնական է, որ չհետաքրքրվեմ դրանով:
Ի դեպ, կոորդինացման մասին … Մեր հաքերը յուրահատուկ է, - խորհրդավոր ասաց ընկերուհիս և մի կում արեց սուրճից ու հաճույքից աչքերը կկոցեց:
Բոլոր հաքերներն են յուրահատուկ, - քծնեցի ես՝ նույնպես կում անելով: Ի՜նչ լավն է:
Ոչ, դու չհասկացար: Արեգը նախկինում նույնպես եղել է որսորդ, սակայն դժբախտ պատահարի պատճառով նրա ոտքը վնասվել է, և նա ստիպված վերապատրատվել է հաքերի:
Հաքեր հաշմանդամությա՞մբ, - հարցրեցի ես, - հետաքրքիր է, երևի նա իր գործի հանճարն է, որ նրան թողել են աշխատանքի:
Նա իսկապես հանճար է, միայն թե իր ուտիճներով, - հայտնեց ընկերուհիս ու սկսեց թվարկել. – չի կարելի նայել նրան խղճահարությամբ, չի կարելի խոսել նրա ոտքի մասին և ընդհանրապես, չի կարելի վերաբերվել նրան որպես թույլի: Նրա մոտ վառ արտահայտված անլիարժեքության զգացողություն է, և այդ զգացողությունը նա կոմպենսացնում է նրանով, որ խստորեն վերահսկում է մեր ամեն մի որսը: Տիրը չարասցե, եթե հանկարծ մեզնից որևէ մեկը վտանգի ենթարկվի: Նա ողջ կյանքի ընթացքում կհիշի դա ու ամեն կերպ կփորձի հեռու պահել վտանգավոր որսերից:
Այդ պահին ես հաց ու պանիր էի ուտում: Մի կտորը կոկորդումս մնաց ու սկսեցի հազալ: Թաբիի քմծիծաղող հայացքի ներքո կուլ տվեցի չարաբաստիկ հացի կտորն ու ասացի.
Դա նորմալ չէ: Նրան հոգեբան է պետք:
Դա էլ չի կարելի նրան ասել: Միակը, ով կարող է ազդել նրա վրա, Էրիկան է: Եվ այն էլ այն պատճառով, որ նրանք հարյուր տարվա ընկերներ են և հենց նա է փրկել հաքերի կյանքը այն ճակատագրական որսին:
Գլխով արեցի: Այսինքն՝ ամեն դեպքում շեֆի տեսքով ճնշման լծակ կա: Շնորհակալություն դրա համար էլ:
Գնանք առաջ: Մեր կոլլեկտիվում լիքը տղաներ կան, - շարունակեց ընկերուհիս, - լսե՞լ ես Լուսինե Արդարադատյանի մասին:
Բայց ո՞վ չի լսել նրա մասին, - բացականչեցի ես:
Այդ կինը պարզապես լեգենդ է որսորդների շրջանում: Երիտասարդ տարիքում նա կարողացել է ոչնչացնել դևերի գրեթե ամբողջ լեգեոն: Ճիշտ է, դրանից հետո նա երկար բուժվել է, բայց … Գրեթե լեգեոն: Հիմա որսորդներին ուղարկում են դևի որսի միայն երկուսով: Ինձ մոտ միշտ հարց էր ծագել՝ ինչպե՞ս էր Լուսինեն կարողացել միայնակ ոչնչացնել այդքան չարք:
Նրա թոռ Աբելը ծառայում է մեզ հետ, - հպարտորեն խոսեց Թաբին, - ճիշտ է, նա հիմարի մեկն է: Եթե չի աշխատում, խմում է, հազար ու մի հոբբի ունի ու ընդհանրապես, տեղով գլխացավանք է, բայց որսի տեսակետից լրիվ գազան է:
Ես աղոտ հիշում էի Աբելին՝ բարձրահասակ, ձիգ, փոքր-ինչ երկար մազերով ու սև, շեղ աչքերով: Թաբին հպանցիկ ներկայացրել էր մեզ, բայց միանման արտահայտություններից այն կողմ մեր շփումը չէր գնացել: Ես չէի կարող անգամ ենթադրել, որ նա Լուսինեի թոռն է:
Իսկ նրա տատի՞կը, - հարցրեցի ես:
Դե, նա հազվադեպ գալիս է մեր բազա ու դասեր է տալիս կաթնակերներին, - նա շարժեց ուսը, - բայց նա թոշակի է: Ինքդ գիտես, որսորդների թոշակը բարձր է:
Գիտեմ: Ինձ որդեգրած ծնողները նույնպես վաղ են դուրս եկել թոշակի, որպեսզի զբաղվեն ինձնով: Սկզբում աշխատում էր միայն Էդուարդը, իսկ հետո նա էլ թողեց գործը. վնասվածք էր ստացել որսի ժամանակ: Թոշակը, իհարկե, լավ է, բայց ու՞ր խցկել ազատ ժամանակը:
