1. Շամանդաղ. Նենգության և Գիտելիքի Տուն

Chapter 1

Գլուխ 1

  •           Սաթի, գրողը քեզ տանի, ո՞ւր ես: Խորոված եմ դառնում:

  •           Բայց ինչու՞ ես գժի պես արևի տակ կանգնել, որ խորոված դառնաս: Գնացքը տասնհինգ-քսան րոպեից տեղ կհասնի:

  •           Լա՞վ չես, ինչ է, - զայրացավ ընկերուհիս, - ես այստեղ տապակած հավի եմ վերածվում, իսկ նա …

  •           Դու մոռացար ասել սեքսուալ տապակած հավի, - քմծիծաղեցի ես:

Երկու շարք այն կողմ նստած երիտասարդները թեթևակի շրջեցին գլուխները: Մեկի մոտ երևում էր ծառի և կիսաշրջանի դաջվածքը, իսկ մյուսի մոտ՝ արևը կրակի մեջ: Պարզ էր: Առաջինը Նանեի տան ներկայացուցիչն էր, իսկ մյուսը՝ Միհրի:

  •           Ինչ-որ չեմ հիշում, որ տապակած հավը սեքսուալ տեսք ունենա, - մռթմռթաց նա, - դու շատ տարօրինակ ձևով ես հաճոյախոսություն անում:

  •           Սա հաճոյախոսություն չէ:

  •           Ա՜խ, դո՛ւ … Լավ, ես քեզ հետ հետո կխոսեմ:

  •           Չեմ հասկանում քեզ: Այդ ես պիտի ջղայնանամ քեզ վրա:

  •           Ինչի՞ համար, - անմեղ հետաքրքրվեց նա:

Հայացք գցեցի ուղևորների վրա: Մեծամասնությունը հասարակ մարդիկ էին, սակայն կային նաև այլ տների ներկայացուցիչներ: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում իմ խոսակցությանը: Այնուամենայնիվ, չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը լսեր:

  •           Անմեղ գառնուկի տեղ քեզ մի դիր, - ցածրացնելով ձայնս՝ ասացի ես, - քո պատճառով է, որ հիմա գալիս եմ Քիլիս:

  •           Չեմ հասկանում, ինչի մասին ես խոսում …

  •           Լու՞րջ: Կարծում ես, ինձ չե՞ն ասել՝ ով է առաջարկել իմ թեկնածությունը:

  •           Հա՜ա, դու դրա մասին ես ասում: Բայց է՞լ ով քեզ խորհուրդ կտա, եթե ոչ քո լավագույն ընկերուհին:

  •           Ոչի՞նչ, որ ես չէի ուզում գալ Քիլիս:

  •           Իսկ ոչի՞նչ, որ Նինում  նորմալ կյանք չէիր ունենա … ինքդ գիտես ինչից հետո, - բազմանշանակալից ասաց նա, - և ընդհանրապես, չեմ հասկանում, քեզ ձեռնտո՞ւ է մեր հեռավար ընկերությունը:

Հոգոց հանեցի: Հասկանում էի, որ նա ճիշտ էր: Վերջին տարում իմ կյանքը Նինում անտանելի էր՝ վերականգնում, դատեր, փորձաքննություններ, հետապնդումներ … Ինձ հիմա էլ էր թվում, որ ոչինչ դեռ չէր ավարտվել: Ես կարթնանամ և նորից կլսեմ այդ անիծյալ խրթխրթոցը և սիրտ պատռող ճիչը:

  •           Թաբի, ես հասկանում եմ քո օգնելու ցանկությունը, - սկսեցի ես, - բայց կարող էիր և զգուշացնել:

  •           Լու՞րջ: Եթե քեզ զգուշացնեի, հաստատ չէիր գա: Հուսով եմ, դու լսել ես՝ շեֆդ ինչ ուրախությամբ ազատվեց քո պես խնդրից:

  •           Շնորհակալություն, որ հիշեցնում ես դրա մասին, - փնթփնթացի ես:

Երկու շարք այն կողմի երիտասարդները ամբողջությամբ շրջվեցին: Մեկը աչքով արեց, իսկ մյուսը իբր աննկատ շարժեց մկանները: Աչքերս առաստաղին հառեցի ու չփորձեցի էլ դա թաքցնել:

  •           Լավ, վերջ, գլուխս մի տար: Կգաս, կխոսենք, - կտրուկ ասաց Թաբին, հետո ծաղրական տոնով ավելացրեց. – դժգոհ է նա … Շնորհակալություն ասա, որ հետույքդ փրկեցի այդ հիմարներից:

  •           Շնորհակալություն, մայրի՛կ ջան, - հեգնեցի ես ու անջատեցի հեռախոսը:

Ես վաղուց դադարել էի զայրանալ նրա վրա, սակայն առայժմ պարտադիր չէր, որ նա իմանար դրա մասին: Թող տանջվի:

Խոսելիս չնկատեցի, որ գնացքը արդեն ընթանում է քաղաքի կենտրոնով: Ոչինչ չէր փոխվել իմ վերջին անգամվա այցից հետո: Միայն թե քաղաքային վարչակազմը բուռն գործունեություն էր ծավալել քաղաքը բարեկարգելու համար: Ի՞նչն այստեղ բարեկարգել: Քիլիսը  մեգապոլիսներից մեկն էր, որը բարգավաճում էր անտառների և լեռների սրտում՝ Հուր-արտա լեռան մոտ: Առաջինները լիքը ուժ և էներգիա էին ծախսել, որպեսզի այն դառնար ժամանակակից տեխնոլոգիաների և հնության կենտրոն: Չնայած, Նինն ու Ամրէն էլ պակասը չէին: Միայն թե բնությամբ այդ քաղաքները տարբեր էին: Եթե Քիլիսը շրջապատված էր  անտառներով, ապա Նինում անապատային և քարքարոտ տեղանք էր: Իսկ Ամրէում կարելի էր հանդիպել անապատների և օազիսների: Բայց ամեն քաղաք իր խնդիրները ուներ:

Շատերը կարծում էին, որ լեռների, անտառների և Հուր-արտայի պատճառով Քիլիսը պաշտպանված էր չարքերից: Բայց դա այդպես չէր: Մութ արարածները ապրում էին ամենախուլ և անհասանելի վայրերում, քանի որ քաղաքի անտառները բավականին խիտ էին: Կային տեղեր, որ անգամ արևի ճառագայթները չէին հասնում: Սակայն դա միակ խոչընդոտը չէր, որի պատճառով չէր կարելի խորանալ անտառում: Լեռներում կարելի էր պատահաբար գտնել հին արտեֆակտներ: Հասարակ մարդիկ հաճախ չէին էլ հասկանում ինչ էր իրենց առջև ու վնասում էին իրենց: Կամ էլ արտեֆակտները իրենք էին ակտիվանում և ոչնչացնում պատահական մարդուն:

  •           Գեղեցկուհի, չե՞ս տա քո հեռախոսահամարը, - լսեցի ես գլխավերևումս:

Հայացքս բարձրացրեցի, իսկ այնտեղ Միհրի տնից երիտասարդն էր: Լկտի ժպիտով և ձեռքերը կրծքին խաչած՝ կանգնած էր կողքիս:

  •           Ոչ, - պատասխանեցի ես,  - չեմ ծանոթանում:

  •           Լու՞րջ: Ինչ-որ չեմ հավատում: Բոլոր կին-որսորդները շատ կրքոտ են և չեն հրաժարվում …

  •           Հրաժարվում են, - ընդհատեցի ես նրան, - եթե հանգիստ չթողնես՝ հերթապահ ոստիկանին կկանչեմ:

  •           Եվ վե՞րջ, - կեղծ զարմացավ նա, - լո՞ւրջ ինձ վախեցնում ես ինչ-որ խղճուկ ոստիկանո՞վ:

Ես հոգոց հանեցի: Եթե հիմա կռիվ ձեռնարկեմ, հետո ստիպված եմ լինելու բացատրություն տալ ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև նոր շեֆիս: Իսկ ես այդպես չէի ուզում: Նոր եմ եկել ու արդեն ստեղծում եմ խնդիրներ:

  •           Գնա այստեղից, - ատամներիս արանքով ասացի ես:

Նա չէր էլ մտածում գնալ: Ընդհակառակը, գիշատչի ժպիտով խոնարհվեց մինչև ականջս ու շշնջաց.

  •           Գարիկը բարևում է:

Ես քարացա՝ լսելով այդ անունը: Միայն թե ոչ դա …

  •           Կարծում էիր՝ կգնաս Քիլիս ու վե՞րջ, - քմծիծաղեց երիտասարդը:

Խորը շունչ քաշեցի ու կարճ հայացք նետեցի ուղևորների վրա: Ոչ ոք չէր նայում մեր կողմը: Ես հարվածեցի նրան գոտկատեղից ներքև: Երիտասարդը բարձրաձայն «ա՜խ» ասաց ու ծռվեց: Մարդիկ անհանգստացած շրջվեցին:

  •           Կարծես թե նա իրեն լավ չի զգում, - բարձրաձայն ասացի ես, - նրան պետք է ուղեկցել բժշկական վագոն:

Նա շարունակում էր բռնած պահել իր «գանձերը» և հայհոյում էր: Ի ուրախություն ինձ, մեզ մոտեցան երկու տղամարդ: Երիտասարդն ատելությամբ լի հայացք նետեց ինձ վրա: Իբր ոչինչ էլ չի եղել, շատ ցածր շշնջացի.

  •           Գարիկին փոխանցիր՝ թող հետույք գնա:

Դրանից հետո վերցրի միակ պայուսակս և գնացի վագոնի մյուս ծայրը: Լսեցի ինչպես երիտասարդը ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Հազիվ էի ինձ զսպում, որ հետ չդառնայի ու մի լավ չծեծեի այդ տականքին: Պիտի գուշակեի, որ Գարիկին կզեկուցեն իմ տեղափախության մասին: Նրան շատ լավ էր հաջողվում հոգիս հանել Նինում, իսկ Քիլիսում նա չուներ ենթականեր:

Աչքերս փակեցի, խորը շնչեցի և արտաշնչեցի: Այսպիսի շնչառական վարժությունը օգնում էր ինձ հանգստանալ և խուսափել տագնապային հարձակումներից, որոնք իմ ընկերներ էին դարձել վերջին տարվա ընթացքում: Եվ հարցը միայն հետապնդումների մեջ չէր, այլ նաև …

Ոչ, ես չեմ ուզում մտածել դրա մասին: Բացեցի աչքերս ու տեսա, որ գնացքը մոտենում է հարթակին: Պատուհանից այն կողմ կանգնած էր դիմավորողների ահռելի ամբոխ: Ես չսպասեցի, որ գնացքը լիարժեք կանգնի: Երբ նկատեցի, որ դռները բացվեցին, ցատկեցի հարթակի վրա ու … խեղդվեցի տարբեր հոտերի խառնուրդից, որոնք ձեռք բերեցին նողկալիության բոլոր երանգները շոգի պատճառով: Հիմա Փայլածումնի* ժամն էր, բայց արևը այնպես էր վառում կարծես Սպանդարամետի թագավորության ստորին մակարդակի կրակը լիներ: Հուսով եմ Թաբիի խելքը հասել է մտնել կայարանի շենքը:

Մի կերպ դուրս պրծա մարդկային հոսքից և սկսեցի փնտրել ընկերուհուս: Նա ոչ մի տեղ չկար, և ես ենթադրեցի, որ նա լսել էր խորհուրդս:

Ավելի հարմար բռնեցի պայուսակի բռնակը և գնացի կայարանի մուտքի մոտ: Ստիպեցի ինձ կողքերս չնայել և հետ էլ չնայել: Անգամ եթե այն հիմարը հետապնդի, նա չի կարողանա ինձ վախեցնել: Ավելի ճիշտ, ես չեմ դիմանա ու լավ կծեծեմ: «Ըհըն, տեսախցիկների առջև», քծնեց բարալիկ ձայնը գլխումս: Ոչ, ես այդքան հիմար չեմ:

Շինության ներսում վերջապես զգացի զովություն: Օդորակիչները ողջ ուժով աշխատում էին, թեպետ տարածքը իսկապես մեծ էր: Ուղիղ մեջտեղում դրված էր Արամազդի հսկա արձանը՝ պարզած ձեռքերով: Հին աստվածը առաջ էր նայում կարծես ինչ-որ գեղեցիկ և միաժամանակ սարսափելի բան էր տեսնում: Քանդակագործը նրան կիսամերկ էր քանդակել, սակայն հետաքրքիր հատվածները թաքնված էին կտորի տակ:

Քանդակի շուրջը ջրավազանի պես բան էին ստեղծել, որտեղ լողում էին ձկները: Քանդակից ձախ շարքերով դրված էին նստարանները: Խելացի մադիկ սպասում էին իրենց ընկերներին ու հարազատներին այստեղ՝ հով վայրում: Աջից տոմսարկղերն էին: Չեմ հասկանում՝ ինչու են մինչև հիմա պահում դրանք: Բոլորն արդեն անցել են էլեկտրոնային համակարգին:   

