Chapter 23
Chapter 23
Մայորը հավաքեց պրոֆեսոր Խախանյանի համարը․
Ողջո՜ւյն, պրոֆեսո՛ր։ Կարծում եմ, որ լավ հանգստացած կլինեք։ Այո՛, այո՛, ես եմ։ Այո՛, այո՛, շարունակում եմ աշխատել։ Շնորհակալ եմ ձեր մեծահոգության համար։ Ուրեմն, ինձ հարմար նոր աշխատա՞նք եք որոնում։ Որոնեցե՛ք, ես իմ խոստումի տերն եմ, այո՛, այո՛, հենց որ հարմար գործ ճարեք, ես պատրաստ եմ անմիջապես թողնել իմ այս անիծված աշխատանքը։ Բայց ես ձեզ համար հաճելի սյուրպրիզ ունեմ։ Չէ՞ որ խոստացել էի այս աշխատանքը թողնելուց առաջ ոսկե սկուտեղով ձեզ մատուցել ձեր բնակարանը կողոպտողներին։ Ճի՞շտ է։ Ուրեմն, խոնարհաբար խնդրում եմ, այսօր, երեկոյան ժամը 6-ին ներկայանալ միլբաժանմունք՝ ձեր թանկարժեք իրերը ետ ստանալու և մասնակցելու մի լուրջ գաղտնիքի բացահայտման, որը կոչվում է Շահմարի առեղծված։ Ինչո՞ւ լռեցիք, պրոֆեսո՛ր։ Չէ՛, չէ՛, չեմ կատակում։ Ձեռք առնել ձեզ նման հարգված մարդո՞ւն․․․ Ի՞նչ եք ասում։ Չէ՛։ Ինքս կգամ ձեր ետևից։ Հաղորդեցե՛ք իմ ջերմ բարևները ձեր հարգելի ընտանիքի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ։ Ցտեսությո՛ւն․․․
Երեկոյան մայոր Վահագն Բագրատունու առանձնասենյակն էին հավաքվել միլիցիայի աշխատողներ, «Սովետական միլիցիա» թերթի խմբագիրը և ուրիշներ։ Պրոֆեսոր Խախանյանին և նրանից անբաժան Արեգ Արամովնային իր մեքենայով բերեց Վահագն Բագրատունին։ Մի խոսքով, պարը բոլորվեց։
Ընկերնե՛ր, «Երկու անհայտով հավասարում կամ Շահմարի անկումը» անունը կրող օպերացիան ավարտվեց,— սկսեց մայոր Բագրատունին։— Դուք այստեղ, մեղադրյալների աթոռներին տեսնում եք հանրահայտ հանցագործ Զուլումին, նրա հանցակիցներին՝ Սուրբին, Բոռին և Բուլդոգին։
Իսկ Շահմա՞րը,— նետեցին տեղերից։
Շտապել հարկավոր չէ,— շարունակեց մայորը,— ես ասացի, որ օպերացիան ավարտվել է, նշանակում է այդ հարցի պատասխանը կստանաք։ Իրականում ո՞վ է եղել այս խմբի ոգեշնչողն ու չարագործությունների կազմակերպիչը։ Զուլո՞ւմը, և՛ այո, և՛ ոչ։ Զուլումը գործիք է եղել Շահմարի ձեռքին, կատարելով լոկ նրա քմահաճույքներն ու ցանկությունները։
Սրանից ութ տարի առաջ Երևանի բժշկական ինստիտուտի ավարտական կուրսից, գողության պատճառով, վտարվեց Մարինե Մելիքյան ազգանունով մի աղջիկ, որը սակայն հայտնվեց ակադեմիկոս Վրթանեսյանի լաբորատորիայում, հեշտությամբ նվաճեց այրիացած գիտնականի սիրտն ու դարձավ նրա մեքենագրուհի֊քարտուղարուհին։ Մարինե Մելիքյանը փրկված էր և գտնվում էր հարստանալու հեշտ ճանապարհին։ Կարճ ժամանակամիջոցում ակադեմիկոսը նրան տվեց նաև բնակարան։ Սակայն Մարինեին հրապուրում էր ոչ միայն ակադեմիկոսի գրպանը, այլև ունեցվածքը, որը ձեռք բերելու համար նա սկսեց տենդագին կերպով ուղիներ հետախուզել։ Այդ օրերին նա հանդիպեց իր դաժանության ու ճարպկության շնորհիվ Երևանի հանցագործ տարրերի գլուխն անցած Զուլումին։ Քիչ է ասել, թե Մարինեն գեղեցիկ էր։ Նա գեղեցկուհի էր․ մի առավելություն, որը, հետագայում նա հմտորեն օգտագործեց իր զոհերին մինչև վերջ քամելու և պլոկելու համար։ Իր գեղեցկությունը նա դարձրեց զենք, որով սպանիչ հարված էր հասցնում մի կողմից ծերացած ակադեմիկոսի փխրուն սրտին և դատարկում նրա քսակը, մյուս կողմից՝ Զուլումին, որը Մարինեի առջև դառնում էր գառան նման հեզ, նրան նվեր բերելով իր հանապազօրյա թալանը։ Մարինե Մելիքյանը շուտով բարոյական ծանր հարված հասցրեց ակադեմիկոս Վրթանեսյանի բարի անվանը, որի աջակցությամբ, նախ, բժշկի դիպլոմ ստացավ, ապա իր և Զուլումի մեղավոր սիրուց ծնված աղջկա հայրությունը փաթաթեց գիտնականի վզին։ Նա Զուլումին չէր վստահում, չէր հավատում, իմանալով, որ գողի և ավազակի խոտորնակ ճանապարհի վերջը լինելու են բանտն ու աքսորը։ Ակադեմիկոս Վրթանեսյանը, որ սրտանց ուրախ էր աղջիկ ունենալու և հպարտ՝ իր չթառամող առնականության համար, սիրով և առանց կասկածելու հայրացավ աղջկան։ Զուլումը այդպես էլ չիմացավ իր հայրանալը։ Այդ ամիսներին նա գտնվում էր «գործուղման» մեջ՝ բանտում։ Մարինեն մինչև վերջ աղջկան թաքցրեց նրանից, մտածելով, որ այդ կապը հետագայում կարող է վերածվել պարտականության, ճակատագրական դառնալ իր համար, իրեն կապելով չսիրած մարդու և, մանավանդ, վտանգավոր հանցագործի հետ։
Գադինա,— հանկարծ մռնչաց Զուլումը,— գադինա․․․
Նրան լռեցրին, և մայորը շարունակեց․
Սակայն երեխան խանգարում էր Մարինեին, յոթ կապով կապում ոտքերը։ Միայն իրեն՝ Մարինեին հայտնի հնարքով ու խորամանկությամբ նա կարողացավ իր աղջկան սիրահոժար կերպով, հավիտենապես հանձնել «հորը»՝ Վրթանեսյանին և ապա թև առավ ու թռավ։ Նույն հնարքով ամեն ամիս, կանոնավորապես, մինչև օրս նա ստանում է իր աղջկան հասանելիք ալիմենտը, որն ամսական կազմում է 300-ից մինչև 350 ռուբլի։ Սակայն, առ այսօր, մայրը գոնե մեկ անգամ չի այցելել, նույնիսկ չի ճանաչում իր աղջկան։ Երեխայի հարցը վերջնականապես լուծելուց հետո Մարինեն հայտնվեց պրոֆեսոր Վահրամյանի մոտ։ Այստեղ ևս կրկնվեց նույնը, սակայն աստված գթաց, որ չծնվեց երկրորդ երեխան, հակառակ դեպքում, որբերի թիվը կավելանար ևս մեկով։ Վահրամյանը ևս իր քսակը լայնորեն բացեց գեղեցկուհու առջև։ Սակայն այս անգամ Մարինեն ավելի հեռուն գնաց։ Պարզվեց, որ նրա սերը Զուլումի նկատմամբ լիովին վարձատրված չէ։ Իր նման գեղեցկուհուն ամսական մի քանի հարյուր ռուբլով և մի քանի ականջօղով ու մատանիներով գոհացնելը նույնիսկ վիրավորական է ու ստորացուցիչ։ Եվ նա առանց ձևականության իր «սիրեցյալին» հուշեց ոսկեղենի խանութը կտրելու միտքը։ Տաքարյուն ու անվախ, ամեն տեսակ հնարամիտ ու սրիկա ընկերների հարգանքից ու հպատակությունից շփացած, նրանց ակտիվ օգնությամբ ու աջակցությամբ, Զուլումը, սպանելով խանութի պահակին, կարողացավ թափանցել ոսկեղենի խանութ, հափշտակեց մեծ արժողությամբ ոսկեղեն ու ակնեղեն։ Նա մի կերպ կողոպուտը հասցրեց Մարինեին և ավտոհետապնդման ժամանակ ձերբակալվեց իր ընկերոջ՝ Չեչոտի հետ միասին, երբ արդեն կատարել էր իր հաջորդ անմարդկային հանցագործությունը, սպանելով տաքսու ավտովարորդին և ծանր վիրավորելով մեր բաժանմունքի աշխատակից լեյտենանտ Լևոն Մարկոսյանին։ Զուլումն ու Չեչոտը ստացան իրենց արժանի պատիժը և աքսորվեցին։ Մարինե Մելիքյանը մեզ անհայտ պատճառներով հանկարծ հեռացավ իր երկրորդ տարփածուից՝ Վահրամյանից և կարճ ժամանակով «արձակուրդ տվեց հարուստ քսակով մարդկանց»։ Ենթադրում եմ, որ այդ Ժամանակամիջոցում հեռատես Շահմարը զբաղված էր իր անուն֊ազգանունը փոխելու հոգսերով։ Նա սեփականեց ակադեմիկոս Վրթանեսյանի ազգանունը, քանի որ նա արդեն ծեր էր, ինքը նրանից երեխա ուներ և գիտնականի մահվան դեպքում նրա ժառանգորդուհին դառնալը անհրապույր բան չէր և հարստանալու նոր հեռանկարներ էր թացում իր առջև։ Եվ, վերջապես, նա հայտնվեց մեկ ուրիշ գիտնականի մոտ և դարձավ նրա ասիստենտը։ Գեղեցկուհու համար դռնփակ սրտեր գոյություն չունեին, նա հրեղեն մի զենք էր, որ կարողանում էր թափանցել մարդկանց ընտանիքները և վիշապի ագահությամբ կլլել նրանց լիքը քսակները։ Այս անգամ ևս ուսումնասիրելով, ավելի ճիշտ կլինի ասել, հետախուզելով ծերունազարդ պրոֆեսորի տան ելումուտը, գաղտնարանները, նա կարոտի և սիրո մի սրտառուչ նամակ գրեց հեռու կալանավայրում գտնվող իր սիրուց խենթացած Զուլումին, խոստովանեց, որ ինքը կարոտի անքուն գիշերներ է լուսացնում, որ հիվանդ է և, իբր, իրար հաջորդող նյարդային ցնցումները հետևանք են անհույս սիրո ու կարոտած հոգու, նրան հասկացրեց նաև․․․ սակայն ավելի լավ է խոսքը տանք իրեն, այդ նամակից մի քանի տող ընթերցելով․ «Սիրելիս, դու մտածե՞լ ես, թե ես քանի-քանի տարիներ պետք է սպասեմ քեզ։ Այլևս չեմ կարող դիմանալ։ Բայց եթե մեռնեմ էլ, ինձ բախտավոր կհամարեմ այն գիտակցությունից, որ դու գոնե քո անտեր Շահմարի գերեզմանը անտեր չես թողնի»։ Նման սրտառուչ տողերով և այդ տողերը «արցունքի կաթիլներով» զարդարելով, նամակը ուղարկում է հասցեատիրոջը։ Մեկ֊երկու ամիս անց Զուլումն արդեն գտնվում է Երևանում։ Մի երկու ոչ կարոտի, այլ ուրախության արցունք թափելուց հետո Շահմարը Զուլումին ցույց է տալիս պրոֆեսորի տան իր ձեռքով գծված պլանը՝ ակնեղենի ու ոսկեղենի գաղտնարանները ցույց տվող սլաքներով։ Մնացածն արդեն հայտնի է ձեզ, պրոֆեսոր Խախանյան, թե ինչպես․․․
Մայորը ժպտաց․
Մի՛ հուզվեք, պրոֆեսոր, մի՛ հուզվեք։ Ձեր տունը կողոպտել են Զուլումն ու Բալերինան՝ Շահմարի անմիջական ղեկավարությամբ և օգնությամբ, իսկ Շահմարը Արեգ Արամովնա Վրթանեսյանն է, ահա նա՛․․․
Եվ ձեռքը մեկնեց դեղնամոխրագույն, թեփուկավոր զգեստով կնոջը։ Նույնիսկ այդ պահին Արեգ Արամովնան սքանչելի էր։ Միայն աչքերն էին, որ հառված էին ինչ֊որ կետի, և նրանց մեջ անշարժացել էր թունավոր չարությունը։
Սո՛ւտ է, դուք բամբասում եք Արեգին, սո՛ւտ է,— հանկարծ տեղից բարձրացավ գլուխը կորցրած պրոֆեսոր Խախանյանը, վկաների մեջ առաջացնելով անսքող աշխուժություն, որոնք հետաքրքրությամբ դիտում էին ծերունի սիրահարի ոչ ծերունական բռնկումները։ Հետո նրա գլուխը անբնականորեն թեքվեց կրծքին։ Ստիպված սրտի կաթիլներ տվին։ Այնուհետև նա մինչև վերջ լուռ էր, գլխահակ և թվում էր, թե ննջում է։
Ժողովուրդը մի հիանալի ասացվածք ունի՝ փորձված աղվեսը թակարդ է ընկնում զույգ ոտքով,— շարունակեց մայոր Բագրատունին,— այդպես պատահեց նաև Արեգ Արամովնա՝ Շահմարի հետ։ Բնակարանի կողոպուտից հետո, հետաքննության ընթացքում, հենց սկզբից, մենք եկանք այն եզրակացության, որ կողոպուտը կատարվել է տան մտերիմների մասնակցությամբ։ Մեծ խելք և տաղանդ հարկավոր չէր հասկանալու, որ միայն իմացող մարդը կարող էր այդքան անսխալ մատնացույց անել տան գաղտնարանները, որովհետև գիշերային մթության մեջ գողերը գործել էին այնպիսի անսխալականությամբ, որով հիացած ու զարմացած էր նույնիսկ պրոֆեսոր Խախանյանը, այսինքն, տուժողն ինքը։ Առանց թաքցնելու մեր կասկածը չհայտնեցինք տանտերերին, խնդրելով օգնել կողոպտիչների մերկացմանը։ Արեգ Արամովնան դուրս էր կասկածանքից։ Սակայն նա անզգուշորեն թույլ տվեց առաջին հայացքից փոքրիկ ու աննշան մի սխալ, որն անմիջապես արժանացավ իմ ուշադրությանը։ Պրոֆեսորի այն կատակը, թե իրենց տան ամենամտերիմը Արեգ Արամովնան է, կարծես խայծ էր, որ կլլեց Արեգը, շտապ պատասխանելով, որ ինքն ալիբի ունի, քանի որ եղել է գործուղման մեջ։ Այստեղ էր, որ նա ընկավ զույգ ոտքով։ Ահա այս, նրա համար չարաբաստիկ, մեզ համար, ինչ խոսք, բարեբաստիկ «ալիբին» առաջին պահ զարմանք պատճառեց ինձ, որը փոխվեց կասկածի, իսկ քննության ընթացքում՝ անսասան համոզմունքի, որ հանցագործության հեղինակն ու կազմակերպիչը Արեգ Արամովնան է։ Այժմ դիմենք փաստերի հեղինակությանը։ Հենց սկզբից Արեգ Արամովնան փորձեց պտտեցնել մեր գլուխը։ Հանդես գալով պրոֆեսորին սիրողի և ցավակցողի դերում, նա զգուշորեն քննության ընթացքը փորձում էր շեղել իր համար ձեռնտու և հարմար ուղղությամբ, կասկածի սլաքներն ուղղելով մերթ Խախանյանի փեսացուի՝ Սերժի, մերթ Խախանյանների տան նախկին սպասուհու՝ Սուսանի ուղղությամբ։ Մեզ օգնելու նրա արտակարգ պատրաստակամության մեջ փորձված աչքը չէր կարող չնկատել Արեգ Արամովնայի ներքին անհանգստությունը և վարպետորեն քողարկված լարվածությունը։
Իր «սիրեցյալ» պրոֆեսորի տքնաջան աշխատանքով և խնայողություններով ձեռք բերված ամբողջ կարողությունը սեփականելուց և թաքցնելուց հետո Շահմարն այժմ ցանկանում էր ազատվել Զուլումից, որն իրեն այլևս պետք չէր։ Ավելին, իր պահանջկոտ և պարտադրող սիրով Զուլումն անհանգստացնում էր հարստացած Շահմարի անդորրության ձգտող հոգին և կարող էր անզգուշորեն նրան ճանաչելի դարձնել միլիցիայի և արդարադատության մարմիններին։ Եվ ահա մենք ստացանք մի անստորագիր նամակ, որ գրված էր դիտավորյալ արված տառասխալներով և ձախ ձեռքով։ Աշխատանքի վայրից վերցնելով Արեգ Արամովնայի ձեռքով գրված ինքնակենսագրականը և այդ նամակը, ուղարկեցի լաբորատորիա։ Պատասխանը չուշացավ, ձեռագրերը պատկանում են միևնույն անձին, գրվել են նույն մարդու ձեռքով։ Սակայն ի՞նչ էր գրում Արեգ Արամովնան իր անստորագիր նամակում։ Նա մեզնից պահանջում էր միջոցներ ձեռնարկել անհապաղ ձերբակալելու քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումին և փրկել մեր հասարակությունը նման տիպերից։
Գադինա,— նորից մռնչաց Զուլումը,— գադինա նեսլիխաննայա․․․
Նրան նորից սաստեցին։ Եվ մայորը շարունակեց․
Մյուս կողմից՝ Արեգ Արամովնան կնոջ վեցերորդ զգայարանով, անսխալ բնազդով երևի զգաց, որ մեղադրանքի ուղտը կարող է չոքել նաև իր դռանը և պրոֆեսոր Խախանյանին մինչև վերջ լարեց մեր դեմ, լրջորեն վնասելով հետաքննությանը։ Եվ հանկարծ գործը կտրուկ շրջադարձ ստացավ։ Ապրեսյանի գնդակները հիվանդանոցի անկողնուն գամեցին Զուլումին։ Հայտնագործվեց նաև Շահմար անունը, պարզվեց, որ այդ անունը կրողը կին է, կին, որն ամենայն սառնասրտությամբ Զուլումից պահանջեց հեծանվի անվաճաղով սպանել կրտսեր լեյտենանտ Ապրեսյանին, որպեսզի գլուխն ազատի ավելորդ գլխացավանքից, ճանաչվելուց։ Հայտնագործվեց նաև Շահմարի ձեռքով գծված Խախանյանների տան հատակագիծը՝ գաղտնարանները մատնող սլաքներով։ Բայց ո՞վ էր Շահմարը։ Ո՞վ էր թաքնված այդ մականվան տակ։ Սա դարձավ հարցերի հարցը, և օրակարգում դրվեց Շահմարի առեղծվածի բացահայտման խնդիրը։ Սկսվեց տենդագին աշխատանք։ Ես համարյա չէի կասկածում, որ Շահմարը նույն ինքը Արեգ Արամովնան է, սակայն հանցանշանները դեռևս անբավարար էին, և փաստերի տրամաբանական շղթայում դեռևս նկատվում էին լուրջ բացթողումներ և ընդհատումներ։ Սակայն առաջ չընկնենք և հետևենք դեպքերի զարգացման ընթացքին։ Ասացինք, որ Ապրեսյանի գնդակները կտրուկ փոխեցին իրավիճակը։ Զուլումի կյանքը մազից էր կախված։ Եվ Արեգ Արամովնան ուրախ էր դրա համար։ Վերջապես ազատվելու էր Զուլումի տհաճ ընկերակցությունից, իր դաժան պարտնյորից, որն իրավունք ուներ պահանջելու իր գանձերը կամ առնվազն կիսելու իր «հալալ աշխատանքի» արդյունքները։ Եվ որ ամենակարևորն է, Զուլումը պետք է մեռներ, որպեսզի իր հետ գերեզման տաներ Շահմարի առեղծվածը։ Եվ Արեգ Արամովնան մարդասիրության անունից քանի-քանի անգամ, նույնիսկ հիվանդանոցի աշխատակիցների ներկայությամբ, պահանջելու պես խնդրում էր պրոֆեսորից ձեռք չզարկել Զուլումի փրկությանը։ Կարիք կա՞ փրկել հանցագործին, որն աղտոտում է հասարակության կյանքը, նրա համակեցությունը։ Սակայն պրոֆեսոր Խախանյանը, հավատարիմ բժշկի իր կոչմանը, մի փոքր էլ գլխապտույտ ապրելով հսկայական կաշառքից, որ նրա ձեռքը համբուրելով՝ մատուցեցին այս երեքը՝ Սուրբը, Բուլդոգը և Բոռը, ինչո՞ւ չէ՝ նաև վախենալով նրանց սպառնալիքից, կատարեց իր դժվարությամբ եզակի, փայլուն մի վիրահատոլթյուն, փրկեց Զուլումին։ Արեգ Արամովնան վերստին տագնապի մեջ է։ Հիվանդ ու անկամ Զուլումին կարող են խոսեցնել։ Հիվանդ ու անկամ Զուլումը կարող է խոսել։ Դուրս տալ ճշմարտություններ, մատնել նաև իրեն։ Մինչ նա իր «սիրածից» ազատվելու նոր ուղիներ էր որոնում, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և երեքը ճարպկորեն գողացան Զուլումին։ Նորից թեթևացավ Արեգ Արամովնայի սիրտը։ Սակայն նրան, միևնույն է, այլևս հանգիստ չէր տալիս Զուլումին շարքից հանելու սևեռուն գաղափարը։ Եվ նա հղացավ իր հաջորդ, առավել քստմնելի արկածախնդրությունը։ Նա սիրահարված բանդիտի առջև դրեց մայոր Բագրատունուն վերացնելու համարյա անլուծելի խնդիրը, համոզված լինելով, որ հետապնդողն ու հետապնդվողը կհոշոտեն միմյանց և անսալով ժողովրդական այն իմաստությանը, թե՝ երբ կռվում են երկուսը, շահողը լինում է երրորդը։ Հեռանալով Երևանից, այս անգամ ևս ապահովելով չքմեղության իր ալիբին, նա Վառնայից իր երկրպագուին գրում էր․ «Սիրելիս, ժամանակն է, որ մենք մեր բարեկամին ուղարկենք Մոգիլյով, նա շատ լավություններ է արել մեզ և, կարծում եմ, ավելին կանի, այնպես որ նրա լավությանը հմենք պարտավոր ենք վարձահատույց լինել միևնույն ձևով»։ Չեմ կասկածում, որ ներկաները լավ են հիշում, թե ինչով վերջացավ Շահմարի կողմից նյութված այս արկածախնդրությունը։ Դաժանորեն մորթվեց Բալերինան։ Անմարդկային, քստմնելի մի արարք, որին դժվար է նույնիսկ անուն տալ։ Ենթադրում եմ, թե որքան զարմացավ Արեգ Արամովնան, երբ վերադառնալով, տեսավ, որ իր թշնամիները՝ և՛ իր «սիրեցյալ» Զուլումը, և՛ մայոր Բագրատունին ողջ և առողջ սպասում են իրեն։ Զուլումը՝ որպեսզի իր ավարի բաժինն ստանալով չքվի Երևանից, իսկ Բագրատունին՝ որպեսզի նրան և նրա գեղեցկուհուն հանձնի արդարադատությանը։ Շահմարն ու Զուլումը բացատրվեցին։ Զուլումը հասկացրեց նրան, որ իրեն սպառնում է վատթարագույնը, որ ինքն այլևս Երևանում մնալ չի կարող և ստիպված է արագ հեռանալ։ Նա Շահմարից պահանջեց իր փայ-բաժինը։ Դերասանուհու իր աներկբա տաղանդը գործի դնելով, արցունքն աչքերին և երդվելով, Շահմարը Զուլումին հավատացնում էր, որ առանց նրա ինքն այլևս չի կարող ապրել։ Եթե Զուլումն ուզում է քաղաքից հեռանալ, ապա թող լուծի իրենց ամուսնության հարցը։ Մի՞թե ինքը մինչև կյանքի վերջը պետք է մնա սիրուհու աննախանձելի և ամոթալի դերում։ Եվ ինչպես միշտ, շահեց թայմ աուտը, սակայն այս անգամ ի վնաս իրեն։ Շահմարը՝ նույն ինքը՝ Մարինե Արամի Մելիքյանը, նույն ինքը՝ Արեգ Արամի Վրթանեսյանը, արդեն հայտնաբերված ու տեսանելի էր, նրան հետևում էին միլիցիայի օրգանները։ Եվ ահա վերջերս նրա բնակարանը խուզարկվեց։ Ես կամենում եմ ներկաներին ծանոթացնել խուզարկության արդյունքների հետ։ Խնդրում եմ հրավիրել լեյտենանտ Մարկոսյանին։
Առանձնասենյակի դուռը բացվեց, և սադափե երկու արկղերով ծանրաբեռ՝ ներս մտավ լեյտենանտ Մարկոսյանը։ Ներկաների հայացքներն ասես հրամանով նրա կողմը շրջվեցին նրա կողմը։ Բացվեցին արկղերը, և էլեկտրական լույսի տակ ակնեղենն ու ոսկեղենը շողշողացին ծիածանի բոլոր գույներով, շլացուցիչ։ Գույների կուրացնող հրավառությունից առաջին պահ շլացան, կկոցվեցին ներկաների աչքերը։ Տեսարանն, իրոք, թատերական էր։ Ներկաները քար էին կտրել՝ տեսնելով այդ հսկայական հարստությունը։
Որտե՞ղ հայտնաբերեցիք այդ գանձերը, ընկեր լեյտենանտ․․․
Մեղադրյալ Արեգ Արամի Վրթանեսյանի բնակարանում։ Այս արկղերը պահվում էին զուգարանի ետևի պատի մեջ փորված գաղտնարանում, որը դրսից գոցվում էր ջրի պտտվող տակառիկով,— պատասխանեց լեյտենանտը։
Պրոֆեսոր Խախանյան, նայեցեք ձեր ասիստենտուհու հարստությանը։ Նայեցեք, կարծում եմ, նրանց մեջ կտեսնեք նաև ձեր կողոպտված գանձերը․․․
Պրոֆեսորը հառաչելով թափ տվեց ձեռքն ու անշարժացավ վերստին։
Ընկեր Ապրեսյան, հերթը ձերն է․․․
Սիրունիկ աղջնակի ձեռքը բռնած՝ առանձնասենյակ մտավ կրտսեր լեյտենանտ Ապրեսյանը։ Աղջիկը ժպտալով նայում էր շուրջը։ Լսվեց գազանի ոռնոց հիշեցնող ծանր, հոգեմաշ հառաչանք։ Զուլումը լալիս էր և ասես պատառ-պատառ էր լինում նրա սիրտը։ Երևում էր, որ նրա մեջ արթնացել էր հոր, ծնողի զգացմունքը։ Իսկ մայրը այդպես էլ չնայեց աղջկան։ Չցանկացավ նայել։ Գուցե ամաչո՞ւմ էր իր երեխայից, որին ամենից շատ էր պարտական և որին դավաճանել էր նույնքան անսրտորեն, որքան իր տարփածուներին և իր մարդկային առաքինությանը։ Մայրը, մայրությունը գոսացել էին նրա մեջ, գուցեև՝ մեռել։ Նա նեղացած էր մարդկանցից։ Կյանքում առաջին անգամ, մարդկանց հայացքներում նա տեսնում էր ատելություն և արհամարհանք։ Կյանքում առաջին անգամ մարդիկ կուրացել և չէին տեսնում նրա գեղեցկությունը, նրա կանացի հրապույրները։ Նրանից խլել էին գեղեցկությունը, հափշտակել հարստությունը։ Եվ այդ բոլորի՝ չարաշահված գեղեցկության, թալանված հարստության և կործանված կյանքերի դիմաց նրանից հաշիվ են պահանջում։ Արդարադատության զոհասեղանին դրված էր նրա կյանքը․․․
Անունդ ի՞նչ է, աղջիկս,— հարցրեց մայորը։
Մարինե,— պատասխանեց աղջիկը։— Մարինե Արսենի Վրթանեսյան․․․
Նայի՛ր, Մարինե՛, ո՞ւմ ես ճանաչում այստեղ նստածներից։
Աղջիկն ուշադիր նայեց ներկաներին, որոնք շունչները պահած նայում էին մորը, նայում էին աղջկան։ Աղջիկը մոր պատճենն էր։ Խնձորը ասես կիսել էին երկու իբար նման, բայց ոչ հավասար մասերի։
Ոչ ոքի չեմ ճանաչում,— ասաց փոքրիկը։
Մայոր Բագրատունու նշանով Ապրեսյանը Մարինեին դուրս տարավ առանձնասենյակից։ Տիրեց խորին լռություն։ Մայորը նշան արեց դռան մոտ կանգնած լեյտենանտին․
Ընկեր լեյտենանտ, ձերբակալեցեք այս կնոջն ու տարեք նախակալանատուն։
Լեյտենանտի ծանր ձեռքն իջավ Շահմարի ուսին։ Նա դանդաղ, դժկամորեն ոտքի կանգնեց։ Օրորվում էր։ Դեմքը գունատ էր, սփրթնած։ Դանդաղ շարժվեց դեպի դուռը։ Մարմինն ասես քանդվեց և գալար-գալար՝ օձագույն, թեփուկավոր զգեստի մեջ, շարժվեց դեպի անհայտություն։
Գադինա, գադինա, զարազնայա,— նետեց ետևից Ջուլումը։
Դե, ինչ, ընկերներ, ահա և վերջացավ «Երկու անհայտով հավասարում կամ Շահմարի անկումը» օպերացիան։ Ցտեսություն․․․