1. Շահմարի Առեղծվածը

Chapter 4

Chapter 4

  • Ընկեր մայոր,— Մարկոսյանի ձայնը ավելի քան տագնապոտ էր,— Զուլումը Երևանում է։ Կես ժամ առաջ ես նրան փախցրի ձեռքիցս․․․

  • Ի՞նչ․․․,— զարմանքից լայնացան մայորի աչքերը,— դու ի՞նչ է, չար երա՞զ ես տեսել․․․ Զուլումին փնտրիր երկրի մյուս ծայրին։ Նա շալակին տասը տարի ունի․․․

  • Այնուամենայնիվ, ես նրան տեսա «Դվին» սրճարանում։ Ինձ տեսնելուն պես թռավ․․․

  • Ուրեմն, փախել է կալանավայրից, փախե՜լ է սրիկան։ Իսկ ինչո՞ւ փնտրուք չի հայտարարել գաղութը, հը՜․․․ Ուրեմն, փախցրիր, ուրեմն, թռավ, ուրեմն, չքացավ․․․ Լա՜վ,— հետո դառնալով Մարկոսյանին,— իսկ ո՞ւմ հետ էր սեղան նստել «թագավորը»։

Լևոն Մարկոսյանի լեզուն բռնվեց։ Իսկապես, ո՞ւմ հետ էր Զուլումը սրճարանում։ Չէ՞ որ նա մենակ չէր։ Չէ՞ որ նայում էր սեղանակցի թիկունքից։ Ո՞ւմ հետ էր Զուլումը, ո՞ւմ հետ, ո՞ւմ հետ․․․

  • Չեմ հիշում, չեմ նկատել․․․,— կմկմաց լեյտենանտը, իմանալով, որ նման վրիպումը մայորը երբեք և ոչ ոք ի չէր ների։ Ինքը՝ արդեն անուն հանած խուզարկուն, թույլ էր տրվել այնպիսի սխալ, որն աններելի է նույնիսկ սկսնակ աշխատողին։

  • Շվաթվել ես, գլուխդ կորցրել, գլուխդ կորցնելուց հետո կորցրել նաև հանցագործին,— մայորը դաժանացած էր։— Մենք վատ ենք աշխատում, Լևոն, այնքան վատ, որ Զուլոլմի նման չարագործները առոք֊փառոք, հենց քաղաքի կենտրոնում, հենց մեր քթի տակ քեֆ են անում։ Լսի՛ր, Լևոն,— Բագրատունու ձայնը հանկարծ փափկեց, դարձավ մտերմիկ,— դու հրաշալի տեսողություն ունես, և քո հիշողությունը լուսանկարչական ապարատի նման նույնիսկ երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող փաստերը, աննշան մանրուքները պահելու զարմանալի հատկություն ունի, ես գիտեմ, չէ՞․․․ Ապա լարիր հիշողությունդ, քրքրիր ուղեղիդ թաքստոցները․․․ Ովքե՞ր էին Զուլումի սեղանակիցները։ Դա շա՜տ կարևոր է․․․

«Բա՜ն ասաց՝ կարևոր է։ Իբրև ես չգիտեմ կարևոր է, թե ոչ։— Չարությամբ մտածում էր ինքն իր դեմ կատաղած լեյտենանտը։— Չեմ տեսել և վե՛րջ։ Սպասի՛ր, սպասի՛ր, ո՞ւմ թիկունքում էր դարանել Զուլումը։ Կարծեմ աղջկա, այո՛, աղջկա։ Այո՛, այո՛, աղջիկը թիկունքով նստած էր իմ կողմը։ Մազերը շիկավուն էին, ուսնիվար, «կոլդունյա» սանրվածքով․․․»։

  • Չեմ կարող վստահ ասել,— կմկմաց լեյտենանտը,— բայց ինձ թվում է, որ նրա սեղանակիցը աղջիկ էր, ընկեր մայոր․․․

  • Այդպե՜ս․․․,— ծոր տվեց մայորը և հետո,— ի՞նչ, աղջի՞կ․․․ Այո՛, այո՛, աղջիկ․․․ Հավանական է, շա՜տ հավանական․․․

  • Դուք ինչ֊որ բա՞ն գիտեք, ընկեր մայոր,— խոսեց լեյտենանտը։

  • Իմ իմացածը դու էլ գիտես, Լևո՛ն, չէ՞ որ այսօր խոսել ես Բագոյան Խաջեի հետ։ Հիշի՛ր, ո՞ւմ է տեսել նա պրոֆեսորի պատուհանում։ Մենք արդեն գիտենք, որ պրոֆեսորի մենատան դուռը գողերի առջև բացել է պառավի դերն ստանձնած աղջիկը․․․

  • Դուք այդ որտեղի՞ց գիտեք, ընկեր մայոր,— զարմացավ լեյտենանտը։

  • Գաղտնիքդ թռցրել եմ, չէ՞,— ժպտաց մայորը,— մի վախենա, առաջնությունը ձեռքիցդ չեմ խլի։ Հիշո՞ւմ ես աղջկա մազերը․․․

  • Շիկավուն, «կոլդունյա» սանրվածքով։

  • Ճիշտ է, համընկնում է Բագոյանի տեսածին։ հիմա այս երկու փաստից հարկավոր է հյուսել հնարավոր վարկածներ։ Բայց այդ գործը առայժմ թողնենք։ Եթե Զուլումը հայտնվել է քաղաքում, ուրեմն, սպասիր նրանից ամենահանդուգն չարագործություններ։ Հարկավոր է կանխել նրան, ոտքի հանել մեր մարդկանց, մասնավորապես նրան ճանաչողներին։ Առանց «դրսի» օգնության իմ և քո գործը դժվար կլինի, Լևո՛ն։

Comments