Իսկ քանի՞ գործող որսորդ կա հիմա Քիլիսում, - հարցրի ես, - դու կարծեմ ասում էիր անցած տարի, որ վեց՝ դու ներառյալ:
Դե, եթե քեզ էլ հաշվենք, արդեն յոթ, - պատասխանեց նա, - հիմա մենք տասը աշակերտ ունենք: Որոշները արդեն պատրաստ են անցնելու աշխատանքի, սակայն ավարտական քննություններ դեռևս չեն հանձնել:
Դու է՞լ ունես աշակերտ:
Ոչ, և փառք Տիրին: Նյարդերս չէին դիմանա այդ կաթնակերներին: Ի դեպ, նրանց մեջ կան նաև բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ: Նրանցով միայն Էրիկան է զբաղվում: Իսկ մյուսներին բաշխել են տղաների միջև: Արեգն էլ աշակերտ ունի:
Քմծիծաղեցի: Սովորաբար, երբ կցում են աշակերտի, ավելանում է նաև գլխացավանքը: Ես հիշեցի ինձ այդ դերում: Երբ առաջին անգամ բախվեցի դևի հետ, հոգիս կարծես մարմնիցս դուրս եկավ: Իմ ուսուցիչը վատ դրության մեջ հայտնվեց: Իհարկե, հետո նա ինձ լավ պատժեց: Ես ողջ գիշեր կանգնել եմ անձրևի տակ: Չեմ կարող ասել, որ դա օգնեց, սակայն ես կամքի ուժով հավաքվեցի և անգամ եթե վախենում էի, հմտորեն թաքցնում էի դա: Հիմա ամեն ինչ այլ կերպ էր: Չարքերը ինձ չեն վախեցնում, իսկ որսը օգնում է գիտակցել, որ ինչ-որ օգտակար բան եմ անում:
Հետո լսիր, - ոգևորված շարունակեց ընկերուհիս, - մենք մի հիմար ունենք, ով տարված է հին-քիլիսյան ավանդույթներով:
Այդ ո՞ր ավանդույթների, - քծնեցի ես՝ վերջացնելով սուրճս:
Կինը չպիտի աշխատի, - խիստ ձայնով պատասխանեց նա, - նա պիտի նստի տանը և զբաղվի տնային գործերով ու երեխաներով, ձայնը չբարձրացնի, լինի ջրից էլ լուռ ու խոտից էլ ցածր:
Տիրը պահի, - բացականչեցի ես, - ի՜նչ հնադարյան կարծրատիպեր են:
Դա դեռ ծաղիկներն են: Տրդատը փնտրտուքի մեջ է: Պատկերացնու՞մ ես՝ ոնց է զզվեցրել մեր սրճարանի կին աշխատողներին:
Քմծիծաղեցի՝ պատկերացնելով՝ ոնց են մատուցողուհիները և խոհարարուհիները թաքնվում սարսափ ներշնչող Տրդատից: Նրան նույնպես աղոտ էի հիշում:
Ես նրա համար եմ սա ասում, որ իմանաս հաստատ սկսելու է քեզ սեթևեթել ու միգուցե հետապնդել, - շարունակեց նա:
Մի անհանգստացիր ինձ համար: Ես մեծ աղջիկ եմ, կարող եմ ինձ պաշտպանել, - վստահեցրի նրան:
Պարզապես զգուշացնում եմ: Նա կարող է զզվեցնել: Չնայած, երբ նա մտահոգված չէ այդ հարցերով, ապա կարգին հիմար է:
Չդիմացա ու ծիծաղեցի:
Աչքիս, մեր բոլոր կոլեգաները հիմար են:
Դե լավ, ոչ թե հիմար, այլ տափակ: Ես դեռ չեմ պատմել քեզ Սմբատի ու Խաչիկի մասին: Նրանք ոնց որ երկվորյակներ լինեն: Անընդհատ ինչ-որ բաներ են մտածում ու կատակներ անում: Պատրաստ եղիր, նրանք հաստատ կպահանջեն թանկարժեք միջոցառում քո պատվին:
Կարծես թե պիտի մի երիկամս վաճառեմ:
Ի ուրախություն քեզ՝ պետք չի: Բոլոր միջոցառումները կազմակերպում ենք մեր սրճարանում:
Քմծիծաղեցի: Գոնե ինչ-որ դրական բան կա:
Ընկերուհիս նայեց ժամին:
Մենք դեռ ժամանակ ունենք, - ասաց նա, - կուզե՞ս հանգստանալ:
Ոչ, ուզում եմ գնալ բնակարանս, - պատասխանեցի ես, - գուցե մաքրություն անեմ, տեսնեմ ինչն ոնց է:
Ես կօգնեմ քեզ:
Ես չէի էլ կասկածում: Թաբին ինձնից չի պոկվի, մինչև ամեն ինչ չհիշեմ:
Մենք արագ վերջացրինք բուտերբրոդները և, վերցնելով ծնողներիս բնակարանի բանալիները՝ գնացինք երկրորդ հարկ:
Ես եղել եմ այնտեղ մի քանի տարի առաջ: Բացարձակ օտար տուն: Սակայն երեբեմն աչքիս առաջ էին գալիս փոքրիկ դրվագներ, որտեղ ես փոքր էի ու երջանիկ: Հենց այդ կցկտուր դրվագներում առաջին անգամ տեսա իրական ծնողներիս դեմքերը:
Հիմա էլ, երբ բացեցի դուռը ու մտա փոշոտ միջանցք, ներքուստ եկավ մի տեսարան, որտեղ ես նստած էի հորս ուսերին: Նա վազում էր սենյակից սենյակ: Ես ճչում էի ու աննորմալի պես ծիծաղում էի:
Գլուխս թեքեցի դեպի խոհանոց, և այլ դրվագ եկավ: Ես ու մայրիկը խոհանոցում ենք: Նա պատրաստում է հապալասով թխվածք: Ես նստած եմ կողքին և երբեմն ինձ հասնում է համեղ հատապտուղ: Ստացվում է, որ ես մանկությունից եմ սիրել հապալասը …
Ի՞նչ ես սյունի պես կանգնել, - լսեցի ընկերուհուս ձայնը ետևից, - առաջ գնա: Ես հիմա կիջնեմ մաքրող միջոցներ կբերեմ:
Նա արագ իջավ առաջին հարկ: Իսկ ես, հետևելով վեցերորդ զգայարանիս, մտա միջանցքի ծայրին գտնվող սենյակը: Դա ծնողներիս ննջասենյակն էր: Ոչ մեծ երկտեղանոց անկողինը պատուհանի մոտ էր. վերջինս նայում էր պատշգամբին: Աջ կողմից զարդասեղանն էր կոսմետիկ իրերով, սանրերով, օծանելիքով և զարդատուփով: Մեծ հայելին ծածկված էր կտորով: Դռան մոտ կանգնած էր ահռելի փայտյա զգեստապահարան: Հատակին նախշերով դարչնագույն գորգ էր: Զարդասեղանի առջև աթոռ էր, որի վրա դրված էր ավազի գույնի շալ:
Զգացի, որ լավ չեմ: Կարծես թե մի քանի անգամ եղել եմ այստեղ, բայց այսպիսի զգացողություն երբեք չէր եղել: Այնպիսի տպավորություն է, կարծես տանտերերը դուրս են եկել զբոսանքի ու շուտով կվերադառնան:
Պետք է որքան հնարավոր է շուտ զբաղվել բնակարանով և հասկանալ ինչ անել իրերի հետ: Ես չեմ կարող մշտական ապրել Թաբիի հետ: Նրա ծնողները ամեն գարուն գնում են գյուղ և վերադառնում են քաղաք միայն ուշ աշնանը: Նրանք նույնպես որսորդներ են, բայց արդեն թոշակի գնացած:
Սաթի, ես բերել եմ ամենը, ինչ գտա տանը: Տես, ինչ կարող ենք օգտագործել:
Ես ուշքի եկա ու դուրս եկա միջանցք: Պահարանի առջև դրված էր մեծ դույլ՝ մեջը լիքը կենցաղային քիմիա:
Հուսով եմ, մի օր գիտնականները կստեղծեն մեկ միջոց ամեն ինչի համար, - փնթփնթացի ես:
Հույսը վերջում է մեռնում, - փիլիսոփայական ասաց Թաբին:
Մենք հագանք գոգնոցներ, ձեռնոցներ ու անցանք գործի: Տրամադրության համար հեռախոսով միացրեցինք երաժշտություն: Գործը ավելի արագ գնաց:
Մեկուկես ժամից վերջացինք: Լվացինք պատուհանները, հանեցինք վարագույրները, սրբեցինք փոշին ու հատակը: Անշուշտ, դա միայն չնչին մասն էր նրա, ինչ պետք էր անել: Բայց որոշեցի մնացածը հետո անել:
Ատում եմ մաքրությունը, - ծանր շնչելով ասաց Թաբին, երբ մենք իջանք առաջին հարկ և փոխեցինք մեր հագուստը, - մարմինը ավելի շատ է ցավում, քան երբ որսից ես գալիս: Ինձ սուրճ է պետք:
Չե՞ս պայթի, - հետաքրքրվեցի ես, ոտքերս երկարացնելով:
Ոչ, լավ սուրճը շատ չի լինում: Կխմենք, ուշքի կգաք ու կթռչենք բազա:
Միայն թե չասես քո մոտոցիկլետի վրա, - հառաչեցի ես:
Բա էլ ինչի՞ վրա, - զարմացավ նա, - հիմա պիկ ժամն է, լիքը խցանումներ են: Մոտոցիկլետը տեղին կլինի: Ու մի նայիր ինձ այդպիսի դժգոհ դեմքով: Դու դեռ շնորհակալություն կասես:
Ուզում էի ասել՝ դժվար թե, բայց զսպեցի: Լավ է, որ միայն հաց ու պանիր եմ կերել: Կարծես թե ինձ սպասում է կատաղի երթ քաղաքով: