1. Շամանդաղ. Նենգության և Գիտելիքի Տուն

Chapter 10

Գլուխ 10

Ես կանգնեցի ցնցուղի տակ մոտ քառասուն րոպե: Սկզբում քերծվածքներն ու վերքերը նվվացին տաք ջրից, սակայն ես կատաղորեն լվանում էի մաշկս չարքի բոլոր տեսակի հպումներից: Այդ տականքը քիչ էր մնում բռնաբարեր ու սպաներ: Նման բան առաջին անգամ էր հետս կատարվում: Զգացողությունները զզվելի էին: Կարծես բարոյապես տանջեցին ու շպրտեցին:

Դուրս եկա ցնցուղից, փաթաթվեցի սրբիչով և պառկեցի բազմոցին: Մեջքս վառվում էր, գլուխս՝ ցավում: Գուցե ուղեղի ցնցում ունեմ, սակայն հիվանդանոց չեմ գնա:

Հանկարծ դուռը կտրուկ բացվեց ու փակվեց: Հյուրասենյակ ներխուժեց գունատ Թաբին:

 - Ո՞ղջ ես, - կարճ հարցրեց նա:

 - Երևի, - խռպոտ պատասխանեցի ես:

 - Նստիր, հիմա կզննեմ քեզ:

Ընկերուհիս տարիներ առաջ գնացել էր բուժքույրերի դասընթացներին, այդ իսկ պատճառով ամենայն պատասխանատվությամբ մոտեցավ գործին՝ մշակեց քերծվածքներն ու վերքերը, մեջքիս քսուք քսեց, զննեց գլուխս և հրահանգեց պառկել:  

 - Կարծում եմ՝ ուղեղի թեթև ցնցում ունես, - անվստահ ասաց նա, - համենայն դեպս, մի քանի օր պառկած մնա:

 - Ի՞նչ մի քանի օր, - առարկեցի ես, -  վաղը դասի պիտի գնամ, համ էլ հաշվետվությունը …

 - Գրողը տանի այդ հաշվետվությունը, - զայրացավ Թաբին, - ես կխոսեմ Էրիկայի հետ, թող ազատ օր տա: Իսկ համալսարանում կզգուշացնեմ: Մտածիր միայն քո առողջության մասին:

Չվիճեցի նրա հետ: Ոչ ուժ ունեի, ոչ էլ ցանկություն: Խելոք պառկեցի անկողնում, վերմակը գլխիս քաշեցի և անձայն սկսեցի լաց լինել: Այդպես ավելի հեշտ էր ազատվել բացասական հույզերից: Միայն թե վերջերս այդ բացասական հույզերը գնալով շատանում են:  

Քնեցի արցունքն աչքերիս և արթնացա, երբ դեռ մութ էր: Կողքի անկողնում Թաբին քնած էր: Գտա հեռախոսս աթոռի վրա ու նայեցի ժամը: Շուտով լուսաբաց է: Քնել չէի ուզում և ինձ ավելի լավ էի զգում: Դրա համար լուռ վեր կացա և դուրս եկա ննջասենյակից: Գնացի հյուրասենյակ, բացեցի պատուհանը ու ագահորեն շնչեցի սառը օդը: Գիշերային լռությունը երբեմն խախտում էին անցնող մեքենաների ձայները:

Երեկվա կատարվածը թվում էր վատ երազ: Որսը իմ աշխատանքն է, և ոչ ոք չի ասել, որ պիտի գործ ունենամ միայն մանր-մունր դևերի հետ: Սակայն ես սուր արձագանքեցի այդ ամենին: Վերջին տարին շատ է լարել նյարդերս: Չգիտեմ՝ ինչ կլինի եթե հաջորդ որսին նույնպես հանդիպեմ ինչ-որ ուժեղ չարքի կամ էլ … կամ էլ Գարիկը էլի կեղտոտ բան մտածի:

Մտքերի հետևից չընկնելու համար մտա սոցիալական կայքեր: Երևի վերջին օրերի հույզերը այնքան շատ էին, որ անգամ չզարմացա, երբ տեսա, որ հետևորդներս իրենց դրած սահմանը հատել են: Ձայների թիվը հասել էր երեսուն հազարի: Հիմա բոլորը պահանջում էին դասընթացներ բոլոր լեզուներով:

Իհարկե, ես կարող եմ աչք փակել դրան ու շարունակել պարզապես փոստեր գրել, սակայն … սակայն վեցերորդ զգայարանս ինձ հուշում է, որ նման կերպ կկորցնեմ մարդկանց վստահությունը: Երբ սովորում էի լեզուներ, չէի մտածում, որ մի օր կսովորեցնեմ ուրիշներին: Չնայած, վաղ թե ուշ, ես թոշակի եմ դուրս գալու ու բացարձակ չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու այդ ժամանակ:

Մի փոքր մտածելուց հետո որոշեցի փորձնական նիներենի դասընթաց պատրաստել: Չգիտեմ՝ ինչպես են դա անում, բայց կսովորեմ:

 - Ի՞նչ ես անում այստեղ մենակ:

Անսպասելիությունից վեր թռա ու շրջվեցի: Թաբին կանգնած էր հյուրասենյակի դռան մոտ ու քնաթաթախ աչքերն էր տրորում:

 - Քունս չի տանում, - պատասխանեցի ես:

 - Ո՞նց ես քեզ զգում, - հետաքրքրվեց նա՝ մոտենալով ինձ ու նստելով կողքիս:

  • Նորմալ: Մտածում եմ, ցնցում չկա, ուղղակի գլուխս ուժեղ հարվածել եմ:

 - Աբելը պատմեց՝ ինչ ես արել այնտեղ, - ասաց նա, - չարքին մսաղացի միջով ես անցկացրել …

 - Այդ տականքը ինձ հունից հանել էր, - ուսերս թոթվեցի:

 - Լսիր, դա իրոք տարօրինակ է: Դևերը մարդաշատ տեղեր չեն գնում: Այդ ինչի՞ց է, որ այդքան համարձակ են դարձել:

 - Նա ինչ-որ հիմարություն էր դուրս տալիս, իբր նրա հետևում ազդեցիկ անձնավորություններ են կանգնած: Բայց դե պարզ է, որ ստում է:

Թաբին գլուխը տարուբերեց:

 - Դա կարող է և ճիշտ լինել, - լուրջ խոսեց նա:

  • Թաբ, եթե մենք նրանց ամեն ասածին լուրջ վերաբերվենք, ապա որսորդներ չենք լինի, - ներողամտաբար ասացի ես, - պատճառը պետք է ուրիշ տեղ գտնել:

 - Եվ ինչո՞ւմ:

 - Դևը փորձում էր թմրեցնել ինձ ինչ-որ փայտիկներով: Ես հստակ հիշում եմ՝ ինչպես նա հանեց պահարանից դրանք, վառեց և դրանից հետո ես թմրեցի:

 - Տրդատը այնտեղ ամեն ինչ զննել է ու հավաքել իրեղեն ապացույցները: Կարծում եմ՝ փայտիկները նույնպես: Ի՞նչ ես մտածում դրա մասին:

 - Որոշ ենթադրություններ ունեմ, բայց դրանք անհեթեթ են: Չեմ կիսվի, քանի դեռ Արեգը չի ավարտել հետաքննությունը:

 - Օ, Արեգը, - հանկարծ հիշեց Թաբին, - այդ գիժը իրեն մեղավոր է զգում քեզ հետ կատարվածի համար:

 - Ինչու՞, - զարմացա ես:

 -Դե, նա իր աշակերտին ասել էր, որ եթե ինչ-որ լուրջ ինֆորմացիա գա ոստիկանությունից, միանգամից հայտնի: Բայց այդ դմբլոն չէր ցանկացել խանգարել Էրիկայի հետ հանդիպումը ու զանգել էր միակ ազատ որսորդին, այսինքն՝ քեզ:

 - Ե՞վ, - չհասկացա ես:

 - Արեգը իր վրա է վերցրել պատասխանատվությունը այդ միջադեպի համար:

 - Հիմարություն, - փնչացրեցի ես, - ամեն դեպքում այդ չարքին պետք էր վերացնել:

 - Սաթի, բա որ մոտդ չստացվե՞ր: Մոռացե՞լ ես ինչ է, որ դևերի դեմ երկուսով են գնում: Պարզապես հրաշք է, որ կարողացել ես դուրս պրծնել նրա ձեռքից … հարաբերական անվնաս:

Ուսերս թոթվեցի: Ես ինքս էլ էի դա հասկանում, բայց այն, որ հաքերը իր վրա է վերցրել պատասխանատվությունը …

 - Հիշու՞մ ես պատմում էի Արեգի հիպեր պատասխանատվության մասին, - հարցրեց նա և երբ ես գլխով արեցի, շարունակեց. – դա նրա ոտքի հետ է կապված: Այդ վնասվածքը նա ստացել է որսի ժամանակ, որին, ի դեպ, գնացել էր առանց որևէ մեկին ասելու: Իսկ այնտեղ փիաթեք էր:

Ապշած նրան նայեցի: Այդ հրեշի դեմ նվազագույնը երեք հոգի են գնում:

 - Ինչպես արդեն հասկացար, Արեգի մոտ չստացվեց հաղթել նրան: Նա կդառնար փիաթեքի կերակուր, եթե Էրիկան վրա չհասներ: Չարքը փախավ, նրան հետո չգտան, բայց ղեկավարությունը խիստ նկատողություն արեց Արեգին ու Էրիկային: Քիչ էր մնում դուրս անեին որսորդների շարքից: Այդ օրվանից Արեգը իր վրա է վերցնում մեղքը, անգամ եթե մեղավոր չի:

Լռեցինք: Նման իրավիճակում չգիտես՝ նա իրո՞ք մեղավոր է, թե ոչ: Ըստ էության աշակերտը խախտել է Արեգի տված հրահանգը և վարվել … ինչպես հասարակ հաքեր: Չգիտեմ, եթե ես լինեի նրա տեղը, գուցե նույնպես ուղարկեի որսորդի: Միայն թե երբ մտածում եմ, որ այդ հայտարարությունով կարող էր գնալ ուրիշ աղջիկ ու … Մարմնովս դող անցավ: Չէ, ամեն ինչ ճիշտ է:

 - Ինձ թվում է Արեգը շատ ներողություն կխնդրի քեզնից ու միգուցե ավելի մանրակրկիտ կընտրի որսը, որին կուղարկի քեզ:

Աչքերս առաստաղին հառեցի:

 - Ես ինչ է, փոքր երեխայի՞ եմ նման: Դա ի՞նչ անհեթեթություն է:

 - Սաթի, խաղաղվիր: Բոլորս արդեն սովոր ենք դրան: Միայն Էրիկան է կարողանում վրան ազդել: Եթե ինչ՝ կարող ես նրան հանգիստ դիմել:

Չգիտեի ինչ ասել: Ես որսորդ եմ ու արյանս մեջ է կռվել չարքերի հետ: Եթե հաքերը ընտրողաբար մոտենա գործին … Չէի ցանկանա խաբար-բզիկի անուն հանել կոլեկտիվում, բայց ստիպված կլինեմ ասել Էրիկային:

 - Օհո, հետևորդներիդ ի վերջո ստիպե՞լ են քեզ դասընթացներ ստեղծել, - հանկարծ բացականչեց նա:

Նա նայում էր հեռախոսիս էկրանին և բացահայտ ծիծաղում:

 - Ես միայն մեկ դասընթաց կպատրաստեմ, - ասացի ես, - եթե չհասցնեմ, էլ չեմ անի:

 - Բա ոնց, - քմծիծաղեց նա, - դու ուղղակի հունի մեջ կընկնես ու էլ չես ցանկանա կանգնել:

Փնչացրեցի: Թաբին ճիշտ է: Եթե ինչ-որ բան դուրս գա, այնքան կխորանամ, որ էլ չեմ ուզենա կանգ առնել:

Զրուցելիս չնկատեցինք էլ, որ առավոտը եկավ: Ինձ վատ չէի զգում և ուզում էի գնալ և՛ բազա, և՛ համալսարան: Թաբին զայրացավ, ու ասաց, որ արդեն զանգել է դեկանատ և ինձ համար մի քանի օր ազատ վերցրել՝ առողջության պատճառով: Էրիկան նույնպես ինձ ազատ է տվել:

  • Թաբ, ես ինձ լավ եմ զգում, - ասացի ես, - գոնե բազա պիտի գնամ: Արեգի հետ պիտի խոսեմ այդ փայտիկների հարցով: Եթե վատ զգամ, տաքսի կկանչեմ ու միանգամից տուն կգամ: Խոստանում եմ:

Ընկերուհիս դժգոհ փնթփնթաց, որ ես չլսող հիվանդ եմ:

  • Ի դեպ, չգնացի՞ր երեկ ակումբ, - փոխեցի թեման:

  • Իհարկե ոչ, - զայրացավ նա, - ո՞նց կարող էի քեզ մենակ թողնել:

 - Ուրեմն կգնանք ազատ օրերին կամ էլ վաղը, եթե հարմար լինի:

  • Նախ լավացիր, հետո կխոսենք:

Ես չէի ուզում գնալ ակումբ, բայց իմ պատճառով նա չգնաց…

Նախաճաշեցինք, կարգի եկանք ու գնացինք մեր գործերով: Թաբին պիտի թեկնածուական աշխատանքի ղեկավարի հետ հանդիպեր, իսկ ես ուղևորվեցի բազա:

Պիկ ժամին տաքսի կանչեցի ու բավականին երկար մնացի խցանումների մեջ: Բայց երբ տեղ հասա, բազայում աշխուժություն էր: Որսորդները մարզում էին իրենց աշակերտներին: Դա ինձ հիշեցրեց Սայայի մասին: Այս որսերի ու մտորումների մեջ լրիվ մոռացել եմ տղայի մասին:

Տրդատը նկատեց ինձ ու մոտեցավ:

 - Ո՞նց ես, - հետաքրքրվեց նա, - Թաբին ասաց, որ մոտդ ուղեղի ցնցում կարող է լինել:

 - Վատ չեմ զգում, - պատասխանեցի ես, - երևի ցնցում չունեմ կամ էլ թեթև, չգիտեմ:

 - Դե լավ է: Մենք էլ արդեն անհանգստանում էինք, որ քո պատվին միջոցառումը հետաձգվում է:

Աչքերս երկինք հառեցի:

 - Այնպիսի տպավորություն է, կարծես ձեզ միայն այդ միջոցառումն է հետաքրքրում, - ասացի ես:

 - Չէ, ինչ ես ասում, - հերքեց նա, - դու ինձ ավելի շատ ես հետաքրքրում, քան միջոցառումը:

Նա աչքով արեց ու գնաց աշակերտի մոտ: Նա ինչ է, սեթևեթու՞մ էր:

Գնացի սրճարան: Սրահում բավականին շատ հաճախորդներ կար: Մատուցողուհիները ակտիվ գործ էին անում: Մի անկյունում տեսա Սայային: Ինչպես միշտ՝ գիրք էր կարդում: 

Տղան ինձ նկատեց ու փակեց գիրքը:

 - Ուսուցիչ, - նա ձեռքով արեց:

Մոտեցա նրան:

 - Ինչպե՞ս եք, ուսուցիչ, - անհանգստացած հարցրեց նա, - Տրդատ և Աբել ուսուցիչները ասացին, որ հրաշքով եք փրկվել:

Չհավատացի, երբ նկատեցի արցունքներ նրա աչքերում: Գրողը տանի …

 - Ես լավ եմ, - վստահեցրեցի նրան, - մի անհանգստացիր ինձ համար:

 - Ախր, ո՜նց չանհանգստանամ: Դևերը շատ ուժեղ են, ինչպե՞ս եք կարողացել միայնակ կռվել նրա հետ: Բա որ նա Ձեզ … Ձեզ …

Արցունքները ի վերջո թափվեցին աչքերից: Չէ, միայն ոչ սա: Ես բացարձակ չգիտեմ՝ ոնց կանգնեցնել պատանեկան ցասումները:

Անվստահ ձեռքս դրեցի ուսին: Հանկարծ տղան գրկեց ինձ:

  • Խնդրում եմ, զգույշ եղեք, դուք լավ ուսուցիչ եք, ես ուրիշին չեմ ուզում, - հուզված ասաց նա:

 - Հը՜մ, - այնքան շփոթվել էի, որ չգիտեի ինչպես վարվել, - էէէ… Սայա, ամեն ինչ կարգին է, ես դեռ չեմ պատրաստվում մեռնել: Հանգստացիր:

Ես չգիտեի, որ աշակերտս այդքան զգայուն էր, ու այս իրավիճակը կարող էր այդքան վրան ազդել: Գրողը տանի, նման ձևով նա խնդիրներ կունենա որսի հետ:

Բայց տղան չէր հանգստանում: Ստիպված գրկեցի նրան՝ ի պատասխան ու գլուխը անվստահ շոյեցի:  

 - Սայա, - կամացուկ ասացի ես, - սա մեր աշխատանքի անբաժան մասն է: Յուրաքանչյուր որս ռիսկային է, քանի որ չգիտես՝ ինչ կլինի: Դրա համար մենք մարզվում ենք, սովորում, որպեսզի այդ ռիսկերը նվազագույնի հասցնենք: Եթե հանկարծ ինչ-որ դեպք էլ պատահի, պիտի այն մտքով մեռնենք, որ գոնե Նամրան մի չարքից էլ ազատեցինք: Ես ուզում եմ քեզ սովորեցնել այն ամենը, ինչը ես գիտեմ, որպեսզի հետագայում դու նույնպես լավ որսորդ դառնաս և իմանաս՝ ինչի համար ես պայքարում:

Հեկեկոցները քչացան: Չէի սպասում ինձնից, որ կկարողանամ հանգստացնող խոսքեր գտնել պատանու համար: Ներսս դառը ու կպչուն հույզեր բարձրացան: Մեկը լիներ, ինձ ասեր նման խոսքեր, երբ ես սովորում էի: Ցավոք, Տիրի տանը ամեն ինչ խիստ էր և դաժան:

Ի վերջո, տղան պոկվեց ինձնից: Աչքերը ամբողջովին կարմիր էին: Ես փորձեցի ժպտալ:

 - Գնա լվացվիր ու սպասիր ինձ մարզադաշտում, - հնարավորինս մեղմ ասացի ես, - մտնեմ Արեգի մոտ և կմարզվենք, լա՞վ:

 - Ես կմարզվեմ, - խռպոտ ձայնով ասաց նա, - դուք ինձ հրահանգներ կտաք և ոչ մի բան չեք անի:

 - Լավ: Բայց դու պիտի ուշադիր ինձ լսես:

Սայան գլխով արեց: Մենք միասին մտանք ծառայողական հատված ու բաժանվեցինք՝ նա գնաց զուգարան լվացվելու, իսկ ես մտա Արեգի մոտ:

Հաքերը նստած էր համակարգչի առաջ ու լարված ինչ-որ բան էր կարդում: Ինձ տեսնելով՝ նա կտրվեց էկրանից ու առանց բարևի միանգամից հարցրեց.

 - Ո՞նց ես քեզ զգում: Ոչ մի տեղդ չի՞ ցավում:

 - Լավ եմ, ոչ մի տեղս չի ցավում, - վստահեցրի ես, - գրողը տանի, եթե մեկն էլ ինձ հարցնի՝ ոնց եմ, երևի մարդասպանության համար բանտ նստեմ:

Նա թեթևացած շունչ քաշեց, բայց զգացվում էր, որ դեռ լարված է:

 - Կներես աշակերտիս համար, - ասաց նա, - ես չէի սպասում, որ նա այդքան անմիտ կգտնվի:

 - Անցած լինի, Արեգ: Պատկերացնու՞մ ես, եթե իմ փոխարեն ուրիշ աղջիկ գնար: Հիմա զոհերի քանակը մեկով ավել կլիներ: Եվս մի աղջիկ, ով այդ տականքի պատճառով հոգեբանական ու ֆիզիկական վնասվածք կստանար:

 - Հասկանում եմ, բայց նա պիտի գոնե կասկածեր, որ խոսքը դևի մասին էր …

 - Արեգ, - ընդհատեցի նրան, - անցած լինի: Ես շնորհակալ եմ, որ դու ժամանակին միացար, գնահատեցիր իրավիճակը ու արագ օգնություն ուղարկեցիր: Մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ:

 - Ես կլինեմ ուշադիր, - ուղղեց ինձ նա, - բոլոր ինֆորմացիոն հոսքը այսուհետ հեռախոսիս կգա, ու ես ինքս կուղղորդեմ:

Չհակաճառեցի, քանի որ զգում էի, որ դա կարող էր հեռու տանել: Սակայն որոշեցի հարմար առիթի խնդրել Էրիկային խոսել հետը: Ես չեմ ուզում մանր-մունր չարքերով զբաղվել:

 - Եկել եմ հաշվետվությունը գրեմ ու խոսեմ դևի մեթոդների մասին, - ասացի ես, - բայց լավ կլիներ սուրճ խմեինք: Այնպիսի տեսք ունես, կարծես քառասուն տարեկան տնային տնտեսուհի լինես՝ լիքը երեխաներով:

Արեգը քծնեց:

 - Լավ, ես հիմա սուրճի հետևից կգնամ, - խոսեց նա, - ահա քեզ բլանկ ու գրիչ: Եթե … եթե ուզենաս տեսագրությունը …

 - Պետք չի, - ընդհատեցի ես, - լավ եմ հիշում ամեն ինչ:

Հաքերը հոգոց հանեց ու դուրս եկավ:

Չգիտեի, որ կարող եմ այդքան արագ վերջացնել հաշվետվությունը: Արեգը վերադարձավ Սայայի հետ՝ սուրճով և բուտերբրոդներով: Ազատեցի սեղանը, և բոլորովս նստեցինք սրճելու:

 - Արեգ, ուզում էի քեզ մի բան պատմել, - ասացի ես, - դևը փորձում էր թմրեցնել ինձ ինչ-որ հոտավետ փայտիկներով: Ես հիշում եմ ինչպես նա հանեց դա պահարանից:

 - Հա, Տրդատը բերել էր այնտեղից փայտիկներ, - հաստատեց նա, - ես հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղից են դրանք:

  • Դա ինչ-որ նոր բան է: Երբեք չէի տեսել ու լսել, որ դևերը օգտագործում են հոտավետ նյութեր:

 - Սաթենիկ, դրանք սովորական փայտիկներ չեն: Այդպիսինները չեն կարող ազդել մարդու վրա: Առավել հավանական է, որ դրան խառնված է կախարդանքը:

 - Կախարդա՞նքը, - կրկնեցի ես:

Նրա ենթադրությունը ինձ չզարմացրեց, բայց մտահոգեց:

 - Դու կարծում ես, որ տներից ինչ-որ մեկը կարող է մատակարարել դևերին կախարդական իրե՞ր, - հարցրեցի ես:

Կողքիս նստած Սայան քիչ մնաց խեղդվեր սուրճը խմելիս: Ինքս էլ չէի հավատում, որ նման բան բարձրաձայնեցի:

 - Ես չեմ կարող վստահ ասել, քանի դեռ չեմ հասկացել, թե որտեղից են դրանք, - ուսերը թոթվեց հաքերը, - միայն ուսումնասիրությունից հետո կկարողանամ գտնել՝ ով է մեղավոր: Ամեն դեպքում հետաքննությունը ընթանում է իր հունով, և եզրակացություններ անելը վաղ է:

Լռեցինք: Կարծում եմ երեքս էլ մտածում էինք նույն բանի մասին: Թաբին ինձ ասել էր, որ չարքերի զգալի ակտիվացում կա, բայց այն, որ կախարդական ուժեր կրողները կարող էին խառնված լինել…դա արդեն այլ հարց էր:

Մենք դեռ չէինք վերջացրել սուրճը, երբ դուռը բացվեց և ներս մտավ Աբելը՝ մազերը գզգզված, դեմքը քրտնած և դժգոհ տեսքով:

 - Դուք ձեզ համար սուրճ եք խմում, իսկ մենք արևի տակ խորոված դարձանք, - բողոքեց նա ու փռվեց ազատ աթոռին, - գոնե ձևական խղճացեք ու առաջարկեք սառույցով վիսկի:

 - Վիսկիի համար դեռ վաղ է, - նկատեց Արեգը, - բայց սառույցով սուրճ կարելի է կազմակերպել:

Սայան անմիջապես վեր թռավ տեղից:

 - Գնա՞մ բերեմ, - առաջարկեց նա:

 - Օ, վերջապես մի խելամիտ բան քեզնից դուրս եկավ, - աշխուժացավ Աբելը:

Տղան արագ դուրս եկավ սենյակից:

Աբելը հայացքը հառեց վրաս: Դարչնագույն աչքերը ծուլորեն ինձ զննեցին:

 - Ես էլ կարծում էի, որ այսօր տանը կմնաս, - նկատեց նա, - Թաբին այնպես ներկայացրեց վիճակդ, կարծես մահամերձ պառկած ես:

Փնչացրեցի: Ընկերուհիս սիրում է չափազանցնել, բայց ոչ այդ աստիճանի:

 - Ինչպես տեսնում ես ողջ եմ և գրեթե առողջ, - ուսերս թոթվեցի:

 - Միայն չասես՝ հաշվետվության համար ես եկել …

  • Հենց դրա համար էլ եկել եմ, - հաստատեցի ես:

  • Դու անտանելի ճշտապահ ես, - հառաչեց նա, - երևի Սպանդարամետի աշխարհից էլ կգաս, որ հաշվետվություն գրես:

Արեգի հոնքը վերև թռավ:

 - Բայց ինչու՞ ես կարծում, որ Սաթենիկը գնալու է Սպանդարամետի մոտ, - հարցրեց նա:

Մռայլ աստվածուհու մոտ գնում էին մեղավոր հոգիները:

 - Ինձ թվում է, որ բոլոր որսորդներն են այնտեղ գնալու, - լուրջ պատասխանեց նա:

 - Գրողը տանի, ինչի՞ց ես նման ենթադրություններ անում, - բացականչեց հաքերը:

Աբելը մի պահ շփոթվեց, հետո ասաց.

 - Դե, մենք շատերին կարող էինք փրկել չարքերից, բայց չենք արել ու չենք էլ կարող անել:

Արեգը փնչացրեց:

 - Մենք ամենազոր չենք: Դու մոռացել ես, որ մեր արյան մեջ Տիրի ուժի միայն չնչին մասն է հոսում, - դասախոսական տոնով խոսեց նա, - այսպես թե այնպես, մենք չենք կարող բոլորին փրկել: Անգամ, եթե շատ ցանկանանք:

Աբելը ոչինչ չասաց: Նրա ասածը ինձ անհիմն թվաց, սակայն այնպիսի զգացողություն էր, կարծես նա ուրիշ բան էր ուզում ասել, ուղղակի մտափոխվեց:

 - Բան էր ասացի, - ուսերը թոթվեց նա, հետո թեման փոխեց. – հա, Ասլանյան, ո՞նց է ընթանում դասընթացների ստեղծումը: Այսօր տեսա, որ հետևորդներդ լավ խթանել են քեզ:

 - Նիներենը փորձնական կանեմ, հետո կտեսնենք, - դժկամորեն պատասխանեցի ես:

Աբելը քմծիծաղեց.

 - Կտեսնես, մոտդ լավ կստացվի:

Ինչ-որ բան մրթմրթացի: Չգիտեմ՝ դրանից ինչ դուրս կգա, բայց փորձել կարելի է:

Սայան վերադարձավ՝ ձեռքին մեծ բաժակ սուրճով: Աբելը ագահորեն խմեց այն:

 - Օ՜ֆ, ինչ լավ էր, - բացականչեց նա, - միանգամից ապրելու իմաստը վերադարձավ:

Թողեցի Արեգին ու Աբելին, և Սայայի հետ դուրս եկանք մարզադաշտ: Սկսեցինք հասարակ մարզանքից և վազքից, հետո խնդրեցի, որ կրկնի այն բոլոր հնարքները, որոնք տղան գրել էր որսորդական մրցումների ժամանակ: Իհարկե, առաջին ու անգամ երկրորդ անգամից ոչինչ չէր ստացվում, բայց նրա համառությունը ինձ տպավորեց:

Մարզումից հետո միասին կազմեցինք պարապունքների գրաֆիկը: Չնայած «գրաֆիկ» ծիծաղելի է հնչում, հաշվի առնելով այն, որ ցանկացած պահին ինձ կարող են կանչել որսի: Բայց ամեն դեպքում որոշակի ժամեր գրանցեցինք և փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որպեսզի ես կարողանամ ինչ-որ հանձնարարություններ տամ նրան:

Քանի որ Թաբիի շնորհիվ ես ազատվել էի համալսարան գնալուց, մարզանքից հետո որոշեցի գնալ տուն և զբաղվել օգտակար բանով:

Comments