1. Շամանդաղ. Նենգության և Գիտելիքի Տուն

Chapter 12

Գլուխ 12

 Աբելը մտավ բակ և կանգնեցրեց մեքենան շքամուտքի դիմաց: Թաբին դուրս եկավ: Ես էլ մի պահ վարանեցի. ուզում էի հանել բաճկոնը ու վերադարձնել երիտասարդին: Սակայն նա ասաց.

 - Հետո կտաս:

Դեմքին մի պահ ծուռ ժպիտ հայտնվեց:

 - Ոնց որ թե ավանդույթ է դառնում բաճկոն տալը, - շարունակեց նա, - միգուցե էլ չվերադարձնես, հը՞ն:

 - Հաջորդ որսին կարող եմ մոռանալ այն, - քծնեցի ես, - իսկ դու միշտ ժամանակին ես գալիս ու բերում բաճկոնդ:

 - Զգույշ եղիր, Ասլանյան: Մյուս անգամ բախտդ կարող է այդպես չբերել:

Ինքս էլ էի հասկանում դա:

Մի պահ տատանվելուց հետո՝ ասացի.

 - Լավ էիր պարում:

Աբելի դեմքը անթափանց մնաց: Ես շարունակեցի.

 - Չգիտեմ, ինչքան ժամանակ ես զբաղվում պարով, բայց իսկական պրոֆեսիոնալի նման էիր շարժվում:

Երիտասարդի դեմքին զարմանք հայտնվեց, կարծես չէր սպասում  նման գովեստի:

 - Ես, իհարկե, մասնագետ չեմ, որ դատեմ, բայց այնպես էիր փոխանցում հույզերը, որ … Կարծում եմ նման մակարդակի հասնելու համար ժամեր, օրեր ու անգամ տարիներ են պետք:

Զարմանքը փոխվեց շփոթվածությամբ: Ինչը, սակայն, կարճ տևեց: Աբելը ծիծաղեց:

 - Ի՞նչն էր ծիծաղելի, - չհասկացա ես:

Մի կերպ հանգստանալուց հետո՝ նա պատասխանեց.

 - Կներես, ուղղակի դու առաջին մարդն ես, ով ասում է դա առանց շեշտելու գեղեցիկ դեմքն ու կազմվածքը:

Չնայած նրա զվարճանքին՝ զգում էի, որ դրա տակ թաքնված էր տարակուսանք և շփոթմունք:

 - Գեղեցիկ դեմքն ու կազմվածքը բավարար չեն, - նկատեցի ես՝ մեքենայի դուռը բացելով, - պարը նման է լեզուներին: Պիտի ջանք թափես՝ բառեր ու քերականություն սովորես, ժամերով լսես խոսքը և միայն դրանից հետո խոսես ու ինչ-որ բան հասկանաս:

Աբելը մտազբաղ հայացք նետեց վրաս, բայց ոչինչ չասաց: Երբ փակում էի դուռը, լսեցի մի բառ.

 - Հետաքրքիր էր …

Տանը, դեռ միջանցքում կանգնած սկսեցի հանվել: Թաբին արդեն փոխվել էր ու գոռնափշտիկի պես էր ման գալիս:

 - Երևի պետք է ցնցուղ ընդունել, - քնկոտ ասաց նա:

 - Երևի, - համաձայնեցի ես և մի կերպ հագնելով շապիկս՝ պառկեցի բազմոցին:

Թաբին ինչ-որ բան ասաց, բայց ես չհասկացա: Միանգամից անջատվեցի:

Քունս ծանր էր: Փարին ու դևը հետևիցս էին ընկել: Սպանում էի նրանց, բայց տականքները նորից վերածնվում էի: Հետո տեսա կենսաբանական ծնողներիս, նորից ու նորից վերապրեցի ավտովաթարը, սակայն այս անգամ, այլ կերպ: Վերջում, երբ մեքենան արդեն շրջված ընկած էր, ես տեսա մայրիկին: Նա մոտեցավ ինձ, կռացավ և նայելով ուղիղ աչքերիս՝ ասաց միայն մեկ բառ՝ «Արթնացիր»: Ես ուզում էի դուրս գալ մեքենայից: Ձեռքերս մեկնեցի նրան, սակայն նա միայն պնդում էր՝  «Արթնացիր»: Հետո նա շրջվեց ու ուղղվեց դեպի անտառը:

«Մայրիկ, կանգ առ, մի հեռացիր», - ճչացի նրա հետևից:

«Վերհիշիր», - ասաց նա, - «արթնացիր»:

Ես փորձում էի դուրս պրծնել, սակայն ինչ-որ բան ինձ չէր թողնում: Զայրացած հետ նայեցի և սարսափեցի, տեսնելով … Տիրին: Այսինքն՝ այն պատկերը, որը հասել էր մեր օրեր: Նրա տեսքը գիշատչի էր նման: Գեղեցիկ դիմագծերը չարությունից խեղաթյուրվել էին: Ես ճչացի, սակայն նա ավելի ուժեղ բռնեց ոտքերիցս:

«Դու չես գնա ինձնից», - ֆշշացրեց նա, - «դու իմն ես»:

Գրողը տանի, սա ի՞նչ հիմարություն է:

«Ռադդ քաշիր», - ճչացի ես՝ փորձելով հարվածել նրան:

«Դու իմն ես»:

Նա ձգեց ինձ ավելի մոտ ու ձեռքերս տարավ վերև: Միաժամանակ սկսեց պատռել հագուստս: Որքան ուժ ունեի գոռացի ուղիղ երեսին: Տիրը ծամառվեց: Նրա դեմքը լղոզվեց: Հիմա արդեն կրքի դևն էր ձգվում դեպի շուրթերս: Սիրտս խառնեց: Ես շարունակում էի թպրտալ: Դեմքը նորից փոխվեց Տիրի: Նա մարմնով սեղմեց ինձ՝ ամբողջովին քարացնելով: Սարսափից քարացա, երբ նրա ձեռքը շարժվեց ներքև:

Եվ հենց այդ պահին լսվեց ուժեղ որոտ: Կայծակը հարվածեց մեքենային, վերածելով այն այրվող օբյեկտի: Տիրը կորավ կրակի մեջ: Կարծում էի ես էլ կվառվեմ, սակայն կրակը ինձ վնաս չէր պատճառում: Ընդհակառակը, այն ձգվում էր դեպի ինձ, հպվում մազերիս, մաշկիս, դեմքիս: Ես ինձ վտանգի մեջ չէի  զգում: Ինձ դուր էին գալիս կրակի լեզուները: Ես կպա նրանցից մեկին և այն միանգամից ձեռքիս վրա վերածվեց կայծակի:

«Ապրես», - լսեցի մայրիկի ձայնը, - «հիմա … ԱՐԹՆԱՑԻՐ»:

Կտրուկ նստեցի տեղումս: Շապիկը մարմնիս էր կպչում: Սիրտս կատաղի աշխատում էր, կարծես մարաթոն վազած լինեի: Ձեռքերս դողում էին: Խորը շունչ քաշեցի: Մտքերով դեռևս այնտեղ էի՝ մեքենայում: Մարմինս ջղաձգվեց, երբ հիշեցի Տիրի անպատշաճ վերաբերմունքը: Մի քանի րոպե պահանջվեց, որպեսզի դուրս գամ այդ տարօրինակ երազից:

Վեր կացա, մոտեցա պատուհանին և բացեցի այն: Խորը շնչեցի գիշերային թամ օդը և վերջնականապես ուշքի եկա: Կարծես թե ենթագիտակցությունս իր ձևով է վերամշակել կատարվածը ու ստացվել է այն, ինչ ստացվել է: Չէ, աչքիս Թաբիի ասածը իրոք խելքին մոտ է: Ինձ պետք է հոգեբան: Ի՜նչ լավ է, որ մրցումներից առաջ կարողացա գրանցվել այդ Լիլիթի մոտ: Այցին քիչ է մնացել:

Նայեցի բազմոցին ու հասկացա, որ չեմ կարողանա քնել: Համոզվեցի, որ Թաբին քնած է ու լոգանք ընդունեցի: Մազերս փաթաթեցի սրբիչով, հագա խալաթս և անցա գործի: Քանի դեռ ժամանակ կա, ավելի լավ է զբաղվեմ նիներենի դասընթացով:

Աշխատեցի մինչև առավոտ: Ահավոր հոգնեցի, բայց գոհ մնացի: Հիմա կարելի է հանգիստ սրտով սուրճ խմել: Մինչև այն պատրաստվում էր, ստուգեցի հեռախոսս: Համալսարանի խմբում կուրսեցիներս ակտիվ հարցնում էին՝ ոնց եմ: Պատասխանեցի բոլորին, որ շուտով կվերադառնամ: Հետո գրեցի Անիին ու Էդուարդին: Վերջին երկու օրը իրադարձություններով հարուստ էին, ու ես չէի հասցնում գրել նրանց: Գիտեի, որ մրցումներից հետո հաստատ անհանգստացած կլինեն իմ հոգեկան աշխարհի համար: Կարճ հաշվետվության նման գրեցի, թե ինչ է տեղի ունեցել այս օրերին՝ բաց թողնելով վտանգավոր կողմերը:

Մինչ ես գրում էի, զարթնեց Թաբին:

 - Տիրը ինձ պաշտպան, այս ի՞նչ տեսք ունես, - չդիմացա ես՝ նայելով նրա գզգզված մազերին և լղոզված կոսմետիկային, - ոնց որ վերածնված չարք լինես:

 - Քեզ էլ բարի լույս, - փնթփնթաց նա՝ մոտենալով սուրճ պատրաստող մեքենային, - ինձ համար սուրճ կպատրաստե՞ս: Մինչև չհավաքվեմ, կարգին չի ստացվում մտածել:

 - Իհարկե, գնա լոգասենյակ, քնած չարք:

Թաբին աչքերը առաստաղին հառեց և գնաց ցնցուղ ընդունելու: Ես պատրաստեցի կրկնակի ամերիկանո և բուտերբրոդներ:

Շուտով ընկերուհիս դուրս եկավ լոգասենյակից: Տեսնելով բուրումնավետ սուրճը, միանգամից վերցրեց բաժակը և արագ խմեց այն:

  • Լավ է, - ասաց նա նստելով, - շուտով կոֆեինը իր գործը կանի, մոխրագույն բջիջներս կաշխատեն, և ես նորից մարդ կդառնամ:

 - Տեսնու՞մ ես, դու ինքդ ես ընդունում, որ մարդ չես, - խոսեցի ես, - կեր բուտերբրոդները: Աջիկայով բանկան եմ բացել:

 - Պետք է առևտրի գնալ, - նկատեց նա, - սառնարանը դատարկ է:

 - Ըհըն, անընդհատ չենք կարող ուտելիք պատվիրել:

 - Ճիշտ ես: Ուրեմն շոփինգից հետո կգնանք առևտուր անելու:

Շոփինգ: Ճիշտ է: Նա այսօր ուզում էր օրը տրամադրել գեղեցկությանը և գնումներին: Տիրը ինձ պաշտպան:

 - Դե-դե, էլ աչքերդ առաստաղին մի հառիր, - զայրացավ Թաբին, - շոփինգը կարևոր բան է: Բացի այդ, ես փոխելու եմ իմիջս:

 - Չեմ առարկում: Կգամ բացառապես քո համար:

 Նա հանեց սրբիչը գլխից: Թաց մազերը թափվեցին ուսերին:

 - Դե ինչ, սիրելիս, գնացինք գրավելու աշխարհը:

Աշխարհը գրավելու ծրագիրը սկսվեց գեղեցկության սրահից: Թաբին գնում էր այնտեղ արդեն երկար տարիներ: Սրահը պատկանում էր Ծովինարի տան ներկայացուցչին, բոլոր աշխատողները նույն տնից էին: Սկզբում դա ինձ տարօրինակ թվաց: Դե, կայծակի, որոտի ու փոթորկի ուժ ունեցող մարդիկ միգուցե եղանակի տեսությունում աշխատեին: Բայց հետո Թաբին բացատրեց, որ դա ընտանեկան բիզնես է և բավականին եկամտաբեր:

Ինչևէ, ընկերուհուս վարսավիրը տպավորիչ կերպար էր՝ հսկա մկաններով, դաջվածքներով, երկար մազերով, որ անփութորեն կապված էին ետևում: Երկար մորուքը կոկիկ հարդարված էր, իսկ դարչնագույն աչքերը փայլեցին, երբ ներս մտանք:

  • Օ, Թաբուշիկ, - տղամարդը լայն ժպտաց, - վաղուց չէինք տեսնվել: Ո՞նց ես: Աջ ու ձախ չարքե՞ր ես սպանում:

  • Ես էլ եմ ուրախ քեզ տեսնելու, Բագրատ, - ողջունեց ընկերուհիս, - գործերս լավ են: Փորձում եմ պահել կյանքի ու մահվան հավասարակշռութունը:  

Նրանք իրար ձեռք սեղմեցին և ընկերաբար գրկախառնվեցին:

 - Տեսնում եմ, այսօր մենակ չես, - ասաց նա՝ հայացք նետելով վրաս:

 - Իմ ընկերուհի Սաթենիկն է, - ներկայացրեց Թաբին, - Սաթ, իմ ընկեր ու վարսավիր Բագրատն է:

 - Աղաչում եմ, Բագ, ուղղակի Բագ, - աչքերը առաստաղին հառեց տղամարդը և ձեռք մեկնեց:

Սեղմեցի այն:

 - Հաճելի է ծանոթանալ, - ժպտացի ես:

Բագրատը ուշադիր ինձ նայեց:

 - Դուք ինձ շատ ծանոթ եք թվում, - ասաց նա, - գուցե նախկինում հանդիպե՞լ ենք:

 - Դժվար թե, - պատասխանեցի ես, - մինչև վեց տարեկանն եմ ապրել այստեղ, հետո Նին տեղափոխվել:

 - Հը՜մ, պարզ է… Լավ, - փոխեց նա թեման, - երկուսիդ ոճն էլ փոխու՞մ ենք:

 - Ոչ, միայն իմը, - միջամտեց Թաբին, - Սաթը աջակցության համար է այստեղ …

Աչքերս առաստաղին հառեցի: Աջակցության համար … Կարծես ես ընտրության հնարավորություն ունեի:

 - Ուրեմն, հարմարավետ տեղավորվեք Սաթենիկ, իսկ դու սիրելիս, նստիր գեղեցկության աթոռին:

Նստեցի դատարկ աթոռին: Սրահը մեծ չէր: Բացի Բագրատից աշխատում էին ևս երկու վարսավիր, մանիկյուրի մասնագետ և վիզաժիստ: Տարածքը բավականին լուսավոր էր և մաքուր: Պատերին փակցված էին գեղեցիկ կանանց և տղամարդկանց նկարներ, իսկ օդը լի էր նրբագեղ բուրմունքներով:

 - Դե, սիրելիս, ի՞նչ ենք անում, - հետաքրքրվեց Բագրատը:

Թաբին հանեց հեռախոսը և ինչ-որ բան ցույց տվեց նրան: Վարսավիրի հոնքը վեր թռավ:

 - Հը՜մ, հետաքրքիր է և համարձակ, - նկատեց նա, - չանհանգստանաս, ամեն ինչ կանեմ:

Ինձ հետաքրքիր էր ինչ էր մտածել ընկերուհիս, բայց որոշեցի սպասել: Երբ Բագրատը սկսեց աշխատանքը, հանգիստ սկսեցի զննել մյուս աշխատակիցներին, ինչպես են գործ անում, ինչ մարդիկ են: Ոչ բոլորն էին շատախոս Բագրատի նման, սակայն բոլորն էլ իրար նման էին՝ դաջվածքներ, տարբեր երանգների ոչ ֆորմալ կտրվածքներ, պիրսինգներ … Ինձ թվում է, որ նրանք, բացի հիմնական աշխատանքից, մտնում են նաև մոտոցիկլետ վարողների խմբի մեջ: Այդպես մտածեցի, քանի որ պատերին կային նաև տարբեր մոտոցիկլետների պատկերներ:  

Միայն Բագրատի մոտ բացի վերոնշյալ պատկերներից, կար նաև փոքր նկար: Այնտեղ պատկերված էին երկու երեխա՝ տղա և աղջիկ: Նրանց գլխավերևում կանգնած էին կին և տղամարդ, ովքեր դիմագծերով շատ նման էին: Նկարը այնքան հին էր, որ չկարողացա լավ զննել մարդկանց դեմքերը: Երևի Բագրատի ընտանիքն է:

 - Լավ, սիրելիս, հիմա պիտի մի փոքր սպասենք, - ասաց Բագրատը, - հանգիստ նստիր, հիմա սուրճ կբերեմ՝ կզրուցենք:

Նա բացակայեց մի քանի րոպե, որի ընթացքում ի սրտե ծիծաղեցի Թաբիի գլխին դրված տարբեր թղթերից ու սարքերից:

 - Դու դեռ չգիտես, թե քեզ ինչ է սպասվում սրա համար, - ընկերուհուս աչքերը զայրույթից նեղացան:

 - Արդեն վախենում եմ, - ծաղրեցի ես:

Բագրատը բերեց իսկական հինքիլիսյան սուրճ: Այն ահավոր դառն էր, սակայն այդ համը փոխհատուցվեց քաղցրավենիքով:

 - Մորաքույրս էլ էր նույն դեմքը ընդունում, երբ ստիպված էր լինում դա խմեր, - ասաց վարսավիրը՝ նայելով դեմքիս, - ահավոր չէր սիրում դառը համը ու միշտ գերադասում էր թեյը: Հայրս էլ լրիվ հակառակն էր. առանց դառը սուրճի չէր սկսում օրը:

 - Իսկ հիմա՞, - հարցրեցի ես:

Բագրատի դեմքը մռայլվեց:

 - Երկուսն էլ այլևս չկան, - կարճ պատասխանեց նա:

Փոքր-ինչ շփոթվեցի: Չգիտեի ինչ ասել …

 - Կներես, - ցածրաձայն ասացի ես:

Նա ձեռքը թափ տվեց:

 - Նորմալ է: Մորաքույրս վաղուց է զոհվել ընտանիքի հետ, հայրս էլ մի քանի տարի առաջ մահացել է հիվանդությունից:

 - Բագը հորից է ժառանգել այս սրահը, - բացատրեց Թաբին, - ես գալիս էի այստեղ դեռ այն ժամանակ, երբ նրա հայրն էր աշխատում: Հիանալի վարսավիր էր: Ու ընտիր հասկանում էր նորաձևությունից:

 - Բայց ու՞մ հաշվին, - խոսեց Բագրատը, - ինչ հեռախոս էի գնել նրա համար՝ ժամերով նստում էր համացանցում ու տեսահոլովակներ նայում: Հետո էլ ինձ էր հարցակոխ անում ու ստիպում, որ բացատրեմ ինչ է թրենդը:

Բոլորս ծիծաղեցինք: Ռիսկ չարեցի հարցնել նրա մոր և մորաքրոջ մասին: Զգացվում էր, որ դա կյանքի ցավոտ շրջանն էր, և ես չէի ուզում քչփորել հին վերքերը:

Զրույցի ընթացքում անցավ սպասված ժամանակը: Ես չէի սպասում, որ գրեթե կես օր կարելի է զբաղվել մազերը ներկելով և թարմացնելով: Ես հասցրեցի ոչ միայն սուրճ խմել, այլև մի փոքր դասընթացիս վրա աշխատել, Սայային որոշ հանձնարարություններ ուղարկել և անգամ համալսարանի հետ կապված մի քանի դաս անել: Վերջում արդեն հոգնածությունից չգիտեի ինչ անել: Ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք չեմ գնա Թաբիի հետ գեղեցկության սրահ: Դա նման է սև անցքի, որտեղ անհետանում է թանկարժեք ժամանակը:

Սակայն երբ Բագրատը լվաց ընկերուհուս մազերը և չորացրեց, ես իսկապես ապշեցի: Գույնը կարծես մանուշակագույն լիներ, բայց երևում էին նաև վարդագույնի և կապույտի երանգները:

 - Դե, ի՞նչ կասես, - հարցրեց Թաբին՝ նայելով իր արտացոլանքի մեջ:

 - Հոյակապ է, - անկեղծ պատասխանեցի ես, - իսկապես հոյակապ է:

Նա բավարարված տեսք ուներ: Մի քանի րոպե անդադար պտտվեց հայելու մոտ, շոշափեց մազերը, տարբեր դիրքեր բռնեց՝ լուսանկարվելու համար: Այդ ընթացքում ես ու Բագրատը իսկապես հիացմունքով նրան էինք նայում:

 - Դու միշտ հետաքրքիր գործերով ես գալիս, - ասաց  վարսավիրը, - ու միշտ լրացնում ես աշխատանքային պորտֆոլիոս:

Թաբին ժպտաց և առատաձեռն վճարեց աշխատանքի համար:

Միամտորեն մտածում էի, որ վարսավիրանոցից հետո կգնանք շուկա, հետո՝ տուն:

 - Իսկ հիմա գնում ենք քաղաքի լավագույն օծանակի և ներքնազգեստի խանութը, - հայտարարեց ընկերուհիս:

 - Ո՞ր մեղքիս համար, - նվնվացի ես:

 - Հենց ճանապարհին էլ կփորձես վերհիշել որ մեկի, - ինգնագոհ ժպտաց նա, հետո ավելացրեց. – ես պիտի փայլեմ Վաչեի առջև:

 - Բա ե՞ս ինչ կապ ունեմ:

 - Ընկերուհիս ես , թե՞ չէ, - խիստ հարցրեց նա:

Արդյունքում գնացինք «Ալ-կարմիր վարդ» կոչվող խանութը: Ճանապարհին Թաբին պատմեց ինձ դրա մասին: Պարզվում էր, որ խանութը պատկանում է Անահիտի տան Առաջիններից մեկին՝ Ալվարդին: Հասկացա, թե ինչու է խանութի անունը դրել այդպես: Անահիտի ներակայացուցիչները, չգիտես ինչու, կենտրոնացած են մի նպատակի վրա՝ գտնել յուրաքանչյուրի համար ամենահարմար զույգին, ամուսնացնել և օգնել սերնդի հետ: Այդ պատճառով նրանք որակավորվել են օծանակի, օծանելիքի, ինչ-որ ինտիմ իրերի և իհարկե ներքնազգեստի վրա: Անահիտի ներակայացուցիչների մասին շատ խոսակցություններ էին գնում, և ես մոտավոր պատկերացնում էի, թե ուր էի գնում:

Սակայն, ի զարմանս ինձ, ոչ մի նման բան չկար: Միայն լյուքսային խանութ՝ լիքը թանկարժեք օծանակով, օծանելիքով և այլ ատրիբուտներով: Միակ բանը, որը ինձ տարօրինակ թվաց, դեկորացիան էր: Այնպիսի տպավորություն էր, կարծես տրոպիկական անտառը տեղափոխվել էր այստեղ՝ ամենուրեք պալմաներ, լիանաներ, օրքիդեաներ և անգամ փոքրիկ գետակ կար:

Հոտեր նույնպես կային: Հիշում եմ, Անիի մոտ կար օծանելիք «Վայրի օրքիդեա»: Ես ատում էի դրա հոտը, այն սուր էր, տհաճ  ու կպչուն: Հենց այդպիսի հոտ էլ այստեղ էր: Չդիմացա ու մի քանի անգամ հազացի:

Թաբին տարավ ինձ օծանելիքի, յուղերի ու նմանատիպ բաների բաժինը: Սկզբում կարդում էի անունները, հետո դադարեցի ուշադրություն դարձնել և խելոք հոտոտում էի այն, ինչ առաջարկում էր ընկերուհիս:

 - Բարև ձեզ, - ականջիս տակ լսվեց մի երգեցիկ ձայն, - կարո՞ղ եմ ինչ-որ կերպ օգնել Ձեզ:

Կտրուկ շրջվեցի և տեսա քառասուն-քառասունհինգ տարեկան գեղեցկադեմ կնոջ: Նրա հոյակապ տեսք ուներ՝ սկսած կազմվածքից ու հագուստից, վերջացրած սանրվածքով ու մեյքափով: Կինը ժպտում էր ոչ միայն շուրթերով, այլև աչքերով: Զգացի ջերմության և բարության ալիք, որ գալիս էր նրանից:

 - Օհ, - բացականչեց Թաբին, - բարև Ձեզ, տիկին Ալվարդ:

 - Հաա, իմ հին ծանոթն է, - ժպիտը կնոջ դեմքին ավելի լայնացավ, - դեռ փնտրտունքի մե՞ջ ես:

 - Ո՞նց կլինի առանց դրա, - ծիծաղեց ընկերուհիս, - որոշեցի փոխել սանրվածքս ու ձեզ մոտ գալ: Լսել եմ, որ դուք նոր ու հետաքրքիր բաներ եք ստացել, - նրա ձայնը զգալի իջավ, իսկ հայացքը ավելի խորամանկ դարձավ:

Կինը՝ Ալվարդը՝ խանութի տիրուհին, չդիմացավ ու քմծիծաղեց:

 - Խոսակցությունները շատ արագ են տարածվում, - ասաց նա, - դե ինչ, գնանք հաջորդ բաժին: Որպես մշտական հաճախորդ՝ զեղչ կանեմ:

Մենք գնացինք նրա հետևից: Ես հիացմունքով էի նայում, թե ինչ նրբագեղորեն և թեթև է նա շարժվում: Անահիտի բոլոր ներկայացուցիչներն են այդպես թեթև և եթերային, այն աստիճանի, որ չես էլ նկատում՝ ինչպես են խառնվում անձնական կյանքիդ:

Հաջորդ բաժինը նույնպես լի էր օծանելիքով և քսուքներով: Փորձեցի կարդալ մի քանիսի անվանումները ու զգացի, որ այտերս սկսեցին վառվել: Չէ, սա արդեն չափից դուրս է:

 - Սիրելիս, նայիր, - Ալվարդը կանգ առավ հերթական դարակների առջև, - այս բուրումնավետ փայտիկները մենք ստացել ենք բառացիորեն երկու օր առաջ: Իմ աշխատակցուհիներից մեկը փորձել է այն, և ամուսիններով շատ գոհ են մնացել:

Հայացք նետեցի այդ փայտիկներին և … տեղում քարացա: Դրանք այն նույն փայտիկներն էին, որոնք օգտագործում էր կրքի դևը: Ավելի ճիշտ, կարելի է ասել փորձաքննությունից հետ, սակայն արտաքնապես դրանք նույնն էին: Դա նշանակում է … նշանակում է Ալվարդը դրա հետ կա՞պ ունի: Այդ նա՞ է մատակարարում չարքերին փայտիկներ:

 - Եսիմ, չգիտեմ, - կասկածեց Թաբին, - մենք դեռ դրան չենք հասել …

 - Վերցրու, - միջամտեցի ես՝ բազմանշանակալից նայելով ընկերուհուս, - վաղ թե ուշ գործը դրան կհասնի:

Ի ուրախություն ինձ՝ Թաբին գլխի ընկավ: Նա վերցրեց մի փայտիկը, պտտեց ձեռքերի մեջ և աննկատ հայացք նետեց ինձ վրա: Թեթև գլխով արեցի:

 - Հա, երևի ճիշտ ես, - ասաց նա, - մի ամբողջ տուփ կվերցնեմ:

 - Հիանալի ընտրություն, - գովեց Ալվարդը, - ի դեպ, մենք երեկ ստացել ենք այն գինու գույնի ներքնազգեստը, որն ուզում էիր:

 - Օ, ես դա էլ կգնեմ:

 - Ցանկանում եմ, որ այս անգամ գտնես այն մեկին, - ի սրտե ասաց նա:

Քիչ մնաց փնչացնեի: Կասկածում եմ: Թաբին ձեռնոցների պես փոխում է տղաներին: Եթե գտնի էլ ինչ-որ մեկին, ապա այդ մեկը նրանից հաստատ ուժեղ պիտի լինի:

Ընկերուհիս մի քանի բան էլ վերցրեց, և մենք Ալվարդի հետ միասին գնացինք դրամարկղի մոտ: Ճանապարհին նա բողոքում էր, որ իր դուստրը ուզում էր նիներեն սովորել և իրենց խանութի մասնաճյուղը բացել Նինում: Սակայն խնդիրը նրանում է, որ նա չի սիրում սովորել, իսկ լավ ուսուցիչ գտնելը հեշտ չէ:

 - Հաշվեք արդեն գտել եք, - հայտարարեց Թաբին և նայեց ինձ:

Ես չհասցրեցի ինչ-որ բան ասել, իսկ նա շարունակեց.

 - Իմ ընկերուհի Սաթենիկը նիներենի և ոչ միայն նիներենի ընտիր մասնագետ է: Նա վեց տարեկանից ապրել է Նինում և կատարյալ տիրապետում է լեզվին: Եվ նա ունի նաև բլոգ, որտեղ պարզ լեզվով բացատրում է բարդ թեմաներ: Շուտով նա կթողարկի նիներենի դասընթաց, այնպես որ ձեր դուստրը կարող է գրանցվել և մասնակցել:

 - Իսկապե՞ս, - Ալվարդի աչքերը վառվեցին, երբ նայեց ինձ, - ես անսահման շնորհակալ կլինեմ, եթե հանձն առնեք աղջկաս դասավանդումը: Նա կարող է սովորել, եթե ցանկանա: Պարզապես պետք է մոտեցում գտնել:

Ես հազիվ էի ինձ զսպում, որ մի լավ չխփեմ Թաբիին: Ինձնից ի՞նչ ուսուցիչ: Ես ատում եմ երեխաների հետ աշխատելը: Նրանք չեն լսում, չեն սովորում, իսկ ես այդքան էլ համբերատար չեմ: Դե լավ, Սայայի հարցում բախտս պարզապես բերել է՝ ինչ ասում եմ, անում է: Բայց այս դեպքում …

Ընկերուհիս նշաններ էր անում, որ համաձայնվեմ: Ես չէի հասկանում ինչու, բայց հետո հիշեցի փայտիկների մասին: Պետք է հասկանալ, արդյոք Ալվարդն է տվել փայտիկները չարքին, թե ոչ:

 - Ես կվճարեմ ցանկացած արժեք անհատական պարապունքների համար, - շարունակում էր համոզել կինը, - մեր վարորդը կտանի-կբերի ձեզ օրվա ցանկացած ժամին, միայն թե համաձայնվեք:

 - Լավ, - ասացի ես, - միայն թե նախ հարկավոր է խոսել աղջկա հետ, հասկանալ՝ ինչ գիտի, ինչ՝ չէ: Արժեքի վերաբերյալ դեռ կխոսենք:

 - Շնորհակալ եմ, սիրելիս, - ուրախացավ Ալվարդը և մեկնեց ինձ իր այցեքարտը, - զանգահարեք ինձ օրվա ցանկացած պահին, որպեսզի ընտրենք ժամերն ու օրերը:

Նա այնքան էր ուրախացել, որ զգալի զեղչ արեց դրամարկղում:

Երբ դուրս եկանք խանութից, ագահի նման մաքուր օդ շնչեցի: Գրողը տանի, էլ երբեք ոտքս չեմ դնի այստեղ:

 - Սաթ, սրանք նույն փայտիկնե՞րն են, - հարցրեց Թաբին, երբ հեռու գնացինք այնտեղից:

 - Արտաքնապես հա, - պատասխանեցի ես, - փորձաքննություն է պետք:

 - Ինձ դուր չի գալիս սա, - խոստովանեց նա, - Ալվարդը օրինապահ կին է: Պատկերացնու՞մ ես ինչ սկանդալ կլինի, երբ մարդիկ իմանան սրա մասին:

 - Իհարկե պատկերացնում եմ, - ասացի ես, - «Առաջինը կապնել է չարքի հետ» կամ «Առաջինը՝ չարքերի մատակարար»:

 - Կամաց խոսիր, - ֆշշացրեց ընկերուհիս, երբ մեր կողքով անցավ պատանիների խումբ:

 - Ամեն դեպքում, առանց ապացույցների չենք կարող անգամ ակնարկել դրա մասին, - շարունակեցի ես:

 - Ճիշտ է: Պետք է զանգել Արեգին ու փոխանցել փայտիկները:

Մինչ գնում էինք շուկա, Թաբին զանգահարեց հաքերին և բացատրեց իրավիճակը: Նա խոստացավ երեկոյան գալ և վերցնել հանցանշանը:

Շուկայում Թաբին չորս լիքը տոպրակ մթերք վերցրեց՝ բանջարեղեն, միրգ, արագ պատրաստման շիլաներ, հաց … Ես թերահավատորեն նայեցի այդ ամենին ու հետաքրքրվեցի.

 - Լսիր, ես, իհարկե, ուժեղ եմ, բայց ինչի՞ մասին էիր մտածում՝ այսքանը վերցնելով: Երկուսով էլ չենք կարողանա քարշ տալ տուն:

 - Տաքսի կկանչեմ, - նյարդային ասաց Թաբին:

 - Դու ինչ է, միլիոնատե՞ր ես, որ ամեն անգամ տաքսի նստես, - աչքերս երկինք հառեցի, - սպասիր այստեղ, գնամ տեսնեմ՝ որտեղից եմ գտնում սայլակներով մարդկանց: Նրանց հետ ավելի հեշտ է պայմանավորվել:

 - Լավ, - փնթփնթաց նա:

Շուկայով մեկ քայլում էի և աչքերով փնտրում այդպիսի մարդու: Սովորաբար նրանք շատ են լինում և կպչում են գնորդներից տզի պես: Իսկ հիմա ոչ ոք չկար: Գուցե նրանց աշխատանքային օրը վերջացե՞լ է:

Հերթական խաչմերուկ թեքվելիս, բախվեցի տհաճ տեսարանի. երկու երեխա պարանով կապել էին ոչ մեծ շանը և տանջում էին: Նրանք հարվածում էին նրան փայտով և ծիծաղում էին: Իսկ խեղճ շունը կծկվել էր ու դողում էր: Չգիտեմ՝ ովքեր են այս լակոտները, բայց չեմ կարող աչքերս փակել ու հեռանալ:

 - Հեյ, - խիստ ասացի ես, - ի՞նչ եք անում խեղճ կենդանուն: Ուզում եք ոստիկանությու՞ն կանչեմ խուլիգանության համար:

Իմ ձայնից մի քանի վաճառող շրջվեցին: Տղաները ուշադրության կենտրոնում հայտնվեցին և ստիպված եղան թողնել շանը ու փախչել:

 - Փոքրիկ սադիստներ, - փնթփնթացի ես՝ մոտենալով դողացող կենդանուն, - մի վախեցիր փոքրիկ, նրանք քեզ այլևս ձեռք չեն տա:

Շոյեցի գլուխը, հանգստացնելով և թույլ տալով, որ ուշքի գա: Ինչ-որ վաճառող ջուր և հաց բերեց:

 - Սրան առաջին անգամ եմ այստեղ տեսնում, - ասաց նա, - սովորաբար, տեղացի շները նորեկներին տանել չեն կարողանում և սպանում են: Երևի մոլորվել է:

Ես ստուգեցի՝ արդյո՞ք վզկապ ունի: Սակայն այն չկար: Կարելի է տանել անասնաբույժի մոտ և ստուգել չիպի առկայությունը, սակայն այսօր դժվար թե հասցնեմ մինչև աշխատանքային օրվա ավարտը:

 - Իսկ դուք կարո՞ղ եք որևէ ապահով տեղ թողնել նրան, - հարցրեցի ես:

 - Չէ-չէ, հանկարծ մի բան փչացնի, ո՞վ պատասխան կտա, - հրաժարվեց կինը:

Հոգոց հանեցի: Շնիկը ինձ էր նայում հույսով և տխրությամբ: Գուցե իսկապե՞ս կորել է:

 - Դե լավ, արի ինձ հետ, - փնթփնթացի ես:

Նա բացահայտ ուրախացավ դրանից, կարծես հասկացավ խոսքերս: Շնիկը հանգիստ նստած էր, մինչև ես ազատում էի նրան պարանից: Հետո լեզուն հանեց, թաթերը դրեց ծնկներիս և լիզեց քիթս:

 - Թուհ, - ծիծաղեցի ես և փորձեցի խուսափել նրա ջրալի համբույրներից:

Անգամ չգիտեմ՝ տղա է, թե աղջիկ:

 - Գնանք, պիտի սայլակով մարդ գտնենք, - ասացի ես:

Շունը եկավ հետևիցս: Դրանից հետո արագ գտա ինձ անհրաժեշտ մարդուն, և մենք բոլորովս գնացինք Թաբիի մոտ:

Ընկերուհուս հոնքերը վերև թռան, երբ տեսավ շանը:

 - Որտեղի՞ց ես նրան գտել, - կամացուկ հարցրեց նա, մինչև տղամարդը մեր տոպրակներն էր տեղավորում:

 - Թաբի, խեղճ շանը ինչ-որ լակոտներ էին տանջում: Ես չէի կարող անտարբեր անցնել, – ուսերս թոթվեցի, - կտանեմ նրան անասնաբույժի մոտ, գուցե չիպ ունի:

 - Բա որ չլինի՞:

 - Դե …

 - Սաթ, միայն թե չասես, որ թողնելու ես: Մեր գրաֆիկը …

  • Գուցեև թողնեմ, կտենենք:

Ընկերուհիս ոչինչ չասաց, միայն հայացքը երկինք պարզեց:

Շնիկը հլուհնազանդ մեր եհտևից էր գալիս: Պոչը խաղացնում էր, մոտենում ինձ և փորձում թռչել մինչև ձեռքերս: Չգիտեմ ինչու, բայց նա ինձ դուր եկավ: Մեկ տարի առաջ, երբ ինձ հետ տեղի ունեցան այդ չարաբաստիկ իրադարձությունները, հոգեբանները խորհուրդ էին տալին ընտանի կենդանի պահել: Ասում էին, որ եթե ինչ-որ մեկի մասին հոգ տանեմ, դա կօգներ ինձ: Սակայն հաշվի առնելով, որ ես գրեթե տանը չէի լինում, չհետևեցի այդ խորհրդին: Իսկ հիմա … հիմա մտածում եմ գուցե պե՞տք է դա անել:

Շքամուտքի մոտ վճարեցի տղամարդուն: Տոպրակները ինքներս տուն տարանք: Միանգամից շանը տարա լոգասենյակ և մանրակրկիտ լվացի, մինչև Թաբին մթերքը տեղավորում էր: Կենդանին հանգիստ տարավ այդ գործընթացը: Չորացրեցի նրան ֆենով և բաց թողեցի տանը:

 - Զարմանում եմ քեզ վրա, - ասաց ընկերուհիս, - բերել տուն անծանոթ շանը …

 - Թաբ, արդեն ասացի, որ կտանեմ նրան անասնաբույժի մոտ, - խոսեցի ես:

 - Կարող ես, ինչ ուզում ես ասել, բայց աչքերիցդ երևում է, որ եթե չիպ չլինի, պահելու ես:

 - Եթե անհանգստանում ես մազերի պահով, մի անհանգստացիր, ես կտեղափոխվեմ իմ տուն:

 - Գլուխս մի տանի, - զայրացավ նա, - ես դրա մասին չեմ խոսում: Կենդանի պահելը պատասխանատու քայլ է: Նրա հետ պետք է զբոսնել, խաղալ, կերակրել, բուժել: Դու վստա՞հ ես, որ կկարողանաս:

 - Ես կփորձեմ: Եթե չստացվի, լավ տուն կգտնեմ նրա համար:

 - Դե-դե:

 - Վերջ, արի հանգստանանք: Արեգը չասա՞ց, երբ կգա:

 - Իննին մոտ:

 - Լավ: Կհասցնեմ մի բան պատրաստել:

Ընկերուհիս գնաց իր սենյակ, իսկ ես հարմարավետ տեղավորվեցի հյուրասենյակում: Շնիկը բարձրացավ վրաս և պառկեց կրծքիս, գլուխը դրեց թաթերին և սկսեց նայել ինձ խելացի աչքերով: Ականջների հետևը քորեցի, և նա հաճույքի ձայներ արձակեց: Ծիծաղեցի, բայց շարունակեցի:

 - Տեսնես ի՞նչ ցեղատեսակի ես: Չեմ հասկանում …

Նա խորամանկորեն ինձ նայեց ու լեզուն հանեց:

 - Բա քեզ ո՞նց անվանեմ, - բարձրաձայն ասացի ես, - չնայած, երևի պետք չէ անուն տալ, գուցե արդեն անուն ունե՞ս:

Շունը խելացի հայացքով գլուխը շարժեց: Նա ինձ հասկացա՞վ: Այդ հարցը հիմար էր հնչում: Շները չեն կարող հասկանալ մարդկային լեզուն, միայն հրահանգները: Բայց ինչու՞ է ինձ թվում, որ նա հասկանում է ինձ:

 - Գուցե դու սովա՞ծ ես, - հարցրեցի ես, և ի զարմանս ինձ՝ նա գլխով արեց, - լ-լավ, հիմա մի բան կմտածեմ:

Շնիկտ լեզուն հանեց ու լիզեց քիթս: Վերջ, ես հալվեցի: Պատկերացում անգամ չունեմ՝ ինչ եմ անելու, եթե պարզվեց չիպ ունի:

Վեր կացա ու գնացի խոհանոց: Չգիտեմ՝ ինչով են սնվում շները, կենդանական սնունդ էլ չունեմ …

 - Կներես, բայց կարող եմ առաջարկել միայն շիլա բանջարեղենով, - ասացի ես, - իսկ վաղը կտեսնենք:

 - Այդ ու՞մ հետ ես զրուցում, - լսեցի Թաբիի ձայնը սենյակից:

 - Շան հետ, էլ ու՞մ:

 - Լսիր, արի Արեգին խնդրենք ստուգի չիպի պահը: Գուցե հասկանա՝ ունի՞, թե՞ չէ:

 - Լավ գաղափար է, - աշխուժացա ես:

Բուռն գործունեություն ծավալեցի խոհանոցում: Սկզբում շան համար շիլա պատարաստեցի, իսկ հետո որոշեցի կարտոֆիլ տապակել: Անին միշտ փորձում էր ինձ սովորեցնել պատրաստել հեշտ և բարդ ճաշատեսակներ: Վերջիններս լավ չէին ստացվում, բայց գոնե կարտոֆիլ տապակել, ձվածեղ անելը կամ թեթև աղցան պատրաստելը լավ էր ստացվում: Թաբին նույնպես չի կարողանում պատրաստել: Միակ բանը, որ մոտը ստացվում է, շատ բարակ նրբաբլիթներն են:

Ընկերուհիս եկավ խոհանոց մեկ ժամ անց:

 - Այս ի՜նչ աստվածային բուրմունքներ են, - բացականչեց նա և ագահ հայացք նետեց տապակած կարտոֆիլի վրա, - ինչ համեղ տեսք ունի:

 - Սպասենք Արեգին և նստենք հաց ուտելու, - ասացի ես, հետո նկատեցի. – մի տեսակ փայլում ես …

 - Վաչեի հետ պայմանավորվել ենք գնալ ժամադրության, - երազկոտ հայացքով պատասխանեց նա և ափսեից մի վարունգ թռցրեց, -պլանավորում եմ հմայել նրան:

 - Ես դա արդեն հասկացա, - փնչացրեցի ես, - տեսնենք ինչքան կտևի սա:

 - Օհ, չգիտեմ: Նա այնքան զիլն է, և կազմվածքն էլ լավն է և մկանները …

 - Լսիր, հավես չունեմ լսելու մանրամասների, - ընդհատեցի նրան:

 - Գուցե քեզ համա՞ր էլ մեկին գտնենք: Միասին կգնանք ժամադրությունների:

 - Չէ, շատ շնորհակալ եմ:

Թաբին խորամանկ ինձ նայեց:

 - Ու՞մ ես խաբում: Դու հարյուր տարի ոչ մեկի հետ չես ժամադրվել:

 - Թաբ, դու գիտես, որ հազար ու մի խնդիր ունեմ: Ու բացի այդ, ես ուրիշ ձևով եմ հանգստանում:

 - Լեզուներ սովորելո՞վ: Լավ էլի, ցրվելու ուրիշ տարբերակներ էլ կան:

 - Թաբի…

 - Լավ-լավ, էլ բան չեմ ասում:

Արեգը եկավ ուղիղ իննին: Հոգնած ու մի քիչ էլ քնկոտ տեսք ուներ: Ձեռքին տոպրակ էր՝ տարբեր համովություններով:

 - Ինչու՞ ես բերել, - զարմացավ ընկերուհիս, - այդ մենք պիտի քեզ կերակրենք:

 - Մտածեցի, որ ուտելու ընթացքում զրույցը հեշտ կընթանա, - նա թոթվեց ուսերը, փոխանցելով տոպրակը, - բացի այդ, ամբողջ օրը հաց չեմ կերել:

 - Ինչու՞, - հետաքրքրվեցի ես:

 - Ամբողջ օրը չարքերի ակտիվություն էր նկատվել: Վերահսկում էի մի քանի որս միանգամից: Բացի այդ, Էրիկայի հետ նստած մոնիթորինգի ժամատախտակն էինք կազմում: Առաջինները հրահանգել են մշտական վերահսկողություն հաստատել քաղաքներում և գյուղերում: Էրիկան ասաց, որ նման մոնիթորնգներին պարբերաբար աշակերտներին էլ պիտի տանեք որպես պրակտիկա: Հնարավոր է երկրորդ որսորդական բազան Քիլիսում ավելի շուտ բացվի:

Նրա խոսքերը ճնշող ազդեցություն թողեցին: Իհարկե, մեր առաքելությունն է պաշտպանել հասարակ մարդկանց, բայց դրա հետ միասին պատասխանատվությունն էլ է բարձրանում: Որսորդները կատաստրոֆիկ քիչ են, և երկրորդ բազան իսկապես կթեթևացնի բեռը, սակայն … Սակայն կարծում եմ, որ հարցը միայն մոնիթորինգի մեջ չէ: Հարկավոր է հասկանալ, թե ինչու են չարքերը հենց հիմա այդքան ակտիվացել: Ի՞նչ կամ ո՞վ է ոգևորել նրանց:

 - Տեսնում եմ, որ լավ հոգնած ես, - նկատեց Թաբին, - գնացինք հաց ուտելու, իսկ մնացածը հետո:

Գնացինք խոհանոց: Արեգը մի շահ շվարած կանգնեց՝ նայելով սեղանին և շանը:

 - Աղջիկնե՛ր, այսքան բան պետք չէր անել, - խոսեց նա:

 - Պետք էր, այն էլ ոնց էր պետք: Հաքերներին պետք է լավ կերակրել, որպեսզի մոխրագույն բջիջները լավ աշխատեն, - հայտարարեց Թաբին:

Արեգը աչքերը առաստաղին հառեց, բայց նստեց շան կողքին: Վերջինս հոտոտեց նրան, հետո տարօրինակ փնչացրեց և տեղավորվեց նրա ծնկներին:

 - Նոր տնային կենդանի՞ ունեք, - ժպտաց երիտասարդը՝ քորելով նրա ականջի հետևը:

 - Երևի, - պատասխանեցի ես, - գտել եմ նրան շուկայում: Ինչ-որ լակոտներ ուզում էին տանջամահ անել նրան, ես էլ չկարողացա անտարբեր անցնել: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ունի արդյոք չիպ, թե ոչ: Վզկապ հաստատ չկար:

 - Հիմա տեսնեմ:

Նա զննեց շանը, մինչև ես դասավորում էի ափսեներն ու բաժակները:

 - Չէ, նա ոչինչ չունի, - ասաց նա, - հավանաբար անտուն է:

 - Հիանալի է, - ուրախացա ես,  - այսինքն՝ վատ է, որ մինչև հիմա անտուն է եղել, բայց հիմա կվերցնեմ նրան ինձ:

Շունը կարծես զգաց՝ ինչի մասին է խոսքը և ուրախ հաչաց:

 - Բա ի՞նչ ես դնելու անունը, - հետաքրքրվեց Թաբին:

 - Անունը … Բլիթ, - գտա ես, - չէ, լուրջ, - սկսեցի արդարանալ, երբ տեսա ընկերուհուս թերահավատ դեմքը, - նայիր, ոնց որ իսկական բլիթ լինի:

 - Կյանքում չէի մտածի, որ նման քաղցրիկ անուն կդնես, - փնչացրեց նա, - լավ, քո շունն է, դու էլ ընտրիր անունը: Իսկ հիմա հաց ենք ուտում: Սովից մեռնում եմ:

Տեղավորվեցինք սեղանի շուրջ և հարձակվեցինք ուտելիքի վրա: Այդ ընթացքում ոչ մի բառ անգամ չենք փոխանակել:

 - Շատ շնորհակալ եմ, աղջիկներ, - ասաց Արեգը, - վաղուց այսքան համեղ բաներ չէի կերել:

 - Մենք էլ, - խոստովանեց Թաբին, ու բոլորս ծիծաղեցինք:

Լավ սնվելուց հետո թեյ պատրաստեցի և հանեցի Արեգի բերած թխվածքաբլիթներն ու շոկոլադները:
 - Դե, ցույց տվեք՝ ինչ եք գտել, - անցավ գործին հաքերը:

Թաբին բերեց փայտիկները: Արեգը երկար ուսումնասիրեց դրանք, հետո հանեց պլանշետը և բացեց հանցանշանների թղթապանակը: Ես ճիշտ էի: Արտաքնապես նրանք նույնն են:

 - Պետք է քիմիական անալիզ անել, - ասաց նա վերջապես, - ասում եք՝ Ալվարդի՞ց եք գնել:

  • Այո, - գլխով արեցի ես, - ընդ որում ասաց, որ սա նոր բան է: Երկու օր առաջ են բերել:

 - Իսկ կրքի դևը այն օգտագործել է երեք օր առաջ, - մտածկոտ ասաց Արեգը:

 - Չես մտածում չէ, որ նա կապված է դրա հետ, - համենայն դեպս հարցրեց Թաբին:

 - Քիչ հավանական է, սակայն ստուգել պետք է, - պատասխանեց նա, - ես առայժմ չեմ պատմի Էրիկային սրա մասին, քանի դեռ պատրաստ չլինի քիմիական անալիզը: Այն, որ փայտիկները վաճառվում են խանութում, դեռ ոչ մի բանի մասին չի խոսում: Դրանք կարող են վաճառվել ցանկացած այլ վայրում, իսկ Ալվարդը միակը չէ, ով նմանատիպ խանութ ունի:

 - Ես էլ եմ այդպես մտածում, - գլխով արեցի, - Առաջինը դժվար կապվի չարքերի հետ: Սա շատ լուրջ բան է: Անպայման պետք է փաստարկներով գնալ Էրիկայի մոտ:

 - Ես ամեն ինչ կստուգեմ, - խոստացավ Արեգը:

Մենք շարունակեցինք թեյել և դեսից-դենից խոսել: Բլիթը կպչուն տերևի պես կպել էր Արեգին ու նրա ձեռքերից քաղցրավենիք էր ուտում: Ըստ երևույթին՝ նրանք ընկերներ են դարձել: Հաքերը զգալի թուլացավ: Նա ուզում էր հանգստանալ, դրա համար շուտ հավաքվեց:

 - Թաբի, վաղը քո և Խաչիկի մոնիթորինգի օրն է, - ասաց նա վերջում, - իսկ մյուսը օրը՝ Սաթենիկի և Աբելի: Ամբողջական ժամատախտակը կուղարկեմ ձեզ, որ կարողանաք դասավորել ձեր գործերը:

 - Իսկ մոնիթորինգի մեջ մտնու՞մ է որսը, - հետաքրքրվեց ընկերուհիս:

 - Ցավոք, ոչ: Այսինքն՝ մոնիթորինգից դուրս ես կարող եմ կանչել ձեզ:

 - Ընտիր է, - փնթփնթաց նա, - լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դե լավ, սա չի կարող հավիտյան շարունակվել:  

Հաքերը ոչինչ չասաց: Ի՞նչ կարող էր ասել: Ոչ ոք չգիտեր՝ երբ կավարտվեր չարքերի ակտիվությունը: Եվ կավարտվեր այն արդյոք երբևէ: 

Caught up

You're all caught up

This story is still being written. New chapters will appear here as they're published.

12 chapters so far · Updated 2d ago

Back to book

Comments