Chapter 11
Գլուխ 11
Տանը թեթև հագնվեցի ու նստեցի համակարգչի դիմաց՝ նիներենի դասընթացի վրա աշխատելու համար: Մի քանի տասնյակ տեսահոլովակներ դիտելուց և նույնքան էլ հոդվածներ կարդալուց հետո՝ հասկացա, որ ավելի լավ է մարդկանց սովորեցնեմ այնպես, ինչպես ես եմ սովորել: Մի քանի ժամ աշխատելուց հետո կազմեցի հստակ ծրագիր: Հաջորդ քայլը կլինի դասերի պատրաստումը, սակայն ոչ այսօր: Բավական է այն, որ հասկացա` ինչպես և ինչ պիտի անեմ:
Երկար մտավոր աշխատանքից հետո ինձ պետք էր սնունդ: Պատվիրեցի այն և որոշեցի գնալ կենսաբանական ծնողներիս բնակարան: Ինչքա՞ն կարող եմ ապրել Թաբիի հետ: Բացի այդ, Անին ու Էդուարդը տեղափոխվելու են Քիլիս: Պետք էր տունը կարգի բերել:
Վերցրեցի բանալիները ու գնացի երկրորդ հարկ: Նախ բացեցի պատուհանները, հետո՝ որոշեցի զննել պահարանները: Սկսեցի հյուրասենյակից: Փոքրիկ դրվագներ էին ծագում հիշողությունից: Օրինակ՝ ընձուղտը, որի հետ ես երբեք չէի բաժանվում: Հիշողությունները քիչ-քիչ վերադառնում էին, սակայն ինձնից անկախ: Հենց լարվում էի՝ ամեն ինչ սպիտակ մառախուղով էր պատվում: Հասա լուսանկարների ալբոմներին և որոշեցի ավելի ուշ զննել դրանք:
Տեղափոխվեցի ծնողներիս սենյակը: Զննումը սկսեցի մայրիկի զարդասեղանից: Վրան դեռ դրված էին նրա կոսմետիկ պարագաները և օծանելիքը: Դարակներում հիմնականում զարդատուփեր էին, մեջը՝ տարբեր ձևերի զարդեր: Գերակշռում էին աստվածային խորհրդանիշներով իրերը: Ըստ երևույթին հմայիլներ էին: Զարդերից մեկը գրավեց ուշադրությունս: Ոսկյա կախազարդը արևի և նրա միջով անցնող կայծակի տեսքով էր: Այսպիսի նշան ունի Ծովինարի տունը: Բայց ի՞նչ գործ ունի այն մայրիկի իրերի մեջ: Նա հասարակ մարդ էր, իսկ հայրս որսորդ էր:
Լավ զննեցի կախազարդը և որոշեցի հետո զբաղվել այդ հարցով: Կախեցի այն վզիցս և շարունակեցի զննել սենյակը: Սակայն ուրիշ հետաքրքիր բաներ չգտա: Դրա համար անցա պատշգամբի հսկա գրապահարանին: Սկսեցի ներքևի դարակներից: Այնտեղ խառը գրքեր էին կարուձևի, գործելու, խոհարարության մասին, Տիրի ուժի մասին, պատմական գրքեր: Կարծում եմ շատ ժամանակ կպահանջվի, որ բոլորը ուսումնասիրեմ:
Հեռախոսազանգը ընդհատեց ընթացքը: Առաքիչն էր: Իջա ներքև, որպեսզի ընդունեմ և վճարեմ:
***
Թաբին վերադարձավ երեկոյան:
- Չփորձես անգամ հարցնել, թե ոնց եմ ինձ զգում, - զգուշացրեցի ես, երբ տեսա, որ բերանը բացել է, - ես լավ եմ:
- Տեսնում եմ, - փնչացրեց նա ու զննեց սեղանը, որի շուրջ գործ էի անում և հաց ուտում, - այնքան լավ, որ դասընթացի վրա ես աշխատել, ուտելիք պատվիրել …
- Ձայնիդ մեջ սարկազմ եմ լսում:
- Լու՞րջ: Ես էլ չնկատեցի …
Աչքերս առաստաղին հառեցի: Նստեցինք հաց ուտելու:
- Ի՞նչ ծրագրեր ունես երեկոյի համար, - հարցրեցի ես ու հավեսով կծեցի համբուրգերը:
- Կգնամ ակումբ, - պատասխանեց նա, - այսօր կբռնացնեմ մի հետաքրքիր մարդու:
- Այսինքն՝ ինձ հետդ չե՞ս տանի:
- Լսիր, ես քեզ չեմ հասկանում, - գրգռված սկսեց նա, - մեկ չես ուզում գալ, մեկ էլ ուզում ես …
Թաբին ծիծաղելի ուռեցրեց շրթունքները: Նա միշտ էր այդպես անում, երբ զայրանում էր:
- Ես չեմ ուզում ակումբ, բայց մեղքի զգացողությունը նույնպես անտեսել պետք չի, - ասացի ես, - ախր, իմ պատճառով չգնացիր:
- Բա որ քեզ վա՞տ զգաս, - տատանվեց նա:
Լսիր, քանի անգամ պիտի ասեմ, որ լավ եմ: Եթե վնասվածք էլ ունեի, ապա Տիրի ուժը ներսից բուժել է:
Ընկերուհուս վարանումը երկար չտևեց: Նա հանձնվեց ու ասաց.
- Լավ, բայց մի պայմանով՝ ես ինքս կընտրեմ քեզ համար զգեստ:
- Փակ և պարկեշտ զգեստ, - խիստ նշեցի ես, - մի մոռացիր, որ չեմ ուզում իմ անձի նկատմամբ բարձր հետաքրքրություն լինի:
- Թուհ, ինչ ձանձրալիի մեկն ես, - Թաբին էլի կլորացրեց շրթունքները, կարծես նեղացած երեխա լիներ, - վերջացրու ու գնանք պատրաստվելու: Իսկ վաղը …
- Ի՞նչ, վաղը, - ճշտեցի ես:
Վաղը գնում ենք գնումներ կատարելու և գեղեցկության սրահ: Ես ուզում եմ մազերս ներկել:
- Տիրը ինձ պաշտպան, - փնթփնթացի ես՝ լավ իմանալով, թե ինչքան դա կարող է ձգվել:
Ընթրիքից հետո անցանք պատրաստություններին: Թաբին ստիպեց ինձ հագնել սև զգեստ, որը հիանալի թաքցնում էր կապտուկներս ու քերծվածքներս և որսորդի դաջվածքս: Սակայն միևնույն ժամանակ ընդգծում էր մարմնիս բարեմասնությունները, ծնկներիցս մի փոքր վերև էր և չէր սահմանափակում շարժումներս: Իսկ ընկերուհիս վերածվեց ճակատագրական գեղեցկուհու: Ինդիգոյի գույնի զգեստը հիանալի ընդգծում էր նրա ավազի ժամացույցի նման կազմվածքը: Այն չուներ խորը դեկոլտե, մեջքի հատվածը փակ էր, սակայն Թաբիի սիրո նոր օբյեկտը հաստատ կնկատի նրան: Օծանակը օգտագործելուց հետո ոտքից գլուխ զննեցի նրան ու լուրջ ասացի.
- Թաբ, եթե քեզ փախցնեն, չեմ օգնելու:
- Վայ-վայ-վայ, իբր սրանից առաջ չեն փորձել, - փնչացրեց նա՝ ուղղելով մազերը, - գիտե՞ս՝ հիմա ուր են:
- Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ:
Թաբին տաքսի կանչեց: Մինչ այն գալիս էր, հագա բոլոր հմայիլները, որոնք տվել էր Արեգը: Կրքի դևի որսի ժամանակ ես բացարձակ մոռացել էի դրանց մասին: Իսկ եթե դրած լինեի, ավելի հեշտ կլիներ հասկանալ, թե ով է դիմացս: Նման սխալ այլևս թույլ չեմ տա:
Տասը րոպեից արդեն ընթանում էինք Քիլիսի փողոցներով: Ակումբը գտնվում էր կենտրոնից հեռու. մեր տնից երեսուն րոպեի ճանապարհ էր: Երբ տեղ հասանք, շինության տեսքը ինձ շատ զարմացրեց: Այն երեք հարկանի էր՝ նեոնային ցուցանակներով:Մուտքի մոտ կանգնած էին լիքը մարդիկ, որոնց մանրակրկիտ զննում էին պահակները: Երիտասարդությունը աղմկոտ էր, տղաներն ու աղջիկները ծանոթանում էին անմիջապես փողոցում և զվարճանքի համար շրջապատ ստեղծում:
Դուրս եկանք տաքսուց և գնացինք մուտքի մոտ: Բոլոր գործողությունները անցնելուց հետո վերջապես մտանք ներս: Մի պահ խլացա բարձր երաժշտությունից և կուրացա վառ լույսից: Երիտասարդները բարձր գոռում էին, խմում ալկոհոլ, պարում: Թաբին ձեռքս բռնեց, որ չկորչենք, և քարշ տվեց ազատ սեղանի մոտ:
- Ի՞նչ բերեմ բարից, - բարձր հարցրեց նա:
- Ինչ կուզես, բացի ալկոհոլից, - պատասխանեցի ես:
Երբ Թաբին գնաց, մի պահ զգացի, թե գտնվում եմ արենայում, բոլորը աղմկում են և նետում նեխած մթերքներ: Մի քանի անգամ ինձ հիշեցրի, որ սա ակումբ է, այստեղ միշտ է աղմկոտ, ոչ ոք չի պատրաստվում վրաս նետել զզվելի բաներ: Մտածեցի, որ գուցե իզուր եմ եկել: Ամեն դեպքում երկար ժամանակ խուսափել եմ նման վայրերից …
Ընկերուհիս եկավ տասը րոպե անց՝ ձեռքին կոկտեյլներով բաժակները: Այդ ընթացքում ես լուրջ պայքարում էի մտքերիս ու զգացողություններիս հետ: Կարծես թե ստացվեց ինչ-որ չափով հանգստանալ: Առայժմ:
Սաթ, այստեղ ամեն ինչ ալկոհոլով է, - ասաց նա, - վերցրեցի քեզ համար ամենաթույլ տարբերակը: Եթե հանկարծ չուզես, ես կխմեմ:
Նայեցի կարմրամանուշակագույն հեղուկով տարային ու հոգոց հանեցի: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա ամենաթույլ խմիչքը չէ:
Գտա՞ր ում ուզում էիր, - հարցրեցի ես:
Ահա, մի քանի րոպեից կմոտենա մեզ, - պատասխանեց նա, - կծանոթացնեմ:
Չեմ հասկանում, քեզ իմ ընկերական օրհնությու՞նն է պետք, որ հարաբերություններ սկսես, - քմծիծաղեցի ես՝ մի կում անելով բաժակից:
Գրողը չտանի, սա ամենաթույլ կոկտե՞յլն է:
Չէ, այդ էր միայն պակաս, - փնչացրեց նա՝ ուղղելով հագուստը, - ուզում եմ ուղղակի ծանոթանաս:
Դե-դե …
Ի դեպ իմացա, որ այսօր Աբելը նույնպես ելույթ է ունենալու, - շարունակեց նա, - ակումբի տերերը պահում են նրան զուտ սիրունիկ դեմքի համար:
Միայն սիրունիկ դեմքը քիչ է, - առարկեցի ես:
Դե հա, մի մոռացիր, որ լեզու թափել էլ գիտի:
Մի պահ լռեցինք: Թաբին կում-կում կոկտեյլն էր խմում և փորձում շատ ցույց չտալ նյարդայնությունը: Վստահ եմ, որ նրա մոտ հերթական սիրահարվածությունն է: Այն կանցնի, երբ հասնի իր նպատակին: Երևի այդ երիտասարդը անառիկ բերդի պես անհասանելի է, եթե ընկերուհիս այդքան կենտրոնացել է նրա վրա:
Ողջույն, աղջիկներ, - լսվեց մեր գլխավերևում, - չծանոթանա՞նք:
Վերև նայեցի և տեսա երկու երիտասարդի: Նրանցից ալկոհոլի հոտ էր փչում: Տեսքն էլ լավը չէր՝ ճմրթված հագուստ շրթներկի հետքերով: Հազիվ զսպեցի ինձ, որ չկոպտեմ:
Մենք չենք ծանոթանում, - սաստեց Թաբին:
Օ, ինչ ջղային աղջիկ է, - խրխնջաց նրանցից մեկը:
Իսկ եթե կոկտեյլ հյուրասիրենք, կծանոթանա՞ք, - հետաքրքրվեց մյուսը:
Ոչ, - պատասխանեցի ես, - գնացեք ուրիշ տեղ փնտրեք հաջողություն:
Նրանք չգնացին: Փորձեցին նստել մեր կողքին, թեպետ այնքան խմած էին, որ չէին կարողանում հավասարակշիռ վիճակով մնալ:
Ռադներդ քաշեք, - ֆշշացրեց Թաբին:
Հինգ էր պակաս, որ վեր կենամ ու մի լավ դեմքները ջարդեմ: Բայց չհասցրեցի:
Օ, աղջիկներ, ես էլ ձեզ էի փնտրում:
Մեր տեսադաշտում հայտնվեց մի բարձրահասակ, ձիգ, մոխրագույն աչքերով երիտասարդ: Չգիտես ինչու, զզվեցնող տղաները միանգամից լրջացան ու հնարավորինս արագ հեռացան: Հը՜մ, հետաքրքրիր է …
Նիք, - թեթևացած շունչ քաշեց Թաբին, - ինչպիսի՜ հաճելի հանդիպում:
Երիտասարդը նայեց ընկերուհուս ու լայն ժպտաց:
- Օհ, Թաբուշիկ, ես էլ եմ ուրախ քեզ տեսնել, - զվարթ ասաց նա, -դեմ չե՞ք լինի, եթե երկու րոպե նստեմ ձեզ հետ:
Նա նստեց ընկերուհուս կողքին: Զգացի վրայից եկող թանկարժեք օծանելիքի հոտը: Տղամարդը կարծես արիստոկրատ լիներ. հագին մուգ գույնի շապիկ էր, ձախ ձեռքին՝ թանկարժեք ժամացույց, մազերը՝ մի թեթև գզգզված, սակայն այնպիսի զգացողություն էր, իբր այդպես էլ պիտի լիներ:
- Ես էլ կարծում էի, որ Նամրայով շրջագայում ես, - նկատեց Թաբին:
Դե, սկզբում շրջագայեցի, հետո որոշեցի վերադառնալ իմ սիրելի Քիլիսը, - ժպտաց նա:
Ես թեթև հազացի:
- Օհ, - ուշքի եկավ ընկերուհիս, - ես լրիվ մոռացա ձեզ ներկայացնել: Նիք, սա իմ մանկության ընկերուհի Սաթենիկն է: Սաթ, իսկ սա …
- Նիք, - ներկայացավ երիտասարդը, - թոշակի անցած որսորդ:
- Հաճելի է ծանոթանալ, - սեղմեցի նրա մեկնած ձեռքը, - կներես անտակտ հարցիս համար, բայց ինչու՞ ես այդքան շուտ թոշակի անցել:
Նիքը ծիծաղեց:
- Նման չեմ, չէ՞, ծերուկի, - կատակեց նա, - իրականում որսի ընթացքում վնասվածք ստացա ու գնացի թոշակի:
Գլխով արեցի: Որսորդի համար վնասվածք ստանալը հեշտ է, բայց վերականգնվելը՝ ոչ այնքան: Ես չզարմացա:
- Մի լսիր նրան, - միջամտեց Թաբին, - իրականում նա արդեն երեսուն տարեկան է: Վրայից ծերության հոտ է գալիս:
- Թաբի, Թաբի, այդպես էլ չուղղեցիր քո շիկահեր ուղեղը:
Ընկերուհիս աչքերը առաստաղին հառեց ու խփեց ձեռքին:
- Պատմիր տեսնեմ՝ ինչով ես զբաղվում, - ասաց նա, - մերոնց պատմեմ՝ չեն հավատա, որ այստեղ ես:
- Դե, պատմելու բան էլ չկա: Մանր-մունր չարքերի եմ սպանում: Վնասվածքը թույլ է տալիս անել: Իսկ մնացած ժամանակ կյանքն եմ վայելում: Մեկ-մեկ էլ գալիս եմ Աբելին նայում:
Խոսելու ընթացքում Նիքը չէր դադարում շուրջը նայել կարծես ինչ-որ մեկին էր փնտրում:
- Բա ինչու՞ չես գալիս բազա: Բոլորն էլ ուրախ կլինեն քեզ տեսնել:
Նիքը կտրվեց ամբոխը զննելուց և նրան նայեց:
- Չէ, չեմ գա, - կտրուկ ասաց նա, - դեռ ցավալի է այն փաստը, որ ինձ թոշակի ուղարկեցին: Անգամ չառաջարկեցին հաքերի սովորել:
Ձայնից չէր զգացվում, որ դա նրա համար իրոք ցավոտ բան էր: Բայց ով գիտի:
- Հիմար բաներ մի խոսիր, - խոսեց Թաբին, - դու ինքդ չուզեցիր այլ կարգավիճակում մնալ: Համարեցիր նվաստեցուցիչ:
Դա էլ է հասկանալի: Երբ երկար ժամանակ աշխատում ես որպես գործող որսորդ և հանկարծ դադարում ես, ինչ էլ որ առաջարկեն նվաստեցուցիչ կլինի:
- Թաբուշիկ, դա անցյալի գործերն են, բեր չգնանք այդ կողմերը, - խաղաղասիրաբար ասաց Նիքը և հանկարծ վեր կացավ ու բացականչեց. – Օ, վերջապես գտա նրան, ում ուզում էի: Կներեք աղջիկներ, ստիպված եմ լքել ձեզ: Եթե ինչ-որ մեկը անհանգստացնի, ասեք Նիքը ձեր հետույքները կպատռի:
Նա աչքով արեց ու անհետացավ ամբոխի մեջ: Ես ու Թաբին իրար նայեցին: Ընկերուհիս գլուխը շարժեց:
- Սա … ի՞նչ էր, - ցնցված հարցրեցի ես:
- Նիքը, - պատասխանեց նա, - նա աշխատել է մեզ հետ մոտ հինգ տարի: Հետո դժբախտ պատահար է եղել, ու նա վաղաժամ անցել է թոշակի:
Ոչինչ չպատասխանեցի: Ի՞նչ կարող էի ասել:
Բոլոր մտքերը անհետացան, երբ եկավ Թաբիի սիրո օբյեկտը: Վաչեն՝ ինչպես ինքը ներկայացավ, հաճելի և կիրթ երիտասարդ էր: Ես հասկացա, թե ինչու է ընկերուհիս սիրահարվել նրան: Բարձրահասակ, լայնաթիկունք, շագանակագույն մազերով տղա էր թեթև այտմորուսով: Ոտքից գլուխ լավ հագնված, կարծես ամսագրի կազմից իջած լիներ:
Մի փոքր ուշացա, - խոսեց նա՝ նստելով երկուսիս մեջտեղում, - տնօրենը կանչել էր իր մոտ:
Ամեն ինչ կարգի՞ն է, - հետաքրքրվեց Թաբին:
Ահա, աշխատանքային մի քանի հարցեր: Ձեր կոկտեյլները վերջացե՞լ են: Կուզե՞ք նորը բերեմ:
Դե, եթե մեզ հետ կնստես, իհարկե, - սեթևեթելով պատասխանեց ընկերուհիս:
Մեկ րոպե, հիմա կբերեմ:
Այդ պահին ըմպելիք էի խմում: Հազս բռնեց այնպես, որ չէի կարողանում կարգավորել շնչառությունս: Վաչեն անհանգստացած ինձ նայեց, իսկ ընկերուհիս ոտքս տրորեց սեղանի տակ:
Ամեն ինչ … կարգին է, - մի կերպ պատասխանեցի ես:
Ես էլի կբերեմ, - ասաց երիտասարդը՝ վեր կենալով:
Ի՞նչ, - հարցրեցի ես, երբ Վաչեն գնաց բար, իսկ Թաբին ջղայնացած ինձ նայեց:
