1. Շահմարի Առեղծվածը

Chapter 2

Chapter 2

Օպերատիվ խմբի տղաները վերադարձան ձեռնունայն։ Խախանյանների մենատան մանրակրկիտ տեղազննումը արդյունք չէր տվել։ Հանցագործները հետք չէին թողել։ Խոհանոցում, ուր պատսպարվել էր «Պառավը», գտան միայն մի կիսավառ լրագիր։ Լեյտենանտ Մարկոսյանը գլուխ էր կոտրում իմանալու, թե ի՞նչ նպատակով է «Պառավը» վառել լրագիրը, երբ բավական է սեղմեր էլեկտրական լույսի կոճակը, և լույսը կշողար։ Ոչ մի մատնահետք, ոչ մի ոտնահետք, ասես գործել են ուրվականներ և ապա համբարձվել ու չքացել։ Լեյտենանտ Մարկոսյանը մայոր Բագրատունու առանձնասենյակից դուրս եկավ աշխատանքային օրվա վերջում միայն և ծույլ-ծույլ բարձրանում էր Բարեկամության փողոցն ի վեր։ Մարտ ամսվա գարնանային շնչառությունն ասես խեղդված լիներ։ Երևան էր վերադարձել աշունը, սպիտակ մշուշ լցրել գարնան հետքերին և ասեղի նման ծակող մանր անձրևով փորձում էր կանխել գարնան գալուստը։ Ավտոմեքենաների հեղեղը խուլ բվվոցով էր լցրել փողոցը, և մշուշի ու իրիկնային, կապույտի մեջ սուրացող մեքենաների լույսերը կայծկլտում էին գայլերի աչքերի նման։ Մարկոսյանի սիրտը կրծում էր սեփական անզորության զգացումը։ «Մի՞թե ոչ ոք չի տեսել գողերին։ Չէ՞ որ փողոցում գիշեր ու ցերեկ չի դադարում աղմուկը։ Պետք է, պետք է, որ տեսնողներ, նկատողներ լինեն։ Թեկուզ փողոց մաքրողները»։ Լեյտենանտը ամուր կառչեց այս մտքից։ Գողությունը կատարվել է լուսադեմին՝ ժամը 3-ի և 4-ի միջև, երբ փողոցը մաքրողները սկսում են իրենց աշխատանքը։ Մարկոսյանը տաքսի կանգնեցրեց։ Շուտով նա շրջանի կոմունալ բաժնի մաքրման գրասենյակում էր։

  • Փողոցի այդ հատվածում այսօր աշխատել են Խաջե Բագոյանն ու նրա աղջիկը,— ասաց գրասենյակի աշխատակիցն ու Մարկոսյանին հանձնեց հասցեն։ Կես ժամ անց լեյտենանտ Լևոն Մարկոսյանը նստած էր քուրդ ընտանիքի համեստ հարկի տակ և խնամքով գրի էր առնում Խաջեի ցուցմունքները։

  • Խաջե քույրիկ,— խնդրող ու համոզող տոնով հարցնում էր լեյտենանտը,— դու գիտե՞ս պրոֆեսոր Խախանյանի մենատունը։

  • Գիտեմ,— անվարան պատասխանեց կինը,— Լավ պրոֆեսոր է։ Ես էնոր ղուրբան, մեռածին էլ կսաղացնի։ Նրա տունը իմ տերիտորիայում է։ Շատ լավ գիտեմ․․․

Մարկոսյանը հազիվ զսպեց փռթկոցը Խաջեի «նրա տունը իմ տերիտորիայում է» արտահայտության վրա, սակայն ժպիտը թաքցնել չկարողացավ։

  • Այս գիշեր՝ լուսադեմին, նրա բնակարանի շրջակայքում դու ոչ մի կասկածելի բան չե՞ս նկատել,— հարցրեց լեյտենանտը։

  • Նկատել եմ,— առանց այլևայլության պատասխանեց կինը,— պարտեզ նայող նրանց պատուհանը բաց էր, և երկար մազերով մի աղջիկ, վառած թուղթը ձեռքին, նայում էր դուրս։ Ինձի էնպես կթվա, ընկեր պետ, որ էդ աղջիկը թուղթը տարուբերելով մեկին նշան կուտար։ Հետո մտածեցի, որ երևի էնոնց լույսը փչացել է, չի վառվի, թուղթ վառել է, ներող եղի, ընկեր պետ, ոտաց ճանապարհ գնալու համար․․․

  • Դու նրանց տնեցիներին ճանաչո՞ւմ ես, գիտե՞ս․․․

  • Չէ՛, ընկեր պե՛տ, մենակ պրոֆեսորին գիտեմ, աղջկանս օպերացիա արեց, փրկեց։ Պրոֆեսորին լավ դիտեմ․․․

  • Խաջե քույրիկ, լա՜վ մտածիր,— լեյտենանտը ձգտում էր առավել պարզության,— պատուհանում տեսածդ կինը գուցե պառա՞վ էր, հը՞․․․

  • Հացը վկա,— երդվեց Խաջեն,— աղջիկ էր, ջահել աղջիկ․․․

  • Դեմքը հիշո՞ւմ ես․․․

  • Կարգին չեմ հիշե, բայց աղջիկ էր, բարալիկ բոյով, երկար ուսերին թափած մազերով։ Վառած թղթի ետևից երեսը կարգին չտեսա, բայց աղջիկ էր, ընկեր պետ, վալլա՜հ, աղջիկ էր․․․

  • Դեմքը չես տեսել, բայց աղջիկ լինելը գիտե՜ս․․․

  • Իսկ ի՞նչ է պատահել,— հանկարծ տագնապեց Խաջեն,— գեշ բա՞ն է պատահել, ընկեր պետ․․․

  • Պրոֆեսորի տունը գիշերը թալանել են, փորձել են բարձով խեղդամահ անել նրա կնոջը, Խաջե քույրիկ․․․

Քրդուհին սկսեց մորմոքալ, վշվշալ։ Ծեծում էր ծնկները։ Անիծում էր գողերին։ Հայերենին հաջորդեց քրդերեն անեծքը։ Խաջեն սիրում և պաշտում է պրոֆեսորին։ Խաջեի աղջիկը պրոֆեսորի փրկածն է, չլիներ պրոֆեսորը, Խաջեն Խասեին կկորցներ, մահը գելի նման վրա կտար իր աղջկան և կտաներ, կտաներ․․․ Խաջեն սիրում և պաշտում է պրոֆեսորին, իր արևը, իր մանուշակ աղջկան, իր ջիվանին, մուրազի ճամփին կանգնած իր գառանը նա է փրկել։ Աստված թող պրոֆեսորին երկար կյանք տա, արևը՝ լույս ու տաքություն, սարերը՝ զով հով ու պաղ ջրեր, հողը՝ բարաքյաթ ու հարստություն․․․ Խաջեն գիտե լավության հարգը։

  • Հավատա, ընկեր պե՛տ, իմանայի հավար կբարձրացնեի,— լացակումած իր խոսքն ավարտեց քրդուհին։— Չէի թողնի պրոֆեսորի տունը կտրեն։

  • Քո տեսածն էլ քիչ օգնություն չէ մեզ համար, Խաջե քույրիկ․․․

Comments