Chapter 3
Chapter 3
Լեյտենանտ Լևոն Մարկոսյանը «Դվին» սրճարանում նրբերշիկ էր ուտում և դանդաղ, կում-կում վայելում ոչ սառը գարեջուրը։ Սրճարանում ասեղ գցելու տեղ չկար, և նա նստեց պատանի մի զույգի մոտ՝ կիսամութ անկյունում։ Նստեց և փոշմանեց։ Տասնյոթ-տասնութ տարեկան սիրահարները, արար-աշխարհ մոռացած, գլուխ-գլխի, գգվում էին միմյանց աղավնիների նման՝ կրքոտ ու անհամբեր։ Տղայի ձեռքերն անընդհատ որոնումների մեջ էին։ Նրանք մերթ խլում էին աղջկա ձեռքերը, սեղմում ու մոտեցնում շուրթերին, մերթ սուզվում էին սեղանի տակ և որոնում նրա բաց ու հնազանդ ծնկները։ Մարկոսյանից չէին ամաչում։ Քաղաքացիական զգեստով լեյտենանտը թվում էր համարյա նրանց տարեկիցը։ Ընդհակառակը, երբ պատանին բռնում էր լեյտենանտի հայացքը, աչքերը լցվում էին խանդոտ չարությամբ, որից դեմքն ստանում էր կռվազան աքլորի արտահայտություն։ Մարկոսյանն զգում էր, որ ինքն ավելորդ է այստեղ, բայց չէր շտապում բարձրանալ տեղից։ Հարևան սեղանին, տարեց կնոջ հետ նստած երիտասարդը կրքից մշուշված աչքերով հոշոտում էր բավական անզգուշորեն սեղանին կքած կնոջը, որն «անմեղորեն» ցուցադրում էր իր փարթամ, կաթի սպիտակություն ունեցող կուրծքը։ «Տես է՜,— մտորում էր լեյտենանտը,— քաշում է տղային։ Քաշում է մաշված հրապույրների վերջին լարումով։ Իսկ սա կտցում է խայծը։ Եվ ո՜նց է կտցում՝ խելահեղորեն։ Կինը ցանկանում է մի անգամ ևս եռացնել իր հանդարտվող, բայց տոչոր արյունը, բնության անողոքության դեմ հանելով իր վրիժառու կենսասիրությունն ու չզինաթափվող կանացիությունը, իր զարդաթափ հրապույրների վերջին ճիգը։ Բայց միևնույն է՝ բանը-բանից անցել է։ Պահունակի մեջ մնացել են վերջին փամփուշտները»։ Լեյտենանտը հանկարծ վատ զգաց իրեն, ամաչեց։ «Ինչո՞վ եմ զբաղված, ինչո՞վ․․․ Նստել և բազմության վերքին եմ նայում։ Վերքի՜ն․․․ Իսկ նրա առողջ մարմինն ինձ ասես չի հետաքրքրում։ Իմ աչքերը, որոնք կարոտ են գեղեցիկ մարդկանց, այլանդակին որոնելու, տեսնելու պարտականության մեջ են, հակահասարակականը՝ հասարակությունից, ինչպես թարախոտ վերքը՝ մարմնից, հեռացնելու տենդագին ծառայության մեջ։ Ա՜յ թե գործ է․․․ Անհրաժեշտ և անտանելի, անտանելի․ ազնիվ մարդու մեջ հնարավոր հանցագործը որսալու և հանցագործի մեջ՝ ազնվության և մարդկայնության նշույլը հայտնաբերելու դժվարին, անկողմնակալ և տառապալից աշխատանք։ Իսկ այստեղ սիրվում են, ինչ կա որ։ Այս պատանին նայում է ինձ այն շնիկի նման, որի բերանից ասես ցանկանում են թռցնել մսի կտորը։ Իսկ այդ հազար առագաստ տեսած ու մաշած և մաշված կինը իրեն պահում է ամուսնական առագաստ մտնող նորահարսի նման, և աչքերը դրանից շլանում են․․․»։ Լեյտենանտն սթափվեց մտքերից։ Աղջիկը խեղդվում էր հազից։ Երկու մատով բռնել էր ծխացող սիգարետը, բռնածը