Կարո՞ղ ես գոնե այդպես չարձագանքել խոսքերիս, - գրգռված ասաց նա, - դու իմ ողջ ծրագիրը կխախտես:
Ես գնա՞մ, - հոնքս վերև թռավ:
Ոչ, ու՞ր կգնաս գիշերով:
Ես կարծում էի ուզում ես հետը լավ ժամանակ անցկացնել:
Դրան դեռ շատ կա: Նա պիտի հասունանա:
Աչքերս առաստաղին հառեցի:
- Նա այդպիսին չէ, - բացատրեց նա, նայելով ինձ, - նրան պետք է հմայել ոչ միայն մարմնով, այլև խելքով:
- Դե-դե, հաջողություն քեզ: Իսկ ես առայժմ զբոսնեմ ակումբով: Հենց վերջացնես, զանգիր:
- Մնա, կխմես մեզ հետ:
- Չէ, հավես չունեմ ձեր սեթևեթանքին ներկա լինելու: Վայելիր երեկոն, իսկ ես կփնտրեմ հանգիստ անկյուն:
Սկզբում փորձում էի ճեղքելով անցնել ամբոխի միջով: Մի քանի անգամ պարի հրավիրեցին, բայց բոլորին մերժեցի: Տրամադրություն չկար: Հետո ոտքերս ինքնըստինքյան տարան բեմահարթակի մոտ: Թաբին ասում էր, որ Աբելը պիտի պարի այսօր: Զուտ հետաքրքրությունից դրդված մնացի, որ նայեմ:
Երկար չսպասեցի: Շուտով բեմահարթակ դուրս եկավ մի կիսամերկ աղջիկ ու բարձր գոռաց.
- Ովքե՞ր են սպասում Միայնակ Ագռավի կատարմանը:
Երիտասարդությունը ճայթեց: Ես մի պահ խլացա աղմուկից:
- Դե ուրեմն դիմավորեք մեր աստղին:
Աղջիկը անհետացավ: Լույսերը մի պահ հանգան, հետո վառվեց կենտրոնական հատվածի լույսը: Այնտեղ կանգնած էր Աբելը՝ լայն սպիտակ վերնաշապիկով և սև տաբատով: Ելույթի համար նրան դիմահարդարել էին, մազերը սպիտակ ժապավենով թեթև կապել էին: Այնպիսի տպավորություն էր, կարծես դիմացս լրիվ ուրիշ մարդ էր կանգնած:
Երաժշտությունը միացավ: Աբելը լրիվ կերպարանափոխվել էր՝ վերածվելով հմուտ գայթակղեցնողի: Նա այնպես էր կառավարում մարմինը, որ մի պահ ինձ թվաց դիմացս պրոֆեսիոնալ պարող էր: Բերանս բաց նայում էի նրա սահուն շարժումներին, ոնց էր զգում երաժշտությունը, ոնց էր փոխանցում հույզերը … Չէ, Թաբին սխալ է: Անհնար է միայն արտաքին գեղեցկությամբ սրան հասնել: Սա նրա տարերքն է, ինչպես իմը լեզուներն են: Ես դա հստակ զգացի:
Մի քանի անգամ Աբելը մոտեցավ այն հատվածին, որտեղ կանգնած էի: Նա նայեց ինձ, բայց կարծես չհասկացավ, որ ես եմ: Նա լիովին մտել էր իր դերի մեջ և պարզապես ապրում էր բոլոր զգացմունքները:
Երբ պարը ավարտվեց, բոլորը ճայթեցին ծափահարություններով: Աբելը ծանր էր շնչում, բայց բոլորին վարակիչ ժպտաց և օդային համբույրներ ուղարկեց: Ես էլ վերադարձա իրականություն: Չէի սպասում, որ նրա պարը այդքան կախարդական ձևով կազդի վրաս: Թեպետ, ինչու՞ եմ զարմանում: Միշտ էլ պրոֆեսիոնալիզմի հետ բախվելիս լցվում ես հարգանքով:
Աբելը նկատեց ինձ: Դեմքի ժպիտը լայնացավ, ու նա աչքով արեց: Քծնեցի ու ձեռքիս կոկտեյլի բաժակով սալյուտ արեցի: Իգական սեռի ներկայացուցիչները այնպես էին ճչում և փորձում մոտենալ բեմին, որ ստիպված եղա ճեղքելով դուրս գալ այնտեղից: Չէ, ակումբները ինձ համար չեն: Ավելի լավ է գնամ լվացվեմ ու մի հանգիստ տեղ գտնեմ:
Մի կերպ գտա կանանց զուգարանը: Այդքան էլ հեշտ չէր համբուրվող զույգերի մեջտեղով անցնելը: Սակայն երբ հասա տեղ և բռնեցի բռնակից, զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Դաջվածքը սկսել բաբախել: Մայրիկիս կախազարդը սկսեց տաքանալ:
