1. Շահմարի Առեղծվածը

Chapter 22

Chapter 22

Դեպքերը հասունանում էին դանդաղորեն։ Մայորը չէր շտապում։ Նա ակնդետ հետևում էր Զուլումի գործողություններին։ Սպասում էր նրա բարեկամի ժամանմանը, որի մոտ, տեղեկությունների համաձայն, պահված էր թանկարժեք ավարը։ Մայորը հույս ուներ, որ Բուլդոգը ձեռնոց կնետի իր արյունախում ընկերներին և նրանց միջև եղած պառակտումը կհասցնի ծանր, արյունոտ ընդհարման։ Սակայն այդպես չեղավ։ Կատաղած Բուլդոգը, ի վերջո, իր շեֆին հլու, վերադարձավ և հայցեց նրա ներողամտությունը։ Պատասխանը եղավ Զուլումից ստացած ահավոր ծեծը, որից հետո միայն ներվեց նրա հանցանքը։

Եվ հանկարծ Զուլումի խումբը կենդանացավ։ Պարզվեց, որ ժամանել է նա, որին սպասում էր Զուլումը։ Բաժնում ևս եռուզեռ սկսվեց։ Քաղաքային միլիցիային անմիջապես տեղեկացվեց, որ Զուլումի խումբը պատրաստվում է հեռանալ, փախչել քաղաքից։ Լուսանկարները ցրվեցին բոլոր նրանց, ովքեր պարտավոր էին և կարող էին կանխել ոճրագործների փախուստը։ Մի քանի օր անց պարզվեց նաև, որ Զուլումի կողմից նախապատրաստված պլանը կարող է փոխվել։ Ծանոթն ասաց, որ Զուլումն սպասում է մի կնոջ, որին սիրահարված է վաղուց և թանկարժեք իրերը վերադարձնելու հարցը օրակարգից հանվել է, քանի որ նրանք որոշել են ամուսնանալ։ Քաղաքից հեռանալու և գողացված գանձերի շուրջը այժմ ոչ մի ասուլիս, ոչ մի խոսակցություն չկա։

  • Ես այդպես էլ կարծում էի,— ասաց մայորը,— ես գիտեի, որ նա կնոջ է սպասում․․․

  • Ուրեմն, գիտեք նաև թե՝ ո՞ւմ․․․— զարմացած նրան էր նայում Ծանոթը։

  • Գիտեմ, բայց քանի որ մինչև վերջ հաստատող ապացույցներ դեռ չունեմ, իմ ճշմարտությունը ճշմարտություն չի դառնում։ Հավատացած եմ սակայն, որ Զուլումն այդ կնոջից երբեք չի ստանա ի պահ տրված գանձը։ Իսկ ամուսնությունը ժամանակ շահելու նպատակով հորինված կանացի խորամանկ խաղ է, քանի որ քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումին վաղ թե ուշ սպառնում են բանտարկությունը և պատժի գերագույն չափը։ Մնացածը այդ կնոջ համար կգնա յուղի պես, եթե մենք նրան չկարողանանք որսալ։ Խնդրում եմ քեզնից, Գրիշա, ավելի ճիշտ, կրտսեր լեյտենանտ Գրիգորյան,— դիմեց Ծանոթին մայորը,— նրա յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել։ Այնուհետև, եթե նրանք պատրաստ են մեզ դիմավորելու «հյուրասիրության բոլոր կանոնների համաձայն», ուրեմն, մենք երբեք չենք փորձի դառնալ նրանց «ցանկալի հյուրերը»։ Մենք պարզապես նրանց կհանդիպենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում։

Ծանոթի դուրս գալուց հետո մայորը հեռախոսով կապվեց դատախազի հետ և նրանից Եղբայրության փողոցի № 117 շենքի 52-րդ բնակարանը խուզարկելու թույլտվություն էր խնդրում։ Դատախազն առարկում էր, մայորը՝ եռանդագին համոզում և, ի վերջո, կոտրելով դատախազի թույլ դիմադրությունը, թույլտվությունն ստացավ։

  • Ընկեր Խաչատրյան, մենք խուզարկությունը կկատարենք ճիշտ այն օրը, երբ Զուլումն ու իր խումբը կենթարկվեն բերման։

  • Լավ, լավ, խուզարկության օրդերը կստանաս,— լսափողի մեջ դժգոհ մռլտում էր դատախազը,— տնաշեն, այնպես ես խոսում, կարծես պլանավորել ես Զուլոլմին ձեռնաշղթա հագցնելու օրն ու Ժամը․․․

  • Շնորհակալություն,— թեթևացած շունչ քաշեց մայորն ու լսափողը նետեց լծակին։

Աշխատանքային օրը վաղուց ավարտվել էր, երբ մայոր Բագրատունու աշխատասենյակի դուռը բացվեց, ոչ, ոչ, աղմուկով շրխկաց, և հուզված ու քրտնամխած ներս ընկավ լեյտենանտ Մարկոսյանը։ Հևում էր։ Երևի կարևոր բան էր պատահել և տեղ էր հասել վազելով։ Մայորն ուշադիր զննում էր լեյտենանտի գեղեցիկ դեմքը, իսկ հայացքում աճում էին հարցականները։

  • Հը՞․․․

  • Բուլդոգը «Զվարթնոց» սրճարանում է, ընկեր մայո՛ր։ Նա հարբած է, ինչպե՞ս վարվել․․․

  • Ի՞նչ է անում,— հարցրեց մայորը։

  • Լուռ նստած է՝ օղու շիշն առջևը։ Ուրիշ ոչինչ։

  • Մերոնցից ո՞վ կա այնտեղ․․․

  • Ապրեսյանը հսկում է նրան, բայց համազգեստով է, վախենում եմ խրտնեցնի։

  • Դե, ուրեմն, գնանք․․․

Անաղմուկ, անձայն սրճարան մտան։ Եվ մի հետաքրքիր տեսարան բացվեց նրանց առջև։ Բուլդոգը հիսունանոց թղթադրամը ձեռքին, խոսում էր նվագախմբի ղեկավարի հետ և դնդնացնելով հիշեցնում նրան ծանոթ մի մոտիվ, ռիթմիկ մի մեղեդի։ Նվագախմբի տղաները, հայացքները նրա ձեռքի հիսունանոցին և իրենց ղեկավարի ազդանշանին, սպասում էին։ Հետո Բուլդոգը հիսունանոցը խոթեց զրուցակցի ծոցագրպանը և առանց ձևականության մոտեցավ միկրոֆոնին։ Ղեկավարը կամացուկ ինչ-որ եղանակ սուլեց, ապա բարձրացրեց ձեռքը, և նվագախումբն արթնացավ։ Թեթև, ռիթմիկ երաժշտությունն անմիջապես թռցրեց, ոտքի հանեց սեղանների շուրջը բոլորած ջահելներին, և սկսվեց պարը։ Բուլդոգը խանձված և բավականին հաճելի ձայնով սկսեց երգել «Գողի բախտը»։ Այո՛, այո՛, լավ էր երգում։ Ունկնդիրներն այս ինքնակոչ երգչին սիրեցին անմիջապես։ «Սրա ի՞նչն է պակաս,— ցավով խորհում էր մայորը,— և՛ տեսքն է փառավոր է և՛ ձայնն է հաճելի, և, եթե չլիներ կրծքից կախված արծաթե խաչը, որը փոքր-ինչ հասարակացնում է նրան, կդառնար կինոէկրաններից «Զվարթնոց» սրճարան իջած դերասանն։ Իսկ Բուլդոգը երգում էր։ Նրա ոչինչ չարտահայտող, դատարկ աչքերը, յուրաքանչյուր ելևէջից հետո, լցվում էին արցունքով։ Բուլդոգը լալիս էր․

— Գողի սև բախտ, գողի սև բախտ,

Մեկ օր դժոխք, մեկ օր դրախտ,

Աշխարհը լայն, բաժինդ՝ բանա,

Մեկ օր առողջ, մեկ օր հիվանդ․․․

Վայելում ես ձեռքդ ընկածը,

Մեկ օր հացը, մեկ օր լացը,

Մեկ օր խինդը, մեկ օր վիշտը,

Մեկ օր սխալը, մեկ օր ճիշտը,

Մեկ օր սիրո մեղրամիսը,

Մեկ օր պարգև՝ սիֆիէիսը,

Ճամփադ սակայն անվարան է,

Կյանքը մեղքի քավարան է․․․

Քավարա՜ն է, քավարա՜ն է, ո՜ւխ․․․

Քանի՜-քանի անգամ ծափահարեցին երգչին, պահանջելով «կրկնել, կրկնել․․․»։ Յուրաքանչյուր երկտող ուղեկցվում էր ծիծաղի պոռթկումներով, և Բուլդոգը կրկնում էր մի քանի անգամ։ Մայորն ու լեյտենանտը տեսնում էին, որ նա չի կարողանում ուրախանալ, որ նա անհաղորդ է հասարակության վերաբերմունքին և մենակ է իր երգի հետ, մեն֊մենակ։

  • Զարմանալի է, որ ծափահարվում է այս երգը,— վերջապես խոսեց լեյտենանտը։— Մեր ջահելներից գլուխ չեմ հանում։ Մեր ջահելներին չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարելի է ծափահարել կյանքի աղտոտ հատակներից և մարդկային տականքների կողմից թխված այս երգը, հը՞․․․

  • Այդքան խիստ մի լինի, լեյտենանտ ,— մտախոհ պատասխանեց մայորը,— այս ունկնդիրները, այս խենթ ու խելառ ջահելները համերաշխ են ոչ այնքան երգի ներքին բովանդակությանը, որքան նրա թողած ազդեցությանը, զրնգուն ու աշխույժ ռիթմին, որոշ սրամիտ ու վրանբաց արտահայտություններին։ Չէ՞ որ սրանք խենթանում են Վիսոցկու նմանատիպ երգերի համար, իսկ Բուլդոգի խանձված ձայնը հիշեցնում է նրան։ Վիսոցկու ռեպերտուարը սիրելը դեռևս գողի անիծված պրոֆեսիան սիրել չի նշանակում։ Երգը, ինքնին, ուժեղ է այն ժամանակ, երբ արտահայտում է դրամատիկ հոգեվիճակներ։ Իսկ այս և սրա նման երգերում, ինչպես տեսնում ես, դրամատիզմի պակաս չկա․․․

Նվագախումբը լռեց։ Հոգնած և երջանիկ պարողները նորից բոլորեցին սեղանները, նորից զնգացին բաժակներն ու նրանց ընկերացած դանակներն ու պատառաքաղները։ Բուլդոգը եկավ ու ծանր նստեց։ Հայացքում խոնավ մշուշ կար։ Եվ մշուշի մեջ հոգու ցրտություն, հոգու, պարապ հոգու երևացող ցավ և անլսելի աղաղակ։ Նստեց ու պաղ նայեց շուրջը։ Մայորի և լեյտենանտի քննախույզ հայացքները նայում էին նրան։ Բուլդոգի հայացքի մեջ տագնապ ու չարություն չկար։ Վերջապես նա խոսեց․

  • Եկել եք, հա՞։ Իզուր եք եկել։ Ես այստեղից ուղիղ գալու էի ձեզ մոտ, քաղաքացի Բագրատունի։ Ցանկանում էի մի լավ հարբել, որ ոտքերս ինձ բերեին ձեր դուռը և միտքս չխանգարեր ցանկությանս։ Ես այլևս գնալու ոչ մի տեղ չունեմ։ Ոչ ոք չունեմ․․․

  • Իսկ Զուլո՞ւմը․․․— հարցրեց մայորը։

  • Զուլո՜ւմը․․․,— ծոր ավեց Բուլդոգը,— Զուլումի ձեռքը երկար է, մայոր։ Զուլումի ձեռքը ծանր է, որովհետև մարդու ձեռք չէ, այլ գազանի թաթ։ Ես մարդ չեմ սպանել, մայոր Բագրատունի՛, ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ։ Արյուն տեսնելիս իմ աչքերը մթնում են։ Իմ սիրտը խառնում է։ Ես ուշաթափվում եմ․․․ Բայց գողացել եմ շա՜տ, որքան քեֆդ ուզի։ Գողանում էի, որ Բալերինայի հետ տուն-տեղ դնելու միջոցներ ունենամ։ Հետո հասկացա, որ ուրիշների տները քանդելով ու թալանելով քոնը չես կարող կառուցել։ Քամու բերածը քամին էլ կտանի։ Բայց ես Բալերինային սիրում էի, շատ էի սիրում։ Թեկուզ և գող, բայց նա լավ աղջիկ էր։ Ուզում էի իմ Բալերինայի հետ քաշվել-գնալ մի հեռավոր գյուղ, մի մաքուր և ապահով վայր, ուր զուլումներ չկան, չկան գողեր՝ իրենց մարդ խժռող «զակոններով»։ Այս ձեռքերով խրճիթ կկառուցեի, բոստան կփորեի, այգի կգցեի, ընտանիք կունենայի․․․ Բալերինան պարող էր, մայոր։ Ես երգող եմ, կապրեինք խեղճ ու միամիտ մեր պապերի նման, Ադամի ու Եվայի պես՝ դրախտից էլ փախած, դժոխքից էլ, մեղքից էլ, անմեղությունից էլ, մի խոսքով, իսկական մարդու կյանքով։ Շատ բան չէի ուզում, բայց քչին էլ չհասա։ Բալերինային Սուրբը մորթեց։ Մորթեց այնքան հեշտ, այնքա՜ն սովորական ձևով, ասես մարդ չէր, աղջիկ չէր, այլ հավ էր, ճագար, մորթեց, որ ձեր ձեռքը ողջ-ողջ չընկներ, որ չճանաչվեր։ Ես աշխարհում միայն մի Բալերինա ունեի, հիմա ոչ ոք չունեմ։ Եվ վախենում եմ մենակությունից, որովհետև մենակ եմ։ Եվ վախենում եմ գնալ Զուլումին ու Սուրբին մորթելու, որովհետև մորթելն իմ գործը չէ, իսկ նրանք, թաց գործի այդ վարպետները, անմիջապես կմորթեն ինձ, կմորթեն ինչպես մի լակոտի, վախենում եմ։ Խենթացա, ընկա փողոցները, ինչ անելս չգիտեի։ Կանչեց՝ գնացի և ներողություն խնդրեցի։ Չներեց՝ ծեծեց-ջարդեց։ Մնաց միայն մեկ ճանապարհ՝ բանտ։ Գիտեմ, որ նրա ձեռքը երկար է, այնտեղ էլ կհասնի ինձ։ Բայց ուրիշ ճամփա չունեմ։ Ահա ձեռքերս․․․,— և Բուլդոգն իրար կցած բազուկները մեկնեց մայորին։— Հագցրու ձեռնաշղթան և տա՛ր․․․

  • Մենք քեզ ձեռնաշղթա չենք հագցնի,— ասաց մայորը,— մենք քեզ հիմա տանել էլ չենք ուզում։ Այս մարդիկ սպասում են քո հաջորդ երգին։ Եվ կնեղանան։ Եվ կաղմկեն։ Ճիշտ չէ՞, Մարկոսյան․․․

Երբ Բուլդոգը նորից բարձրացավ երգելու, նրան համերաշխ ծափահարեցին։ «Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս»՝ երգում էր նա տաք կարոտով և կորստի ցավով։ Երբ երգն ավարտվեց, Բուլդոգը մոտեցավ մայորին և ասաց․

  • Հիմա տարեք ինձ, որովհետև նրանք կգան․․․

Տարան նախակալանատուն։ Ներս մտնելուց առաջ նա մայորին ասաց․

  • Իմ ասածները ցուցմունքներ համարեցեք։ Գրեցեք և տվեք ստորագրելու, թե չէ՝ ո՞վ իմանա, հետո գուցե միտքս փոխեմ և փոշմանեմ, քաղաքացի մայոր։ Վերջին հաշվով իմ մեղքերը ևս քիչ չեն․․․

  • Մենք քեզ հավատում ենք,— ասաց մայորը,— և երբեք խմած կամ հարբած մարդու անկամ ու թուլացած վիճակը չենք չարաշահի։ Եթե ուզում ես ճիշտն իմանալ, մենք քո և շեֆիդ ընդհարումի մասին գիտեինք հենց ընդհարման օրը․․․

Կես ժամ անց Մարկոսյանն ու Ապրեսյանը, «Զվարթնոց» սրճարանի դռների մեջ, առանց լուրջ դժվարության, անաղմուկ ոլորեցին Բուլդոգին հետամուտ Բոռի թևերը, արագորեն զինաթափեցին և նետելով մեքենայի մեջ, տարան միլիցիատուն։

  • Եկել էիր Բուլդոգին բերման ենթարկելու,— դիմավորեց նրան Բագրատունին,— բայց բերման ենթարկվեցիր ինքդ․․․ Լավ չեն գործերդ։

  • Քո գործերն էլ բանի նման չեն, մայոր,— խոսեց Բոռը։— Մեզ բռնոտելու և բերման ենթարկելու պլաններդ չես կատարում, դրա համար մենք քեզնից խորապես շնորհակալ ենք, նկատողությունդ էլ բարով վայելես․․․ Եթե մեր հարցով վառվես, մենք հիշաչար չենք, մայոր, չենք թողնի անգործ մնաս, սիրով կընդունենք մեր շարքերը․․․

Մայորը ժպտում էր։ Սրամիտ է անծիվածը, իրեն չի կորցնում։ Բայց աչքերը չար են, շատ չար, չարից էլ չար։ Եվ որտեղից որտեղ հիշեց հանկարծ իր պատանեկան օր երին կատարված մի դեպք, երբ յայլայում գայլն ընկել էր իրենց սարքած թակարդը։ Ճիշտ այս հայացքով էր նայում։ Կատաղությունից արնակալած աչքերով ու փշաքաղված մազերով։ Բոռը նման էր թակարդն ընկած գայլի։

  • Դուք այլևս շարքեր չունեք, Բոռ, չունեք։ Ձեր շարքերը շարքից դուրս եկան, իսկ նոր համալրում չստացաք։ Չեչոտը չկա, Զուբը չկա, Բուլդոգը մեր ձեռքում է, դու, կարծեմ, չես կասկածում, որ վառվել ես։ Բալերինային դու և Սուրբը մորթեցիք։ «Դրսում» մի երկուսն են մնացել։ Երկուսով շարք կազմել չի լինի, Բոռ։ Հիմա դու ճիշտն ասա, Բուլդոգին բերմա՞ն էիր ենթարկելու, թե՞ վերացնելու։ Ինչպիսի՞ն էր շեֆիդ հրամանը․․․

  • Դու, ի՞նչ է, մայոր, ինձ խելառի տե՞ղ ես դրել։ Հարցը տվիր և վերջ․․․ Պատասխան չես ստանա։ Թե ինչու էի եկել, դա քո գործը չէ, մայոր Բագրատունի, թեև պարտականությունդ է իմանալը և իրավունքդ հարցաքննելը։

  • Լավ, կարող ես չասել,— խոսեց մայորը,— հեղինակության հարց էլ կա, գիտեմ։ Եթե միանգամից խոսես, ոճրագործ Բոռի անունը գետնովը կտաս, խայտառակ կլինես, պարզ է։ Բայց ես վստահ եմ, որ խոսելու ես, որովհետև իմ «հին բարեկամներին» լավ եմ ճանաչում, որովհետև բնավորությունդ լավ գիտեմ։ Մի քանի անգամ պիտի գոռգոռաս, մարդկանց գլխիդ հավաքես։ Մի երկու անգամ խենթանալու փորձեր պիտի անես։ Մի քանի անգամ արտասվելով դիմես մեր ներողամտությանը և նոր միայն խոսես։ Իսկ երբ դու խոսում ես, Բոռ, բոռի բզզոցը քեզ օրինակ, էլ կանգառ չկա, էլ լեզվարգելակում չկա, մինչև ճարահատյալ մենք չսեղմենք արգելակները։ Մի խոսքով, ճտերը աշնանն են հաշվում։ Եղա՞վ․․․ Միայն ինձ ասա, ինչո՞ւ ես շրջում հրազենով և սառը զենքերի այդքան հարուստ տեսականիով։ Քեզ ասեմ․ Բուլդոգին հանդիպելն այսօր քեզ համար ճակատագրական կլիներ։ Նա և ուժեղ, և քաջ է քեզնից։ Նա էլ էր զինված և քո վրա գայլի ատամ ուներ։ Ուրեմն, շնորհակալ եղիր մեր տղաներից, որ քեզ փրկեցին վերահաս մահից։ Քեզ համար բանտը, գոնե առայժմ, փրկություն է, իսկ եթե բախտդ բերեց և գնդակահարությունից խուսափեցիր (որին ես չեմ հավատում) և տասնհինգ տարի շալակեցիր, ուրեմն, հաշվիր, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, Բոռ․․․

  • Ի՞նչ, ի՞նչ գնդակահարություն,— գոռաց հանցագործը,— ես ոչ մի մեղք չունեմ․․․

  • Գիտեմ, գիտեմ,— խոսեց մայորը,— հիմա քեզ կտանեն նախակալանատան խցիկը։ Ինքդ լավ գիտես, որ քննության ընթացքում այդպիսին է կարգը։ Այնտեղ մենակության և խորին լռության մեջ կթերթես կյանքիդ կարևորագույն էջերը, կհիշես այն բոլոր արարքները, մեղքերը, հանցագործությունները, մանավանդ, թաց գործերը, որ կատարել ես։ Կսկսես վերջինից՝ Բալերինայից, որին գլխատել ես և հետո, տղաներից մեկի հետ տարել ու Երևանյան լճից ներքև, քարատակին թաղել։ Հենց այս փաստից էլ սկսիր․․․ Իսկ հիմա ես քո հարցաքննությունը դադարեցնում եմ․․․

  • Ո՛չ, ո՛չ,— շփոթվեց Բոռը,— ես ոչինչ չեմ արել, ես անմեղ եմ, լսիր ինձ, մայոր․․․

Մայորը սեղմեց զանգի կոճակը։ Հերթապահ միլիցիոներն արձանացավ առանձնասենյակի դռան առջև։

  • Սերժանտ, նախակալանատուն տարեք սրան․․․

Մայոր Բագրատունին սպասում էր զանգի։ Սպասում էր հիվանդագին անհամբերությամբ։ Չարացած հայացք էր նետում պատի ժամացույցին, որն ասես դիտավորյալ դանդաղում էր, սև կատվի պես սեղանի ծայրին կուչ եկած հեռախոսին, որի լծակն ասես ամուր խածել էր լսափողը և չէր թողնում, որ զանգը զրնգա։ Եվ արդեն, անկարող տեղում հանգիստ նստելու, բարձրացավ ու սկսեց լայնքով ու երկայնքով չափել առանձնասենյակը։ Վերջապես․․․ հեռախոսը զնգաց․

  • Այո՛, այո՛, մայոր Բագրատունին։ Դո՞ւ ես, Գրիշա։ Հա՞․․․ Վա՞ղը․․․ կլինեք երեքո՞վ։ Ուրեմն, ժամը 2֊ին։ Ռեստորանի շրջակայքի հսկողությունը քեզ վրա՞ է դրված։ Հիանալի է։ Եղա՛վ, եղա՛վ։ Ինչպես պայմանավորվել ենք, եղա՛վ․․․

Լսափողը լծակին դնելով, մայորը երկար շփում էր ձեռքերը։ Ուրեմն, տրամադրությունը բարձր է, ուրեմն, գործերը լավ են գնում։ Հետո հավաքեց բաժանմունքի պետի համարը։

  • Ընկեր գնդապետ, Զուլումի խմբի լիկվիդացիան սկսում ենք։ Խնդրում եմ ձեր օրհնությունը։ Ասում եք՝ աստված մեզ հե՞տ։ Աստված որ լինի մեզ հետ, կարծում եք, գործը դրանից կշահի՞։ Ուզում եք անձա՞մբ մասնակցել։ Խորհուրդ չէի տա։ Իմ խորհրդի կարիքը չե՞ք զգում։ Ի՛նչ արած։ Հա՛, հա՛, հասկացա։ Կրկնում եմ՝ ձեզ խորհուրդ չէի տա մասնակցելու, խորհուրդ չէի տա։ Ուրեմն, հանում եք աստծո թեկնածությունը և ցանկանում եք ինքներդ լինել մեզ հետ։ Ի»նչ կարող եմ ասել, եթե պնդում է ավագ աստիճանավորը․․․

Գիշեր էր արդեն, երբ մայոր Բագրատունին դուրս եկավ հիմնարկից և քայլեց դեպի տուն։ Վաղվա շուրջկալի հաջողությանը նա չէր կասկածում։ Զուլումն ու Սուրբը չէին կարող դուրս պրծնել այդքան խնամքով պատրաստված ծուղակից։ Քաղաքամերձ ռեստորանի շրջակայքի հսկողությունը Զուլումը հանձնարարել էր Ծանոթին, այսինքն, կրտսեր լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանին, որը նրան և Սուրբին պետք է ուղեկցեր ռեստորանի բանկետի փոքր դահլիճը։ Այստեղ էլ նրանց սպասում էր դարանը։ Դռնից ներս մտնելուն պես միլիցիայի աշխատակիցները պետք է տեղնուտեղը զինաթափեին ու ձերբակալեին հանցագործներին։ Անհաջողության դեպքում Զալումի և Սուրբի փախուստի միակ ճանապարհը ետնամուտքն էր, որը հուսալիորեն փակված էր միլիցիոներներով։ Շրջակայքում չէր լինելու ոչ մի ավտոմեքենա, հետևաբար, հետապնդողները կարող էին թփերում պահված մոտոցիկլետներով հեշտությամբ հասնել չարագործներին, եթե սրանք մինչ այդ կարողանային հաղթահարել բոլոր անհաղթահարելի արգելքներն ու պատնեշները։

Մայոր Բագրատոլնու միտքն զբաղեցնում էր այլ հարց՝ Շահմարի առեղծվածի բացահայտումը, որը պետք է հանդիսանար իր և իր մարդկանց դժվարին հաղթանակի ապոթեոզը: Մայորը, որ ամենայն բարեխղճությամբ և վարպետությամբ քանդել էր առեղծվածի խճճված կծիկը, ցանկանում էր փոքր֊ինչ թատերական տեսք տալ այդ գաղտնիքի բացահայտմանը։ Ցանկանում էր հանկարծակիի բերել և հանցագործներին, և վկաներին, և, մանավանդ, Շահմար կոչեցյալ դևին, որը մինչև այժմ իր անմատչելի ու անորսալի թաքստոցից ղեկավարում է Զուլումի խմբի չարագործությունները, շահելով բոլոր խաղաքարտերը և մնալով խաղից դուրս, մնալով անտեսանելի ոչ միայն արդարադատության ու միլիցիայի օրգաններին, այլև հենց իրենց՝ չարագործներին, որոնք տարիներ շարունակ, գողանալով աշխատավոր մարդկանց արդար վաստակը, ոսկեզօծում էին Շահմարի անսահման, անհագուրդ ընչաքաղցությունը։

Զուլումն ու Սուրբը ձերբակալվեցին անմիջապես։ Մինչև գլխի կընկնեին, կկողմնորոշվեին, կգնահատեին իրադրությունը, ձեռնաշղթաներն արդեն պիրկ սեղմել էին նրանց բազուկները։ Զուլումն իր վզակոթին ստացավ Ապրեսյանի նույնատիպ հարվածը, որին հետևեց կրտսեր լեյտենանտի «քվի՜թ» բացականչությունը։ Զուլումը տապալվեց հատակին, իսկ երբ քիչ անց ուշքի բերին, վզի ցավից կռահեց, որ այգու իր հարվածն էր վերադարձվել իրեն, բայց որովհետև ուժ չուներ բերան բացելու և խոսելու, դեմքին անընդհատ ջուր էին սրսկում։ Հետո, երբ նրան նստեցրին խորտիկներով ծանրաբեռ սեղանի առջև, մշուշված աչքերով նայեց շուրջը և շշնջաց լոկ մի բառ․

  • Կրա՛խ․․․

Comments