1. Շամանդաղ. Նենգության և Գիտելիքի Տուն

Chapter 15

Գլուխ 15

Ես ու Աբելը միաժամանակ ցատկեցինք տարբեր կողմեր: Շահապետը որպես թիրախ ընտրեց երիտասարդին: Չարքի մարմինը լիովին կերպարանափոխվեց օձի, որը դժվարությամբ էր տեղավորվում նկուղում, բայց պահպանում էր շարժունակությունը:

Չարքը ուղիղ նշան բռնեց Աբելի կոկորդին: Որսորդը խույս տվեց և հասցրեց սրով հարվածել նրան: Դա ավելի կատաղեցրեց:

Ես նետեցի սուրը օդը և հրահանգ տվեցի.

  •           Երեք անգամ պտտվիր:

Շահապետը պոչով մի կողմ էր շպրտում այն, կարծես զզվեցնող ճանճ լիներ, սակայն հստակ հրահանգ ստացած զենքը չէր պատրաստվում կանգ առնել: Դա առավելություն տվեց Աբելին: Զարմանալի ճարպկությամբ և արագությամբ նա բարձրացավ շահապետի վրա և ցատկոտելով նրա ոլորվող մարմնի վրա` հասավ գլխին:

Զենքս վերադարձավ ինձ: Ես օդում բռնեցի այն և հետևեցի կոլեգայիս օրինակին: Միայն թե ինձ հասավ հրեշի պոչը. ավելի հեռուն չկարողացա հասնել: Շահապետը փորձում էր կամ թոթափել մեզ իր վրայից, կամ էլ սեղմել օղակը: Ամենադժվարը նրա վրա մնալն էր և միաժամանակ հարվածելը: Որսորդներին չէին սովորեցրել ոչնչացնել շահապետներին, քանի որ նրանք իրենց էությամբ չեն հարձակվում: Ընդհակառակը՝ պահպանում են տները և դաշտերը: Սակայն սրա հետ հաստատ ինչ-որ բան այն չէ: Ինչու՞ է սպանել երեխաներին: Չէ՞ որ նրանք հատուկ չէին կարող վնասել այն տանը, որը նա պահպանում էր:

Ես խույս տվեցի հերթական կանաչ օղակից և տեսա, թե ինչպես Աբելը թռցրեց շահապետի երկար ատամներից մեկը: Կյանքումս երբեք  այդպիսի ոռնոց չէի լսել: Սովորաբար դրանից հետո չարքերը կույր կատաղության մեջ են ընկնում: Վախեցա, որ Աբելը վտանգի մեջ էր: Սակայն ուշ էր: Կատաղած հրեշը պոչով բռնեց Աբելին՝ ցանկանալով տանել բերանը: Չէի կարող դա թույլ տալ: Ես փորձում էի հասնել նրա կոկորդին, բայց անընդհատ սահում էի. օձը դադար չէր մնում: Աբելը հուսահատորեն փորձում էր դուրս պրծնել օղակից: Ի վերջո  նա օդը նետեց սուրը և հրահանգեց.

 - Չորս անգամ պտտվիր:

Զենքը հարձակվեց չարքի վրա՝ թույլ տալով ինձ մոտենալ գլխի մոտ: Եթե չլիներ Տիրի ուժը, դժվար թե կարողանայի հասնել այնտեղ և ամբողջ ուժով սուրը մտցնել օձի բերանը: Հրեշը բաց թողեց Աբելին: Չկորցնելով ոչ մի վայրկյան՝ սուրը հանեցի և կտրեցի գլուխը: Չարքը սկսեց ընկնել: Մարմինը թպրտում էր: Ես ու Աբելը վազեցինք դեպի աստիճանները, որպեսզի օձի անկառավարելի շարժումները չվնասեն: Ջղակծկումները շուտ մարեցին: Ծանր էի շնչում և մինչև վերջ չէի հավատում, որ սպանեցի շահապետին: Իհարկե, ոչ առանց Աբելի:

Ականջակալերումս զզվեցնող տզզոց լսվեց: Ես լրիվ մոռացել էի Արեգի ներկայության մասին: Իսկ նա տեսախցիկների միջոցով տեսել է ողջ կռիվը …

 - Հա, Արեգ, - գրգռված խոսեց Աբելը՝ միանալով կապին, -  ամեն ինչ կարգին է … դե հերիք է անհանգստացած մայրիկի դեր տանես … հա, հա ողջ ենք … մենք էլ ենք շոկի մեջ … Էրիկային ասա, որ մեզ ժամանակ է պետք կարգի գալու … ըհըն … չէ, մի անհանգստացիր, հիմա ամեն ինչ կանենք … վերջ, էլ մի խանգարիր:

Նա անջատեց կապը և աչքերը վեր հառեց:

 - Գրողը տանի, Արեգը մի օր գերեզման կհասցնի իր տագնապայնությամբ և հոգատարությամբ, - հայտարարեց նա, - լավ, արի այս տականքին վառենք ու գնանք այստեղից:

Ձեռքներս քշտեցինք ու անցանք շահապետին մասնատելու գործին: Հաճելի գործ չէր: Երբ հասանք որովայնին, գտանք մի քանի մանկական կոշիկ և անգամ փոքրիկ խաղալիք-մեքենա: Աբելի դեմքի արտահայտությունը փոխվեց: Միշտ կատակող երիտասարդի դեմքին կատաղություն էր:

 - Գրողը քեզ տանի, - հայհոյեց նա և անեծք թափեց:

Ես լիովին համաձայն էի նրա հետ: Եվ ինչպե՞ս ասել ծնողներին, որ իրենց երեխաներին կերել է շահապետը: Ես զզվելի էի ինձ զգում: Կարծես մեկը թքել է հոգուս մեջ և մոռացել սրբել: Ոչ պակաս կատաղած, մասնատում էի մարմինը: Ներսումս աճում էր մի ալիք. սպանել որքան հնարավոր է շատ տականքների, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն:

Մենք վառեցինք նկուղը և արագ դուրս եկանք:

Ես ագահորեն շնչում էի մաքուր օդը: Հուսով եմ՝ էլ ոչ մի չարք չի բնակվի այստեղ:

 - Հըմ, համա թե տեսք ունես, - փնչացրեց Աբելը՝ ոտքից գլուխ զննելով ինձ:

 - Դու էլ պակասը չես, -  ասացի ես՝ հայացք նետելով վրան:

 - Տատիկս մոտակայքում է ապրում: Արի գնանք նրա մոտ ու կարգի գանք, - առաջարկեց նա, - նման տեսքով մարդիկ մեզ չարքերի տեղ կդնեն:

 Ես հուզվեցի: Լուսինե Արդարադատյանի տուն … Գրողը տանի, այսպես չէի պատկերացնում մեր հանդիպումը: Բայց Աբելը ճիշտ է, նման տեսքով չի կարելի շրջել քաղաքով:

Մնում էր աննկատ տեղ հասնել: Հույս ունեի անել դա առանց արկածների, սակայն մանկական խաղահրապարակում մեզ սպասում էին մի խումբ տատիկներ և տագնապած ծնողներ: Նրանք զգալիորեն վախեցան՝ տեսնելով մեր վիճակը, սակայն միտք էլ չունեին հետ կանգնել: Ես չգիտեի ինչպես ասել, որ նրանց երեխաները, թոռները այլևս չկան: Ի զարմանս ինձ՝ Աբելը առաջ գնաց: Երբեք չէի տեսել նրա դեմքին այդպիսի խորը ցավակցության արտահայտություն: Ինձ թվում էր, որ նա  … դե, թեթևսոլիկի մեկն է: Լավ, աշխատասեր թեթևսոլիկի: Բայց պարզվեց, որ երբ հարկ է լինում, նա կարող է լրջանալ:

Աբելը կարճ պատմեց, թե ինչ է կատարվել: Սպասելի էր, որ ծնողները կսկսեն ողբալ: Դա ամենասարսափելի բանն էր, երբ ոչ ոք ու ոչինչ չէր կարող հետ վերադարձնել իրենց զավակներին: Մի տատիկ, արցունքներն աչքերին, ասաց.

 - Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար: Պիտի մի կերպ համակերպվենք կորուստների հետ, բայց հիմա գոնե կարող ենք հանգիստ քայլել:

«Հանգիստ»-ի վերաբերյալ վստահ չեմ, բայց շահապետը հաստատ չի խանգարի: Մենք հեռացանք՝ խոստանալով, որ հետո ոստիկանությունը և մեր ղեկավարությունը ավելի մանրամասն կպատմեն ամեն ինչ:

Աբելը ուղղորդեց մոտակա շենքերից մեկը: Վերելակով բարձրացանք իններորդ հարկ: Կոլլեգաս թակեց դուռը: Մի քանի րոպե անց այն բացեց ինքը՝ Լուսինե Արդարադատյանը: Ես նրան տեսել եմ նկարներով, սակայն այն, ինչ տեսա հիմա … Նա մոտ վաթսուն-յոթանասուն տարեկան էր, սակայն շքեղ տեսք ուներ՝ բեժ գույնի շապիկ էր հագին «Գնա ****», վրայից  շագանակագույն վերնաշապիկ, լայն տաբատ նույն գույնի, ոսկեգույն մանիկյուր և լիքը մատանիներ մատներին: Մազերը գազարագույն էին ներկված, իսկ դեմքին թեթև օծանակ էր:

 - Տատի, ինչու՞ ես հագել իմ շապիկը, - զայրացավ Աբելը:

 - Ինչ է, չի՞ կարելի, - վրա տվեց նա՝ փայլեցնելով մուգ աչքերը:

 - Դու գոնե գիտե՞ս ինչ է գրված վրան ամրէէրենով, - հոգոց հանեց երիտասարդը՝ ներս մտնելով միջանցք և ժեստով ինձ էլ հրավիրելով ներս:

 - Իհարկե գիտեմ, - փնչացրեց կինը, - բա քեզ հե՞տ ինչ է կատարվել: Կոյուղիներու՞մ ես լողացել: Ու այս գեղեցիկ աղջկա՞ն էլ ես քարշ տվել:

Ես մի քիչ տարակուսած էի: Իմ պատկերացրածով Լուսինեն պիտի իմաստուն կնոջ նման նստեր տանը և իմաստուն դասեր տար նորաթուխ սերնդին: Գլխումս չէր տեղավորվում, որ բոլոր որսորդների համար հերոս դարձած կինը հագնում է թոռան շապիկները, օգտագործում է օծանակ և … տարօրինակ հումոր ունի:

 - Տատի, արի մենք փոխենք մեր հագուստը և պատմենք՝ ինչ է կատարվել, - ասաց Աբելը, - ուղղակի անհնար է սրա մեջ լինել:

Լուսինեն կասկածամտորեն կկոցեց աչքերը, հետո ասաց.

 - Գնա լոգասենյակ, դմբլո: Իսկ դու, աղջիկ ջան, արի իմ հետևից: Կարծում եմ՝ իմ հագուստը քեզ կգա:

 - Ինձ էլ է հագուստ պետք, - հիշեցրեց նրան թոռը:

 - Քեզ համար խալաթ կա, գլուխս մի տանի:

Քթի տակ փնթփնթալով՝ Աբելը անհետացավ լոգասենյակում: Իսկ տատիկը տարավ ինձ իր սենյակ և հագուստ տվեց:

 - Ի՞նչ է անունդ, - հետաքրքրվեց նա:

 - Սաթենիկ, - պատասխանեցի ես, - իսկ Դուք Լուսինե Արդարադատյանն եք, չէ՞:

Կինը քմծիծաղեց:

 - Լավ է, որ ուշքդ չի գնում ինձ տեսնելուց, - նկատեց նա, - թե չէ երիտասարդ սերունդը շատ նրբազգաց է դարձել: Դե լավ, Սաթենիկ, փոխվիր, հագուստդ թող դռան ետևում, լվացքի մեքենայի մեջ կգցեմ: Իսկ դու արի հյուրասենյակ: Թեյ ու կարկանդակ կհյուրասիրեմ:

Հազիվ զսպեցի ժպիտս: Թեյն ու կարկանդակը կա, ուրեմն ամեն ինչ կորած չէ:

Արագ փոխվեցի և գնացի հյուրասենյակ: Վատ չէր լինի լվացվել, բայց Աբելը դեռ դուրս չէր եկել …

 - Բալիկ ջան, ի՞նչ թեյ ես նախընտրում՝ սև, կանաչ, թե՞ կարկադե, - լսվեց Լուսինեի ձայնը խոհանոցից:

 - Ցանկացածը, Ձեր ընտրությամբ, - պատասխանեցի ես:

 - Ուրեմն կարկադե: Օ՜հ, ինչ լավ կթարմանանք այն խմելիս:

Նրա բնակարանը երկու սենյականոց էր և ուներ պատշգամբ: Ներքին կահավորանքը շատ սովորական էր, ես կասեի՝ հնաոճ: Կահույքը նույնն էր, ոնց որ ծնողներիս տանը: Միակ բանը, որ ժամանակակից էր, մեծ պլազմային հեռուստացույցն էր, իսկ պատուհանի մոտ նոր համակարգիչ էր դրված: Պատին կախված էր ահռելի գորգ՝ հատակից մինչև առաստաղ: Նախշերը ճանաչեցի՝ հինքիլիսյան աստվածային նշաններ էին պաշտպանության և օրհնության համար: Բացի դրանից, ամենուրեք տեսա տարբեր տիպի հմայիլներ:

Նստեցի բազմոցին: Լուսինեն եկավ մի քանի րոպե անց՝ ձեռքին սկուտեղ: Օգնեցի նրան ամեն ինչ դասավորել սեղանին: Կինը լցրեց թեյ և առաջարկեց երեք տեսակի կարկանդակ՝ կարտոֆիլով, ջեմով և պանրով: Երկար-բարակ չէի մտածում: Յուրաքանչյուրից էլ փորձեցի:

 - Դու կատարյալ թոռնուհի ես, - հայտարարեց նա՝ նայելով, թե ոնց եմ ուտում, - իմ թոռը հրաժարվում է ուտել տնական ուտելիք, իբր կալորիական է:

Վերջին բառերը ասելիս փնչացրեց: Չհասցրեցի ոչինչ պատասխանել, քանի որ մտավ Աբելը: Ես անկեղծ փորձեցի լուրջ մնալ, բայց չստացվեց: Չդիմացա ու ծիծաղեցի:

Երիտասարդը ինձ վրա ոչնչացնող հայացք նետեց և նստեց կողքիս: Նրանից որոտի ու կայծակի հոտ էր գալիս, բայց արտաքնապես շատ «սիրունիկ» տեսք ուներ՝ վարդագույն խալաթ, վարդագույն հողաթափեր նապաստակներով և գլխին վարդագույն սրբիչ սրտիկներով:

 - Տատի, ու՞ր է իմ հագուստը, - կեղծ հանգստությամբ հարցրեց նա, - այն, որը բերել էի անցած շաբաթ:

 - Ի՞նչ հագուստ, - մռայլվեց կինը՝ մի կում թեյ խմելով, - հաա՜ա, դու այն մեծ անցքերովի հե՞տ ես: Դեն եմ նետել:

Աբելը դրամատիկ տեսք ուներ: Ինձ թվում է՝ նա վաղուց կպայթեր զայրույթից, եթե դա իր տատիկը չլիներ:

 - Ես քեզ ասել էի, որ դա հիմա նորաձև է, - համբերատար սկսեց նա, - և ընդհանրապես, քեզ խնդրել էի ձեռք չտալ իմ իրերին:

 - Դե կներես, - զայրացավ Լուսինեն,  - կարծում ես ես թույլ կտայի՞, որ իմ թոռը թափառականի հագուստի մեջ ման գա: Եվ ընդհանրապես, - նույն տոնով շարունակեց նա, - այդ հագուստը պարկեշտ չէ: Նրա մեջ քո հետաքրքիր տեղերը շատ են երևում:

 - Տատի, - զայրացած բացականչեց նա:

 - Ի՞նչ, - մարտահարվերով նրան նայեց Լուսինեն, - թող քո հետաքրքիր տեղերը ընկերուհիդ կամ կինը ուսումնասիրի, ոչ թե ողջ Նամրան:

Ես չդիմացա ու երկրորդ անգամ փռթկացի: Աբելը այնպես էր կարմրել, կարծես գերհասունացած բալ լիներ:

 - Եթե ինչ-որ մեկին պատմես սրա մասին, կզղջաս, - զգուշացրեց Աբելը՝ առանց ինձ նայելու:

 - Գերեզման եմ, - խոստացա ես, չնայած չստացվեց հնչերանգիս լրջություն հաղորդել:

Լուսինեն ձևացրեց, որ չի նկատում դա:

 - Ի՞նչ է ձեզ հետ կատարվել, - հետաքրքրվեց նա:

 - Մենք որսի էինք, - պատասխանեց Աբելը:

 - Հաա, լսել եմ, որ մեր թաղամասում երեխաներ են անհետանում, - հիշեց կինը, - և ո՞վ էր դա:

 - Շահապետը:

  • Շահապե՞տը, - զարմացավ նա, - բայց նրանք վնաս չեն պատճառում:

 - Մենք էլ էինք այդպես մտածում, մինչև նրա փորի մեջ չգտանք մի քանի երեխաների հետքեր:

 - Երեխանե՞ր: Դա ընդհանրապես նման չէ նրան …  

Աբելը ուսերը թոթվեց: Վերջերս ամեն ինչ շուռ է եկել: Չարքը մարդաշատ տեղերում է հայտնվում, շահապետը երեխաներ է ուտում …

 - Դա վատ է, - մռայլ խոսեց կինը, - նշանակում է չարքերի աշխարհում փոփոխություններ են սպասվում:

 - Ինչի՞ց հասկացար, - հարցրեց Աբելը:

 - Շահապետը հենց այնպես չէր հարձակվի: Նրան զայրացրել են և խաբել:

 - Տատի, այնպես ես խոսում, կարծես շահապետների մասնագետ լինես:

 - Ես մասնագետ չեմ, բայց գիտեմ:

 - Գիտես ի՞նչ:

 - Այն, թե երբ էր վերջին անգամ շահապետը այդպես դարձել:

 - Եվ ե՞րբ:

 - Երբ որ կնիքը ջարդված էր, և սկսվել էր արյունալի պատերազմը:

Նրա խոսքերը ահասարսուռ հնչեցին: Տիրեց լռություն: Գլխումս դատարկ էր: Տագնապը անտեսանելի ճանկերով մխրճվեց ուղեղս՝ թույլ չտալով գտնել որևէ խելամիտ միտք: Դա տեղի էր ունեցել մի քանի հարյուրամյակ առաջ և կրկնվում է հիմա: Չի կարող լինել, որ … Չէ, լրիվ անհեթեթություն է: Առաջինները դա թույլ չեն տա:

 - Տատի, դու որտեղի՞ց գիտես դրա մասին, - հետաքրքրվեց Աբելը:

 - Գրքերից, իհարկե: Եթե սովորելու ընթացքում մի քիչ ուշադրություն տրամադրեիր ընթերցանությանը, կիմանայիր, որ շահապետը բարյացակամ չարք է: Նրան շատ դժվար է ստիպել կամ հրահրել սպանությունների:

 - Եվ ի՞նչ է դա նշանակում, - չդիմացա ես:

 - Արդեն ասացի: Չարքերի մոտ փոփոխություններ են լինելու:

Ես ու Աբելը իրար նայեցինք: Գրազ կգամ, որ նա էլ մտածեց այն, ինչ ես: Սակայն դա հնարավոր չէ: Առաջինները ամեն տարի թարմացնում են կնիքը: Իհարկե, այն լիարժեք վերականգնել չի լինի, քանի որ դրա ստեղծողներն աստվածներ են եղել: Սակայն նրանք այնպես են անում, որ կնիքը զսպի ամենախոշոր և վտանգավոր չարքերին:

  • Դե լավ, կարծես թե ես ձեզ վախեցրեցի, - ծիծաղեց Լուսինեն, - կերեք կարկանդակները ու թեյ խմեք:

Մենք լռեցինք: Որոշ ժամանակ լուռ ուտում ու խմում էինք:

 - Գնամ տեսնեմ՝ ոնց է մեր հագուստը, - խոսեց Աբելը, - թե չէ դեռ մոնիթորինգ ունենք:

Նա վեր կացավ ու գնաց պատշգամբ: Չեմ կարծում, որ այն այդքան չորացած լիներ:

 - Սաթենիկ, դու կարծես թե նորեկ ես, հա՞, - հետաքրքրվեց Լուսինեն:

 - Ոչ, ես տեղափոխվել եմ Նինից, - պատասխանեցի ես:

 - Օ, հին ու բարի Նին, - երազկոտ հայացքով ասաց նա, - այնտեղ լիքը որսորդական բազաներ կան: Հապա արի այստեղ, ուզում եմ քեզ բան ցույց տալ:

Տատիկը վեր կացավ և մոտեցավ գրապահարանին: Գնացի նրա հետևից և ուսի վրայից նայեցի: Այնտեղ շատ գրքեր կային: Ընդ որում, ելնելով քրքրված և հին կազմերից՝ խոսքը գնում էր շատ հին գրականության մասին: Կարդացի անունները: Նախ՝ հինքիլիսերենով էին գրված, իսկ հետո …

Որսորդ լինելու համար մենք շատ լուրջ դասընթացներ ենք անցել, և գրեթե բոլորը գործնական էին: Տեսականի վրա շատ քիչ ժամանակ էինք ծախսում: Իհարկե, դա չէր վերաբերում, օրինակ, չարքերի դասակարգմանը կամ նրանց վերացնելու ձևերին, սակայն լեգենդներն ու պատմությունը չէին մտնում այդ դասընթացների մեջ:

 - Ես հավաքել եմ այս գրքերը ողջ կյանքիս ըթնացքում, - խոսեց Լուսինեն, - սեփական ձեռքերով էի փրկում անկիրթ մարդկանց ձեռքերից, ովքեր ուզում էին վառել դրանք: Նրանք ուղղակի չէին հասկանում, թե ինչ գանձեր ունեն:

  •           Բայց … ինչի՞ համար:

Կինը տարօրինակ հայացքով էր նայում գրքերին, կարծես սեփական երեխաները լինեին:

  •           Սիրելիս, ես խենթանում եմ հին աշխարհի լեգենդերի համար, - ժպտաց նա, - դրանցից որոշները առավել քան լեգենդներ են:

  •           Չեմ հասկանում Ձեզ …

Լուսինեն խորամանկ ժպտաց, բացեց գրապահարանի դուռը և վերևի դարակից հանեց մի գիրք: Վերջինս այնքան հին էր, որ ես կվախենայի անգամ ձեռքով դիպչել:

  •           Վերցրու սա ու անպայման կարդա, - ասաց նա՝ մեկնելով այն, - կգտնես շատ հետաքրքիր բաներ մեր իրական էության մասին:

  •           Իրական էությա՞ն, - չհասկացա ես, - ինչի՞ մասին եք խոսում:

  •           Ուղղակի վերցրու և կարդա, - նա խուսափեց պատասխանից, - իսկ երբ ավարտես, կգաս ինձ մոտ: Սիրով կպատասխանեմ քո հարցերին:

  •           Լ-լավ …

Նա իրեն տարօրինակ էր պահում: Կարծես խելքը գլխին չէր: Հարգանքից ելնելով՝ վերցրեցի գիրքը ու դրեցի պայուսակս:

Խոսակցությունը ինքնստինքնյան մարեց: Կինը ավելի շատ կարկանդակ և թեյ էր հյուրասիրում:

Ի ուրախություն ինձ՝ Աբելը շուտով վերադարձավ:

 - Էրիկան զանգահարեց, - ասաց նա՝ նստելով կողքիս, - հետաքրքրվում էր՝ կարող ենք արդյոք շարունակել մոնիթորինգը: Ես վստահեցրի նրան, որ կարող ենք: Այնպես որ մեկ ժամից կվերադառնանք աշխատանքի:

 - Ես ձեզ հետ կարկադնակ կդնեմ, որ ճանապարհին ուտեք, - ասաց Լուսինեն, - ու առարկություններ չեմ ընդունում:

Մոտ մեկ ժամից մեր հագուստը լիովին չորացավ, և մենք լքեցինք Լուսինեին: Որոշեցի հարցնել նրա մասին Աբելից:

 -   Լսիր, տատիկդ վաղու՞ց է թոշակի անցել, - հեռվից հարցրեցի ես, - բավականին աշխույժ կին է երևում:

  •           Մոտ տասը տարի է, ինչ տանն է, - պատասխանեց երիտասարդը, - տատին բավական հայտնի որսորդ է եղել: Միայն թե …

  •           Միայն թե ի՞նչ:

  •           Քսան տարի առաջ նրա մոտ ճգնաժամ էր: Նա չի սիրում խոսել դրա մասին, սակայն ստիպված եղավ պառկել հոգեբուժարանում: Այնտեղ նրան բուժում էին ոչ միայն սովորական բժիշկները, այլև մեր գիտնականները: Կարճ ասած, տատին դիմացավ ու դուրս եկավ թոշակի: Չնայած մինչև հիմա  մեկ-մեկ դասեր է տալիս մեզ մոտ:

Լուսինեի կենսագրության այդ հատվածը չգիտեի: Չեմ պատկերացնում, թե ինչերի միջով է անցել, բայց ուրախ եմ, որ հիմա նա հագիստ վայելում է իր թոշակը: Հարգանքից ելնելով՝ կկարդամ այն գիրքը, որը նա տվել է: Անգամ եթե դա հեքիաթների ժողովածու լինի:

Caught up

You're all caught up

This story is still being written. New chapters will appear here as they're published.

15 chapters so far · Updated 8h ago

Back to book

Comments