Գրողը տանի…Ատամների արանքով մի երկու նախադասություն ասացի, հանեցի սրի բռնակը և շշնջացի կախարդանքը: Մի պահ կիսախավար միջանցքը լուսավորվեց կանաչ լույսով և հանգավ: Զգուշորեն բացեցի դուռը և մտա ներս: Երաժշտության ձայնը անհետացավ: Լույս կար, սակայն լամպերը թրթռում էին: Ներսում ավելի զով էր գործող օդորակիչի շնորհիվ: Ես հանեցի բարձրակրունկ կոշիկներս և ականջ դրեցի: Ամենավերջին կաբինայից լսվում էին ցածր տնքոցներ: Հուսով եմ ոչ ոքի անհարմար դրության մեջ չեմ գցի, եթե հանկարծակի մտնեմ: Չնայած … չարքի ներկայության զգացողությունը ուժեղացավ: Ուրեմն, ամեն դեպքում պիտի նայեմ:
Որքան հնարավոր է անձայն մտա նախավերջին կաբինան և նայեցի: Ամեն ինչ ակնկալում էի տեսնել, բացի սրանից:
Զուգարանի վրա կիսանստած-կիսապառկած տղա էր: Նրա առջև կանգնած էր մի աղջիկ՝ սև ու երկար մազերով: Վերջիններս շարժվում էին օձերի նման, որոշները մտել էի երիտասարդի բերանը և էներգիա էին կլանում նրանից: Աղջիկը, իսկ ավելի ճիշտ՝ փարին, երկար ճանկերով պահում էր զոհին տեղում: Թեպետ դրա կարիքն էլ չկար.նա արդեն երկու ոտքով գերեզմանի մեջ էր:
Ես չէի կարող դա այդպես թողնել: Դուրս եկա թաքստոցից և կտրուկ բացեցի խցիկի դուռը: Անսպասելիությունից փարին թողեց զոհին և ածուխի պես սև աչքերով ինձ նայեց: Մռնչացող ձայն հանեց՝ ցուցադրելով իր դեղնաշագանակագույն ատամները:
Քաջ գիտակցելով, որ հիմարություն են անում՝ հարձակվեցի վրան: Սև, օձանման մազերը վերև թռան: Դրանց ծայրերը վերածվեցին սուր դանակների ու գրոհեցին: Սուրը հիանալի էր կատարում իր առաջադրանքը, միայն թե կտրված փնջերի փոխարեն դուրս էին գալիս նորերը: Ես չէի կարողանում հարձակվել, միայն պաշտպանվել: Փարին մռնչում էր: Նրա հարձակումները ավելի ինտենսիվ էին դառնում:
Գրողը տանի: Ու՞մ եմ ստում: Փարիին սպանելու համար հարկավոր է երկու որսորդ: Ես ոչ մի հնարավորություն չունեմ այստեղից ողջ դուրս գալու: Սակայն ես չէի կարող թողնել տղային: Անգամ եթե ոչինչ հնարավոր չէ անել, նա պիտի հնարավորություն ունենա նորմալ թաղվելու:
Չարքը կոտրեց դուռը և դուրս եկավ կաբինայից: Հետ-հետ գնացի: Լավ, տեսնենք՝ ով՝ ում:
Երկրորդ հարձակումը ավելի կատաղի էր: Ես հազիվ էի հասցնում կտրել նրա մազերը, սակայն երկար չդիմացա: Հոգնեցի, և փարին դրանից օգտվեց: Նա գամեց ինձ ու զենքը պատին: Չարքը կտրուկ մոտեցավ ինձ, ֆշշացրեց դեմքիս իր զզվելի հոտով: Կերածս ընթրիքը և կոկտեյլը կոկորդումս կանգնեցին: Քիչ մնաց փսխեի վրան: Փարին բացահայտ հաճույք էր ստանում իրավիճակից:
Հայացք նետեցի ընկած տղայի վրա: Կյանքի ոչ մի նշույլ չկար: Փորձեցի ազատել սուրը: Չստացվեց: Ստացվում է, մահս անիմա՞ստ է լինելու: Այնքան հոգնած էի, որ վախենալու ուժ էլ չկար: Փարին պատրաստեց սուր ծայրերով մազերը: Ես փակեցի աչքերս, որպեսզի չստեսնեմ չարքի ինքնագոհ դեմքը:
Հանկարծ դուռը շրխկոցով բացվեց: Հուսով եմ, զուգարան ուզող մեկը չի, թե չէ …
Հեյ, պուպսիկ, էս ի՞նչ բանի ես, - լսվեց շատ ծանոթ ձայն, - ոնց որ թե ճաշակդ փոխել ես, հա՞:
Ի՞նչ:
Փարին շեղեց ուշադրությունը և բաց թողեց ինձ: Ընկա հատակին ու անմիջապես վեր կացա, որպեսզի տեսնեմ իմ փրկչին:
Նիքն էր: Թեթև ժպիտը դեմքին վտանգավոր պարում էր չարքի հետ:
