1. Շահմարի Առեղծվածը

Chapter 5

Chapter 5

Պրոֆեսոր Սուրեն Խախանյանը վերադարձավ գործուղումից։ Կինը հեռագրով հայտնել էր նրան կատարվածի մասին, և պրոֆեսորը շտապ թռավ Երևան։ Նա զարմացած էր գողերի «հոտառության» վրա։ Տան թաքստոցները, որոնց գոյության մասին գիտեին միա՜յն ընտանիքի անդամներն ու մի քանի մտերիմներ, իսկ ինքը հաճախ փնտրում ու չէր գտնում նրանց տեղը, չարագործները գիշերվա մթության մեջ, ասես օգտվելով ռենտգեն լուսավորումից, գտել ու բացել էին և, հափշտակելով տասնյակ ու տասնյակ հազարների հասնող հարստությունը, չքացել։ Պրոֆեսորն, իրոք, զարմացած էր։ Լինելով կենսախինդ մարդ, նա, առանց թաքցնելու իր հիացմունքը, բարձրաձայն դրվատում էր գողերի ճարպկությունն ու ձեռներեցությունը։

  • Եթե ինքս առաջնորդեի նրանց, ցանկանալով մատնել իմ գաղտնարանները, հազիվ թե կարողանայի այդքան անսխալ կողմնորոշել․․․ Այստեղ են ասել իրենց գործի իսկական վարպետներ․․․ Ես հիացած եմ նրանցով, ընկեր մայո՛ր։ Եթե հանդիպեի այդ սրիկաներին, նախ կհամբուրեի նրանց ճակատները և նո՜ր միայն կհասցնեի նրանց շլինքներին․․․

Մայոր Բագրատունին, պրոֆեսորի առանձնասենյակում նստած, կում֊կում խմում էր թեյը և լսում նրան։ Գնալով մռայլվում էր դեմքը։ Կարո՞ղ էր, իրավունք ունե՞ր մայորը կասկածել ամուսիններին կամ նրանց դստերն ու փեսացուին գողերին հրապուրելու և սեփական տունը թալանելու դիտավորության մեջ։ Իհարկե, ո՛չ։

  • Պրոֆեսոր,— վերջապես խոսեց նա,— գողության մեջ կամ, ավելի ճիշտ, գողերին օգնելու և ձեր տան կողոպուտը կազմակերպելու մեջ մենք կասկածում ենք ձեր տուն ազատ ելումուտ ունեցող մարդկանց, այնպիսիներին, որոնք անսխալ գիտեն թանկարժեք իրերի ու դրամի թաքստոցները։

  • Ուրեմն, ընկեր մայոր,— պրոֆեսորը, բազուկներն իրար վրա դարսած, մոտեցավ Բագրատունուն,— կալանավորեցեք ինձ և կնոջս՝ Սյուզաննա Սուրենովնային․․․

  • Խոսենք առանց էմոցիաների, հարգելի պրոֆեսո՛ր։ Ես կկամենայի, որ դուք հիշեիք այն անձանց, որոնք մոտ են ձեր ընտանիքին և օգտվում են ձեր վստահությունից․․․

Դռան զանգը կարճ և սուր զնգաց։ Տանտերը բացեց դուռը։

Մայորը ուշադիր նայեց մտնողին և անշտապ բարձրացավ աթոռից։ Մտնող կնոջ գեղեցկությունը Բագրատունուն ասես հրամայեց ոտքի կանգնել։ Երիտասարդ կինը ձեռքը մեկնեց մայորին, և սա քիչ մնաց այն մոտեցներ շրթունքներին։

  • Վահագն Բագրատունի,— ասաց նա։

  • Ուրախ եմ,— Ժպտաց կինը,— և միաժամանակ տխուր՝ պրոֆեսորին հասած դժբախտության համար։

  • Արեգ Արամովնա, սիրելի՛ս,— նրան տեսնելով, պայծառացել էր գիտնականը,— ինձ հետ, իմ տան հետ կատարվել է պարզապես տհաճ, անախորժ դեպք և ոչ թե դժբախտություն։ Աստված կսիրեք, թողեք ցավակցելը և ձեր արեգակնային դեմքը մթնեցնելը․․․

  • Սիրելի պրոֆեսո՛ր,— ժպտալու փորձ արեց Արեգը այդքան անախորժությունը, եթե ձեզ լուրջ մտահոգություն չի պատճառել, գոնե կատակելու տրամադրությունը պետք է որ ձեզանից խլած լիներ․․․

  • Երբե՛ք,— թնդաց պրոֆեսորը,— ես լոկ ցավում եմ, որ այս տհաճ փաստն ինձ տուն շտապեցրեց և զրկեց ձեր հաճելի ընկերակցությունից։ Չէ՞ որ մենք Մոսկվայում միասին էինք, սիրելի Արե՛գ․․․

Արդյոք, հիշո՞ւմ ես, անտառ էր, առու,

Հեքիաթի պես էր, երազի նման․․․․,— արտասանեց միանգամից ջահելացած գիտնականը։

  • Ես Կարեն Վարդանովիչի ասիստենտուհին եմ և նրա գիտական ու պաշտոնական գործուղումների անփոփոխ ուղեկցորդուհին,— ասաց Արեգ Արամովնան։

«Ուրեմն, Արեգը պրոֆեսորի սիրուհին է։ Փաստը չեն թաքցնում ո՛չ սիրեկանը, ո՛չ սիրուհին։ Գուցե դրանով պետք է բացատրել պրոֆեսորի անհոգ վերաբերմունքը կորցրածի հանդեպ։ Երևում է, որ նա հեշտությամբ չի շահել այս գեղեցկուհուն և սիրում է խենթի պես, չքաշվելով նույնիսկ իր կնոջից։ Այդպես, այդպես․․․»։

  • Դե ի՞նչ, հարգելի մայոր, ես գողերի հետ գործ չունեմ։ Ձեզ է հանձնարարված այդ գործը, դուք էլ բարի եղեք որսալու և բերման ենթարկելու սրիկաներին։ Ա՛յ, օրինակ, երբ ես ճեղքում եմ մեկի որովայնը փտած աղիքները կարկատելու համար, ոչ ոքից օգնություն չեմ հայցում, իմ գործը անում եմ ինքս, այդպես, չէ՞, Արեգ Արամովնա։ Եվ որտեղի՞ց լույս ընկան այդ հիմար գողերը, ինձ որ հարցնեն՝ մարդիկ միմյանցից միայն սիրտ կգողանան, «որ և՛, գողը լինի ուրախ, և՛ սրտի տերը գոհանա»— ինչպես ասում է բանաստեղծը։ Եվ, ի վերջո, իմ հաճելի բարեկամ մայոր Բագրատունի, ինձ թվում է՝ գողերին պետք է որոնել համենայն դեպս, ո՛չ իմ մտերիմների, ո՛չ էլ բարեկամների շրջանում, և ձեր վարկածը, մեղմ ասած, ինչ֊որ չափով վիրավորական է․․․

  • Մանավանդ, որ ես եմ այս տան ամենամտերիմը, — գայթակղիչ ժպտաց Արեգ Արամովնան,— իսկ ես, ինչպես ասում են նման դեպքերում ձեր մասնագիտության տեր մարդիկ, ալիբի ունեմ․․․

Մայորը նայեց կնոջ ժպտացող աչքերին, քաղաքավարությամբ սեղմեց պրոֆեսորի ձեռքն ու հրաժեշտ տվեց։

Comments