Հայացքով փնտրեցի Թաբիին: Գտա նրան լողավազանի հակառակ կողմում: Նա հեռախոսի մեջ էր ու ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում կողքերը: Իզուր: Նրան ընչաքաղց հայացքով նայում էին տղամարդիկ, իսկ կանայք զայրացած գլուխներն էին շարժում: Ես հասկանում եմ նրանց: Թաբին կարողանում էր լավ հագնվել և ընդգծել բարեմասնությունները: Անգամ հիմա նա շլացուցիչ տեսք ուներ հասարակ շապիկով, որի վրա նկարված էր կատու՝ անպարկեշտ ժեստով և կիպ շորտերով: Շատերի համար Թաբին պարզապես հիմարիկ շիկահեր էր՝ հետաքրքիր կազմվածքով: Սակայն ադ միայն թվում էր: Երբ իմանում էին, որ նա որսորդ էր և դրա հետ միասին սովորում էր ասպիրանտուրայում բարձրագույն մաթեմատիկայի բաժնում …. Մի ագամ ես տեսել էի մի երիտասարդի արձագանքը, ով ուզում էր հետը պարզապես զվարճանալ: Մինչև հիմա զղջում եմ, որ չեմ լուսանկարել նրա ցնցված դեմքը:

Որոշեցի անակնկալի բերեմ Թաբիին: Մոտեցա նրան մյուս կողմից ու կտրուկ ասացի.

  •           Բանա՞ն, թե՞ թուրինջ:

Ընկերուհիս ցնցվեց ու շրջվեց: Նրա երկնագույն աչքերը լայն բացված էին:

  •           Գրողը քեզ տանի, վախեցրիր, - բացականչեց նա:

  •           Մի ծիծաղեցրու, - փնչացրի ես, - քեզ ոչնչով հնարավոր չէ վախեցնել:

Թաբին աչքերը առաստաղին հառեց ու ամուր գրկեց ինձ: Մինչև այս պահը չէի էլ պատկերացնում՝ որքան ունեի նրա կարիքը: Մի ամբողջ տարի սարսափելի կյանք եմ ունեցել, իսկ կողքիս հարազատ մարդ չկար … Որդեգրող ծնողները հաշիվ չեն:

  •           Ստացվում է, որ դու հիշո՞ւմ ես բանանի ու թուրինջի մասին, - հարցրեց Թաբին՝ բաց թողնելով ինձ:

  •           Դա միակ վառ հիշողությունն է իմ մանկությունից, - պատասխանեցի ես, - մի՞թե մինչև հիմա ընտրություն ես կատարում այդ երկուսի միջև:

  •           Ոչ, - ծիծաղեց նա՝ բռնելով ձեռքերիցս, - հիմա արդեն մեծ աղջիկ եմ, կարող եմ գնել այնքան բանան ու թուրինջ, որքան ցանկանամ:

Մինչև Նինի մանկատուն ընկնելը ես ապրում էի Քիլիսում: Թաբին ու նրա ծնողները մինչև հիմա ապրում են նույն շենքում, որտեղ ես էի ապրում: Մենք ընտանիքներով ընկերություն էինք անում: Ընկերուհիս շատ էր սիրում բանան ու թուրինջ: Հիշում եմ՝ ոնց էինք բակի երեխաներով ծանր ընտրության առջև դնում նրան: Եթե նա ինչ-որ մեկը չէր ընտրում, պատժում էինք. ուղարկում էինք լքված վայրեր, որպեսզի բերի մեզ համար «թանկարժեք իրեր»: Մեր մանկական մտածելակերպով՝ «թանկարժեք իրերը» փայլփլուն և խրթխրթան ծխախոտի տուփերի թղթերն էին կամ գունավոր ապակիները: Ցավոք, այն ժամանակ մենք չէինք հասկանում՝ ինչ վտանգի էինք ենթարկում նրան:

  •           Ես ահավոր ուրախ եմ, որ եկել ես, - փայլող աչքերով ասաց ընկերուհիս:

  •           Ես նույնպես, - խոստովանեցի ես ու նորից գրկեցի նրան, - թեպետ սկզբում ուզում էի քեզ խեղդել:

Թաբին ծիծաղեց ու, ազատվելով գրկախառնությունից, շեշտակի ինձ նայեց:

  •           Դու չէիր կարող ինձ խեղդել: Ես քո միակ ու անկրկնելի ընկերուհին եմ:

Աչքերս առաստաղին հառեցի: Համեստությունից հաստատ չի մեռնի:

  •           Լավ, - ասաց նա գործնական տեսքով՝ նայելով ձեռքիս միակ պայուսակին, - միայն թե չասես, որ սա քո միակ բեռն է:

  •           Միակն է, - հաստատեցի ես:

  •           Գրողը տանի, դու, Նինի, քո ամբողջ կյանքը տեղավորել ես մի պայուսակի մե՞ջ, - ցնցվեց նա:

  •           Թաբ, ես շատ արագ եմ հավաքվել: Անին փորձում էր լիքը պահածոներ ու տաք իրեր հետս դնել:

  •           Միայն թե չասես, որ փախել ես նրանցից:

  •           Փախել եմ, - գլխով արեցի, - ասել եմ, որ այդքան ծանրություն չեմ կարող քարշ տալ ու, ընդհանրապես, դու բեռնափոխադրող մեքենա չունես, որ այդքան պահածոներ տեղափոխես: Կարճ ասած, տառացիորեն փախել եմ ավելորդ բեռից ու վազել կայարան:

  •           Պատկերացնում եմ՝ մայրիկիդ որքան էր զայրացած քո համառությունից, - ծիծաղեց Թաբին, - դե, քանի որ մի պայուսակով ես եկել, ոտքով կգնանք:

Մենք գնացինք դեպի ելքը:

  •           Էրիկան ինձ զանգեց ու ասաց, որ հետդ կգամ քեզ հետ օրվա երկրորդ կեսին, - ասաց նա, - ուզում է պայմանագիր կնքել հետդ, ու ներկայացնել կոլեկտիվին:

  •           Իբր ես արդեն ծանոթ չեմ կոլլեկտիվին, - ասացի ես, – չնայած, դա լավ է: Միանգամից պարտականություններիս կանցնեմ:

  •           Այդքան հիպեր-պատասխանատու մի եղիր: Ես պիտի քեզ ցուցումներ տամ մեր հիմարների մասին:

  •           Սկիզբը խոստումնալից է, - քմծիծաղեցի ես:

Թաբին աչքով արեց ու վստահ քայլով գնաց Աստղիկի անունը կրող այգու կողքով: Այն անջատված էր փողոցից բարձր ցանկապատով: Բայց, չնայած դրան, կարելի էր տեսնել երեխաների և մեծերի համար նախատեսված կարուսելների բազմազանությունը: Այնուամենայնիվ, այս այգին հանրահայտ էր ոչ միայն դրանցով: Նրա մուտքը հետաքրքիր էր: Աղյուսի գույնի սյուները բարձրանում էին ցանկապատից էլ վեր և միանալով վերածվում կամարի պես մի բանի։ Նրա վրա մինչքիլիսյան ժամանակաշրջանի նրբագեղ նախշեր էին: Սրանք ամենահին սյուներն էին, որ պահպանվել էին Քիլիսում: Մարդկանց մի մասը ասում էր, որ դրանք ինչ-որ հին տաճարի մաս էին կազմել, իսկ մյուսները՝ որ դրանք այլ աշխարհներ գնալու հնագույն դարպասներն էին: Սակայն գիտնականենրը չէին հաստատում այդ տեսություններից և ոչ մեկը: Չգիտեմ, ինչու են որոշել հին սյուների շուրջ կառուցել զվարճանքների այգի:  Ըստ իս՝ սրբապղծության պես բան էր:

  •           Եթե կուզես, կգանք այստեղ, - առաջարկեց ընկերուհիս, - մի քանի վախենալու կարուսելներ կան, որոնցից արյունը ոնց որ քարանա երակներումս:

  •           Իսկ ես կարծում էի, որ մեր կյանքում առանց այդ էլ շատ ադրենալին կա, - քմծիծաղեցի ես:

  •           Ճիշտ ես, - համաձայվեց նա, - միայն թե այդ կառուսելները հանում են աշխատանքի սթրեսը:

Ես հասկանում էի նրան: Դարեր ի վեր որսորդները բռնում և սպանում էին չարքերին, որոնք թափանցում էին մեր աշխարհ Կնիքի ճեղքերից: Ինչու հենց մենք՝ Տիրի տաղանդի կրողներս, անհասկանալի էր, քանի որ մյուս տների ներկայացուցիչները նույնպես ունեին համապատասխան ուժ: Միակ պատասխանը, որը կարողացա գտնել՝ դրվածքը այդպես էր ի սկզբանե, երբ Տիրը կիսվեց իր ուժով մարդկանց հետ: Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ սա անպատասխանատու է ամեն ինչ մեր վրա գցել, երբ Միհրի կամ Վահագնի տների ներկայացուցիչները մի վայրկյանի ընթացքում կարող են վառել չարքին: Առաջինները տարօրինակ տրամաբանություն ունեն, բայց դե Տիրը նրանց հետ:

  •           Չե՞ս հիշում քաղաքը, - հարցրեց Թաբին՝ երկար հյուսը մեջքին գցելով:

  •           Ես այստեղ մի քանի անգամ եղել եմ, ո՞նց կարող եմ չհիշել, - աչքերս երկինք հառեցի:

  •           Մի գժվիր, դու գիտես ինչի մասին եմ խոսում:

Ուսերս թոթվեցի.

  •           Ո՛չ, դու գիտես, որ այն ժամանակվանից ես ոչ մի հստակ բան չեմ հիշում: Անգամ, եթե ինչ-որ բան մնացել է, ամեն ինչ կապված է բակի հետ:  

Թաբին հիասթափված հոգոց հանեց.

  •           Ես այնքան հույս ունեի, որ քո ամեն գալով կսկսես ավելի շատ բան հիշել Քիլիսի մասին, նրա մասին, ինչ տեղի էր ունեցել …

Քսան տարի առաջ իմ կենսաբանական ծնողները ավտովթարի էին ենթարկվել: Ես նրանց հետ էի, բայց իմ բախտը բերել էր. մայրիկս զոհաբերել էր իրեն հանուն ինձ, իսկ հայրիկս միանգամից էր մահացել: Դա տեղի էր ունեցել Նինի ճանապարհին, ինչի պատճառով ինձ տեղափոխել էին սկզբում Նինի հիվանդանոց, իսկ հետո՝ մանկատուն: Ես գրեթե չէի հիշում իմ իրական ծնողների դեմքերը: Բոլոր հիշողությունները մինչև վեց տարեկանը մառախուղի տեսք ուներ: Այն երբեմն ցրվում է և ինչ-որ կտորներ է ցույց տալիս անցյալից: Ես սովորել եմ դրա հետ ապրել: Երևի թե որդեգրած ծնողների շնորհիվ է: Մինչև հիմա չեմ հասկանում ոնց են նրանք որոշել մանկատնից վերցնել վեցամյա երեխայի, ով վախենում էր բոլորից և գրեթե չէր խոսում: Այնքան ուժ ու եռանդ են ներդրել, որ ես սկսեմ նորմալ ապրել. և ահա տեղի է ունենում անցած տարվա իրավիճակը:

  •           Թաբի, չգիտեմ, արդյոք ուզում եմ հիշել այն, ինչ տեղի է ունեցել, - խոստովանեցի ես, - առանց այդ էլ լիքը խնդիրներ ունեմ, իսկ անցյալը քչփորելը … Չեմ կարծում, որ դա ինձ հանգստություն կբերի:

  •           Բայց դա քո կյանքի մի մասն է, - առարկեց ընկերուհիս:

  •           Գիտեմ: Բայց քչփորել չեմ ուզում: Բավական է այն, որ դու գտել ես ինձ:

  •           Աչքիս դու սենտիմենտալ օրիորդի ես վերածվում, - ծիծաղեց նա:

Թաբին մոտեցավ ինձ տասը տարի առաջ, երբ ես և նա առաջին անգամ մասնակցում էինք Որսորդների Մրցումներին: Ի տարբերություն ինձ՝ նա միշտ հիշում էր իմ մասին: Ընկերուհիս չճանաչեց ինձ առաջին հայացքից, սակայն երբ լսեց անունն ու ազգանունս, որոնք ես չեմ փոխել՝ Սաթենիկ Ասլանյան, միանգամից հասկացավ՝ ում մասին է խոսքը: Այն ժամանակ ես այնքան էլ չհավատացի նրան, բայց նա սկսեց լիքը բաներ պատմել, ասաց կենսաբանական ծնողներիս հասցեն, իսկ հետո կանչեց իր ծնողներին … Կարճ ասած, ամեն ինչ այնպես դասավորվեց, որ ես ու Թաբին վերածնեցինք մանկական ընկերությունը: Ու հենց այդ խաղերի ժամանակ էլ ես հպանցիկ ծանոթացա նրա գործընկերների հետ: Այնպես չէ, որ այդ տասը տարվա ընթացքում ինչ-որ հատուկ ձևով շփվել եմ նրանց հետ, սակայն գիտեմ նրանց անուններով և ընկերուհուս պատմած պատառիկներով:

Կայարանից մինչև մեր շենքը տանսհինգ րոպե էր: Տուն կարելի էր հասնել մի քանի ճանապարհով, սակայն ըներուհիս ընտրեց ամենաերկարը, որը տանում էր Քիլիսի կենտրոնական հրապարակով: Հենց այնտեղ էր գտնվում գլխավոր աստված՝ Արամազդի տաճարը: Շինարարները և ճարտարապետները փորձել էին կրկնել հին ժամանակների տաճարը, և նրանց մոտ գրեթե ամեն ինչ ստացվել էր:

Մուտքի մոտ կանգնած էր Արամազդի հսկա արձանը: Աստվածը ափերը պարզած էր կարծես բոլորին հրավիրում էր: Այստեղ գալիս էին միայն տուրիստները և նրանք, ովքեր առանձնահատուկ էին հավատում նրա ուժին: Քանի որ Նավասարդի* ամիսը դեռ չի ավարտվել, քաղաքը լի էր նրանցով: Այնքան էլ չէի ուզում նորից հայտնվել ամբոխի մեջ: Բայց Թաբին, չգիտես ինչու, կանգնեց կամարների մոտ, մի քիչ հեռու նրանցից և ուշադիր նայեց տաճարի ուղղությամբ:

Ուսերս թոթվեցի ու հենվեցի մեջքով պատին: Լա՜ավ է: Ի՜նչ զով է:

  •           Ուրիշ տաճարների մոտ այսպիսի հերթեր չեն լինում, - խոսեց ընկերուհիս:

  •           Հիմա Նավասարդի ամիսն է, մարդիկ հաստատ Ամանորի մոտ էլ են գնում, - ասացի ես:

  •           Գնում են, - համաձայնեց նա, - բայց ոչ ամբոխով: Չէ՞ որ նա Արամազդի կրտսեր որդին է:

  •           Եվ ի՞նչ: Ի՞նչ կապ ունի ուր գնալ, - չհասկացա ես, - դա լրիվ հիմարություն է: Աստվածները վաղուց մեռել են: Մնացել ենք միայն մենք՝ նրանց ուժերի չնչին մասը կրողներս:

  •           Սաթի՛, դու չես հասկանում: Առանց նրանց մենք էլ չէինք լինի: Հենց այդ Արամազդն է մեզ ստեղծել:

  •           Ես իսկապես, չեմ հասկանում: Դու ինձ քարշ ես տվել այստեղ, որ խոսես փիլիսոփայական թեմաների՞ց:

Ընկերուհիս կողքերը նայեց: Նկատեցի, որ նա փնտրում է մոտակայքում տեսախցիկներ: Դրանք չկային այնտեղ, որտեղ մենք կանգնած էինք, դրա համար նա հոգոց հանեց ու կամացուկ ասաց.

  •           Հասկանում ես, վերջերս ապստամբները ակտիվացել են: Նրանք փորձում են ներշնչել մարդկանց, որ Առաջինները մեզ խաբում են:

  •           Նրանք վաղուց են դա ասում, - ուսերս թոթվեցի:

  •           Այո, բայց հիմա նման ցույցերը ավելի են հաճախացել: Մեր տանը լուրջ մտահոգված են՝ հանկարծ հեղաշրջում չլինի:

  •           Դա ծիծաղելի է, - փնչացրեցի ես, - ինչի՞ մասին է խոսքը: Ո՞նց են նրանք պատրաստվում դա անել: Որքան հիշում եմ, այնտեղ բոլորը հասարակ մարդիկ են, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել կախարդական ուժ ունեցող մարդկանց դեմ:

  •           Դա այդպես է, բայց կարծես թե դու չգիտես, որ կան տարբեր տների ներկայացուցիչներ, ովքեր հավատացել են նրանց ու լրացրել նրանց շարքերը:

  •           Ի՞նչ:

Այդ ինֆորմացիան նոր էր: Ինչպե՞ս հասուն, ուժով լի մարդիկ կարող էին հավատալ նման անհեթեթությանը:

  •           Ինձ այդպես մի նայիր, - ասաց Թաբին, - ինքս եմ ցնցված, բայց անգամ որսորդների շարքերից կան այդպիսինները:

Գլուխս տարուբերեցի: Մերոնցից նման բան չէի սպասի:

  •           Հիմա Առաջինները ուժեղացրել են վերահսկողությունը, - շարունակեց նա, - ամենայն հավանականությամբ որսորդների լրացուցիչ բազա կբացեն Քիլիսում, ու կսկվի քաղաքի մոնիթորինգը:

  •           Ի՞նչ մոնիթորինգ, - չհասկացա ես:

  •           Ամենասովորական: Բացի ապստամբների հետ խնդիրներից՝ հաճախացել են չարքերի հարձակումները: Դրանք սկսել են հանդիպել քաղաքի կենտրոնում, ամենաանհավանական վայերերում: Ես անձամբ եմ սպանել համալսարանում կրքի դևի:  

Ես լսել էի հարձակումների հաճախականացման մասին, բաց կարծում էի, որ միայն Նինում է այդպես: Իսկ պարզվում է …

  •           Ամրէո՞ւմ էլ, - համենայն դեպս հարցրեցի ես:

  •           Ըհըն: Աչքիս ինչ-որ շարժումներ են տեղի ունենում չարքերի մոտ: Դեռ պարզ չի, բայց Առաջինները որոշել են հավաքագրել ուժերը և պատրաստ լինել: 

Դա տրամաբանական է, հաշվի առնելով, որ հասարակ մարդիկ ոչ մի ձևով չեն կարող պաշտպանվել չարքից: Այսինքն՝ կարող են հմայիլների օգնությամբ, բայց ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել դրանք:

  •           Դրանից լրացուցիչ ծանրաբեռնվածության հոտ է գալիս, - մռայլ նկատեցի ես:

  •           Այն էլ ոնց: Ես ընդհանրապես այնպիսի զգացողություն ունեմ, որ բացի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից՝ ուրիշ բանի հոտ էլ է գալիս:

Ես ուշադիր նայեցի ընկերուհուս: Նրա աչքերը շատ լուրջ էին:

  •           Կարծում ես, կարող է կռվի՞ հասնել, - հարցրեցի ես:

  •           Այո:

Երբեմն ես չեմ ուզում ապրել այն ժամանակահատվածում, որում ապրում եմ հիմա: Եթե լինեի հասարակ մարդ … չնայած չէ, անգամ հասարակ մարդկանց դա կկպչի: Սակայն կախարդական ուժ կրողները ավելի շատ են: Թվում էր արևոտ օրը կտրուկ մթնեց:

  •           Էրիկան ասում է, որ ապստամբները հիմա ակտիվ լրտեսներ են հավաքագրում տարբեր տներում, - շարունակեց Թաբին, - Առաջինները փորձում են նրանց գտնել, բայց ինքդ ես հասկանում՝ միշտ չի ստացվում:

Ատամների արանքով հայհոյեցի: Միայն քաղաքացիական պատերազմներն ու հեղաշրջումներն են պակաս:

Նամրայում արդեն հազարավոր տարիներ իշխում են Առաջինները, որոնց շնորհիվ բոլորը ապրում են հարաբերական խաղաղության և համաձայնության մեջ: Նրանք կարողացել են իրենց շուրջ հավաքել աստվածների ուժեր ունեցող բոլոր մարդկանց և ստեղծել իշխող տներ: Աստվածները ինն են, հետևաբար՝ տները նույնպես ինը, սակայն մեկ շտկումով: Սպանդարամետի տունը համարվում է  բառացիորեն և փոխաբերական իմաստով մեռած: Ստորգետնյա աստվածը չի հասցրել  իր ուժով կիսվել մարդկանց հետ, այդ պատճառով պաշտոնապես Սպանդարամետի տանը իր կախարդանքով օժտված մարդիկ չկան: Սակայն կա մարդկանց մի խումբ, ով իրեն համարում է խավարի աստվածուհու հետևորդ: Նրանք պնդում են, որ օժտված են ուժով, բայց իրականում խղճուկ խաբեբաներ են: Դժգոհությունների նոր ալիք չառաջացնելու համար, մյուս տները ստիպված ընդունել են նրանց ու ներառել միասնության մեջ:

Այսպես, Առաջինները փորձեցին անել այնպես, որ իրենց իշխանության ընթացքում ամեն ինչ կայուն լինի, բոլորը խաղաղության մեջ ապրեն և ոչ ոք չսկսի պատերազմ: Սակայն հիմա, կարծես թե, ինչ-որ բան փոխվել է, եթե ապստամբները ակտիվացել են: Հուսով եմ, Առաջինները կկանխեն դա:  

  •           Կներես, որ ծանրաբեռնեցի քեզ այս թեմայով, ասաց Թաբին, - ուղղակի հիմա բոլորը նյարդային են: Էրիկան անընդհատ ժողովներ է անում այս թեմաներով:

  •           Հասկանում եմ, - գլխով արեցի ես, - պետք է տեղյակ լինել:

  •           Անպայման, - ընկերուհիս վերջապես ժպտաց, - արի գնանք տուն, - փոխեց նա թեման, - վերջապես ցույց կտամ մեր վերանորոգումը:

Comments