Սաթենիկ, որոշել ես սյունի պես կանգնե՞լ, - հետաքրքրվեց նա, - ես առանց քեզ սրա հախից չեմ գա:
Նրա խոսքերը ուշքի բերեցին: Նիքը թեպետ թոշակի անցած, բայց որսորդ էր ու նրա ձեռքին սուր կար: Ամուր սեղմեցի զենքիս բռնակը ու հարձակվեցի: Նույնը արեց նաև Նիքը: Փարին չգիտեր՝ ում հետ կռվեր: Նրա սարսափազդու մազերը չէին հասցնում նորից աճել: Իսկ Նիքը հմտորեն մոտենում էր նրա մարմնին:
Պտտվիր երեք անգամ, - գոռացի ես ու նետեցի սուրը:
Չարքը փորձեց մի կողմ շպրտել զենքը, ինչպես զզվեցնող ճանճին: Այդ շեղումը դարձավ ճակատագրական սխալ: Նիքը մի քանի հմուտ շարժումով մասնատեց նրան: Նույն պահին մազերը դարձան անկեդան:
Շնչակտուր հենվեցի պատին: Սա արդեն երկրորդ դեպքն էր, երբ չարքը թափանցում էր մարդկանց միջավայր: Եվ երկրորդ անգամն էր, որ քիչ մնաց Սպանդարամետի մոտ գնայի: Ի՞նչ է, գրողը տանի, կատարվում:
Նիքը սուլելով մոտեցավ երիտասարդին, ստուգեց զարկերակը, գլուխը տարուբերեց, հետո հավաքեց փարիի դիակը մի տեղ ու ձեռքը պարզեց դրա վրա: Հանկարծ ափից կրակ դուրս եկավ ու խժռեց բոլոր մասունքները: Մի պահ վախեցա, որ հակահրշեջային ազդակը կմիանա: Սակայն կրակը հանգավ նույնքան արագ, որքան առաջացավ:
Ես աչքերիս չհավատացի: Ցնցված նայում էի մերթ Նիքին, մերթ որսորդական զենքին, մերթ փարիի դիակի հետքերին: Սա … սա ի՞նչ էր:
Իսկ Նիքը բացարձակ թքած ուներ ինձ վրա: Ինչ-որ մեղեդի սուլելով մոտեցավ լվացարանին ու սկսեց լվալ սուրը:
Դու ո՞վ ես, - վերջապես հարցրեցի ես:
Ե՞ս, - կեղծ զարմացավ Նիքը, - մենք կարծես թե ծանոթացել ենք:
Դու ինձ լավ հասկացար, - ասացի ես:
Թոշակի անցած որսորդ, ով պարբերաբար դուրս է գալիս որսի:
Դա ի՞նչ կրակ էր, որ լափեց փարիին, - ուղիղ հարցրեցի ես:
Նիքը չարաճճի ժպտաց:
Դե լավ, Սաթենիկ, խելացի աղջիկ ես երևում, - խոսեց նա, - ես էլ էի որսորդ քեզ նման, հետո դժբախտ պատահար եղավ, թոշակի դուրս եկա ու իմ ճամփով գնացի:
Դու չես կարող որսորդ լինել, համենայն դեպս որսորդները չունեն կրակի ուժ:
Իսկապե՞ս, - քմծիծաղեց նա, - լավ, երբ հոգնես քեզ մատների վրա պտտեցնող տիրականներից, միգուցեև կպատմեմ ճշմարտությունը: Իսկ հիմա …չաո, գեղեցկուհի: Կհանդիպենք:
Նիքը վերցրեց սուրը և արագ հեռացավ: Դուրս վազեցի ետևից, սակայն էլ ոչ ոքի չտեսա: Հօդս էր ցնդել: Գրողը տանի: Ուզում էի գնալ պարասրահ, սակայն հայելու մեջ տեսա արտացոլանքս: Տիրը ինձ պաշտպան, ահավոր տեսք ունեմ:
Ատամներս սեղմեցի ու նորից ներս մտա: Ի՞նչ հիմար բաների մասին էր խոսում: «Տիրականներ» …Ինչպե՞ս կարող է այդպես անհարգալից խոսել Տիրի մասին:
Թաբին գիտի նրան, ուրեմն նա իսկապես որսորդ է: Բայց կրակը … դա Միհրի կամ Վահագնի տան նշանն է: Դա չի կարող լինել:
Չէ, Սաթենիկ, հիմա դրա ժամանակը չի: Պետք է գնալ այստեղից, թե չէ մեկը կմտնի ու կտեսնի ինձ պատռված զգեստով ու դիակով: Մոտեցա հայելուն, որը հրաշքով չէր ջարդվել ու նայեցի արտացոլանքիս: Հը՜մ, Թաբին ինձ կմորթի զգեստի համար: Էլ չասեմ իմ վիճակի մասին: Այսպիսի տեսքով բոլորին կվախեցնեմ: Բա ի՞նչ անեմ: Պայուսակս ընկերուհուս մոտ էր մնացել, սակայն ականջակալը տեղում էր: Մտովի շնորհակալություն հայտնեցի որսորդ-գիտնականներին, որ առանց հեռախոսի աշխատող սարք են ստեղծել: Մեկ րոպե անց լսեցի Արեգի ձայնը.