ասես մատների մեջ սատկած գորտ լիներ։ Հետո «ֆիի՜․․․» արեց և ծխախոտը ճխլեց սուրճի ափսեի մեջ, անսահման ուրախություն և ծիծաղ պարգևելով իր անբեղ-անմորուք սիրահարին։ Ծխել է սովորում, դառնությամբ մտածեց լեյտենանտը, ծխել է սովորում։ Մի երկու-երեք օր կխեղդվի հազից, ապա կվարժվի թույնին, էլ չի հազա, և գործը հալած յուղի նման կգնա առաջ։ Եվ ինչո՞ւ են սրանք դերասանություն անում։ Ծխող չեն և ցանկանում են ծխող երևալ։ Հասունանա՜լ են ուզում։ Մեծ երևա՜լ են ուզում, որպեսզի իրենց ոչ մանկական արարքներին, մեղքերին արդարացում գտնեն, բայց ափսո՜ս են․․․
Լղարիկ մի երիտասարդ, որի ադամախնձորը յուրաքանչյուր բառի հետ կուլ էր գնում կոկորդին և ապա հաջորդ բառին նորից հայտնվում իր տեղում, աշխարհի բոլոր սրբերով ու սրբություններով երդվում էր կողքին նստած աղջկան, որ այս մեծ աշխարհում նրանից գեղեցիկ ու լավ աղջիկ ինքը երբեք չի տեսել։ Աղջիկը տգեղ էր և երևի գիտեր իր գեղեցկության գինը, քանի որ տղային նայում էր վախվորած մի թերահավատությամբ, ասես խնդրելով ձեռք չառնել իրեն։
Հորս արևը,— երդվում էր աղան,— հորս արևը, հավատա՛։
Տղան խմած չէր, և Մարկոսյանն ուրախացավ։ «Ուրեմն, սիրում է աղջկան։ Բարձրացնում, շոյում է աղջկա ինքնասիրությունը, նրան գեղեցկացնում է իր համար, որպեսզի սիրի իր իսկ հորինած գեղեցկությունը։ Կամ ով իմանա․ ասում են սիրահարի աչքին սիրածից լավը չկա։ Իսկ եթե ստո՞ւմ է։ Ո՛չ։ Աղջկան նայում է սիրահարվածի աչքերով։ Սիրում է ուրեմն, հավանում, գնահատում է սիրածին»։ Սակայն որքան շատ էր երդվում տղան, այնքան քիչ էր հավատում աղջիկը նրան, որն, ի վերջո, սկսեց պաղատել տղային։
Ես քեզ ի՞նչ վատություն եմ արել, Վարդան,— լացակումած խոսում էր աղջիկը,— զո՜ւր ես ձեռ առնում․․․
Հորս արևը,— կրկնեց տղան և բարձրացավ սեղանից։ Հետո արդեն ցածրաձայն ինչ-որ բան էր փորձում ապացուցել աղջկան։ Այդ պահին նա նման էր բանաստեղծություն ընթերցող վերացած պոետի։ Հուզված էր․ ադամախնձորը դարձել էր այնքան շարժունակ, որ ասես խոսում էր ադամախնձորով։
Սրճարանում ծխի ամպ և սուրճի հաճելի բուրմունք էր կանգնած։ Երիտասարդների մի խումբ մագնիտոֆոն էր բերել, իսկ երբ հնչեց թվիստը, ողջ սրճարանն ասես հրամանով ոտքի թռավ, և սկսվեց պարը։ Մարկոսյանը, դանդաղ ծամելով ուտելիքը, նայում էր պարողներին։ Պարը գնալով արագանում էր և ահագնանում։ Պարում էին համերաշխ, ինքնամոռաց ու երջանիկ։
Լեյտենանտ Մարկոսյանն սթափվեց իր մտորումներից։ Նա զգում էր ինչ-որ մեկի ծակող հայացքն իր ծոծրակին և չէր շտապում շրջվել։ Մեկն ուշադիր հետևում է իրեն, բայց ո՞վ։ Բնածին հետախույզի բնազդը անխարդախորեն հուշում էր, որ դարանակալ է հայացքը և, միաժամանակ, փախչելու, թաքնվելու պատրաստ։ Նա արագ շրջվեց, բայց արդեն ուշ էր․ պարողների բազմությունը ճեղքելով, հեռանում էր․․․ Մարկոսյանն առաջին պահ չհավատաց աչքերին, նույնիսկ հազարների մեջ կճանաչեր Զուլումի ամուր ուսերին նստած գանգրահեր գլուխը։ Փախել է կալանավայրից՝ կայձակեց մտքում, և բարձրացավ, ոչ, թռավ աթոռից։ Շտապելուց մոռացավ վճարել կերածի և խմածի արժեքը, և զայրացած բուֆետապանուհին չանթեց նրա թևը․
Այդ ո՞ւր․․․ Ամոթ չէ՞ ձեզ նման երիտասարդին, որ 1 ռուբլի 30 կոպեկը չվճարելու համար չափ ընկած ձիու նման փախչի առանց ետ նայելու․․․
Կողքից փռթկոց լսվեց, ծիծաղում էին։ Առանց ուշադրություն դարձնելու նրանց վրա, գրպանից արագ հանելով մի թղթադրամ, նետեց բուֆետապանուհուն․
Ներեցեք․․․
Եվ նետվեց դեպի դուռը, չլսելով բուֆետապանուհու սուր ծղրտոցը․
Մանրը վերցրեք, ընկե՛ր, մա՜նրը․․․
Թաց երեկո էր։ Մշո՜ւշ, մշո՜ւշ․․․ էլեկտրասյուների և ռեկլամների լույսերը գժգունած էին։ Եվ խավարն ավելի տիրական էր։ Եվ Զուլումը չկար։ Եվ մշուշն էր կլանել նրան։ Եվ մթությունն էր թաքցրել։ Նորից թունավոր հազի նման նա լուծվեց քաղաքի օրգանիզմում։ Լուծվեց, որ նորից թունավորի, ախտահարի քաղաքի հզոր ու բաբախուն մարմինը։ Մարկոսյանը մտքում հայհոյում էր արար֊աշխարհը, իր դանդալոշությունը, բուֆետապանուհու պահանջկոտ ծղրտոցը, որոնք պատճառ դարձան իր ուշանալուն, անիծում էր մութն ու մշուշը, որոնք ակամայից դարձել էին հանցագործի հանցակիցները։ Ուսը հանկարծ տնքաց, և արթնացավ սպիացած վերքը։ Սպին այրվում էր։ Զուլումի դանակի հետքը, որ ննջել էր երկու տարի, դանակողի հայտնվելուն պես արթնացավ և տնքաց պահանջկոտ ու հրամայող։
․․․ Վերջին գոտեմարտը տեղի ունեցավ Զանգվի ձորում, Արզնի տանող ճանապարհին։ Հանցագործները չէին սպասում նրանց և առաջին պահ շփոթվեցին։ Զուլումն ու Չեչոտն էին, քրեական աշխարհի «արքաները»։ Գողացված իրերով բեռնված տաքսի ավտոմեքենան խրվել էր այգիների կանաչի մեջ։ Դռնակները բաց էին, իսկ մեքենայի կողքին բերանքսիվայր ընկած էր մի քանի տեղից դանակված վարորդի արնաշաղախ դիակը։ Չեչոտը առվի մեջ լվանում էր ծանր ձեռնամարտում իր տափակած դեմքի արյունը։ Երևում էր, որ թեժ ձեռնամարտ է տեղի ունեցել, և վարորդը դիմադրել է մինչև վերջին շունչը։ Չեչոտին վերցրին առանց դժվարության։ Զուլումը կրակեց Բագրատունու վրա, և գնդակը քերծեց մայորի ուսը։ Սակայն Զուլումին վիճակված չէր երկրորդ անգամ կրակել։ Լևոն Մարկոսյանի՝ կարգային բռնցքամարտիկի առաջին իսկ հարվածը նրան նետեց ներքև, և ատրճանակը թռցրեց ձեռքից։ Սակայն մինչև ձեռնաշղթա հագցնելը, պառկած դրությունից, Զուլումը հասցրեց նետել դանակը, որը անվրեպ ֆշշոցով խրվեց լեյտենանտի աջ ուսոսկրի մեջ, և ահռելի վերքից ժայթքեց արյունը։ Երկու ամիս պառկեց։ Վնասազերծված հանցագործները բռնեցին քավարանի ճանապարհը։ Եվ ահա Զուլումը Երևանում է․․․