- Սաթենիկ, լսում եմ:
Արեգ, ինձ մոտ մի փոքրիկ խնդիր կա, - սկսեցի ես, - մենք Թաբիի հետ ակումբում ենք: Ես պատահաբար բախվել եմ փարիի հետ …
- Փարիի՞, - զարմացած ընդհատեց նա:
- Ահա, - հաստատեցի, - կարճ ասած, կապ չունեմ Թաբիի հետ: Ես կանացի զուգարանում եմ: Այստեղ է նաև երիտասարդի դիակը, որին սպանել է փարին: Կարո՞ղ ես ինչ-որ ձևով կապվել Թաբիի հետ:
- Հիմա, մեկ րոպե:
Արեգը չանջատեց կապը, այլ սպասման մեջ դրեց: Փակեցի զուգարանը ներսից և փորձեցի ինչ-որ ձևով կարգի բերել ինձ: Զգեստը իհարկե հնարավոր չէր փրկել:
- Կապվեցի Թաբիի ու Աբելի հետ, - լսվեց հաքերի ձայնը, - նրանք հիմա կգան: Էրիկային արդեն տեղեկացրել եմ, Տրդատը հիմա կգա՝ հետքերը ոչնչացնելու համար: Շեֆը նաև ասաց, որ տուն գնանք: Քեզ մեկ օր հանգիստ է տալիս: Աբելը ձեզ տուն կհասցնի:
Լավ, շնորհակալ եմ:
Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Բժշկական օգնություն պե՞տք է:
Չէ, օգնություն պետք չի:
Լավ: Ուրեմն սպասիր Թաբիին ու Աբելին:
Անջատեցի կապը: Հենվեցի պատին: Օրվա «հիանալի» ավարտ, ինչ խոսք:
Դուռը թակեցին:
- Սաթ, բացիր, մենք ենք, - լսեցի ընկերուհուս ձայնը:
Բացեցի այն և արագ փակեցի նրանց հետևից: Աբելը չէր հասցրել փոխվել՝ բեմական հագուստով էր: Երկուսն էլ անհանգստացած ինձ նայեցին, ոտքից գլուխ զննեցին, հետո հայացք նետեցին սպանված տղային: Աբելը մեկնեց ինձ ձեռքի բաճկոնը: Հագա այն, որպեսզի չգրավեմ լրացուցիչ ուշադրություն:
Լսիր, դու անախորժություններ գտնելու ուղղակի ապշեցուցիչ կարողություն ունես, - ասաց ընկերուհիս՝ դժգոհ հայացքով ինձ նայելով:
Դե կներես, - վրդովված պատասխանեցի ես, - պիտի նայեի, թե ինչպես է այդ տականքը սպանում տղայի՞ն:
Թաբին պինդ սեղմեց շուրթերը:
Ասլանյան, դու հերոս ես, - ասաց Աբելը, - արդեն երկրորդ ագամ ես լուրջ չարքի հախից գալիս …
- Այս անգամ ողջ չէի լինի, եթե ձեր նախկին կոլլեգան չլիներ, - ասացի ես:
Աբելը հարցական ինձ նայեց:
- Նիքը, - բացատրեց Թաբին, - ակումբում Նիքին եմ տեսել:
- Բայց նա պիտի որ շրջագայեր Նամրայով, - զարմացավ երիտասարդը:
- Դե, ստացվում է չի շրջագայում, - գրգռված ասաց ընկերուհիս, - լավ է, որ քեզ օգնեց:
Ոչինչ չասացի: Կրակի մասին հետո առանձին կպատմեմ Թաբիին: Հիմա ոչ դրա ժամանակն է, ոչ էլ տեղը:
- Խոսելու տեղ եք գտել, - աչքերը առաստաղին հառեց Աբելը, - եկեք գոնե հարգենք խեղճին ու գնանք այստեղից:
- Դու այսպե՞ս ես գալու, - հետաքրքրվեց Թաբին:
Բա էլ ո՞նց, - ոսերը թոթվեց նա, - հետո կվերադառնամ ու կփոխվեմ:
Մենք դուրս եկանք չարաբաստիկ զուգարանից և ուղիղ գնացինք ետևի մուտքի մոտ: Աբելի մեքենան հեռու չէր գտնվում և մենք կարողացանք աննկատ նստել այն ու գնալ տուն: